Կ Ի Ր Ա Ր Կ Մ Ա Ն Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրին կից
2002 թվականի հոկտեմբերի 7-ի` «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետև` Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետև` Կողմեր,
նպատակ ունենալով իրականացնելու Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները,
արտահայտելով ընդհանուր ձգտում` առավել ամբողջապես կարգավորել անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու ընթացքում Կողմերի կրած ծախսերի փոխհատուցման հարցերը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Կիրարկման արձանագրությունը սահմանում է անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հետ կապված ծախսերի փոխհատուցման ընթացքում Կողմերի միջև փոխադարձ հաշվարկների կարգը:
Հոդված 2
Համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման հետ կապված՝ փոխադարձ հաշվարկները կատարվում են ԱՄՆ դոլարով:
Հոդված 3
1. Անչափահասի մշտական բնակության պետության Կողմ պետությունն անչափահասի գտնվելու Կողմ պետությանը փոխհատուցում է անչափահասին իր մշտական բնակության պետություն վերադարձնելու ընթացքում կրած ծախսերը` անչափահասին վերադարձնելու պահին Կողմերի ներկայացուցիչների ստորագրած` անչափահասին վերադարձնելու մասին փաստաթղթերի և հաշվետու ֆինանսական փաստաթղթերի հիման վրա:
2. Անչափահասին իր մշտական բնակության պետություն վերադարձնելու ընթացքում ծախսեր կատարած` անչափահասի գտնվելու Կողմ պետության իրավասու մարմինը անչափահասին մշտական բնակության պետություն վերադարձնելու պահից 15 օրացուցային օրվա ընթացքում անչափահասի մշտական բնակության իրավասու մարմնին ուղարկում է հետևյալ հաշվետու ֆինանսական փաստաթղթերը.
ա) գտնվելու պետության մասնագիտացված հիմնարկներում անչափահասի գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերը,
բ) մշտական բնակության պետություն տեղափոխելիս անչափահասի ճամփորդական փաստաթղթերի պատճենները,
գ) անչափահասին մշտական բնակության պետություն ուղեկցող իրավասու անձանց ճամփորդական փաստաթղթերի պատճենները` ներառյալ վերադարձինը,
դ) անչափահասի մշտական բնակության պետության տարածքում անչափահասին ուղեկցող անձանց` հյուրանոցում (բնակարանում) կամ այլ բնակելի տարածքում կեցության և վճարումների փաստը հաստատող փաստաթղթերի (ֆիսկալ անդորրագրի առկայություն) պատճենները,
ե) անչափահասին ուղեկցող իրավասու անձանց օրապահիկի վճարման ծախսերի մասին տեղեկանք` անչափահասի գտնվելու պետության օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն:
Սույն հոդվածի «բ» և «գ» կետերում նշված ճամփորդական փաստաթղթում ուղեվարձի արժեքի մասին տեղեկության բացակայության դեպքում ուղարկվում է նաև ընտրված տրանսպորտի տեսակի համար ուղեվարձի արժեքի մասին տեղեկանք, որը տրվել է ուղևորման ժամանակահատվածում կանոնավոր փոխադրումներ կատարող տրանսպորտային կազմակերպության (նրա լիազորված գործակալի) կողմից` ուղեվարձի փաստաթղթի (տոմսի) ձեռք բերման ամսաթվով:
3. Կեցության (այդ թվում` ամրագրման ծախսերը) և օրապահիկի ծախսերը փոխհատուցվում են փաստացի ծախսերի չափով` անչափահասի վերադարձի հետ կապված ծախսեր կրած` նրա գտնվելու պետության օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն:
4. Անչափահասի մշտական բնակության պետության ներսում անչափահասին ուղեկցող անձանց ուղեվարձի և բժշկական ապահովագրության ծախսերը փոխհատուցվում են փաստացի ծախսերի չափով:
5. Հաշվետու ֆինանսական փաստաթղթերի հետ միասին անչափահասի գտնվելու պետության իրավասու մարմնի կողմից ներկայացվում է դրամական միջոցների փոխանցման համար բանկային ռեկվիզիտներ պարունակող հաշիվ, ինչպես նաև վերադարձի ենթակա գումարի հաշվարկ:
6. Հաշվարկը ներառում է ծախսերի, կատարած ծախսերը հաստատող փաստաթղթերի անվանումներն ու ռեկվիզիտները` ըստ տողերի, ամեն տողով ծախսերի գումարն այն արտարժույթով, որով դրանք կատարվել են, վերահաշվարկն ԱՄՆ դոլարի փոխարժեքով, վերահաշվարկից հետո ստացված գումարը` ԱՄՆ դոլարով: Ըստ տողերի ԱՄՆ դոլարով ստացված գումարները պետք է գումարվեն և արտացոլվեն «Ընդամենը» գրառմամբ:
7. ԱՄՆ դոլարով վերահաշվարկը կատարվում է այն արտարժույթից, որով արվել են ծախսերը` ազգային արժույթի նկատմամբ արտասահմանյան արժույթի պաշտոնական փոխարժեք սահմանելու և հրապարակելու լիազորությամբ օժտված ազգային մարմնի կողմից` կատարված ծախսերի ամսաթվով սահմանված փոխարժեքի համաձայն:
8. Անչափահասներին վերադարձնելու հետ կապված Կողմերի ծախսերի ներքին ֆինանսավորման կարգն ու պայմանները, դրամական միջոցների փոխանցումների համար հաշվի բացումն ու գործունեությունը սահմանվում են Կողմ պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 4
Անչափահասի մշտական բնակության Կողմ պետության իրավասու մարմինը դրամական փոխանցումները կատարում է հաշվետու ֆինանսական փաստաթղթերը ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում:
Հոդված 5
Կողմերի համաձայնությամբ` սույն Կիրարկման արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կկազմեն դրա անբաժանելի մասը և կձևակերպվեն համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 6
Կողմերի միջև սույն Կիրարկման արձանագրության կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 7
Սույն Կիրարկման արձանագրությունն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին այն ստորագրած Կողմերի երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալուց 30 օր անց: Ներպետական ընթացակարգերն ուշ ավարտած Կողմերի համար Կիրարկման արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու ամսաթվից 30 օր հետո:
Սույն Կիրարկման արձանագրությունը դադարում է գործել Համաձայնագրի հետ միաժամանակ:
Հոդված 8
Սույն Կիրարկման արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Համաձայնագրի մասնակից ցանկացած պետության համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:
Միացող պետության համար սույն Կիրարկման արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Կատարված է Դուշանբե քաղաքում 2015 թվականի հոկտեմբերի 30-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որն էլ սույն Կիրարկման արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության |
Հայաստանի Հանրապետության |
Տաջիկստանի Հանրապետության
|
Բելառուսի Հանրապետության |
Թուրքմենստանի |
Ղազախստանի Հանրապետության |
Ուզբեկստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության |
Ուկրաինայի |
Մոլդովայի Հանրապետության |
Վերապահում
Տաջիկստանի Հանրապետության
«Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրին կից կիրարկման արձանագրության հարցի վերաբերյալ
Սույն Կիրարկման արձանագրության շրջանակներում միջոցառումների ֆինանսավորմանը Տաջիկստանի Հանրապետությունը կմասնակցի՝ հաշվի առնելով հանրապետական բյուջեի ֆինանսական հնարավորությունները այն միջոցների սահմաններում, որոնք նախատեսվում են նախարարություններին ու գերատեսչություններին իրենց գործառույթների իրականացման համար:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 22-ին