Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Incorporation (22.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.03.2007
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2007
 

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՍՏԱՐՈՇՉԻԿՆ ԸՆԴԴԵՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

2007թ. մարտի 22-ի վճիռը

 

CASE OF STAROSZCZYK v. POLAND

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

ՓԱՍՏԵՐ
 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

10. Դիմողները ծնվել են համապատասխանաբար 1932 և 1933 թվականներին և ապրում են Պրուշկովում:

11. Դիմողները Վարշավայի մերձակայքում գտնվող Պրուշկով վայրում ունեին հողամաս: 1982 թվականին տեղական իշխանությունները դիմողներին տեղեկացրել էին, որ համաձայն տեղի գոտիավորման նախագծի` համաձայն նրանց հողատարածքը ենթակա է օտարման, քանի որ ծրագրված է բնակելի շինություններ կառուցել այդ վայրում:

12. Դիմողները Պրուշկովի քաղաքային խորհրդին խնդրել էին իրենց փոխհատուցում տրամադրել մեկ այլ հողամասի տեսքով: Նրանց որդին էլ դիմում էր ներկայացրել` իրեն հողամաս հատկացնելու խնդրանքով: 1986թ. մայիսի 16-ին Պրուշկովի քաղաքային խորհուրդը դիմողներին նամակով հայտնել էր, որ իրենց խնդրանքը չի կարող բավարարվել: 1987թ. ապրիլի 22-ին դիմողների որդին տեղեկացվել էր, որ Պրուշկով համայնքի տարածքում հողամաս հատկացնելու մասին իր դիմումը դրական լուծում է ստացել Սոցիալական խորհրդի կողմից (Komisja Społeczna), սակայն դրան ընթացք կարող է տրվել իր ծնողների հողամասի օտարումից հետո: Օտարման գործընթացն սկսվել էր 1987 թվականին: Իրենց նամակներում տեղական իշխանությունները հաստատել էին, որ դիմողների հողատարածքի օտարումից հետո նրանց որդու` Պրուշկով համայնքում հողատարածք հատկացնելու խնդրանքի բավարարումը հնարավոր կլինի:

13. Ի վերջո, դիմողների հողը չէր օտարվել. դիմողները համաձայնել էին առուծախի պայմանագիր կնքել: 1987թ. դեկտեմբերի 8-ին նրանք իրենց հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել էին Պետական գանձապետարանին` ի դեմս Պրուշկովի քաղաքային խորհրդի: Նրանց համապատասխան գումար էր վճարվել:

14. Առուծախից հետո նրանք բազմիցս դիմումներ էին ներկայացրել համայնքի տարածքում իրենց շինարարության համար հող հատկացնելու վերաբերյալ, սակայն հողահատկացման ուղղությամբ որևէ քայլ չէր ձեռնարկվել և որևէ որոշում չէր կայացվել:

15. 1990 թվականին Քաղաքային խորհուրդը դիմողների որդուն տեղեկացրել էր, որ համայնքի տարածքում հողամասերի հատկացումն իրականացվել է օրենքի և գործընթացի թափանցիկության սկզբունքների խախտումներով: Հետևաբար, ամբողջ գործընթացը պետք է վերանայվեր:

16. 1991թ. նոյեմբերի 26-ին դիմողները հայց էին ներկայացրել Պետական գանձապետարանի դեմ` ի դեմս Պրուշկովի քաղաքային խորհրդի: Նրանք Պրուշկովի շրջանային դատարանին խնդրել էին «պարտավորեցնել Պրուշկովի քաղաքային խորհրդին` հանձնառության համաձայն իրենց որդուն հողամաս հատկացնել»: Պրուշկովի շրջանային դատարանը գործն ուղարկել էր Վարշավայի մարզային դատարան, որը մերժել էր պահանջը` հիմնավորելով, որ օտարումների և որպես փոխհատուցում հողամասեր հատկացնելու հարցերով միայն վարչական իշխանություններն իրավասություն ունեն: Վերաքննիչ դատարանը 1993թ. փետրվարի 10-ին անփոփոխ էր թողել այդ որոշումը:

17. 1993թ. օգոստոսի 26-ին դիմողը բողոք-նամակ էր հղել Արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարությունը նամակն ուղարկել էր Վարշավայի մարզային դատարան (ուղարկելու օրը հայտնի չէ): Դատարանն ընդունել էր, որ դիմողների գործողությունները պետք է մեկնաբանվեին որպես 1987թ. դեկտեմբերի 8-ին Պրուշկովի քաղաքային խորհրդի հետ կնքված առուծախի պայմանագիրը չեղյալ հայտարարելուն ուղղված գործողություններ, քանի որ նրանք այդ պայմանագրի կնքման քայլին էին դիմել` սխալմամբ կարծելով, թե Քաղաքային խորհուրդը համարժեք հողամասի տեսքով փոխհատուցում կտրամադրի իրենց որդուն: 1993թ. դեկտեմբերի 15-ին Վարշավայի մարզային դատարանը որոշել էր` քանի որ հայցապահանջի չափը կազմում է 10.000.000 լեհական զլոտի (հին նմուշի), քաղաքային դատարանը պետք է քննության առնի գործը: Գործը հանձնվել էր Պրուշկովի շրջանային դատարան: Հետագայում դիմողներն ավելացրել էին հայցապահանջի չափը, և 1994թ. օգոստոսի 18-ին Պրուշկովի շրջանային դատարանը գործը փոխանցել էր Վարշավայի մարզային դատարան: 1994թ. հոկտեմբերի 18-ին գործը վերադարձվել էր Պրուշկովի շրջանային դատարան, որը քննել էր այն: 1996թ. հունիսի 3-ին կայացվել էր առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը բավարարել էր դիմողների պահանջը` գտնելով, որ նրանք իրոք գործել են այն ենթադրությամբ, որ իրենց գույքի առուծախը հանդիսանում է իրենց որդուն նոր հողամաս հատկացնելու նախապայման, և որ այդ ենթադրությունն առաջացրել և հաստատել է Պրուշկովի քաղաքային խորհուրդը:

18. Պետական գանձապետարանը` ի դեմս Պրուշկովի քաղաքային խորհրդի, բողոք էր ներկայացրել: 1997թ. փետրվարի 6-ին Վարշավայի մարզային դատարանը բեկանել էր վճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` վերանայման: Վարշավայի մարզային դատարանը գտել էր, որ առաջին ատյանի դատարանը գործի բոլոր հանգամանքները չէ, որ քննության է առել, և չնայած որ դիմողներն իսկապես գործել էին այն հանձնառության հիման վրա, որ իրենց որդուն հողամաս կհատկացվի, սակայն այդ հանձնառությունն իրագործելու համար ժամկետ չէր սահմանվել: Այդ պատճառով վճիռը կայացնող դատարանին հատկապես հանձնարարվել էր պարզել` դիմողների որդուն դեռևս կարո՞ղ է հողամաս հատկացվել:

19. Վերանայելով գործը` Պրուշկովի շրջանային դատարանը 1998թ. փետրվարի 26-ին մերժել էր դիմողների հայցը: Դատարանը եզրակացրել էր, որ պետությանը դիմողների հողամասի հանձնումն անխուսափելի էր, քանի որ դա նախատեսված էր օտարման նախագծով: Հետևաբար, դիմողները չէին կարող օրինաչափորեն բողոքել, թե իրենք հիմնվել են իրենց որդուն մեկ այլ հողամաս հատկացնելու հանձնառության վրա և այդ պատճառով հարկադրված ստորագրել են պայմանագիրը:

20. Դիմողները բողոքարկել էին:

21. Դիմողները փորձել էին անվճար իրավաբանական օգնություն ստանալ դատավարության ընթացքում (դիմելու օրը չի նշվում): 1998թ. հունիսի 23-ին Լեհաստանի փաստաբանների միությունը դիմողներին նամակով տեղեկացրել էր, որ իրավասու չէ անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, և որ այդ դիմումը պետք է դատարան ներկայացվեր: 1998թ. հունիսի 29-ին դիմողները դիմել էին Պրուշկովի շրջանային դատարան` խնդրելով դատավարության ընթացքում իրենց անվճար իրավաբանական օգնություն տրամադրել: 1998թ. սեպտեմբերի 11-ին դատարանը թույլատրել էր դիմողներին անվճար իրավաբանական օգնության տրամադրումը և 1998թ. սեպտեմբերի 21-ին Վարշավայի փաստաբանական գրասենյակին հանձնարարել էր դիմողների հարցերով զբաղվելու համար փաստաբան նշանակել: Այդ որոշումից հետո` 1998թ. հոկտեմբերի 6-ին, Վարշավայի փաստաբանական գրասենյակը փաստաբան Ա. Զ.-ին նշանակել էր դիմողների ex officio պաշտպան: Փաստաբան Ա.Զ.-ն, ըստ երևույթին, չէր կարողացել ներկայացնել դիմողների շահերը: 1998թ. նոյեմբերի 3-ին Ա.Զ.-ն դատարանին տեղեկացրել էր, որ չի ցանկանում նրանց ներկայացուցիչը լինել: Վարշավայի փաստաբանական գրասենյակն ընդունել էր այդ հանգամանքը և Ա.Զ.-ին ազատել դիմողների շահերը ներկայացնելուց: 1998թ. դեկտեմբերի 3-ին Վարշավայի փաստաբանական գրասենյակը Գ.Պ-Ռ.-ին նշանակել էր դիմողների շահերի պաշտպան: 1998թ. դեկտեմբերի 31-ին Գ.Պ-Ռ.-ն նամակ էր հղել Վարշավայի փաստաբանական գրասենյակ` խնդրելով ազատել իրեն իր պարտականություններից:

22. 1999թ. հունվարի 27-ին դիմողները նամակ էին հղել Պրուշկովի շրջանային դատարանի նախագահին` բողոքելով, որ իրենց իրավաբանական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ դատարանի որոշմանը հակառակ` նշանակված փաստաբաններից որևէ մեկը հետաքրքրություն չէր ցուցաբերել իրենց գործի նկատմամբ: Ի պատասխան` Պրուշկովի շրջանային դատարանի նախագահը դիմողներին առաջարկել էր դիմել ուղղակի Վարշավայի փաստաբանական գրասենյակ: Միևնույն ժամանակ նախագահը Վարշավայի փաստաբանական գրասենյակի ուշադրությանն էր հրավիրել դիմողի խնդիրը: 1999թ. հունվարի 18-ին դիմողները դիմել էին Վարշավայի մարզային դատարան: Նրանք նշել էին, որ իրենց գործը մոտ ժամանակներում երկրորդ անգամ է քննվելու երկրորդ ատյանի դատարանի կողմից, և որ իրենց դրությունն անբարենպաստ է պատասխանողի` Պետական գանձապետարանի համեմատ, որի շահերը փաստաբան էր ներկայացնում:

23. 1999թ. փետրվարի 5-ին Վարշավայի փաստաբանական գրասենյակը փաստաբան Կ.Բ.-ին նշանակել էր դիմողների ներկայացուցիչ: Նա 1999թ. մարտին ծանոթացել էր դիմողների հետ և նրանց շահերը ներկայացրել վերաքննիչ դատարանի` 1999թ. մայիսի 25-ի նիստում: Նույն օրը Վարշավայի մարզային դատարանը վճիռ էր կայացրել` մերժելով դիմողների բողոքը: Դիմողներին դատարանը հայտնել էր, որ կարող են վճռաբեկ բողոք ներկայացնել:

24. Այդ նիստից հետո փաստաբանը դիմողներին խորհուրդ էր տվել քայլեր ձեռնարկել` ձեռք բերելու վճիռը` իր գրավոր հիմնավորումներով:

25. 1999թ. մայիսի 25-ին դիմողները դատարանից անձամբ խնդրել էին իրենց տրամադրել վճիռը` գրավոր հիմնավորմամբ:

26. 1999թ. սեպտեմբերի 23-ին դիմողներին պատշաճ կերպով տրամադրվել էր վճռի պատճենը` գրավոր հիմնավորումներով հանդերձ:

27. Դատարանին ուղղված 1999թ. սեպտեմբերի 30-ի նամակով դիմողները բողոքել էին վճռում առկա սխալների կապակցությամբ: Հետագայում դատարանն ուղղել էր վճռի գրավոր հիմնավորումներում առկա վրիպակները և այն պատվիրված փոստով ուղարկել դիմողներին: Դիմողներն այն չէին վերցրել փոստի գրասենյակից:

28. 1999թ. հոկտեմբերի 23-ին դիմողները պատվիրված նամակ էին ուղարկել փաստաբան Կ.Բ.-ին` խնդրելով հայտնել, թե երբ կարող է խորհրդատվություն տրամադրել կամ զանգահարել իրենց: Այդ նամակին պատասխան չէր տրվել:

29. 1999թ. նոյեմբերի 22-ին դիմողներն օգնության գրավոր խնդրանք էին ներկայացրել Վարշավայի փաստաբանական գրասենյակին: Նրանք բողոքել էին, որ վերաքննիչ դատարանի նիստից հետո չեն կարողացել կապ հաստատել փաստաբան Կ.Բ.-ի հետ:

30. 1999թ. նոյեմբերի 30-ին դիմողները դիմել էին Վարշավայի մարզային դատարանին` հայտնելով, որ իրենց ex officio պաշտպանը հասանելի չի եղել, և իրենք չեն կարողացել ցուցումներ ստանալ: Ի պատասխան` դիմողներին տեղեկացրել էին, որ դատարանի նախագահը ex officio պաշտպանների նկատմամբ վերահսկողական լիազորություններով օժտված չէ, և որ իրենք պետք է դիմեն Վարշավայի փաստաբանական գրասենյակին: Մարզային դատարանի նախագահը նաև հայտնել էր, որ ինքը դատարանի` քաղաքացիների հարցերով բաժնին հանձնարարել էր Վարշավայի փաստաբանական գրասենյակի ուշադրությունը հրավիրել դիմողների ներկայացրած խնդրին:

31. 1999թ. դեկտեմբերի 23-ին դիմողները նամակ էին հղել Վարշավայի փաստաբանական գրասենյակին` բողոքելով, որ փաստաբանն իրենց հետ կապ չի հաստատել, և օգնություն խնդրել իրենց գործի առնչությամբ:

32. 2000թ. հունվարի 5-ին դիմողները մեկ այլ պատվիրված նամակ էին ուղարկել Կ.Բ.-ին` խնդրելով շտապ կապ հաստատել իրենց հետ, քանի որ իր հետ կապ հաստատելն անհնարին է: Նրանք նշել էին, որ իրենք ամիսներ շարունակ ապարդյուն փորձել են կապ հաստատել նրա հետ, քանի որ նա փոխել էր բջջային հեռախոսահամարը, իսկ սովորական հեռախոսազանգին չէր պատասխանել:

33. 2000թ. հունվարի 12-ին 1999թ. մայիսի 23-ի վճիռը պատվիրված նամակով ուղարկվել էր փաստաբանական գրասենյակ: Այն Կ.Բ.-ին հանձնվել էր 2000թ. հունվարի 21-ին:

34. 2000թ. հունվարի 27-ին դիմողները և փաստաբանը հանդիպել էին վերջինիս գրասենյակում: Հանդիպման ժամանակ նրանք տեղեկացել էին, որ իրենց գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հիմքերը բացակայում են:

35. 2000թ. հունվարի 28-ի նամակով դիմողները Վարշավայի մարզային դատարանի նախագահին տեղեկացրել էին 2000թ. հունվարի 27-ի իրենց հանդիպման մասին: Նրանք հայտնել էին, որ Կ.Բ.-ն իրենց է հանձնել վճիռը, տեղեկացրել, որ չկան հիմքեր, որոնցից ելնելով ինքը կարող էր հետագա վճռաբեկ բողոք ներկայացնել, ինչպես նաև առաջարկել էր հայտարարություն ստորագրել, որ իրենք մտադիր են այսուհետ հրաժարվել գործին հետամուտ լինելուց:

36. 2000թ. փետրվարի 15-ին նրանք հերթական նամակն էին հղել Վարշավայի մարզային փաստաբանական միությանը, որով բողոքել էին, որ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանը հանդիպել է իրենց «վարույթը կարճելուց յոթ ամիս անց» և հայտնել, որ հիմքեր չի գտնում գործի հետագա ընթացքն ապահովելու համար:

37. 2000թ. մարտի 1-ին Վարշավայի փաստաբանական գրասենյակի քարտուղարությունը դիմողներին հայտնել էր, որ Կ.Բ.-ն պատասխանել է դիմողների 1999թ. նոյեմբերի 22-ի բողոքում ներկայացված մեղադրանքներին: Համաձայն նրա բացատրությունների` դիմողների գործով վճռաբեկ բողոք բերելու հիմքերը բացակայում էին, ինչի մասին ինքը տեղեկացրել է դիմողներին: Քարտուղարությունը դիմողներին տեղեկացրել էր, որ եթե դիմողների ex officio պաշտպանը վճռաբեկ բողոք բերելու հիմքեր չի գտնում, փաստաբանական գրասենյակն այդ նպատակով չի կարող մեկ այլ փաստաբան նշանակել:

 

II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈւՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ

 

A. Սահմանադրության համապատասխան դրույթները

 

38. Սահմանադրության 45-րդ հոդվածը սահմանում է.

 

«Յուրաքանչյուր ոք պետք է ունենա իրավասու, անկողմնակալ և անկախ դատարանի կողմից իր գործի արդարացի և հրապարակային քննության իրավունք: ...»:

 

39. Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է.

«Կանոնադրության հիման վրա կարող են ստեղծվել հանրային գաղտնիություն պահանջող մասնագիտությունների ոլորտում գործող միավորումներ, և նման միավորումները պետք է այդ մասնագիտության ոլորտում պատշաճ գործունեություն ծավալեն` հանրային շահին համապատասխան և այդ շահը պաշտպանելու նպատակով»:

 

B. Իրավաբանական օգնություն

 

40. Համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի` դատարանը պետք է անհրաժեշտ ցուցումներ տա առանց փաստաբանի հանդես եկող կողմին, մասնավորապես պետք է տեղեկացնի կողմի գործողությունների կամ անգործության հետևանքների մասին:

41. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատավարության կողմը գործով իրավասու դատարանին կարող է խնդրել իրեն ազատել դատական տուրքերից` հայտարարագիր լրացնելով այն մասին, որ պահանջվող տուրքերն էականորեն կվատթարացնեն իր և իր ընտանիքի կենսապայմանները:

42. Օրենսգրքի 117-րդ հոդվածին համապատասխան` դատական տուրքերից ազատված անձինք կարող են իրենց իրավաբանական օգնություն տրամադրելու խնդրանք ներկայացնել: Այդուհետ դատարանը համապատասխան շրջանի փաստաբանական գրասենյակին կամ Իրավախորհրդատուների շրջանային պալատին պետք է խնդրի փաստաբան կամ իրավախորհրդատու նշանակել հայցվորների գործով:

 

C. Վճռաբեկ բողոք

 

43. Խնդրո առարկա ժամանակահատվածում քաղաքացիական դատավարության կողմը կարող էր վճռաբեկ բողոք ներկայացնել Գերագույն դատարան` երկրորդ ատյանի դատարանի այն դատական որոշման դեմ, որի հիման վրա վարույթը կարճվել էր:

44. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3934 հոդվածի 1-ին կետի համաձայն տվյալ որոշումը կայացնող դատարանի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ որոշումը` իր գրավոր հիմնավորումներով, գործով անցնող կողմին հանձնելու պահից մեկ ամսվա ընթացքում: Մերժման ենթակա են այն վճռաբեկ բողոքները, որոնք չեն ներկայացվել փաստաբանի կամ իրավախորհրդատուի կողմից:

45. Օրենսգրքի 3931 հոդվածը խնդրո առարկա ժամանակահատվածում գործող խմբագրությամբ թվարկում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է վճռաբեկ բողոք ներկայացվել: Հոդվածը սահմանում է հետևյալը.

 

«Վճռաբեկ բողոքի հիմքերը հետևյալն են.

1) նյութական իրավունքի խախտումը` այն ոչ ճիշտ մեկնաբանելու կամ սխալ կիրառելու արդյունքում.

2) դատավարական դրույթների խախտումը, եթե այդ թերությունը կարող է էական ազդեցություն ունենալ գործի վերջնական արդյունքի վրա»:

 

46. 3933 հոդվածը սահմանում է վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջները: Հոդվածի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.

 

«1. Վճռաբեկ բողոքը պետք է ներառի.

1) նշում այն մասին, թե որ որոշման դեմ է ներկայացվում բողոքը` զետեղելով նաև նշում այն մասին, թե բողոքը ներկայացվում է ամբողջ որոշմա՞ն, թե՞ դրա մի մասի կապակցությամբ.

2) նշում վճռաբեկ բողոքի հիմքերի մասին.

3) փաստարկներ, որոնք կվկայեն, որ բողոքի քննությունը տեղին է.

4) միջնորդություն բողոքի առարկա որոշումը բեկանելու կամ փոփոխելու վերաբերյալ` նշելով նաև միջնորդության շրջանակը»:

 

47. 3934 հոդվածը սահմանում է հետևյալը.

 

«Երկրորդ ատյանի դատարանը դռնփակ նիստում մերժում է սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված կամ այլ հիմքով անընդունելի վճռաբեկ բողոքը (...):»:

 

48. Գերագույն դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը կարող են հակառակից (a contrario) բխեցվել` ելնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածից, որի համապատասխան մասը խնդրո առարկա ժամանակահատվածում հետևյալ բովանդակությունն ուներ.

 

«1. Գերագույն դատարանը կարող է մերժել վճռաբեկ բողոքի քննությունը, եթե.

i) գործում որևէ նշանակալի իրավական խնդիր առկա չէ.

ii) դատարանի նախադեպային իրավունքի առնչությամբ լուրջ կասկածներ կամ հակասություններ առաջացնող դրույթների մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է.

iii) բողոքն ակնհայտորեն անհիմն է:

2. 1-ին մասը չի կիրառվում, եթե կայացված դատական որոշումն ակնհայտորեն խախտել է օրենքը կամ դատավարությունն ընթացել է օրենքի խախտմամբ»:

 

D. Սահմանադրական դատարանի 2005թ. մարտի 31-ի որոշումը

 

49. 2005թ. մարտի 31-ի իր որոշմամբ Սահմանադրական դատարանը քննել էր մի շարք սահմանադրական բողոքներ, որոնցում դիմողները հիմնավորապես վիճարկում էին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի որոշ դրույթներ, այդ թվում այն կապակցությամբ, որ այդ դրույթները սահմանում էին այն պայմանները, որոնց պետք է համապատասխանեին վճռաբեկ բողոքները:

50. Դատարանը, inter alia, նկատել էր, որ օրենսգրքի 393-րդ հոդվածում և այլուր շարադրված պայմանները, որոնց պետք է համապատասխանեն վճռաբեկ բողոքները («նշանակալի իրավական խնդիր», «դատարանի նախադեպային իրավունքի առնչությամբ լուրջ կասկածներ կամ հակասություններ առաջացնող դրույթներ», «փաստարկներ, որոնք կվկայեն, որ բողոքի քննությունը տեղին է»), խիստ ընդարձակ են: Դատարանը նշել էր, որ դրանց կիրառման դատական պրակտիկայում առաջ են եկել մեկնաբանման լուրջ դժվարություններ, և որոնք հակասություններ են առաջացրել Լեհաստանի դատարանների նախադեպային իրավունքում:

 

E. «Փաստաբանական պալատի մասին» օրենքի համապատասխան դրույթները

 

51. 1982թ. ընդունված «Փաստաբանական պալատի մասին» օրենքի խմբագրված տարբերակի 1-ին հոդվածի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.

 

«1. Փաստաբանական պալատը ստեղծվում է իրավաբանական օգնություն ցուցաբերելու, անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու հարցում համագործակցելու, ինչպես նաև օրենքը ձևավորելու և այն կիրառելու նպատակներով:

2. Փաստաբանական պալատը կազմավորվում է որպես ինքնակառավարվող միավորում:

3. Փաստաբանն իր մասնագիտական պարտականություններն իրականացնելիս ենթակա է միայն օրենքին»:

 

52. Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.

 

«Փաստաբանական պալատի մասնագիտական խորհրդի ընդհանուր խնդիրներն են.

1) Պալատի կանոնադրական խնդիրների իրականացման համար պայմաններ ստեղծելը.

2) Պալատի շահերի ներկայացումը և իրավունքների պաշտպանությունը.

3) մասնագիտական գործունեությունը կարգավորող կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը.

4) փաստաբանների մասնագիտական հմտությունների զարգացումը և ուսուցանումը.

5) մասնագիտական վարքագծի կանոնների սահմանումը, կատարելագործումը և դրանց պահպանման ապահովումը.

6) Պալատի գույքի կառավարումը (...)»:

 

53. Օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.

 

«1. Փաստաբանն իրավաբանական օգնություն տրամադրելը կարող է մերժել միայն էական պատճառներ ունենալու դեպքում, որոնց մասին նա պարտավոր է հայտնել շահագրգիռ կողմին: Իրավաբանական օգնություն տրամադրելու կամ օգնության տրամադրումը մերժելու հարցը պետք է վճռի տեղի Փաստաբանական խորհուրդը, իսկ եթե ժամանակը սուղ է` այդ խորհրդի ավագանու ղեկավարը:

2. Այն դեպքերում, երբ իրավաբանական օգնությունը տրամադրվում է իրավաբանական օգնության վերաբերյալ կանոնակարգերի հիման վրա միայն վստահորդին ներկայացնելու համար, փաստաբանին նշանակած սուբյեկտը կարող է ազատել նրան իրավաբանական օգնություն տրամադրելու պարտականությունից»:

 

54. Օրենքի 21 հոդվածի 3-րդ կետի համաձայն` փաստաբանն իրավաբանական օգնություն պետք է տրամադրի այն դատարանին ընդդատյա տարածքում, որտեղ գտնվում է նրա գրասենյակը:

55. Փաստաբանները պարտավոր են իրենց գործունեությունը ծավալել Փաստաբանների միության կողմից հաստատված մասնագիտական և վարքագծի կանոնագրքերին համապատասխան: Նրանք կարող են Փաստաբանական պալատի կարգապահական դատարանի կողմից պատասխանատվության կանչվել դատավարության ընթացքում անպատշաճ մասնագիտական պահվածքի կամ վարքագծի սկզբունքների խախտման համար:

56. Համաձայն Ազգային փաստաբանական խորհրդի կողմից 1998թ. հոկտեմբերի 10-ին հաստատված վարքագծի կանոնների ընդհանուր մասի 57-րդ հոդվածի` երբ փաստաբանը, անկախ նրանից` նա վարձվել է անհատական հիմունքներով, թե նշանակվել է իրավաբանական օգնության համակարգի շրջանակներում, գտնում է, որ գործով բողոք ներկայացնելու դեպքում հաջողության հասնելու հավանականությունը նվազ է, իսկ վստահորդը համաձայն չէ իր կարծիքին, պետք է ծանուցի պաշտպանի լիազորությունները դադարեցնելու մասին, դադարեցնի շահերի ներկայացումը կամ մերժման մասին ծանուցի իրեն նշանակած մարմնին:

 

F. Գերագույն դատարանի 2000թ. (III CZP 14/00) բանաձևը

 

57. 2000 թվականին Գերագույն դատարանը բանաձև էր ընդունել իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանի կողմից վճռաբեկ բողոք բերելուց հրաժարվելու իրավունք ունենալու կամ չունենալու հարցի առնչությամբ: Բանաձևը հարցին դրական պատասխան էր տվել:

58. Դատարանը նկատել էր, որ իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն առնչվում են ոչ միայն արդարադատության իրականացմանը, այլև մարդու իրավունքներին, մասնավորապես` դատարանի մատչելիության իրավունքին: Այդուհանդերձ, Լեհաստանի օրենսդրությամբ իրավաբանական օգնության խնդիրները համակողմանի և սպառիչ կանոնակարգված չէին:

59. Սոսկ այն փաստը, որ վճռաբեկ բողոքը կարող էին ներկայացնել միայն որակավորում ունեցող ներկայացուցիչները, վիճելի է: Այնուամենայնիվ, հարկ է ուշադրություն դարձնել իրավաբանական օգնության հարցերը կարգավորող դրույթներում առկա որոշակի հայեցակարգային խառնաշփոթին, որի հիմնական պատճառն այն էր, որ օրենսդիրը չէր ներդաշնակեցրել քաղաքացիական և քրեական դատավարությունների համապատասխան օրենսգրքի դրույթները: Մասնավորապես, իրավաբանական օգնության շրջանակները և պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ժամանակ փաստաբանների պարտականություններն ուղղակիորեն արտացոլված չէին քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներում: Դրա պատճառը մասամբ այն էր, որ քաղաքացիական դատավարության վերաբերյալ օրենսդրության նշանակալի մասը գործողության մեջ էր դրվել 1964 թվականին, մինչդեռ վճռաբեկ բողոք ներկայացնելու նպատակով պարտադիր իրավաբանական ներկայացուցչության մասին դրույթներն ուժի մեջ էին մտել 1996 թվականին, երբ ընդունվել էր բողոքի այդ նոր տեսակը:

60. Արդյունքում, քաղաքացիական գործով վարույթի ընթացքում դատավարության կողմին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանի պարտականությունների շրջանակը պարզորոշ չէր: Մասնավորապես, Գերագույն դատարանում վճռաբեկ վարույթի կապակցությամբ իրավաբանական օգնություն ցուցաբերելու` փաստաբանների պարտականության վերաբերյալ դրույթները հստակեցման կարիք ունեին: Դատարանը նշել էր, որ համապատասխան դրույթների կիրառման դատական պրակտիկան մեկնաբանման լուրջ բարդություններ և հակասություններ էին առաջացրել Լեհաստանի դատարանների նախադեպային իրավունքում:

61. Դատարանը նկատել էր, որ իրավաբանական օգնություն ստացած կողմի և վճռաբեկ վարույթի ընթացքում նրա շահերը ներկայացնելու համար նշանակված փաստաբանի կարծիքների միջև հավանական հակասության հարցը գործող օրենսդրությամբ ուղղակիորեն կարգավորված չէ: Այնուհետ դատարանը նշել էր, որ իրավաբանական օգնության հասկացությունը չի կարող ենթադրել, որ փաստաբանը պարզապես պետք է գործի` համաձայն վստահորդի ցանկությունների: Իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանի դերն ավելի շուտ նրանում է, որ նա պարտավոր է իրավաբանական խորհրդատվություն տրամադրել դատավարության կողմին, այդ թվում տվյալ վճռի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի հաջողության հավանականության մասին:

62. Բարձրագույն դատական ատյանի` Գերագույն դատարանի սահմանադրական դերը ևս մի փաստարկ էր հօգուտ այն եզրակացության, որ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանը պարտավոր չէ գործել դատավարության կողմի կամքով և վճռաբեկ բողոք բերել, եթե այդ բողոքը դատապարտված է ձախողման: Կողմի և փաստաբանի միջև անհամաձայնության դեպքում կողմն իրավասու էր «Փաստաբանական պալատի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն բողոք ներկայացնել: Պալատը կարող էր նոր փաստաբան նշանակել, որը կարող էր վճռաբեկ բողոք ներկայացնել` միաժամանակ խնդրելով թույլ տալ բողոքը ներկայացնել սահմանված ժամկետի ավարտից հետո` համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի: Իրականում Գերագույն դատարանի պրակտիկան ևս միանշանակ չէր. որոշ դեպքերում դատարանը մերժել էր նման խնդրանքները, այլ դեպքերում` ընդունել դրանք: Այնուամենայնիվ, դա կողմերին հետ չէր պահել գործողությունների նման ընթացքով շարժվելուց:

 

G. Սահմանված ժամկետի ավարտից հետո բողոք ներկայացնելու թույլտվությունը

 

63. Համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի` դատավարության կողմը կարող է դատավարական միջոցը սահմանված ժամկետի ավարտից հետո իրականացնելու թույլտվություն խնդրել. այդ միջոցը պետք է իրականացվի խնդրանքը ներկայացնելու հետ միաժամանակ:

 

H. Դատական նամակագրության հանձնումը

 

64. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133 հոդվածի 3-րդ կետի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.

 

«3. Եթե գործով նշանակվել է իրավաբանական ներկայացուցիչ կամ կողմի անունից դատական նամակագրությունն ստանալու իրավունք ստացած անձ, ապա դատական նամակագրությունը հանձնվում է այդ անձանց»:

 

65. Համաձայն Գերագույն դատարանի նախադեպային իրավունքի` եթե քաղաքացիական դատավարության կողմը ներկայացված է փաստաբանի միջոցով, ապա Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է դատական որոշումները նրան հանձնելու օրվանից (III CRN 324/72, I UZ, 65/04):

 

III. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՉ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

A. Եվրոպայի իրավաբանական միությունների և փաստաբանական պալատների խորհրդի վարքագծի կանոնագիրք

 

66. Եվրոպայի իրավաբանական միությունների և փաստաբանական պալատների խորհուրդը Եվրամիության տարածքի համար հաստատել է վարքագծի կանոններ:

Դրա 1-ին հոդվածը սահմանում է, որ փաստաբանը պետք է ծառայի արդարադատության, ինչպես նաև վստահորդների իրավունքներին ու ազատություններին, և նրա պարտականությունն է ոչ միայն ներկայացնել վստահորդի գործը, այլև լինել նրա խորհրդատուն:

67. Փաստաբանի գործառույթը, այդպիսով, նրա վրա դնում է տարբեր, հաճախ միմյանց հակասող իրավական և բարոյական պարտավորություններ վստահորդի, դատարանի կամ այլ իշխանությունների նկատմամբ, որոնց առջև նա ներկայացնում է վստահորդի շահերը կամ հանդես է գալիս նրա անունից. փաստաբանի մասնագիտության նկատմամբ` ընդհանուր առմամբ, և այդ մասնագիտությունն ունեցող գործընկերների նկատմամբ` մասնավորապես, հասարակության նկատմամբ, որի համար ազատ և անկախ մասնագիտությունը սահմանափակված է հենց մասնագիտությամբ պայմանավորված կանոններով, կարևոր միջոց է մարդու իրավունքների և պետական իշխանության ու հասարակության այլ շահերի համադրումը երաշխավորելու համար:

68. Կանոնակարգի 3.1.2 հոդվածի համաձայն` փաստաբանն իր վստահորդին խորհրդատվություն տրամադրելիս և նրան ներկայացնելիս պետք է գործի անհապաղ, բարեխղճորեն և ջանասիրաբար:

69. 3.1.4 հոդվածին համապատասխան` փաստաբանը պետք է իրավունք չունենա գործը վարելուց հրաժարվելու իր իրավունքն իրականացնել այնպես կամ այնպիսի հանգամանքներում, որ վստահորդն ի վիճակի չլինի ժամանակին այլ իրավաբանական օգնություն ստանալ` դրանով վնաս պատճառելով հաճախորդին:

 

B. Եվրոպայի խորհրդի հանձնարարականները

 

1. Նախարարների կոմիտեի թիվ R (81) 7 հանձնարարականն անդամ երկրներին` արդարադատության մատչելիությանը նպաստող միջոցառումների վերաբերյալ

 

70. Այս հանձնարարականի համապատասխան մասը նախատեսում է.

 

«4. Դատավարության որևէ կողմի չի կարելի արգելել օգտվել փաստաբանի ծառայություններից: Անհրաժեշտ է խուսափել կողմին որևէ գործով փաստաբանների ոչ անհրաժեշտ բազմության ծառայություններին դիմելուն պարտադրելուց: Այն դեպքերում, երբ, հաշվի առնելով խնդրո առարկա գործի բնույթը, ելնելով արդարադատության մատչելիությունը խթանելու նկատառումներից, նպատակահարմար է, որպեսզի անհատը դատարանում ինքնուրույն ներկայացնի իր գործը, փաստաբանի կողմից ներկայացուցչությունը կարող է լինել ոչ պարտադիր»:

 

2. Նախարարների կոմիտեի թիվ R (93) 1 հանձնարարականն անդամ երկրներին` անվճարունակներին իրավունքի և արդարադատության արդարացի դատաքննության մատչելիության ապահովման վերաբերյալ

 

71. Այս հանձնարարականի համապատասխան մասը նախատեսում է հետևյալը.

 

«Հիշեցնելով, որ, ի լրումն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` օրենքի և արդարադատության մատչելիության իրավունքի, Կոնվենցիայի այլ հոդվածները ևս, մասնավորապես` 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածները, հավասարապես կիրառելի են անվճարունակների համար, նաև Եվրոպայի խորհրդի այլ իրավական փաստաթղթերը, ինչպես, ասենք, Եվրոպական սոցիալական խարտիան:

Նկատի ունենալով, որ սույն հանձնարարականի նպատակն է կատարելագործել առկա իրավական խորհրդատվության և իրավաբանական օգնության համակարգերը, հատկապես անվճարունակների համար, հետևաբար, վերանայել գոյություն ունեցող մեխանիզմը` մարդկանց այլ խմբերում ընդգրկելու առումով, այն մարդկանց, ում համար այդ համակարգերը ձևավորվել են:

Հանձնարարվում է անդամ երկրների կառավարություններին.

1. Խթանել օրենքի մատչելիությունը անվճարունակների համար («օրենքի պաշտպանությունից օգտվելու իրավունքը»).

[...]

b. բարելավել անվճարունակների իրավական խորհրդատվության տրամադրումը.

[...]

3. Խթանել արդարադատության մատչելիությունն անվճարունակների համար, հատկապես հետևյալ միջոցներով.

[...]

c. ճանաչել պաշտպանի պատշաճ ծառայություններից, հնարավորության դեպքում` ընտրության հնարավորությամբ, օգտվելու իրավունքը, որի դիմաց վերջինս համարժեք փոխհատուցում պետք է ստանա.

[...]

e. պարզեցնել անվճարունակներին իրավաբանական օգնություն տրամադրելու ընթացակարգերը, [...]»:

 

3. Նախարարների կոմիտեի թիվ R (2000) 21 հանձնարարականն անդամ երկրներին` փաստաբանի մասնագիտության ազատ իրականացման վերաբերյալ

 

72. Հանձնարարականը, inter alia, նախատեսում է.

 

«Նախարարների կոմիտեն, հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի կանոնադրության 15b հոդվածը, [...]

Ընդգծելով փաստաբանների և մասնագիտական միավորումների հիմնարար դերը, որ վերջիններս ունեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում [...]

Նկատի ունենալով, որ արդարադատության մատչելիությունը կարող է տնտեսապես վատ վիճակում գտնվող անձանցից պահանջել օգտվել փաստաբանների ծառայություններից,

Անդամ երկրների կառավարություններին հանձնարարում է ձեռնարկել կամ, իրադրությունից ելնելով, ամրապնդել բոլոր միջոցները, որ նրանք անհրաժեշտ են համարում սույն հանձնարարականում ներառված սկզբունքներն իրականացնելու համար:

[...]

1. Պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները` փաստաբանի մասնագիտության ազատ իրականացումը հարգելու, պաշտպանելու և խթանելու համար` առանց խտրականության կամ իշխանությունների կամ հանրության ոչ պատշաճ միջամտության, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

[...]

1. Հարկ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` երաշխավորելու համար, որ բոլոր անձինք իրավունք ունեն օգտվելու անկախ փաստաբանների մատուցած ծառայություններից,

2. Փաստաբանները պետք է խրախուսվեն` տնտեսապես վատ վիճակում գտնվող անձանց իրավաբանական ծառայություններ մատուցելու հարցում:

3. Անդամ երկրների կառավարությունները պետք է անհրաժեշտության դեպքում երաշխավորեն արդարադատության մատչելիություն, ապահովեն, որպեսզի տնտեսապես վատ վիճակում գտնվող անձինք հնարավորություն ունենան օգտվելու արդյունավետ իրավաբանական ծառայություններից, մասնավորապես` ազատությունից զրկված անձինք:

4. Փաստաբանների պարտավորություններն իրենց վստահորդների նկատմամբ պետք է տարբերակվեն` կախված այն հանգամանքից թե վճարումն ամբողջությամբ կամ մասամբ կատարվել է հանրային միջոցներից, թե` ոչ»:

 

ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ

 

1. Կոնվենցիայի դրույթներին ratione personae անհամապատասխանությունը

 

73. Կառավարությունը, նախ, վիճարկել էր, որ դիմումը ratione personae չի համապատասխանում Կոնվենցիայի դրույթներին: Սույն գործով դատարաններն ընդունել էին, որ դիմողների շահերը պետք է ներկայացնի իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանը, և գործով նման փաստաբան նշանակվել էր: Վերջինս պատշաճորեն ներկայացրել էր նրանց վերաքննիչ դատարանում: Այդուհանդերձ, դրանից հետո վճռաբեկ բողոք ներկայացնելու առնչությամբ դիմողների և փաստաբանի միջև հնարավոր տարաձայնությունների համար Պետությունը պատասխանատու չէր: Փաստաբանն անդամակցում էր անկախ և ինքնակառավարվող մասնագիտական միավորմանը, որն ընդունել էր վարքագծի իր կանոններն ու կարգապահական կանոնակարգերը: Հանրային իշխանությունները փաստաբանների գործունեության ձևերի նկատմամբ ուղղակի հսկողություն իրականացնելու իրավասություն չեն ունեցել և չէին կարող իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանին պարտադրել վճռաբեկ բողոք ներկայացնել:

74. Պետությունից այդ մասնագիտության անկախությունը ենթադրում է, որ պաշտպանի գործողությունները ենթակա են կարգավորման հիմնականում վստահորդի և նրա պաշտպանի միջև, անկախ նրանից` պաշտպանը նշանակվել է իրավաբանական օգնության համակարգի շրջանակներո՞ւմ, թե վճարումը կատարվել է մասնավոր հիմունքներով, ուստի, որպես այդպիսին, չեն կարող ենթադրել Պետության պատասխանատվությունը Կոնվենցիայի հիման վրա` բացառությամբ առանձնահատուկ դեպքերի: Կառավարությունը հղում էր կատարել նման գործերով Դատարանի նախադեպերին (Artico v. Italy, 1980թ. մայիսի 13-ի վճիռ, Series A no. 37, կետ 18, Daud v. Portugal, 1998թ. ապրիլի 21-ի վճիռ, Reports of Judgments and Decisions 1998‑II, կետ 33): Կառավարությունը կրկնել էր, որ քրեական դատավարության ընթացքում պաշտպան ունենալու իրավունքի համար սահմանված հատուկ երաշխիքները նույն կերպ սահմանված չէին քաղաքացիական դատավարության պարագայում (Skrobol v. Poland (dec.), no. 44165/98, 8 հուլիսի 2003թ.):

75. Դիմողները նշել էին, որ իրավաբան մասնագետներն իրենց գործառույթներն իրականացրել են հանրային շահին համապատասխան և ի պաշտպանություն այդ շահի: Դատարանը պետք է որոշեր քաղաքացիական դատավարության կողմին փաստաբան տրամադրելու անհրաժեշտության հարցը և միայն դատարանը կարող էր փաստաբանին ազատել իր պարտականությունների կատարումից: Հետևաբար, փաստաբանների միությունը պատասխանատու էր արդյունավետ իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթացի միայն տեխնիկական մասի համար, մասնավորապես` այս կամ այն փաստաբանին մակագրելով տվյալ գործը: Հետևաբար, Պետությունը պետք է պատասխանատու համարվի իրավաբանական օգնության հետ կապված գործերով:

76. Դիմողներն այդ կապակցությամբ հղում էին կատարել վերոհիշյալ Daud-ի և Artico-ի գործերով վճիռներին` գործի գնահատման ժամանակ նկատի առնելու համար:

77. Դատարանը նշում է, որ սերտ առնչություն կա Կառավարության նախնական առարկությունների և դիմողների` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա հիմնված վերոհիշյալ բողոքի միջև: Այդ պատճառով դիմումի ընդունելիության վերաբերյալ իր որոշման մեջ Դատարանն այդ առարկությունների ուսումնասիրությունը ներառել է գործի հանգամանքներում (տե՛ս վերը` կետ 8): Դատարանը հաստատում է իր մոտեցումը:

 

2. Պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը

 

78. Կառավարությունն այնուհետև պնդել էր, որ դիմողները չեն սպառել լեհական օրենսդրությամբ սահմանված պաշտպանության ներպետական բոլոր միջոցները, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին կետով:

79. Առաջին. Կառավարությունը հայտնել էր, որ եթե դիմողներին չէր բավարարել պաշտոնապես նշանակված փաստաբաններից ստացած իրավաբանական օգնությունը, «Փաստաբանական պալատի մասին» օրենքի 28-րդ հոդվածի հիման վրա նրանք կարող էին բողոք ներկայացնել Փաստաբանական միություն և խնդրել գործով մեկ այլ փաստաբան նշանակել: Փաստաբանի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելուց հրաժարվելու հիմնավորվածության վերաբերյալ դիմողների կասկածներին համամիտ լինելու դեպքում տեղի Փաստաբանական միությունը պետք է մեկ այլ փաստաբան նշանակեր նրանց ներկայացնելու համար: Եթե անգամ ենթադրվեր, որ այդ նոր փաստաբանը չէր հասցնի օրենքով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնել, վերջինս դա կարող էր անել այդ ժամկետը լրանալուց հետո` միաժամանակ խնդրելով վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացնելու թույլտվություն:

80. Երկրորդ. դիմողները կարող էին Գերագույն դատարանում իրենց ներկայացնելու համար ինքնուրույն փաստաբան ընտրել:

81. Երրորդ. իրենց ընտրած փաստաբանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հաջող արդյունքի դեպքում նրանք կարող էին քաղաքացիական օրենսդրության` քաղաքացիական հայցով հանդես գալու վերաբերյալ դրույթների հիման վրա իրավաբանական օգնությունը տրամադրող փաստաբանից փոխհատուցում պահանջել` վճռաբեկ բողոքը չներկայացնելու արդյունքում իրենց պատճառված վնասի դիմաց:

82. Դիմողները նշել էին, որ «Փաստաբանական պալատի մասին» օրենքի 28-րդ հոդվածն իրենց համար ստեղծված իրադրության հետ որևէ առնչություն չունի: Այդ դրույթը կիրառելի էր միայն այն իրադրություններում, երբ փաստաբանը պարզապես հրաժարվում է իրավաբանական ծառայություն տրամադրելուց: Սույն գործով իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանը չէր հրաժարվել դրանից, քանի որ, համաձայն ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների, իրավաբանական օգնության հասկացությունը չի կարող ենթադրել, որ փաստաբանը պարզապես պետք է գործի վստահորդի ցանկությունների համաձայն: Փաստաբանը դիմողներին ներկայացրել էր վերաքննիչ դատարանում և այնուհետև գտել էր, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու հիմքերը բացակայում են: Այդ գործողությունները չեն կարող բնութագրվել որպես «հրաժարում իրավաբանական ծառայությունների տրամադրումից»:

83. Դիմողներն այնուհետև անհամաձայնություն էին հայտնել Կառավարության այն մոտեցման կապակցությամբ, որ տեղի Փաստաբանական միությանն ուղղված բողոքի բավարարման դեպքում դիմողներին կարող էր տրամադրվել մեկ այլ փաստաբան` սահմանված ժամկետի ավարտից հետո վճռաբեկ բողոք ներկայացնելու նպատակով` միաժամանակ խնդրելով բողոքը սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացնելու թույլտվություն: Դիմողներն այդ կապակցությամբ հիշատակել էին 2000թ. մարտի 1-ի նամակը, որով տեղի Փաստաբանական միությունը հայտնել էր, որ եթե ex officio պաշտպանը հիմքեր չի գտնում վճռաբեկ բողոք ներկայացնելու համար, ապա Փաստաբանական միությունը նույն նպատակով այլ փաստաբան չի նշանակի:

84. Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք ներկայացնելուց հրաժարված փաստաբանից քաղաքացիական դատավարության կարգով փոխհատուցում պահանջելու վերաբերյալ Կառավարության փաստարկներին, դիմողները նշել էին, որ ներպետական դատարաններում նման պահանջների բավարարման դեպքեր չեն արձանագրվել:

85. Դատարանը նշում է, որ սերտ առնչություն կա Կառավարության նախնական առարկությունների և դիմողների` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա հիմնված վերոհիշյալ բողոքի միջև: Այդ պատճառով դիմումի ընդունելիության վերաբերյալ իր որոշման մեջ Դատարանն այդ առարկությունների ուսումնասիրությունը ներառեց գործի հանգամանքներում (տե՛ս վերը` կետ 8): Դատարանը վերահաստատում է իր մոտեցումը:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈւՄ

 

86. Դիմողները բողոքել էին Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետի հիման վրա` նշելով, որ իրենց գործով դատավարություններն արդար չեն եղել, իսկ իրենք զրկված են եղել դատարանի մատչելիության հնարավորությունից:

Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետի համապատասխան մասը սահմանում է.

 

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա ... իրավունքներն ու պարտականությունները ..., ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք»:

 

1. Կողմերի դիրքորոշումները

 

87. Դատարանն ամենից առաջ հիշեցրել էր, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, որոնք, ըստ էության, թույլատրելի են, քանզի մատչելիության իրավունքն ինքնին ենթադրում է կարգավորում Պետության կողմից: Այս առումով Մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի շրջանակով (Osman v. the United Kingdom, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, Reports of Judgments and Decisions 1998‑VIII, կետ 147):

88. Կառավարությունը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանի վճիռն անձամբ դիմողներին էր հանձնվել 1999թ. սեպտեմբերի 23-ին: Այդուհանդերձ, ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համաձայն` վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետի հաշվարկը չէր սկսվել այդ օրվանից: Այն դեպքերում, երբ կողմի շահերը փաստաբանն է ներկայացնում, վճռի հանձնումը կողմին որևէ իրավական հետևանք չի առաջացնում: Միայն փաստաբանին վճիռը հանձնելուց հետո ժամկետի հաշվարկը կարող է սկսվել:

89. Կառավարությունն այնուհետև պնդել էր, որ դատարանը վճիռը փաստաբանին հանձնել էր այն դիմողներին արդեն իսկ հանձնած լինելուց հետո: Փաստաբանն այն պատվիրված փոստով ստացել էր 2000թ. հունվարի 21-ին: Միայն դրանից հետո է սկսվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3934 հոդվածով սահմանված ժամկետի հաշվարկը: Այդպիսով, 2000թ. հունվարի 27-ին, երբ դիմողները հանդիպել էին փաստաբանին, և վերջինս մերժել էր բողոք ներկայացնել, ժամկետի հաշվարկը շարունակում էր ընթանալ: Այնուհետև դիմողները քսանչորս օր ունեին Գերագույն դատարան իրենց բողոքը ներկայացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

90. Կառավարությունը պնդել էր, որ դիմողներն իրենց գործով գործուն հետևողականություն չեն ցուցաբերել: Փաստը, որ նրանց շահերը ներկայացնելու համար իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբան էր նշանակվել, դիմողներին չէր ազատել պատշաճ հետևողականություն դրսևորելու պարտավորությունից, որը պարտադիր է քաղաքացիական դատավարության բոլոր կողմերի համար: Սույն գործով նրանք իրենց փաստաբանին տեղեկացրել էին երկրորդ ատյանի դատարանի վճիռն ստանալու մասին. նրանք փաստաբանին իրենց վերաբերող վճռի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու գրավոր խնդրանք չէին ներկայացրել և դատարանի գրասենյակից չէին ճշտել` վճիռը փաստաբանին հանձնվե՞լ է, արդյոք:

91. Ամեն դեպքում, նախքան 2000թ. հունվարի 21-ը` վճիռը փաստաբանին հանձնելու օրը, պաշտպանը վճռաբեկ բողոք ներկայացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու խնդիր չի ունեցել: Միայն այդ օրվանից սկսած է խնդրո առարկա դարձել վճռաբեկ բողոք ներկայացնելու հիմքերի առկայության հարցը: Ուստի մինչև 2000թ. հունվարի 21-ի վերաբերյալ չէր կարող ասվել, որ փաստաբանն անփութություն է ցուցաբերել դիմողների գործի առումով:

92. Նմանապես, 2000թ. հունվարի 27-ին դիմողները որևէ քայլ չէին ձեռնարկել գործով վճռաբեկ բողոք բերելու ուղղությամբ, չնայած այն փաստին, որ նրանք դեռևս քսանչորս օր ունեին դրա համար: Միայն 2000թ. փետրվարի 15-ին իրենց փաստաբանի գործողությունների մասին նրանք բողոքել էին Վարշավայի մարզային փաստաբանական գրասենյակին, սակայն վերջինից չէին պահանջել գործով մեկ այլ փաստաբան նշանակել, ինչպես նախատեսված է «Փաստաբանական պալատի մասին» օրենքի 28-րդ հոդվածով:

93. Դիմողներն ընդունել էին, որ Կոնվենցիայով սահմանված չէ պարտավորություն` քաղաքացիական վեճերի (վիճարկումների) ժամանակ իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ, իսկ Դատարանի նախադեպային իրավունքը հստակ տարանջատում էր 6 հոդվածի 3-րդ կետի (c) շարադրանքը, որը որոշակի պայմանների առկայության դեպքում երաշխավորում էր իրավական օգնություն քրեական դատավարության ընթացքում, և 6 հոդվածի 1-ին կետը, որը հղում էր կատարում իրավական օգնությանը (Del Sol v. France, no. 46800/99, կետ 20, ECHR 2002‑II):

94. Այս համատեքստում, այն միջոցները, որոնցով Պետությունը երաշխավորել էր քաղաքացիական դատարանների մատչելիությունը, դուրս չեն պետության հայեցողության շրջանակից (Golder v. the United Kingdom, 1975թ. փետրվարի 21-ի վճիռ, Series A no. 18, կետեր 26‑36):

95. Այդուհանդերձ, դիմողները հայտնել էին, որ 6 հոդվածի 1-ին կետն իրավաբանական օգնության կարիք ունեցող անձանց տրամադրում է երաշխիքներ ներպետական դատարանների առջև, թեկուզև` ավելի նվազ, քան քրեական գործերով: Իրավաբանական օգնության հարցը պետք է դիտարկել որպես դատարանի մատչելիության իրավունքի բաղադրիչ: Նրանք հիմք էին ընդունել Airey v. Ireland գործով Դատարանի վճիռը (Airey v. Ireland, 1979թ. հոկտեմբերի 9-ի վճիռ, Series A no. 32): Այդ պարտավորությունն իրացնելիս Պետությունը պետք է, բացի դրանից, հետևողականություն ցուցաբերի` այդ անձանց ապահովելով 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքից օգտվելու իրական և արդյունավետ հնարավորություն (R.D. v. Poland, nos. 29692/96 և 34612/97, կետ 44, 18 դեկտեմբերի 2001թ.):

96. Դիմողներն ընդունել էին, որ դատարանի մատչելիության իրավունքը չի ենթադրում իրավական բնույթի հարցերի վերաբերյալ բողոքներ քննելու իրավասություն ունեցող դատարանի մատչելիություն: Այնուամենայնիվ, եթե օրենսդիրը նախընտրում է ստեղծել նման դատարան, ապա այդ դատարանը պետք է հարգի դատավարական արդարությունն իր քննության տակ գտնվող վարույթի ընթացքում: Այս սկզբունքները կիրառելի են նաև այն դատավարությունների դեպքում, որոնցում այդ դատարան դիմելու կողմերի իրավունքը սահմանված է: Լեհաստանի գործող օրենսդրությունն այդ սկզբունքներին բավարար չափով չի անդրադարձել, ինչպես նշվել էր Գերագույն դատարանի 2000թ. սեպտեմբերի 21-ի բանաձևում: Վերջինն այդ բանաձևում նշել էր, որ իրավական օգնության վերաբերյալ դրույթներում առկա է հակասություն հիմնականում այն պատճառով, որ օրենսդիրը չէր ներդաշնակեցրել քաղաքացիական և քրեական դատարավարությունների դրույթները: Դիմողներն ընդգծել էին, որ այդ համակարգային թերություններն իրենց արտացոլումն էին գտել իրենց գործի որոշ հատվածներում:

97. Դիմողները հայտնել էին, որ փաստաբանի կողմից պատշաճ չէր պարտավորեցնել իրենց պահանջել գործի վերաբերյալ կայացված վճռի գրավոր հիմքերը և վճիռն իրենց տրամադրել: Դատավարության ընթացքում կատարվելիք գործողությունների բեռն իրենց վրա էր ընկել, մինչդեռ դրանց մեծ մասը պետք է իրականացներ իրավաբանական օգնությունը տրամադրող փաստաբանը: Բացի դրանից, հետագա դժվարությունները, որոնց դիմողները հանդիպել էին փաստաբանի հետ կապի մեջ մտնելու ընթացքում, ցույց էին տվել, որ իրենց գործով իրավաբանական օգնության հետ կապված գործողությունները բավարար չափով հետևողական չեն: Դիմողները բազմիցս և ապարդյուն փորձել էին հանդիպել նրան:

98. Դիմողները պնդել էին, որ այնքան էլ էական չէ այն հանգամանքը, որ վճիռը փաստաբանին է հանձնվել 2000թ. հունվարի 21-ին: Եթե անգամ ենթադրվեր, որ վճռաբեկ բողոքը ներկայացնելու ժամկետի հաշվարկն սկսվում է այդ պահից (իսկ Կառավարությունն այդպես էլ ենթադրել էր), դրանից չի բխում, որ իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանն ավելի քան ութ ամիս անփութորեն է իրականացրել իր ներկայացուցչական գործողությունները:

99. Դիմողները հայտնել էին, որ 2000թ. հունվարի 27-ի հանդիպման ժամանակ փաստաբանն իրենց ընդամենը տեղեկացրել է, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու հիմքեր չի տեսնում: Միայն 2000թ. փետրվարին էր այդ մերժումը գրավոր ձևակերպում ստացել, այն էլ` ի պատասխան տեղի Փաստաբանական միությանն ուղղված իրենց բողոքի:

100. Դիմողները նշել էին, որ եթե անգամ ընդունվեին Կառավարության պնդումներն առ այն, որ 2000թ. հունվարի 27-ի դրությամբ դիմողները քսանչորս ժամ ունեին վճռաբեկ բողոք ներկայացնելու համար, իրենք փաստաբան վարձելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեին: Հիմնականում այդ պատճառով էր, որ դատարանները նրանց իրավաբանական օգնություն էին տրամադրել: Ներպետական օրենսդրությունում իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելուց հրաժարվելու հարցերը հավուր պատշաճի կարգավորված չլինելու արդյունքում իրենք զրկվել էին իրենց դատավարական իրավիճակը բարելավելու միջոցներից և Գերագույն դատարան բողոք ներկայացնելու արդյունավետ հնարավորությունից:

 

2. Երրորդ կողմերի դիրքորոշումները

 

a) Եվրոպայի իրավաբանական միությունների և փաստաբանական պալատների խորհուրդ

 

101. Եվրոպայի իրավաբանական միությունների և փաստաբանական պալատների խորհուրդը հիշեցրել էր, որ Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետը մարմնավորում է «դատարան դիմելու իրավունքը», ընդ որում` մատչելիության իրավունքը, այսինքն` քաղաքացիական գործերով դատարան հայց ներկայացնելը դրա մի մասն է հանդիսանում (Tinnelly & Sons Ltd and Others and McElduff and Others v. the United Kingdom, 1998թ. հուլիսի 10-ի վճիռ, Reports of Judgments and Decisions 1998‑IV, կետ 72): Որոշ դեպքերում մասնագիտական իրավաբանական օգնության տրամադրումն անհրաժեշտ է եղել` երաշխավորելու համար, որ անձն օգտվում է դատարան դիմելու իրավունքից: Այս պահանջը կարող է բավարարվել իրավաբանական օգնություն տրամադրելու միջոցով: 6 հոդվածի 1-ին կետը երբեմն կարող է Պետությանը հարկադրել փաստաբանի ծառայություններ տրամադրել, եթե այդ օգնությունն անհրաժեշտ է դատարանի արդյունավետ մատչելիությունն ապահովելու համար` թե՛ այն դեպքերում, երբ իրավաբանական ներկայացուցչությունը տրամադրվել է պարտադիր հիմունքներով, ինչպես մի շարք մասնակից պետությունների ներպետական օրենսդրությամբ նախատեսված է տարաբնույթ դատական վեճերի համար, թե՛ դատավարության կամ տվյալ գործի բարդության նկատառումներից ելնելով (Airey v. Ireland, 1979թ. հոկտեմբերի 9-ի վճիռ, Series A թիվ 32, կետ 26):

102. Իրավաբանական օգնության հարցերի խորհրդի կողմից իրավաբանական օգնությունը գործը պատշաճ վարելու համար վճռորոշ համարելու դեպքում դատարանի արդյունավետ մատչելիության իրավունքի տեսակետից կարող էր պահանջվել տրամադրել նման ներկայացուցչություն: Այդպես է եղել այն իրադրությունում, երբ որակյալ փաստաբանները հրաժարվել էին հանդես գալ կողմի անունից (Bertuzzi v. France, թիվ 36378/97, կետեր 27‑2, CEDH 2003‑III):

103. Եվրոպայի իրավաբանական միությունների և փաստաբանական պալատների խորհուրդը` հաշվի առնելով Դատարանի նախադեպերը և իր հաստատած Վարքագծի կանոնագիրքը, ինչպես նաև նկատի ունենալով արդարադատության ղեկավար սկզբունքները` հավատացած էր, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, վրա ընդհանուր պարտավորություն էր դրված` ապահովելու համակարգ, որի շրջանակներում քաղաքացին իրավունք ունենար դատավարության ընթացքում ստանալու իրավաբանական օգնություն և օգտվելու արդյունավետ ներկայացուցչությունից:

104. Խորհուրդն ընդգծել էր, որ արդարադատության մատչելիությունը պետք է համահավասար լինի բոլոր քաղաքացիների համար: Այս սկզբունքը հնարավոր կլինի իրականացնել, եթե միայն երաշխավորվի պաշտպանության ընթացքում միջոցների հավասարությունը: Անշուշտ, միջոցների հավասարության սկզբունքը Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետի իմաստով հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ: Այս պարտավորությունը հատկապես կարևոր է այնպիսի քաղաքացիական գործերում, ինչպիսին սույն գործն է, երբ պատասխանողի դերում հանդես է գալիս պետական մարմինը:

105. Իրավաբանական օգնությունն արդարադատության մատչելիության նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Դատարանն իր նախադեպային իրավունքում սահմանել էր, որ իրավաբանական օգնությունը ծառայում է արդարադատության արդյունավետ մատչելիություն ապահովելու նպատակին: Սուղ ֆինանսական միջոցներ ունեցող քաղաքացիներին ապահովելով իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությամբ` իրավաբանական օգնության հաստատությունները նրանց թույլ են տալիս ստանալու իրավաբանական խորհրդատվություն և ծանոթանալու իրենց համար ստեղծված իրադրությունում կիրառելի իրավական պաշտպանության միջոցներին: Այդ իմաստով իրավաբանական օգնությունը պետք է լինի համարժեք և արդյունավետ:

106. Մասնակից պետություններում առկա էին իրավաբանական օգնության տարբեր համակարգեր: Չնայած իրավաբանական օգնության հաստատություններն էին պատասխանատու բավարար վերջնական արդյունքի, այսինքն` ժամանակին համապատասխան փաստաբան նշանակելու համար, սակայն իրավաբանական օգնության համակարգի արդյունավետությունն ապահովելու վերջնական պարտավորության համար, վերջին հաշվով, Պետությունն էր պատասխանատու: Արդյունավետության այս պահանջը խիստ կարևոր էր, քանի որ իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանը պետք է հարգեր դատավարական պահանջներն այնպես, որպեսզի վստահորդի շահերը լավագույնս ներկայացվեին: Ընդունելով, որ Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխիքներն այն աստիճանի ընդգրկուն չէին, որքան Կոնվենցիայի 6 հոդվածի 3-րդ կետով սահմանվածները` արդար դատաքննության պահանջներից բխում էր, որ իրավաբանական օգնությունը պետք է տրամադրվի նաև քաղաքացիական գործերով:

107. Խորհուրդն այնուհետև նշել էր, որ մի շարք անդամ երկրներում գոյություն ունեն Լեհաստանի գերագույն դատարան ներկայացված վճռաբեկ բողոքի ընթացակարգին նման ընթացակարգեր` քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված տարբեր առանձնահատկություններով: Այն երկրներում, որտեղ բոլոր փաստաբաններն են իրավասու հանդես գալու վճռաբեկ դատարանում, ինչպես և Լեհաստանում, իրավաբանական օգնության հարցերը կարգավորող սկզբունքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել այդ ընթացակարգերի առանձնահատկությունները: Քանի որ վճռաբեկ բողոքների համար, որպես կանոն, սահմանված է առավել ցածր ատյանի դատարանների որոշման օրինականության դատական վերանայման հատուկ իրավական շրջանակ, դրանց ընդունելիության պայմաններն առանձնապես խիստ են: Փաստաբաններն առավելապես կարող են խորհել տվյալ գործով վճռաբեկ դատարանում հաջողության հասնելու հավանականության մասին: Ընտրության նման հնարավորությունը փաստաբանի մասնագիտության անկախության կարևորագույն բաղադրիչներից էր` նկատի ունենալով, որ փաստաբանը պետք է վճռաբեկ դատարան բողոք չներկայացնելու որոշման ազատություն ունենա, եթե գտնում է, որ տվյալ գործով դրա համապատասխան իրավական հիմքերը բացակայում են:

108. Այնուամենայնիվ, իրավաբանական օգնության արդյունավետության սկզբունքից տրամաբանորեն հետևում է, որ իրավաբանական օգնություն ստացողը պետք է առաջին փաստաբանին փոխարինելու նպատակով ողջամիտ ժամկետում իրավաբանական օգնության համար այլ փաստաբան պահանջելու պատշաճ հնարավորություն ունենա` հաշվի առնելով վճռաբեկ վարույթի առանձնահատկությունները: Վճռաբեկ վարույթի հետ կապված սեղմ ժամկետների առումով փաստաբանների նման փոխարինումը որոշ դեպքերում կարող է բարդությունների հանդիպել, սակայն իրավաբանական օգնության համակարգը պետք է նախքան սահմանված ժամկետի լրանալը պաշտպանին փոխարինելու հնարավորություն ընձեռի:

109. Ամփոփելով` Խորհուրդը նշել էր, որ անդամ երկրները պարտավոր են հոգ տանել, որպեսզի իրավաբանական օգնության արդյունավետ մեխանիզմն ապահովի արդարադատության պատշաճ մատչելիության հնարավորություն: Անդամ երկրները պատասխանատու են համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար: Իսկ դատարանը պետք է ըստ յուրաքանչյուր գործի որոշի, թե որքանով է տվյալ դեպքում համակարգն արդյունավետ գործել: Այդուհանդերձ, անդամ երկրները պատասխանատու չեն անկախ փաստաբանական գրասենյակների անունից հանդես եկող փաստաբանների գործողությունների համար: Պետության դերակատարությունը Դատարանը քննում է միայն այն դեպքերում, երբ իրավաբանական օգնության համակարգը չի համապատասխանում արդյունավետության պայմաններին` պարզելու համար, թե արդյոք Պետությունը ձեռնարկել է բոլոր քայլերը` արդարադատության մատչելիությունն ապահովելու համար:

110. Որպեսզի արդարադատության արդյունավետ մատչելիությունը համապատասխանի Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետի պահանջներին, պետք է հավասարակշռված լինեն վստահորդի շահերը ներկայացնելուց փաստաբանի հրաժարվելու և փաստաբանին փոխելու վերաբերյալ փաստաբանական գրասենյակին կամ դատարանին խնդրանք ներկայացնելու դատավարության կողմի հնարավորությունները` լիովին հարգելով իրավաբանական մասնագիտության անկախությունը:

 

b) Լեհաստանի մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամը

 

111. Լեհաստանի մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամը նշել էր, որ իրավաբանական օգնության բացակայությունը քաղաքացիական գործերով կարող է խոչընդոտել վեճերի լուծմանը` ազդելով անձանց քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վրա: Նկատի ունենալով «քաղաքացիական» համարվող գործերի լայն շրջանակը և քաղաքացիների համար դրանց կարևորությունը` քաղաքացիական դատավարության ժամանակ մասնագիտացված իրավաբանական օգնության անհրաժեշտությունն էական է դատարանի մատչելիությունը երաշխավորելու համար: Վճռաբեկ բողոքը պատրաստելուց փաստաբանի հրաժարվելը նշանակալի ազդեցություն էր գործել իրավաբանական օգնության մատչելիության և արդյունքում` դատարան դիմելու իրավունքի վրա:

112. Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, սովորաբար, պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն չի պահանջում: Սակայն վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պահանջվում են փաստաբանի կամ իրավախորհրդատուի ծառայություններ:

113. Չնայած դրան` ex officio փաստաբանը կամ իրավախորհրդատուն օրենքով պարտավոր չէին իրենց հանձնարարված յուրաքանչյուր գործով վճռաբեկ բողոք պատրաստել ու ներկայացնել: Նրանք դրանից հրաժարվել կարող էին երկու դեպքում: Առաջին, համաձայն «Փաստաբանական պալատի մասին» օրենքի 28-րդ հոդվածի` փաստաբանը կարող է ծանուցել պաշտպանի լիազորությունները դադարեցնելու մասին, եթե նա գտնում է, որ «էական հանգամանքների» պատճառով չի կարող ներկայացնել վստահորդի շահերը: Հրաժարվելու մասին նա պարտավոր է տեղեկացնել մարզային փաստաբանական գրասենյակին:

114. Երկրորդ, Փաստաբանի մասնագիտության և կոչման էթիկայի կանոնների 57-րդ հոդվածի համաձայն` փաստաբանը կարող է հրաժարվել վճռաբեկ բողոքը պատրաստելուց, եթե նա կարծում է, որ հաջողության հասնելը հավանական չէ:

115. Վճռաբեկ բողոք ներկայացնելուց փաստաբանի հրաժարվելու վերաբերյալ սկզբունքն ամրագրված է Գերագույն դատարանի 2000թ. սեպտեմբերի 28-ի բանաձևում: Գերագույն դատարանը դրանում նշել էր, որ նման մերժումը կարող է հիմնավորվել միայն «Փաստաբանական պալատի մասին» օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված «էական հանգամանքների» առկայությամբ: Քաղաքացիական գործերով նման մերժումը կարող էր թույլատրել միայն Մարզային փաստաբանական գրասենյակը: Գերագույն դատարանը նաև նշել էր, որ «էական հանգամանքներ» հասկացությունն օրենքով սահմանված չէ: Վերջինս այն կարծիքին էր, որ Փաստաբանի մասնագիտության և կոչման էթիկայի կանոնների 57-րդ հոդվածը կարող է հիմք ծառայել այդ հասկացությունը մեկնաբանելու համար` այնքանով, որքանով այն վերաբերում է պաշտպանության այդ միջոցի հաջողության անհավանականությանը:

116. Հիմնադրամն այնուհետև շեշտել էր, որ խնդրո առարկա ժամանակահատվածում իրավաբանական օգնության տրամադրումը մերժելուն վերաբերող դրույթները հստակ չեն և մեկնաբանման լուրջ բարդություններ են առաջացնում: Մինչև Գերագույն դատարանի 2000թ. բանաձևի ընդունումն այդ կապակցությամբ Գերագույն դատարանի նախադեպերը հակասական էին:

117. Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պետք է իր որոշման մասին ծանուցեր տեղի փաստաբանական գրասենյակին: Այնուամենայնիվ, չկային կանոններ, որոնք մանրամասն կսահմանեին, թե ծանուցման մեջ ինչ տեղեկատվություն կամ հիմքեր պետք է ներկայացվեին: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մեկնաբանություններում ընդգծված էր, որ գործող օրենսդրությամբ իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանի հրաժարման օրինականությունը վերահսկելու հնարավորություն սահմանված չէր: Փաստաբանի հետ համաձայն չլինելու դեպքում վստահորդը կարող էր բողոք ներկայացնել տեղի Փաստաբանական գրասենյակին: Այդուհանդերձ, չկային գործող կանոններ, որոնք կկարգավորեին Փաստաբանական պալատի կողմից նման բողոքների քննության ընթացակարգը: Չկային նաև միջոցներ, որոնք կողմին թույլ կտային պատասխան ստանալ Փաստաբանական պալատի խորհրդից կամ ստանալ մեկ այլ փաստաբանի իրավաբանական օգնությունը` բողոքը նախապատրաստելու համար:

118. Ավելին, վճռաբեկ բողոք ներկայացնելուց հրաժարվելն անհրաժեշտ էր հիմնավորել, մինչդեռ փաստաբանի կողմից արդարացի փոխհատուցում տրամադրելու ձևն ու շրջանակը սահմանող չափանիշներ գոյություն չունեին:

119. Հիմնադրամը եզրակացրել էր, որ համապատասխան կանոնակարգերը, ներառյալ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, չէին երաշխավորել Գերագույն դատարան դիմելու մատչելիությունը` փաստաբանի կողմից վճռաբեկ բողոք պատրաստելուց և ներկայացնելուց կամայականորեն հրաժարվելու արդյունքում: Կողմն իր տրամադրության տակ չէր ունեցել փաստաբանի որոշման օրինականությունը վերանայելու որևէ միջոց կամ ընթացակարգ: Բացի դրանից, վճռաբեկ բողոք ներկայացնելու համար այդ ժամանակ սահմանված երեսնօրյա ժամկետը համեմատաբար կարճ ժամանակահատված էր: Երբ իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանը հրաժարվել էր վճռաբեկ բողոք ներկայացնել, կողմը բավարար ժամանակ չէր ունեցել դատարանին մեկ այլ փաստաբան նշանակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար: Իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբան նշանակելու գործընթացը խիստ երկար էր նոր փաստաբանի համար, որպեսզի վերջինս կարողանար սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնել:

120. Եվ, վերջապես, վիճարկվել էր այն հանգամանքը, որ իրավաբանական օգնության համակարգով իրավաբանական ներկայացուցչության ծախսերը կատարվել էին պետական բյուջեից: Ուստի Պետությունը պետք է առնվազն որոշ հնարավորություն ունենար քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոք ներկայացնելուց փաստաբանի հրաժարվելու դեպքերը վերանայելու համար:

 

3. Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքները

 

a. Պետության ratione personae պատասխանատվությունը` համաձայն Կոնվենցիայի

 

121. Դատարանը նախևառաջ նշում է, որ անդամ երկրները պատասխանատվություն են կրում իրենց մարմինների գործողությունների համար: Մինչդեռ պաշտոնապես նշանակված փաստաբանը չի կարող պետական մարմին համարվել: Պետությունից իրավաբանի մասնագիտության անկախության նկատառումներից ելնելով` գործի վարումը հիմնականում խնդիր է վստահորդի և իր պաշտպանի միջև` անկախ այն հանգամանքից, թե վերջինս նշանակվել է իրավաբանական օգնության կարգո՞վ, թե՞ մասնավոր հիմունքներով, ուստի, Կոնվենցիայի համաձայն, Պետության պատասխանատվության մասին, որպես այդպիսին, խոսք լինել չի կարող (տե՛ս, mutatis mutandis, Artico v. Italy, 1980թ. մայիսի 30-ի վճիռ, Series A no. 37, էջ 18, կետ 36, Daud v. Portugal 1998թ. ապրիլի 21-ի վճիռ, Reports of Judgments and Decisions 1998-II, էջ 749, կետ 38, Tuziński v. Poland (dec), no. 40140/98, 30.03.1999, Rutkowski v. Poland (dec.), no. 45995/99, ECHR 2000‑XI):

122. Այդուհանդերձ, կարող են լինել դեպքեր, երբ Պետությունը չեզոք մնալու փոխարեն պետք է գործողություններ ձեռնարկի, երբ իրավասու իշխանությունների ուշադրությանն իրավաբանական ներկայացուցչության հետ կապված խնդիրներ են ներկայացվում: Գործի հանգամանքներից է կախված իշխանության համապատասխան մարմինների կողմից գործողություններ ձեռնարկելու հարցը (տե՛ս վերոհիշյալ Daud-ի վճիռը, էջ 750, կետեր 40‑42), ինչպես նաև այն, թե ամբողջ դատավարության ընթացքում իրավաբանական ներկայացուցչությունը որքանով կարող է «գործնական ու արդյունավետ» համարվել (տե՛ս, mutatis mutandis, վերոհիշյալ Artico v. Italy գործը, կետ 33, Goddi v. Italy 1984թ. ապրիլի 9-ի վճիռ, Series A no. 76, էջ 11, կետ 27, վերոհիշյալ Rutkowski v. Poland): Կողմին պաշտպան տրամադրելն ինքնին չի երաշխավորում օգնության արդյունավետությունը (Imbrioscia v. Switzerland, 1993թ. նոյեմբերի 24-ի վճիռ, Series A no. 275, կետ 38):

 

b. Դատարանի մատչելիությունը

 

123. Նմանապես Դատարանը կրկնում է, որ անիմաստ կլիներ, եթե 6 հոդվածի 1-ին կետը մանրամասն շարադրեր ընթացող գործի կողմերին տրամադրված երաշխիքները` առանց պաշտպանելու դատարանի մատչելիության իրավունքը, որի միջոցով է հնարավոր լինում փաստացիորեն օգտվել այդ երաշխիքներից: Դատավարությունների արդարացիությունը, հրապարակայնությունն ու ողջամիտ տևողությունը բնավ արժեք չեն ունենում, եթե այդ դատավարությունները տեղի չունենան (Golder v. the United Kingdom, 1975թ. փետրվարի 21-ի վճիռ, Series A no. 18, կետեր 31‑39): Կոնվենցիան պաշտպանում է ոչ թե տեսական ու պատրանքային, այլ իրական ու արդյունավետ իրավունքները: Դա հատկապես վերաբերում է դատարանների մատչելիության իրավունքին` հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում արդար դատաքննության իրավունքի շոշափելի դերակատարությունը (տե՛ս Airey v. Ireland, 1979թ. հոկտեմբերի 9-ի վճիռ, Series A no. 32, էջեր 12-13, կետ 24): 6 հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատարանների մատչելիության իրավունքի սահմանափակ մեկնաբանումը համահունչ կլիներ այդ դրույթի խնդիրներին ու նպատակին (De Cubber v. Belgium, 1984թ. հոկտեմբերի 26-ի վճիռ, Series A no. 86, կետ 30):

124. Այդքանով հանդերձ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրելի են իրենց բովանդակությամբ, քանի որ մատչելիության իրավունքն ինքնին պահանջում է կանոնակարգում Պետության կողմից (Edificaciones March Gallego S.A. v. Spain, 1998թ. փետրվարի 19-ի վճիռ, Reports of Judgments and Decisions 1998‑I, կետ 34, Garcia Manibardo v. Spain, no. 38695/97, կետ 36): Այս առնչությամբ անդամ երկրներն օժտված են հայեցողության որոշակի շրջանակով` չնայած որ Կոնվենցիայի դրույթների պահպանվածության հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է Դատարանը: Պարտադիր է, որպեսզի կիրառված սահմանափակումները մատչելիությունը չնվազեցնեն կամ սահմանափակեն այնպես կամ այնքանով, որի արդյունքում խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի կարող համարվել 6 հոդվածի 1-ին կետին համահունչ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, կամ եթե կիրառված միջոցի և հետապնդված նպատակի միջև ողջամիտ համաչափություն առկա չէ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Stubbings and Others v. the United Kingdom 1996թ. հոկտեմբերի 22-ի վճիռը, Reports 1996-IV, p. 1502, կետ 50, Tinnelly & Sons Ltd and Others and McElduff and Others v. the United Kingdom, 1998թ. հուլիսի 10-ի վճիռ, Reports of Judgments and Decisions 1998‑IV, կետ 72, Związek Nauczycielstwa Polskiego v. Poland, no. 42049/98, 2004թ. սեպտեմբերի 21-ի վճիռ, կետեր 28‑29):

125. Կոնվենցիան անդամ երկրներին չի հարկադրում հիմնել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Սակայն եթե նման դատարաններ գոյություն ունեն, ապա 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները պետք է տրամադրվեն, օրինակ, այն դեպքերում, երբ հայցվորներին իրենց «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները» որոշելու համար երաշխավորվում է դատարանի մատչելիության իրավունք (ի թիվս բազմաթիվ այլ գործերի` տե՛ս Levages Prestations Services v. France, 1996թ. հոկտեմբերի 23-ի վճիռը, Reports 1996‑V, էջեր 1544‑45, կետ 44, Poitrimol v. France, 1993թ. նոյեմբերի 23-ի վճիռը, Series A no. 277‑A, կետեր 13‑15):

126. Վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններին 6 հոդվածի 1-ին կետի վերաբերելիությունը կախված է տվյալ վարույթի առանձնահատկություններից, ընդ որում, պետք է հաշվի առնվեն ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված դատավարությունն ամբողջությամբ, ինչպես նաև` Վճռաբեկ դատարանի դերն այդ դատավարությունում: Հաշվի առնելով վճռաբեկ դատարանի դերակատարության առանձնակի բնույթը, որը սահմանափակվում է օրենքի կիրառման օրինականության վերանայմամբ, Դատարանը կարող է ընդունել, որ Վճռաբեկ դատարանում իրականացված վարույթը կարող է առավել ֆորմալ լինել (mutatis mutandis, Meftah and Others v. France [GC], nos. 32911/96, 35237/97 and 34595/97, կետ 41, ECHR 2002‑VII):

 

c. Իրավաբանական օգնություն

 

127. Այդ համատեքստում Դատարանը նշում է, որ Կոնվենցիան չի սահմանում քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի պարագայում իրավաբանական օգնություն ապահովելու պարտավորություն, քանի որ հստակ տարբերակված են 6 հոդվածի 3-րդ կետը, որը որոշակի պայմանների առկայության դեպքում երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն քրեական գործերով, և 6 հոդվածի 1-ին կետը, որն իրավաբանական օգնությանը չի անդրադառնում (Del Sol v. France, no. 46800/99, կետ 20, ECHR 2002‑II, Essaadi v. France, no. 49384/99, կետ 30, 26 փետրվարի 2002թ.):

128. Դատարանն այնուհետև պնդում է, որ վճռաբեկ դատարանում դիմողի շահերը որակավորում ունեցող փաստաբանի կողմից ներկայացնելու պահանջը, ինչպես և սույն գործում, չի կարող համարվել 6-րդ հոդվածին հակասող: Այս պահանջը միանգամայն համապատասխանում է Գերագույն դատարանի` որպես օրենքի դրույթների վերաբերյալ բողոքներ քննող բարձրագույն դատական ատյանի բնույթին, և դա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների իրավական համակարգերում ընդունված երևույթ է (տե՛ս, օրինակ, Gillow v. the United Kingdom գործը, 1986թ. նոյեմբերի 24-ի վճիռ, Series A no. 109, § 69; Vacher v. France, 1996թ. դեկտեմբերի 17-ի վճիռ, Reports of Judgments and Decisions 1996‑VI, էջեր 2148-49, կետեր 24 և 28, Tabor v. Poland, no. 12285/02, կետ 42): Անդամ երկրներն իրավասու են վճռել, թե ինչպես են համապատասխանելու Կոնվենցիայից բխող արդարացի դատաքննություն ապահովելու պարտավորությանը:

129. Այնուամենայնիվ, Դատարանը պետք է համոզվի, որ այս կամ այն գործով ներպետական իշխանությունների կողմից ընտրված մեթոդը համահունչ է Կոնվենցիային: Ներպետական օրենսդրությամբ նախատեսված դեպքերում քաղաքացիական դատավարության կողմերին իրավաբանական օգնություն տրամադրելու պարտավորությունն իրականացնելիս Պետությունը, դրանից բացի, պետք է հետևողականություն ցուցաբերի, որպեսզի այդ անձինք հնարավորություն ունենան փաստացի և արդյունավետ օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից (Del Sol, R.D. v. Poland, թիվ 29692/96 և 34612/97, կետ 44, 18 դեկտեմբերի 2001թ.): Իրավաբանական օգնության համակարգի համար կարևոր է նաև, որպեսզի անհատները կամայականություններից զերծ մնալու շոշափելի երաշխիքներ ստանան (Gnahorռ v. France, no. 40031/98, կետ 38, ECHR 2000‑IX):

 

4. Սկզբունքների կիրառումը գործի փաստերի նկատմամբ

 

130. Վերադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նախևառաջ նկատում է, որ Լեհաստանի քաղաքացիական դատավարության օրենսդրությունը պահանջում է, որպեսզի քաղաքացիական դատավարության կողմին տրամադրվեն փաստաբանի կամ պաշտպանի ծառայություններ` երկրորդ ատյանի դատարանի կողմից կայացված վճռի դեմ վճռաբեկ բողոք նախապատրաստելու ընթացքում, և որ առանց իրավաբանական ներկայացուցչի ներկայացված բողոքը ենթակա է մերժման դատարանի կողմից (տես վերը` կետ 44): Դատարանն ընդունում է, որ այս պահանջն ինքնին չի կարող Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին հակասող համարվել:

131. Դատարանը նկատում է, որ 2000թ. հունվարի 21-ին վճռաբեկ դատարանի բողոքը հանձնվել է փաստաբանին: Դիմողների հետ 2000թ. հունվարի 27-ին կայացած հանդիպման ժամանակ փաստաբանը նրանց բանավոր տեղեկացրել է, որ վերաքննիչ դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում, իր կարծիքով, հաջողությունը քիչ հավանական է:

132. Դատարանն ընդգծում է, որ վերաքննիչ դատարանի վճիռը` իր գրավոր հիմնավորումներով հանդերձ, 1999թ. սեպտեմբերի 23-ին դիմողներին հանձնելուց հետո վերջիններս անհրաժեշտ հետևողականություն էին ցուցաբերել փաստաբանի հետ կապ հաստատելու համար, սակայն` ապարդյուն:

Ճիշտ է, հետագայում վճիռը հանձնվել էր նաև փաստաբանին: Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համաձայն` վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված երեսնօրյա ժամկետի հաշվարկն սկսվել է այդ օրվանից (տե՛ս վերը` կետ 65): Հետևաբար, ժամկետն սպառվում էր 2000թ. փետրվարի 20-ին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով փաստաբանի հայտարարությունը և վստահորդների հետ կապ հաստատելուց երկար ժամանակ հրաժարվելու հանգամանքը` Դատարանը չի ընդունում, թե բավարար է այն փաստը, որ 2000թ. հունվարի 27-ի մերժումից հետո իրենք ընդամենը քսանչորս ժամ են ունեցել իրենց շահերը ներկայացնելու նպատակով մեկ այլ փաստաբան գտնելու համար: Դատարանի կողմից խիստ ձևական կլիներ համարելը, որ նման հանգամանքներում իրավաբանական ներկայացուցչություն ունենալու` դիմողների շահագրգռությունը պատշաճ կերպով երաշխավորվել է:

133. Այս առումով Դատարանը գտնում է, որ Պետության խնդիրը չէ պարտավորեցնել փաստաբանին, անկախ այն բանից, վերջինը նշանակվել է իրավաբանական օգնության համակարգո՞վ, թե՞ ոչ, որպեսզի նա դիմի այս կամ այն ընթացակարգին կամ իրավական պաշտպանության միջոցին` հակառակ այդ գործողության կամ միջոցի հաջողության հավանականության վերաբերյալ իր կարծիքի: Բնականաբար, պետական իշխանության նման դրսևորումները կարող են վնաս պատճառել ժողովրդավարական հասարակությունում անկախ իրավաբանական մասնագիտության նշանակալի դերին, որը հիմնված է փաստաբանների և նրանց վստահորդների փոխադարձ վստահության վրա: Դատարանն ընդգծում է, որ Պետությունը պարտավոր է պատշաճ հավասարակշռություն ապահովել` մի կողմից, արդարադատության արդյունավետ մատչելիության, մյուս կողմից` իրավաբանական մասնագիտության անկախության միջև:

134. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Լեհաստանի Գերագույն դատարանն իր 2000թ. բանաձևում ընդգծել է, որ իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանի դերից բխում է, որ նա պարտավոր է կողմին լիարժեք իրավաբանական խորհրդատվություն տրամադրել, այդ թվում այս կամ այն գործով վճռաբեկ բողոք բերելու հավանական ելքի վերաբերյալ: Այդ պատճառով Գերագույն դատարանը եզրակացրել էր, որ քաղաքացիական գործով նշանակված իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանն իրավունք ուներ հրաժարվելու վճռաբեկ բողոք պատրաստելուց և ներկայացնելուց (տե՛ս վերը` կետեր 57‑62): Սակայն Դատարանը չի կարող համաձայնել այդ եզրակացությանը:

135. Դատարանը նաև այն կարծիքին է, որ սույն գործի հանգամանքներն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել իրավաբանական օգնության լեհական համակարգի առանձնահատկությունները: Այդ առումով Դատարանը գտնում է, որ իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանի մերժումը պետք է համապատասխանի որոշակի պայմանների: Մասնավորապես, մերժումը չպետք է ձևակերպված լինի այնպես, որ վստահորդի մոտ մերժման իրավական հիմքերի հետ կապված անորոշություն առաջանա: Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ համապատասխան ներպետական դրույթների համաձայն իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանը պարտավոր չէ բողոքի վերջնական ելքի վերաբերյալ գրավոր կարծիք ներկայացնել: Օրենքը ևս չի սահմանում վճռաբեկ բողոք ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանի կողմից իրավաբանական հիմնավորումներ ներկայացնելու չափանիշներ: Արդյունքում, սույն գործով փաստաբանը նման հիմնավորում չէր ներկայացրել, այլ դիմողներին ընդամենը տեղեկացրել էր նրանց անունից վճռաբեկ բողոք ներկայացնելուց հրաժարվելու մասին: Դատարանն այդ առնչությամբ նշում է, որ Սահմանադրական դատարանն իր` 2005թ. մարտի 31-ի որոշման մեջ նշել է, որ վճռաբեկ բողոքի ընդունելիության վերաբերյալ գործող իրավական դրույթներն առաջացնում են մեկնաբանման լուրջ բարդություններ և հակասություններ Լեհաստանի դատարանների նախադեպային իրավունքում (տե՛ս վերը` կետ 50):

136. Դատարանն այն կարծիքին է, որ եթե լինեին վճռաբեկ բողոք ներկայացնելու մերժումը, այդ թվում հիմնավորումները գրավոր ներկայացնելու պահանջներ, դրանք հնարավորություն կտային օբյեկտիվորեն post‑hoc գնահատել, թե որքանով է կամայական եղել այս կամ այն գործով վճռաբեկ բողոքի նախապատրաստումը մերժելը: Դա հատկապես կարևոր է` հաշվի առնելով Սահմանադրական դատարանի կողմից կատարված նման գնահատման հետ կապված բարդությունները:

137. Հետևաբար, մերժումը գրավոր ներկայացնելու պահանջի բացակայությունը դիմողներին թողել էր իրենց իրավական դրությանն անտեղյակ վիճակում, մասնավորապես` Գերագույն դատարանի կողմից իրենց վճռաբեկ բողոքն ընդունելու հավանականության առումով: Այն, որ մերժման ժամանակի հետ կապված առարկություններ չկային, չէր կարող լրացնել այդ բացը:

138. Գործի բոլոր հանգամանքների լույսի ներքո Դատարանն այն կարծիքին է, որ դիմողները հայտնվել էին այնպիսի վիճակում, որ իրավաբանական օգնության համակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու համար «որոշակի և արդյունավետ» ձևով դատարան դիմելու նրանց ջանքերն ապարդյուն էին անցել:

139. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈւՄԸ

 

140. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

A. Վնասը

 

141. Դիմողները որպես նյութական վնասի փոխհատուցում պահանջել էին 25.000 եվրո:

142. Կառավարությունը նշել էր, որ դիմողները չէին ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ իրենք փաստացի վնաս են կրել:

143. Դատարանն այն կարծիքին է, որ բավարար չափով հիմնավորված չէ, որ դիմողները նյութական վնաս են կրել արդար դատաքննության իրենց իրավունքի խախտման արդյունքում: Այդուհանդերձ, Դատարանն ընդունում է, որ դիմողները ոչ նյութական վնաս են կրել, որը բավարար չափով չի փոխհատուցվի միայն խախտման փաստը ճանաչելով: Կատարելով անկողմնակալ գնահատում և հաշվի առնելով գործի հանգամանքները` Դատարանը վճռում է, որ դիմողներին պետք է վճարվի 4.000 եվրո` սույն գլխի շրջանակներում:

 

B. Ծախքեր և ծախսեր

 

144. Դիմողները, որ իրենց գործը ներկայացնելու համար իրավաբանական օգնություն էին ստացել Եվրոպայի խորհրդից, պահանջել էին 4.000 եվրո` որպես Դատարանում կայացած դատավարությունների ընթացքում կատարված ծախքերի և ծախսերի փոխհատուցում:

145. Կառավարությունը գտել էր, որ նշված գումարը չափազանցված է, և Դատարանին խնդրել էր փոխհատուցում սահմանել այն չափով, որքանով այդ ծախքերն ու ծախսերը կատարվել էին փաստացի և անհրաժեշտաբար, ինչպես նաև ողջամիտ չափով:

146. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողն իրավասու է փոխհատուցում ստանալ, եթե միայն ծախքերն ու ծախսերը կատարվել են փաստացի և անհրաժեշտաբար, ինչպես նաև ողջամիտ չափով: Սույն գործով հաշվի առնելով տրամադրության տակ առկա տեղեկատվությունը և վերոհիշյալ չափանիշները` Դատարանը ողջամիտ է համարում որպես Դատարանում գործի ներկայացման կապակցությամբ կատարված ծախքերի և ծախսերի փոխհատուցում սահմանել 3.500 եվրո, որից 2,168.76 եվրոն դիմողներն իրավաբանական օգնության կարգով ստացել էին Եվրոպայի խորհրդից:

 

C. Տուգանային տոկոսներ

 

147. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Միաձայն մերժում է Կառավարության նախնական առարկությունները:

 

2. Չորսը երեքի հարաբերակցությամբ վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետի խախտում.

 

3. Չորսը երեքի հարաբերակցությամբ վճռում է, որ.

(a) Պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ներքոնշյալ գումարները դիմողին պետք է վճարի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, որոնք պետք է հաշվվեն տեղական արժույթով` փոխհատուցման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքին համապատասխան.

(i) 4.000 (չորս հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում;

(ii) 3.500 (երեք հազար հինգ հարյուր) եվրո` որպես ծախքերի և ծախսերի փոխհատուցում, որից 2.168.76 եվրոն իրավաբանական օգնության կարգով ստացվել էր Եվրոպայի խորհրդից.

(b) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս.

 

4. Միաձայն մերժում է դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2007թ. մարտի 22-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն: