Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Incorporation (18.03.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.03.2008
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2008

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԼԱԴԵՆՏՆ ԸՆԴԴԵՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

2008թ մարտի 18-ի վճիռը

 

CASE OF LADENT v.POLAND

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

 6. Դիմողը ծնվել է 1972թ. և ապրում է Ֆերնի-Վոլտարում, Ֆրանսիայում:

 7. Չճշտված ամսաթվի դիմողը ժամանել է Լեհաստան: 2001թ. մարտի 15-ին նա ամուսնացել է Լեհաստանի քաղաքացի Կ. Պ.-ի հետ: Սկզբում նրանք ապրել են Կրակովում, իսկ 2001թ. հուլիսի 3-ին տեղափոխվել են Ֆրանսիա: 2001թ. սեպտեմբերին և 2002թ. հոկտեմբերին ծնվել են համապատասխանաբար նրանց առաջին և երկրորդ երեխաները: Դիմողը դերասան է ունի փոքր բիզնես Ֆրանսիայում, որը սոսկ նեցուկ էր ընտանիքին:

 8. 2001թ. մարտի 21-ին ոմն Բ. Մ.` այն շենքի ադմինիստրատորը, որտեղ գտնվում էր դիմողի կնոջ բնակարանը, քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին կետի հիման վրա իրեն վիրավորելու համար մասնավոր մեղադրանք է հարուցել ընդդեմ դիմողի: Ըստ նրա` դիմողն իրեն ուղղել է մի քանի անպարկեշտ խոսքեր` լեհերենով: Արդյունքում, մասնավոր մեղադրանքի կապակցությամբ վարույթ է սկսվել Կրակով-Սրոդմիսի շրջանային դատարանում:

 9. Դիմողի Ֆրանսիա վերադառնալուց հետո դատարանը նրան մի քանի անգամ ծանուցել է մասնավոր մեղադրանքի կապակցությամբ վարույթի մասին, սակայն դրանք մնացել են անպատասխան:

 10. 2002թ. հուլիսի 15-ին Կրակով-Սրոդմիսի շրջանային դատարանը եռամսյա ժամկետով դիմողին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Հետագայում դատարանը կարգադրել է հետախուզում իրականացնել` նրա գտնվելու վայրը պարզելու և կալանքի վերցնելու նպատակով: Դատարանը, inter alia, վկայակոչել է քրեական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 1 (1) կետը և 259-րդ հոդվածի 4-րդ կետը (այսուհետ` ՔԴՕ):

 Շրջանային դատարանը գտել է.

«Մեղադրյալ Ֆրանկ Լադենտը Լեհաստանում մշտական բնակության վայր չունի, չի բնակվում դատարանին հայտնի որևէ վայրում և այդպիսով խոչընդոտում է սույն գործի վարույթին և ողջամիտ ժամկետում պատշաճ դատավճիռ կայացնելուն: Մեղադրյալի կալանավորման անհրաժեշտությունը պայմանավորված է վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով, որ մեղադրյալ Ֆրանկ Լադենտը խուսափում է արդարադատությունից` նրան պետք է փնտրել հետախուզման միջոցով»:

 Դատարանը ոստիկանությանը կարգադրել է կատարել այդ որոշումը և դրա պատճենը հանձնել դիմողին` տեղեկացնելով նրան, որ նա կարող է բողոքարկել այդ որոշումը: Տեղեկությունն առ այն, որ դիմողի առնչությամբ հետախուզում է հայտարարվել, այնուհետև ներառվել է կենտրոնական քրեական գրանցամատյանում:

 11. 2002թ. հոկտեմբերի 8-ին շրջանային դատարանը կասեցրել է գործի վարույթը` այն հիմնավորմամբ, որ դիմողի բնակության վայրը հայտնի չէ:

 12. 2002թ. վերջին դիմողն իր ընտանիքի հետ արձակուրդն անցկացրել է Կրակովում: 2003թ. հունվարի 3-ին նրանք մեքենայով վերադարձել են Ֆրանսիա: Նրանք 2003թ. հունվարի 3-ի երեկոյան ժամանել են Սլուբիկի սահմանային անցակետ: Անձնագրային ստուգման ընթացքում սահմանապահները դիմողին խնդրել են դուրս գալ մեքենայից:

 13. 8.15-ին դիմողը ձերբակալվել է կալանավորման մասին որոշման և 2002թ. հուլիսի 15-ին հայտարարված հետախուզման հիման վրա: Նրան հարցաքննել են սահմանապահները, սակայն նա ոչինչ չի հասկացել և որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Դիմողը նշել է, որ իր կնոջ միջոցով սահմանապահներին ուղղված բոլոր խնդրանքները` Ֆրանսիայի դեսպանության կամ իր ընտանիքի հետ կապ հաստատելու և թարգմանիչ կամ փաստաբան տրամադրելու վերաբերյալ, եղել են ապարդյուն: Երկու ժամ անց դիմողը տեղեկացվել է, որ ինքը ձերբակալված է, բայց չի տեղեկացվել պատճառների մասին: Դիմողին պահել են Սլուբիկի սահմանապահ անցակետի մեկուսարանում:

 14. Դիմողին հարցաքննելու ընթացքում նրա կինն ու երկու երեխաները` 3 տարեկան և 16 ամսական, ստիպված են եղել մնալ մեքենայի մեջ` շարժիչը միացրած վիճակում, քանի որ ջերմաստիճանը Ցելսիուսի մինուս տասն էր:

 15. 2003թ. հունվարի 6-ին դիմողի կինը պաշտպան է վարձել:

 16. 2003թ. հունվարի 7-ին Միդզիրզեկսի կալանավայրերի կենտրոնի տնօրենը Կրակով-Սրոդմիսի շրջանային դատարանին տեղեկացրել է, որ դիմողը տեղափոխվել է այնտեղ և կալանքի տակ է գտնվում 2002թ. հուլիսի 15-ի` կալանավորման մասին որոշման հիման վրա:

 17. 2003թ. հունվարի 9-ին դիմողի պաշտպանը դիմել է Կրակով-Սրոդմիսի շրջանային դատարան` խնդրելով նրան ազատ արձակել և նշանակել ավելի մեղմ խափանման միջոց: Նա նաև բողոքարկել է 2002թ. հուլիսի 15-ի` կալանավորման մասին որոշումը:

 18. Նա նշել է, որ դիմողը Ֆրանսիայի քաղաքացի է և մշտապես բնակվում է Ֆրանսիայում, և կնոջ հետ հեռացել է Լեհաստանից 2001թ. հուլիսի 3-ին: Նա նաև նշել է, որ դիմողի հեռանալուց հետո շրջանային դատարանը ծանուցումներն ուղարկել է դիմողի կնոջ հասցեով և այլ հասցեով, որտեղ նա չի բնակվել: Ուստի պաշտպանը պնդել է, որ դիմողը երբևէ չի իմացել իր դեմ հարուցված գործի մասին և նրան չի տրամադրվել մասնավոր մեղադրական եզրակացությունը: Նա չի տեղեկացվել նաև որպես մեղադրյալ իր իրավունքների և պարտականությունների մասին:

 19. Փաստաբանը նաև նշել է, որ շրջանային դատարանը սխալմամբ համարել է, որ առկա է ողջամիտ կասկած առ այն, որ դիմողը վիրավորանք է հասցրել Բ. Մ.-ին: Փաստաբանը նաև նշել է, որ դիմողի կողմից ենթադրաբար կատարված հանցանքի համար որպես պատիժ նախատեսված է միայն տուգանք կամ ազատության սահմանափակում (համայնքային ծառայության կարգադրություն): Ի վերջո« պաշտպանը մատնանշել է դիմողի ընտանիքի վատ վիճակը. ընտանիքի ապրուստը կախված էր միայն նրանից:

 20. 2003թ. հունվարի 10-ին Կրակով-Սրոդմիսի շրջանային դատարանը գործի վարույթն ընդդեմ դիմողի վերսկսել է` նշելով, որ նրա գտնվելու վայրը պարզվել է: Նույն օրը շրջանային դատարանը վերացրել է 2002թ. հուլիսի 15-ի կալանավորման մասին որոշումը և արգելել է նրան հեռանալ երկրից` կարգադրելով հանձնել անձնագիրը:

 Շրջանային դատարանը նշել է.

«Մեղադրյալ Ֆրանկ Լադենտը կալանքի է վերցվել դատարանի կողմից ընդունված` կալանավորման մասին որոշման հիման վրա: Պաշտպանը խնդրել է խափանման միջոցը փոխել: Պաշտպանն իր դիմումում պնդել է, որ գործով ձեռք բերված ապացույցները չեն վկայում այն ողջամիտ կասկածի առկայության մասին, որ դիմողը վիրավորանք է հասցրել: Պաշտպանը նաև նշել է, որ դիմողը չի խուսափել արդարադատությունից և դատարան չներկայանալը դիտավորություն չի եղել:

 Դատարանը պաշտպանի փաստարկները համոզիչ է համարել: Այս հանգամանքներում դատարանի կարծիքով կալանքը պետք է փոխարինվի այլ խափանման միջոցով, այն է` երկրից չհեռանալու արգելքով` անձնագրի առգրավմամբ: Այդ միջոցը կարող է ապահովել գործի պատշաճ վարույթը»։

 

 21.Դատարանը նաև կարգադրել է, որպեսզի մասնավոր մեղադրական եզրակացությունը, դիմողին ազատ արձակելու մասին որոշումը և ծանուցումները թարգմանվեն ֆրանսերեն և տրամադրվեն դիմողին: Դատարանը նաև կարգադրել է իր որոշման պատճենը` դիմողին ազատ արձակելու կարգադրության հետ մեկտեղ, հանձնել Միդզիրզեկսի կալանավայրերի կենտրոնի տնօրենին:

 22. 2003թ. հունվարի 10-ին շրջանային դատարանի քարտուղարը դիմողին ազատ արձակելու կարգադրությունը ֆաքսով ուղարկել է Միդզիրզեկսի կալանավայրերի կենտրոն: Սակայն Կենտրոնը հրաժարվել է այն ընդունելուց` նշելով, որ ազատ արձակելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները: Արդյունքում, նույն օրը շրջանային դատարանը համապատասխան փաստաթղթերն ուղարկել է փոստով:

 23. Դիմողը կալանքից ազատ է արձակվել 2003թ. հունվարի 13-ին: Ազատ արձակվելիս նրան են տրամադրվել երեք փաստաթղթերի ֆրանսերեն թարգմանություններ: Ըստ դիմողի` միայն այդ ժամանակ է նա իմացել, որ ինքը մեղադրվում է Բ.Մ.-ին վիրավորանք հասցնելու համար:

 24. Չճշտված ամսաթվի` դիմողի պաշտպանը դիմել է շրջանային դատարան` խնդրելով հանել դիմողի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և այն փոխարինել Ֆրանս-լեհական բարեկամության հանրույթի նախագահի կողմից տրված երաշխավորությամբ:

 25. 2003թ. հունվարի 17-ին Կրակով-Սրոդմիսի շրջանային դատարանը բավարարել է այդ խնդրանքը: Դատարանն արդարացված է համարել դիմողի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելը` հաշվի առնելով, որ նա գործարարությամբ է զբաղվում Ֆրանսիայում և նրա ընտանիքի գոյությունը բացառապես ապահովվում է այդ գործարարության եկամուտներով: Դատարանը նաև նշել է, որ երաշխավորությունը կապահովի դիմողի ներկայությունը և վարույթի պատշաճ ընթացքը:

 26. 2003թ. հունվարի 23-ին դիմողը և նրա ընտանիքը վերադարձել են Ֆրանսիա:

 27. 2003թ. փետրվարի 7-ին Կրակովից տեղական պառլամենտի անդամ պրն Վասերմանը դիմել է Կրակովի վերաքննիչ դատարան` պահանջելով բացատրություն դիմողի ձերբակալության և կալանքի վերաբերյալ:

 28. 2003թ. փետրվարի 28-ին վերաքննիչ դատարանի նախագահը պառլամենտի անդամին ուղղված նամակով պատասխանել է, որ դիմողի գործը մանրազնին ուսումնասիրվում է և այն գտնվում է Կրակովի տարածքային դատարանի փոխնախագահի վարչական վերահսկողության ներքո: Նախագահը նշել է, որ շրջանային դատարանի կողմից դիմողի կալանավորման որոշման կապակցությամբ թույլ տրված հիմնական սխալը կայացել է նրանում, որ դատարանն անհիմն կերպով ենթադրել է, որ դիմողը խուսափել է արդարադատությունից և դիտավորությամբ չի արձագանքել դատարանի ծանուցումներին այն գործի կապակցությամբ, որի մասին նա նախկինում չի լսել և ՔԴՕ 75 հոդվածի հիման վրա չի տեղեկացվել իր` որպես մեղադրյալի պարտականությունների մասին, ինչպես նաև նրան չի հանձնվել մասնավոր մեղադրական եզրակացությունը (ՔԴՕ 139 հոդվածի 2-րդ կետ): Դատարանը նաև նշել է, որ դիմողին կալանավորելու և հետախուզում հայտարարելու մասին դատարանի որոշումն իր հիմքում ունեցել է այդ սխալ ելակետը: Ի վերջո« նա նշել է, որ դիմողի գործից քաղված դասերը կօգտագործվեն վերապատրաստման նպատակներով:

 29. 2003թ. մարտի 21-ին պառլամենտի անդամը վերաքննիչ դատարանի նախագահի պատասխանի պատճենն ուղարկել է դիմողի կնոջը: Նա խորհուրդ է տվել դիմողին և նրա կնոջը կալանավորման որոշումը կայացրած դատավորի նկատմամբ նախաձեռնել կարգապահական վարույթ և քրեական պատասխանատվության վարույթ` իշխանությունը չարաշահելու համար: Բացի դրանից, խորհուրդ է տվել նրանց դիմել քաղաքացիական դատարան` վնասի փոխհատուցման պահանջով:

 30. 2004թ. հոկտեմբերի 5-ին Կրակով-Սրոդմիսի շրջանային դատարանը կայացրել է դատավճիռ և արդարացրել դիմողին: 2005թ. հունվարի 10-ին Կրակովի տարածքային դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատավճիռը:


II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

 A. Դրույթներ ձերբակալման մասին

 

1998թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած` 1997թ. քրեական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ձերբակալվող անձ անմիջապես պետք է տեղեկացվի ձերբակալման պատճառների և իր իրավունքների մասին:

 246-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր ձերբակալված իրավունք ունի դիմելու դատարան` վիճարկելով ձերբակալության օրինականությունը և դրա իրականացման ձևը: Նման բողոքը պետք է անմիջապես փոխանցվի իրավասու շրջանային դատարան, որը պետք է շտապ քննության առնի այն: Եթե դատարանը գտնում է, որ ձերբակալումն անօրինական է, այն կարգադրում է տվյալ անձի անմիջական ազատ արձակում:

 

B. Դրույթներ կալանքի վերաբերյալ

 

Քրեական դատավարության օրենսգիրքը կալանքը նախատեսում է որպես«խափանման միջոց». այլ միջոցներ են նաև գրավը, ոստիկանական հսկողությունը, պատասխանատու անձի, հասարակական կազմակերպության երաշխավորությունը, համապատասխան գործունեությամբ զբաղվելու ժամանակավոր արգելքը և երկրից հեռանալու արգելքը:

Հոդված 249-ի 1-ին կետը սահմանում է խափանման միջոց կիրառելու ընդհանուր հիմքերը: Այդ դրույթը սահմանում է.

«1. Խափանման միջոց կարող է կիրառվել վարույթի պատշաճ իրականացումն ապահովելու համար և նաև, բացառապես, մեղադրյալի կողմից այլ հանցագործության կատարումը կանխելու նպատակով: Դրանք կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ ձեռք բերված ապացույցները վկայում են, որ էական հավանականությամբ մեղադրյալը կատարել է տվյալ հանցանքը»։

 

 Հոդված 258-ը սահմանում է կալանքի հիմքերը: Այն նախատեսում է.

«1. Կալանք կարող է կիրառվել, եթե.

(1) առկա է ողջամիտ վտանգ, որ մեղադրյալը կդիմի փախուստի կամ կթաքնվի, մասնավորապես, երբ նրա ինքնությունը չի կարող հաստատվել կամ երբ նա չունի մշտական բնակության վայր (Լեհաստանում),

(2) առկա է ողջամիտ վտանգ, որ մեղադրյալը կփորձի հարկադրել վկաներին կամ իր հանցակիցներին տալ սուտ վկայություն կամ խոչընդոտել վարույթի պատշաճ իրականացմանը որևէ այլ անօրինական ձևով։

 2. Եթե մեղադրյալը մեղադրվում է ծանր հանցագործություն կամ այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որի համար նախատեսված Է ազատազրկման ձևով պատիժ` առնվազն 8 տարի ժամկետով, կամ եթե առաջին ատյանի դատարանը նշանակել է 3 տարի ժամկետով ազատազրկում, վարույթի պատշաճ իրականացումն ապահովելու համար կալանքի շարունակման անհրաժեշտությունը կարող է հիմնվել խիստ պատիժ նշանակելու հավանականության վրա»։

 Օրենսգիրքը սահմանում է կոնկրետ խափանման միջոցի ժամկետը երկարացնելու կապակցությամբ հայեցողության շրջանակը: Հոդված 257-ը սահմանում է.

«1. Կալանք չի կարող կիրառվել, եթե հնարավոր է այլ խափանման միջոցի կիրառում»։

Հոդված 259-ի 1-ին կետը սահմանում է.

«1. Եթե չկան հակառակի համար հատուկ պատճառներ, կալանքը վերացվում է, եթե, մասնավորապես, մեղադրյալին ազատությունից զրկելը.

(1) լրջորեն վտանգում է նրա կյանքը կամ առողջությունը, կամ

(2) չափազանց բացասական հետևանքներ է առաջացնում մեղադրյալի կամ նրա ընտանիքի համար»։

 

Հոդված 259-ի 3-րդ կետը սահմանում է.

«Կալանք չի կարող կիրառվել, եթե տվյալ հանցագործության համար նախատեսված է ազատազրկման մեկ տարին չգերազանցող պատժի ժամկետ»։

Հոդված 259-ի 4-րդ կետը նշում է, որ 259-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառելի չէ, եթե մեղադրյալը խուսափում է արդարադատությունից, երբ մշտապես չի արձագանքում ծանուցումներին կամ նրա ինքնությունը չի կարող պարզվել:

 

C. Մեղադրյալի պարտականությունները

 

ՔԴՕ 75-րդ հոդվածը նախատեսում է, որ մեղադրյալը, որը զրկված չէ ազատությունից, պետք է ներկայանա յուրաքանչյուր ծանուցմանն ի պատասխան: Նա պետք է նաև վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնի իր բնակության վայրի կամ 7 օրից ավելի ժամկետով այլ վայրում գտնվելու մասին: Մեղադրյալն իր այս պարտականությունների մասին պետք է տեղեկացվի իր առաջին հարցաքննության ժամանակ:

 

 D. Փոխհատուցում անօրինական կալանավորման դիմաց

 

ՔԴՕ 58-րդ հոդվածըԱնօրինական դատապարտման, կալանավորման կամ ձերբակալման համար փոխհատուցում» վերտառությամբ, ամրագրում է պետության պատասխանատվությունն անօրինական դատապարտման կամ քրեական գործի վարույթի ընթացքում անձին անօրինականորեն ազատությունից զրկելու համար:

Հոդված 552-ը սահմանում է.

«1. Մեղադրյալը, որը քրեական վարույթի նորոգման կամ վճռաբեկ բողոքի արդյունքում արդարացվում է կամ նրա առնչությամբ կայացվում է ավելի մեղմ նյութական նորմի վրա հիմնված դատավճիռ, իրավունք ունի պետությունից պահանջել նյութական և ոչ նյութական հատուցում այն վնասի դիմաց, որը կրել է պատժի ամբողջ մասը կամ մի մասը կրելիս:

4. Նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավունքը ծագում է նաև ակնհայտ չհիմնավորված ձերբակալման կամ կալանավորման դեպքում»։

 

Համաձայն 555-րդ հոդվածի` ակնհայտ անօրինական կալանավորման համար փոխհատուցման պահանջով կարելի է դիմել մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ տվյալ քրեական գործի վարույթն ավարտելու մասին որոշումը դարձել է վերջնական:

 Հոդված 552-ի հիման վրա ներկայացված դիմումի կապակցությամբ վարույթն անկախ է այն սկզբնական քրեական վարույթից, որի շրջանակներում կալանքը կարգադրվել է: Դիմողը կարող է հետադարձ ուժով հասնել իր կալանքի անօրինականության հաստատմանը: Նա, սակայն, չի կարող վիճարկել իր շարունակվող կալանքի անօրինականությունը և հայցել ազատ արձակում:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ` ԿԱՊՎԱԾ 2003Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 3-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2003Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ը ԴԻՄՈՂԻՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ

 

 31. Դիմողը, վկայակոչելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը և 7-րդ հոդվածը, պնդել է, որ ինքը զրկվել է ազատությունից իր նկատմամբ մասնավոր մեղադրանքի հիման վրա հարուցված վարույթի ընթացքում ընդունված կալանավորման անվավեր կարգադրության հիման վրա: Նա պնդել է, որ ինչպես Լեհաստանում ապրելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո ինքը չի ստացել որևէ ծանուցում կամ տեղեկացում վարույթի մասին:

 Դատարանը գտնում է, որ այս գանգատը վերաբերում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին և պետք է քննվի այդ դրույթի հիման վրա: Վերջինս սահմանում է.

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.

 (c) ©©©« անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով»։

 

A. Ընդունելիությունը

 

1. Ներպետական պաշտպանության միջոցների սպառում

 

 32. Կառավարությունն ընդունել է, որ դիմողն սպառել է լեհական օրենսդրությամբ սահմանված պաշտպանության բոլոր միջոցները:

 

 2. Առարկություններ«զոհի կարգավիճակի» բացակայության մասին

 

 33. Կառավարությունը պնդել է, որ դիմողն այլևս չի կարող հավակնել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման համար զոհի կարգավիճակի: Կառավարությունը վկայակոչել է` ի պատասխան տեղական պառլամենտի անդամի հարցման, Կրակովի վերաքննիչ դատարանի նախագահի 2003թ. փետրվարի 28-ի նամակը, որում նա ընդունել է, որ դիմողի կալանավորումը եղել է անհիմն և հիմնվել է սխալ դատավարական կանխավարկածների վրա: Այնուհետև, տեղական պառլամենտի անդամը դիմողի կնոջը տեղեկացրել է, որ դիմողը կարող է վնասի հատուցում պահանջել իր անօրինական կալանքի կապակցությամբ:

 34. Հաշվի առնելով վերոհիշյալը` Կառավարությունը նշել է, որ ներպետական իշխանությունները տվյալ դեպքում ճանաչել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը և պատրաստ են հատուցել այդ խախտման դիմաց (Ամուրն ընդդեմ Ֆրանսիայի, 1996թ. հունիսի 25-ի վճիռ, Զեկույցներ 1996-III, էջ 846, կետ 36, Զարբն ընդդեմ Մալթայի, թիվ 16631/04, կետ 24, 2006թ. հուլիսի 4): Կառավարությունն ընդգծել է, որ դիմողն իրական հնարավորություն ունի հատուցում ստանալու ներպետական մակարդակում` ՔԴՕ 552-րդ հոդվածի հիման վրա պահանջելով անօրինական կալանքի դիմաց փոխհատուցում:

 35. Դիմողը չի համաձայնել: Նա նշել է, որ Կրակովի վերաքննիչ դատարանի նախագահն ընդունել է, որ սխալը թույլ է տվել կալանքի թույլտվություն տված դատավորը: Այնուամենայնիվ, նման հայտարարություն կատարվել է տեղական պառլամենտի անդամին ուղղված նամակում` ոչ պաշտոնական ձևով: Դիմողը վիճարկել է, որ Կրակովի վերաքննիչ դատարանի նախագահի կողմից Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման ընդունումը և այն փաստը, որ ինքը կարող է անօրինական կալանքի դիմաց փոխհատուցում պահանջել, իրեն չի ազատում  «զոհի կարգավիճակից»:

 36. Դատարանը կրկնում է, որ դիմողի համար բարենպաստ որոշումը կամ միջոցն սկզբունքորեն բավարար չէ նրան «զոհի» կարգավիճակից զրկելու համար, եթե ներպետական իշխանություններն ակնհայտորեն կամ ըստ էության չեն ճանաչել Կոնվենցիայի խախտումը և չեն տրամադրել հատուցում (տե՜ս վերոհիշյալ Ամուրն ընդդեմ Ֆրանսիայի և Դալբանն ընդդեմ Ռումինիայի, թիվ 28114/95, կետ 44, ECHR 1999-VI):

 37. Սույն գործում Դատարանը նկատում է, որ տեղական պառլամենտի անդամին ուղղված նամակում, որը խնդրել էր բացատրություն տալ դիմողի գործի վերաբերյալ, վերաքննիչ դատարանի նախագահը նրան տեղեկացրել է դատարանի կողմից կատարված մի շարք ընթացակարգային սխալների մասին, որոնք հանգեցրել են կալանքի կարգադրությանը և հետախուզում հայտարարելուն: Այնուամենայնիվ, նախագահի կարծիքը հասցեագրված չի եղել դիմողին և նրա համար գործնական հետևանքներ չի առաջացրել: Դատարանը, ուստի, ընդունել է, որ այդ նամակը չի կարող համարվել դիմողի համար բարենպաստ որոշում կամ միջոցառում:

 38. Եթե նույնիսկ ընդունենք, որ նամակը հանդիսանում է 2003թ. հունվարի 3-10-ը ժամանակահատվածում դիմողին ազատությունից զրկելու անօրինականության ճանաչում, Դատարանը գտնում է, որ երկրորդ պայմանը, այն է` պատշաճ հատուցման տրամադրումը, չի իրականացվել: Վերաքննիչ դատարանի նախագահն իր նամակում լռում է դիմողին տրամադրվելիք հատուցման մասին:

 39. Կառավարությունը, այնուամենայնիվ, առարկել է, որ դիմողը կարող էր հատուցում ստանալ ՔԴՕ 552-րդ հոդվածի հիման վրա` անօրինական կալանքի կապակցությամբ վնասի հատուցման հայց հարուցելու միջոցով: Սակայն, Կառավարությունն իր` ավելի վաղ փուլում ներկայացրած բացատրություններում ընդունել էր, որ դիմողն սպառել է լեհական օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցները: Դատարանն այս կապակցությամբ չի կարող չմատնանշել Կառավարության փաստարկների հակասական բնույթը: Ավելին, Կառավարության բացատրությունները խիստ հակիրճ են և չեն պարունակում ներպետական նախադեպային իրավունքի որևէ օրինակ 552-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցի արդյունավետության վերաբերյալ` այնպիսի հանգամանքներում, ինչպիսիք սույն գործի հանգամանքներն են: Հետևաբար, Դատարանը չի գտնում, որ Կառավարությունն ազատվել է դիմողի համար` վկայակոչված պաշտպանության միջոցի արդյունավետությունն ու մատչելիությունն ապացուցելու պարտականությունից (տե՜ս Սելմուոնին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 25803/94, կետ 76, ECHR-V):

 40. Ելնելով վերոհիշյալից` Դատարանը գտնում է, որ դիմողը դեռևս կարող է հավակնել 2003թ. հունվարի 3-ից մինչև 2003թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ազատությունից զրկվելու կապակցությամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտման«զոհի» կարգավիճակին:

 41. Հետևաբարզոհի կարգավիճակ» չունենալու կապակցությամբ Կառավարության առարկությունը պետք է մերժվի:

 

 2. Սույն գանգատն անընդունելի հայտարարելու այլ հիմքեր

 

 42. Դատարանը գտնում է, որ վերոհիշյալ գանգատն ակնհայտ անհիմն չէ` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով: Գանգատն անընդունելի չէ նաև այլ հիմքերով« ուստիև պետք է ընդունելի հայտարարվի:

 

 B. Գործի քննությունն ըստ էության

 

1. Կողմերի բացատրությունները

 

 43. Դիմողը պնդել է, որ ինքը երբեք չի ծանուցվել մասնավոր մեղադրանքի հիման վրա իր նկատմամբ հարուցված վարույթի մասին: Հետևաբար, նա չէր կարող մեղադրվել վարույթից խուսափելու փորձի համար, քանի որ նա այդ մասին տեղյակ չէր:

 44. Կառավարությունը կրկին նշել է, որ դատական մարմիններն արդեն ընդունել են, որ դիմողի կալանավորումը հիմնվել է անհիմն կանխավարկածների վրա: Հաշվի առնելով վերոհիշյալը` Կառավարությունը դիրքորոշում չի արտահայտել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման մասին:

 

 2. Դատարանի գնահատականը

 

 45. Դատարանը վկայակոչում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը երաշխավորում է ազատության և անվտանգության հիմնարար իրավունքը: Այդ իրավունքն առանձնակի կարևորություն ունի Կոնվենցիայի իմաստով«ժողովրդավարական հասարակությունում» (տե՜ս Դե Վիլդը, Օմսը և Վերսիպն ընդդեմ Բելգիայի, 1971թ. հունիսի 18-ի վճիռ, Շարքեր A թիվ 12, էջ 36, կետ 65, և Վինթերվերպն ընդդեմ Նիդեռլանդների, 1979թ. հոկտեմբերի 24-ի վճիռ, Շարքեր A թիվ 33, էջ 16, կետ 37): Դրա առանցքային նպատակն է կանխել ազատությունից կամայականորեն կամ անհիմն կերպով զրկելը (տե՜ս ՄաքՔեյն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 543/03, կետ 30, ECHR 2006-…):

 46. Բոլորն ունեն այդ իրավունքի պաշտպանության իրավունք, այսինքն` իրավունք ունեն չզրկվելու իրենց ազատությունից կամ չշարունակելու ազատությունից զրկված վիճակում գտնվելը (տե՜ս Վիքսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1987թ. մարտի 2-ի վճիռ, Շարքեր A թիվ 114, էջ 22, կետ 40), բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված պայմաններին համապատասխան: 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված բացառությունների ցանկն սպառիչ է և դրանց միայն նեղ մեկնաբանությունն է համապատասխանում այդ դրույթի նպատակին, այն է` ապահովել, որ ոչ ոք ազատությունից կամայականորեն չզրկվի (տե՜ս Ամուրն ընդդեմ Ֆրանսիայի, 1996թ. հունիսի 25-ի վճիռ, Զեկույցներ 1996-III, էջ 848, կետ 42, Լաբիտան ընդդեմ Իտալիայի, թիվ 26772/95, կետ 170, ECHR 2000-IV, Ասանիձեն ընդդեմ Վրաստանի, թիվ 71503/01, կետ 170, ECHR 2004-II):

 47. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետում «անօրինական» և «օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան» ձևակերպումները հիմնականում հղում են կատարում ներպետական օրենսդրությանը և ամրագրում են այդ օրենսդրության նյութական և դատավարական նորմերին համապատասխան գործելու պարտավորությունը: Չնայած առաջին հերթին ներպետական իշխանությունների, այն է` դատարանների խնդիրն է մեկնաբանել և կիրառել ներպետական իրավունքը, 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ներպետական իրավունքի պահանջները չկատարելը հանգեցնում է Կոնվենցիայի խախտման, և Դատարանը կարող է և պետք է վերահսկի, թե արդյոք ներպետական իրավունքի պահանջները կատարվել են (տե՜ս, ի թիվս այլոց, Բենհամն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996թ. հունիսի 10-ի վճիռ, Զեկույցներ 1996-III, էջ 753, կետ 41, և վերոհիշյալ Ասանիձեն ընդդեմ Վրաստանի, կետ 171): Կալանքի ժամանակահատվածն սկզբունքորեն «օրինական է», եթե հիմնվում է դատարանի կարգադրության վրա: Նույնիսկ կալանքի կարգադրության թերություններն անհրաժեշտաբար կալանքի ժամանակահատվածը չեն դարձնում անօրինական` 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տե՜ս վերոհիշյալ Բենհամը, էջեր 753-54, կետեր 42-47, և Ժեսիուսն ընդդեմ Լիտվայի, թիվ 34578/97, կետ 68, ECHR 2000-IX):

 48. Այնուամենայնիվ, ներպետական իրավունքին համապատասխանությունը բավարար չէ. 5-րդ հոդվածի 1-ին կետը պահանջում է նաև, որ ազատությունից զրկելու ցանկացած դեպքում իրականացվի անձին կամայականությունից պաշտպանելու նպատակը (տե՜ս, ի թիվս այլոց, վերոհիշյալ Վինթերվերպն, կետ 37, վերոհիշյալ Ամուրը, կետ 50, և Վիտհոլդն ընդդեմ Լիտվայի, թիվ 26629/95,կետ 78, ECHR 2000-III): Հիմնարար սկզբունքի համաձայն` կամայական կալանքը չի կարող համատեղելի լինել 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ, և 5-րդ հոդվածի 1-ին կետում «կամայականություն» հասկացությունն ավելին է, քան ներպետական իրավունքին չհամապատասխանելը. ազատությունից զրկելը կարող է ներպետական իրավունքի տեսանկյունից լինել օրինական, բայց միաժամանակ կամայական և Կոնվենցիային ոչ համապատասխան (տե՜ս Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 13229/03, կետ 67, ECHR 2008-…):

 49. Սույն գործի շրջանակներում Դատարանը պետք է առաջին հերթին քննության առնի այն հարցը, թե արդյո՞ք դիմողի կալանքը եղել է«օրինական» և կատարվել է«օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան», ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով: Դատարանը նշում է, որ 2001թ. մարտի 21-ին վիրավորանք հասցնելու համար մասնավոր մեղադրանք է հարուցվել ընդդեմ դիմողի: Այդ արարքը պատժելի է տուգանքով կամ ազատությունը սահմանափակելու պատժամիջոցով (համայնքային ծառայության կարգադրություն): Դիմողը Լեհաստանից հեռացել է 2001թ. հուլիսի 3-ից և դրանից հետո որևէ տեղեկություն չի ունեցել մասնավոր մեղադրանքի կապակցությամբ Կրակով-Սրոդմիսի շրջանային դատարանում սկսված դատավարության մասին: Այնուհետև շրջանային դատարանն ուղարկել է ծանուցագրեր, սակայն դրանց դիմողը չի արձագանքել: 2002թ. հուլիսի 15-ին դատարանը կարգադրել է կալանավորել դիմողին` այն պատճառաբանությամբ, որ նա Լեհաստանում չունի բնակության վայր և ծանուցումներին դիտավորությամբ չարձագանքելով` խուսափում է դատավարությունից: Այնուհետև դատարանը հետախուզում է հայտարարել: 2003թ. հունվարի 3-ին, Լեհաստանի սահմանն անցնելիս, դիմողը ձերբակալվել և կալանքի է վերցվել 2002թ. հուլիսի 15-ի կարգադրության հիման վրա:

 50. Դատարանն այնուհետև նկատում է, որ 2003թ. հունվարի 10-ին Կրակով-Սրոդմիսի շրջանային դատարանը վերացրել է 2002թ. հուլիսի 15-ի կալանավորման կարգադրությունը և այն փոխարինել է կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոցով: Այդ որոշման պատճառաբանության մեջ դատարանը համաձայնել է դիմողի պաշտպանի այն պնդմանը, որ դիմողը չի խուսափել արդարադատությունից և ի պատասխան ծանուցումների չներկայանալը դիտավորություն չի ունեցել: Ուստի ենթադրվում է, որ շրջանային դատարանն ընդունել է, որ իր` 2002թ. հուլիսի 15-ի կալանքի կարգադրությունն այդ առումով խոցելի է եղել:

 51. Ավելին, Դատարանը մեծ կարևորություն է տալիս Կրակովի վերաքննիչ դատարանի նախագահի` 2003թ. փետրվարի 28-ի նամակում շարադրված եզրահանգումներին: Դատարանի նախագահը հստակորեն նշել է, որ կալանավորման կարգադրությունը տված և հետախուզում հայտարարած շրջանային դատարանը սխալ է թույլ տվել ենթադրելով, որ դիմողը խուսափել է արդարադատությունից և դիտավորությամբ չի արձագանքել դատարանի ծանուցումներին: Վերաքննիչ դատարանի նախագահը նշել է, որ շրջանային դատարանը խախտել է քրեական դատավարության օրենսգրքի դրույթները: Մասնավորապես, շրջանային դատարանը գտել է, որ դիմողը խուսափել է արդարադատությունից` չնայած նրան, որ դիմողին երբևէ չի տրամադրվել մասնավոր մեղադրական եզրակացությունը, ինչպես պահանջվում է ՔԴՕ 139-րդ հոդվածի 2-րդ կետով: Ավելին, դիմողը` որպես մեղադրյալ, ՔԴՕ 75-րդ հոդվածին համապատասխան չի տեղեկացվել իր պարտականությունների մասին:

 52. Դատարանը նաև նկատում է, որ Կառավարությունն ընդունել է, որ Կրակովի շրջանային դատարանը սխալ է թույլ տվել ենթադրելով, որ դիմողը խուսափել է արդարադատությունից:

 53. Դատարանը գտնում է, որ Կրակովի շրջանային դատարանը կալանքի կարգադրությունն ընդունելիս ճիշտ չի կիրառել համապատասխան ներպետական օրենսդրությունը (ՔԴՕ 258-րդ հոդվածի 1(1) կետ և ՔԴՕ 259-րդ հոդվածի 4-րդ կետ)` սխալմամբ եզրահանգելով, որ դիմողը, չարձագանքելով ծանուցումներին, խուսափել է արդարադատությունից: Հաշվի առնելով կալանքի կարգադրության թերությունները` Դատարանը գտնում է, որ դիմողի կալանավորումը չի համապատասխանում «օրենքով նախատեսված ընթացակարգին»:

 54. Չնայած վերոհիշյալ եզրահանգումը բավարար է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում արձանագրելու համար, այնուամենայնիվ, Դատարանն օգտակար է համարում քննության առնել նաև այն հարցը, թե արդյո՞ք դիմողի կալանքը զուրկ է եղել կամայականությունից: Կամայականության հարցի առնչությամբ Դատարանը նշում է, որ համապատասխան սկզբունքները վերջերս վկայակոչվել են Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության գործում (տե՜ս վերոհիշյալ կետեր 62-72): Այդ գործում Մեծ պալատը գտել է, որ «կամայականություն» հասկացությունը 5-րդ հոդվածի համատեքստում տարբերվում է որոշակի ծավալով` պայմանավորված տվյալ կալանքի տեսակով: (b), (d) և (c) ենթակետերի համատեքստումկամայականություն» հասկացությունը ներառում է նաև այն հարցի գնահատականը, թե արդյո՞ք կալանքն անհրաժեշտ էր նշված նպատակին հասնելու համար: Անձի կալանքն այնքան ծանր միջոց է, որ արդարացված է միայն որպես ծայրահեղ միջոց, երբ նվազ ծանր միջոցները քննարկվել և անբավարար են համարվել անձի կամ հանրության շահը պաշտպանելու համար, որը կարող է պահանջել տվյալ անձի կալանավորում (տե՜ս վերոհիշյալ Վիտհոլդն ընդդեմ Լիտվայի, կետ 78, Հիլդա Հաֆստեյնդոթիրն ընդդեմ Իսլանդիայի, թիվ 40905/98, կետ 51, 2004թ. հունիսի 8, և Էնհորն ընդդեմ Շվեդիայի, թիվ 56529/00, կետ 44, ECHR 2005-I):

 55. Ըստ Դատարանի` 5-րդ հոդվածի (c) կետին համապատասխան կալանքը պետք է հավասարապես ներառի համաչափության պահանջը: Պետք է վկայակոչել Ամբրուսկեևիչն ընդդեմ Լեհաստանի գործը (թիվ 38797/03, կետեր 29-32, 2006թ. մայիսի 4), որում Դատարանը 5-րդ հոդվածի (c) կետին համապատասխան կալանքի առնչությամբ կիրառել է համաչափության տեստ` պարզելով, արդյո՞ք կալանքը հատկապես անհրաժեշտ է եղել դիմողի ներկայությունը դատաքննությանն ապահովելու համար« և արդյո՞ք մեկ այլ` ավելի մեղմ միջոց բավարար կլիներ այդ նպատակին հասնելու համար: Նմանատիպ տեստ Դատարանը կիրառել է 5-րդ հոդվածի 3-րդ կետի համատեքստում մինչ-դատական վարույթում կալանքի առնչությամբ, երբ քննության է առել ներպետական իշխանությունների կողմից` մինչ-դատական վարույթում կալանքը շարունակելու պատճառների բավարարությունը և համապատասխանությունը պարզելիս (տե՜ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի, թիվ 30210/96, կետեր 110-111, ECHR 2000-XI, և Մաքկեյն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 543/03, կետեր 41-45, ECHR 2006-…):

 56. Սույն գործում Դատարանը նկատել է, որ դիմողը պատշաճ կերպով չի ծանուցվել իր դեմ մասնավոր մեղադրանքի կապակցությամբ հարուցված վարույթի մասին« սակայն Կրակովի շրջանային դատարանը որոշել է պատժել նրան ենթադրաբար արդարադատությունից խուսափելու համար` այնպիսի հանգամանքներում, երբ դիմողը տեղյակ չի եղել իր դեմ հարուցված վարույթի մասին: Դատարանին մտահոգում է նաև շրջանային դատարանի եզրահանգումն առ այն` քանի որ դիմողը չունի բնակության վայր Լեհաստանում, նշանակում է, որ նա խուսափում է արդարադատությունից: Ավելին, դատարանը դիմողի կալանքը կարգադրել է աննշան մասնավոր մեղադրանքի հիման վրա հարուցված գործում, որն առնչվում էր շենքի ադմինիստրատորին ենթադրաբար վիրավորանք հասցնելուն, ինչի համար որպես պատիժ նախատեսված է տուգանք կամ ազատության սահմանափակում (համայնքային ծառայության կարգադրություն): Ճիշտ է, որ դատարանը ՔԴՕ 259-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն իրավասու է նման միջոց կիրառել այն հանցանքների կապակցությամբ, որոնց համար որպես պատիժ նախատեսված է մեկ տարուց նվազ ժամկետով ազատազրկում, սակայն պայմանով, որ դատարանը հաստատված համարի այլ հանգամանքների առկայություն, օրինակ` այն, որ դիմողը խուսափել է արդարադատությունից: Այնուամենայնիվ, սույն գործում շրջանային դատարանի եզրահանգումն այս կապակցությամբ ակնհայտորեն անհիմն է: Ավելին, ինչպես նշվել է վերը, ներպետական իշխանությունները պետք է մշտապես քննարկեն այլ` ավելի մեղմ միջոցների կիրառման հարցը: Ինչպես երևում է, տվյալ դեպքում Կրակովի շրջանային դատարանը` բացի կալանքից« չի քննարկել որևէ այլ խափանման միջոցի կիրառման հարց: Ուստի Դատարանը գտնում է, որ դիմողի նկատմամբ կալանքի կիրառումը նման հանգամանքներում չի կարող համաչափ համարվել դատավարության պատշաճ ընթացքն ապահովելու նշված նպատակին հասնելու համար` հաշվի առնելով ենթադրաբար կատարված հանցագործության մեղմ բնույթը (տե՜ս mutatis mutandis վերոհիշյալ Ամբրուսկեևիչը, կետ 32):

 57. Արդյունքում Դատարանը գտնում է, որ դիմողի կալանքը չի եղել կամայականությունից զերծ:

 58. Հաշվի առնելով վերոհիշյալը` Դատարանը գտնում է, որ 2002թ. հուլիսի 15-ի կալանքի կարգադրության հիման վրա դիմողի կալանքը չի կարող համարվել «օրինական»` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համար: Ուստի տեղի է ունեցել այս դրույթի խախտում` դիմողին 2003թ. հունվարի 3-ից մինչև 2003թ. հունվարի 10-ն ազատությունից զրկելու կապակցությամբ:

 

 II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

 59. Դիմողը, հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 3(a) կետի վրա, պնդել է, որ մինչև 2003թ. հունվարի 13-ին իր ազատ արձակումն ինքն իրեն հասկանալի լեզվով չի տեղեկացվել իր ձերբակալության պատճառների մասին: Դատարանը գտնում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի շրջանակներում է: Այս դրույթը նախատեսում է.

«2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հաuկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մաuին»:

 

A. Ընդունելիություն

 

 60. Դատարանը գտնում է, որ վերոհիշյալ գանգատն ակնհայտ անհիմն չէ` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով: Գանգատն անընդունելի չէ նաև այլ հիմքերով, ուստիև պետք է ընդունելի հայտարարվի:

 

 B. Գործի քննությունն ըստ էության

 

1.    Կողմերի բացատրությունները

 

 61. Դիմողը պնդել է, որ իր կալանավորման ընթացքում իրեն հասկանալի լեզվով չի տեղեկացվել կալանավորման պատճառների մասին և իրեն չի տրամադրվել թարգմանիչ: Նա նշել է, որ ինքը լեհերեն չի հասկանում:

 62. Կառավարությունը նշել է, որ դիմողին մեղադրական եզրակացության ֆրանսերեն թարգմանությունը և այլ համապատասխան փաստաթղթեր տրամադրվել են 2003թ. հունվարի 13-ին` նրան ազատ արձակելիս: Կառավարությունը նշել է նաև, որ դիմողը ձերբակալվելիս տեղեկացվել է կալանքի կարգադրության և հետախուզում հայտարարված լինելու, ինչպես նաև Կրակովի շրջանային դատարանում իր դեմ սկսված դատավարության մասին: Այդ տեղեկությունը« ամենայն հավանականությամբ, նրան է տրամադրվել լեհերենով: Կառավարությունը չի կարող դիմողի ձերբակալման վերաբերյալ ներկայացնել ավելի մանրամասն տեղեկություններ, քանի որ գործում չկան համապատասխան փաստաթղթեր: Վերոհիշյալը հաշվի առնելով` Կառավարությունը ձեռնպահ է մնում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի ենթադրյալ խախտման կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտելուց:

 

 2. Դատարանի գնահատականը

 

 63. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 2-րդ կետը ներառում է այն տարրական երաշխիքը, որ ձերբակալվող յուրաքանչյուր անձ պետք է իմանա, թե ինչի համար է ձերբակալվում: Այս դրույթը 5-րդ հոդվածով տրամադրվող պաշտպանության բաղադրատարրերից է. 2-րդ կետի ուժով ձերբակալված յուրաքանչյուր անձ պետք է պարզ, ոչ տեխնիկական և իրեն հասկանալի լեզվով տեղեկացվի իր ձերբակալման հիմնական իրավական և փաստական հիմքերի մասին, որպեսզի, եթե նպատակահարմար է գտնում, դիմի դատարան` 4-րդ կետին համապատասխան ձերբակալման օրինականությունը վիճարկելու համար: Մինչ այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվի«անհապաղ», դա չի նշանակում, որ այն պետք է ամբողջությամբ տրամադրվի ձերբակալող ոստիկանի կողմից ձերբակալման հենց պահին: Այն հարցը, թե արդյո՞ք տրամադրված տեղեկության բովանդակությունը և անհապաղությունը բավարար են, պետք է գնահատվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերջինիս բնորոշ առանձնահատկություններից ելնելով (mutatis mutandis, Մարեյն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1994թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, Շարքեր A, թիվ 300-A, էջ 31, կետ 72, Կոնկան ընդդեմ Բելգիայի, թիվ 51564/99, կետ 50, ECHR 2002-I):

 64. Սույն գործում, երևում է, որ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող դիմողը ձերբակալման ժամանակ դրա պատճառների և իր դեմ ներկայացված մեղադրանքների մասին տեղեկացվել է լեհերենով: Դատարանը նկատում է, որ ձերբակալման պահին և դրան հաջորդած կալանավորման տասն օրերի ընթացքում դիմողն իրեն հասկանալի լեզվով չի տեղեկացվել իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին: Կառավարությունը չի վիճարկել այս պնդումները: Կառավարությունը նաև չի առարկել այն պնդմանը, որ տեղեկությունը տրամադրվել է ոչ անհապաղ: Ավելին, Կրակովի շրջանային դատարանը, որը որոշել է դիմողին ազատ արձակել 2003թ. հունվարի 13-ին, կարգադրել է, որպեսզի մեղադրական եզրակացությունը և այլ փաստաթղթեր թարգմանվեն ֆրանսերեն և տրամադրվեն դիմողին կալանքից ազատ արձակելիս: Այդ հանգամանքը վկայում է այն մասին, որ իշխանություններն իմացել են, որ դիմողը լեհերենին չի տիրապետում:

 65. Հաշվի առնելով վերոհիշյալը` Դատարանը հաստատված է համարում, որ դիմողն իր ձերբակալման պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով և անհապաղ չի տեղեկացվել մինչև 2003թ. հունվարի 13-ը:

 66. Հետևաբար, այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում:

 

 III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

 67. Դիմողը վիճարկել է 2002թ. հուլիսի 15-ի կալանքի կարգադրության վավերականությունը` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա: Նա նաև պնդել է, որ իր խնդրանքները` թարգմանչի, փաստաբանի կամ Ֆրանսիայի դեսպանության հետ կապ հաստատելու վերաբերյալ, մերժվել են: Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի վրա` դիմողը պնդել է նաև, որ իր տասնօրյա կալանքի ընթացքում իրեն թույլ չի տրվել հանդիպել կալանավայրի տնօրենի կամ իր կնոջ հետ` իր պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:

Դատարանը գտնում է, որ դիմողի գանգատի էությունը վերաբերում է նրան, որ բացակայել է կալանքի կարգադրության նկատմամբ ավտոմատ դատական վերահսկողությունը. ուստի այն պետք է քննվի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա: Այդ դրույթը նախատեսում է.

«Uույն հոդվածի 1-ին կետի (c) ենթակետի դրույթներին համապատաuխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն oրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն...»:

 

 A. Ընդունելիություն

 

 68. Դատարանը գտնում է, որ վերոհիշյալ գանգատն ակնհայտ անհիմն չէ` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով: Գանգատն անընդունելի չէ նաև այլ հիմքերով և ուստի պետք է ընդունելի հայտարարվի:

 

 B. Գործի քննությունն ըստ էության

 

1. Կողմերի բացատրությունները

 

 69. Դիմողը պնդել է, որ 2003թ. հունվարի 3-ին իր ձերբակալումից հետո ինքը չի տարվել դատավորի մոտ, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով:

 70. Կառավարությունն ընդունել է, որ դիմողը 2003թ. հունվարի 13-ին ազատ է արձակվել` առանց դատարանի կողմից անձնապես լսվելու: Այնուամենայնիվ, դիմողի շահերը կալանքի հետ կապված վարույթում պատշաճ կերպով ներկայացրել է նրա կնոջ կողմից նշանակված պաշտպանը: Պաշտպանը ներկա է եղել Կրակովի շրջանային դատարանի նիստին, որում կարգադրվել է դիմողին ազատ արձակել 2000թ. հունվարի 10-ին: Հաշվի առնելով վերոհիշյալը` Կառավարությունը ձեռնպահ է մնացել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ենթադրյալ խախտման կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտելուց:

 

2. Դատարանի գնահատականը

 

 71. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետը կառուցվածքային առումով վերաբերում է երկու առանձին հարցերի. ձերբակալմանը հաջորդող վաղ փուլերին, երբ անձն անցնում է իշխանությունների հսկողության տակ, և այն ժամանակահատվածին, երբ քրեական դատարանում ընթանում է քրեական գործով դատավարությունը, որի ընթացքում մեղադրյալը կարող է մնալ կալանքի տակ կամ ազատ արձակվել առանց նախապայմանների: Այս երկու հատվածներն առնչվում են առանձին իրավունքների և առերևույթ միմյանց հետ տրամաբանորեն կամ ժամանակավորապես կապված չեն (տե՜ս Տ. Վ.-ն ընդդեմ Մալթայի, թիվ 25644/94, կետ 49, 1999թ. ապրիլի 29, և վերոհիշյալ Մաքկեյը, կետ 31):

 72. Անդրադառնալով առաջին հատվածի հիման վրա սկզբնական փուլին` Դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ քրեական հանցագործության կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է պաշտպանված լինի դատական վերահսկողության միջոցով: Նման վերահսկողության նպատակն է արդյունավետ երաշխիք ապահովել ընդդեմ վատ վերաբերմունքի, որն այս վաղ փուլում մեծ հավանականություն ունի, և ընդդեմ իրավակիրառ սուբյեկտների կողմից իշխանության չարաշահման: Դատական վերահսկողությունը պետք է բավարարի անհապաղության և ավտոմատության պահանջները (տե՜ս վերոհիշյալ Մաքկեյը, կետ 32):

 73. Ձերբակալվածի` առաջին անգամ ներկայանալիս« դատական վերահսկողությունը պետք է ամենից առաջ լինի անհապաղ, որպեսզի հնարավոր լինի կանխել վատ վերաբերմունքը և նվազագույնի հասցնել անձի ազատությանը չարդարացված միջամտությունը: Այս պահանջով սահմանված հստակ ժամանակային պահանջը թույլ չի տալիս դրա ճկուն մեկնաբանություն, այլապես դատավարական երաշխիքը լրջորեն կթուլանա ի վնաս անձի և կվտանգվի այս դրույթով պաշտպանվող իրավունքի բուն էությունը (տե՜ս Բրոգանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1998թ. նոյեմբերի 29-ի վճիռ, Շարքեր A թիվ 145-B, կետ 62, որտեղ չորսօրյա կալանքի ընթացքում դատավորի մոտ չտարվելը գնահատվել է որպես 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում` նույնիսկ ահաբեկչական հետաքննության հատուկ համատեքստում):

 74. Դատարանն ընդգծում է, որ վերահսկողությունը պետք է լինի ավտոմատ և չի կարող կախված լինել կալանավորված անձի դիմումից. այս կապակցությամբ պետք է տարբերել 5-րդ հոդվածի 4-րդ կետից, որը կալանավորված անձին իրավունք է վերապահում դիմելու ազատ արձակելու խնդրանքով: Վերահսկողության ավտոմատ բնույթն էական նշանակություն ունի այս կետի նպատակն իրականացնելու համար. անձը, ում նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվում« ամենայն հավանականությամբ« անկարող է դիմել դատավորին` իր կալանքի հարցը վերանայելու խնդրանքով. ասվածը կարող է ճիշտ լինել նաև ձերբակալված անձանց այլ խոցելի խմբերի համար, մասնավորապես, հոգեկան հիվանդությամբ տառապողների կամ դատավարության լեզվին չտիրապետող անձանց (տե՜ս, ի թիվս այլոց, Աքվիլինան ընդդեմ Մալտայի, թիվ 25642/94, կետ 49, ECHR 1999-III, Նիդբալան ընդդեմ Լեհաստանի, թիվ 27915/95, կետ 50, 2000թ. հուլիսիև վերոհիշյալ Մաքկեյը, կետ 34):

 75. Սույն գործում Դատարանը նկատում է, որ Կրակովի շրջանային դատարանը 2002թ. հուլիսի 15-ին կարգադրել է դիմողի կալանքը` առանց նրան լսելու: Կալանքի կարգադրության մեջ նշվել է, որ ձերբակալվելիս դիմողը պետք է տեղեկացվի այդ կարգադրությունը բողոքարկելու իր իրավունքի մասին: Դիմողը ձերբակալվել է 2003թ. հունվարի 3-ին և հետագայում կալանքի տակ է պահվել այդ կարգադրության հիման վրա: Դատարանը նկատում է, որ հանցագործություն կատարած լինելու ողջամիտ կասկածանքի հիման վրա դիմողի ձերբակալմանը չի հետևել նրա կալանքի նկատմամբ ավտոմատ դատական վերահսկողությունը: Այնպիսի հանգամանքներում, ինչպիսին սույն գործի հանգամանքներն են, երբ դիմողը ձերբակալվել է իր բացակայությամբ կայացված կալանքի կարգադրության հիման վրա, ներպետական օրենսդրությունը չի նախատեսում նման սկզբնական ավտոմատ վերահսկողություն և այն կախվածության մեջ է դնում կալանավորված անձի կողմից այդ կապակցությամբ դիմելուց: Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը չի նախատեսում որևէ հնարավոր բացառություն այն պահանջից, որ անձը ձերբակալվելիս կամ կալանավորվելիս պետք է անհապաղ բերվի դատավորի կամ այլ պաշտոնյայի մոտ: Այլ մոտեցումը կհակասի այս դրույթի նշանակությանը (տե՜ս Հարքմանն ընդդեմ Էստոնիայի, թիվ 2192/03, կետ 38, 2006թ. հուլիսի 11): Դատարանը նաև նկատում է, որ դիմողի կալանավորման օրինականության նկատմամբ վերահսկողությունը նախաձեռնել է դիմողը` իր պաշտպանի միջոցով, 2003թ. հունվարի 9-ին: Կառավարության փաստարկն առ այն, որ դիմողի շահերը պատշաճորեն ներկայացված են եղել այդ դատական վարույթում, ակնհայտորեն անբավարար են` 5-րդ հոդվածի 3-րդ կետի տառացի իմաստի լույսի ներքո («անհապաղ պետք է տարվի դատավորի մոտ»):

 76. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:

 

 IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ` ԿԱՊՎԱԾ ԴԻՄՈՂԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՁԳՁԳՄԱՆ ՀԵՏ

 

 77. Դատարանն իր նախաձեռնությամբ քննության առավ նաև գանգատը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա` կապված դիմողին ազատ արձակելու վերաբերյալ 2003թ հունվարի 10-ի որոշման կատարումը ձգձգելու հետ: Այդ դրույթը նախատեսում է.

«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.

 (c) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով»։

 

A. Ընդունելիություն

 

 78. Դատարանը գտնում է, որ վերոհիշյալ գանգատն ակնհայտ անհիմն չէ` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով: Գանգատն անընդունելի չէ նաև այլ հիմքերով« ուստիև պետք է ընդունելի հայտարարվի:

 

 B. Գործի քննությունն ըստ էության

 

1. Կողմերի բացատրությունները

 

 79. Դիմողը նշել է, որ իրեն ազատ արձակելու վերաբերյալ 2003թ. հունվարի 10-ի որոշումը նույն օրը ֆաքսով ուղարկվել է Միդզիրզեկսի կալանավայրերի կենտրոն: Կենտրոնի ղեկավարությունը մերժել է նրան ազատ արձակել այդ հիմքով և պահանջել է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակը: Դիմողը փաստարկել է, որ հաջորդ երեք օրերի ընթացքում նա անօրինականորեն զրկված է եղել ազատությունից, քանի որ չի եղել իր կալանքի համար հիմք հանդիսացող որևէ որոշում: Ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 80. Կառավարությունն ընդունել է, որ դիմողը երեք օր ավելի է գտնվել կալանքի տակ: Նա ազատ է արձակվել 2003թ. հունվարի 13-ին, քանի որ կալանավորման կենտրոնը մերժել է նրան ազատ արձակել ֆաքսով իրեն ուղարկված` 2003թ. հունվարի 10-ի կարգադրության պատճենի հիման վրա: Հաշվի առնելով վերոհիշյալը` Կառավարությունը ձեռնպահ է մնացել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտելուց:

 

2. Դատարանի գնահատականը

 

 81. Դատարանը կրկնում է, որ կալանավորված անձին ազատ արձակելու գործընթացում որոշ ձգձգումներ հասկանալի են և երբեմն անխուսափելի` պայմանավորված գործնական նկատառումներով` կապված դատարանների հետ, և որոշ ձևականություններով: Այնուամենայնիվ, ներպետական իշխանությունները պետք է փորձեն դա հասցնել նվազագույնի (տե՜ս Քուինն ընդդեմ Ֆրանսիայի, 1995թ. մարտի 22-ի վճիռ, Շարքեր A թիվ 311, էջ 17, կետ 42, Ջուլիա Մանզոնին ընդդեմ Իտալիայի, 1997թ. հուլիսի 1-ի վճիռ, Զեկույցներ 1997-IV, էջ 1191, կետ 25, Կ.-Ֆ.-ն ընդդեմ Գերմանիայի, 1997թ. նոյեմբերի 27-ի վճիռ, Զեկույցներ 1997-VII, էջ 2675, կետ 71, Մանսինին ընդդեմ Իտալիայի, թիվ 44955/98, կետ 24, ECHR 2001-IX): Դատարանը կրկնում է, որ ազատ արձակելու հետ կապված վարչարարական ձևականությունները չեն կարող արդարացնել մի քանի ժամը գերազանցող կալանքը (տե՜ս վերոհիշյալ Լաբիտան, Նիկոլովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 38884/97, կետ 82, 2003թ. հունվարի 30, և Գեբուրան ընդդեմ Լեհաստանի, թիվ 63131/00, կետ 34, 2007թ. մարտի 6):

 82. Սույն գործում Կրակովի շրջանային դատարանը դիմողի ազատ արձակումը կարգադրել է 2003թ. հունվարի 10-ին: Այնուամենայնիվ, Միդզիրզեկսի կալանավայրերի կենտրոնը մերժել է կատարել կարգադրությունը` դատարանի կողմից ֆաքսով ուղարկված այդ փաստաթղթի պատճենի հիման վրա« և պահանջել է ներկայացնել դրա բնօրինակը: 2003թ. հունվարի 10-ին դատարանը կարգադրել է փոստով ուղարկել համապատասխան փաստաթղթերը: Կառավարությունը չի ճշգրտել, թե փաստաթղթերը երբ են ստացվել կալանավայրերի կենտրոնում: Դիմողն ազատ է արձակվել 2003թ. հունվարի 13-ին` շրջանային դատարանի կարգադրությունից երեք օր անց:

 83. Դատարանը կրկնում է, որ ինքը կալանավորին ազատ արձակելու ժամանակ տեղ գտած ձգձգումների վերաբերյալ գանգատը պետք է քննության առնի հատուկ զգոնությամբ (տե՜ս վերոհիշյալ Նիկոլովը, կետ 80): Դատարանի կարծիքով` դիմողին ազատ արձակելու հետ կապված վարչարարական ձևականությունները կարող էին և պետք է իրականացվեին ավելի արագ: Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ ազատության իրավունքի հսկայական կարևորությունն իշխանություններին պարտավորեցնում է վերացնել պետությանն առնչվող կազմակերպչական թերությունները, որոնք կարող են ազատությունից անհիմն կերպով զրկելու առիթ հանդիսանալ (տե՜ս վերոհիշյալ Գեբուրան, կետ 35): Սույն գործում, Դատարանը գտնում է, որ դիմողին ազատ արձակելու հետ կապված վարչարարական ձևականությունները չեն հասցվել նվազագույնի, ինչպես պահանջվում է համապատասխան նախադեպային իրավունքով:

 84. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

 V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

 85. Դիմողը նաև վիճարկել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, քանզի իր դեմ քրեական գործի վարույթի արդյունքում չի հաստատվել իր մեղքը: Նա նաև վիճարկել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում առ այն, որ իր կալանքի պատճառով ստիպված է եղել բաժանվել իր ընտանիքից« և իր ընտանիքը կրել է իր կալանքի բացասական հետևանքները: Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում նա չի ստացել որևէ տեղեկություն իր ընտանիքի մասին:

 86. Դատարանը նկատում է, որ առաջադրված մեղադրանքի կապակցությամբ դիմողն արդարացվել է: Ավելին, նա չի վիճարկել, որ իր դեմ հարուցված վարույթում եղել է որոշում կամ պետական պաշտոնյայի հայտարարություն, որը կարող էր խախտել անմեղության կանխավարկածը (տե՜ս Գարիցկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 14348/02, կետ 66, 2007թ. փետրվարի 6): Ուստի Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա նրա գանգատի կապակցությամբ որևէ խնդիր չի ծագում:

 87. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա հիմնված գանգատին, ապա Դատարանը գտնում է, որ այդ գանգատը ածանցյալ է և արդյունք է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա տվյալ գործում ծագած հիմնական խնդիրների: Հաշվի առնելով 5-րդ հոդվածի կապակցությամբ իր եզրահանգումները` Դատարանը գտնում է, որ անկախ գանգատի անընդունելիության այլ հիմքերից, դիմողը չի հիմնավորել 8-րդ հոդվածի վրա հիմնված գանգատն այլ հիմքերով, քան 5-րդ հոդվածի վրա հիմնված գանգատը: Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

 

 VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈւՄԸ

 

 88. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իuկ համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մաuնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

A.   Վնասը

 

 89. Դիմողը նյութական վնասի առնչությամբ պահանջել է 500 եվրո` այն հիմքով, որ անօրինական կալանքի արդյունքում նա չի կարողացել իրականացնել իր մասնագիտական գործունեությունը Ֆրանսիայում: Ոչ նյութական վնասի առնչությամբ նա պահանջել է 10.000 եվրո: Այս կապակցությամբ նա պնդել է, որ ինքն ապօրինաբար ազատությունից զրկված վիճակում եղել է 10 օր` առանց իմանալու կալանքի պատճառների մասին և առանց դատավորի մոտ տարվելու: Ի լրումն դրա, նա տեղյակ չի եղել իր ընտանիքի վիճակի մասին: Դիմողի կինը պահանջել է 5000 եվրո` ոչ նյութական վնասի առնչությամբ:

 90. Կառավարությունը նյութական վնասի առնչությամբ նշել է, որ այդ կապակցությամբ չի կարող մեկնաբանություններ ներկայացնել, քանի որ դիմողը չի ներկայացրել փաստաթղթեր Ֆրանսիայում իր ամսական միջին եկամտի վերաբերյալ: Կառավարությունը ոչ նյութական վնասի դիմաց պահանջվող գումարը համարել է չափազանցված: Կառավարությունը Դատարանին առաջարկել է ընդունել, որ իրավախախտման փաստի ճանաչումն ինքնին բավարար է դիմողի կրած ոչ նյութական վնասը հատուցելու համար: Որպես այլընտրանք` Կառավարությունը Դատարանին խնդրել է այս կապակցությամբ որոշում կայացնել նմանատիպ գործերում իր նախադեպային իրավունքին համապատասխան և հաշվի առնելով իրենց երկրի տնտեսական հանգամանքները: Դիմողի կնոջ պահանջի կապակցությամբ Կառավարությունը նշել է, որ նա սույն գործում դիմող չի հանդիսանում:

 91. Դատարանը մերժում է նյութական վնասի վերաբերյալ դիմողի պահանջը, քանի որ նա որևէ փաստաթուղթ չի ներկայացրել Ֆրանսիայում իր եկամուտների վերաբերյալ: Մյուս կողմից« Դատարանն ընդունել է, որն դիմողը կրել է ոչ նյութական վնաս և իրավախախտման փաստի ճանաչումն ինքնին բավարար չէ այդ վնասը հատուցելու համար: Հաշվի առնելով սույն գործում արձանագրված իրավախախտումների քանակն ու բնույթը, մասնավորապես այն փաստի արձանագրումը, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում« Դատարանը տրամադրում է պահանջված ամբողջ գումարը: Դատարանը մերժել է դիմողի կնոջ պահանջը, քանզի նա սույն գործով դիմող չէր:

 

 B. Ծախսեր և ծախքեր

 

 92. Դիմողը պահանջել է 1.196 եվրո, ներառյալ ԱԱՀ-ն` Դատարանում կրած ծախսերի և ծախքերի դիմաց:

 93. Կառավարությունը նշել է, որ տրամադրվող գումարը պետք է սահմանափակվի փաստացիորեն և անհրաժեշտաբար կատարված ծախսերով և ծախքերով:

 94. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողն իրավունք ունի իր ծախսերի և ծախքերի հատուցման այնքանով, որքանով այդ ծախսերը կատարվել են փաստացիորեն և անհրաժեշտաբար, և իրենց չափով ողջամիտ են: Դատարանը նկատում է, որ դիմողին Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվել է 850 եվրո` որպես իրավաբանական օգնություն: Սույն գործում հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը և վերոհիշյալ չափորոշիչը` Դատարանը ողջամիտ է համարում դիմողի պահանջած ողջ գումարի տրամադրումը, որը նվազեցվում է Եվրոպայի խորհրդի կողմից որպես իրավաբանական օգնություն տրամադրված գումարով: Ուստի Դատարանը տրամադրում է 346 եվրո` ծախսերի և ծախքերի դիմաց:

 

 C. Տոկոսներ` չվճարելու դեպքում

 

 95. Դատարանը գտնում է, որ չվճարելու դեպքում պետք է վճարվեն տոկոսներ` հիմնված Եվրոպական կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վրա, որը պետք է ավելացվի երեք տոկոսանոց կետով:

 

 ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1.    Ընդունելի է հայտարարում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա հիմնված գանգատը` կապված 2003թ. հունվարի 3-ից հունվարի 10-ը դիմողին ազատությունից զրկելու անօրինականության հետ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի վրա հիմնված գանգատը` կապված դիմողին իր ձերբակալության պատճառների մասին չհայտնելու հետ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա հիմնված գանգատը` կապված դիմողի կալանքի նկատմամբ ավտոմատ վերահսկողության բացակայության հետ, և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գանգատը` կապված 2003թ. հունվարի 10-ից մինչև հունվարի 13-ը դիմողի ազատ արձակումը ձգձգելու հետ, և անընդունելի` դիմողի գանգատի մնացած մասը,

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված 2003թ. հունվարի 3-ից հունվարի 10-ը դիմողին ազատությունից զրկելու հետ,

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում,

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում,

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված 2003թ. հունվարի 10-ից մինչև հունվարի 13-ը դիմողի ազատ արձակումը ձգձգելու հետ,

6. Վճռում է,

(a) որ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սույն վճռի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է դիմողին որպես ոչ նյութական վնասի հատուցում վճարի 10.000 եվրո և 346 եվրո` ծախսերի ու ծախքերի դիմաց, դրան գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել,

 (b) որ վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարումը վերոհիշյալ գումարներին պետք է հավելվի սովորական տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքով, որը պետք է ավելացվի երեք տոկոսանոց կետով:

7. Մերժում է դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերենով և ծանուցված է 2008թ. մարտի 18-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան