ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
1. Նյութական պահուստի ոլորտում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) նյութական պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը բաղկացած է պետական, զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից.
2) պետական պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և ներառում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման և առողջապահության համար անհրաժեշտ հումքի, նյութերի և ապրանքների պաշարները, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար.
3) արագ արձագանքման պաշար՝ պետական պահուստի բաղկացուցիչ մաս հանդիսացող նյութական արժեքների խումբ, որը նախատեսվում է արտակարգ իրավիճակներում կամ դրանց սպառնալիքի դեպքում փրկարարական աշխատանքների նյութատեխնիկական ապահովման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական հրատապ օգնության համար և ներառում է արագ պատրաստվող սննդամթերքի, չոր մթերաբաժինների, անհատական պաշտպանության միջոցների և այլ ապրանքների պաշարներ.
4) զորահավաքային պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը նախատեսված է երկրի զորահավաքային կարիքները բավարարելու, այդ թվում՝ զինված ուժերի և այլ զորքերի ծավալման համար անհրաժեշտ ռազմական և արդյունաբերական ապրանքների արտադրության և վերանորոգման, ռազմական դրության ժամանակ տնտեսության անխափան աշխատանքը ապահովելու համար: Այն ձևավորում են զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունները և ներառում է դրանց զորահավաքային առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ հումքի, նյութերի և ապրանքների չնվազող պաշարները.
5) ռազմավարական պաշարների պահուստ՝ ներմուծող կազմակերպությունների կողմից կուտակվող և մշտապես պահպանվող ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ.
6) լիազոր մարմին՝ նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.
7) նյութական պահուստի համակարգի կառավարում՝ նյութական պահուստի համակարգի արդյունավետ գործունեության նպատակով Կառավարության՝ նյութական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման և սպասարկման հետ կապված գործընթացների կառավարում.
8) նյութական պահուստի չնվազող պաշար՝ նյութական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող անձեռնմխելի նվազագույն ծավալ.
9) նյութական պահուստի նյութական արժեքների մատակարարում՝ նյութական պահուստի ձևավորման նպատակով նյութական արժեքների գնում և (կամ) բեռնաթափում (փոխադրում) դրանց պահպանման համար նախատեսված կազմակերպություններում.
10) նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ պետական, զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների իրացում կամ անհատույց փոխանցում որոշակի ստացողի (սպառողի) կամ դրանց իրացում շուկայում.
11) նյութական պահուստի նյութական արժեքների պահպանում՝ նյութական պահուստի նյութական արժեքների պահպանում այն իրականացնող կազմակերպություններում՝ առանց այդ արժեքներից օգտվելու իրավունքի վերապահման, մինչև նյութական պահուստից դրանք բաց թողնելու մասին սահմանված կարգով որոշման ընդունումը.
12) նյութական պահուստի պաշարների թարմացում՝ տարայի և փաթեթավորման վնասման, պահպանվող նյութական արժեքների փչացման կամ որակի վատթարացման (որոշ հանգամանքների հետևանքով), ինչպես նաև դրանց պահպանման սահմանված ժամկետը լրանալու պատճառով նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ միաժամանակ հավասար քանակությամբ համանման նյութական արժեքներ ամբարելու պայմանով.
13) նյութական պահուստի նյութական արժեքների փոխարինում՝ զորահավաքային առաջադրանքով նախատեսված կամ արտադրանքի պատրաստման ստանդարտների և տեխնոլոգիաների փոփոխության հետ կապված՝ նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ միաժամանակ նույն քանակությամբ նույն նշանակության նյութական արժեքներ ամբարելու պայմանով.
14) նյութական պահուստի նյութական արժեքների փոխառնում՝ որոշակի պայմաններով նյութական պահուստից նյութական արժեքների բացթողում՝ նույն քանակությամբ համանման նյութական արժեքների հետագա վերադարձելիության կամ վերականգնման պայմանով.
15) նյութական պահուստի նյութական արժեքների ապաամրագրում՝ սույն օրենքով սահմանված կարգով ընդունված առանց հետագա վերադարձելիության կամ վերականգնման պայմանի նյութական արժեքների բացթողման կամ օգտագործման թույլտվություն.
16) նյութական պահուստի նյութական արժեքների ինքնակամ օգտագործում՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ նյութական պահուստի նյութական արժեքների օգտագործում կամ օտարում.
17) զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություն` կազմակերպություն, որին օրենսդրությամբ սահմանված կարգով Կառավարության կողմից առաջադրվել է պետական պատվեր:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-484-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 4. |
Նյութական պահուստի նշանակությունը |
1. Նյութական պահուստը նախատեսված է օգտագործել հետևյալ նպատակներով.
1) ապահովել Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքները.
2) արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովել հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
3) պարենային, հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի և առաջարկի միջև անհամամասնությունների առաջացման դեպքում աջակցություն ցուցաբերել տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին.
4) ցուցաբերել մարդասիրական օգնություն.
5) պետական պաշարների պահուստների մասով պարենային ճգնաժամի դեպքում կարգավորող ազդեցություն ցուցաբերել շուկայի վրա:
Հոդված 5. |
Նյութական պահուստի միասնական հանրապետական համակարգը |
1. Նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումն ապահովվում են լիազոր մարմնի և նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումն իրականացնող կազմակերպությունների միջոցով, որոնք կազմում են նյութական պահուստի միասնական հանրապետական համակարգը (այսուհետ՝ նյութական պահուստի համակարգ):
2. Նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 6. |
Նյութական պահուստի նյութական արժեքների անվանացանկը և դրանց կուտակման նորմերը, ծավալներն ու ժամկետները |
1. Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, կուտակման նորմերը և ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Պետական պահուստում նյութական արժեքների կուտակման ամենամյա ծավալը պլանավորվում է պետական գնումների կազմում՝ այդ նպատակով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:
3. Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկը ներառում է ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարները, որոնց կուտակման ժամանակացույցը և հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:
Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը սահմանում է Կառավարությունը:
4. Ռազմավարական պաշարների պահուստի յուրաքանչյուր անվանման կուտակման ծավալները սահմանվում են այդ ապրանքները ներմուծող բոլոր կազմակերպությունների համար՝ նախորդ տարում այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված համապատասխան ապրանքի կամ նյութի ծավալի 10 տոկոսի չափով, և յուրաքանչյուր տարի վերահաշվարկվում են մինչև ապրիլի 10-ը՝ մաքսային վերադաս մարմնից մինչև մարտի 15-ը լիազոր մարմնին տրամադրված յուրաքանչյուր կազմակերպության նախորդ տարվա ներմուծման տվյալների հիման վրա: Նշված տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը սահմանում է Կառավարությունը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց ներմուծած ապրանքների ծավալները չեն գերազանցում Կառավարության կողմից սահմանվող նվազագույն ծավալը:
6. Ռազմավարական պաշարների պահուստի մեջ չեն հաշվառվում`
1) բեռնափոխադրման ընթացքում (խողովակաշարերում, երկաթուղային ցիստեռններում) կամ բենզալցակայաններում գտնվող դիզելային վառելիքը և ավտոմոբիլային բենզինը.
2) պահեստարաններում դիզելային վառելիքի և ավտոմոբիլային բենզինի այն մնացորդը, որի բացթողումը անհնար է տեխնիկական կամ որևէ այլ պատճառով:
7. Զորահավաքային պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 7. |
Նյութական պահուստի չնվազող պաշարը |
1. Նյութական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ինչպես նաև օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Նյութական պահուստի չնվազող պաշարում եղած նյութական արժեքները փոխառնման ենթակա չեն:
3. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները սահմանում է Կառավարությունը:
Հոդված 8. |
Նյութական պահուստի համակարգի ֆինանսավորումը |
1. Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման և զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում են պետական բյուջեի, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցները Կառավարությունը սահմանված կարգով ուղղում է բացառապես պետական պահուստի ձևավորմանն ու պետական պահուստի համակարգի զարգացմանը:
3. Զորահավաքային պահուստի կուտակման և զարգացման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների ֆինանսական միջոցներով: Զորահավաքային պահուստի կուտակումից մինչև ապաամրագրում ընկած ողջ ժամանակահատվածում կազմակերպությունների կողմից կատարված և լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Պետական պահուստի ձևավորման, պետական պահուստի համակարգի պահպանման և զարգացման ծախսերը, ինչպես նաև զորահավաքային պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունների ծախսերի հատուցման միջոցները առանձին հոդվածով արտացոլվում են յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքում:
5. Պետության կողմից կարգավորվող բնագավառներում (հանրային ծառայությունների բնագավառի պետական լիազորված մարմնի կարգավորման ոլորտում գործող կազմակերպությունների) զորահավաքային պահուստի ձևավորման և պահպանման ծախսերը հատուցվում են սակագնի հաշվարկում ներառված շրջանառու միջոցների ծախսերի հաշվին:
Հոդված 9. |
Նյութական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը |
1. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման պետական պատվիրատուն լիազոր մարմինն է:
2. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը պայմանագրերի հիման վրա իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 10. |
Նյութական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը |
1. Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը դրանց պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է լիազոր մարմինը՝ համաձայնեցնելով համապատասխան ոլորտները կարգավորող պետական կառավարման համակարգի մարմինների հետ՝ Կառավարության սահմանած կարգով:
2. Պետական պահուստի նյութական արժեքները կարող են պահպանման հանձնվել կազմակերպությունների կողմից` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից:
3. Պետական պահուստի պահպանման հանձնվող նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են լիազոր մարմնի և պահպանումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրով, որի օրինակելի ձևը սահմանում է Կառավարությունը:
4. Պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունները`
1) իրավունք ունեն լիազոր մարմնից պահանջելու պահպանման հանձնվող նյութական արժեքները բնութագրող փաստաթղթեր.
2) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պահպանման հանձնված նյութական արժեքների օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք.
3) պատասխանատվություն են կրում պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման համար, որոնց վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
5. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանում է Կառավարությունը` զորահավաքային և պետական այլ ծրագրերի համաձայն:
6. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են պետական պահուստի մյուս նյութական արժեքներից առանձին:
7. Զորահավաքային պահուստի նյութական արժեքները պահպանում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունները՝ իրենց պատկանող պահեստարաններում կամ բազաներում՝ տեղաբաշխման մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին:
8. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները պահպանվում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների պահեստներում կամ բազաներում, իսկ դրա տեխնիկական անհնարինության դեպքում կարող են պահպանվել լիազոր մարմնի համակարգի կազմակերպությունների պահեստարաններում կամ բազաներում, կամ լիազոր մարմնի համաձայնությամբ՝ այլ կառույցների ու կազմակերպությունների պահեստարաններում կամ բազաներում:
9. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ: Հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը հաստատում է Կառավարությունը:
Հոդված 11. |
Նյութական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելու հիմքերը և կարգը |
1. Նյութական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելը իրականացվում է հետևյալ դեպքերում`
1) թարմացման.
2) փոխարինման.
3) փոխառնման.
4) ապաամրագրման:
2. Պետական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելը թարմացման և փոխարինման նպատակով իրականացվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության սահմանած կարգով:
3. Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով, որով սահմանվում է նաև փոխառնման պայմանագրի օրինակելի ձևը: Պետական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելը փոխառնման կարգով կատարվում է գրավոր պայմանագրով, որը կնքվում է լիազոր մարմնի և ստացողի միջև: Պայմանագրում նշվում են ստացողի տվյալները, պետական պահուստից բաց թողնվող նյութական արժեքների վերաբերյալ տվյալները, դրանց բաց թողնելու պայմանները և ժամկետները, վերադարձման ժամկետներն ու կարգը, վերադարձման ժամկետների խախտման դեպքում կիրառվող տույժերը կամ տուգանքները: Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման համար նախատեսվում է վճար, որի չափը որոշում է լիազոր մարմինը` ելնելով փոխառնված նյութական արժեքների ընդհանուր արժեքից, փոխառնման ժամկետից: Նախատեսված վճարը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը:
4. Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է այդ պաշարների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կարիքների համար՝ համապատասխան ոլորտը կարգավորող պետական կառավարման համակարգի մարմնի և լիազոր մարմնի համաձայնությամբ, ոչ ավելի, քան պահպանվող պաշարի 30 տոկոսի չափով, և ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով:
5. Նյութական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելը ապաամրագրման կարգով կատարվում է Կառավարության որոշման հիման վրա, բացառությամբ արագ արձագանքման պաշարի ապրանքների:
6. Արագ արձագանքման պաշարից նյութական արժեքներ բաց թողնելը կատարվում է վարչապետի համաձայնությամբ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Վարչապետի համաձայնեցմանը ներկայացված համապատասխան գրության մեջ պետք է մանրամասն շարադրված լինեն արագ արձագանքման պաշարից բաց թողնվող նյութական արժեքների տեսակները, ընդհանուր քանակը և արժեքը:
7. Պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձևավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
8. Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից նյութական արժեքներ բաց թողնելը թարմացման նպատակով իրականացվում է այդ պահուստի սեփականատեր հանդիսացող կազմակերպության որոշմամբ՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին:
9. Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից նյութական արժեքներ բաց թողնելը փոխարինման նպատակով իրականացվում է այդ պահուստի սեփականատեր կազմակերպության որոշմամբ՝ համապատասխան բնագավառի պետական կառավարման մարմնի համաձայնությամբ՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին:
10. Թարմացման և փոխարինման նպատակով նյութական արժեքներ բաց թողնելը զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից իրականացվում է թարմացված կամ փոխարինված նյութական արժեքների ամբարման հետ միաժամանակ:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-484-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 12. |
Նյութական պահուստի պաշարների օգտագործման կարգը |
1. Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում նյութական պահուստի պաշարների օգտագործումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
2. Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու և վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արագ արձագանքման պաշարից նյութական արժեքների օգտագործումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` վարչապետի համաձայնությամբ: Այն դեպքերում, երբ պահանջվող նյութական արժեքների քանակը գերազանցում է արագ արձագանքման պաշարում եղած նյութական արժեքների քանակը, կամ պահանջվող նյութական արժեքներն արագ արձագանքման պաշարում բացակայում են, պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Կառավարությունը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի մարմնի ներկայացրած հայտի հիման վրա:
3. Պարենային, հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի միջև անհամամասնության, ինչպես նաև տնտեսության կայունությանը խոչընդոտող այլ իրավիճակների առաջացման դեպքում երկրի պարենային անվտանգությունն ապահովելու, տնտեսության կայունացման և շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու նպատակով պետական և ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները կարող են օգտագործվել Կառավարության որոշմամբ:
4. Զորահավաքային պահուստի նյութական արժեքների օգտագործումը կատարվում է կազմակերպությունների զորահավաքային առաջադրանքների կատարման նպատակով՝ Կառավարության որոշմամբ:
5. Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները կարող են օգտագործվել ինչպես այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների, այնպես էլ այլ սպառողների կողմից՝ Կառավարության որոշմամբ: Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների՝ այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում ապրանքների արժեքը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-484-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 13. |
Լիազոր մարմնի լիազորությունները և պարտականությունները նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում |
1. Լիազոր մարմինը`
1) Կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում նյութական պահուստի համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ.
2) համապատասխան ոլորտներ կարգավորող պետական կառավարման համակարգի մարմինների առաջարկությունների հիման վրա մշակում է պետական և զորահավաքային պահուստների նյութական արժեքների անվանացանկը, ինչպես նաև դրանց կուտակման նորմերն ու չափորոշիչները և ներկայացնում Կառավարության հաստատմանը.
3) մաքսային վերադաս մարմնի կողմից ներկայացվող տվյալների հիման վրա մշակում է ռազմավարական պաշարների պահուստի կուտակման ժամանակացույցը և ներկայացնում Կառավարության հաստատմանը.
4) սահմանված կարգով մշակում ու Կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը.
5) հաստատում է նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների ամենամյա ժամանակացույցը.
6) առաջարկություն է ներկայացնում իրավասու տեսչական մարմնին նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներ իրականացնելու վերաբերյալ.
7) մասնակցում է տեսչական մարմնի կողմից նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներին.
8) Կառավարության սահմանած կարգով ապահովում է նյութական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում է դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում, ինչպես նաև կազմակերպությունների կողմից Կառավարության սահմանած կարգով նյութական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տրամադրված տեղեկատվության հիման վրա տալիս է ամփոփ հաշվետվություն և տեղեկատվություն ներկայացնում Կառավարություն.
9) հսկողություն է իրականացնում պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման և այդ կազմակերպությունների սահմանած կարգով վճարովի ծառայությունների մատուցման նկատմամբ.
10) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 14. |
Նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը |
1. Նյութական պահուստի օրենսդրության, այդ թվում՝ պահանջների պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը և սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմիններ):
2. Տեսչական մարմինները նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակներում ստուգումներն իրականացնում են լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ամենամյա ժամանակացույցին համապատասխան կամ վերջինիս կողմից տեսչական մարմիններին ներկայացված առաջարկության հիման վրա:
3. Տեսչական մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ստուգումներն իրականացնում են լիազոր մարմնի համապատասխան ներկայացուցչի ներգրավմամբ, իսկ զորահավաքային պահուստի մասով՝ նաև զորահավաքային առաջադրանք պատվիրող մարմինների ներկայացուցչի (ներկայացուցիչների) ներգրավմամբ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:
Հոդված 15. |
Վեճերի լուծումը և պատասխանատվությունը նյութական պահուստի մասին օրենսդրությունը խախտելու դեպքում |
1. Նյութական պահուստի մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են նյութական պահուստի մասին օրենսդրությամբ և այլ օրենքներով սահմանված, ինչպես նաև դատական կարգով:
2. Նյութական պահուստի մասին օրենսդրությունը խախտող անձինք ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 16. |
Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը հաստատում է նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, կուտակման նորմերը և ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի պաշարների կուտակման ժամանակացույցը և հաշվառման կարգը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է նյութական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ինչպես նաև օգտագործման կարգը:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման կարգը:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը հաստատում է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը:
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստի նյութական արժեքների թարմացման և փոխարինման նպատակով բաց թողնելու կարգը:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման կարգը:
10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձևավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը:
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում նյութական պահուստի պաշարները օգտագործելու կարգը:
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները այլ կազմակերպություններ կամ սպառողներին տրամադրելու դեպքում ապրանքների արժեքը փոխհատուցելու կարգը:
Հոդված 17. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. «Պետական նյութական պահուստի մասին» 2004 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՕ-116-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 20
Երևան
ՀՕ-129-Ն |