Գլխավոր տեղեկություն
Համար
N 46
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (18.11.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.15/11(967)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 18 նոյեմբերի 2016 թվականի N 46

 

8. ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ծրագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

նոյեմբերի 18-ի նիստի N 46
արձանագրային որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏ

ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

 I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):

 

II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

2. Հայեցակարգը մշակված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի № 131 որոշման № 2 հավելվածի 35-րդ կետի համաձայն և համահունչ է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2014 թվականի մայիսի 30-ի «Անկախ Պետությունների Համագործակցությունում ազգային մարզաձևերի աջակցության ու զարգացման մինչև 2020 թվականն ընկած ժամանակամիջոցի ծրագրի և դրա իրականացմանն ուղղված 2015-2017 թվականների միջոցառումների ծրագրի մասին» որոշմանը:

3. Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում, հայկական սփյուռքում, Արցախում և Ջավախքում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանման, տարածման ու զարգացման քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնախնդիրները։

 

III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

4. Հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել: Առ այսօր Հայաստանի Հանրապետությունում չի ընդունվել պետական միասնական քաղաքականության որևէ հայեցակարգային, ռազմավարական կամ ծրագրային փաստաթուղթ: Չեն ընդունվել նաև իրավական նորմատիվ ակտեր, որոնցով կկարգավորվեն հայկական կոխ ըմբշամարտի ուսուցումը, կներկայացվեն ուսումնամարզական գործընթացի նվազագույն պայմանները, մրցումների անցկացման միասնական կանոնները:

5. Սույն Հայեցակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում, հայկական սփյուռքում, Արցախում և Ջավախքում հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման հիմնական նպատակները, առկա խնդիրները, դրանց լուծման նոր մոտեցումներն ու ուղղությունները, ինչպես նաև նախատեսվում են միջոցներ ու ձևեր՝ դրանց իրականացման, մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման համար:

6. Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը խորհրդային ժամանակաշրջանում գրեթե մոռացության է մատնվել՝ հիմնականում պահպանվելով ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերում և Ջավախքում:

7. Հանրապետությունում ներկայումս մեծ եռանդով գովազդվում ու ներմուծվում են բազմաթիվ արևելյան մարզաձևեր, որոնք հրամցնում են մեզ օտար փիլիսոփայություն: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, երբ տարբեր ազգերի ազգային մարզաձևերը, շնորհիվ պետական աջակցության, ձեռք բերեցին լուրջ կարգավիճակ՝ զվարճալիքից դառնալով ինքնուրույն մարզաձև: Դրանցից մի քանիսը բարձրացան համաշխարհային մակարդակի ու ընդգրկվեցին ասիական, եվրոպական և օլիմպիական խաղերի ծրագրերում:

8. Հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևին արժանի ուշադրություն դարձնելու դեպքում կվերականգնվեն ազգային մարզական գեղեցիկ ավանդույթները, և կվերածնվի ազգային պատմական մարզաձևը։

 

IV. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

9. Հայ ժողովրդի պատմության մեջ ազգային մարզաձևերը, ֆիզիկական վարժությունները և ժողովրդական խաղերը ձևավորվել և կատարելագործվել են դարերով, փոխանցվել սերնդից սերունդ և օգտագործվել են որպես հիմնական միջոց՝ օրգանիզմի ֆիզիկական ներդաշնակ զարգացման, ունակությունների և հմտությունների ձեռքբերման համար: Ազգային մարզաձևերին բնորոշ է դինամիկություն, շարժական ունակությունների ձևավորման համար նպատակաուղղված մոտեցում և մատչելիություն: Բազմաթիվ տեղեկությունները փաստում են, որ հայ ժողովուրդը կերտել և զարգացրել է ռազմաֆիզիկական վարժությունների ու խաղերի շատ ձևեր: Հին Հայաստանում տարածված են եղել մենամարտի մի շարք տեսակներ, որոնցից ամենահայտնին ըմբշամարտն է: Հայկական ըմբշամարտը եղել է ֆիզիկական պատրաստության և ազգային սովորույթների անբաժանելի մասը:

10. Հայ մշակույթի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում շատ տվյալներ կան ռազմաֆիզիկական վարժությունների ու ավանդական խաղերի մասին: Այդ վկայությունների մեծ մասը վերաբերում է մենամարտի տեսակներին՝ մասնավորապես ըմբշամարտին, որը դեռևս հնագույն ժամանակներից ֆիզիկական պատրաստության և ազգային սովորույթների անբաժանելի մասն է կազմել՝ որպես հայ ժողովրդի ինքնասիրության, արժանապատվության, ազգային կերպարի, հոգեկերտվածքի, ֆիզիկական ազգային դաստիարակության, էթնոսի ինքնությունը պահպանելու արդյունավետ միջոց:

11. Կոխը ըմբշամարտի տեսակ է: Հայաստանում այն հայտնի էր տարբեր անուններով՝ գոտեկռիվ, գոտեմարտ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտի, Լոռվա կոխ, Շիրակի կոխ, Նախիջևանի գուռաշ, Ղարաբաղի փշակոխ, Ջավախքի գիլաշ և այլն (տարածված են մոտ 73 նմանատիպ անվանումներ):

12. Հայկական ազգային կոխ ըմբշամարտը տարածված է եղել Լոռու, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Ստեփանավանի, Հրազդանի (նախկինում՝ Ախտա), Շամշադինի, Իջևանի, Դիլիջանի, Ապարանի, Սիսիանի, Մարտունու, Նախիջևանի շրջաններում, Ջավախքում, պատմական Հայաստանի տարածքներում՝ Վան, Ղարս, Էրզրում, Ալաշկերտ:

13. Կոխի մրցումները միջնադարյան Հայաստանում կազմակերպվում էին մրցասպարեզներում, հրապարակներում, մարզարաններում կամ ուղղակի ազատ տարածքներում, բակերում և այլն։

14. Դեռևս միջնադարյան Հայաստանում գոյություն են ունեցել հատուկ վայրեր, որոնք կոչվել են մարզարաններ, մրցասպարեզներ, որտեղ կազմակերպվել և անցկացվել են մարզական մրցումներ:

15. Հայաստանցի և հայ ըմբիշների հաջողությունները միջազգային ասպարեզում սկսվում են Հայաստանի Տրդատ 3-րդ Արշակունի թագավորից, որը 281 թվականին կայացած հին հունական 265-րդ օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումներում դարձել է հաղթող: Դա վկայում է պատմիչ և Տրդատ Մեծի քարտուղար Ագաթանգեղոսը. «.....քաջ և առաքինի, ուժեղ և պատկառելի Տրդատի տարիներին, որը նախնիներից կորովի լինելով, արիությամբ գերազանցել է նրանց, եղել է ըմբշամարտիկ և պատերազմի մեջ հսկային վայել քաջություններ գործել»:

16. Հայկական ազգային կոխ ըմբշամարտը ընդգրկված է եղել հին հայկական նավասարդյան խաղերի ծրագրում: Մարզական խաղեր ու մրցույթներ էին տեղի ունենում տարատեսակ միջոցառումների, տոնակատարությունների և ուխտագնացությունների ժամանակ: Դրանք անցկացվում էին երգ-երաժշտության, ժողովրդական խաղերի, ուրախ տրամադրության ներքո: Դրանց նպատակն էր ցուցադրել հատկապես երիտասարդների ուժն ու ճարպկությունը: Մրցումները լինում էին ինչպես անհատական, այնպես էլ խմբային: Հայ ազգագրության ուսումնասիրություններում կան այդպիսի միջոցառումների բազմաթիվ նկարագրություններ: Հատկանշական է, որ Հայաստանի տարբեր շրջաններում մրցույթների կանոնները տարբեր էին, և նույն մարզաձևն ուներ հաղթանակի, պարտության, պարգևատրման ու հաղթանակը տոնելու տարբեր ձևեր: Հայտնի են կոխի մոտ 340 հնարքներ:

17. Հանդիսատես ուխտավորներից, գլխավորապես գյուղացիներից մի ընդարձակ կրկեսի ձևով շրջան է կազմվել, որի մեջտեղը դրվել է գոմեշի գլուխ (ներկայումս՝ կենդանի ոչխար): Ասպարեզ են դուրս եկել գոտեմարտողները և պտույտ գալով գլխի չորս կողմը՝ աշխատել են հարմար կերպով միմյանց բռնել և գոտեմարտելով վայր գլորել ու ծնկել հակառակորդի կրծքին՝ որպես հաղթության նշան: Հաղթողը արժանացել է շրջապատողների խրախուսանքին ու գովասանքին և տեր է դարձել գոմեշի գլխին, որը ուժի ու քաջության խորհրդանիշն է:

18. Մարզիկները մրցությանը մասնակցում են մարզաչուխաներով (բրդյա կտորից կարված երկար վերարկու) և կաշվե փափուկ կիսաճտքավոր կոշիկներով: Նախքան գոտեմարտի սկիզբը ժողովրդական նվագարանների խումբը հնչեցնում է կոխի ավանդական պարային եղանակը՝ կանչը, և մրցակիցները կոխի ավանդական պարն են պարում, որից հետո միայն սկսվում է մրցամարտը: Մրցամարտն ուղեկցվում է երաժշտությամբ: Մարտի տևողությունը եղել է 6 րոպե (այժմ մեծահասակների գոտեմարտի տևողությունը 5 րոպե է, պատանիներինը՝ 4 րոպե): Այժմ ըմբիշները գոտեմարտում են 9 մ տրամագիծ ունեցող ըմբշամարտի մրցագորգի վրա հետևյալ քաշային կարգերում (կգ)՝ պատանիներ – 45, 50, 55, 60, 66, 73, 81, 90, մեծահասակներ – 55, 60, 66, 73, 81, 90, 100 և մինչև 125: Մրցումներն անցկացվում են մինչև 18 տարեկան պատանիների և 18-ից բարձր տարիքի մարզիկների միջև:

19. Հայաստանի Հանրապետությունում կոխի մրցումները սկսել են անցկացվել 1992 թվականից: Ըստ Գեորգի Սահակի Թումանյանի («Կոխ։ Հայկական գոտեմարտ», ուսումնական ձեռնարկ, ք. Երևան, 1957 թ., 108 էջ)՝ սկսած 1932 թվականից՝ Խորհրդային Հայաստանում անցկացվել են հանրապետության առաջնություններ մինչև 1950 թվականը՝ ոչ միատեսակ կանոններով: 1951 թվականից սկսած՝ պարբերաբար մրցումներ կազմակերպվեցին և անցկացվեցին հստակ մշակված ստույգ կանոններով՝ հաստատված իրավասու մարմնի կողմից: Խորհրդային Հայաստանում 1948 թվականից մինչև 1987 թվականը կոխ հայկական ըմբշամարտի պաշտոնապես կազմակերպված և անցկացված մրցումների արձանագրությունները պահպանվում են Հայաստանի Հանրապետության ազգային արխիվում:

20. Հայկական կոխ ըմբշամարտի հանրահայտ ըմբիշներն են՝ Արմենակ Վարդերեսի Յալթիրյանը, Վաղարշակ Տորոպի Մաչկալյանը, Արտաշես Սերգեյի Կարապետյանը, Գեորգի Սահակի Թումանյանը, Խորեն Լուսեղենի Չիբաչյանը, Գեորգի Լուկյանի Բաևը, Բազմասեր Ավագի Գրիգորյանը, Նազար Սարգսի Ալբարյանը, Վարդան Սարգսի Կարապետյանը և ըմբշամարտի շատ ու շատ երախտավորներ:

21. 2015 թվականին ստեղծվել է «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, որը «Հայաստանի «ազգային կոխ» ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության իրավահաջորդն է և կատարում է բարենպաստ աշխատանք կոխ ըմբշամարտ մարզաձևը պահպանելու, զարգացնելու և տարածելու ուղղությամբ Հայաստանի մարզերում, Ջավախքում, Արցախում և հայկական սփյուռքում: Նախատեսվում է նախաձեռնել միջազգային մրցումներ գոտիներով ըմբշամարտ մարզաձևից՝ տարբեր ազգերի ազգային մարզաձևերի ֆեդերացիաների մասնակցությամբ, ինչը կնպաստի բնակչության ֆիզիկական պատրաստականության զարգացմանը, հին ավանդույթների պահպանմանը և տարբեր ազգերի հետ բարեկամական կապերի հաստատմանը: Անհրաժեշտ է նաև մասնակցել այլ երկրներում անցկացվող նման մրցումներին:

 

V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

22. Հայկական կոխ ըմբշամարտի զարգացման համար լուծում են պահանջում առկա շատ խնդիրներ: Խնդիրները հիմնականում պայմանավորված են ազգային արժեքների, այդ թվում՝ ազգային մարզաձևերի հանդեպ հասարակության վերաբերմունքով՝ ինչը իր հերթին պայմանավորված է նոր սոցիալ-տնտեսական իրավիճակով: Չկան մրցումների անցկացման, մրցավարական կանոնների և մարզաձևն ուսուցանելու ծրագրեր, չկա անհրաժեշտ նյութատեխնիկական բազա: Հաշվի առնելով, որ չկան նաև կոխ ըմբշամարտի մարզչական կադրեր, անհրաժեշտություն կա ձևավորելու մասնագետների պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համակարգ: Պետք է վերապատրաստում անցնեն ազատ ոճի և հունա-հռոոմեական ըմբշամարտերի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները: Անհրաժեշտություն կա նաև զանգվածային լրատվամիջոցներով իրականացնելու հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանման, տարածման և զարգացման քարոզչություն:

23. Խնդիրներից է նաև մարզաձևի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների բացակայությունը: Անհրաժեշտ է ավելի սերտացնել համագործակցությունը սպորտի, պաշտպանության, կրթության ու մշակույթի լիազորված պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, քանի որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շատ հիմնախնդիրների լուծումը պայմանավորված է վերոնշյալ մարմինների համատեղ գործողություններով (նրանց լիազորությունների շրջանակում):

24. Հայեցակարգի մշակման հիմնական նպատակը հայկական կոխ ըմբշամարտի զարգացման և արդիականացման համար հեռանկարային երկարաժամկետ և ընթացիկ փոխկապակցված ծրագրերի մշակման ռազմավարության սահմանումն է՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, որոնցից հիմնականներն են՝

1) Հայաստանում ձևավորված հայկական ազգային կոխ ըմբշամարտի ավանդույթների պահպանումը, զարգացումը, մարզաձևի համապատասխանեցումը նոր տնտեսական հարաբերություններին և ժամանակակից պահանջներին.

2) բնակչության առողջության և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացման ապահովումը.

3) անհատի համընդհանուր մարդկային և ազգային արժեքային համակարգի ձևավորումը.

4) հայկական ազգային կոխ ըմբշամարտի պահպանումը, տարածումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում և հայկական սփյուռքում:

25. Հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման, պահպանման և տարածման նպատակը հին արմատներ ունեցող ազգային գեղեցիկ մարզաձևի գոյատևումն ու հետագա սերունդներին փոխանցումը ապահովելն է, ինչը անհրաժեշտություն է, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի որոշումների ի կատար ածումը:

 

VI. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

26. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնախնդիրները՝

1) ազգային մարզաձևերի և պարերի ուսումնասիրումը և ճանաչումը.

2) մանուկների և պատանիների՝ սպորտով զբաղվելու պահանջմունքների ձևավորումն ու զարգացումը.

3) պետական չափորոշիչների մշակումը (մարզական կարգերի շնորհում), նոր ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կազմումը և տարածումը մարզադպրոցներում, հայկական կոխ ըմբշամարտի մրցումների կանոնների հրատարակումը (ընթացքի մեջ է հայկական ազգային կոխ ըմբշամարտի մրցավարական կանոններ, ուսուցանման մեթոդներ ու պատմական ակնարկ պարունակող ուսումնական ձեռնարկի կազմումը, որը նախաձեռնել են Նախարարությունը, Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիան, և իրականացնում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մասնագետները).

4) հայկական ազգային կոխ ըմբշամարտի մարզիչ-մանկավարժական կադրերի առաջնային պատրաստման և վերապատրաստման համակարգի ձևավորումը, մասնավորապես ձյուդոյի, սամբոյի, ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտերի մարզիչների վերապատրաստումը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի համապատասխան ամբիոններում հայկական ազգային կոխ ըմբշամարտի ուսուցանումը.

5) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.

6) Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում և սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման ծրագրերի իրականացմանը և խնդիրների լուծմանն աջակցությունը.

7) նյութատեխնիկական բազայի բարելավման անհրաժեշտությունը:

27. Բազմաթիվ գործոնների և մասնակիցների առկայությունը պահանջում է հիմնախնդիրները լուծել միայն ծրագրանպատակային մոտեցմամբ: Նախարարության կողմից մշակվել է հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի 2017-2020 թվականների զարգացման ծրագիր, որը պետք է կրի շարունակական բնույթ:

28. Անհրաժեշտ է սահմանել ոլորտի իրավական դաշտի կատարելագործման ուղղությունները, միասնական մարզական չափորոշիչների մշակման սկզբունքները, նյութատեխնիկական բազայի բարելավումը, իրականացնել մեթոդական ապահովումը, ապահովել հայկական կոխ ըմբշամարտի կադրային պահանջարկի համալրման նպաստավոր պայմանների ստեղծումը:

29. Հայաստանի Հանրապետությունում, հայկական սփյուռքում, Արցախում և Ջավախքում հայկական կոխ ըմբշամարտի պահպանման, զարգացման և տարածման ծրագրի հիմնական ուղղությունները և իրականացվող միջոցառումներն են՝

1) հայկական ազգային կոխ ըմբշամարտին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի մշակում և հաստատում.

2) հայկական ազգային կոխ ըմբշամարտի կամավոր հիմունքներով ստեղծվող միավորումներին, մարզական ակումբներին, ասոցիացիաներին և այլ կազմակերպություններին աջակցում.

3) հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի մասնագետների պատրաստում, որակավորման բարձրացում, այդ նպատակով ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտերի, սամբոյի և ձյուդոյի մարզիչների վերապատրաստում, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի համապատասխան ամբիոններում հայկական ազգային կոխ ըմբշամարտի ուսուցանում.

4) հայկական ազգային կոխ ըմբշամարտի՝ որպես առողջարարական և հիվանդությունների կանխարգելման միջոցի լայն օգտագործում.

5) զանգվածային լրատվամիջոցներով հայկական ազգային կոխ ըմբշամարտի քարոզում.

6) մանուկների, պատանիների և երիտասարդների միջև հայկական կոխ ըմբշամարտի հանդեպ հետաքրքրության սերմանում.

7) հայկական ազգային կոխ ըմբշամարտի կանոնների կատարելագործում.

8) հայկական ազգային կոխ ըմբշամարտի պարապմունքները մարզագույքով, կահավորված մարզադահլիճներով և բաց հրապարակներով ապահովում.

9) հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման գիտա-մեթոդական և հանրամատչելի գրականության հրատարակում.

10) հայկական ազգային կոխ ըմբշամարտի մարզական միությունների ստեղծում, այդ թվում՝ պետության մասնակցությամբ.

11) հայկական ազգային կոխ ըմբշամարտի առաջնությունների, գավաթի խաղարկությունների և պաշտոնական այլ մրցումների անցկացում.

12) ուսումնական ծրագրով հանրակրթական, արհեստագործական և մասնագիտական ուսումնական հաստատություններում և մարզադպրոցներում հայկական կոխ ըմբշամարտի ուսուցանում.

13) հայկական ազգային կոխ ըմբշամարտի ընդգրկում համահայկական խաղերի ծրագրում.

14) այլ երկրներում զարգացած գոտիներով ըմբշամարտ մարզաձևի միջազգային մրցաշարերին մասնակցություն և Հայաստանի Հանրապետությունում նման մրցաշարերի կազմակերպում.

15) ազգային մշակութային արժեքների նկատմամբ համապատասխան վերաբերմունքի դաստիարակում:

30. Հայկական ազգային կոխ ըմբշամարտի տարածման համար մարզաձևի խնդիրների շարքում անհրաժեշտ է կարևորել դպրոցահասակ երեխաների ներգրավումը հայկական կոխ ըմբշամարտի պարապմունքների մեջ:

31. Դպրոցահասակ երեխաներին զանգվածային կերպով ներգրավելու և կանոնավոր մարզումներ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել հայկական կոխ ըմբշամարտի մարզական ակումբներ, արտադասարանական խմբակներ և մանկապատանեկան մարզադպրոցներում ուսումնամարզական խմբեր, որոնց համար կմշակվեն ուսուցողական ծրագրեր, մեթոդական ձեռնարկներ և մրցումների անցկացման միասնական կանոններ:

32. Հայկական ազգային կոխ ըմբշամարտի հետագա զարգացման, հեռանկարային և ընթացիկ ծրագրերի իրականացման, տեղերում մարզամշակութային միջոցառումների անցկացման և կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվելու են հայկական կոխ ըմբշամարտի մարզային և քաղաքային ֆեդերացիաներ:

33. Հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման ծրագրի կատարողը և պատասխանատուն է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, աջակցողներ և համակատարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայկական ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիան:

 

VII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

34. Մեր պետության քաղաքականությունն ուղղված է մարդու նկատմամբ հոգատարության դրսևորմանը, նրա ֆիզիկական, բարոյական ու հոգևոր զարգացմանը նպաստելուն: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացման, առողջ ապրելակերպի ձևավորման հարցերը ներկայումս հատուկ և մեծ ուշադրության կարիք ունեն:

35. Հայկական ազգային մարզաձևերը, այդ թվում հայկական ազգային կոխ ըմբշամարտը յուրատեսակ միջոց են մարդու առողջության պահպանման և ամրապնդման, անհատի մարդկային և ազգային համընդհանուր արժեքային համակարգի ձևավորման, բարոյա-կամային որակների զարգացման համար:

36. Հայեցակարգը հնարավորություն է ընձեռում զարգացնելու հայկական ավանդական մարզաձևը և վերականգնելու ֆիզիկական դաստիարակության մոռացության տրված ազգային ավանդույթները: Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանումը, տարածումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, սփյուռքում, Ջավախքում և Արցախում հնարավորություն են ընձեռում նշանակալից լումա ներդնելու հայապահպանության և ազգային մշակութային ժառանգության պահպանության քաղաքականության մեջ և թույլ են տալիս մոռացության չմատնել ֆիզիկական դաստիարակության՝ դարեր շարունակ գործող ազգային համակարգը:

37. Հայկական ազգային կոխ ըմբշամարտի գոտեմարտերն ուղեկցվում են մարզաձևին հատուկ ազգային երաժշտությամբ և պարով, իսկ մարզիկները հագնում են հայկական տարազին բնորոշ զարդանախշերով ձևավորված մարզահագուստ: Կոխ ըմբշամարտը՝ որպես ազգային մարզաձև, կոչված է պահպանելու հայ ժողովրդի ազգային նկարագիրը և նպաստելու ազգային ինքնագիտակցության խորացմանն ու ամրապնդմանը:

38. Հայկական ազգային կոխ ըմբշամարտի մրցումների ժամանակ ի հայտ եկած լավագույն մարզիկները կարող են ընդգրկվել ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտերի, սամբոյի և ձյուդոյի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում և շարունակել մասնագիտական առաջխաղացումը:

 

VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

39. Հայեցակարգով առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ այդ լուծումների իրագործմանն ուղղվող ծրագրի (այսուհետ` Ծրագիր) մշակման արդյունքներով: Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են հանդիսանալ պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար կրթության, սպորտի և տարածքային կառավարման ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում՝ ելնելով տվյալ տարիների ծախսային առաջնահերթություններից:

 

IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

40. Հայեցակարգում առաջարկվող լուծումները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությունում, հայկական սփյուռքում, Արցախում և Ջավախքում պահպանելու, տարածելու ու զարգացնելու հայկական ազգային կոխ ըմբշամարտը, իրականացնելու միասնական պետական քաղաքականություն, ինչպես նաև պետության աջակցության միջոցով նպաստելու այդ մարզաձևի համակարգի ստեղծմանը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից չափանիշներին:

41. Հայեցակարգի իրականացման արդյունքում կապահովվի ազգային արժեքների պահպանման, ապագա սերունդներին ավանդույթների փոխանցման գործընթացը ու հասարակության շրջանում կվերականգնվի ազգային արժեքների և ավանդույթների նկատմամբ հարգանքը:

42. Հայկական ազգային կոխ ըմբշամարտի պահպանումը, տարածումն ու զարգացումը կխթանեն մարմնակրթության, ֆիզիկական դաստիարակության և ֆիզիկական պատրաստականության ազգային համակարգի գործունեությունը, կնպաստեն առողջ ապրելակերպի, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման արմատավորմանը, ակտիվ հանգստի քարոզչությանը: