Համարը 
ՀՕ-105-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.07.02/41(631) Հոդ.683
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.05.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասը՝

 

1) «լիազորությունները» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիփոթեքային պարտատոմս թողարկող է, և նրա նկատմամբ նշանակվել է հիփոթեքային կառավարիչ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած և հաստատած լուծարային հաշվեկշռում:

Հիփոթեքային կառավարիչը հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների համար կազմում, հաստատում և հրապարակում է առանձին հաշվեկշիռ:»:

 

Հոդված 2. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

 

«Կենտրոնական բանկի կողմից բանկի նկատմամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հիփոթեքային կառավարիչ նշանակելու պահից հիփոթեքային կառավարչին է անցնում բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների և դրանց ապահովման միջոցների կառավարումը:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները և դրանց ապահովման միջոցներն այլ թողարկողի չփոխանցելու դեպքում հիփոթեքային կառավարիչն իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված բոլոր լիազորությունները՝ բանկի՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների և դրանց ապահովման միջոցների մասով:»:

 

Հոդված 3. Օրենքի 75.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով՝

 

«2.1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին: Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ռեգիստրում գրանցված ածանցյալ արժեթղթերի գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:

Եթե ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվել, ապա նրանք պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը: Բանկի մնացորդային ակտիվների նկատմամբ լուծարման գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն՝ արտահերթ:

Բանկի լուծարային հանձնաժողովը կարող է հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնել այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից և կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին և ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 21

Երևան

ՀՕ-105-Ն