Համարը 
ՀՕ-33-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120) Հոդ.397
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
07.05.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի մայիսի 7-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «անձինք» բառը փոխարինել «ազգությամբ հայերը» բառերով, իսկ «2014 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը՝ «2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝

1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ,

2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ

3) եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12.

Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը, ինչպես նաև այն երեխայի քաղաքացիությունը, որի ծնողների քաղաքացիությունն անհայտ է, կամ որի ծնողները չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն

 

1. Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`

1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են.

2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է.

3) ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն.

4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` այլ երկրի քաղաքացի, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.

5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է.

6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

3. Սույն օրենքի իմաստով երեխան Հայաստանի Հանրապետությունում ծնված է համարվում նաև, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավում:

4. Սույն հոդվածի իմաստով ծնողի քաղաքացիությունը համարվում է անհայտ, եթե մինչև երեխայի քաղաքացիությունը որոշելու համար վերջնական որոշում կայացնելու պահը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ձեռնարկած անհրաժեշտ և բավարար միջոցների արդյունքում հնարավոր չի եղել որոշել ծնողի քաղաքացիությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «գործունակ» բառից հետո լրացնել «(բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի)» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:».

3) 3-րդ մասը «անձը» բառից հետո լրացնել «կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է» բառերով.

4) 5-րդ մասը «անձամբ» բառից հետո լրացնել «, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` խնամակալի միջոցով,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

 

«Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած, սակայն այլ երկրի քաղաքացիություն չստացած անձը, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:»:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝

1) եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, կամ

2) եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը, կամ

3) եթե ծնողների (ծնողի) համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:»:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

 

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` քաղաքացիության դադարեցման հետևանքով` ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա` սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված ընդհանուր հիմունքներով:»:

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «դիմումով» բառից հետո լրացնել «, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն» բառերով.

2) 2-րդ մասը «, պահպանում է» բառերից առաջ լրացնել «կամ օտարերկրյա քաղաքացի» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածը «իրավունքից» բառից հետո լրացնել «, և եթե երեխան ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի.»:

 

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «քաղաքացիություն» բառից հետո լրացնել «կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) նա չունի այլ պետության քաղաքացիություն և մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին:»:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ.  մայիսի 27

Երևան

ՀՕ-33-Ն