ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 14 |
քաղ. Սոչի |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի մայիսի 20-ի թիվ 8 կարգադրությունը կատարելու նպատակով՝
1. Ի գիտություն ընդունել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների հետագծելիությունն ապահովելու մեխանիզմ սահմանելու մասին» համաձայնագրի նախագծով (այսուհետ՝ Համաձայնագրի նախագիծ, կցվում է) առաջարկված մոտեցումները:
2. Խնդրել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների կառավարություններին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 1-ը լրամշակել Համաձայնագրի նախագիծը՝ ելնելով հետեւյալից.
2.1. Համաձայնագրի նախագծի պատրաստման նպատակով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետեւյալ իմաստը՝
ա) ապրանքներ՝ Միության մաքսային տարածք ներմուծված եւ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնված գույք.
բ) ապրանքների շրջանառություն՝ Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծում եւ Միության անդամ պետությունների տարածքներում դրանց իրացում.
գ) հետագծելիություն՝ ապրանքների շրջանառության հսկողության նպատակով Համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան ապրանքների հետ իրականացվող գործառնությունների հաշվառումը կազմակերպելու առանձնահատկություններ:
2.2. Համաձայնագրի մոտեցումների (սկզբունքների) հիման վրա պետք է ապահովվի՝
ա) Միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի շրջանակներում տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության հաստատումը.
բ) անձանց կողմից մաքսային եւ հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը:
2.3. Հետագծելիությունն ապահովվում է ապրանքային խմբաքանակի փաստաթղթային նույնականացման հաշվին, ինչպես նաեւ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված դեպքերում՝ ապրանքի կամ դրա փաթեթվածքի վրա նույնականացման հատուկ նշանների կիրառման հաշվին:
2.4. Ապրանքների հետագծելիության մեխանիզմն ընդգրկում է Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները: Միության անդամ պետությունների տարածքներում արտադրվող ապրանքները ենթակա չեն հետագծելիության:
2.5. Ներմուծվող ապրանքների մասով համաձայնագիրը կարգավորում է «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձեւակերպելուց հետո առաջացող իրավահարաբերությունները:
2.6. Ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս ներմուծելու ժամանակ դրանց հետագծելիության շարունակականությունն ապահովելու համար Միության մյուս անդամ պետություններին անհրաժեշտ տեղեկությունների փոխանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից այդ տեղեկությունները տարանցիկ փոխադրման հայտարարագրում ներառելու միջոցով:
2.7 Համաձայնագիրն իրականացնելու նպատակով Կողմերը պետք է ապահովեն ապրանքաուղեկից փաստաթղթերի եւ (կամ) ապրանքների հետագծելիությունն ապահովող այլ գործիքների (օրինակ՝ էլեկտրոնային հաշիվ ապրանքագրերի) էլեկտրոնային ձեւով պարտադիր ձեւակերպման ներդրումը:
2.8. Միության տարբեր անդամ պետությունների ապրանքների հետագծելիության ապահովման ազգային համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով:
2.9. Տեղեկատվական փոխգործակցության ժամանակ Միության այն անդամ պետության լիազորված մարմինը, որի տարածք ապրանքները ներմուծվում են Միության այն անդամ պետության լիազորված մարմնից, որի տարածքից այդ ապրանքները արտահանվում են, առցանց ռեժիմով ստանում է տեղեկատվություն այն գործարքի մասին, որի հիման վրա ապրանքները Միության մեկ անդամ պետության տարածքից տեղափոխվում են Միության մյուս անդամ պետության տարածք:
Միության այն անդամ պետության տարածքում կատարված նախորդ գործարքների մասին տեղեկատվությունը, որի տարածքից ներմուծվում են հետագծելի ապրանքները, առանձին հարցման հիման վրա էլեկտրոնային տեսքով ուղարկվում է Միության այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի տարածք այդ ապրանքները ներմուծվում են:
2.10. Միության անդամ պետությունների կառավարությունները սահմանում են ապրանքների հետագծելիության համար անհրաժեշտ տեղեկությունների ուղարկման համար պատասխանատու լիազորված մարմնին:
2.11. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների հետագծելիությունն ապահովելու մեխանիզմ սահմանելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Միության մաքսային տարածք ներմուծված եւ այդ տարածքում փաստացի գտնվող բոլոր ապրանքները Համաձայնագրով սահմանված կարգով եւ պայմաններով ենթակա են ներառման հետագծելիության համակարգում:
2.12. Համաձայնագրի տեքստում սահմանել ապրանքների հետագծելիությունն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունների սպառիչ ցանկ:
3. Նշել, որ Միության անդամ պետությունները մտադիր են՝
3.1. 2018 թվականի փետրվարի 1-ից սկսել հետագծելիության մեխանիզմի ներդրման պիլոտային նախագծի անցկացումը:
Պիլոտային նախագիծը կտարածվի սահմանափակ քանակությամբ ապրանքային դիրքերի վրա (նվազագույնը 4 նիշերի մակարդակով՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ))՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող ցանկին համապատասխան:
3.2. Հանձնաժողովի խորհրդի որոշմանը համապատասխան՝ 2018 թվականի ընթացքում անցնել մշտական հիմունքներով ապրանքների հետագծելիության մեխանիզմի շահագործմանը՝ ելնելով պիլոտային նախագծի անցկացման արդյունքներից:
Մշտական հիմունքներով հետագծելիության ենթակա ապրանքների ցանկը՝ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշմամբ, սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:
4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |