ԻՍԿԱՆԴԱՐՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
2010թ. սեպտեմբերի 23-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմողը ծնվել է 1954 թվականին և ապրում է Դուշանբեում:
A. Դիմողի դիրքորոշումը դեպքերի առթիվ
1. Գործի տվյալներ
5. 1992թ. մայիսին Տաջիկստանում սկսվում է քաղաքացիական պատերազմ, երբ ղեկավար վերնախավում չներկայացված էթնիկ խմբերը դուրս են գալիս Նախագահ Նաբիևի ազգային կառավարման դեմ: Քաղաքական տեսակետից դժգոհ խմբերը ներկայացված էին ազատական ժողովրդավարական բարենորոգիչների և իսլամիստականների կողմից, ովքեր պայքարել էին միասին, իսկ այնուհետև միավորվել «Միացյալ տաջիկական ընդդիմություն» (ՄՏԸ) կուսակցության ներքո: Մինչև 1997 թվականը սպանվել էր 50000-100000 մարդ:
6. Տաջիկստանում քաղաքացիական պատերազմի ընթացքում դիմողը եղել է ՄՏԸ-ի ղեկավարներից մեկը:
7. 1997թ. հունիսի 27-ին Նախագահ Ռախմանովի և ՄՏԸ-ի ղեկավարի միջև ստորագրվել է խաղաղության համաձայնագիր: Դիմողը նշանակվել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Պաշտոնավարման ընթացքում նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
8. 1999 թվականին Տաջիկստանի Նախագահը դիմողին նշանակել է Տաջիկկոմունծառայության միասնական կազմակերպության տնօրենի պաշտոնում:
9. 1999թ. սեպտեմբերի 13-ին դիմողն ընտրվել է Տաջիկստանի դեմոկրատական կուսակցության նախագահ:
10. 2001թ. հունիսի 4-ին դիմողը նշանակվել է «Տաջիկգազ» միասնական կազմակերպության տնօրեն:
11. Որոշ հարցերով դիմողը հրապարակայնորեն քննադատել է Տաջիկստանի Նախագահին:
12. 2004թ. դեկտեմբերի 1-ին դիմողը տեղափոխվել է Ռուսաստան:
2. Դիմողի դեմ մեղադրանքները և հանձնման գործով քննությունը
13. 2004թ. նոյեմբերի 25-ին Տաջիկստանի գլխավոր դատախազը դիմողի բացակայությամբ վերջինիս մեղադրել է ահաբեկչության, բանդիտիզմի, ապօրինի զենք կրելու և խաբեության միջոցով գույքի հափշտակության մեջ:
14. 2004թ. նոյեմբերի 26-ին տաջիկական իշխանությունները դիմողի նկատմամբ որպես խափանման միջոց են ընտրել կալանքը:
15. 2004թ. նոյեմբերի 29-ին դիմողին նշել են «հետախուզվողների» միջազգային ցուցակում:
16. 2004թ. դեկտեմբերի 1-ին Տաջիկստանի գլխավոր դատախազը Ռուսաստանի գլխավոր դատախազին ներկայացրել է դիմողին հանձնելու պահանջ:
17. 2004թ. դեկտեմբերի 9-ին ռուսական իշխանությունները ձերբակալել են դիմողին` նրան հանձնելու պահանջի հիման վրա:
18. Չորոշակիացված օր դիմողին տեղավորել են Մոսկվայի թիվ IZ-77/4 կալանավայրում:
19. 2004թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանային դատարանը հաստատել է դիմողի կալանքը մինչև հանձնումը:
20. 2004թ. դեկտեմբերի 24-ին դիմողը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը: Չորոշակիացված օր Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է բողոքը:
21. 2004թ. դեկտեմբերի 29-ին և 2005թ. հունվարի 18-ին դիմողը միջնորդել `է գլխավոր դատախազին չհանձնել իրեն` բողոքելով, որ հանձնման պահանջը պայմանավորված է բացառապես քաղաքական դրդապատճառներով:
22. 2005թ. հունվարին դիմողը Մոսկվայի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով բաժին խնդրագիր է ներկայացրել իրեն քաղաքական ապաստան տրամադրելու մասին:
23. 20054թ. ապրիլի 1-ին Ռուսաստանի գլխավոր դատախազը մերժել է Տաջիկստանի գլխավոր դատախազի ներկայացրած հանձնման պահանջն այն հիմքով, որ դիմողը ներկայացրել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանք:
24. 2005թ. ապրիլի 4-ին Մոսկվայի Բաբուշկինսկ շրջանի դատախազը որոշում է կայացրել դիմողին կալանքից ազատելու մասին:
3. Դիմողի առևանգումը և տեղափոխումը Տաջիկստան
25. 2005թ. ապրիլի 4-ին ազատ արձակվելուց հետո դիմողը մնացել է Մոսկվայի շրջանի Կորոլյով քաղաքում` իր ընկերոջ բնակարանում, ապաստան ստանալու իր դիմումի քննությանն սպասելու ընթացքում:
26. 2005թ. ապրիլի 15-ի երեկոյան դիմողը և իր ընկեր պարոն Լ.-ն դուրս էին եկել շանը զբոսեցնելու: Մի պահ դիմողը տեսնում է երկու անձի Ռուսաստանի պետավտոտեսչության աշխատակիցների համազգեստով: Նա կարծում է, թե այդ անձինք ուզում են իրեն ձերբակալել, և իր ընկերոջն ասում է, որ պետք է տուն գնալ: Ապա դիմողը նկատում է, որ տարածքը շրջափակված է սլավոնական արտաքինով քաղաքացիական հագուստով 25 կամ 30 անձանց կողմից:
27. Առանց ներկայանալու կամ որևէ բացատրության` ՊԱՏ համազգեստ կրող երկու անձինք քաղաքացիական հագուստով մի քանի անձանց օգնությամբ դիմողի ձեռքերը ձեռնաշղթայում են: Նրանցից մեկը հարվածում է դիմողի գլխին և նրան նստեցնում է մեքենա, որը հեռանում է այդ վայրից: 400-500 մետր հեռանալուց հետո մեքենան կանգ է առնում. ՊԱՏ համազգեստ կրող մարդիկ վերցնում են դիմողին և տեղավորում նրան մեծ ավտոմեքենայի (մինիվանի) մեջ:
28. Նրանք մեքենան վարում են որոշ ժամանակ: Վերջապես մինիվանը կանգ է առնում և դիմողին դուրս են բերում: Շրջակայքը նրան անծանոթ է լինում: Դիմողին տանում են շոգեբաղնիս (սաունա) և պահում այնտեղ: Հսկողները ծեծում են դիմողին: Նա խնդրում է իրեն տրամադրել փաստաբան, սակայն` ապարդյուն:
29. 2005թ. ապրիլի 16-ին դիմողին տանում են անտառ: Մարդիկ, ովքեր բռնել էին իրեն, հանդիպում են մի խումբ անձանց և սկսում այնտեղ զրուցել նրանց հետ: Նրանց լսելուց հետո դիմողը եզրակացնում է, որ նոր ժամանած անձինք Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներ են:
30. Աշխատակիցները դիմողի դեմքին հագցնում են դիմակ: Նրանք չեն ներկայանում և որևէ բացատրություն չեն տալիս իրենց գործողությունների համար: Նրանք խոսում էին մաքուր ռուսերենով:
31. Ապա նրանք տանում են դիմողին իրենց հետ` ուղեկցելով նրան մինչև օդանավակայան: Դիմողի անձը հաստատող փաստաթղթերը չեն ստուգվում: Օդանավ նստելիս դիմողը լսում է, թե աշխատակիցն ինչպես է խոսում մի կնոջ հետ, որը, հավանաբար, ճանաչում էր նրանց: Թռիչքի ընթացքում դեռևս փակ աչքերով դիմողը չի լսում որևէ ցուցում կամ այլ տեղեկատվություն, ինչը սովորաբար լինում է քաղաքացիական օդանավերում:
32. 2005թ. ապրիլի 17-ին օդանավը վայրէջք է կատարում Դուշանբեի օդանավակայանում, և դիմողը հանձնվում է տաջիկական իրավապահ մարմինների աշխատակիցներին:
4. Դիմողի կալանքը Տաջիկստանում
33. 2005թ. ապրիլի 17-ին դիմողը տեղավորվել է Տաջիկստանի անվտանգության նախարարության կալանավայրում: Նրան պահել են 2.3 x 2 մետր տարածությամբ բանտախցում: Այնտեղ եղել է երկաթյա մահճակալ` աղտոտ սպիտակեղենով:
34. Իր կալանքի առաջին տասն օրվա ընթացքում դիմողին գրանցել են «Սոբիրով» կեղծ ազգանվամբ: Այդ ընթացքում կալանավայրի աշխատակիցները պարբերաբար ծեծել են դիմողին: Նրան չեն տվել որևէ այլ ուտելիք` օրական երկու կտոր հացից և փոքր քանակությամբ ջրից բացի: Նրան թույլ են տվել զուգարանից օգտվել օրը միայն մեկ անգամ: Դիմողին թույլ չեն տվել դուրս գալ զբոսանքի կամ լվացվել:
35. Կալանքի 10-րդ օրը Տաջիկստանի գլխավոր դատախազության աշխատակիցներն ասել են նրան, որ նա կսպանվի, եթե չխոստովանի: Ճնշման ներքո դիմողը տալիս է ինքնախոստովանական ցուցմունք: Նրան տալիս են ինչ-որ հաբեր, դիմողի պնդմամբ` հոգեմետ բնույթի:
36. 2005թ. ապրիլի 25-ին Տաջիկստանի գլխավոր դատախազը հրավիրում է մամլո ասուլիս և հայտարարում, որ դիմողը ձերբակալվել է 2005թ. ապրիլի 22-ին:
37. 2005թ. ապրիլի 30-ին դիմողին թույլ են տալիս ձերբակալումից ի վեր առաջին անգամ տեսակցելու իր փաստաբաններին: Նա բացատրում է նրանց, որ 13 օր իրեն պահել են արտաքին աշխարհից կտրված, և որ ինքը սնվել է միայն հաց ու ջրով: Փաստաբանների տեսակցությունը տեղի է ունեցել կալանավայրի աշխատակիցների ներկայությամբ: Չհսկվող այցելություններն արգելվել են:
38. 2005թ. հոկտեմբերի 5-ին Տաջիկստանի Գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել դիմողին և դատապարտել նրան 25 տարվա ազատազրկման:
39. 2006թ. հունվարի 18-ին Տաջիկստանի Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիան 2005թ. հոկտեմբերի 5-ի դատավճիռը թողել է անփոփոխ:
5. Ռուսական իշխանություններին ուղղված բողոքներ
40. 2005թ. մայիսի 2-ին Տաջիկստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը խնդրել է Ռուսաստանի Նախագահին, Ռուսաստանի գլխավոր դատախազին և Ռուսաստանի օմբուդսմենին պարզել դիմողի ապօրինի հանձնման հանգամանքները:
41. 2005թ. մայիսի 3-ին դիմողի ազգականները խնդրել են Ռուսաստանի գլխավոր դատախազին բացատրել, թե դիմողն ինչպես է տեղափոխվել Տաջիկստան: Որևէ պատասխան չի տրվել:
42. 2005թ. մայիսի 30-ին դիմողի փաստաբանները հարցում են արել Ռուսաստանի գլխավոր դատախազին, թե արդյոք ձեռնարկվել է որևէ միջոց 2005թ. մայիսի 3-ի նամակի առնչությամբ:
43. 2005թ. հունիսի 14-ին դիմողի փաստաբանները բողոք են ներկայացրել Ռուսաստանի գլխավոր դատախազին առ այն, որ դիմողին բռնելը և հանձնելը եղել են ապօրինի:
44. 2005թ. հունիսի 22-ին դիմողի փաստաբանները բողոք են ներկայացրել Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարան Ռուսաստանի գլխավոր դատախազի անգործության դեմ: Դատարանը բողոքը թողել է առանց քննության:
45. 2005թ. հունիսի 15-ին դիմողի փաստաբանները բողոք են ներկայացրել Ռուսաստանի գլխավոր դատախազին դիմողի անօրինական հանձնման հանգամանքների, իրենց պնդմամբ, ոչ արդյունավետ քննության մասին:
46. 2005թ. հունիսի 20-ին Կորոլյով քաղաքի դատախազը մերժել է դիմողին առևանգելու առթիվ քրեական գործի հարուցումը:
47. 2005թ. հուլիսի 6-ին Կորոլյով քաղաքի դատախազը բեկանել է 2005թ. հունիսի 20-ի որոշումը և գործ է հարուցել Ռուսաստանի դաշնության քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (ծանրացնող հանգամանքներում կատարված առևանգում):
48. 2005թ. սեպտեմբերի 8-ին դիմողի ներկայացուցիչները Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարան են ներկայացրել երկրորդ բողոքը: Բողոքը մերժվել է 2005թ. սեպտեմբերի 28-ին:
49. 2005թ. սեպտեմբերի 16-ին դիմողի փաստաբանը միջնորդել է Կորոլյով քաղաքի դատախազին` պահանջել տաջիկական իշխանություններից դիմողին տեղափոխել Ռուսաստան` հարցաքննության ենթարկելու նպատակով: 2005թ. սեպտեմբերի 19-ին միջնորդությունը մերժվել է: Դիմողի փաստաբանները բողոքարկել են դատախազի որոշումը Մոսկվայի շրջանային դատախազին, սակայն` ապարդյուն:
50. Ինքը դիմողը, միջնորդել է Կորոլյով քաղաքի դատախազին` հարցաքննել իրեն որպես Ռուսաստանի տարածքում տուժողի:
51. 2005թ. հոկտեմբերի 6-ին Կորոլյով քաղաքի դատախազը մերժել է դիմողի միջնորդությունը: Դիմողի փաստաբանն այդ մերժումը բողոքարկել է դատարան:
52. 2006թ. ապրիլի 24-ին Կորոլյով քաղաքի դատարանը մերժել է բողոքն այն հիմքով, որ դիմողին թույլ չի տվել ներգրավվել քննությանը որպես տուժող: Այդ որոշումը բեկանվել է: 2006թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայի շրջանային դատարանը մերժել է բողոքն այն հիմքով, որ դիմողի իրավունքները չեն խախտվել:
53. 2005թ. դեկտեմբերի 12-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է գլխավոր դատախազի անգործության դեմ բողոքը:
54. 2006թ. մարտի 27-ին Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանը մերժել է դիմողի` Ռուսաստանի գլխավոր դատախազի անգործության դեմ բողոքը: 2006թ. մայիսի 23-ին Մոսկվայի քաղաքային դատարանն այդ որոշումը թողել է անփոփոխ:
55. 2006թ. ապրիլի 6-ին դիմողի փաստաբանները դատարանում վիճարկել են քննիչների որոշումները: 2006թ. սեպտեմբերի 25-ին նրանց բողոքը մերժվել է Մոսկվայի շրջանային դատարանի կողմից:
6. Բողոք Միացյալ ազգերի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարին (UNHCHR)
56. 2004թ. նոյեմբերին երկու տաջիկ փաստաբանները բողոք են ներկայացրել Միացյալ ազգերի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարին (UNHCHR)` Տաջիկստանում դիմողի նկատմամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքում վերջինիս իրավունքների վկայակոչվող խախտումների մասին:
57. 2005թ. հոկտեմբերի 20-ին UNHCHR-ի գրասենյակի` կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը հարցադրումներ է ներկայացրել տաջիկական կառավարությանը` կապված դիմողի կալանքի հետ:
58. 2005թ. նոյեմբերի 24-ին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան UNHCHR գրասենյակի հարցադրման, ներկայացրել է 17 էջանոց փաստաթուղթ` ռուսերեն, որում նշված էին դիմողի դեմ առկա մեղադրանքները և իրականացված քննությունները: Փաստաթղթի համաձայն.
«… Մինսկի կոնվենցիայի համաձայն` պարոն Իսկանդարովը ձերբակալվել է ռուսական իրավապահ մարմինների կողմից Մոսկվայում 2004 թվականին»:
Ի պատասխան Ռուսաստանի գլխավոր դատախազի միջնորդության` Տաջիկստանի գլխավոր դատախազը տրամադրել է անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Իսկանդարովի հանձնմանը տաջիկական իշխանություններին` Մինսկի կոնվենցիայով սահմանված վաղեմության ժամկետների սահմաններում, ինչպես նաև Իսկանդարովի` նրան մեղսագրվող հանցագործությունների առթիվ մեղավորության բավարար ապացույցները: Դրանից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազը տեղեկացրել է տաջիկական իշխանություններին, որ Իսկանդարովի հանձնման հարցով կկայացվի պատշաճ որոշում:
Ուշագրավ է այն, որ 2005թ. ապրիլի 4-ին Ռուսաստանի իրավապահ մարմինները պարոն Իսկանդարովին ազատել էին կալանքից մինչև նրան հանձնելու վերաբերյալ որոշում կայացնելը, սակայն պաշտոնապես չէին տեղեկացրել Տաջիկստանի գլխավոր դատախազին Մինսկի կոնվենցիայի ներքո ազատ արձակելու հիմքերի և պատճառների մասին:
Պարոն Իսկանդարովը պաշտոնապես հանձնվել է տաջիկական իրավապահ մարմիններին ռուսական իրավապահ մարմինների կողմից, և 2005թ. ապրիլի 17-ին նա տեղավորվել է Տաջիկստանի անվտանգության նախարարության ուղղիչ հիմնարկում:
59. 2006թ. սեպտեմբերի 29-ին UNHCHR գրասենյակը Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված նամակը փոխանցել է դիմողի տաջիկ դատապաշտպանին և հայտնել նրան, որ իր 47-րդ նիստում դիմողի գործը քննելու համար իր աշխատանքային խումբն սպասում է, որ կստանա նրա դիրքորոշումներն այդ առթիվ:
60. Պարզվում է, որ UNHCHR-ում դեռևս իրականացվում է քննություն դիմողի իրավունքների` վկայակոչվող խախտումների առթիվ:
B. Կառավարության դիրքորոշումը դեպքերի առթիվ
61. 2004թ. դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի գլխավոր դատախազը դիմողին հանձնելու պահանջ է ստացել Տաջիկստանի գլխավոր դատախազից:
62. 2004թ. դեկտեմբերի 9-ին դիմողը ձերբակալվել է Մոսկվայում:
63. 2004թ. դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի գլխավոր դատախազն ստացել է պաշտոնական միջնորդություն դիմողի հանձնման վերաբերյալ, որը հիմնված է եղել ահաբեկչության, բանդիտիզմի, ապօրինի զենք կրելու, խաբեության միջոցով գույքի հափշտակության և ապօրինի թիկնապահներ վարձելու մեղադրանքների վրա:
64. 2005թ. ապրիլի 1-ին Ռուսաստանի գլխավոր դատախազը մերժել է դիմողի հանձնումը` հիմք ընդունելով Մինսկի կոնվենցիայի 19-րդ հոդվածն այն առումով, որ դիմողը դիմել է քաղաքական ապաստան ստանալու միջնորդությամբ:
65. 2005թ. ապրիլի 4-ին դիմողն ազատվել է կալանքից:
66. 2005թ. հուլիսի 6-ին Կորոլյով քաղաքի դատախազը հարուցել է քրեական գործ դիմողին առևանգելու առթիվ` ՌԴ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (առևանգում ծանրացնող հանգամանքներում): Գործը համարանշվել է թիվ 27807:
67. Քննությամբ պարզվել է, որ 2005թ. ապրիլի 15-ին, մոտավորապես ժամը 23:00-ին դիմողն զբոսնելիս է եղել Կորոլյովի Սովետսկայա 14 փողոցում գտնվող տան շրջակայքում և, ենթադրաբար, առևանգվել է չբացահայտված անձանց կողմից:
68. Ապա հայտնի է դարձել, որ դիմողը ձերբակալվել է Դուշանբեում` տաջիկական իշխանությունների կողմից:
69. Քննիչը հարցաքննել է պարոն Լ.-ին, նրա որդուն և դստերը, ինչպես նաև Սովետսկայա փողոցի շրջակայքում 2005թ. ապրիլի 15-ի գիշերը հերթապահած ոստիկաններին, նաև` դիմողի որդուն:
70. 2005թ. հուլիսի 8-ին պարոն Լ.-ն հայտարարել է, որ դիմողը` իր դստեր ընկերը, մնացել է իրենց տանը` սկսած 2005թ. ապրիլի 12-ից: 2005թ. ապրիլի 15-ին պարոն Լ.-ն դուրս է եկել շանը մանածելու համար. դիմողն ուղեկցել է նրան ծխելու նպատակով: Պարոն Լ.-ն, ով չէր ծխում, զբոսնել է դիմողի նկատմամբ հակառակ ուղղությամբ: Մի պահ նա հանդիպել է ոստիկանի համազգեստ կրող երկու տղամարդու և զրուցել նրանց հետ մոտ 15 րոպե: Ապա նա վերադարձել է տուն. դիմողն այնտեղ չի եղել: Լ.-ն և իր դուստրը` օրիորդ Լ.-ն, փնտրել են դիմողին, ստուգել են ոստիկանության բաժանմունքներում, բայց` ապարդյուն: Որոշ ժամանակ անց օրիորդ Լ.-ն կարդացել է համացանցում, որ դիմողը ձերբակալվել է Տաջիկստանում:
71. Օրիորդ Լ.-ն և պարոն Լ.-ի որդին տվել են միանման ցուցմունքներ:
72. Քննիչներն ստուգել են` արդյոք դիմողին Չկալովսկի օդանավակայանից տարել են ինքնաթիռով, թե` ոչ: Նման ենթադրության որևէ ապացույց չի հայտնաբերվել:
73. 2005թ. հունիսի 20-ին Կորոլյովի գլխավոր դատախազը թիվ 27807 գործով դիմողին ներգրավել է որպես տուժող:
74. 2005թ. հուլիսի 18-ին Կորոլյովի գլխավոր դատախազը, Մինսկի կոնվենցիայի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներին համապատասխան, միջնորդել է Տաջիկստանի գլխավոր դատախազին` պարզել դիմողի գտնվելու վայրը և հարցաքննել նրան` իրեն առևանգելու և Ռուսաստանից դուրս բերելու առթիվ:
75. 2005թ. օգոստոսի 24-ին Ռուսաստանի իշխանությունները միջնորդել են Տաջիկստանի գլխավոր դատախազին` հարցաքննել դիմողին և թույլ տալ նրան ծանոթանալու իրեն որպես տուժող ներգրավելու մասին որոշմանը: 2005թ. դեկտեմբերի 29-ին պարոն Խ.-ն` Տաջիկստանի գլխավոր դատախազության քննիչը, պատասխանել է, որ ինքը մի քանի անգամ այցելել է դիմողին Տաջիկստանի անվտանգության նախարարության կալանավայրում` թիվ 27807 քրեական գործի առթիվ, սակայն դիմողը հրաժարվել է որևէ հայտարարություն անելուց, ինչպես նաև իրեն որպես տուժող ներգրավելու մասին որոշմանը ծանոթանալուց:
76. Քննիչը չի պարզել, թե Ռուսաստանի իրավապահ մարմինների որոշ աշխատակիցներ ներգրավված են եղել, արդյոք դիմողին առևանգելու գործում:
77. 2008թ. հոկտեմբերի 3-ին քննությունը կասեցվել է պատասխանատու անձանց չհայտնաբերելու պատճառով:
Իրավունքի հարցեր
I. Փաստերի հաստատում
A. Կողմերի դիրքորոշումները
1. Կառավարությունը
97. Կառավարությունը պնդել է, որ ռուսական իշխանությունները ներգրավված չեն եղել դիմողի առևանգման գործում: Դիմողն ազատվել է կալանքից իր ձերբակալումից հետո` մինչև 2005թ. ապրիլի 4-ի հանձնումը, և երբևէ կրկին չի կալանավորվել Ռուսաստանում:
98. Դիմողի հայտարարություններն առ այն, որ ինքը ձերբակալվել է պետական մարմինների կողմից, հերքվել են իր առևանգման առթիվ տարվող ներպետական քննության ընթացքում:
99. Հարցաքննված վկաները պարզորոշ տեսել են, թե ինչպես է դիմողն առևանգվել: Պարոն Լ.-ն չի տեղեկացրել ներպետական քննության ընթացքում, թե իր տան շրջակայքի տարածքը շրջափակված է եղել քաղաքացիական հագուստով 25 կամ 30 անձանց կողմից: Ոստիկաններ պարոն Թ.-ն և պարոն Ս.-ն քննության ընթացքում հայտնել են, որ իրենք չեն ձերբակալել որևէ անձի 2005թ. ապրիլի 15-ին, և որ չեն տեսել, թե ինչպես են ինչ-որ անձինք շրջափակում Սովետսկայա 14 փողոցը:
100. Դիմողը հրաժարվել է ծանոթանալ իրեն որպես տուժող ներգրավելու և հարցաքննելու որոշմանը:
101. Կառավարությունը Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված նամակի առթիվ, որի մեկ օրինակը ներկայացվել էր դիմողի ներկայացուցչի կողմից, մեկնաբանել է, որ «դրա բովանդակությունը չի համապատասխանում փաստերին»: Այն նաև առարկել է առ այն, որ այդ օրինակը հազիվ թե հստակ է: Ապա այն ստացել է այլ օրինակներ, սակայն փաստաթղթի առթիվ այլևս մեկնաբանություններ չի ներկայացրել:
102. Արդյունքում` Կառավարությունը պնդել է, որ դիմողին առևանգելու համար պետական մարմինները պատասխանատվություն չեն կրել:
2. Դիմողը
103. Դիմողը պնդել է, որ Տաջիկիստան իրեն տեղափոխելու գործում պետության մասնակցության առթիվ իր հայտարարությունը ապացուցվել է հետևյալով: Դիմողը ժամանել է Տաջիկիստան առանց անձնագրի, որն անհնարին կլիներ, եթե իրեն չուղեկցեին պետական գործակալներ: Տաջկական իշխանությունները հրապարակայնորեն հաստատել են, որ իրեն հանձնել են պաշտոնական ճանապարհով: Պարոն Լ.-ի` ռուս քննիչներին և Դատարանին տված ցուցմունքները չեն եղել հակասական:
104. Դիմողն իրոք չի կամեցել հարցաքննվել տաջիկ քննիչի կողմից թիվ 27807 գործի առթիվ, այդուհանդերձ, նա միջնորդել է ռուս քննիչներին հարցաքննել իրեն Ռուսաստանի տարածքում:
B. Դատարանի գնահատականը
105. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը խիստ անհամաձայնության մեջ են տվյալ գործի հանգամանքների առումով իրենց համապատասխան դիրքորոշումների կապակցությամբ, Դատարանն անհրաժեշտ է գնահատել դիմողին Տաջիկստան տեղափոխելու փաստերը:
106. Նախևառաջ Դատարանը նկատում է, որ, իր դերի լրացուցիչ բնույթից ելնելով, կարևոր է, որ ինքը զգույշ լինի փաստերի առթիվ առաջին ատյանի դատարանի դեր ստանձնելիս, երբ դա անխուսափելի չէ կոնկրետ գործի հանգամանքներում (տես` Մաքքերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը (dec), թիվ 28883/95, 2000թ. ապրիլի 4 և Ալթունն ընդդեմ Թուրքիայի գործը, թիվ 24561/94, կետ 42, 2004թ. հունիսի 1): Այնուամենայնիվ, երբ տեղի է ունենում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` Դատարանը պետք է իրականացնի հատկապես հիմնավոր քննություն, եթե նույնիսկ որոշակի գործողություններ և քննություններ են տեղի ունեցել (տես` Մեթյունն ընդդեմ Նիդեռլանդների գործը, թիվ 24919/03, կետ 155, ECHR 2005-IX):
107. Ապա Դատարանը նշում է, որ ապացույցը գնահատելիս այն որպես ապացուցված լինելու չափանիշ է կիրառում «հիմնավոր կասկածից վեր լինելը»: Այդուհանդերձ, Դատարանում իրականացվող քննության ժամանակ չկա որևէ դատավարական սահմանափակում ապացույցի թույլատրելիության համար կամ որոշված բանաձև` դրա ապացուցման համար: Այն կայացնում է եզրակացություններ, որոնք, իր կարծիքով, ամրապնդված են բոլոր ապացույցների ազատ գնահատմամբ, ներառյալ այնպիսի հետևություններ, որոնք կարող են բխել փաստերից և կողմերի դիրքորոշումներից: Համաձայն իր պրակտիկայի` ապացույցը կարող է բխել բավականաչափ ուժեղ, պարզ և միասնական հետևությունների համատեղ առկայությունից կամ փաստի միատեսակ անհերքելի կանխավարկածներից: Ավելին, որոշակի հետևության գալու համար համոզվածության անհրաժեշտ մակարդակը և, այս առթիվ, ապացուցման բեռի բաշխումն իրականում կապված են փաստերի յուրահատկության, խախտման բնույթի և Կոնվենցիայի տվյալ իրավունքի հետ (տե՛ս հետագա հղումներով` Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործը [GC], nos. 43577/98 և 43579/98, կետ 147, ECHR 2005-VII):
108. Դատարանը նաև ընդունել է, որ Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերը բոլոր դեպքերում չէ, որ հանգեցնում են affirmanti incumbit probatto սկզբունքի խիստ կիրառմանը (նա, ով հայտարարում է որևէ բան, պետք է ապացույցի այդ հայտարարությունը): Որոշ հանգամանքներում, երբ քննվող դեպքերը լիովին կամ մասամբ տեղի են ունենում իշխանությունների բացառիկ գիտությամբ, ապացուցման բեռը կարող է դրվել իշխանությունների վրա, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություն (տես` Սալմանն ընդդեմ Թուրքիայի գործը [GC], թիվ 21986/93, կետ 100,ECHR 2000-VII և Դ.Հ.-ն և այլոք ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործը [GC], թիվ 57325/00, կետ 179, ECHR 2007-XII):
109. Անդրադառնալով տվյալ գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ դիմողն ընդհանուր առմամբ ներկայացրել է իրեն Ռուսաստանից Տաջիկստան փոխադրելու հետ կապված դեպքերի հստակ և փոխկապակցված նկարագրությունը: Նրա հայտարարությունն առ այն, որ ինքը, de facto, ապօրինաբար հանձնվել է ռուսական իշխանությունների կողմից, հիմնավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից (տե՛ս վերը` կետ 96):
110. Ավելին, Դատարանը նկատում է, որ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է UNHCHR գրասենյակին, որ դիմողը «պաշտոնապես հանձնվել է տաջկական իշխանություններին ռուսական իրավապահ մարմինների գործակալների կողմից» (տե՛ս վերը` կետ 58): Կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն քննարկվող հայտարարության բնույթի առնչությամբ, պարզապես հայտարարել է, որ «դա չի համապատասխանում [գործի] փաստերին»:
111. Վերջապես, Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ տարբերակ, որով կկարողանար բացատրել, թե ինչպես է վերջին անգամ 2005թ. ապրիլի 15-ին Մոսկվայի տարածքում նկատված և 2005թ. ապրիլի 17-ին տաջիկական բանտում տեղավորված դիմողը ժամանել Տաջիկաստան: Այն պարզապես հայտարարել է, որ դիմողի առևանգման գործի քննությամբ զբաղված քննիչները որևէ տեղեկություն չեն ստացել, ինչը կհաստատեր այն վարկածը, համաձայն որի դիմողը թռիչք է կատարել Չկալովսկի օդանավակայանից (տե՛ս վերը` կետ 72): Այդուհանդերձ, այն չի ներկայացրել քննությամբ պարզված որևէ ապացույց, որը ցույց կտար, թե ինչ միջոցներ են կիրառվել դիմողի հայտարարությունները հերքելու համար:
112. Դատարանը նշում է, որ Կորոլյովից Դուշանբե ընկած ամենակարճ ճանապարհը 3,660 կիլոմետր է: Այն անցնում է Ղազախստանով և Ուզբեկստանով` ինքնիշխան պետություններով, որոնք ունեն իրենց սեփական սահմանային հսկողությունը: Նման հանգամանքներում Դատարանն անհնարին է համարում, որ դիմողը գաղտնի է տեղափոխվել Տաջիկաստան` իրեն առևանգողներից երկու օրից էլ կարճ ժամանակահատվածում օդանավից տարբերվող որևէ այլ տրանսպորտային միջոցով:
113. Ակնհայտ է, որ օդանավ նստելու դեպքում դիմողը պետք է որ անցած լիներ Ռուսաստանի սահմանը, և, այդպիսով, պետք է որ անցած լիներ անձնագրային և մաքսային ստուգումներ ռուսական իշխանությունների կողմից: Դատարանը լուրջ կասկածներ ունի առ այն, որ չբացահայտված առևանգողները տեղափոխել են դիմողին Կորոլյովից Դուշանբե վերջինիս կամքին հակառակ, առանց ցույց տալու պաշտոնատար անձանց որևէ շարժ արտասահմանում: Նման հանգամանքներում Դատարանը գտնում է, որ դիմողի հայտարարությունն առ այն, որ ինքն օդանավ է նստեցվել ռուս գործակալների կողմից, որոնց թույլատրված է եղել սահմանն անցնել առանց տարրական ձևականությունների, ենթադրվում է արժանահավատ: Կառավարությունը չի ներկայացրել որևէ սահմանային կամ մաքսային գրանցման ապացույց, որով ցույց կտար, թե երբ և ինչպես է դիմողը լքել Ռուսաստանի տարածքը: Այն չի ներկայացրել նաև որևէ հստակ բացատրություն առ այն, թե ինչպես կարող էր դիմողը ժամանել Դուշանբե, եթե ուղեկցած չլինեին ռուսական իշխանությունների ներկայացուցիչները կողմից:
114. Հաշվի առնելով վերը նշվածը` Դատարանը գտնում է, մինչ դիմողը prima facie ապացուցում է, որ իրեն ձերբակալել և Տաջիկստան են տեղափոխել ռուսական իշխանությունները, Կառավարությունը համոզիչ կերպով չի հերքում նրա հայտարարությունները և չի ներկայացնում բավարար և համոզիչ բացատրություն այն մասին, թե դիմողն ինչպես է ժամանել Դուշանբե:
115. Համապատասխանաբար Դատարանը գտնում է, որ հաստատված է այն, որ 2005թ. ապրիլի 15-ին դիմողը ձերբակալվել է ռուսական իշխանությունների կողմից, և որ նա մնացել է նրանց հսկողության տակ մինչև իրեն տաջիկական իշխանություններին հանձնելը:
116. Այս հետևությունների հիմքով Դատարանը կշարունակի հետազոտել դիմողի գանգատները Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների ներքո:
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վիճարկվող խախտում
117. Դիմողը բողոքել է, որ իրեն Տաջիկստան ապօրինաբար տեղափոխելու արդյունքում նա ենթարկվել է վատ վերաբերմունքի և հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, համաձայն որի`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի դիրքորոշումները
118. Կառավարությունն առարկել է այդ փաստարկի դեմ և հայտարարել, որ 2005թ. ապրիլի 15-ին դիմողին առևանգելու համար պետությունը պատասխանատվություն չի կրում: Կառավարությունն առարկել է` նշելով, որ ռուսական իշխանությունները չեն կարող պատասխանատվություն կրել որևէ վատ վերաբերմունքի համար, որ կարող էր դրսևորվել Տաջիկստանում, և որ այդ պատճառով դիմողի բողոքն ընդունելի չէ ratione loci: Համաձայն Կառավարության դիրքորոշման ներպետական միջոցներն սպառած լինելու հարցն անտեղի է տվյալ գործով, քանի որ վկայակոչվող խախտումը չի կարող մեղսագրվել պատասխանող պետությանը:
119. Դիմողը պնդել է իր գանգատները: Նա հայտարարել է, որ մինչև 2005թ. ապրիլի 15-ն առկա են եղել հիմքեր վախենալու համար, որ Տաջիկստանում կալանավորվելիս ինքը կենթարկվի վերաբերմունքի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի: Ավելին, նա հայտարարել է, որ ինքը փաստացիորեն ենթարկվել է վատ վերաբերմունքի Տաջիկստանում կալանքի տակ գտնվելիս: Ապա դիմողը բողոքել է, որ ռուսական իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն իրեն Տաջիկստան ապօրինաբար տեղափոխելու առթիվ, ինչպես նաև չեն ապահովել իր վերադարձը Ռուսաստան: Նա նաև պնդել է, որ սպառել է բոլոր առկա ներպետական միջոցները` կապված իր գանգատի հետ:
A. Դատարանի գնահատականը
Թույլատրելիություն
120. Ինչ վերաբերում է Կառավարության փաստարկին առ այն, որ գանգատը պետք է ճանաչվի անընդունելի ratione loci, ապա Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիան չի ուղղորդում անդամ չհանդիսացող երկրների գործողությունները, ոչ էլ միջոց է հանդիսանում պահանջել պայմանավորվող պետություններից դնելու Կոնվենցիայի պահանջները մեկ այլ պետության վրա (տես` Սոիրինգն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 1989թ. հուլիսի 7-ի վճիռը, կետ 86, մաս A, թիվ 161): Այն ընդգծում է, այդուհանդերձ, որ հանձնող պետության պատասխանատվությունը Կոնվենցիայի ներքո առաջ է գալիս ոչ թե իր իրավասությունից դուրս առաջացող գործողություններից, այլ` գործողություններից, որոնց համար պատասխանատվություն է կրում պետությունը, որը որպես հետևանք անձին ենթարկել է 3-րդ հոդվածով արգելված վատ վերաբերմունքի (տե՛ս վերը` Սոիրինգի գործը, կետ 91, և Քրուզ Վարասը և այլոք ընդդեմ Շվեդիայի գործով 1991թ. մարտի 20-ի վճիռը, կետ 69, մաս A, թիվ 201): Այդ իսկ պատճառով Դատարանը չի ընդունում Կառավարության առարկությունն առ այն, որ պատասխանող պետությունը չունի տարածքային իրավասություն:
121. Ապա Դատարանը նշում է, որ ինքը կոչված չէ որոշելու` արդյոք դիմողն սպառել է տվյալ գործով առկա ներպետական արդյունավետ միջոցները, թե` ոչ, քանի որ Կառավարությունը չի առաջադրել չսպառելու հարցը (տես` Մեչենկովն ընդդեմ Ռուսաստանի գործով 2008թ. փետրվարի 7-ի վճիռը, թիվ 3542105/05, կետ 78):
122. Վերջապես, Դատարանը գտնում է, որ 3-րդ հոդվածի ներքո դիմողի գանգատը ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով և պետք է այդ իսկ պատճառով հայտարարվի ընդունելի:
2. Հիմնական փաստարկը
(a) Հիմնական սկզբունքները
123. Նախևառաջ Դատարանը կրկնում է, որ 3-րդ հոդվածի սահմաններում լինելու համար վատ վերաբերմունքը պետք է ունենա խստության նվազագույն մակարդակ: Այդ նվազագույնի գնահատումն անխուսափելիորեն համեմատական է: Այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի կամ պատժի բնույթը և հանգամանքները, դրա իրականացման ձևն ու մեթոդը, դրա տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունները և որոշ դեպքերում, տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տես` Թ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 1999թ. դեկտեմբերի 16-ի վճիռը [GC], թիվ 24724/94, կետ 68):
124. Դատարանի առկա պրակտիկայում որպես կայացած միջազգային իրավունք և որպես պայմանագրով սահմանված պարտավորության առարկա, ներառյալ Կոնվենցիայից բխողները, պայմանավորվող պետություններն իրավունք ունեն հսկելու օտարերկրացիների մուտքը, գտնվելու վայրը և հեռանալը (տես, օրինակ, Բուջլիֆան ընդդեմ Ֆրանսիայի գործով 1997թ. հոկտեմբերի 21-ի վճիռը, կետ 42, Վճիռների և որոշումների հավաքածու, 1997-VI և Ն.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 2008թ. մայիսի 27-ի վճիռը[GC], թիվ 26565/05, կետ 30): Ի հավելումն պետք է նշել, որ ոչ Կոնվենցիան, ոչ էլ դրա Արձանագրությունները չեն նախատեսում քաղաքական ապաստանի իրավունքը (տես` Ահմեդն ընդդեմ Ավստրիայի գործով 1996թ. դեկտեմբերի 17-ի վճիռը, կետ 38, Հաշվետվություններ 1996-VI):
125. Այդուհանդերձ, պայմանավորվող պետության կողմից հանձնումը կարող է հարց առաջացնել 3-րդ հոդվածի ներքո, և այդպիսով` առաջ բերել այդ պետության պատասխանատվություն Կոնվենցիայի ներքո, որտեղ էական հիմքերը ներկայացվել են հավաստելու համար, որ տվյալ անձը հանձնվելիս կարող է ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի իրական ռիսկի (տես` Մամատկուլովը և Ասկյարովն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 46827/99 և 46951/99, կետ 67, ECHR 2005-I): Նման գործով 3-րդ հոդվածը պարտավորեցնում է չհանձնել տվյալ անձին այդ պետությանը (տես, mutatis mutandis, Վիլվարայահնը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 1991թ. հոկտեմբերի 30-ի վճիռը, կետ 102, մաս A, թիվ 215 և Սաիդն ընդդեմ Նիդեռլանդների գործով վճիռը, թիվ 2345/02, կետ 46, ECHR 2005-VI):
126. Երբ հարկ է պարզել` արդյոք, հանձնվելիս դիմողը կենթարկվի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ռիսկի, Դատարանը գործը գնահատում է իրեն ներկայացված նյութերի լույսի ներքո կամ, անհրաժեշտության դեպքում` proprio motu ձեռք բերված նյութի լույսի ներքո (տես` Հ.Լ.Ռ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1997թ. ապրիլի 29-ի վճիռը, կետ 37, Հաշվետվություններ 1997-III): Քանի որ նման գործերով 3-րդ հոդվածի ներքո պայմանավորվող պետությունների պարտականությունն է ցույց տալ անձին` վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկը, ռիսկի առկայությունը պետք է գնահատվի նախևառաջ հղում կատարելով այն փաստերին, որոնք հայտնի են եղել կամ պետք է հայտնի լինեին պայմանավորվող պետությանը հանձնման ժամանակ (տե՛ս վերը` Քրուզ Վարասը և այլոք, կետեր 75-76 և Վիլվարայահը և այլոք, կետ 107):
127. Պարզելու համար, թե արդյոք հանձնման ժամանակ առկա է եղել վատ վերաբերմունքի ռիսկ, Դատարանը պետք է քննի դիմողին ընդունող երկիր ուղարկելու կանխատեսելի հանգամանքները, նկատի ունենալով առկա իրավիճակը և նրա անձնական հանգամանքները (տես, mutatis mutandis, Նյանզին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 2008թ. ապրիլի 8-ի վճիռը, թիվ 21878/06, կետ 54): Ինչ վերաբերում է կոնկրետ երկրում ընդհանուր դրությանը, Դատարանը գտնում է, որ կարելի է որոշակի կարևորություն տալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային այնպիսի անկախ ասոցիացիաների հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությանը, ինչպիսին է «Միջազգային ամնիստիա» կազմակերպությունը կամ կառավարական աղբյուրները` ներառյալ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը (տես, օրինակ, վերը նշված Սաիդի գործը կետ 54 և Ալ-Մոայադն ընդդեմ Գերմանիայի գործով 2007թ. փետրվարի 20-ի վճիռը (dec.), թիվ 35865/03, կետեր 65-66): Միևնույն ժամանակ ընդունող պետությունում անկայուն վիճակի հետ կապված վատ վերաբերմունքի նվազագույն հնարավորությունն ինքնին չի առաջացնում 3-րդ հոդվածի խախտում (տե՛ս վերը` Վիլվարայահի և այլոց գործը, կետ 111 և Ֆատգան Քատանին և այլոք ընդդեմ Գերմանիայի գործով 2001թ. մայիսի 31-ի վճիռը (dec.), թիվ 67679/01): Երբ Դատարանին հասու աղբյուրները նկարագրում են ընդհանուր իրադրությունը, դիմողի հատուկ բողոքները կոնկրետ գործով պահանջում են հաստատում այլ ապացույցներով (տե՛ս վերը` Մամատկուլովի և Ասկյարովի գործը, կետ 73):
(b) Վերը նշված սկզբունքների կիրառումը տվյալ գործով
128. Այժմ Դատարանը պետք է պարզի, թե արդյոք մինչև Ռուսաստանից դուրս բերվելու պահը, այն է` 2005թ. ապրիլի 15-ը, առկա է եղել ռիսկ, որ դիմողը Տաջիկստանում կենթարկվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի (տես` Մումինովն ընդդեմ Ռուսաստանի գործով 2008թ. դեկտեմբերի 11-ի վճիռը, կետ 91):
129. Նախևառաջ Դատարանը պետք է պարզի` արդյոք, Տաջիկստանում քննարկվող ժամանակահատվածում առկա քաղաքական իրադրությունը կարող էր հիմքեր տալ ենթադրելու, որ դիմողը կենթարկվի վատ վերաբերմունքի ընդունող պետությունում: Այս առթիվ Դատարանը նշում է, որ մի շարք օբյեկտիվ աղբյուրներից բխող ապացույցները, անկասկած, ցույց են տալիս, որ 2005 թվականին Տաջիկստանում մարդու իրավունքների հետ կապված ողջ դրությունը առաջ է բերել լուրջ հետևանքներ: Օրինակ` Միջազգային ամնիստիան նկատել է, որ պետական ծառայողների կողմից գործադրվող լլկանքները եղել են սովորական երևույթ Տաջիկստանում, և որ իրավախախտները եղել են անձեռնմխելի (տե՛ս վերը` կետ 88): Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը նաև արձանագրել է անվտանգության մարմինների կողմից լլկանքների հաճախակի կիրառումը և նշել, որ ազատազրկման վայրերում պայմանները մնացել են խիստ վատ և վտանգավոր կյանքի համար այն աստիճան, որ որոշակի թվով կալանավորվածներ մահացել են սովից (տե՛ս վերը` կետ 88): Քանի որ Կառավարությունը չի առարկել հեղինակավոր կազմակերպությունների վերոհիշյալ հաշվետվություններում ներկայացված հայտարարությունները, Դատարանը պատրաստ է ընդունել, որ 2005 թվականին կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը Տաջիկստանում եղել է կայուն խնդիր:
130. Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ վերը նշված հետևությունները հաստատում են տվյալ երկրում առկա ընդհանուր դրությունը և պետք է հաստատվեն հատուկ հայտարարություններով և այլ ապացույցներով: Միևնույն համատեքստում Դատարանը պետք է քննի` արդյոք իշխանությունները գնահատել են վատ վերաբերմունքի ռիսկը մինչև տեղափոխման որոշման մասին խոսելը, թե` ոչ (տե՛ս վերը` mutatis mutandis, Ռյաբիկինի գործը, կետ 117):
131. Այդ իսկ պատճառով Դատարանն այժմ կպարզի, թե արդյոք դիմողի անձնական վիճակը հիմք տվել է ենթադրելու, որ նա Տաջիկստանում կենթարկվի վատ վերաբերմունքի: Դատարանը նշում է այս առթիվ, որ դիմողը նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Նախագահ Ռախմանովի հնարավոր մրցակիցներից մեկը: Ռուսաստանի տարածքից տեղափոխվելու պահին մեկ այլ ընդդիմադիր առաջնորդի` պարոն Շամսիդինովի նկատմամբ քաղաքական հետապնդումներին և նրա նկատմամբ վատ վերաբերմունքին առնչվող տեղեկություններն արդեն իսկ տարածված են եղել (տե՛ս վերը` կետեր 89 և 92): Նման հանգամանքներում Դատարանը գտնում է, որ առկա են եղել առանձնահատկություններ դիմողի գործում, որոնք կարող էին և պետք է հնարավորություն տային ռուսական իշխանությունների կանխատեսելու այն, որ դիմողը կարող էր ենթարկվել վատ վերաբերմունքի Տաջիկստանում (տես, դրան հակառակ, վերը` Վիլվարայահի և այլոց գործով վճիռը, կետ 112):
132. Այն փաստը, որ անհնարին է պարզել, թե արդյոք դիմողն իսկապես ենթարկվել է վատ վերաբերմունքի Դուշանբե վերադառնալուն պես, ինչպես որ նա հայտարարել է թե Դատարանի և թե այլ միջազգային կազմակերպությունների առջև, որևէ կերպ չի ազդում Դատարանի հետևությունների վրա:
133. Վերջապես, Դատարանը նշում է, որ հատկապես կարևոր է այն փաստը, որ ռուսական իշխանությունները, ցավոք, չեն գնահատել վատ վերաբերմունքի ռիսկը, որին կարող էր ենթարկվել դիմողը Տաջիկստանում: Հանձնման որոշման բացակայության պայմաններում դիմողը զրկված է եղել իր տեղափոխումը դատարանին բողոքարկելու հնարավորությունից, այսինքն` ի խախտումն շատ կարևոր դատավարական երաշխիքի է դրսևորվել հիշյալ վերաբերմունքը:
134. Վերը նշված դիտարկումների լույսի ներքո Դատարանը գտնում է, որ դիմողին Տաջիկստան տեղափոխելն իրականացվել է ի խախտումն պատասխանող պետության` իրեն վատ վերաբերմունքի ռիսկից պաշտպանելու պարտականության:
135. Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
III Կոնվենցիայի 5-րդ հոդվածի վիճարկվող խախտումը
136. Դիմողը բողոքել է, որ 2005թ. ապրիլի 15-ին ինքը ձերբակալվել է ռուսական իշխանությունների կողմից` ի խախտումն ներպետական օրենքի: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը, համաձայն որի`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
137. Կառավարությունն առարկել է այդ փաստարկի դեմ: Այն հայտարարել է, որ 2004թ. դեկտեմբերի 9-ի և 2005թ. ապրիլի 4-ի միջև ընկած ժամանակահատվածում դիմողն օրինական կարգով կալանավորված է եղել` հաշվի առնելով նրա հանձնման հարցը և այն, որ նա կալանավորված չի եղել ռուսական իշխանությունների կողմից 2005թ. ապրիլի 4-ից հետո: Այն կրկին անգամ հաստատել է, որ պետական գործակալները ներգրավված չեն եղել դիմողին առևանգելու և նրան Ռուսաստանից Տաջիկստան տեղափոխելու գործում:
138. Դիմողը կրկնել է իր բողոքը:
A. Ընդունելիություն
139. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածը, որի 1-ին կետը հռչակում է «ազատության իրավունքը», առնչվում է անձնական ֆիզիկական ազատությանը: Դրա նպատակն է ապահովել, որպեսզի ոչ ոք չզրկվի ազատությունից` կամայական ճանապարհով: Որպեսզի պարզվի` արդյոք որևէ մեկը զրկվել է ազատությունից 5-րդ հոդվածի իմաստով, առանցքային պետք է լինի նրա կոնկրետ վիճակը և պետք է հաշվի առնվեն այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են քննարկվող միջոցների տեսակը, տևողությունը, ազդեցությունները և միջոցները (տես` Ամուուրն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1996թ. հունիսի 25-ի վճիռը, կետ 42, Հաշվետվություններ 1996-III): Ազատությունից զրկելու և ազատությունը սահմանափակելու միջև տարբերությունը պարզապես դրա աստիճանն է կամ ինտենսիվությունը և չի առնչվում բնույթին կամ բովանդակությանը (տես` Գուզարդին ընդդեմ Իտալիայի գործով 1980թ. նոյեմբերի 6-ի գործով վճիռը, մաս A, թիվ 39 և Մեդվեդևը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի գործով [GC] թվի 3394/03 վճիռը, կետ 73, ECHR 2010-…):
140. Նախևառաջ Դատարանը նշում է, որ տվյալ կոնկրետ գործով իր տրամադրության տակ եղած սակավ տեղեկատվության և Ռուսաստանի տարածքից դիմողին հանելու առթիվ որևէ պաշտոնական փաստաթուղթը առկա չլինելու պատճառով Դատարանը չի կարող հանգամանալից պարզել Կորոլյովից Դուշանբե դիմողին տեղափոխելուն առնչվող բոլոր հանգամանքները: Հատկապես անհայտ է մնում, թե արդյոք այդ ուղևորության ընթացքում դիմողին փակել են բանտախցում կամ տեղավորել են որևէ հաստատությունում: Այդուհանդերձ, Դատարանը պարզել է, որ նրան ուղեկցել են ռուսական պետական գործակալները, և նա բերվել է Տաջիկստան իր կամքին հակառակ (տե՛ս վերը` կետ 115): Դատարանի կարծիքով, չի կարելի այդ ամենը դիտարկել իբրև լոկ տեղաշարժման ազատության սահմանափակում, քանի որ նրա ուղևորությունն իրականացվել է պետական գործակալների կողմից (տես, mutatis mutandis, վերը` Մեդվեդևի և այլոց գործը, կետ 79): Այն ժամանակահատվածի համեմատաբար կարճ տևողությունը, որի ընթացքում դիմողը գտնվել է ռուսական իշխանությունների հսկողության ներքո, էական չէ պարզելու համար` արդյոք առկա է եղել ազատությունից զրկում տվյալ գործի հանգամանքներում (տես` Խ.-ն և Յ.-ն ընդդեմ Շվեդիայի գործով վճիռը, թիվ 7376/76, Հանձնաժողովի` 1976թ. հոկտեմբերի 7-ի որոշումը, Որոշումներ և Հաշվետվություններ (DR), 7, էջ 123, և Խ.-ն ընդդեմ Ավստրիայի գործով թիվ 8278/78 վճիռը, Հանձնաժողովի` 1979թ. դեկտեմբերի 13-ի որոշումը, DR 18, էջ 154):
141. Համապատասխանաբար, Դատարանը եզրակացնում է, որ դիմողի վիճակը, երբ նա գտնվել է ռուսական պետական գործակալների հսկողության ներքո 2005թ. ապրիլի 15-ին առևանգվելուց հետո, փաստորեն հանգեցրել է ազատությունից զրկելուն, որ 5-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է նրա գործով ratione materiae: Ավելին, Դատարանը կրկնում է, որ արդեն իսկ գտել է, որ ազատությունից զրկելը, որն իրականացվել է վարվող տրանսպորտային միջոցում, կարող է համարվել «կալանք» (տես` Բոզանոն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1986թ. դեկտեմբերի 18-ի վճիռը, մաս A, թիվ 111) և չի տեսնում որևէ պատճառ չընդունելու, որ դիմողը, փաստորեն, կալանքի տակ է վերցվել` այս առթիվ իր նախադեպերին առնչվող իմաստով:
142. Ապա Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով և անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է հայտարարվի ընդունելի:
B. Հիմնական փաստարկը
143. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պաշտպանում է ազատության և անվտանգության իրավունքը: Այս իրավունքը հույժ կարևոր է «ժողովրդավարական հասարակությունում» Կոնվենցիայի իմաստով (տե՛ս մի շարք այլ գործերի թվում` Դե Ուիլդը, Օօմսը և Վերսիփն ընդդեմ Բելգիայի գործով 1971թ. վճիռը, կետ 65, մաս A, թիվ 12, Ասսանիձեն ընդդեմ Վրաստանի գործով [GC] թիվ 71503/01 վճիռը, կետ 169, ECHR 2004-II, և Լադենթն ընդդեմ Լեհաստանի գործով թիվ 11036/03 վճիռը, կետ 45, ECHR 2008-…):
144. Բոլորն ունեն այս իրավունքի պաշտպանության իրավունքը, այն է` չպետք է ենթարկվեն կամ շարունակեն ենթարկվել ազատազրկման, բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմաններով (տե՛ս վերը` Մեդվեդևի և այլոց գործը, կետ 77): Երբ քննարկվում է կալանքի օրինականության հարցը, ներառյալ այն հարցը, թե արդյոք դրան հաջորդել է «օրենքով նախատեսված ընթացակարգը», Կոնվենցիան ըստ գործի էության հղում է կատարում ներպետական օրենսդրությանը: Միևնույն ժամանակ այն պահանջում է, որպեսզի ազատությունից զրկելու ցանկացած դեպք համապատասխանի 5-րդ հոդվածի պահանջներին, այն է` պաշտպանի անձին կամայականությունից (տե՛ս վերը` Բոզանոյի գործը, կետ 54 և Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի գործը [GC], թիվ 21906/04, կետ 116, ECHR 2008-…):
145. Ոչ մի կամայական կալանք չի կարող համարվել 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանող, «կամայականության» հասկացությունն այս համատեքստում ներպետական օրենսդրությանը չհամապատասխանելուց այն կողմ է: Չնայած որ Դատարանը նախապես չի ձևակերպել ընդհանուր բնորոշում իշխանությունների վարքագծի տեսակների վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել «կամայականության» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, առանցքային սկզբունքները մշակվել են նախադեպերի հիման վրա: Ավելին` 5-րդ հոդվածի իմաստով կամայականության հասկացությունը որոշ չափով տարբերվում է` կախված կալանքի տեսակից (տես` Մոորենն ընդդեմ Գերմանիայի գործով [GC] թիվ 11364/03 վճիռը, կետ 77, ECHR 2009-…):
146. Օրինակ` Դատարանն արդեն հաստատել է, որ կալանքը կհամարվի «կամայական», եթե, չնայած ներպետական օրենսդրության տառին հետևելուն, առկա լինի համբավ կամ խաբեություն իշխանությունների կողմից (տե՛ս վերը` Բոզանոյի գործը, կետ 59), երբ ներպետական իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել ճշգրտորեն կիրառելու համապատասխան օրենսդրությունը (տես` Բենհամն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 1996թ. հունիսի 10-ի վճիռը, կետ 47, Հաշվետվություններ 1996-III), կամ երբ դատական իշխանությունները երկար ժամկետով կալանքի որոշում են կայացրել, առանց իրենց որոշումներում բերելու որևէ հիմնավորում այդպես վարվելու համար (տես` Ստասաիտիսն ընդդեմ Լիտվայի գործով 2002թ. մարտի 21-ի թիվ 47679/99 վճիռը, կետ 67):
147. Այժմ Դատարանը պետք է պարզի` արդյոք դիմողի կալանքը չի եղել կամայական:
148. Հղում կատարելով իր վերը նշված հետևություններին, որոնք վերաբերում են տվյալ գործի փաստերի հաստատմանը (տե՛ս վերը` կետ 115), Դատարանը եզրակացնում է, որ խիստ ցավալի է այն, որ նման մութ միջոցներ են կիրառվել պետական գործակալների կողմից, քանի որ այս պրակտիկան չէր կարող խախտել միայն իրավական որոշակիությունը և հետզհետե առաջացնել ոչ պաշտպանված լինելու զգացում անձանց մեջ, այլ կարող էր նաև, որպես կանոն, խախտել հանրության հարգանքը և վստահությունը ներպետական իշխանությունների նկատմամբ (տես, mutatis mutandis, Գեորգի Նիկոլաիշվիլին ընդդեմ Վրաստանի գործով թիվ 37048/04 վճիռը, կետ 56, ECHR 2009-…):
149. Ապա Դատարանն ընդգծում է, որ դիմողի կալանքը հիմնված չի եղել ներպետական օրենսդրությունից բխող որոշման վրա: Դատարանի կարծիքով անհասկանալի է, որ պետությունում օրենքով նախատեսված կարգով անձը կարող է ենթարկվել ազատազրկման` առանց դրա համար որևէ օրինական սանկցիավորման (տես, mutatis mutandis, վերը` Ասսանիձեի գործը, կետ 173): 2005թ. ապրիլի 15-ին դիմողի ազատազրկումը տեղի է ունեցել ապօրինի տեղափոխմամբ, որն իրականացվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի` հանձնման միջնորդության մերժման որոշման շրջանցմամբ և ոչ այնպիսի «կալանքով», որն անհրաժեշտ է«արտաքսման կամ հանձնման նպատակով կատարվող… սովորական գործողության ընթացքում» (տե՛ս վերը` Բոզանոյի գործը, կետ 60):
150. Ավելին, դիմողի կալանավորումը հաստատված կամ ներկայացված չի եղել ձերբակալման կամ կալանքի մասին փաստաթղթերում և, այդպիսով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված` անձի ազատության և պաշտպանության երաշխիքների իսպառ բացառման և այդ հոդվածի կոպիտ խախտմամբ (տե՛ս Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործով [GC] թիվ 25781/94, կետ 147, ECHR 2001-IV):
151. Նման պայմաններում Դատարանը չի կարող միայն եզրակացնել, որ 2005թ. ապրիլի 15-ին ձերբակալվելուց ի վեր մինչև տաջիկական իշխանություններին հանձնելը դիմողը կամայականորեն ենթարկվել է ազատազրկման ռուսական պետական գործակալների կողմից:
152. Վերը նշված դիտարկումների լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
IV Կոնվենցիայի 41-րդ և 46-րդ հոդվածների կիրառելիությունը
153. Հղում կատարելով Կոնվենցիայի 41-րդ հոդվածին` դիմողը պահանջել է 300,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի համար, որը պատճառվել է իրեն հոգեկան և ֆիզիկական տառապանքի արդյունքում իրեն Տաջիկստան ապօրինաբար տեղափոխելուց հետո: Ապա նա պահանջել է 4,140 եվրո ծախսերի և ծախքերի համար, որոնք առաջացել են Դատարան դիմելու կապակցությամբ: Ի հաստատումն իր պահանջների` նա ներկայացրել է հաշիվ-ստացականներ, որոնք ցույց են տալիս իր երկու փաստաբանների հոնորարները: Վերջապես, դիմողը ներկայացրել է, որ պատասխանող Կառավարությունը պետք է ապահովի իրեն տաջիկական բանտից ազատարձակումը և իր` Ռուսաստանի Դաշնություն վերադառնալը:
154. Կառավարությունը պնդել է, որ ոչ նյութական վնասի համար պահանջվող գումարը չափազանց մեծ է ու անհիմն և չի համապատասխանում Դատարանի պրակտիկային: Ապա այն հայտարարել է, որ չի ապացուցվել, որ դիմողն իրականում վճարել է փաստաբանների հաշիվ-ստացականներում նշված գումարները: Կառավարությունը չի մեկնաբանել դիմողի` իրեն Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու պահանջի առթիվ:
A. 41-րդ հոդված
155. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
156. Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների խախտում դիմողին Տաջիկստան ապօրինաբար տեղափոխելու և նրան պետական գործակալների կողմից ապօրինաբար կալանավորելու արդյունքում: Դատարանն ընդունում է, որ դիմողը պետք է կրած լինի տևական ոչ նյութական վնաս, որը չէր կարող փոխհատուցվել լոկ խախտումների արձանագրմամբ: Դատարանը գտնում է, որ տեղին է նրան 30,000 եվրո վճարելը` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
157. Ավելին, համաձայն Դատարանի պրակտիկայի` դիմողն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք, եթե միայն ցույց է տրված, որ դրանք եղել են իրական և անհրաժեշտ և ողջամիտ չափերի: Տվյալ գործով, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափանիշը, Դատարանը տեղին է համարում տրամադրել դիմողին 3000 եվրո` Դատարանի դիմելու կապակցությամբ կատարած ծախսերի և ծախքերի համար:
158. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
159. Դատարանը գտնում է, որ դիմողի ոչ դրամական պահանջները վերաբերում են նախևառաջ Կոնվենցիայի 46-րդ հոդվածին, համաձայն որի
«1. Դատարանը մատնանշում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պատրաստվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործով, որում նրանք կողմ են:
2. Դատարանի վերջնական վճիռը պետք է ուղարկվի Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ»:
160. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո Պայմանավորվող կողմերը կոչված են ենթարկվելու Դատարանի վերջնական վճռին` ցանկացած գործով, որով իրենք կողմ են, իսկ վճռի կատարումը գտնվում է Նախարարների կոմիտեի հսկողության ներքո: Հետևաբար, inter alia, վճիռը, որով Դատարանը խախտում է հայտնաբերում, պատասխանող պետության վրա դնում է իրավական պարտականություն ոչ միայն վճարելու ներգրավված անձանց` արդարացի փոխհատուցման միջոցով տրամադրվող գումարները, այլ նաև` որոշելու Նախարարների կոմիտեի հսկողության ներքո ընդհանուր և/կամ, եթե տեղին է, անհատական միջոցները, որոնք առկա են իրենց ներպետական օրենսդրությունում, որով կարող է վերջ դրվել Դատարանի կողմից հայտնաբերված խախտմանը, և հնարավորության սահմաններում վերականգնել դրա հետևանքները (տես` Սկոզզարին և Գյունտան ընդդեմ Իտալիայի [GC] գործով թիվ 39221/98 վճիռը և թիվ 41963/98 վճիռը, ECHR 2000-VIII և Նասրուլլոևն ընդդեմ Ռուսաստանի գործով 2007թ. հոկտեմբերի 11-ի թիվ 656/06 վճիռը, կետ 95): Բացառիկ դեպքերում հայտնաբերված խախտման բնույթը կարող է լինել այնպիսին, որ դրա վերացման համար պահանջվող անհատական միջոցը նշվի Դատարանի կողմից (տես, օրինակ, վերը` Ասսանիձեի գործը, կետեր 202-203):
161. Դատարանը նկատում է, որ դիմողի կողմից հայցվող անհատական միջոց` պահանջում է պատասխանող Կառավարությունից խառնվել սուվերեն պետության ներքին գործերին:
162. Հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները` Դատարանը չի գտնում, որ պետք է նշել որևէ անհատական միջոցներ` հայտնաբերված խախտումները վերացնելու համար (տես, mutatis mutandis, վերը` Մումինովի գործը, կետ 145):
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ճանաչում է դիմումն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում.
4. Վճռում է, որ
(a) պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն ռուսական ռուբլիով` վճռի հրապարակման օրն առկա տոկոսադրույքով`
(i) 30,000 եվրո, ներառյալ ցանկացած հարկ, որ կարող է ոչ նյութական վնասի փոխհատուցում` գումարած բոլոր հարկերը,
(ii) 3000 եվրո, ներառյալ ցանկացած հարկ, ծախսերի համար` գումարած բոլոր հարկերը:
(b) վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալու պահից մինչև վճարումը պետք է վճարվի սովորական տոկոս` պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս,
5. Մերժում է դիմողի՝ արդարացի բավարարման վերաբերյալ պահանջի մնացած մասը:
Կատարվել է անգլերենով և հրապարակվել գրավոր 2010թ. սեպտեմբերի 23-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Քարտուղար `Նախագահող` |
Սորեն Նիլսեն Քրիստոս Ռոզակիս |