Համարը 
ՀՕ-63-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.679
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.05.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. 

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական ինովացիոն քաղաքականության ձևավորման և իրականացման իրավական և տնտեսական հիմքերը, ինովացիոն գործունեությանը պետական աջակցության ձևերը:

 

Հոդված 2. 

Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում գործածվող հիմնական հասկացություններն են՝

ինովացիա` տնտեսական շրջանառության մեջ օգտագործվող, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի կամ ծառայության տեսքով իրացում գտած վերջնական արդյունք.

ինովացիոն նախագիծ` գիտական հետազոտությունների, մշակումների, փորձակոնստրուկտորական աշխատանքների կամ այլ գիտատեխնիկական արդյունքի օգտագործմամբ, տնտեսական շրջանառության մեջ իրացվելուն, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված ծառայության կամ արտադրանքի ստեղծմանն ուղղված գործունեության նախագիծ.

պետական ինովացիոն քաղաքականություն` տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մաս` ուղղված ինովացիոն գործունեության զարգացմանն ու խթանմանը.

վենչուրային հիմնադրամ` իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից հիմնադրված կազմակերպություն, որի նպատակն է արտադրության մեջ նոր արտադրատեսակների, բարձր տեխնոլոգիաների ստեղծման, յուրացման, փոխանցման ֆինանսավորումը: Վենչուրային հիմնադրամների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով.

ինովացիոն ենթակառուցվածք` ինովացիոն գործունեության իրականացմանը նպաստող կազմակերպություններ` գիտաինովացիոն կենտրոններ, բիզնեսի ինկուբատորներ, տեխնոպարկեր, հիմնադրամներ և մասնագիտացված այլ կազմակերպություններ.

գիտաինովացիոն կենտրոն` գիտնականների, մասնագետների, բարձր որակավորում ունեցող աշխատուժի, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնացմանը նպատակաուղղված գիտահետազոտական կազմակերպությունների, համալսարանների, ինստիտուտների, տեխնոպարկերի, բիզնեսի ինկուբատորների, արտադրական և այլ կազմակերպությունների` պայմանագրային հիմունքներով ստեղծված միություն.

տեխնոպարկ` իրավաբանական անձ կամ համատեղ գործունեության վերաբերյալ պայմանագրային հիմունքներով կազմակերպված իրավաբանական անձանց (մասնակիցների) միություն, որի գլխավոր խնդիրն է ինովացիոն միջավայրի ձևավորման` համապատասխան նյութատեխնիկական, ֆինանսական բազայի ստեղծման միջոցով ներդրումային և ինովացիոն ծրագրերի իրականացումը, գիտատար մշակումների, բարձր տեխնոլոգիաների ներդրմանն ու համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքի արտադրությանն ուղղված գործունեությունը.

բիզնեսի ինկուբատոր` նորաստեղծ փոքր և միջին ձեռնարկություններին և սկսնակ ձեռնարկատերերին օժանդակելու նպատակով ստեղծված կազմակերպություն, որը կարող է լինել ինչպես ինքնուրույն, այնպես էլ գործել տեխնոպարկի կազմում.

պետական ինովացիոն ծրագիր` ինովացիոն նախագծերի և միջոցառումների ամբողջություն, որի իրականացումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ.

լիազոր մարմին` ինովացիոն բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմին:

 

Հոդված 3. 

Ինովացիոն գործունեության իրավական հիմքերը

 

1. Ինովացիոն գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև ինովացիոն գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 2. Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2


ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 4. 

Ինովացիոն գործունեության տեսակները

 

Ինովացիոն գործունեությանն են վերաբերում գործունեության հետևյալ տեսակները՝

ա) տնտեսական շրջանառության մեջ իրացվող, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի ստեղծմանն ուղղված գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների իրականացում.

բ) մարկետինգային հետազոտությունների իրականացում՝ ինովացիոն արտադրանքի իրացման շուկաների կազմակերպման նպատակով.

գ) նոր կամ կատարելագործված ծառայության կամ արտադրանքի ստեղծման նպատակով տեխնոլոգիական վերազինման իրականացում և արտադրության նախապատրաստում.

դ) նոր տեխնոլոգիական գործընթացների, արտադրանքի և ապրանքների փորձարկման, ստանդարտացման և հավաստագրման իրականացում.

ե) տեխնոլոգիաների փոխանցում.

զ) նոր կամ կատարելագործված տեխնոլոգիայի կիրառման սկզբնական ժամանակահատվածում մինչև ինովացիոն նախագծի հետգնման նորմատիվային ժամկետի լրանալը նոր կամ կատարելագործված արդյունքի, նմուշի արտադրություն.

է) ինովացիոն ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում.

ը) մտավոր սեփականության օբյեկտների, գաղտնի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական տեղեկատվության նկատմամբ իրավունքների ձեռքբերում և փոխանցում.

թ) ինովացիոն գործունեության ֆինանսավորում կամ համաֆինանսավորում, ինովացիոն ծրագրերում և նախագծերում ներդրումների իրականացում:

 

Հոդված 5. 

Ինովացիոն գործունեության սուբյեկտները

 

Սույն օրենքի իմաստով ինովացիոն գործունեության սուբյեկտներ են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ֆիզիկական անձինք, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպություններն ու քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք:

 

Գ Լ ՈՒ Խ  3


ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 6. 

Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության նպատակը և խնդիրները

 

1. Պետական ինովացիոն քաղաքականության նպատակն է ինովացիոն գործունեության համար տնտեսական, իրավական և կազմակերպական պայմանների ապահովումը:

2. Պետական ինովացիոն քաղաքականության խնդիրներն են՝

ա) պետական ինովացիոն քաղաքականության գերակայությունների սահմանումը.

բ) տնտեսության տեխնոլոգիական վերազինմանը և ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը.

գ) ինովացիոն գործունեության ոլորտում գիտության, կրթության, արտադրության և ֆինանսավարկային կառույցների համագործակցության իրավական հիմքերի ստեղծումը:

 

Հոդված 7. 

Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության հիմնական ուղղությունները

 

Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝

ա) վենչուրային, ներդրումային հիմնադրամների ստեղծման և ինովացիոն գործունեության համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծումը.

բ) ֆինանսական և ներդրումային աջակցության, երաշխիքների տրամադրումը.

գ) պետական գույքի օգտագործման իրավունքի տրամադրումը.

դ) ինովացիոն ենթակառուցվածքների` գիտաինովացիոն կենտրոնների, հիմնադրամների, տեխնոպարկերի, բիզնեսի ինկուբատորների ստեղծմանն ու զարգացմանն աջակցությունը.

ե) ինովացիոն գործունեություն իրականացնող կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանն աջակցությունը:

 

Հոդված 8. 

Պետական ինովացիոն քաղաքականության իրականացումը

 

1. Պետական ինովացիոն քաղաքականությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ինովացիոն գործունեությանը պետական աջակցությունն իրականացվում է Ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրով (այսուհետ` ծրագիր): Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով: Ծրագիրը ներառում է միջոցառումներ հետևյալ ուղղություններով`

ա) ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում.

բ) ինովացիոն նախագծերի իրականացում.

գ) կադրերի պատրաստում և վերապատրաստում.

դ) խորհրդատվություն.

ե) տեխնոլոգիաների փոխանցում և առևտրայնացում.

զ) միջազգային ստանդարտների ներդրում: 

Ծրագիրը մշակվում է` հաշվի առնելով ինովացիոն ոլորտի զարգացման գերակայությունները:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:

Ծրագրում ընդգրկվելու նպատակով ներկայացված ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ:

 

Հոդված 9. 

Լիազոր մարմնի իրավասությունները

 

Լիազորված մարմնի իրավասություններն են`

ա) ինովացիոն գործունեության սուբյեկտների ներկայացրած հայտերի հիման վրա մրցութային կարգով ընտրված նախագծերից ամենամյա ծրագիրը ձևավորելը.

բ) ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկ ներկայացնելը.

գ) պետական ինովացիոն ծրագրում ընդգրկվելու նպատակով ներկայացված ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

դ) ինովացիոն նախագծերի փորձագիտական գնահատման և ընտրության կարգը հաստատելը.

ե) ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը.

զ) ինովացիոն ենթակառուցվածքների կազմավորման և վերակազմավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկ ներկայացնելը:

 

Հոդված 10. 

Ինովացիոն գործունեության ֆինանսավորման աղբյուրները

 

Ինովացիոն գործունեության ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումը կարող է իրականացվել հետևյալ աղբյուրներից`

 ա) պետական բյուջեից: 

Ինովացիոն գործունեությանը պետական աջակցությունն իրականացվում է ծրագրի սահմաններում` Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված առանձին տողով.

բ) ինովացիոն գործունեության սուբյեկտների միջոցներից, այդ թվում` այլ աղբյուրներից ստացվող միջոցներից.

գ) տեղական, օտարերկրյա ներդրողների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներից.

դ) վենչուրային հիմնադրամներից:

 

Հոդված 11. 

Ինովացիոն գործունեության ոլորտում միջազգային համագործակցությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ինովացիոն գործունեության ոլորտում միջազգային համագործակցությունը՝ միջազգային պայմանագրերի, միջազգային ինովացիոն ծրագրերի և նախագծերի շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ կարող են ստեղծվել ինովացիոն գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ:

Գ Լ ՈՒ Խ  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 12. 

Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 14
Երևան
ՀՕ-63-Ն