Համարը 
ՀՕ-515-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.02.12/9(244) Հոդ.154
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.01.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2020


ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակը

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) կազմելու և ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց (ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:

Բանկերի, ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման մարմինների և գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջև այդպիսի իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Կառավարությունը սահմանում է նախորդ օրացուցային տարում ստացման ենթակա հասույթի 100 միլիոն դրամ մեծությունը չգերազանցող հարկ վճարողների համար հարկային հաշվառման հատուկ կանոնակարգ:

Սույն հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված սուբյեկտները կարող են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և միջազգային ստանդարտների ուղեցույցների փոխարեն կիրառել հարկային հաշվառման հատուկ կանոնակարգը:

(2-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-231-Ն, 09.04.07 ՀՕ-188-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-207-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-152-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

Հոդված 3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները

(վերնագիրը լրաց. 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են սույն օրենքը, հաշվապահական հաշվառմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ, սույն օրենքով սահմանված` հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից ընդունված իրավական այլ ակտեր:

Սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաև Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման սկզբունքները, ստանդարտների կիրառման ուղեցույցները և պարտադիր կիրառման այլ փաստաթղթեր (այսուհետ՝ միջազգային ստանդարտների ուղեցույցներ):

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները ներառում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից ընդունված Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, դրանց վերաբերյալ մեկնաբանությունները, դրանցում հետագա փոփոխությունները (և դրանց մեկնաբանությունները), ինչպես նաև Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հետագայում ընդունվող ստանդարտները և դրանց մեկնաբանությունները: 

(3-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը

 

1. Հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնում է կառավարության լիազորած պետական մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ բանկերում, վարկային, վճարահաշվարկային կազմակերպություններում, ապահովագրական և գրավատնային գործունեություն իրականացնող անձանց մոտ, ներդրումային ընկերություններում, ներդրումային ֆոնդերում և ներդրումային ֆոնդի կառավարիչների մոտ` կենտրոնական բանկը` կառավարության լիազորած պետական մարմնի հետ համատեղ (այսուհետ` հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմին):

2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`

ա) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-226-Ն)

բ) հաշվապահական հաշվառման հաշվային պլանները և դրանց կիրառման մասին հրահանգները.

գ) արտադրական ծախսումների (ինքնարժեքի) հաշվառման վերաբերյալ մեթոդական ցուցումներ, հրահանգներ:

2.1 Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է հաստատել ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր և դրանց լրացման ցուցումներ՝ հիմք ընդունելով ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները: Սույն օրենքի 2-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված սուբյեկտների համար Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը սահմանում է առանձին ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր և դրանց լրացման ցուցումներ: 

3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի ընդունած հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

(4-րդ հոդվածը լրաց. 08.12.05 ՀՕ-247-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.12.08 ՀՕ-226-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-279-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը

 

1. Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:

2. Բոլոր կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:

3. Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ:

(5-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-85-Ն)

 

Հոդված 5.1. Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով` համաձայն հետևյալ ժամանակացույցի`

Հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրով վարելու ժամկետը

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը

2013 թվականի
հուլիսի 1-ից

1 մլրդ դրամից ավելի

2014 թվականի
հուլիսի 1-ից

500 մլն դրամից ավելի

Սույն հոդվածում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածով սահմանված ժամանակացույցը և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերին ներկայացվող պահանջները չեն վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին և ներդրումային ընկերություններին, որոնց մոտ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

(5.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-259-Ն)

 

Հոդված 6. Ֆինանսական հաշվետվությունները

(վերնագիրը խմբ. 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

1. Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացումն են:

2. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը:  (նախադասությունը հանվել է 19.03.12 ՀՕ-62-Ն)

(6-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-226-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 6.1. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունները

 

1. Բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդի կառավարիչները, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողները, ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները, վերաապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերները ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ oրենքի համաձայն՝ հիմնադիրներին, մասնակիցներին, oրենքով սահմանված կարգով՝ պետական մարմիններին ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:

Սույն մասի առաջին պարբերությունում չնշված սուբյեկտները կարող են ֆինանսական հաշվետվությունները կազմել և ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան` դրա մասին ֆինանսական հաշվետվություններում կատարելով անհրաժեշտ բացահայտումներ:

2. Սույն հոդվածի առաջին մասում չնշված կազմակերպությունները, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքում հարկային հաշվառման հատուկ կանոնակարգը կիրառող սուբյեկտների, պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները կազմել և ներկայացնել կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ oրենքի համաձայն՝ հիմնադիրներին, մասնակիցներին, oրենքով սահմանված կարգով` պետական մարմիններին ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների ուղեցույցների, դրանց փոփոխությունների՝ կառավարության կողմից սահմանված կարգով հրապարակումից հետո` վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող տարվա հունվարի մեկից:

(6.1-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-226-Ն, 22.12.10 ՀՕ-279-Ն) 

 

Հոդված 7. Ֆինանսական հաշվետվությունների նպատակը

(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

Հոդված 8. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը

(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

Հոդված 9. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի չափումը

(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

Հոդված 10. Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները

(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 11. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

 

1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (այսուհետ` կազմակերպության ղեկավար) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:

2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`

- կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,

- կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,

- հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,

- անձամբ:

3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`

ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.

բ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը (այդ թվում` սույն օրենքի 5.1-րդ հոդվածով սահմանված չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով), ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը:

(11-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-190-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-259-Ն)

 

Հոդված 12. Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները

 

1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը կամ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար:

Բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպության ղեկավարը համատեղում է նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները, կազմակերպությունում գլխավոր հաշվապահը պարտադիր է: Գլխավոր հաշվապահը կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության ղեկավարը պետք է լինի վարձու աշխատող (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվապահական հաշվառումը կազմակերպությունում վարվում է հաշվապահական ծառայություններ մատուցող այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միջոցով):

3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:

4. Առանձին տնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում գլխավոր հաշվապահը կատարման է ընդունում փաստաթղթերը` կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ), և նման գործառնությունների իրականացման հետևանքների պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

5. Առևտրային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի որակավորված գլխավոր հաշվապահը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող ֆիզիկական անձը: Այդ նպատակով գլխավոր հաշվապահների որակավորումն իրականացնում է կամ հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը, կամ նրա կողմից սահմանված չափանիշների համաձայն ընտրված մասնագիտացված կառույցը:

Որակավորումը հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից իրականացվելու դեպքում որակավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ որակավորման հանձնաժողովի կազմը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը:

Որակավորումը մասնագիտացված կառույցի կողմից իրականացվելու դեպքում որակավորման կարգը, որակավորման հանձնաժողովի կազմը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է այդ մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի հետ:

Որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը ենթակա են հրապարակման:

(12-րդ հոդվածը փոփ. 26.05.04 ՀՕ-87-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 13. Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները

 

1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`

ա) Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով.

բ) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան.

գ) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմակերպումը կամ լուծարումը:

2. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:

3. Բոլոր տնտեսական գործառնությունների արդյունքները պետք է հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն ժամանակին այնպես, որ դրանք արտացոլվեն այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, որին վերաբերում են:

 

Հոդված 14. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը

 

1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարումը:

2. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները).

ա) փաստաթղթի անվանումը.

բ) հերթական համարը.

գ) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

դ) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).

ե) տնտեսական գործառնության բովանդակությունը.

զ) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական և բնաիրային արտահայտությամբ.

է) պատասխանատու անձանց պաշտոնները և նրանց ստորագրությունները:

Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը և (կամ) կազմակերպությունը:

3. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:

Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, սահմանված կարգով և ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:

4. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ և հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման տարին, ամիսը և ամսաթիվը: Դրամարկղային և բանկային փաստաթղթերում սխալների ուղղում չի թույլատրվում:

5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձևերը կամ, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, դրանք սահմանել ինքնուրույն:

Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևեր:

 

Հոդված 15. Հաշվապահական հաշվառման գրանցամատյանները

 

1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում (այսուհետ` գրանցամատյաններ):

2. Տնտեսական գործառնությունները գրանցամատյաններում գրանցվում են ժամանակագրական կարգով:

3. Գրանցամատյանները ժամանակին և ամբողջական կազմելու պատասխանատվությունը կրում են դրանք վարող անձինք:

4. Գրանցամատյաններում չծանուցված ուղղումներ չեն թույլատրվում: Սխալի ուղղումը հաստատվում է տվյալ գրանցամատյանն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ` նշելով ուղղման տարին, ամիսը և ամսաթիվը:

5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է սահմանել գրանցամատյանների օրինակելի ձևեր, որոնցից կազմակերպությունն ինքնուրույն ընտրում է իր կողմից կիրառելի ձևը, կամ, ելնելով սույն օրենքից և հաշվապահական հաշվառման ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներից, ինքնուրույն սահմանում է գրանցամատյանների ձևերը:

Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա գրանցամատյանների ձևեր:

 

Հոդված 16. Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում

 

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարը, ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, գործառնության ոլորտից, էությունից և դրամական արժեքի մեծությունից:

 

Հոդված 17. Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը

 

1. Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով կազմակերպությունն անցկացնում է ակտիվների և պարտավորությունների գույքագրում:

2. Գույքագրման անցկացումը պարտադիր է`

ա) տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ.

բ) կազմակերպության վերակազմակերպման և լուծարման դեպքերում.

գ) տարերային աղետների, հրդեհների և այլ պատճառների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների դեպքերում.

դ) գույքի հափշտակման, փչացման և կորստի փաստերի բացահայտման դեպքերում,

ե) նյութական պատասխանատու անձի փոփոխման դեպքերում:

Պարտադիր գույքագրումների դեպքում գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերից, գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները որոշում է կազմակերպության ղեկավարը:

 

Հոդված 18. Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը

 

1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում և ներքին օգտագործման համար կազմված հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համարվում է առևտրային գաղտնիք, որին կարելի է ծանոթանալ կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով և օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

2. Առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվությանը ծանոթացած անձինք և կազմակերպությունները պարտավոր են պահպանել դրա գաղտնիությունը: Վերջինիս հրապարակման դեպքում նրանք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 19. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը

 

1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերը կազմակերպության կողմից պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի:

2. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավված փաստաթղթերը կրկնօրինակել և պահել իր մոտ:

3. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հոդված 20. Ֆինանսական հաշվետվությունների կազմը

(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

Հոդված 21. Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները

(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-226-Ն)

 

Հոդված 22. Հաշվետու ժամանակաշրջանը

 

1. Հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարին կամ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը:

2. Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանն է: Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ:

3. Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը տարուց փոքր ժամանակաշրջան է: Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի համար միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ կազմվում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ կազմակերպությունների հայեցողությամբ:

 

Հոդված 23. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը

 

1. Կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են`

ա) հիմնադիրներին, մասնակիցներին` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ օրենքի համաձայն.

բ) պետական մարմիններ` օրենքով սահմանված կարգով:

2. Կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի կողմից կենտրոնական բանկին ներկայացվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

3. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման օր է համարվում դրանց` ըստ պատկանելության հանձնելու կամ փոստով ուղարկելու օրը:

(23-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-279-Ն)

 

Հոդված 24. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը

 

1. Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, պարտավոր են տարեկան հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

1.1. Խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

Սույն օրենքի իմաստով խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկին`

ա) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը.

բ) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը:

2. Ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում, ինտերնետով կամ տարածվել գրքույկների ձևով: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կազմակերպությունների, որոնց ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության: 

(24-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-226-Ն, խմբ. 10.12.09 ՀՕ-229-Ն, լրաց. 20.05.14 ՀՕ-45-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25. Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար

 

Կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 26. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության պահանջը վերաբերում է 2002 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ընկած ժամանակաշրջաններին:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հունիսի 16-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

4. 1998 թվականի հունիսի 16-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ:

5. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի պահանջները վերաբերում են 2010 թվականի և դրանից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների ցուցանիշներին:

6. Այն կազմակերպությունները, որոնց 2009 թվականի գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են իրենց 2009 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը: 

(26-րդ հոդվածը լրաց. 10.12.09 ՀՕ-229-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 31
Երևան
ՀՕ-515-Ն