ԲԻՍԵՐ ԿՈՍՏՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2012թ. հունվարի 10-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմողը ծնվել 1951թ. և ապրում է Յամբոլում:
A. 2004թ. ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպը
7. 2004թ. ապրիլի 21-ին մոտավորապես ժամը 9-ին Յամբոլ քաղաքի ոչ մեծ սուպերմարկետում առևտուր անելիս դիմողը կանգնեցվել է սուպերմարկետի աշխատակիցների կողմից՝ փոքր օղու շիշ գողանալու կասկածանքով: Շշի արժեքը եղել է 1,2 բուլղարական լեվս, մոտ 61 ցենտին համարժեք: Սուպերմարկետի աշխատակիցները տարել են դիմողին սուպերմարկետի հետնամասում գտնվող իրենց գրասենյակ և թողել նրան կառավարչի՝ Ս.Ֆ.-ի մոտ: Սուպերմարկետի սեփականատեր Փ. Դ.-ն նույնպես տեղեկացվել է այդ մասին և եկել սուպերմարկետ մինչև ոստիկանության ժամանումը:
8. Սակայն ինչ-որ մեկը զանգահարել էր ոստիկանություն ու տեղեկացրել, որ սուպերմարկետում գողություն է կատարվել:
9. Ըստ դիմողի` նրա գնումների զամբյուղը խուզարկվել է և առգրավվել, ապա նրան մեղադրել են գողության մեջ, Ս. Ֆ.-ն բռունցքներով հարվածել է նրա դեմքին, վայր գցել և սկսել է հարվածել նրա կրծքավանդակին` մինչ դիմողը բղավում և խնդրում էր դադարեցնել այդ: Երբ Ս.Ֆ.-ն դադարել է հարվածելը, դիմողը կարողացել է կանգնել և հայտնաբերել, որ իր գումարի մի մասը չկա: Երբ նա խնդրել է վերադարձնել իր գումարը, ինչպես նաև իր ակնոցները, որոնք ընկել էին ծեծկռտուքի ժամանակ, Ս.Ֆ.-ն կրկին հարվածել է բռունցքներով նրա գլխին և նրան վայր գցել, որից հետո Փ.Դ.-ն ևս հարվածել է նրան մի քանի անգամ և ասել, որ նրա նման մարդիկ վնասում են իր բիզնեսը:
10. Քիչ անց, ժամանել են երկու ոստիկաններ և հայտնաբերել դիմողին պատի մոտ` Ս.Ֆ.-ի և Փ.Դ.-ի ներկայությամբ: Վերջինս ելքի դռնից հեռացել էր ոստիկանների ժամանումից անմիջապես հետո:
11. Ըստ դիմողի հետագա քննության ընթացքում արած հայտարարությունների` նա ասել էր ոստիկանության աշխատակիցներին, որ իրեն ծեծել են երկու տղամարդիկ, և որ ինքը բժշկական օգնության կարիք ունի: Նա նաև հայտարարել էր, որ դեպքից հետո հազիվ էր կարողանում քայլել, և ոստիկանության աշխատակիցները նրան օգնել են հասնելու ոստիկանության մեքենայի մոտ: Քննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները նշել են, որ ժամանելուն պես իրենք դիմողի կողմից տեղեկացվել են ծեծի մասին: Նրանք հերքել են դիմողի պնդումներն առ այն, որ նա բժշկական օգնություն է պահանջել, և հաստատել են, որ նա կարողացել է ինքնուրույն քայլել:
12. Ոստիկանները տարել են դիմողին ոստիկանության բաժանմունք, որպեսզի պարզեն գողության հանգամանքները: Գործով պատասխանատու ոստիկանության սպային հանդիպելու նպատակով սպասասրահում սպասելիս դիմողը սուր ցավ է զգացել և հեռացել է՝օտար անձի խնդրելով իրեն տուն տանել:
13. Այնուհետև երկու ոստիկաններ գնացել են դիմողի տուն: Նրանք տեսել են, որ նա նստած է բազմաբնակարան շենքի առջև դրված նստարանին և ուղեկցել են նրան բնակարան: Այնտեղ դիմողն ստորագրել է գողության հետ կապված արձանագրություն: Քննության ընթացքում ոստիկաններից մեկը հայտնել է, որ քանի դեռ ոստիկանության աշխատակիցները գտնվել են նրա բնակարանում դիմողը պառկել էր մահճակալին և հիվանդ տեսք ուներ:
14. Ոստիկանների հեռանալուց հետո դիմողն իրեն շատ վատ էր զգացել, և նրա կինը կանչել էր շտապօգնության մեքենա:
B. Դիմողի առողջական վիճակը
15. Նույն օրը դիմողը ընդունվել է Յամբոլի հիվանդանոցի բաժանմունք, որտեղ պարզվել է, որ նրա հինգ կողերը կոտրված էին, ուներ երկկողմ պնևմոթորաքս, մարմնի վերին մասում ենթամաշկային թոքաթքանք և գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջանում կապտուկներ:
16. Երկու օր անց՝ 2004թ. ապրիլի 23-ին դիմողը տեղափոխվել է Ստարա Զագորա հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել էր մի շարք հետազոտությունների: Ըստ բժշկական եզրակացության` նրա տասը կողերը կոտրված էին, նա ուներ երկկողմ պնևմոթորաքս, մարմնի վերին մասում ենթամաշկային թոքաթքանք, կրծքավանդակի երկկողմ արյունազեղ ուռուցքներ (հեմատոմաներ), մեծ արյունազեղ ուռուցք գոտկատեղի շրջակայքում, ինչպես նաև երկկողմ արյունազեղ ուռուցքներ: 2004թ. ապրիլի 28-ին նա ենթարկվել է որովայնային ուլտրաձայնային սկանի, ինչի արդյունքում պարզվել է երիկամների ֆունկցիոնալ փոփոխությունների երկկողմ պլեվրիտ:
17. Դիմողը ենթարկվել է մի շարք բժշկական հետազոտությունների, ներառյալ, inter alia, լանջաթաղանթի շրջակայքից 200 մլ հեղուկի հեռացման համար պլևրոցենտոզի:
18. Դիմողը դուրս է գրվել 2004թ. մայիսի 5-ին՝ ստանալով քառասունհինգօրյա անաշխատունակության թերթիկ:
19. 2004.թ մայիսի 14-ին դիմողը ենթարկվել է կրծքի և թոքերի հետազոտության: Իր եզրակացությունում բժիշկը նշել է, մասնավորապես, տասը կողոսկրերի հին կոտրվածքները և թոքային ֆիբրոսը: 2004թ. հունիսի 4-ի հերթական ստուգման ժամանակ բժիշկները վերահաստատել են այդ եզրակացությունները:
C. Քրեական քննություն
20. 2004թ. ապրիլի 21-ի կեսօրին Յամբոլի հիվանդանոցի ղեկավարները տեղեկացրել են ոստիկանությանը դիմողին ընդունելու և նրա վիճակի մասին: Ոստիկանության աշխատակիցներից մեկը մեկնել հիվանդանոց, սակայն չի կարողացել տեսնել դիմողին, քանի որ վերջինս լուրջ առողջական խնդիրներ ուներ:
21. Հաջորդ օրը՝ 2004թ. ապրիլի 22-ին, նույն ոստիկանն այցելել է դիմողին` հիվանդանոցում: Այս անգամ դիմողը կարողացել էր հաղորդակցվել նրա հետ, և տեղեկացրել է, որ իրեն ծեծել են երկու տղամարդիկ` սուպերմարկետում, որոնց նա կարող է ճանաչել:
22. Նույն օրը հետաքննություն (дознание) էր սկսվել անհայտ հանցագործների դեմ:
23. 2004թ. ապրիլի 23-ին դիմողի կինը պաշտոնական բողոք է ներկայացրել Յամբոլի ոստիկանության բաժանմունք՝ նկարագրելով իրադարձությունները, և խնդրել, որ նրանք քննչական գործողություններ սկսեն պատասխանատու անձանց նկատմամբ:
24. 2004թ. ապրիլի 23-ի և մայիսի 18-ի միջև ընկած ժամանակահատվածում ոստիկանության քննիչը հարցաքննել է Փ.Դ.-ին և Ս. Ֆ.-ին ու սուպերմարկետի երկու աշխատակիցներին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին, ովքեր եղել են դեպքի վայրում, և ոստիկանության սպաներին, ովքեր այցելել էին դիմողին հիվանդանոցում, և դիմողին: Ոստիկանները, ովքեր եղել էին սուպերմարկետում, հայտարարել են, որ դիմողի վրայից ալկոհոլի հոտ էր գալիս, և նա ասել էր նրանց, որ իրեն ծեծել են, սակայն նրա մարմնի վրա բռնության որևէ տեսանելի նշան չի եղել: Նրանք նաև հայտարարել են, որ նա կարողացել է քայլել ինքնուրույն և չի դիմել բժշկի օգնությանը: Ս.Ֆ.-ն հայտարարել է, որ մինչ ինքը ոստիկանություն էր ահազանգում, դիմողը փորձել է դուրս գալ սենյակից: Ս.Ֆ.-ն դրել էր իր ձեռքը դիմողի կրծքավանդակին` նրան կանգնեցնելու համար, իսկ վերջինս հարվածել էր դռանը: Նա հերքել է, որ ծեծել է դիմողին, և պնդել է, որ դիմողը հարբած էր և սպառնում էր նրան: Փ.Դ.-ն հայտարարել է, որ այն ժամանակ, երբ նա ժամանել էր սուպերմարկետ, Ս.Ֆ.-ն և դիմողն իրոք եղել են հետևի սենյակում, սակայն դիմողը հարբած էր և չուներ որևէ վնասվածք: Նա հերքել է, որ հարվածել է դիմողին: Նա նաև ավելացրել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել դիմողի և Ս.Ֆ.-ի միջև մինչև իր ժամանումը: Դիմողը մանրամասն նկարագրել է իրադարձությունները, թեև նա հայտարարել է, որ կրած ցնցակաթվածի պատճառով որոշակի պահերի հետ կապված ունի աղոտ հիշողություններ:
25. Մայիսի 18-ին ոստիկանության քննիչը հանձնարարել է դատաբժշկական հետազոտություն անցկացնել, որի վերաբերյալ եզրակացությունը ներկայացվել է 2004թ. մայիսի 23-ին: Այն վերահաստատել է դիմողի` հիվանդանոցում կատարված հետազոտության վերաբերյալ եզրակացության մեջ պարունակվող տեղեկատվությունը: Փորձագետը եզրակացրել է, որ դիմողի վնասվածքները կարող էին պատճառվել նրա իսկ կողմից նկարագրված կերպ, այն է՝ հարվածելով, սակայն ոչ այն ձևով, ինչպես հայտնել էր Ս.Ֆ.-ն:
26. Քննիչը 2004թ. մայիսի 25-ին կազմակերպել էր առերեսում, որի ընթացքում դիմողը ճանաչել էր սուպերմարկետի վարիչին` Ս.Ֆ.-ին և սեփականատիրոջը՝ Փ.Դ.-ին որպես այն անձանց, ովքեր ծեծել էին իրեն:
27. 2004թ. մայիսի 27-ին դիմողը հարցաքննվել է Յամբոլի շրջանային դատարանի դատավորի կողմից: Նա վերահաստատել էր իրադարձությունների իր նկարագրությունը և ասել է, որ ինքը քաղաքացիական հայց կներկայացնի ենթադրյալ հանցագործների դեմ վարույթի ընթացքում:
28. 2004թ. հունիսի 2-ին Ս.Ֆ.-ն հարցաքննվել է որպես կասկածյալ (уличен): Նա որոշել էր լռություն պահպանել: Նույն օրը ոստիկանության քննիչն ամփոփել էր ոստիկանության հետաքննությունը և փոխանցել գործը Յամբոլի շրջանային դատախազություն՝ եզրակացնելով, որ Ս.Ֆ.-ն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության դիմողին մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Ինչպես պարզ է դառնում, որևէ մեղադրանք չէր հարուցվել Փ.Դ.-ի նկատմամբ:
29. 2004թ. հունիսի 8-ին Յամբոլի շրջանային դատախազության գլխավոր դատախազ Ռ.Լ.-ն դադարեցրել էր Ս.Ֆ.-ի դեմ վարույթը՝ գտնելով, որ չկան բավարար ապացույցներ, որ նա և Փ.Դ.-ն ծեծել են դիմողին: Դատախազը հայտարարել է, մասնավորապես, որ դիմողի` իրադարձություների նկարագրությունը հակասական էր: Նա այս առումով նշել էր երկու կետ: Առաջին՝ դիմողը չի տեղեկացրել ոստիկաններին, որ իրեն անհրաժեշտ է բժշկական օգնություն: Երկրորդ՝ չնայած նրա հայտարարությունների առ այն, որ նրա գլխին բռունցքներով հարվածել են երկու անգամ, ականատեսները չեն արձանագրել որևէ վնասվածք, և բժիշկները, ովքեր զննել են դիմողին, իրենց զեկույցներում չեն արձանագրել նմանատիպ վնասվածքներ: Նա նաև ավելացրել էր, որ ի լրումն` դիմողն ուներ աղոտ հիշողություններ դեպքի վերաբերյալ:
30. Անհայտ ամսաթվին դիմողը դիմել է դատարան: Նա պնդել էր, որ ինքը տեղեկացրել էր ոստիկաններին իրեն ծեծելու մասին, և որ իր վնասվածքները տեսանելի էին դարձել ավելի ուշ: Նա նաև վիճարկել է դատախազի` իրադարձությունների վերաբերյալ վարկածը, ըստ որի` դիմողը կարող էր ինքն իրեն այդ վնասվածքները հասցնել:
31. 2004թ. հուլիսի 2-ին Յամբոլի շրջանային դատարանը կարճել է դատախազի որոշումը` որպես անհիմն և գործն ուղարկել հետագա քննության: Դատավոր Դ.Ս.-ն գտել է, որ առկա է էական հիմնավոր ապացույց առ այն, որ դիմողը ծեծի է ենթարկվել սուպերմարկետում երկու տղամարդկանց կողմից: Ինչ վերաբերում է դատախազի եզրակացությանը՝ դատարանը նշել է, որ դեպքից անմիջապես հետո դիմողը տեղեկացրել էր ոստիկաններին, որ իրեն ծեծել են երկու անձինք, իսկ ավելի ուշ նա ճանաչել էր նրանց, և որ գլխին հասցված հարվածներն արձանագրվել էին բժշկական փաստաթղթերում, ըստ որոնց, inter alia, դիմողի մոտ հայտնաբերվել էր մարմնի վերին մասում ենթամաշկային թոքաթքանք և գլխի կոնտուզիա: Դատարանը նաև հատուկ անդրադարձել էր փորձագետի զեկույցին, ըստ որի` դիմողի վնասվածքները կարող էին պատճառվել դիմողի կողմից նկարագրված կերպ, այն է՝ հարվածների միջոցով, սակայն ոչ Ս.Ֆ.-ի կողմից նկարագրված ձևով:
32. 2004թ. հուլիսի 15-ին դատախազը քննիչին հանձնարարել է, հարցաքննել ոստիկանության աշխատակիցներին, ովքեր տեսել են դիմողին ոստիկանական բաժանմունքում, պարզելու համար, թե արդյոք դիմողն ունեցել է տեսանելի վնասվածքներ բժշկական օգնության դիմելու համար, կարողացել է, արդյոք ինքնուրույն քայլել, և արդյոք նա խմիչքի ազդեցության տակ էր եղել: 2004թ. հուլիսի 19-ին և 16-ին ոստիկանության քննիչը հարցաքննել է մի քանի աշխատակիցների: Վկաները հայտարարել են, մասնավորապես, որ դիմողը կարողացել է ինքնուրույն քայլել և չուներ որևէ տեսանելի վնասվածք:
33. 2004թ. հուլիսի 20-ին ոստիկանության քննիչն ամփոփել է քննությունը և գործը փոխանցել դատախազություն հայտնելով այն եզրահանգումը, որ Ս.Ֆ.-ն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության դիմողին մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
34. 2004թ. հուլիսի 22-ին դատախազ Ռ.Լ.-ն կրկին կարճել էր Ս.Ֆ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը՝ կրկին պատճառաբանելով, որ չնայած լրացուցիչ քննչական միջոցառումներին առկա չեն ապացույցներ առ այն, որ ենթադրյալ հանցագործները ծեծել են դիմողին: Նա հայտարարել է, մասնավորապես, որ դիմողը չէր դիմել բժշկական օգնության և չուներ տեսանելի վնասվածքներ:
35. Դիմողը բողոքարկել էր այդ որոշումը՝ հայտնելով, որ դատախազը չի ուսումնասիրել կարևոր ապացույցներ: Նա նաև պնդել է, որ հավաքված մեղադրական ապացույցները ոչ միայն Ս.Ֆ.-ի, այլև Փ.Դ.-ի դեմ էին:
36. 2004թ. հոկտեմբերի 4-ին Յամբոլի շրջանային դատարանը վերացրել էր 2004թ. հուլիսի 22-ի որոշումը և գործն ուղարկել քննության: Դատավոր Գ.Կ.-ն նշել է, մասնավորապես, որ դիմողը հայտնել էր ոստիկանության աշխատակիցներին, որ իրեն ծեծել են, և որ ավելի ուշ ճանաչել էր ենթադրյալ հանցագործներին, ավելին՝ մարմնական վնասվածքների վերաբերյալ նրա հայտարարությունները հիմնավորվել էին բժիշկների կողմից: Այս տեսանկյունից դատարանը եզրակացրել է, որ առկա են բավարար ապացույցներ, որոնք թույլ են տալիս դատախազին վարույթ սկսել: Այնուամենայնիվ, ապացուցողական նյութերը լրացնելու նպատակով դատարանը դատախազության լիազոր անձանց հանձնարարել էր հարցաքննել դիմողի կնոջն ու սուպերմարկետի աշխատակիցներին, որոնք չէին հարցաքննվել ավելի վաղ:
37. Դատարանի որոշման համաձայն ոստիկանության քննիչը հարցաքննել էր այդ վկաներին: 2004թ. հոկտեմբերի 15-ին ամփոփել էր քննությունը և այն փոխանցել դատախազին` Ս.Ֆ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու եզրակացությամբ:
38. 2004թ. նոյեմբերի 3-ին դատախազ Ռ.Լ.-ն կրկին կարճել էր Ս.Ֆ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործ` նույն հիմքերով: Նա նաև հայտնել էր, որ այն վկաների հայտարարությունները, ովքեր հարցաքննվել էին, չեն կարող փոխել իր նախկին եզրակացությունը:
39. Դիմողը բողոքարկել է այդ որոշումը՝ վերահաստատելով ավելի վաղ ներկայացված իր փաստարկները: 2004թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ Շրջանային դատարանը կարճել է 2004թ. նոյեմբերի 3-ի որոշումը և գործը երրորդ անգամ ուղարկել դատախազություն: Դատավոր Ն.Ն.-ն նշել էր, որ հասցված վնասվածքների մեծ մասը ներքին վնասվածքներ էին և վկաները չէին կարող նկատել դրանք: Դատարանը գտել էր, որ դատախազի եզրակացությունը չի համապատասխանում փաստերին, որ նա չի ուսումնասիրել բժշկական եզրակացությունները, որոնք բավարար ապացույցներ էին մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այն նաև հանձնարարել է դատախազին հարցաքննել ոստիկաններից մեկին, ով եղել էր դեպքի վայրում` տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
40. Միաժամանակ դիմողը բողոք է ներկայացրել Յամբոլի շրջանային դատախազություն` նշելով, որ դատախազ Ռ.Լ.-ն չի եղել անաչառ, և որ նա պետք է փոխարինվի: 2004թ. դեկտեմբերի 27-ին շրջանային դատախազը մերժել է բողոքը: Նա հայտարարել է, որ քննության դադարեցումը հիմնված էր դատախազի եզրակացության վրա, որը ձևավորվել էր դատարանի հանձնարարությամբ կատարված լրացուցիչ քննության հիման վրա, և որ այլ հատկանիշների բացակայության դեպքում, որոնց հիման վրա դատախազը կարճել էր վարույթը, չի կարելի կասկածի տակ առնել նրա անաչառությունը:
41. 2005թ. հունվարի 17-ին ոստիկանության քննիչը հարցաքննել է դեպքի վայրում ներկա եղած ոստիկաններից մեկին, իսկ 2005թ. հունվարի 21-ին ամփոփել է քննությունը այն եզրակացությամբ, որ մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: 2005թ. փետրվարի 25-ին նույն դատախազը կարճել է քրեական վարույթն արդեն չորրորդ անգամ` նույն պատճառաբանությամբ: Նա հայտարարել է, որ իրադարձությունների վերաբերյալ դիմողի հիշողությունը չափազանց անորոշ է, և որ առկա չէ որևէ տեղեկություն, թե ինչ է եղել ոստիկանության բաժանմունքից հեռանալու և տուն գնալու միջև ընկած ժամանակահատվածում:
42. Դիմողը բողոքարկել է այս որոշումը: 2005թ. հուլիսի 11-ին Շրջանային դատարանը վերացրել է 2005թ. փետրվարի 25-ի որոշումը և այն ուղարկել քննության: Դատավոր Ա.Ա.-ն նշել է, inter alia, ըստ դատախազի եզրակացության` ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո դիմողն անձամբ է վնասել իրեն կամ ինչ-որ կերպ վիրավորվել անհայտ անձանց կողմից: Դատարանը հայտարարել է, որ հաշվի առնելով միջադեպի ժամանակահատվածը և գտնվելու վայրը մասնավորապես, երբ դիմողը վերադարձել էր տուն, շատ քիչ հավանական է, որ այն անցներ աննկատ:
D. Քրեական վարույթի կարճումը
43. Այդուհանդերձ, անհայտ ամսաթվի Ս.Ֆ.-ն Քրեական դատավարության օրենսգրքի 239a-րդ հոդվածի համաձայն պահանջ է ներկայացրել կարճել գործի վարույթը, քանի որ այն տևել էր չափազանց երկար ժամանակ: 2005թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ Շրջանային դատարանը հանձնարարել է դատախազին երկամսյա ժամկետում ներկայացնել մեղադրական եզրակացություն ընթացքում կամ կարճել վարույթը:
44. Պարզվում է, որ որևէ հետաքննություն չի իրականացվել 2005թ. հուլիսի 11-ից միջև դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, և գործը հանձնարարվել է մեկ այլ դատախազի, քանի որ դատախազ Ռ.Լ.-ի պաշտոնը բարձրացվել էր:
45. 2006թ. հունվարի 10-ին դատախազը հանձնարարել էր մեկ այլ քննիչի շարունակել հետաքննությունը:
46. 2006թ. հունվարի 17-ին ոստիկանության քննիչը պահանջել է բժշկական եզրակացությունը: Մինչև 2006թ. փետրվարի 2-ը, անհայտ ամսաթվին բժշկական փորձագետը ներկայացրել էր իր եզրակացությունը: Նա հայտարարել է, որ դիմողին հասցված վնասվածքները սրվել էին ժամանակի ընթացքում, այդ իսկ պատճառով նա կարողացել էր ինքնուրույն քայլել անմիջապես դեպքից հետո: Նա նաև հայտարարել է, որ արյունազեղ ուռուցքները (հեմատոմաները) սովորաբար տեսանելի են դառնում երեսուն րոպեից մինչև երկու ժամվա ընթացքում, ուստի հնարավոր է, որ դիմողի վնասվածքները տեսանելի չեն եղել կարող տեսնել դեպքից անմիջապես հետո:
47. 239a-րդ հոդվածի համաձայն` վարույթը կարճելու կամ դատարան մեղադրական եզրակացություն ներկայացնելու երկամսյա ժամկետը լրացել էր, հետևաբար` 2006թ. փետրվարի 9-ի որոշմամբ Շրջանային դատարանը կարճել էր վարույթը:
48. Դիմողը բողոքարկել էր այդ որոշման դեմ՝ պնդելով, որ մարմնական վնասվածք պատճառելը լուրջ հանցագործություն է Քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, և մեղադրյալը, հետևաբար, իրավունք ունի պահանջելու վարույթի կարճումը երկու տարի այն քննելուց հետո, սակայն երկու տարին դեռ չէր լրացել և մեղադրյալի պահանջն այս առումով անհամապատասխան է:
49. 2006թ. մայիսի 8-ին Յամբոլի շրջանային դատարանը որոշումը թողել էր անփոփոխ: Այն վճռել էր, որ մարմնական վնասվածք պատճառելը հանցանք է, որը Քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 7-րդ կետի շրջանակներում չէ, և, հետևաբար, մեղադրյալի խնդրանքն անհիմն չէր: Այն գտել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 239a-րդ հոդվածի համաձայն` որոշակի ժամանակ անց կասկածյալն իրավունք ունի պահանջելու իր գործը քննել դատարանում կամ դադարեցնել քննությունը, և որ միայն դատարանն է իրավասու ստուգել, թե արդյոք դատախազությունը պահպանել է կանոնադրական ժամկետները և քննել գործի հանգամանքները:
E. Այլ զարգացումներ
50. 2006թ. օգոստոսի 3-ին դիմողը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն նշելով, մասնավորապես, որ դատախազ Ռ.Լ.-ն բազմիցս կարճել էր քրեական վարույթը, չնայած դատարանի` մեղավորին քրեական պատասխանատվության ենթարկելու հանձնարարությանը, և որ գործով պատասխանատու երկրորդ դատախազն չի ձեռնարկել գործողություններ, ինչն էլ հանգեցրել է վարույթի կարճմանը:
51. 2006թ. օգոստոսի 16-ին Գլխավոր դատախազության դատախազը քննություն է սկսել դիմողի պնդումների վերաբերյալ և բացատրություն պահանջել երկրորդ դատախազից գործի և նրա վերադասի կողմից դատարան մեղադրանք ներկայացնելու ձգձգումների վերաբերյալ:
52. 2007թ. օգոստոսի 30-ին Յամբոլի շրջանային դատախազը տեղեկացրել է Գլխավոր դատախազությանը, որ որևէ կարգապահական տույժ չի կիրառվել դատախազի նկատմամբ, քանի որ նա համարվում էր հուսալի աշխատող, և որ ժամանակին մեղադրական եզրակացություն չներկայացնելը միտումնավոր սխալ չէր:
53. Տվյալներ չկան, թե արդյոք կիրառվել են կարգապահական միջոցներ դատախազ Ռ.Լ.-ի նկատմամբ:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
1. Միջին ծանրության մարմնական վնասվածք
54. 1968թ. Քրեական օրենսգիրքը սահմանում է միջին ծանրության մարմնական վնասվածքը (средна телесна повреда) որպես, inter alia, կյանքին սպառնացող կամ առողջությունը քայքայող կամ կյանքին չսպառնացող վտանգ (հոդված 129, կետ 2): Միևնույն ժամանակ, դիտավորյալ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելը պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ (հոդված 129, կետ 1): Այն պատժելի է (հոդված 161):
55. 93-րդ հոդվածի 7-րդ կետը նախատեսում է, որ հանցագործությունները, որոնք պատժվում են ազատազրկմամբ ավելի քան հինգ տարի ժամկետով, օրենսգրքի համաձայն համարվում են «ծանր»:
2. Մեղադրյալի պահանջով գործը դատարան ուղարկելը
56. 1974թ. ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի 239a-րդ հոդվածը նախատեսում է, inter alia, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անհատները, որոնց նկատմամբ քննությունը չի ավարտվել մեկ տարվա ընթացքում, իրավունք ունեն պահանջելու, որպեսզի իրենց գործը քննվի դատարանի կողմից կամ վարույթը կարճվի: Ծանր հանցագործությունների համար այդպիսի պահանջ չի կարող ներկայացվել, եթե իշխանությունները չեն ավարտել քննությունը երկու տարվա ընթացքում:
57. Նման դեպքերում դատարանը կարող է գործն ուղարկել դատախազություն հանձնարարելով` կամ ներկայացնել մեղադրական եզրակացություն, կամ կարճել քրեական վարույթը երկու ամսվա ընթացքում: Եթե դատախազությունը չի ձեռնարկում գործողություններ, ապա դատարանը պետք է կարճի քրեական վարույթը:
58. Սույն դրույթը գրեթե բառացի վերարտադրվել է 2005թ. նոր Քրեական դատավարության օրենսգրքի 368-րդ և 369-րդ հոդվածներում: 2010թ. մայիսի 28-ին Խորհրդարանն ուժը կորցրած է համարել 2010թ. մարտի 25-ի 368 և 369-րդ հոդվածները: 2010թ. սեպտեմբերի 28-ի որոշմամբ (реш. № 10 от 28 септември 2010 г. По к. Д. № 10/2010 г., Обн, ДВ, бр 80 от 12 октомври 2010 г.) Սահմանադրական դատարանը մերժել է Հանրապետության Նախագահի պահանջը` դրանց ուժը կորցրած ճանաչելը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, գտնելով, որ դա չի հակասում Սահմանադրությանը: Այն նշում է, inter alia, որ հիմնական ուժը կորցրած ճանաչելու միակ թերությունն այն է, որ այն օգտագործվել է զուտ ֆորմալ` որոշելու համար, թե ինչ է նշանակում «ողջամիտ ժամկետը» մինչդատական վարույթի փուլի ընթացքում: Այն նաև հայտարարել է, որ թեև շատ դեպքերում այդ մոտեցումը կհանգեցնի ճիշտ գնահատման, որոշ դեպքերում` այն կարող է հակասել հանրային շահին, այն է՝ որ բոլոր հանցագործները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, փոխարենը մեղադրյալին տալով անհարկի առավելություն:
3. Պետության պատասխանատվությունն այդ վնասների համար
59. 1988թ. Վնասի համար պետական և տեղական մարմինների պատասխանատվության ակտի 1-ին բաժնի համաձայն (այսուհետ՝ «Պետության պատասխանատվության ակտ»)` պետությունը պատասխանատվություն է կրում, մասնավորապես, վարույթի ընթացքում իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից կայացված ապօրինի որոշումների, կատարված գործողությունների կամ բացթողումների հետևանքով անհատների կրած վնասի համար: Ըստ Գերագույն դատարանի նախադեպային իրավունքը, քննչական գործողությունները` դատական կարգով քրեական հետաքննության համատեքստում չեն ներառում վարչական գործողություններ, և ուստի իրավասու մարմինները պատասխանատվություն չեն կրում ակտի 1-ին բաժնի ներքո (тълк. реш. № 3 от 22 април 2005 г. на ВКС по тълк.д. № 3/2004 г. ОСГК):
60. Պետության պատասխանատվության ակտի 2-րդ բաժինը սահմանում է, որ պետությունը պատասխանատվություն է կրում քննչական մարմինների կողմից անհատներին պատճառված վնասի համար՝ (i) անօրինական նախնական կալանք, (ii) անօրինական մեղադրանք, (iii) վճիռ կայացնելը վերը նշված ժամկետից դուրս:
ՕՐԵՆՔ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
61. Դիմողը պնդել է, որ իր դեմ բռնության գործով քրեական վարույթը եղել է անարդյունավետ: Նա հղում է կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին:
62. Դատարանը գտնում է, որ այս գանգատը պետք է քննվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո, որը նախատեսում է՝
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի պնդումները
1. Կառավարությունը
63. Կառավարությունը պնդել է, որ դիմողը չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները, քանի որ նա քննչական մարմինների դեմ չի ներկայացրել բողոք Պետության պատասխանատվության ակտի ներքո, կամ քաղաքացիական հայց` ենթադրյալ հանցագործների դեմ:
64. Բացի դրանից, Կառավարությունը նշել է, որ ենթադրյալ վատ վերաբերմունքի քննությունը սկսվել էր անմիջապես և եղել էր արագ ու համապարփակ: Դատախազը խստորեն հետևել էր դատարանի հանձնարարություններին և ձեռնարկել համապատասխան լրացուցիչ քննչական քայլեր:
65. Իրավասու մարմինները ջանքեր են գործադրել փաստեր հավաքելու ուղղությամբ, և հավաքվել էին բազմաթիվ ապացուցողական նյութեր: Այսպիսով, համաձայն Կառավարության` հաստատվել է, որ դիմողն օգտագործել էր ալկոհոլ, գողություն էր կատարել սուպերմարկետից և ոստիկանության աշխատակիցներից օգնություն խնդրելու փոխարեն փախել էր ոստիկանության բաժանմունքից:
66. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ դիմողի կողմից իրադարձությունների նկարագրումը հակասական է և հիմնավորված չէ վկաների հայտարարություններով կամ բժշկական փաստաթղթերով: Կառավարությունը նշել է, որ փորձագիտական եզրակացությունը չի պարունակում բավարար ապացույցներ, որ դիմողը վնասվածքներն ստացել է իր կողմից նկարագրված եղանակով, և որ բժշկի` 2004թ. հուլիսի 4-ի եզրակացության մեջ նշվել էր, որ առկա են կողերի «հին վնասվածքներ» արտահայտությունը, հետևաբար` կասկածի տակ է առնվում կոտրվածքներ պատճառելու ճշգրիտ պահը:
2. Դիմողը
67. Դիմողը նշել է, որ Պետության պատասխանատվության ակտը կիրառելի չէ սույն գործում, քանի որ նա եղել է ոչ մեղադրյալ և ոչ էլ դատապարտյալ:
68. Դիմողն այնուհետև պնդել որ, ինքը չէր կատարել գողություն և եթե նույնիսկ նա դա աներ, վերջինս չէր կարող արդարացնել իր նկատմամբ վատ վերաբերմունքը: Բացի դրանից, նա դիմել է բժշկի օգնությանը տեղի ունեցած միջադեպի նույն օրը, և մի շարք բժշկական փաստաթղթեր ապացուցում են իր վնասվածքները: Հաշվի առնելով Կառավարության հայտարարությունը, թե փորձագետի եզրակացությունը բավարար չէ հաստատելու համար դիմողի պնդումները, դիմողը նշել է, որ դրանում հստակ արձանագրված էր, որ վնասվածքները կարող էին հասցվել իր կողմից նկարագրված եղանակով:
69. Դիմողն այնուհետև պնդել է, որ քննությունը չի կարելի համարել արդյունավետ: Նա նշել է, որ դատախազը չի իրականացրել պատշաճ քննություն, չնայած դատարանի բազմաթիվ ցուցումներին: Ձգձգված, և ուշացած քննության արդյունքում մեղադրյալի նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է 1974թ. Քրեական դատավարության օրենսգրքի 239a-րդ հոդվածի համաձայն:
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
70. Կառավարությունը պնդել է, որ դիմողը չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները, քանի որ նա քննչական մարմինների դեմ բողոք չի ներկայացրել Պետության պատասխանատվության ակտի ներքո, կամ քաղաքացիական հայց` ենթադրյալ հանցագործների դեմ:
71. Դատարանը նշում է, որ քննչական մարմինների դեմ հնարավոր հայցը Պետության պատասխանատվության ակտի շրջանակներում չէ: Ըստ ներպետական նախադեպային իրավունքի` քննչական և դատական մարմինները պատասխանատվություն չեն կրում Պետության պատասխանատվության ակտի համաձայն: Միևնույն ժամանակ, 2-րդ բաժինը պարունակում է քննչական մարմինների գործողությունների վերաբերյալ կոնկրետ հանգամանքների ցանկ, այդ ցանկում ներառված չէ դիմողի գործին համապատասխանող իրավիճակ (տե՛ս վերը` կետեր 59-60): Ամեն դեպքում, Կառավարությունը չի հիմնավորել իր պնդումն առ այն, որ Պետության պատասխանատվության ակտը կիրառելի էր տվյալ դեպքում՝ տրամադրելով նմանատիպ իրավիճակներում վնասի փոխհատուցման վերաբերյալ համապատասխան ներպետական նախադեպային իրավունք:
72. Ինչ վերաբերում է ենթադրյալ հանցագործների դեմ հնարավոր բողոքին, Դատարանը գտնում է, որ սպառելով քրեական արդարադատության համակարգի առկա հնարավորությունները՝ դիմողը պարտավոր չէր օգտագործել Կառավարության կողմից վկայակոչված քաղաքացիական պաշտպանության միջոցը (տես, mutatis mutandis, Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28, կետ 86, Վճիռների և Որոշումների զեկույցներ 1998թ. VIII): Ընդ որում, Կառավարության կողմից վկայակոչված քաղաքացիական միջոցները չեն կարող համարվել բավարար 3-րդ հոդվածի ներքո պետության պարտավորություններն իրականացնելու համար այնպիսի դեպքերում, ինչպիսին ներկայիս գործն է, քանի որ այն ուղղված է առավելապես վնասների փոխհատուցման որոշմանը, քան պատասխանատու անձանց հայտնաբերմանը և պատժելուն (տես Բեգանովիչն ընդդեմ Խորվաթիայի, թիվ 46423/06, կետ 56, 2009թ. հունիսի 25):
73. Դրանից հետևում է, որ Կառավարության առարկությունը` 3-րդ հոդվածի ներքո դիմողի գանգատի առնչությամբ` ներպետական միջոցներն չսպառված չլինելու վերաբերյալ պետք է մերժվի:
74. Դատարանն այնուհետև նշում է, որ գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) կետի իմաստով, և անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:
2. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
ա) Ընդհանուր դրույթներ
75. Դատարանը կրկնում է, որ 3-րդ հոդվածն ընդգծում է ժողովրդավարական հասարակության առավել հիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը:
76. Վատ վերաբերմունքը պետք է հասնի խստության նվազագույն մակարդակի, եթե այն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում է: Նվազագույն մակարդակի գնահատումը հարաբերական է: Այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` վերաբերմունքի բնույթը և համատեքստը, դրա տևողությունը, ֆիզիկական և հոգեկան հետևանքներն ու որոշ դեպքերում տուժողի ՝ սեռը, տարիքը և առողջական վիճակը (տես` Ա.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1998թ. սեպտեմբերի 23, կետ 20, Վճիռների և Որոշումների զեկույց 1998թ.-VI):
77. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո Բարձր պայմանավորվող կողմերի պարտավորությունն է պաշտպանել բոլորի` Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատություններն իրենց իրավազորության շրջանակներում, որը, 3-րդ հոդվածի հետ մեկտեղ, պարտավորեցնում է պետություններին ձեռնարկել միջոցներ, որպեսզի անհատները չենթարկվեն վատ վերաբերմունքի, այդ թվում՝ մասնավոր անձանց կողմից (տես` Սեջիչն ընդդեմ Խորվաթիայի, թիվ 40116/02, կետ 52, 2007թ. մայիսի 31):
78. Երբ անձը վիճելի բողոք է ներկայացնում վատ վերաբերմունքի վերաբերյալ, այդ թվում` մասնավոր անձանց կողմից կատարված վատ վերաբերմունքի վերաբերյալ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածը նախատեսում է անցկացնել անկախ պաշտոնական հետաքննություն (տես վերը` նշված Սեջիչի գործը, կետ 53, Նիկոլայ Դիմիտրովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 72663/01, կետ 67, 2007թ. սեպտեմբերի 27, և, mutatis mutandis, Մենսոնը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (dec), թիվ 47916/99, 2003թ. մայիսի 6): Քննությունը պետք է պատասխանատու անձանց հայտնաբերման արդյունք հանդիսանա:
79. Պետության սույն պարտավորությունը հանդիսանում է միջոցներից մեկը, այլ ոչ` արդյունք: Իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն իրենց հասանելի բոլոր հնարավոր քայլերը` ապահովելու համար դեպքի ապացույցները (տես վերը նշված Նիկոլայ Դիմիտրովի գործը, կետ 69, և, mutatis mutandis, Մենսոնը և այլոք): Քննության արագության և արդյունավետության պահանջը նույնպես ենթադրվում է սույն համատեքստում: Նման գործողությունների նկատմամբ իշխանությունների հանդուրժողականությունը կարող է խաթարել հանրության վստահությունն օրինականության ու պետության օրենքի գերակայության սկզբունքի նկատմամբ (տես, օրինակ՝ Գլդանի միաբանության Եհովայի վկաների մասնակիցներն (97) ընդդեմ Վրաստանի, թիվ 71156 / 01, կետ 97, ՄԻԵԴ 2007թ.-V, և Միլանովիչն ընդդեմ Սերբիայի, թիվ 44614/07, կետ 86, 2010թ. դեկտեմբերի 14):
b) այս սկզբունքների կիրառումը սույն գործում
80. Ներկայացված բժշկական ապացույցի հիման վրա, որը շատ հուսալի և բազմակողմանի է, և որը հաստատում է, որ դիմողն ուներ տասը կոտրված կողոսկրեր, մարմնի վերին մասում ենթամաշկային թոքաթքանք և գլխի, կրծքավանդակի և որովայնի շրջանում կապտուկներ, և վիրահատության կարիք ուներ ՝ Դատարանը գտնում է, որ վիճարված վատ վերաբերմունքը բավականաչափ լուրջ է այն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում դասելու համար:
81. Հետևաբար, իշխանությունները պարտավոր էին իրականացնել պաշտոնական հետաքննություն: Դատարանը նշում է, որ ի սկզբանե իշխանությունները մի շարք քննչական քայլեր են ձեռնարկել: Նրանք քրեական վարույթ են հարուցել անմիջապես դեպքից հետո, հարցաքննել են մի շարք վկաների, հանձնարարել են կատարել բժշկական հետազոտություն: Ինչպես նախնական, այնպես էլ վերսկսված քննությունների ընթացքում ոստիկանության քննիչը գնահատելով ապացույցները` առաջարկել էր դատախազին քրեական պատասխանատվության ենթարկել Ս.Ֆ.-ին: Այս ամենը ցույց է տալիս, որ սկզբնական փուլերում քննչական մարմինները ներդրել են բոլոր հնարավոր ջանքերը` հավաքելու համար ապացույցներ և փաստեր:
82. Դատարանն այնուհետև նշում է, որ դատախազը որոշել էր կարճել վարույթը՝ եզրակացնելով, որ սուպերմարկետում տեղի չի ունեցել վատ վերաբերմունք` երկու հիմնական հիմքերով. այն փաստը, որ դիմողը չի դիմել ոստիկանության աշխատակիցներին ապահովել իրեն բժշկական օգնություն, և այն փաստը, որ չնայած նրա հայտարարություններին, որ իր գլխին երկու անգամ հարվածել են բռունցքներով, ականատեսները չեն նկատել որևէ վնասվածք և նրան զննող բժիշկը չի արձանագրել նման վնասվածքներ: Դատարանը նշում է, որ դիմողը դիմել էր դատախազության որոշումը վերանայելու խնդրանքով, բողոքարկելով նրա բոլոր պատճառաբանությունները, և ներպետական դատարանը քննելով դիմողի բողոքը` մերժել էր դատախազի եզրակացությունը (տես վերը` կետեր 30 և 31): Այնուամենայնիվ, չնայած դատարանի եզրակացությանը, որը հստակ մերժել էր վարույթը կարճելու երկու հիմնական փաստարկները, դատախազը կարճել էր վարույթը ևս երեք անգամ` միևնույն պատճառաբանություններով, հետևաբար`քննության վերանայումը գործնականում անօգուտ էր:
83. Հաշվի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատախազն ապացույցները գնահատելիս և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը որոշելիս ունի որոշակի հայեցողություն՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի որոշակի հանգամանքներում քրեական վարույթը նույն պատճառաբանություններով չորս անգամ կարճելու առումով, չնայած դատարանի այլ եզրակացությանը և այն հայտարարությանը, որ առկա են բավարար ապացույցներ մեղավոր անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, դատախազը չի գործել բարեխղճորեն և ոչ ողջամտորեն կարճել է վարույթը:
84. Ավելին, հետևելով 2005թ. նոյեմբերի 24-ի Շրջանային դատարանի որոշմանը, ըստ որի` նշանակվել էր երկամսյա ժամկետ մեղադրանք ներկայացնելու համար, դատախազները պետք է անմիջապես ձեռնարկեին գործողություններ: Փոխարենը՝ նրանք չեն ձեռնարկել որևէ գործողություն մինչև 2006թ. հունվարի 10-ը, միայն պահանջել են ներկայացնել 2006թ. հունվարի 17-ի բժշկական եզրակացությունը: Եզրակացությունը ներկայացվել էր դատախազին մինչև 2006թ. փետրվարի 2-ը, սակայն, չնայած դրան, իրավասու մարմինները չեն կարողացել արագ արձագանքել: Այսպիսով, դատախազի կողմից ձգձգումների արդյունքում վարույթը կարճվել էր 1974թ. Քրեական դատավարության օրենսգրքի 239a-րդ հոդվածի համաձայն:
85. Ինչ վերաբերում 239a-րդ հոդվածի ներքո ընթացակարգին՝ Դատարանն արդեն նկատել է, որ դա եղել է միակ միջոցը, որը կարելի է համարել արդյունավետ (առնվազն որոշ իրավիճակներում) չափազանց երկարատև վարույթի վերաբերյալ բողոքների նկատմամբ: Սակայն, ինչպես նշվել էր Բուլղարիայի սահմանադրական դատարանի կողմից (տե՛ս վերը` կետ 58) այդ միջոցը եղել է պաշտոնական չափանիշ «ողջամիտ ժամկետը» գնահատելու առումով, որը որոշ դեպքերում կարող է հակասել հանրային շահերին առ այն, որ հանցագործները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության (տե՛ս` Դիմիտրովը և Համանովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 48059/06 և 2708/09, կետ 119, 2011թ. մայիսի 10): Դատարանի կարծիքով, սա այն է, ինչ տեղի է ունեցել սույն գործում: Մեղադրյալի` 239a-րդ հոդվածի ներքո վարույթը կարճելու վերաբերյալ պահանջը պայմանավորված է դատախազի կողմից դատարանի հանձնարարությունների բազմիցս մերժումներով: Արդյունքը պետք է քննարկվի 3-րդ հոդվածին համապատասխան պետության պարտավորություններից շեղումը (տես` վերը նշված Բեգանովիչի գործը, կետեր 85-87):
86. Դատարանը վերոնշյալի լույսի ներքո եզրակացնում է, որ սույն գործում իշխանությունները չեն անցկացրել արդյունավետ քննություն դիմողի վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքի առնչությամբ, ինչը հանգեցրել է համապատասխան ժամկետի լրանալուն և հետագայում այն շարունակելու անհնարինությանը: Հետևաբար` տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԴԻՄՈՂԻ ԳԱՆԳԱՏԻ ՄՆԱՑԱԾ ՄԱՍԸ
87. Դիմողը հղում կատարելով 6-րդ հոդվածի 1-ին կետին` նաև բողոքել է, որ դատախազի անգործությունը հանգեցրել է վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու անհնարինությանը:
88. Դատարանը քննել է դիմողի ներկայացրած այս գանգատը: Սակայն առկա բոլոր նյութերի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում ամրագրված իրավունքների և ազատությունների խախտում:
89. Դրանից հետևում է, որ դիմումի այս մասը պետք է մերժվի որպես ակնհայտորեն անհիմն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) և 4-րդ կետերի համաձայն:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
90. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի փոխհատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
91. Դիմողը պահանջել է 15,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
92. Կառավարությունը վիճարկել է այս պահանջը՝ այն որակելով անհիմն և չափազանցված:
93. Դատարանը գտնում է, որ դիմողը ունեցել է անհանգստության զգացում տեղի ունեցած խախտման հետևանքով: Հետևաբար, արդարացիության սկզբունքով` նրան տրամադրել 4,000 եվրո (EUR) որպես փոխհատուցում:
B. Ծախսեր և ծախքեր
94. Դիմողը նաև պահանջել է 1,500 եվրո իրավաբանների կողմից կատարված աշխատանքների և Դատարան դիմում ներկայացնելու արդյունքում կրած ծախսերի ու ծախքերի համար: Սույն դիմումն է Դատարան: Ի լրումն նա ներկայացրել է իրավաբանական ներկայացուցչության պայմանագիր` իրավաբանական ծառայությունների համար վարձատրության նկարագրմամբ:
95. Կառավարությունը վիճարկել է այս պահանջը` այն որակելով անհիմն և չափազանցված:
96. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այն դեպքում, եթե հիմնավորում է, որ դրանք իրականում եղել են անհրաժեշտ և ողջամիտ: Սույն գործով Դատարանը նշելով, որ նշված չէ իրավաբանական աշխատանքի այն ժամաքանակը, երբ դիմողի փաստաբանը չի ներկայացրել նրան վարույթի նախնական փուլում (տե՛ս Բաչվարովին ընդդեմ Բուլղարիայի, թիվ 24186/04, կետ 40, 2010թ. հունվարի 7), գտնում է, որ ողջամիտ է տրամադրել 1000 եվրո որպես փոխհատուցում կրած բոլոր ծախսերի և ծախքերի համար:
C. Տուգանային տոկոսներ
Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ քրեական վարույթի ենթադրյալ անարդյունավետությունն ընդունելի է, իսկ դիմումի մնացած մասը` անընդունելի:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
3. Վճռում է,
(a) որ Պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի ներքոնշյալ գումարները, որոնք պետք է հաշվարկվեն վճարման օրվա դրությամբ սահմանված բուլղարական լեվսի փոխարժեքով:
(i) 4,000 (չորս հազար) եվրո` հավելած ցանկացած հարկը, որ կարող է հարկվել որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
(ii) 1,000 (մեկ հազար) եվրո` հավելած ցանկացած հարկը, որ կարող են հարկվել, որպես կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
4. Մերժում է դիմողի`արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակված է 2012թ. հունվարի 10-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Ֆաթոս Արաչի |
Լիչ Գարլիքի |
|
|
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի կանոնի համաձայն դատավորներ Քալայջիևայի և Դե Գայտանոյի համատեղ առանձին կարծիքը կցված է սույն վճռին:
ԴԱՏԱՎՈՐ ՔԱԼԱՅՋԻԵՎԱՅԻ ԵՎ ԳԱՅՏԱՆՈՅԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՐԾԻՔԸ
1. Մենք լիովին կիսում ենք այն եզրահանգմանը, որ Բուլղարիայի իշխանությունները չեն կատարել իրենց ընթացակարգային պարտավորությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո: Սակայն, բացի ձգձգման վերաբերյալ դիտարկումներից, մենք այն կարծիքին ենք, որ սույն գործը շատ լուրջ հարցեր է բարձրացնում պատասխանատու անձանց հայտնաբերելու, վերջիններին պատժելու համար` «անկախ պաշտոնական քննություն» կատարելու կապակցությամբ պոզիտիվ պարտավորության առումով (կետ 78), որի համարժեք գործոնը չի դիտարկվել սույն վճռում:
2. Թեև մենք պատրաստ ենք ընդունել, որ դատախազը պետք է ունենա հայեցողության իր իրավասությունը` որոշելու համար, թե արդյոք փաստերը և ապացույցներն արդարացնում են մեղադրական որոշումը պատիժ պահանջելու առումով: Եթե այդ հայեցողությունը կարող է իրականացվել կամայականորեն կամ անբարեխղճորեն, ինչպես վկայում են սույն գործի փաստերը, ապա 3-րդ հոդվածի պահանջները խախտվում են, քանի որ պատիժն ինքնին չի կարող իրագործվել, չնայած նրան, որ քննության ընթացքում հնարավոր էր պարզել իրավախախտների կամ հանցագործների ինքնությունը:
3. Դիմողի բողոքները` քննչական վարույթը կարճելու հրամանների վերաբերյալ, հարկադրել են չորս տարբեր անկախ դատավորների արտահայտել իրենց մտահոգությունը դատախազության մարմինների բարեխղճության կապակցությամբ, երբ վերջինս առկա փաստերը և ապացույցները համարել է անբավարար: Նույնիսկ ենթադրելով, որ դատախազների կողմից առկա սույն գործում փաստերն ու ապացույցները ճշգրիտ չեն համարվել, դա չի արդարացնում կասկածյալին մեղադրանք չներկայացնելու հանգամանքը: Ըստ դատավորներից մեկի` «ըստ դատախազի եզրակացության.... դիմողն անձամբ էր իրեն վնասել կամ ինչ-որ կերպ վիրավորվել անհայտ անձանց կողմից: Հաշվի առնելով համաձայն դատախազի կարծիքի` միջադեպի ժամանակը և վայրը, մասնավորապես, նրա` տուն վերադառնալիս, հավանականությունը փոքր է, որ նրան որևէ մեկը չնկատեր»:
4. Սույն գործում իրավիճակը դե ֆակտո համարվում է որպես 3-րդ հոդվածի ներքո իշխանությունների կողմից հանդուրժողականություն բռնության նկատմամբ, ինչը խաթարում է օրինականության և օրենքի գերակայության պահպանման սկզբունքի նկատմամբ հանրության վստահությունը: Անբարեխիղճ հայեցողությունն անիմաստ է դարձնում քննություն անցկացնելու պոզիտիվ պարտավորությունը, որը պետք է հանգեցնի պատժի, իսկ գործնականում զրկում է տուժողին օգտվել 2-րդ և 3-րդ հոդվածների համատեքստում պոզիտիվ պարտավորությունների դոկտրինայից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|