Համարը 
ՀՕ-45-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.06.05/29(969) Հոդ.532
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.04.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 1.2.

Սահմանումներ և հասկացություններ

 

Սույն օրենքի իմաստով`

1. Բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցների և սույն օրենքով բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներին դասվող միջոցների):

2. Բյուջետային ծախսերն են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթների ֆինանսական ապահովման նպատակով (բացառությամբ վարկերի և փոխատվությունների տրամադրման, ներգրավված փոխառու միջոցների մարումների, ինչպես նաև բաժնետոմսերի և կապիտալում մասնակցության և այլ արժեթղթերի ձեռք բերման դեպքերի) համապատասխան բյուջեներից ուղղվող դրամական միջոցները:

3. Կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռք բերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը:

4. Ընթացիկ ծախսերն են այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն կապիտալ ծախսերում:

5. Փոխառու միջոցներն են պետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթերի տեղաբաշխումից, ինչպես նաև վարկերի և բյուջետային փոխատվությունների տեսքով բյուջեներ ստացվող միջոցները:

6. Ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող իրավաբանական անձանց բաժնետոմսերը, կապիտալում այլ մասնակցությունը և այլ արժեթղթերը, բյուջեներից տրամադրված բյուջետային վարկերը և փոխատվությունները, ինչպես նաև բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

7. Ոչ ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները (հիմնական ֆոնդերը), բարձրարժեք ակտիվները, չարտադրված ակտիվները, պետական ռազմավարական և համայնքային նշանակության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքները:

8. Բյուջետային մուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները, բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, բյուջեից տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների գումարների վերադարձից, ոչ դրամային տեսքով այլ ֆինանսական ակտիվների և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող, ինչպես նաև ներգրավված փոխառու և այլ դրամական միջոցները:

9. Բյուջետային ելքերն են Սահմանադրությամբ և օրենքներով պետական և համայնքների բյուջեներից պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների իրականացմանն ուղղվող դրամական միջոցները: Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը, ինչպես նաև ֆինանսական ակտիվների (բացառությամբ բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի) ձեռքբերումները և ներգրավված փոխառու միջոցների մարումները:

10. Բյուջետային հատկացումներն են բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով նախատեսված միջոցները:

11. Բյուջեն հաստատող իրավական ակտն է պետական բյուջեի մասով Ազգային ժողովի ընդունած` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքը, իսկ համայնքի բյուջեի մասով` համայնքի ավագանու ընդունած` համայնքի բյուջեի մասին որոշումը: Բյուջեն հաստատող իրավական ակտը սահմանում է համապատասխան բյուջեի տվյալ տարվա մուտքերը և ելքերը, բյուջետային հատկացումների բաշխումն ըստ դրանց գլխավոր կարգադրիչների, ինչպես նաև այլ նորմատիվ դրույթներ, որոնք գործում են միայն այն ժամանակահատվածում, որի համար ընդունվել է բյուջեն (եթե այլ բան չի նախատեսվում բյուջեն հաստատող իրավական ակտով):

12. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներն են պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը: Բյուջեներով նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այդ ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի լիազորություններն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այդ ծրագրերը պետական բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կամ համայնքի ավագանու որոշմամբ (այդ ծրագրերը համայնքի բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կարող են վերապահվել համապատասխանաբար պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանմանը, այլ հիմնարկի: Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավասությունը և պարտականությունները սահմանվում են օրենսդրությամբ:

13. Պետական լիազորված մարմինն է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

14. Նպատակային բյուջետային մուտքերն են`

ա) օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում, կառավարության (կամ համայնքի) և վերջիններիս միջոցներ հատկացնողի միջև կնքված գործարքով նախատեսված որոշակի բյուջետային ելքերի կատարման նպատակով կառավարությանը (կամ համայնքին) նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող (կամ նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող ապրանքների դրամայնացումից) պետական (կամ համայնքի) բյուջե մուտքագրվող գումարները.

բ) առանձին բյուջետային ելքերի ֆինանսավորման նպատակով օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով պետական կամ համայնքի բյուջե մուտքագրվող գումարները:

15. Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեին օրենսդրությամբ ամրագրված բյուջետային մուտքերի կազմից օրենքով կամ կառավարության կամ համայնքի ավագանու որոշումներով առանձնացվող մուտքերի որոշ տեսակների (կամ դրանց հստակ սահմանված մասի) և բացառապես դրանց հաշվին ֆինանսավորվող բյուջետային ելքերի ամբողջությունն է: Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեի բաղկացուցիչ մասն է:

16. Արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) հաշիվներն են պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ գանձապետական միասնական հաշվում պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող ենթահաշիվները, ինչպես նաև բանկային համակարգում գործող հաշիվները: Արտաբյուջետային հաշիվները բացվում են և նախատեսված են`

ա) առանձին դեպքերում նպատակային բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի (ներառյալ` նպատակային բյուջետային ֆոնդերի մուտքերի և ելքերի) կատարման և առանձնացված հաշվառման համար.

բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման համար.

գ) դատական, նախաքննական և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների անվամբ դատավարական և կատարողական վարույթի նորմերի հիմքերով իրավաբանական և ֆիզիկական անձանցից բռնագանձվող, բռնագրավվող, առգրավվող, ի պահ վերցվող կամ գրավադրվող դրամական (նաև արտարժութային) միջոցների ստացման և դրանք օրենքի հիման վրա որոշված ստացողներին հետագա փոխանցումն ապահովելու համար.

դ) պետական լիազորված մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման համար.

ե) պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ` սակարկությունների կազմակերպման հետ կապված նախավճարների գանձումը և վերադարձն ապահովելու համար.

զ) պետական հիմնարկների անվամբ` իրավաբանական անձանց վճարահաշվարկային սպասարկման համար.

է) պետական մարմինների անվամբ` որոշակի ոլորտներում առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող տնտեսական գործունեության արդյունքում առաջացող բացասական հետևանքների վերացման և ռիսկերի կառավարման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով այդ սուբյեկտների կողմից կատարվող վճարների կամ մասհանումների տեսքով ստացվող միջոցների կուտակման համար.

ը) պետական և համայնքային հիմնարկների անվամբ` օրենքով կամ կառավարության (համայնքի ավագանու) որոշմամբ նախատեսված աղբյուրներից այլ նպատակներով միջոցների կուտակման համար:

17. Ծրագիրը միևնույն վերջնական արդյունքի հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է:

18. Ծրագրի միջոցառումը պետության միջամտությունն է, որը կարող է հանդես գալ պետական մարմինների, պետական կամ այլ կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ապրանքների կամ տրանսֆերտների տրամադրման, կապիտալ (ոչ ֆինանսական) և ֆինանսական ակտիվների ստեղծման (ձեռք բերման) կամ օտարման, ինչպես նաև օրենքով սահմանված այլ ձևերով:

19. Վերջնական արդյունքները սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի այն փոփոխություններն են, որոնց ձգտում է հասնել պետությունը հանրության համար ծրագրերի միջոցառումների տեսքով սահմանված միջամտությունների միջոցով:

20. Տրանսֆերտները բյուջետային հիմնարկի կարգավիճակ չունեցող շահառուներին կամ բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեներին անհատույց և անվերադարձ տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական միջոցներն են:

21. Սույն հոդվածի 17-20-րդ մասերում բերված սահմանումները վերաբերում են բացառապես սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետով նախատեսված` բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթղթերի կազմման գործընթացին:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «և Երևան քաղաքի բյուջեին», 2-րդ մասի «ինչպես նաև Երևան քաղաքի բյուջեին» բառերը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի (այսուհետ` պետական լիազորված մարմին)» բառերը, 11.1-ին հոդվածի 2-րդ մասի «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «ստացվող փոխառու միջոցների» բառերը փոխարինել «ստացվող փոխառու զուտ միջոցների» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասի «ե» կետի «սեկվեստորի» բառը փոխարինել «բյուջետային հատկացումների կրճատման» բառերով.

2) 9-րդ մասի երկրորդ նախադասության «հատուկ ծրագրերի իրականացման նպատակով» բառերը հանել, իսկ «նվիրատվության կարգով տրամադրված» բառերը փոխարինել «նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ մասերով.

«9.1. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետում նշված արտաբյուջետային հաշիվներին տվյալ տարվա ընթացքում ստացվող` տվյալ տարվա հաստատված պետական կամ համայնքի բյուջեում չնախատեսված մուտքերի և դրանց հաշվին կատարվելիք ելքերի ծրագրային ցուցանիշները ենթակա են համապատասխանաբար կառավարության կամ համայնքի ավագանու (համայնքի արտաբյուջետային հաշվի մուտքերը նվիրաբերված գումարների հաշվին ձևավորվելու դեպքում` համայնքի ղեկավարի) որոշմամբ ներառման համապատասխանաբար պետական կամ համայնքի բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը և բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.2. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «բ» - «ը» կետերում նշված արտաբյուջետային հաշիվների մուտքերը և ելքերը պետական և համայնքների բյուջեներում և դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:».

4) 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «ա» կետի «, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այդ բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը» բառերը հանել.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային (սույն օրենքի 6.1-ին գլխում ներկայացված դրույթների իմաստով) ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը:».

3) 3-րդ մասի «գ» և «ժա» կետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ «դ» կետի «ոչ հարկային» բառերը հանել:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «մաքսային տուրքը» բառերը փոխարինել «մաքսատուրքերը» բառով, «թ1», «թ5» և «թ6» կետերն ուժը կորցրած ճանաչել, և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ7» և «թ8» կետերով.

«թ7) արտոնագրային վճարները.

թ8) շրջանառության հարկը», ինչպես նաև հետևյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) օրենքով պետական բյուջեին ամրագրված այլ հարկային եկամուտներ:».

2) 5-րդ մասի «ժա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 17.1-ին հոդվածի վերնագրում «Ոչ ֆինանսական» բառերը փոխարինել «Պետական բյուջեի ոչ ֆինանսական» բառերով, «բ» կետի «բարձրարժեք» բառը փոխարինել «պետական սեփականություն համարվող բարձրարժեք» բառերով, «գ» կետի «պետական պահուստներում» բառերը` «պետական ռազմավարական պահուստներում» բառերով, իսկ «դ» կետի «հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների» բառերը հանել:

 

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի առաջին նախադասության «և մաքսային պետական մարմնի» բառերը փոխարինել «, մաքսային պետական մարմնի, ինչպես նաև այլ պետական մարմինների համար ստեղծվող՝» բառերով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բյուջեում չկանխատեսված» բառերը փոխարինել «բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի» բառերով, իսկ «ծախսերի» բառը` «ելքերի» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «հաշվարկվում է` հիմք ընդունելով տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը»» բառերը փոխարինել «սահմանվում է ոչ պակաս, քան տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի 4 տոկոսը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում`

 

1) 2.3-րդ մասը «որոշման» և «որոշմամբ» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով.

2) 2.4-րդ մասի «կարգով և» բառերը հանել.

3) 2.11-րդ մասը «սկսվում է» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քան» բառերով.

4) 3-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը (նաև բյուջետային ելքերը ծրագրային` սույն օրենքի 6.1-ին գլխում ներկայացված դրույթների իմաստով, ձևաչափով) կազմելու և դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մեթոդական ցուցումները (դրանց մեջ արտացոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով նախատեսված դրույթների համաձայն պետք է հաշվարկվեն բյուջետային ծախսերը, հաշվարկման ձևերը, դրանց լրացման ցուցումները և այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը անհրաժեշտ կհամարի տրամադրել պետական մարմիններին` առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):»,

բ. երկրորդ պարբերության երկրորդ նախադասության «լիազորված» բառը փոխարինել «պետական լիազորված» բառերով.

5) 4.2 - 4.4-րդ մասերում «լիազորված» բառը փոխարինել «պետական լիազորված» բառերով.

6) 10-րդ մասը «անկախ մարմինների» բառերից հետո լրացնել «(սույն մասում այսուհետ` հայտատու մարմին)» բառերով, ինչպես նաև նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե որևէ հայտատու մարմնի ներկայացրած բյուջետային ֆինանսավորման հայտի շուրջ այդ մարմնի և պետական լիազորված մարմնի միջև ծագած տարաձայնությունները մինչև պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելը համաձայնեցվել են, ապա պետական բյուջեի նախագծի հետ Ազգային ժողով է ներկայացվում փոխհամաձայնեցված ցուցանիշներ պարունակող, հայտատու մարմնի կազմած բյուջետային ֆինանսավորման հայտի պատճենը:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. Եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տվյալ բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա կառավարությունն ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչև պետական բյուջեի նախագծի ներկայացումը:»:

 

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական բյուջեի մասին օրենքի» բառերը փոխարինել «պետական բյուջեի» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը «համամասնությունները» բառից հետո լրացնել «և հաստատում սույն օրենքի 41.2-րդ հոդվածում նշված տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» կետով.

 

«դ1) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փաստաթղթի մաս կազմող գերատեսչական տարեկան ծրագրերով նախատեսված արդյունքների կատարման վերաբերյալ.»:

 

Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածի «գ» կետը «համամասնությունները» բառից հետո լրացնել «և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 28.1-ին հոդվածի 1.1-ին կետում`

 

1) «ա» ենթակետի «հարկերից» բառը փոխարինել «հարկեր» բառով և «-տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ» բառերը` «-օրենքով համայնքների բյուջեներին ամրագրված այլ տեղական հարկեր» բառերով.

2) «դ» ենթակետի «հողի հարկի և գույքահարկի» բառերը փոխարինել «տեղական հարկերի» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում «եռամյա» բառը փոխարինել «քառամյա» բառով, իսկ 7-րդ մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

 

« Գ Լ ՈՒ Խ  6 1

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Դ» ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԼՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 41.1.

Սույն օրենքի 61-ին գլխի դրույթների գործողության շրջանակը

 

1. Սույն գլխում բերված դրույթները վերաբերում են բացառապես սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթղթերի կազմման գործընթացին:

 

Հոդված 41.2.

Պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, ինչպես նաև պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթղթի բաղկացուցիչ մասերը
 

1. Պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի կազմում ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը, ինչպես նաև պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող փաստաթուղթը բաղկացած է երկու մասից`

ա) առաջին մասում ներկայացվում են բյուջետային ելքերը` ծրագրային (ծրագրերի միջոցառումների մակարդակով) դասակարգմամբ.

բ) երկրորդ մասում ներկայացվում են գերատեսչական տարեկան ծրագրերը, որոնք պարունակում են յուրաքանչյուր գերատեսչության ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը և գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումների ծրագրային խմբավորումը պետական կառավարչական հիմնարկի գործունեության արդյունքները բնութագրող կատարողական չափորոշիչներով:

 

Հոդված 41.3.

Ծրագրերի միջոցառումները

 

1. Ծրագրերի միջոցառումներն ըստ դրանցով նախատեսվող գործողությունների պատկանելության տարբերակվում են ընթացիկ, կապիտալ, հանրային սեփականության կառավարման և ֆինանսական ակտիվների կառավարման քաղաքականությունների:

2. Ընթացիկ միջոցառումներն են`

ա) պետական մարմնի կողմից ապրանքների տրամադրումը և ծառայությունների մատուցումը.

բ) կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց տրանսֆերտների տրամադրումը.

գ) պետական պարտքի սպասարկման (տոկոսավճարների) գծով ծախսերի կատարումը:

3. Կապիտալ միջոցառումներն են հանրության կողմից օգտագործման նպատակով այնպիսի կապիտալ (ոչ ֆինանսական) ակտիվների հետ գործառնությունները (ձեռք բերում, կառուցում, հիմնանորոգում և այլն), որոնք չեն հանդիսանում պետական հիմնարկի կողմից կամ իր անունից անմիջականորեն մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվներ:

4. Հանրային սեփականության կառավարման միջոցառումներն են պետական հիմնարկի կամ պետական սեփականություն հանդիսացող այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվների հետ գործառնությունները (ձեռք բերում, կառուցում, հիմնանորոգում և այլն):

5. Ֆինանսական ակտիվների կառավարման և պետական պարտքի մարման միջոցառումներն են`

ա) ֆինանսական ակտիվների ձեռք բերումը, այդ թվում` պետության կողմից կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց վարկերի տրամադրումը, ինչպես նաև կազմակերպությունների բաժնետոմսերի կամ կապիտալում այլ մասնակցության ձեռք բերումը.

բ) պետական պարտքի գծով պարտավորությունների մարման, այդ թվում` պետությանը տրամադրված վարկերի, ինչպես նաև պետության կողմից թողարկված մուրհակների մարումը և արժեթղթերի հետգնումը:

 

Հոդված 41.4.

Բյուջեների ելքերի և ծախսերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների

 

1. Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների (սույն գլխի իմաստով` նաև ծրագրային դասակարգում) պետական բյուջեի ելքերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց միջոցառումների` սույն գլխով սահմանված տեսակների:

2. Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների ունի հետևյալ կառուցվածքը`

ա) ընթացիկ միջոցառումներ.

բ) կապիտալ միջոցառումներ.

գ) հանրային սեփականության կառավարման միջոցառումներ.

դ) ֆինանսական ակտիվների կառավարման և պետական պարտքի մարման միջոցառումներ:

3. Բյուջեների ծախսերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների պետական բյուջեի ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց միջոցառումների` սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների:»:

 

Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 25

Երևան

ՀՕ-45-Ն