Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11578/08
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Incorporation (21.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.01.2016
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2016

Ներմուծեք նկարագրությունը_15382

 

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 11578/08)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

21 հունվարի 2016թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Առաջին բաժանմունք) Պալատը, հանդես գալով հետևյալ կազմով՝

Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]` Նախագահ,

Պաիվի Հիրվելա [Päivi Hirvelä],

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],

Պոլ Մահոնի [Paul Mahoney],

Ալեշ Պեյչալ [Aleš AlesAlesPejchal],

Ռոբերտ Սպանո [Robert Spano],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]` դատավորներ,

և Անդրե Ուամպաշ [Andrռ Wampach]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2015 թվականի դեկտեմբերի 15-ին դռնփակ խորհրդակցությամբ՝

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի տկն Ռեհան Թովմասյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի փետրվարի 13-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 11578/08) հիման վրա:

2. Դիմումատուին, ում իրավաբանական օգնություն է տրամադրվել, ներկայացրել են Երևանում գործող փաստաբաններ պրն Ա. Վարելջյանը և տկն Մ. Հակոբյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։

3. Դիմումատուն պնդել է, որ խախտվել է իր՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։

4. 2010 թվականի սեպտեմբերի 30-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։ Որոշվել է նաև գանգատի ընդունելիության և ըստ էության քննությունն իրականացնել միևնույն ժամանակ (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ)։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1948 թվականին և ապրում է Երևանում: Նա գործազուրկ է և ստանում է պետական նպաստ:

6. 1991 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Մաշտոցի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն որոշել է դիմումատուին բնակարան հատկացնել Երևանում՝ այն շենքում, որը պետք է կառուցվեր «Կանազ» ալյումինի գործարանի (այսուհետ՝ Գործարան) կողմից:

7. Պարզվել է, որ ապագա շենքի հիմքը գցվել է, սակայն, քանի որ Սովետական Միությունը փլուզվել է, շենքի կառուցման աշխատանքները դադարեցվել են։

8. Չպարզված օրը Գործարանը սնանկ է ճանաչվել, և ստեղծվել է լուծարային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)։

9. Պարզվել է, որ 2007 թվականի մայիսի 8-ին դիմումատուն պահանջ է ներկայացրել հանձնաժողովին՝ փորձելով ստանալ բնակարան կամ դրա արժեքին հավասարեցված գումար։

10. 2007 թվականի մայիսի 10-ին հանձնաժողովի նախագահը մերժել է դիմումատուի պահանջն այն հիմնավորմամբ, որ այն շենքը, որի բնակարաններից մեկը պետք է հատկացվեր դիմումատուին, չի կառուցվել՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով։ Նա նշել է, որ Գործարանը շինարարական աշխատանքները կատարել է Սովետական կառավարության ուղղակի ֆինանսական աջակցությամբ, և որ Սովետական Միության փլուզումից հետո Գործարանն ստիպված է եղել դադարեցնել շինարարական աշխատանքները՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով։

11. 2007 թվականի հունիսի 13-ին դիմումատուն, ով դատարանում փաստաբանի կողմից չի ներկայացվել, հայց է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան՝ փորձելով պարտավորեցնել Գործարանին իրեն բնակարան հատկացնել կամ համարժեք հատուցում տրամադրել։

12. 2007 թվականի հուլիսի 19-ին նշված համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է դիմումատուի հայցն այն նույն հիմնավորմամբ, ինչ հանձնաժողովի նախագահը։ Այն նաև գտել է, որ Գործարանը սնանկ է ճանաչվել և, որպես այդպիսին, իրավահաջորդ չուներ։

13. 2007 թվականի հուլիսի 23-ին դիմումատուն, կրկին առանց ներկայացուցչի, վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ վճռի դեմ։

14. 2007 թվականի հոկտեմբերի 15-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը և անփոփոխ թողել նշված համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը։

15. Դիմումատուն Վճռաբեկ դատարան բողոք չի ներկայացրել։ Նա պնդում է, որ չի կարողացել դա անել, քանի որ ի վիճակի չէր այդ դատարանում հավատարմագրված փաստաբան վարձել, որի ծառայությունները թանկ էին։ Նա նաև պնդում է, որ դիմել է բազմաթիվ իրավաբանների՝ խնդրելով Վճռաբեկ դատարան իր բողոքը ներկայացնելու հետ կապված անվճար իրավաբանական ծառայություն մատուցել իրեն։ Այնուամենայնիվ, իր խնդրանքները մերժվել են այն հիմնավորմամբ, որ խնդրո առարկան բնակարան էր, իսկ այդպիսի վեճերի համար իրավաբանական օգնություն չէր տրամադրվում։

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար, տե՛ս Շամոյանն ընդդեմ Հայաստանի [Shamoyan v. Armenia] (թիվ 18499/08, § § 14-18, 2015 թվականի հուլիսի 7) գործով վճիռը։

17. Բացի Սահմանադրական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման վերաբերելի հատվածներից, որոնք արդեն նշվել են վերոնշյալ Շամոյանի գործով վճռում, այդ որոշման մեջ արձանագրված է նաև, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի տրամադրած տեղեկությունների համաձայն, Վճռաբեկ դատարանում հավատարմագրված հանրային չորս պաշտպաններից երկուսն անվճար հիմունքներով կազմել են տասնվեց վճռաբեկ բողոք։ Սահմանադրական դատարանը նշել է, որ Հայաստանի դատարաններում քննվող քրեական և քաղաքացիական բազմաթիվ գործերի պայմաններում` հավատարմագրված փաստաբանների կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունն աննշան է` հաշվի առնելով օրենքում այդպիսի դեպքերի ու կարգի հստակ ամրագրման բացակայությունը, ինչի հետևանքով այդ գործերով զբաղվելը պարզապես կախված է հանրային պաշտպանի գրասենյակի «բարի կամքի» դրսևորումից:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

18. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակներում առ այն, որ խախտվել է արդար դատաքննության իր իրավունքը՝ նշելով, inter alia, որ ինքը չի կարողացել վճռաբեկության կարգով բողոքարկել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռը, քանի որ հնարավորություն չի ունեցել օգտվել Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի ծառայություններից։ Դատարանը գտնում է, որ դիմումատուի բողոքում, ըստ էության, բարձրացված է դատարանի մատչելիության հարց և, հետևաբար, այն պետք է քննվի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի լույսի ներքո, որը, այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ... ունի [որևէ] դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք:»։

 

Ա. Ընդունելիությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

19. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոցները, քանի որ, ընթացակարգային կիրառելի նորմերին համապատասխան, վճռաբեկ բողոք չի ներկայացրել։ [Կառավարությունն] այնուհետև նշել է, որ դիմումատուն չի հիմնավորել, որ երբևէ դիմել է հավատարմագրված փաստաբանի՝ պարզելու, թե արդյոք վերջինս իրեն անվճար հիմունքներով [pro bono] իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեր, թե՝ ոչ, ինչպիսի հնարավորություն նախատեսված էր «Փաստաբանության մասին» օրենքի 6-րդ հոդվածով, և որ իրեն մերժել են։

20. Դիմումատուն վկայակոչել է Սահմանադրական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը, որում, inter alia, նշված է, որ Փաստաբանների պալատի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված հանրային չորս պաշտպաններից միայն երկուսն են անվճար հիմունքներով [pro bono] կազմել տասնվեց վճռաբեկ բողոք։ Դրանում նաև նշված է, որ Հայաստանի դատարաններում քննվող քաղաքացիական և քրեական բազմաթիվ գործերի պայմաններում՝ հավատարմագրված փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնության ապահովման երաշխիքներն աննշան են՝ այդպիսի օգնության տրամադրման հստակ կարգի և դեպքերի բացակայության պարագայում, և այդպիսի օգնության տրամադրումը պարզապես կախված է հանրային պաշտպանի գրասենյակի «բարի կամքի» դրսևորումից:

 

2. Դատարանի գնահատականը

 

21. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ներպետական իրավական պաշտպանության միջոցներն սպառելու կանոնը պահպանելու համար, դիմումատուն պետք է սահմանված կարգով օգտագործի իրավական պաշտպանության այն միջոցները, որոնք հասանելի են և բավարար՝ ենթադրյալ խախտումների մասով հատուցում ստանալու համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 85, Զեկույցներ վճիռների և որոշումների վերաբերյալ [Reports of Judgments and Decisions] 1998‑VIII)։

22. Պետք է սպառվեն իրավական պաշտպանության միայն այն միջոցները, որոնք արդյունավետ են։ Կառավարությունը, որը պնդում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չեն սպառվել, պարտավորվում է Դատարանում ապացուցել, որ այդ միջոցը եղել է արդյունավետ և տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի, այսինքն՝ այն եղել է մատչելի, դրա միջոցով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների մասով հատուցում տրամադրել, և դրանով ընձեռվել է հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն։ Այն ժամանակ, երբ [Կառավարությունը] կատարում է ապացուցման այս պարտականությունը, արդեն դիմումատուն է պարտավորվում ապացուցել, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցն իրականում սպառվել է կամ որոշ պատճառներով, գործի կոնկրետ հանգամանքներում, եղել է ոչ համարժեք և անարդյունավետ, կամ որ առկա են եղել հատուկ հանգամանքներ, որոնք նրան ազատել են այդ պահանջի կատարումից (տե՛ս Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [Kalashnikov v. Russia (dec.)], թիվ 47095/99, ՄԻԵԴ 2001‑XI (քաղվածքներ) և Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի [Melnik v. Ukraine], թիվ 72286/01, § 67, 2006 թվականի մարտի 28)։

23. Դատարանի դիտարկմամբ՝ դիմումատուի վեճի հիմնական առարկան այն է, որ սահմանափակվել է Վճռաբեկ դատարանի մատչելիության իր իրավունքը՝ ընթացակարգային այն պահանջի պատճառով, որ վճռաբեկ բողոք կարող էր ներկայացվել միայն հավատարմագրված փաստաբանի միջոցով, որին նա չէր կարող դիմել՝ ֆինանսական ծանր դրության պատճառով։ Ուստի, իրավական պաշտպանության ներպետական միջոցներն սպառելու հարցը սերտորեն կապված է դիմումատուի բողոքի ըստ էության քննությանն այն առումով, որ նա զրկված է եղել դատարանի մատչելիության իր իրավունքից՝ տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրության պատճառով։ Այսպիսով, Դատարանը գտնում է, որ Կառավարության առարկությունները պետք է միացվեն դիմումատուի՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում ներկայացված բողոքի ըստ էության քննությանը։

24. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտորեն անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

25. Դիմումատուն պնդել է, որ խախտվել է դատարանի մատչելիության իր իրավունքը։ Նա նշել է, որ ընթացակարգային այն պահանջը, որի համաձայն վճռաբեկ բողոք կարելի էր ներկայացնել միայն Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով, Սահմանադրական դատարանը ճանաչել էր հակասահմանադրական, քանի որ այն անհամաչափորեն սահմանափակում էր այդ դատարանի մատչելիության իրավունքը՝ իրավունքների դատական պաշտպանությունը պայմանավորելով դիմողի ֆինանսական հնարավորություններով։

26. Կառավարությունը նշել է, որ դիմումատուին չեն խոչընդոտել Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոք բերելու հարցում, այլ տվյալ ժամանակահատվածում առկա է եղել օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ, որին պետք է հետևեր այդ դատարան դիմել ցանկացող յուրաքանչյուր անձ։ [Կառավարությունը] վիճարկել է, որ բողոք ներկայացնելու ընթացակարգային պահանջներն անհամատեղելի չէին Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքների հետ։ Ավելին, ներպետական օրենսդրությամբ նախատեսված էր փաստաբանի նախաձեռնությամբ անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն։ Կառավարությունը, ի վերջո, պնդել է, որ այն պահանջը, որի համաձայն վճռաբեկ բողոքներ հնարավոր էր ներկայացնել միայն հավատարմագրված փաստաբանների միջոցով, հետապնդել է Վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքների որակական կողմն ապահովելու իրավաչափ նպատակ, և հետագայում վերացվել է՝ համապատասխան ընթացակարգային նորմերի գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած դժվարությունների պատճառով։

 

2. Դատարանի գնահատականը

 

27. Դատարանը վերահաստատում է, որ «դատական պաշտպանության իրավունքը», որի տարրերից մեկը դատարանի մատչելիության իրավունքն է, բացարձակ չէ. այն ենթակա է անուղղակի սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ դրա բնույթը ենթադրում է, որ այն պետք է կարգավորվի պետության կողմից, որն այս առնչությամբ ունի հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ։ Այդուհանդերձ, այդ սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն այնպես կամ այնքանով, որ խաթարվի իրավունքի բուն էությունը. ի վերջո, նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, եթե չհետապնդեն իրավաչափ նպատակ, կամ եթե կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Լևաժ պրեստասիոն սերվիսն ընդդեմ Ֆրանսիայի [Levages Prestations Services v. France], 1996 թվականի հոկտեմբերի 23, § 40, Զեկույցներ վճիռների և որոշումների վերաբերյալ 1996‑V, մեջբերելով Աշինգդանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Ashingdane v. the United Kingdom] գործը, 1985 թվականի մայիսի 28, § 57, ժողովածու Ա, թիվ 93, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության [Tolstoy Miloslavsky v. the United Kingdom], 1995 թվականի հուլիսի 13, § 59, ժողովածու Ա, թիվ 316‑B և Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Stanev v. Bulgaria [GC]], թիվ 36760/06, § 230, ՄԻԵԴ 2012)։

28. Կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտավորեցնում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, այդպիսի դատարանների առկայության դեպքում, 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները պետք է պահպանվեն. օրինակ՝ դատավարության կողմերի համար` իրենց «քաղաքացիական իրավունքներն ու պարտավորությունները» սահմանելու համար պետք է երաշխավորվի դատարանների մատչելիության արդյունավետ իրավունք (տե՛ս վերը նշված Լևաժ պրեստասիոն սերվիսն ընդդեմ Ֆրանսիայի, § 44 և Էյրին ընդդեմ Իռլանդիայի [Airey v. Ireland], 1979 թվականի հոկտեմբերի 9, § 26, ժողովածու Ա, թիվ 32)։ Այնուամենայնիվ, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների առնչությամբ 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման եղանակը պայմանավորված է տվյալ վարույթների առանձնահատկություններով։ Պետք է հաշվի առնել ազգային իրավակարգի շրջանակներում իրականացվող վարույթների ամբողջությունը կամ դրանցում վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների դերը (տե՛ս Մոնելը և Մորիսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Monnell and Morris v. the United Kingdom], 1987 թվականի մարտի 2, § 56, ժողովածու Ա, թիվ 115 և դրանում հիշատակված գործերը. Վերը նշված Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, § 59)։

29. Ավելին, այն պահանջը, որ բողոք բերած անձին Վճռաբեկ դատարանում պետք է ներկայացնի համապատասխան որակավորում ունեցող փաստաբան, համապատասխանում է Գերագույն դատարանի՝ որպես վճռաբեկ բողոքներ քննող բարձրագույն դատական ատյանի առանձնահատկություններին, և սա Եվրոպայի խորհրդի մի քանի անդամ պետությունների իրավական համակարգերի համար ընդհանուր հատկանիշ է (տե՛ս, օրինակ, Սիավկովսկան ընդդեմ Լեհաստանի [Siałkowska SialkowskaSialkowskav. Poland], թիվ 8932/05, § 106, 2007 թվականի մարտի 22, Գիլոուն ընդդեմ Միացյալ Թագավորության [Gillow v. the United Kingdom], 1986 թվականի նոյեմբերի 24, § 69, ժողովածու Ա, թիվ 109)։

30. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ Պայմանավորվող պետությունները պետք է որոշեն, թե ինչպես պետք է կատարեն Կոնվենցիայից բխող՝ արդար դատաքննություն ապահովելու պարտավորությունները։ Այնուամենայնիվ, Դատարանը պետք է համոզվի, որ ներպետական մարմինների կողմից կոնկրետ գործերի շրջանակներում ընտրված մեթոդը համապատասխանում է Կոնվենցիային (տե՛ս վերը նշված Սիավկովսկան ընդդեմ Լեհաստանի գործը, § 107)։

31. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է ընդունելիության և գործի ըստ էության քննության հետ կապված համանման բողոք և նմանատիպ փաստարկներ Շամոյանի գործով (տե՛ս Շամոյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 18499/08, § § 32-39, 2015 թվականի հուլիսի 7), որում մերժել է Կառավարության՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին առարկությունը և գտել, որ իրավաբանական օգնության դիմելու հնարավորության բացակայությունը, հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում գործող ընթացակարգային այն պահանջը, որի համաձայն վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարան կարող էին ներկայացվել միայն հավատարմագրված փաստաբանների միջոցով, անհամաչափորեն սահմանափակում էր դիմումատուի՝ դատարանի արդյունավետ մատչելիության իրավունքը։

32. Դատարանը միևնույն ժամանակ նշում է, որ ի տարբերություն Շամոյանի գործով դիմումատուի՝ սույն գործով դիմումատուն անգամ անձամբ վճռաբեկ բողոք չի ներկայացրել (տե՛ս վերը նշված 15-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, Դատարանի դիտարկմամբ, դիմումատուի վճռաբեկ բողոքը ցանկացած պարագայում չէր ընդունվի քննության՝ տվյալ ժամանակահատվածում գործող օրենքով սահմանված ընթացակարգային պահանջները չպահպանելու հիմքով: Դատարանը չի գտնում, որ այսպիսի հանգամանքներում դիմումատուի վարքագծի առնչությամբ կարող են լինել տարբեր դատողություններ, քանի որ նա անձամբ վճռաբեկ բողոք չի ներկայացրել՝ գիտակցելով, որ այն չի քննվի՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրությունը։ Հետևաբար, Դատարանը որևէ պատճառ չի տեսնում սույն գործի պարագայում շեղվելու վերը նշված Շամոյանի գործով վճռում արված իր եզրահանգումներից։

33. Վերոնշյալից հետևում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Համապատասխանաբար, ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին Կառավարության առարկությունը մերժվում է։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

34. Ի վերջո, դիմումատուն այլ բողոքներ է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակներում։

35. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, և այնքանով, որքանով նշված բողոքների քննությունն իր իրավասության սահմաններում է՝ Դատարանը գտնում է, որ դրանք չեն պարունակում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների որևէ խախտում։ Հետևաբար, գանգատի այդ մասը պետք է մերժվի՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

36. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի հատուցում տրամադրել:»։

 

Ա. Վնասը

 

37. Դիմումատուն, որպես նյութական վնասի հատուցում, պահանջել է իրեն տրամադրել այն բնակարանը, որն իրեն պետք է հատկացվեր Գործարանի կողմից, կամ, որպես այլընտրանք, [տրամադրել] հատուցում՝ 25,000,000 ՀՀ դրամի (մոտավորապես` 45,550 եվրո) չափով։ Նա նշել է, որ իրեն բնակարան հատկացնելու կամ դրան համարժեք հատուցում տրամադրելու իր պահանջը դատարանների կողմից չբավարարվելու հետևանքով, ինքը կրել է ծանր հոգեկան տառապանք, իսկ ոչ նյութական վնասի հատուցման չափը թողել է Դատարանի հայեցողությանը։

38. Կառավարությունը պնդել է, որ նյութական և ոչ նյութական վնասի հատուցման դիմումատուի պահանջները որևէ կապ չունեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ենթադրյալ խախտման հետ և, հետևաբար, պետք է մերժվեն։

39. Դատարանը պատճառական որևէ կապ չի տեսնում դատարանի մատչելիության իրավունքի խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև։ Հետևաբար, այս մասով հատուցում տրամադրելու համար որևէ հիմնավորում չկա: Դատարանն ընդունում է, որ դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս, ինչպիսիք են հոգեկան տառապանքը և հուսալքությունը, որոնք առաջացել են Վերաքննիչ դատարանի՝ իր համար անբարենպաստ որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու անհնարինության հետևանքով, և այդ վնասը որևէ կերպ չի հատուցվում Կոնվենցիայի խախտման արձանագրմամբ։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին այս հիմքով շնորհում է 3,600 եվրո։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

40. Դիմումատուն նաև պահանջել է 850 եվրո՝ որպես Դատարանում կրած դատական ծախսերի հատուցում։ Նա ներկայացրել է իրավաբանական ծառայությունների մատուցման նախնական պայմանագիր, որով նա պարտավորվում էր վճարել այս գումարը միայն այն դեպքում, եթե Դատարանն իր օգտին որոշում կայացներ և իրեն արդարացի հատուցում շնորհեր։

41. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն իր պահանջած դատական ծախսերն իրականում չի կրել, քանի որ իր փաստաբաններին վճարում կատարելու որևէ ապացույց չի ներկայացրել: Կառավարությունը պնդել է, որ այս մասով ծառայությունների մատուցման նախնական պայմանագիրը չի կարող դիտարկվել որպես պատշաճ փաստաթղթային ապացույց՝ դիմումատուի պահանջների կատարման համար, քանի որ նա չի ապացուցել, որ պայմանագիրը փաստացի կնքվել է նախնական պարտավորություններն ստանձնելուց հետո, որոնցից նա օրենքով կարող էր հրաժարվել։

42. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք ունի այնքանով, որքանով հաստատվել է, որ նա դրանք իրականում և անհրաժեշտաբար կրել է, և որ դրանց չափը եղել է ողջամիտ։ Տվյալ գործի պարագայում Դատարանը չի գտնում, որ անհրաժեշտ է քննել, թե արդյոք դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթային ապացույցը կարող է դիտարկվել որպես պատշաճ ապացույց՝ դատական ծախսերի մասով ներկայացված պահանջները հիմնավորելու համար, քանի որ ցանկացած պարագայում դիմումատուն արդեն իսկ ստացել է պահանջված չափով իրավաբանական օգնություն։ Հետևաբար, Դատարանը մերժում է դիմումատուի՝ ծախսերի և ծախքերի հատուցման պահանջը։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

43. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Միացնում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը դիմումատուի բողոքի ըստ էությանը քննությանը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, և մերժում այն.

2. Հայտարարում է Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելու մասին բողոքն ընդունելի, իսկ դիմումի մնացած մասը՝ անընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

4. Վճռում է, որ

ա) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վճիռը վերջնական դառնալու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում, պատասխանող պետությունը պետք է դիմումատուին վճարի 3,600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է փոխարկվի Հայաստանի Հանրապետության դրամով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ ավելացրած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է վճարվի վերոնշյալ գումարի պարզ տոկոս՝ պարտավորությունները չկատարելու ժամանակահատվածում, Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային միավոր.

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի հունվարի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Անդրե Ուամպաշ

Քարտուղարի տեղակալ

Միրյանա Լազարովա Տրայկովսկա

Նախագահ