Համարը 
ՀՕ-243
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.879
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.10.2001
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.11.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`

«գ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը:».

բ) 2-րդ կետում`

- հանել «ա» ենթակետը և այդ կապակցությամբ «բ»-«է» ենթակետերը համարել «ա»-«զ» ենթակետեր,

- նախկին «զ» ենթակետը «համակարգի» բառից հետո լրացնել «այդ թվում` վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, որոնք բանկ չեն» բառերով,

- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետ`

«է) իրականացնում է դրամավարկային և բանկային վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը (վարչական վիճակագրություն):»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետից «նյութական» բառից հետո հանել «այլ» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետից հանել «վերավաճառելու պայմանով» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կենտրոնական բանկի կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, գլխավոր պահուստը, արտարժույթի, թանկարժեք մետաղների, արժեթղթերի, հիմնական միջոցների և այլ ակտիվների վերագնահատման պահուստները, չբաշխված շահույթը և շահույթը:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) «գ», «դ» և «ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) Կենտրոնական բանկի գրանցած բանկերից, այլ հաճախորդներից և պայմանագրային պարտավորություններից գանձած տույժերը (այդ թվում` բանկերի կողմից պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու համար) ու տուգանքները.

դ) արտարժույթի, թանկարժեք մետաղների և դրամագիտական արժեքների հաշվեկշռային արժեքից բարձր գնով վաճառքից ստացված եկամուտները.

ե) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքից բարձր գնով իրացումից և պաշարների իրացումից ստացված եկամուտները.».

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Կենտրոնական բանկի ծախսերն են`

ա) գործառնական ծախսերը, դրանք են`

- ներգրավված դեպոզիտների, ստացված վարկերի, թողարկված արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները,

- թղթադրամի, մետաղադրամի և դրամագիտական արժեքների թողարկման, փոխադրման, պահպանման և ոչնչացման հետ կապված ծախսերը,

- բանկային գործառնությունների իրականացման ընթացքում վճարված բոլոր տեսակի կոմիսիոն և այլ վճարները,

- արտարժույթի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և այլ ակտիվների վերագնահատումից առաջացած կորուստները,

- արտարժույթի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և դրամագիտական արժեքների հաշվեկշռային արժեքից ու առքի գնից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,

- հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և պաշարների վերագնահատման, հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից, ինչպես նաև պաշարների իրացումից առաջացած ծախսերը,

- անհուսալի վարկերի, դեբիտորական պարտքերի, դրամագիտական արժեքների և այլ ակտիվների ապահովման պահուստների ձևավորման և հաշվեկշռից դուրսգրման հետ կապված ծախսերը,

- հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսերը,

- բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի ծառայությունների դիմաց վճարները,

- միջազգային պահուստների կառավարման հետ կապված ծախսերը,

- վճարային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսերը,

- պետական արտաքին պարտքի սպասարկման գծով ծախսերը,

- Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի, շինությունների, հիմնական միջոցների և պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման և ապահովագրման հետ կապված ծախսերը,

- աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,

- Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր.

բ) վարչական ծախսերը, դրանք են`

- ապարատի պահպանման ծախսերը (աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, սոցիալական ապահովության այլ ծախսեր),

- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը,

- տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերը,

- ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը,

- չնախատեսված ծախսերը (ծախսերի պահուստ):».

գ) 4-րդ կետի «ա» ենթակետի 3-րդ պարբերությունը «այլ հիմնական միջոցների ձեռքբերում» բառերից հետո լրացնել «և կապիտալ վերանորոգում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառումը վարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:»:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածում`

- «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բաց շուկայական գործառնությունների, տրամադրվող վարկերի և ներգրավվող ավանդների սահմանաքանակները և տոկոսադրույքները.

դ) հաստատում է բանկերի կողմից Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորում իրականացնելու կարգն ու պայմանները.»,

- «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժզ) օրենքով սահմանված կարգով տալիս է բանկային գործունեության և այլ լիցենզիաներ, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում դրանք, սահմանում է բանկերի և այլ անձանց լիցենզավորման կարգը.»,

- «ժէ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժէ) «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բանկին ճանաչում է անվճարունակ, հարուցում է անվճարունակ բանկի սնանկացման ընթացակարգը, իրականացնում է այդ օրենքով սահմանված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի վերակազմակերպման հետ կապված օրենքներով նախատեսված որոշումներ.»,

- «ի» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ի) նախնական համաձայնություն է տալիս կամ մերժում է բանկերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը.»,

- «իա» ենթակետը «ստուգումներ» բառից հետո լրացնել «, վերստուգումներ» բառով.

- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իբ»-«իը» ենթակետեր`

«իբ) լիցենզավորում է բանկային աուդիտ իրականացնող կազմակերպություններին, սահմանում է բանկերում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները.

իգ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ համատեղ սահմանում է պետական արժեթղթերի թողարկման և շրջանառության կարգը, պայմանները և կանոնները.

իդ) ընդունում է Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային հարաբերությունները և դրամաշրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերը.

իե) սահմանում է բանկերի կողմից ավանդների վերադարձելիությունն ապահովող բանկային ավանդների երաշխիքային հիմնադրամին երաշխիքային վճարների վճարման չափը, դրանց հաշվարկման կարգը, գանձման պարբերականությունը և իրականացնում է ավանդների վերադարձելիության հետ կապված այլ լիազորություններ.

իզ) հաստատում է Կենտրոնական բանկի պաշտոնական և այլ պարբերականների թողարկման և հրապարակման կարգը և պայմանները.

իէ) տալիս է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի պարզաբանումները.

իը) սահմանում է բանկերի համար պարտադիր կատարման ենթակա վարկային ռիսկի գնահատման կանոնակարգը, այն անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը և պայմանները, որոնց հաշվեկշիռներն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ).»,

- այդ կապակցությամբ նախկին «իբ» ենթակետը համարել «իթ» ենթակետ:

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իր սահմանած աշխատանքի կանոնակարգի համաձայն կարող է որոշումներ ընդունել հարցման կարգով: Հարցման կարգով որոշումն ընդունվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված քվեարկության կարգով:»:

 

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը Կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանումն է: Վերստուգիչ խմբի աշխատանքը ղեկավարում է գլխավոր վերստուգիչը: Գլխավոր վերստուգիչին և վերստուգիչ խմբի անդամներին Կենտրոնական բանկի նախագահի առաջարկով նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի խորհուրդը:»:

 

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածում`

- հանել «կառավարության լիազորված մարմնի հետ համատեղ սահմանած կարգով և պայմաններով» բառերը,

- «ա» ենթակետը շարունակել հետևյալ խմբագրությամբ`

«հանդիսանում է կառավարության լիազորած մարմնի թողարկած պարտատոմսերի կենտրոնական պահառու.»:

 

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունում «Կառավարությունը» բառը փոխարինել «Կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածում`

- 1-ին կետի «սույն հոդվածով» բառերը փոխարինել «սույն օրենքով» բառերով,

- հանել 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը և այդ կապակցությամբ` նաև 1-ին կետի համարակալումը:

 

Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով Կենտրոնական բանկում ստեղծվում է բանկերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ` վարկային ռեգիստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը:»:

 

Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետը «գործունեության» բառից հետո լրացնել «հիմնական և այլ տնտեսական» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը բանկից տույժ է գանձում` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով, բայց ոչ ավելի, քան միջին հաշվով պակաս պահուստավորված յուրաքանչյուր օրվա համար պակաս պահուստավորված գումարի մեկ տոկոսը:»:

 

Հոդված 16. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կենտրոնական բանկն իր սահմանած կարգով անվճար փոխանակում է հնամաշ և վնասված, սակայն վճարունակության հատկանիշներին համապատասխանող թղթադրամներն ու մետաղադրամները` առանց գումարային սահմանափակումների:

2. Կենտրոնական բանկի սահմանած թղթադրամի և մետաղադրամի պաշտպանական և վճարունակության հատկանիշներին չհամապատասխանող արժույթը չի հատուցվում Կենտրոնական բանկի կողմից և հանվում է շրջանառությունից:»:

 

Հոդված 17. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կենտրոնական բանկը կարող է թողարկված ցանկացած թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչել և հանել` թողարկելով նոր պաշտպանական հատկանիշներով նույն անվանական արժեքով թղթադրամ կամ մետաղադրամ կամ նոր անվանական արժեքով այլ թղթադրամ կամ մետաղադրամ:»:

 

Հոդված 18. Օրենքի 49-րդ հոդվածում`

ա) վերնագրի «Արտարժութային» բառը փոխարինել «Արժութային» բառով.

բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`

«ե) իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 19. Օրենքի 50-րդ հոդվածի վերնագրի «Արտարժութային» բառը փոխարինել «Արժութային» բառով:

 

Հոդված 20. Օրենքի 56-րդ հոդվածի «ա» ենթակետից հանել երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 21. Օրենքը 7-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ գլխով`

 

«ԳԼՈՒԽ 71. ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 531.

Պարտադիր երաշխավորման օբյեկտը

 

Բանկերը պարտավոր են սույն գլխով սահմանված կարգով երաշխավորել ֆիզիկական անձանցից ներգրավված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով: Ընդ որում, արտարժութային ավանդների դրամային համարժեքությունը որոշվում է ավանդի` բանկ մուտք լինելու օրվա, իսկ ավանդի գումարին տոկոսների հավելագրման դեպքում` այդ տոկոսների հավելագրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով: Մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց մեկ բանկում ունեցած բոլոր ավանդները համարվում են մեկ ավանդ:

 

Հոդված 532.

Երաշխիքային վճարները

 

Կենտրոնական բանկը բացում, վարում և կառավարում է բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամ, որի օգտին բանկերը կատարում են երաշխիքային վճարների վճարումը: Երաշխիքային վճարների չափը, հաշվարկման և հիմնադրամի միջոցների կառավարման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Երաշխիքային վճարները Կենտրոնական բանկը գանձում է Կենտրոնական բանկում գտնվող բանկերի թղթակցային հաշիվներից` Կենտրոնական բանկի նորմատիվ-իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ: Իսկ թղթակցային հաշիվներում համապատասխան գումարի բացակայության դեպքում այդ գումարի վրա հաշվարկվում են տոկոսներ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված չափով:

 

Հոդված 533.

Երաշխավորված գումարը և երաշխավորված գումարի ստացման դեպքերը

 

Երաշխավորված գումարի ստացման դեպք է համարվում «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից բանկին սնանկ ճանաչելը:

Երաշխավորված գումարի առավելագույն չափ է հանդիսանում երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդի ամբողջ գումարը, բայց ոչ ավելի, քան Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած դրամային կամ դրան համարժեք արտարժութային գումարի չափը: Ընդ որում, արտարժույթի համարժեքությունը որոշվում է սույն օրենքի 531-րդ հոդվածով սահմանված կարգով: Երաշխավորված գումարի հատուցման կարգը, պայմանները, հերթականությունը և ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

 

Հոդված 534.

Հատուցված երաշխավորված գումարի ստացման դիմաց Կենտրոնական բանկի պահանջի իրավունքը

 

Երաշխավորված գումարը հատուցելուց հետո Կենտրոնական բանկը հատուցված գումարների չափով պահանջ է ձեռք բերում սնանկ բանկի նկատմամբ:

 

Հոդված 535.

Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի ձևավորումը

 

Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամին վճարված երաշխիքային վճարների գումարները, դրանց վրա հաշվարկված տոկոսները, այդ գումարների օգտագործումից ստացված եկամուտները, Կենտրոնական բանկի կողմից հատուցված և սնանկ բանկերի նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա սնանկ բանկերից ստացված երաշխիքային վճարների գումարները ֆինանսական տարվա արդյունքներով չեն փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և կուտակվում են բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամում:»:

 

Հոդված 22. Օրենքի 57-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կենտրոնական բանկի նորմատիվ և անհատական իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատարան` օրենքով նախատեսված դեպքերում: Կենտրոնական բանկի նորմատիվ և անհատական իրավական ակտերի գործողությունը գործի ամբողջ դատական քննության ընթացքում չի կասեցվում:»:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված «ժէ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

Սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով բանկերի կողմից երաշխիքային վճարների վճարումն իրականացվում է 2003 թվականի հուլիսի 1-ից, իսկ երաշխավորված գումարների հատուցումը` 2005 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-243