Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 հունիսի 2016 թվականի N 21
26. ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ ավիատոմսերի գնման փորձնական համակարգի ուղենիշներին՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2016 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թ. հունիսի 2-ի նիստի N 21 |
ՈՒ Ղ Ե Ն Ի Շ Ն Ե Ր
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
1. Ավիատոմսերի գնման քաղաքականությունը
Ավիատոմսը պետք է ամրագրվի ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ տվյալ գործուղման վերաբերյալ համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո: Այն դեպքում, երբ դեռ ընդունված չէ իրավական ակտը, համապատասխան հանձնարարության դեպքում, աշխատակազմի ղեկավարի կամ լիազորված անձի միջնորդությամբ կարող է կատարվել ավիատոմսի ամրագրում կամ գնում: Ամրագրումներ կատարելիս թույլատրելի է համարվում հետևյալ կանոններին համապատասխանող ավիափոխադրումը՝
1) տվյալ օրվա դրությամբ որոնման համակարգում առկա որոշակի երթուղով իրականացվող ավիափոխադրումների համար ձեռք բերել նվազագույն արժեք ունեցողը ավիատոմսը կամ դրա նկատմամբ մինչև 8 տոկոս տարբերություն ունեցող ավիատոմսը.
2) համակարգում որոշակի երթուղով ամրագրում կատարելիս պետք է որոնում կատարվի միաժամանակ՝ նույն ուղղությամբ մեկնելու և վերադարձի օրերով, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտնի չէ կամ նախապես որոշված չէ վերադառնալու օրը, կամ գործուղումը նախատեսում է բարդ (մեկից ավելի մեկնման կամ վերադարձի քաղաքներ կամ օդանավակայաններ) երթուղով ուղևորություն.
3) համակարգում ամրագրման որոնում կատարելիս՝ համակարգն արտացոլում է տվյալ պահին առկա, բացառապես «էկոնոմ» կարգի բոլոր սակագնային դասերի ավիատոմսերը՝ դրանք տարանջատելով երկու հիմնական խմբի՝
ա. «կանաչ» պիտակով նշվածները համապատասխանում են ավիատոմսերի
գնման քաղաքականությանը,
բ. «կարմիր» պիտակով նշվածները շեղվում են ավիատոմսերի գնման
քաղաքականությունից:
«Կարմիր» պիտակով ավիատոմսեր ամրագրելիս, այդ թվում՝ թույլատրելի շեղումներով և բացառություններով, տվյալ ամրագրումը հաստատող անձը պարտավոր է համակարգից տպել և հիմնավորող փաստաթղթերի հետ միասին պահպանել տվյալ ամրագրման արժեքի համեմատ ցածր արժեք ունեցող ավիափոխադրումների համեմատական աղյուսակը:
2. Թույլատրելի շեղումները և բացառությունները
Կանոն 1. Ուղիղ չվերթի կանոնը
Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա է ուղիղ չվերթով մեկ այլ ավիատոմս, որը որոնման համակարգում թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 15 տոկոսի չափով, ապա թույլատրելի է համարվում այդպիսի ուղիղ չվերթով ավիատոմսի ամրագրումը, եթե այն հաստատողը համակարգում նշում է կատարում՝ «Կիրառվել է ուղիղ չվերթի կանոնը»:
Կանոն 2. Առավելագույն տարանցիկ ժամանակի կանոնը
Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները նախատեսում են տարանցիկ կանգառ՝ ավելի քան 6 ժամով, ապա թույլատրվում է ձեռք բերել 6 ժամից պակաս տարանցիկ կանգառ նախատեսող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 15 տոկոսի չափով:
Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի գործուղման կազմակերպման դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները նախատեսում են տարանցիկ կանգառ՝ ավելի քան 4 ժամով, ապա թույլատրվում է ձեռք բերել 4 ժամից պակաս տարանցիկ կանգառ նախատեսող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 15 տոկոսի չափով:
Այդպիսի ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում նշում է կատարում՝ «Կիրառվել է առավելագույն տարանցիկ ժամանակի կանոնը»:
Կանոն 3. Առավելագույն տարանցիկ կանգառների կանոնը
Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները նախատեսում են միայն երկուսից ավելի տարանցիկ կանգառներ, ապա թույլատրվում է ձեռք բերել մեկ տարանցիկ կանգառով կամ ուղիղ չվերթով նվազագույն արժեք ունեցող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 20 տոկոսի չափով: Այդպիսի ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում նշում է կատարում՝ «Կիրառվել է առավելագույն տարանցիկ կանգառների կանոնը»:
Կանոն 4. Տարանցիկ վիզայի սահմանափակման կանոնը
Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները նախատեսում են տարանցիկ վիզայի առկայության պարտադիր պայման՝ տվյալ երկրով տարանցում կատարելու համար, ապա թույլատրվում է ձեռք բերել նման տարանցիկ վիզայի պահանջ չունեցող՝ հաջորդող նվազագույն արժեք ունեցող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով: Այդպիսի ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում նշում է կատարում՝ «Կիրառվել է տարանցիկ վիզային սահմանափակման կանոնը»:
Կանոն 5. Ավիափոխադրողի նվազագույն որակի կանոնը
Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս արտացոլված կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները կամ դրանց մի մասը փաստացի կատարվում են այնպիսի ավիաընկերությունների կողմից, որոնց որակի` միջազգային դասակարգման հttp://www.airliոeqսality.cօm կողմից վարվող «Skytrax» դասակարգիչով շնորված է որակի 2 աստղից պակաս դաս կամ ընդհանրապես բացակայում է դասակարգումը, ապա թույլատրվում է ձեռք բերել նույն որակի դասակարգիչով որակի 2 և ավելի աստղեր ունեցող ավիափոխադրողի կողմից առաջարկվող հաջորդ նվազագույն արժեք ունեցող ավիափոխադրումը, որը թեկուզև որոնման համակարգում նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 15 տոկոսի չափով: «Skytrax» դասակարգիչով ավիափոխադրողներին շնորհված որակի դասակարգիչը հրապարակվում է նաև որոնման www.gօvtravel.am ինտերնետային կայքում: Այդպիսի ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում նշում է կատարում՝ «Կիրառվել է ավիափոխադրողի նվազագույն որակի կանոնը»:
Կանոն 6. Բացառիկ դեպքի կանոնը
Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները նախատեսում են այնպիսի փոխադրման եղանակ, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում տվյալ բացառիկ դեպքին, ապա մինչև տվյալ ամրագրման հաստատումը պետք է առկա լինի համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի, իսկ հանրապետական գործադիր և տարածքային մարմնի ղեկավարի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությունը՝ տվյալ անձի նկատմամբ կանոններին համապատասխանող ավիափոխադրման սկզբունքից շեղվելու և բացառիկ դեպքի կանոն կիրառելու համար: Երբ շեղումը ենթադրում է «բիզնես» կարգի ավիատոմսի գնում, ապա տվյալ միջնորդությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ: Ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում նշում է կատարում՝ «Կիրառվել է բացառիկ դեպքի կանոնը», միաժամանակ հիմնավորող փաստաթղթերում պահպանելով տվյալ կանոնի կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: