Համարը 
թիվ 343-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.01.17/2(385)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.12.2010
Ստորագրող մարմինը 
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

թիվ 343-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2010 թվականի դեկտեմբերի 28-ի դռնբաց նիստում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Բանկ) 2010 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 5909-02 881-32 դիմումի (այսուհետ` Դիմում) հիման վրա քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համակենտրոնացման վերաբերյալ հարցը:

Դիմումով Բանկը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցի վերաբերյալ:

Ըստ Բանկի, առաջացել են տարաբնույթ մեկնաբանություններ, կապված «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 42-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 8-րդ, 248-րդ, 249-րդ, 425-րդ և Հայաստանի Հանրապետության «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 1-ին և 4-րդ գլուխներում պարունակվող բառերի և արտահայտությունների նշանակությունների վերաբերյալ: Դիմումում, մասնավորապես, նշված է, որ Բանկի և «Գետամեջի խոզաբուծական ֆերմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է վարկային պայմանագիր, որով սահմանված վարկային պարտավորությունների մասնակի չկատարման հիմքով, հիմնվելով կնքված վարկային և գրավի պայմանագրերի վրա, Բանկի կողմից տրամադրված վարկի գումարի չվերադարձված մասի դիմաց, 2010 թվականի հունիսի 30-ին Բանկի, վարկառու «Գետամեջի խոզաբուծական ֆերմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, գրավատուներ «Դվին Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության և «Դվին Կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է «Հրաժարագնով պարտավորության դիմաց բաժնեմասերի հանձնման» պայմանագիր, որի համաձայն վարկառուի պարտավորության չկատարված մասի դիմաց Բանկին հանձնվել է գրավի առարկա հանդիսացող «Էլշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերը (հարյուր տոկոսը):

Ըստ Դիմումի, Բանկը քննարկվող գործարքն իրականացրել է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, վարկային և գրավի պայմանագրերով, որը չի հակասում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին, ըստ որի բանկը կարող է կնքել օրենքով թույլատրված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ կամ նպատակահարմար քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, ինչպես նաև 42-րդ հոդվածով սահմանված այն դրույթին, ըստ որի բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ որոնց հետևանքով բանկը, նրա հետ փոխկապակցված և համագործակցող անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք … »:

Դիմումի համաձայն, քննարկվող գործարքը հանդիսանում է վարկառուի կողմից գրավով ապահոված վարկային պարտավորությունների չկատարման արդյունք, հիմնված վարկային և գրավի պայմանագրերի վրա, որով Բանկը վերականգնել է իր խախտված գույքային իրավունքները, այդ գործարքով Բանկը բանկային շուկայում ձեռք չի բերում գերիշխող դիրք կամ իր համար առավել նպաստավոր պայմաններ չի ապահովում տվյալ ապրանքային շուկայում, քանի որ գործարքի մասնակիցները ընդհանրապես չեն գործել միևնույն ապրանքային շուկայում:

Ելնելով վերոնշյալից, հիմնվելով Հայաստանի Հանրապետության «Իրավական ակտերի մասին» օրենքի 87-րդ հոդվածի վրա, Բանկը հայցում է պաշտոնական պարզաբանում հետևյալի վերաբերյալ. տարածվում են արդյոք Օրենքի 1-ին գլխով սահմանված ընդհանուր դրույթները, մասնավորապես հոդված 1-ինը` Օրենքի նպատակը և հոդված 2-ը` Օրենքի կիրառման առարկան, Բանկի կողմից բաժնեմասի ձեռքբերման գործարքի վրա, որպես գրավի առարկայի արտադատական կարգով ձեռքբերում, չկատարած վարկային պարտավորությունների դիմաց, այն իրացնելու և վարկային պարտքը մարելու նպատակով, ըստ որի հանդիսանում է այն համակենտրոնացում, որքանով է այն համապատասխանում համակենտրոնացման հասկացությանը:

Քննարկելով Դիմումը` Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:

Համաձայն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը: Ըստ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, համակենտրոնացում է նաև տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորումը, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Ըստ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, տնտեսվարող սուբյեկտ է համարվում ֆիզիկական անձը (այդ թվում` անհատ ձեռնարկատերը), իրավաբանական անձը, այլ կազմակերպությունը, դրա ներկայացուցիչը, ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը, անձանց խումբը: Նշված, ինչպես նաև Օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մի շարք այլ հասկացությունների («տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն», «ապրանք», «ապրանքային շուկա», «իրացում» և այլն) տառացի մեկնաբանությունից հետևում է, որ Օրենքի 1-ին գլխով ամրագրված ընդհանուր դրույթներով, որևէ բացառություն, որոշակի տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց խմբի համար, սահմանված չէ: Նշված համատեքստում պետք է մեկնաբանել նաև Օրենքի 1-ին հոդվածով, որպես Օրենքի նպատակ, սահմանված դրույթը, ըստ որի, Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում: Փաստորեն, վերը նշվածից հետևում է, որ Օրենքի կարգավորման դաշտում են բոլոր ապրանքային շուկաները, այսինքն` Օրենքը, ի թիվս այլ շուկաների, տարածվում է նաև բանկային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս որ իրավահարաբերությունների մասնակից են հանդիսանում:

Այսպիսով, Օրենքի 1-ին գլխով սահմանված ընդհանուր դրույթների և Օրենքի 4-րդ գլխի 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ Բանկի կողմից «Էլշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում հարյուր տոկոս բաժնեմասերի ձեռքբերման գործարքն Օրենքի իմաստով համարվում է համակենտրոնացում:

Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Էլշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հարյուր տոկոս բաժնեմասերի ձեռքբերումը համարվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համակենտրոնացում, եթե Բանկը և «Էլշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բաժնեմասերի ձեռքբերման պահին չեն հանդիսացել Օրենքի իմաստով անձանց խումբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ա. Շաբոյան