Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Incorporation (20.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2010

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԷՆԳԵԼՆ ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԳՈՐԾԸ

 

2010թ. մայիսի 20 վճիռը

  

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

   

5. Դիմողը ծնվել է 1962 թվականին և բնակվել Սզեգեդում:

6. 2003թ. մայիսի 13-ին դիմողին բռնել են զինված կողոպուտ կատարելու ընթացքում: Փոխադարձ կրակոցների արդյունքում նա սպանել է մի ոստիկանի և մեկ ոստիկանի էլ` վիրավորել: Նա վիրավորվել է մեջքի շրջանում, ինչի արդյունքում նրա երկու ոտքերն էլ գոտկատեղից սկսած կաթվածահարվել են: Բացի դրանից, նա տառապել է կենտրոնական նյարդային համակարգի խախտումով: Այժմ նա 100 տոկոսով անդամալույծ է, կարող է շարժվել միայն հատուկ սայլակով, ավելին` նա ստիպված է օգտագործել տակդիրներ:

7. Դիմողը դատապարտվել է ցմահ ազատազրկման Սզեգեդի բանտում: 2005թ. փետրվարի 25-ից մինչև 2006թ. դեկտեմբերի 15-ը նա կալանավորված է եղել Սզեգեդի բանտում:

8. Դիմողը Սզեգեդի բանտի պայմանները նկարագրել է հետևյալ կերպ. քանի որ նա ի վիճակի չի եղել իր առողջ բանտակիցների համար սովորական համարվող պարտականություններ կատարել, ստիպված քնել է հագուստով` չբացված մահճակալին և որպես ծածկոց օգտագործել է իր ժակետը` վախենալով, որ իրեն կարող են պատժել անկողինը ժամանակին հարդարելու առօրյա կարգը խախտելու համար: Անձնակազմի կողմից չստանալով որևէ օժանդակություն` նա կարող էր լվացվել կամ զուգարան գնալ, եթե միայն իրեն օգնեին բանտակիցները: Իրեն չեն տրամադրել պատշաճ լողարանային աթոռ, փոխարենը` տվել են կոտրված զուգարանակոնք, որը հարմար չի եղել լողանալու համար: Այն շատ շուտ լիովին դուրս է եկել շարքից, մեկ անգամ էլ կոտրվել է իր տակ: Քանի որ ինքն իր բանտակիցների կողմից ենթարկվել է ծաղրանքի իր հաշմանդամության և կենտրոնական նյարդային համակարգի խախտման պատճառով, չի մասնակցել ամենօրյա զբոսանքներին: «4-րդ կարգի» վտանգավորության աստիճան ունենալով` նա տրանսպորտով տեղափոխվել է ձեռքերին կրելով ձեռնակապեր, որոնք ողջ ընթացքում այդ կպած են եղել իր գոտուն: Քանի որ նա մեքենայով տեղափոխվել է այդ դիրքով` առանց ամրագոտու, նա կարողացել է ինքն իրեն պահել իր անվասայլակում բացառապես գլուխը տրանսպորտային միջոցի խցիկի դռանը հենելու միջոցով: Արդյունքում, նա գլխին պարբերաբար ունեցել է ուռուցքներ: Տրանսպորտային միջոց նստելիս կամ դուրս գալիս անձնակազմը քաշել է նրան գոտուց, երբեմն` գետնի վրայով` պատճառելով նրան վնասվածքներ: Նման միջադեպ է տեղի ունեցել 2006թ. հունիսի 12-ին: Այլ դեպքերում անվասայլակը` դիմողի հետ մեկտեղ, կշռելով 110 կիլոգրամ ինքը մեջը նստած` գլորել են ներքև տրանսպորտային միջոցի աստիճաններով:

9. Դիմողի բողոքները վերը նշված պայմանների դեմ` ուղղված Քսոնգրադ շրջանի Գլխավոր դատախազին, եղել են ապարդյուն:

10. Բանտի բժշկական ծառայության համաձայն` դիմողը տառապել է, inter alia, արյան բարձր ճնշումից, գիրությունից, ստորին վերջույթների կաթվածից և միզապարկի հիվանդությունից: Խորհուրդ է տրվել նրան տեղափոխել հատուկ ուղղիչ հիմնարկ, սակայն բանտի վարչակազմն այդ առաջարկն անտեսել է: Դիմողի բողոքի հիման վրա Ուղղիչ հիմնարկների ազգային վարչությունը քննել է նրա հարցը: Դրա եզրակացության համաձայն`

«Դիմողի բանտախուցը գտնվում է ստորին հարկում … բուժկետի հարևանությամբ: Այն հարմարեցված է չորս հոգու համար, սակայն դիմողն էլ հետը` երկու կամ երեք հոգի է այնտեղ մնացել: Կահույքը հարմարեցված է դիմողի առողջական վիճակին. սեղանը բարձրացվող-իջեցվող է, մահճակալները հիմնականում մեկ տեղանոց են, զգեստապահարանը և հայելին տեղակայված են դիմողի համար հարմար բարձրության վրա, վերացվել են բոլոր խոչընդոտները մուտքի մոտ, իսկ զուգարանի կողքին ամրացվել են բռնակներ: Բանտակիցներից մեկն ինքնակամ ստանձնել բանտախուցը մաքուր պահելու և դիմողին իր առօրյա պարտականությունները կատարելիս օգնելու ողջ բեռը: Դիմողը երբեք չի պատժվել բանտախուցը կարգին պահելու խախտումների համար:

Դիմողն ունեցել է ամեն օր տաք ցնցուղ (լոգանք) ընդունելու հնարավորություն: Ցնցուղը և լոգարանի աթոռը հարմարեցված են եղել իրեն …: Նրա բանտակիցը ինքնակամ օգնել է դիմողին լվացվել …

… Բանտակիցների կողմից վիրավորանքների ենթարկվելուց խուսափելու համար դիմողին տրվել է զբոսնելու [հատուկ հսկվող] բակում հնարավորություն: Դիմողը, սակայն, հրաժարվել է օգտագործել այդ հնարավորությունը:

Դիմողի բողոքի հիման վրա … 2006թ. մայիսի 30-ին հսկողի որոշման համաձայն տրանսպորտային միջոցում տեղադրվել է անվտանգության գոտի, որի մասին դիմողը տեղեկացվել է … վերջինս տեղյակ է եղել նաև այն փաստի մասին, որ բժշկական եզրակացության հիման վրա նրան շտապօգնության մեքենայով տեղափոխելը մերժվել է: Քննությամբ պարզված փաստերի հիման վրա դիմողն ունեցել է թեթև քերծվածքներ և կապտուկներ [տրանսպորտային միջոցում գտնվելու ընթացքում] 2004թ. դեկտեմբերին և 2006թ. հունիսին: Այդ իսկ պատճառով ուղղիչ հիմնարկի վարչակազմը հրահանգել է անձնակազմին դիմողի նկատմամբ ցուցաբերել հատուկ հոգածություն: Իրավասու բուժհիմնարկի կարծիքի համաձայն` դիմողին տեղափոխելը չի պահանջել բուժանձնակազմի մասնակցություն:

2006թ. ապրիլի 21-ին դիմողը խնդրել է իրեն տեղափոխել Նագիֆայի ուղղիչ հիմնարկ: 2006 թվականին Ուղղիչ հիմնարկների վարչությունը մերժել է այդ խնդրանքն այն հիմքով, որ նա իր ազատազրկումը կրել այնպիսի ուղղիչ հիմնարկում, որի խստությունը համապատասխանել է նրա կողմից կատարված հանցանքին և նրա նկատմամբ նշանակված ռեժիմին, որտեղ լուծված է եղել նրա նկատմամբ հոգածության և բուժվերահսկողության հարցը, և որտեղ վերացված են եղել բոլոր ֆիզիկական խոչընդոտները, որպեսզի ապահովվի նրա ազատ շարժը անվասայլակով: Դիմողը բողոքարկել է այդ որոշումը: 2006թ. հուլիսի 26-ին բողոքը մերժվել է Ազգային Կոմանդերի կողմից, որի հիման վրա տեղի չի ունեցել նրա տեղափոխումը: Որոշման պատճառաբանության համաձայն` «[դիմողը] չի ունեցել անընդմեջ հոգածության կամ բժշկական վերահսկողության կարիք: Նրա կալանավորման առաջին վայրում շենքում իրականացվել են համապատասխան վերափոխումներ, ինչպես պահանջում է նրա հաշմանդամությունը: Նրա ներկա դրությանը համապատասխանող բժշկական օգնությունը կարող է ցուցաբերվել նրա ազատազրկման ներկայիս հիմնարկում, ուր ամեն բան հարմարեցված է նրա կարիքներին …»:

11. Դիմողը հայտարարել է, որ տրանսպորտային միջոցն ապահովված չի եղել անվտանգության ամրագոտիով մինչև 2006թ. օգոստոսը: Զբոսանքների առթիվ նա բացատրել է, որ բակի մակերեսը եղել է անհարթ, այդ իսկ պատճառով այն հարմար չի եղել անվասայլակի համար:

12. Քանի որ նրա նկատմամբ իրականացվել են քրեական գործով այլ քննություններ, դիմողը պարբերաբար տեղափոխվել է Բուդապեշտ` դատարանում ներկա գտնվելու համար: 2006թ. սեպտեմբերի 5-ին Բուդապեշտի կալանավայրի տեղափոխումների վարչության ղեկավարին ներկայացված բողոքում դիմողը հայտարարել է, ո 2006թ. սեպտեմբերի 4-ին նա մնացել է մի բանտախցում, որտեղ ստիպված է եղել անցկացնել հինգ ժամ առանց ջրի և առանց տակդիրները փոխելու հնարավորության: Նա նաև հայտարարել է, որ տեղափոխման ընթացքում նրան տեղավորել են տրանսպորտային միջոցում գտնվող մեկտեղանոց խցում, որտեղ նա ստացել է կապտուկներ: Շրջադարձներին նա ընկել է անվասայլակի միջից և ճանապարհն անցել է գետնին ընկած վիճակում, ձեռնակապերով, ձեռքերը մարմնի տակ դրված վիճակում: Ապա նա հայտարարել է, որ հաջորդ օրը, երբ նա խնդրել է անցկացնել բժշկական ստուգում, բուժքույրը տեղեկացրել է նրան, որ հնարավոր չէ իրականացնել որևէ բժշկական հետազոտություն մինչև հաջորդ շաբաթական խորհրդատվությունը, որը կիրականացվի հաջորդ երկուշաբթի:

13. 2006թ. սեպտեմբերի 18-ին հետագա քննության ընթացքում կատարվել է բժշկական հետազոտություն, սակայն չի հայտնաբերվել որևէ արտաքին վնասվածքի նշան: Ապացույցների բացակայության պայմաններում, 2006թ. հոկտեմբերի 3-ին Բուդապեշտի ուղղիչ կալանավայրի հսկողը մերժել է դիմողի բողոքը:

14. Դիմողի բողոքի հիման վրա` Սզեգեդի զինվորական դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ անհայտ անձանց նկատմամբ` վարչական իրավասությունները չարաշահելու մեղադրանքով, սակայն այն կասեցվել է 2006թ. դեկտեմբերի 12-ին Սզեգեդի զինվորական դատախազի կողմից` ապացույցների բացակայության հիմքով:

15. 2006թ. հոկտեմբերի 27-ի նամակում` ուղղված Ազգային Կոմանդերին, դիմողը բողոքել է իր տեղափոխման ժամանակ ստացած վնասվածքների և իր անվասայլակի անսարքության առթիվ: Հետագա քննությամբ չեն հիմնավորվել դիմողի բողոքները` կապված վնասվածքների հետ, իսկ նրա անվասայլակը համապատասխանաբար վերանորոգվել է:

16. 2006թ. դեկտեմբերի 15-ին դիմողը տեղափոխվել է Սոպրոնկոհիդայի ուղղիչ հիմնարկ, ուր տեղավորվել է մեկտեղանոց բանտախցում, որն ստեղծված է եղել հատուկ հաշմանդամ բանտարկյալների համար: 2006թ. դեկտեմբերի 18-ին նա հետազոտվել է դատական բժշկի կողմից: Իր եզրակացության մեջ մասնագետը նշել է հետևյալը.

«…[տվյալ հարցի առթիվ] բանտարկյալը … մասամբ կամ լիովին չափազանցել է իր ցավերը … [Նա] 100 տոկոսով հաշմանդամ է … [սակայն], այդուհանդերձ, լիովին անկարող չէ հոգ տանել իր մասին: Նրա չափազանց շատ ուտելը` ցավազրկող միջոցներ ընդունելուց հրաժարվելու հետ մեկտեղ, … առաջացնում է լուրջ հոգեբանական բարդություն նրա շարժունակությունը զարգացնելու համար: Միևնույն ժամանակ … չի կարելի միանշանակ պնդել, թե նա իրոք ունենում է ցավեր: Դատաբժշկական տեսանկյունից կարելի է հաստատել, որ … բանտարկյալն ստացել է բոլոր անհրաժեշտ բժշկական, բուժակային և խնամքի հետ կապված օգնությունը, որի կարիքն ունեցել է»:

 

II. Համապատասխան ներպետական օրենսդրությունը

      

17. Դատապարտման և մինչդատական կալանքի իրականացման կանոնների առթիվ արդարադատության նախարարի` թիվ 6/1996 (VII.12.) որոշման համաձայն`

  

 Մաս 42(3)d

«Տվյալ բանտարկյալները պետք է որակվեն իբրև «4-րդ աստիճանի վտանգավորության» բանտարկյալներ, քանի որ կան հիմնավոր կասկածներ, որ նրանք կկատարեն ուղղիչ հիմնարկի կանոնները կոպտորեն խախտող արարք` փախչելու կամ իր կամ այլոց կյանքը վտանգելու նպատակով, կամ արդեն կատարել են նման գործողություններ, այդպիսիք են նաև այն բանտարկյալները, որոնց անվտանգ ազատազրկումը կարող է երաշխավորվել միայն հսկելու կամ բացառապես վերահսկողության միջոցով»:

III. Եվրոպական հանձնաժողովի հաշվետվությունները խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման վերաբերյալ

18. 1999թ. դեկտեմբերի 5-16-ին Հունգարիա այցելելուց հետո հունգարական կառավարությանն ուղղված CPT հաշվետվության համաձայն`

«96. Հունգարիայում գործող` բանտարկյալներին դասակարգելու համակարգի ներքո կալանավորված կամ ազատազրկման դատապարտված բանտարկյալները, որոնք համարվում են վտանգավոր, տեղավորվում են 4-րդ կարգում (Արդարադատության նախարարի` թիվ 6/1996 (VII.12.) որոշում): Տվյալ հարցով որոշումը կայացնում է կամ դատախազը, կամ դատարանը, կամ էլ հաստատության ընդունող հանձնաժողովը: CPT-ն տեղեկացվել է, որ դատարանները և դատախազները, որպես կանոն, այս կարգը տալիս են այն բանտարկյալներին, որոնք դատապարտված են ծանր հանցագործությունների համար (հատկապես` կազմակերպված հանցագործությունների մեջ ներգրավված անձինք), իսկ ազատազրկման վայրի ընդունող հանձնաժողովը` վատ վարքագիծ ունենալու մասին առկա տվյալներով անձանց (ներառյալ նրանց, ովքեր հակված են փախուստի, կամ նրանց, ովքեր կատարել են մահափորձ) կամ զինվորական նկատառումներով:

4-րդ կարգի բանտարկյալի կարգավիճակը վերանայվում է վեց ամիսը մեկ: Այդուհանդերձ, ստացվում է, որ 4-րդ կարգ տալու կամ այն անփոփոխ թողնելու որոշման համար հիմք հանդիսացած պատճառները չեն պարզաբանվում տվյալ բանտարկյալին:

97. Ակնհայտ է, որ բանտարկյալը չպետք է մնա հատուկ հսկողության ռեժիմում, եթե չկա դրա անհրաժեշտությունը: Դա պահանջում է պարբերաբար վերանայել համապատասխան որոշումը: Բացի դրանից, բանտարկյալը պետք է հնարավորինս տեղեկացված լինի իրեն տվյալ կարգավիճակը տալու պատճառների մասին, և անհրաժեշտության դեպքում այդ կարգավիճակը վերականգնելու պատճառների մասին, դա, inter alia, նրանց հնարավորություն կտա արդյունավետորեն կիրառել այդ կարգավիճակը վիճարկելու միջոցները»:

19. 2005թ. մարտի 30-ից ապրիլի 8-ը Հունգարիա այցելելուց հետո հունգարական կառավարությանն ուղղված CPT հաշվետվության համաձայն`

«64. 4-րդ կարգ ունեցող բանտարկյալների համար կիրառելի իրավական երաշխիքների առնչությամբ նրանց կարգավիճակն այժմ վերանայվում է երեք ամիսը մեկ (1999թ. այցելության ժամանակ վերանայումը տեղի էր ունենում վեց ամիսը մեկ). CPT-ն ողջունում է այս փոփոխությունը: Այդուհանդերձ, CPT-ի` վաղուց ի վեր առկա մյուս խորհուրդները` կապված կարգավիճակի պատճառների առթիվ գրավոր տեղեկություն բանտարկյալներին տրամադրելու և նրանց հարցի առթիվ իրենց սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն ընձեռելու հետ, չի գործադրվել:

Պատվիրակության կողմից քննված 4-րդ կարգի շատ բանտարկյալներ բողոքել են, որ իրենք չեն տեղեկացվել իրենց այդ կարգավիճակն տալու պատճառների մասին, չեն մասնակցել վերանայման գործընթացին և չեն ստացել որևէ տեղեկություն այն վիճարկելու հնարավորությունների վերաբերյալ: Ապա զգացվել է, որ 4-րդ կարգի վերանայումը կրել է զուտ ձևական բնույթ: Համապատասխան թղթաբանության ուսումնասիրությունը և բանտարկյալների հետ զրույցները թույլ են տվել պատվիրակությանը եզրակացնել, որ 4-րդ կարգը պահպանելու համոզիչ փաստարկներն ունեն պատմական բնույթ` ինչպիսին է կատարված հանցագործության դաժան բնույթը (հաճախ շատ տարիներ առաջ), դա ունի առավել մեծ նշանակություն, քան բանտարկյալի կողմից կատարված տվյալ հանցագործության վտանգավորությունը կամ անթույլատրելի ճանապարհով կրկին գործելու հակվածությունը:…

184. 2005թ. այցելության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հատուկ հսկողության ռեժիմի պայմաններում պահվող բանտարկյալների խնդրին: CPT-ն ողջունել է այն փաստը, որ 4-րդ կարգ ունեցող բանտարկյալների կարգավիճակն այժմ վերանայվում է երեք ամիսը մեկ, միևնույն ժամանակ այն կոչ է արել հունգարական իշխանություններին կիրառել իր կողմից տրված նախորդ խորհուրդը` նման բանտարկյալներին կարգավիճակի մասին գրավոր տեղեկացնելու, ինչպես նաև հարցի առթիվ իրենց սեփական կարծիքն արտահայտելու կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը խորհուրդ է տվել, որպեսզի 4-րդ կարգ սահմանող համակարգը վերանայվի և վերացվի այն դեպքում, եթե երաշխավորվում է, որ այս կարգը կիրառվում և պահպանվում է միայն այն բանտարկյալների նկատմամբ, որոնք ակնհայտորեն համապատասխանում են այս կարգավիճակին:

4-րդ կարգը պահպանելու միջոցների կիրառման քաղաքականությունը արդեն իսկ խիստ քննադատվել է CPT-ի կողմից և դեռ մնում է ոչ բավարար: Հանձնաժողովը կոչ է արել հունգարական իշխանություններին անհապաղ վերանայել այդ քաղաքականությունն»:

 

Իրավունքի հարցեր

I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վիճարկվող խախտում

20. Դիմողը բողոքել է, որ նրա բանտարկման և տեղափոխման պայմանները հանգեցրել են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ իրենցից ներկայացրել են իր անձնական կյանքը հարգելու իրավունքի խախտման: Նա հայտարարել է, որ իրեն 4-րդ կարգի բանտարկյալ որակելը, որն անհնարին է եղել վիճարկել ներպետական մարմինների առջև, անհեթեթ է եղել` հաշվի առնելով իր առողջական վիճակը, և հանգեցրել է նրան, որ իր բանտարկությունն ունենա անմարդկային բնույթ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների վրա` ինչպես առանձին վերցրած, այնպես էլ 13-րդ և 14-րդ հոդվածների հետ մեկտեղ:

21. Դատարանը գտնում է, որ դիմողի բողոքները պետք է քննվեն միայն 3-րդ հոդվածի ներքո, համաձայն որի.

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

  

22. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:

A. Ընդունելիություն

23. Դատարանը նկատում է, որ դիմումն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա Դատարանը նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է հայտարարվի ընդունելի:

B. Հիմքերը

24. Կառավարությունը նախևառաջ հայտարարել է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված վեց ամսվա ժամկետը` ժամանակահատված, որի առնչությամբ պետք է քննվեն դիմողի կալանքի պայմանները, սկսվել է միայն 2006թ. մարտի 21-ից (6 ամիս առաջ այն օրվանից, երբ դիմողը ներկայացվել է) և լրացել է 2006թ. դեկտեմբերի 15-ին, երբ նա տեղափոխվել է Սոպրոնկյոհիդա բանտի շենք: Վերջին միջոցի առթիվ նշվել է, որ այս հիմնարկը կառուցված է եղել հատուկ հաշմանդամ բանտարկյալների համար: Ինչ վերաբերում է Սզեգեդի բանտում անցկացրած ժամանակահատվածին, Կառավարությունն այն կարծիքի է, որ վիճարկվող պայմանները և միջադեպերը չունեն 3-րդ հոդվածով նախատեսված խստության նվազագույն մակարդակը, հատկապես դրանք գործադրելու` իշխանությունների կողմից ձեռնարկված հապճեպ միջոցների տեսանկյունից: Կառավարությունը չի տեսնում նաև դիմողի` Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտում, քանի որ նրա անձնական սահմանափակումը եղել է նրա ազատազրկման խիստ ռեժիմի անհրաժեշտ հետևանքը:

25. Դիմողը վիճարկել է այդ միջոցները, բացթողումները և միջադեպերը, որոնք հանգեցրել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, և դա վերաբերում է Սզեգեդի բանտում անցկացրած ողջ ժամանակահատվածին: Վիճարկվող հարցը հանգեցրել է Կոնվենցիայով նախատեսված իրավունքների շարունակական խախտման, այդ իսկ պատճառով Կառավարության հղումը 6 ամսվա ժամանակահատվածի նորմին` սխալ է: Հատկապես այն փաստը, որ նա երկար ժամանակ թողնված է եղել իր բանտակիցների հույսին, որոնք էլ ապահովել են նրա այնպիսի հիմնական կարիքների բավարարումը, ինչպիսիք են զուգարան գնալը, լողանալը կամ հագնվել-հանվելը, անընդունելի է: Նմանապես, ավտոմեքենայով նրան տեղափոխելն առանց ամրագոտիների, որոնք պետք է պահեին նրա անվասայլակը տեղում, նրան մեքենա նստեցնելու և մեքենայից իջեցնելու կոպիտ ձևերի հետ մեկտեղ, եղել են անմարդկային: Այս իրավիճակն էլ ավելի է բարդացել նրան 4-րդ կարգի վտանգավորության բանտարկյալ դասակարգելու պատճառով, որը հնարավոր չի եղել վիճարկել ուղղիչ հիմնարկի իշխանությունների առջև, և որը բացարձակ արդարացված չի եղել իր պարապլեգիայի (անդամալուծության) տեսանկյունից: Այդ դասակարգման հետևանքով տեղափոխվելու ընթացքում նրան պահել են ձեռնակապերով, ինչը հնարավորություն չի տվել հսկելու իր դիրքը մեքենայի շարժման մեջ լինելու ընթացքում:

26. Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքը պետք է ունենա խստության նվազագույն մակարդակ, եթե այն 3-րդ հոդվածի սահմաններում է: Այս մինիմալ մակարդակի գնահատումը հարաբերական է; այն կախված է ֆիզիկական և հոգեկան հետևանքներից, իսկ որոշ դեպքերում` տուժողի սեռից, տարիքից և առողջական վիճակից: Երբ որոշվում է, թե արդյոք վերաբերմունքը «նվաստացնող» է 3-րդ հոդվածի իմաստով, այն հանգամանքներից մեկն է, որը Դատարանը հաշվի կառնի, այն է` արդյոք դրա նպատակն է եղել տվյալ անձին նվաստացնելը կամ նրա վիճակը վատթարացնելը, չնայած որ նման ցանկացած նպատակի բացակայություն չի կարող ի վերջո հանգեցնել 3-րդ հոդվածի խախտման հայտնաբերմանը (տես` Փրայսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով թիվ 33394/96 վճիռը, կետ 24, ECHR 2001-VII, Փիիրսն ընդդեմ Հունաստանի գործով թիվ 28524/95 վճիռը, կետեր 67-68 և 74, ECHR 2001-III):

27. Տվյալ գործով անդամալույծ դիմողը թողնված է եղել իր բանտակիցների հույսին, երբ զուգարան գնալու, լողանալու, հագնվել-հանվելու կարիք է ունեցել (տե՛ս Վինսենտն ընդդեմ Ֆրանսիայի գործով 2006թ. հոկտեմբերի 24-ի թիվ 6253/03 վճիռը, կետեր 94-103): Այս իրավիճակն առկա է եղել 2005թ. փետրվարի 25-ից 2006թ. դեկտեմբերի 15-ն ընկած ողջ ժամանակահատվածում, երբ նա գտնվել է Սզեգեդի բանտում: Դատարանի համար նշանակություն չունի, թե արդյոք բանտակիցները դա արել են կամավոր կերպով, թե` ոչ (cf. Ֆարբտուհսն ընդդեմ Լատվիայի գործով 2004թ. դեկտեմբերի 2-ի թիվ 4672/02 վճիռը, կետ 60): Ապա Դատարանը հաստատում է, որ վիճարկվող հանգամանքները եղել են շարունակական (տե՛ս Պ.Մ.-ն ընդդեմ Հունգարիայի գործով թիվ 23636/94 վճիռը, Հանձնաժողովի` 1998թ. սեպտեմբերի 9-ի չհրատարակված հաշվետվությունը), ինչը պետք է քննվի ամբողջությամբ:

28. Ավելին, Դատարանը նկատում է, որ դիմողի հայտարարությունները` տեղափոխելիս իր ողբալի վիճակի մասին, չեն հերքվել Կառավարության կողմից` կապված ամրագոտու բացակայության պայմաններում դիմողին տեղափոխելու հետ, ինչն ակնհայտորեն տեղի է ունեցել միայն 2006թ. օգոստոսի 1-ին: Դատարանը հատկապես ցավալի է համարում այն փաստը, որ դիմողին քարշ են տվել մեքենա նստեցնելիս և մեքենայից դուրս հանելիս, որը տեղի է ունեցել 2006թ. հունիսի 12-ին: Վերջինիս կապակցությամբ Դատարանը պետք է պարզի, որ դիմողին 4-րդ կարգի բանտարկյալ որակելը, արդյունքում` ձեռնակապերով նրան պահելը, ավելացրել են այս կերպ տեղափոխվելու հետ կապված բարդությունները: Դատարանը մատնանշում է այս առթիվ CPT դիտարկումները` կապված Հունգարիայում 4-րդ կարգի բանտարկյալի որակման հետ (տե՛ս վերը` կետեր 17-18):

29. Վերջապես, Դատարանը դիտարկում է հետապնդելու անթույլատրելիությունն ապացույցների բացակայության դեպքում, որը ներկայացված է դեպքի առթիվ դիմողի` 2006թ. սեպտեմբերի 4-ի բողոքում (տե՛ս վերը` կետեր 12 և 13): Դատարանը գտնում է, որ դիմողին` անդամալույծ բանտարկյալին, բժշկական հետազոտության ուղարկելը հետաձգելը վիճարկվող միջադեպից հետո` անհամատեղելի է 3-րդ հոդվածով իշխանությունների վրա դրված պարտականության հետ, համաձայն որի` նրանք պետք է իրականացնեն համարժեք քննություն վատ վերաբերմունքի կապակցությամբ ներկայացված բողոքների առթիվ (տես` Քմետտին ընդդեմ Հունգարիայի գործով 2003թ. դեկտեմբերի 16-ի թիվ 57967/00 վճիռը):

30. Նախորդ դիտարկումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ Սզեգեդի բանտում բանտարկված լինելու ժամանակահատվածում դիմողը ենթարկվել է նվաստացնող վերաբերմունքի: Չնայած Կառավարության նախաձեռնած գովելի միջոցներին, որոնք նպատակ են ունեցել բարելավել նրա վիճակը 2006թ. դեկտեմբերի 15-ին նրան հատուկ հիմնարկ տեղափոխելով, այն է` հատուկ ու շատ ուշ է եղել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը շտկելու համար:

   

II. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը

31. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

A. Վնասը

32. Դիմողը պահանջել է 12,000 եվրո (EUR)` ոչ նյութական վնասի դիմաց:

33. Կառավարությունն առարկել է այս պահանջը:

34. Դատարանը տրամադրում է պահանջվող ողջ գումարը:

B. Ծախսեր և ծախքեր

35. Դիմողը պահանջել է նաև 3800 եվրո Դատարանում առաջացած ծախսերի և ծախքերի դիմաց: Այդ գումարը համապատասխանում է փաստաբանի 31-ժամյա աշխատանքին` համաձայն ներկայացված ժամացանկի, որը հաշվված է ժամը 120 եվրո, գումարած 80 եվրո` գրասենյակային ծախսերը:

36. Կառավարությունն առարկել է այս պահանջը:

37. Դատարանի նախադեպերի համաձայն` դիմողն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այն դեպքում, եթե ապացուցվում է, որ դրանք փաստացիորեն և անհրաժեշտաբար առաջացել են և ողջամիտ սահմաններում: Տվյալ գործով, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը, ինչպես նաև վերը նշված չափանիշը` Դատարանը հիմնավոր է գտնում ողջ գումարի տրամադրումը:

Դատարանն անհրաժեշտ է համարում. որ փոխհատուցումը չվճարելու դեպքում տոկոսները պետք է հիմնված լինեն Եվրոպական Կենտրոնական Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվի երեք տոկոս:

     

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

  

1. Հայտարարում է դիմումն ընդունելի:

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

3. Վճռում է,

(a) որ պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում դիմողին պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է հաշվվեն հունգարական ֆորինտով վճռի հրապարակման օրը գործող տոկոսադրույքով.

(i) 12000 եվրո, գումարած բոլոր հարկերը, ոչ նյութական վնասի դիմաց.

(ii) 3800 եվրո, գումարած բոլոր հարկերը, ծախսերի և ծախքերի դիմաց.

(iii) որ վերը նշված երեք ամսվա ժամկետը լրանալուց հետո տոկոսները պետք է վճարվեն Եվրոպական կենտրոնական բանկի հաստատած տոկոսադրույքով` հավելած երեք տոկոս.

4. Մերժում է դիմողի պահանջի մնացած մասը արդարացի փոխհատուցման վերաբերյալ:

 

Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2010թ. մայիսի 20-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

  

Նախագահող`

 

    

Քարտուղար`

Սալլի Դոլլե

 

 

Ֆրանսուա Թուլկենս