Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 186
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (29.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 186

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԵՎ ԴԻԼԵՐՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՐՍԱՆԵՐ (ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ) ՄՈՒՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաներ (առևտրի կազմակերպիչներ) մուտքի մասին» hամաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ` ներպետական համաձայնեցումն իրականացնելու համար:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2016 թվականի փետրվարի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումն իրականացնելու արդյունքների մասին:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Վ. Խրիստենկո

 

Նախագիծ

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԵՎ ԴԻԼԵՐՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՐՍԱՆԵՐ (ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ) ՄՈՒՏՔԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, Բելառուսի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի, Ղրղզստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեության համար պատշաճ պայմանների ստեղծման նպատակներով,

կիսելով ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու, Միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու ձգտումը, այդ թվում` արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների լիցենզիաների փոխադարձ ճանաչման հիման վրա,

ընդունելով Միության մեկ անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաներ (առևտրի կազմակերպիչներ) մուտքի ապահովման անհրաժեշտությունը,

շահագրգռվածություն ցուցաբերելով անդամ պետությունների առևտրային և ներդրումային համագործակցությունն ամրապնդելու, անդամ պետությունների ֆինանսական շուկաների զարգացումը խթանելու հարցում,

հիմնվելով իրավահավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքների վրա, հաշվի առնելով անդամ պետություններից յուրաքանչյուրի տնտեսական շահերը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«բորսա (առևտրի կազմակերպիչ)»՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) սակարկությունների կազմակերպման ծառայությունների մատուցման գործունեություն՝ այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.

«բրոքեր»՝ արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից հանդիսացող իրավաբանական անձ, որը հաճախորդի հետ կնքած պայմանագրերի հիման վրա իրականացնում է արժեթղթերով և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքներով քաղաքացիաիրավական գործարքների կատարման հետ կապված՝ հաճախորդի (այդ թվում՝ արժեթղթերի տեղաբաշխման ժամանակ արժեթղթերի թողարկողի) հանձնարարությունների կատարման գործունեություն՝ այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.

«դեպոզիտարիա», «կենտրոնական դեպոզիտարիա»՝ իրավաբանական անձ, որն իրավունք ունի իրականացնելու դեպոզիտարային գործունեություն՝ այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

«դեպոզիտարային գործունեություն»՝ արժեթղթերի շուկայում արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման և փոխանցման ծառայությունների տրամադրման գործունեություն.

«դիլեր»՝ արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից հանդիսացող իրավաբանական անձ, որը գործում է այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա և կատարում է արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) առուվաճառքի գործարքներ իր անունից և իր հաշվին.

«բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցելու թույլտվություն»՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից անցկացվող սակարկություններում ուղիղ (անմիջական) մասնակցության հնարավորության ապահովում արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) առուվաճառքի պայմանագրերի կնքման համար՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը).

«քլիրինգային կազմակերպություն»՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է արժեթղթերով և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքներով (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերով) գործարքների մասով փոխադարձ պահանջների և պարտավորությունների սահմանման գործունեություն՝ այդ իրավաբանական անձի գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.

«ազգային հաճախորդ»՝ բրոքերի ծառայություններից օգտվող և բրոքերի գրանցման անդամ պետության ռեզիդենտ հանդիսացող անձ.

«օտարերկրյա անվանատիրոջ դեպո հաշիվ»՝ մեկ անդամ պետության դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) կողմից այլ անդամ պետության այն բրոքերի համար բացվող դեպոզիտարային հաշիվ, որը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի իրականացնելու արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառում և փոխանցում՝ գործելով այլ անձանց շահերից.

«լիազորված մարմին»՝ անդամ պետության պետական մարմին, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, օժտված է բորսաների (առևտրի կազմակերպիչների), բրոքերների, դիլերների, դեպոզիտարիաների (կենտրոնական դեպոզիտարիաների), քլիրինգային կազմակերպությունների գործունեության կարգավորման լիազորություններով (ներառյալ լիցենզավորումը, վերահսկողությունը (հսկողությունը)):

Սույն Համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագրի առարկան մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվության ապահովումն է:

2. Յուրաքանչյուր անդամ պետություն ապահովում է բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվության հնարավորություն այլ անդամ պետությունների դիլերների համար՝ դիլերային գործունեություն իրականացնելու, ինչպես նաև այլ անդամ պետությունների բրոքերների համար՝ ազգային հաճախորդներին և Միության անդամ չհանդիսացող պետությունների հաճախորդ ռեզիդենտներին բրոքերային ծառայություններ մատուցելու համար:

3. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվությունը տրամադրվում է բրոքերի (դիլերի) գրանցման անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա: Նման թույլտվություն տրամադրած բորսան (առևտրի կազմակերպիչը) մշտական ռեժիմով իրականացնում է համապատասխան լիցենզիայի (թույլտվության) առկայության ստուգում:

Բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվությունն այլ անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին բորսայի գրանցման անդամ պետության կողմից տրամադրվում է այդ անդամ պետության կողմից իր բրոքերներին և դիլերներին տրամադրվող պայմաններից ոչ պակաս բարենպաստ պայմաններով:

Բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվության դեպքում բրոքերներին և դիլերներին հնարավորություն է տրվում, այդ թվում՝

սակարկությունների ժամանակ հայտեր ներկայացնել և գործարքներ կնքել (բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջները կատարելու պայմանով).

դառնալ քլիրինգի մասնակիցներ (քլիրինգային կազմակերպության պահանջները կատարելու պայմանով).

ստանալ տեխնիկական մուտք սակարկություններին և քլիրինգին (այդ տեխնիկական մուտքը տրամադրող անձի պահանջները կատարելու պայմանով).

անդամ պետությունների դեպոզիտարիաներում բացել սեփականատիրոջ դեպո հաշիվներ (համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այդպիսի հաշիվների բացման կարգի վերաբերյալ պահանջները կատարելու պայմանով):

4. Իր պետության օրենսդրությանը համապատասխան դեպոզիտարային գործունեություն իրականացնող մեկ անդամ պետության բրոքերն իրավունք ունի օտարերկրյա անվանատիրոջ դեպո հաշիվներ բացելու այլ անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում)՝ այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, եթե այդպիսի հաշվի բացումը նախատեսված է այդ պետությունների օրենսդրությամբ:

Բրոքերը, որի համար բացվել է օտարերկրյա անվանատիրոջ դեպո հաշիվ, պարտավոր է ապահովել դեպոզիտարիաների (անվանատերերի) նկատմամբ՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, որտեղ իր գործունեությունն է իրականացնում բրոքերի համար այդպիսի հաշիվ բացած դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան):

5. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվությունն այլ անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին կարող է տրամադրվել սակարկություններին, դեպոզիտարային և քլիրինգային ծառայություններին հեռահար մուտքի միջոցով:

6. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվությունը տրամադրվում է նրանց կողմից այն անդամ պետության օրենսդրության պահանջների կատարման պայմանով, որտեղ գրանցված է այդ բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ թվում` արժեթղթերի շուկայի կարգավորման (ներառյալ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) շուկայում բրոքերային և դիլերային գործառնությունները կատարելը), ինչպես նաև բորսայական, քլիրինգային և դեպոզիտարային գործունեության ոլորտում:

Բրոքերի և դիլերի լիցենզիայի (թույլտվության) ստացման (առկայության) մասով անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջները (այդ թվում՝ նորմատիվները), ինչպես նաև բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանվող պրուդենցիալ վերահսկողության լիցենզիոն պահանջներն ու նորմատիվները չեն տարածվում այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների վրա:

Անդամ պետության օրենսդրությամբ (այդ թվում՝ լիազորված մարմինների կողմից) սահմանված և իր հաճախորդների հետ բրոքերի փոխգործակցության կարգը սահմանող պահանջները չեն տարածվում այլ անդամ պետությունների բրոքերների վրա:

 

Հոդված 3

 

Լիազորված մարմինները անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) միջև փոխգործակցությունն ապահովում են բորսաների (առևտրի կազմակերպիչների) միջև համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակներով լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակումն իրականացվում է «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի hամաձայնագրին համապատասխան:

 

Հոդված 5

 

1. Բորսան (առևտրի կազմակերպիչը) տեղեկացնում է իր պետության լիազորված մարմնին հետևյալ իրադարձությունների և փաստերի մասին`

1) բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվություն.

2) բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվություն ստացած այլ անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին բորսայի (առևտրի կազմակերպչի), կենտրոնական դեպոզիտարիայի և քլիրինգային կազմակերպության կողմից պատասխանատվության ենթարկում.

3) բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին և (կամ) քլիրինգին այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվության կասեցում.

4) խախտումների փաստեր և (կամ) փաստեր, որոնք վկայում են հնարավոր խախտումների և այդ խախտումներին այլ անդամ պետությունների բրոքերների ու դիլերների մասնակցության մասին.

5) բորսայի (առևտրի կազմակերպչի) և դրա գրանցման անդամ պետության լիազորված մարմնի հայեցողությամբ այլ իրադարձություններ և փաստեր:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ տեղեկությունների փոխանցման ձևաչափը, բովանդակությունը, ծավալը, ժամկետները և ընթացակարգը սահմանվում են բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերում նշված տեղեկություններն ստացած լիազորված մարմինն իրականացնում է այդ տեղեկությունների փոխանցումը բրոքերների և դիլերների գրանցման անդամ պետության լիազորված մարմիններին:

4. Սույն հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկություններն ստացած լիազորված մարմինն իրականացնում է այդ տեղեկությունների փոխանցումն այն անդամ պետության լիազորված մարմնին, որի իրավազորության ներքո է գտնվում իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձը, սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածին համապատասխան ստուգում (ուսումնասիրություն) կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև պատշաճ միջոցներ ձեռնարկելու համար:

5. Լիազորված մարմինների կողմից տեղեկությունների՝ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան փոխանցումն իրականացվում է ոչ ուշ, քան այդ տեղեկություններն ստանալու օրվանից 30 օրացուցային օր հետո:

6. Լիազորված մարմիններն իրենց կողմից համապատասխան որոշումների ընդունման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ Ինտերնետ տեղեկատվական-հաղորդակցական ցանցի իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են տեղեկություններ՝

1) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցման վերաբերյալ՝ կասեցման ժամկետի նշմամբ.

2) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի լիցենզիան (թույլտվությունը) չեղյալ համարելու, դրա գործողությունը դադարեցնելու վերաբերյալ՝ լիցենզիան (թույլտվությունը) չեղյալ համարելու, դրա գործողությունը դադարեցնելու օրվա նշմամբ.

3) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի շուկայում առանձին գործառնությունների իրականացման արգելքների կամ սահմանափակումների սահմանման վերաբերյալ՝ արգելքի (սահմանափակման) ժամկետի նշմամբ.

4) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի նկատմամբ կիրառվող այլ միջոցների վերաբերյալ:

 

Հոդված 6

 

1. Լիազորված մարմինը, սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան ստացված տեղեկությունների հիման վրա, ստուգում է իրականացնում և անհրաժեշտության դեպքում կազմակերպում է այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների, լիազորված մարմնի անդամ պետության տարածքում գրանցված բորսայի (առևտրի կազմակերպչի) գործունեության ուսումնասիրություն:

2. Լիազորված մարմիններն իրավունք ունեն սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում կազմակերպելու բրոքերների, դիլերների, բորսաների (առևտրի կազմակերպիչների), քլիրինգային կազմակերպությունների և դեպոզիտարիաների (կենտրոնական դեպոզիտարիաների) գործունեության համատեղ ստուգումներ (ուսումնասիրություններ):

Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ստուգումը (ուսումնասիրությունը) կարող է անցկացվել բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման (ուսումնասիրության) անցկացման իրավունքով օժտված մարմնի) հետ համատեղ:

Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան ստուգումը (ուսումնասիրությունը) կարող է անցկացվել բրոքերի (դիլերի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման (ուսումնասիրության) անցկացման իրավունքով օժտված մարմնի) հետ համատեղ:

3. Այն դեպքում, երբ խախտումները (հնարավոր խախտումների մասին վկայող փաստերը) կապված են այլ անդամ պետության բրոքերի և իր հաճախորդի փոխգործակցության կարգի հետ, այդ բրոքերին լիցենզիա (թույլտվություն) տրամադրած լիազորված մարմինը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է այդ բրոքերին պատասխանատվության ենթարկելու միջոցներ:

4. Այն դեպքում, երբ խախտումները (հնարավոր խախտումների մասին վկայող փաստերը) կապված են արժեթղթերի շուկայում բրոքերի (դիլերի) չարաշահումները (մասնավորապես՝ շուկայի մանիպուլյացիան, ինսայդերական տեղեկություններն ոչ իրավաչափ օգտագործելու և այլն) և (կամ) գործարքների մասով հաշվարկների ժամանակ պարտավորությունները չկատարելու հետ, բորսային (առևտրի կազմակերպչին) լիցենզիա (թույլտվություն) տրամադրած անդամ պետության լիազորված մարմինը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է միջոցներ, որոնք ուղղված են այդ բրոքերին (դիլերին) պատասխանատվության ենթարկելուն:

5. Լիազորված մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով չնախատեսված խախտումների (հնարավոր խախտումների մասին վկայող փաստերի) վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում բորսային (առևտրի կազմակերպչին) լիցենզիա (թույլտվություն) տրամադրած անդամ պետության լիազորված մարմինը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է միջոցներ, որոնք ուղղված են համապատասխան բրոքերին (դիլերին) պատասխանատվության ենթարկելուն:

6. Այն դեպքում, երբ ստուգումը (ուսումնասիրությունը) անցկացվել է բրոքերի (դիլերի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման (ուսումնասիրության) իրավունքով օժտված մարմնի) կողմից սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ստացված տեղեկությունների հիման վրա, այդ լիազորված մարմինը (ստուգման (ուսումնասիրության) իրավունքով օժտված մարմինը) ստուգման (ուսումնասիրության) անցկացման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր հետո սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկությունները փոխանցած լիազորված մարմնին տեղեկացնում է դրա արդյունքների մասին:

7. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկությունները փոխանցած լիազորված մարմինը բորսային (առևտրի կազմակերպչին) տեղեկացնում է ստուգման (ուսումնասիրության) արդյունքների մասին: Բորսան (առևտրի կազմակերպիչը) անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է այլ անդամ պետության բրոքերին (դիլերին) պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ:

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը լիազորված մարմինների կողմից ուսումնասիրվում են համատեղ խորհրդակցությունների անցկացման շրջանակներում՝ անհրաժեշտության դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների ներգրավմամբ:

2. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

4. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է _____________ քաղաքում, 2016 թվականի ________ «__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից

Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի կողմից
 

Բելառուսի Հանրապետության
կառավարության կողմից

Բելառուսի Հանրապետության
Ազգային բանկի կողմից
 

Ղազախստանի Հանրապետության
կառավարության կողմից

Ղազախստանի Հանրապետության
Ազգային բանկի կողմից
 

Ղրղզստանի Հանրապետության
կառավարության կողմից

Ղրղզստանի Հանրապետության
Ազգային բանկի կողմից
 

Ռուսաստանի Դաշնության
կ
առավարության կողմից

Ռուսաստանի Դաշնության
Կենտրոնական բանկի կողմից