Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Incorporation (15.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.15/11(967)
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.05.2007
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2007

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՌԱՄՍԱՀԱՅԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ գործով

Վ Ճ Ի Ռ

Ստրասբուրգ, 15 մայիսի 2007թ.

Ռամսահայը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որպես Մեծ Պալատ նիստ գումարելով, կազմով՝

նախագահ՝

պրն J.-P. COSTA,

դատավորներ՝

պրն L. WILDHABER,

պրն C.L. ROZAKIS,

սըր Nicolas BRATZA,

պրն P. LORENZEN,

պրն L. LOUCAIDES,

պրն I. CABRAL BARRETO,

տկն N. VAJIĆ,

տկն S. BOTOUCHAROVA,

տկն A. MULARONI,

պրն S. PAVLOVSCHI,

տկն E. FURA-SANDSTRՃM,

պրն K. HAJIYEV,

պրն D. SPIELMANN,

Տկն D. JOČIENĖ,

պրն D. POPOVIĆ,

Ad hoc դատավոր`

տկն W. THOMASSEN,

քարտուղարի տեղակալ՝

պրն M. O'BOYLE,

դռնփակ խորհրդակցություն անցկացնելով 2006թ. հոկտեմբերի 18- ին և 2007թ. փետրվարի 21-ին, 2007թ. փետրվարի 21-ին ընդունեց

հետևյալ վճիռը:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

12. Առաջին երկու դիմողները՝ պրն Ռենե Գասուտա Ռամսահայը և տկն Միլդրեդ Վիոլա Ռամսահայը, պրն Մորավիա Սիդհարտա Գասուտա Ռամսահայի («Մորավիա Ռամսահայ») պապն ու տատը մահացել են: Նրանք երկուսն էլ ծնվել էին 1938թ.: Նրանք իրենց թոռան խնամակալներն էին մինչև վերջինիս` տասնութ տարեկանում չափահաս դառնալը: Երրորդ դիմողը՝ պրն Ռիկի Մորավիա Գասուտա Ռամսահայը՝ ծնված 1960թ., Մորավիա Ռամսահայի հայրն է:

13. Մորավիա Ռամսահայը ծնվել է 1979թ. դեկտեմբերի 6-ին: Նա մահացել է 1998թ. հուլիսի 19-ին:

 

A. Գործի հանգամանքները

 

1. Մորավիա Ռամսահայի մահվան և դրան հաջորդող իրադարձությունների հետ կապված հանգամանքները

 

14. 1998թ. հուլիսի 19-ին, կիրակի օրը, երեկոյան Ամստերդամի Բիժլմերներ շրջանում տեղի ունեցած Կվակոյի փառատոնի (Սուրինամի ներգաղթյալների համայնքի կողմից նշվում էր Սուրինամում ստրկության վերացման 135-րդ տարեդարձը) ժամանակ Մորավիա Ռամսահայը ատրճանակի սպառնալիքով ստիպել է մի մոտոցիկլավարի իրեն հանձնել մոտոցիկլը: Նա կարողացել է մոտոցիկլավարից խլել մոտոցիկլը:

15. Պրն Հոսենին նկատել է հետիոտն շրջող երկու ոստիկանի, ովքեր հափշտակության մասին ռադիոյով զեկուցել են Ֆլիերբոսդրեֆի ոստիկանատուն` հերթապահ ոստիկանին: Վերջինս, իր հերթին, այդ մասին հայտնել է այդ տարածքում պարեկություն անող ոստիկաններին: Միաժամանակ, պրն Հոսենին և երկու ոստիկանները փորձել են հետապնդել մոտոցիկլը վարող Մորավիա Ռամսահային, սակայն չեն կարողացել բռնել նրան:

16. Պրն Հոսենիի և երկու ոստիկանի հետագա ցուցմունքների միջև առաջացել են հակասություններ այն հարցում թե արդյո՞ք պրն Հոսենին հայտնել է, որ Մորավիա Ռամսահայը զինված է եղել: Պրն Հոսենին նշել է, որ ինքը նման տեղեկություն հայտնել է, սակայն իրեն լավ չեն լսել: Երկու ոստիկանները նշել են, որ իրենք իրազեկ չեն եղել այդ փաստին, ուստի չէին կարող ոստիկանատուն նման տեղեկություն հաղորդել:

17. Հինգ րոպե անց երկու համազգեստավոր ոստիկաններ՝ ոստիկան Բրոնսը և Բալստրան, որոնք տարածքում պարեկություն էին անում ոստիկանական մեքենայով, «Հիգենբոս» կոչվող շինության կողքին նկատել են մոտոցիկլ, որը վարող անձը համապատասխանում էր Մորավիա Ռամսահայի նկարագրին: Նրանք կանգնացրել են մեքենան և դուրս եկել մեքենայից: Ոստիկան Բալստրան վազելով հետապնդել է մոտոցիկլը վարողին, ով հետագայում ճանաչվել է որպես Մորավիա Ռամսահայ, և փորձել է ձերբակալել նրան: Տեղի է ունեցել կարճատև ծեծկռտուք, որից հետո Մորավիա Ռամսահային հաջողվել է փախչել:

18. Ոստիկան Բալստրան նկատել է, որ Մորավիա Ռամսահայն ցանկանում է ատրճանակը հանել տաբատի գոտուց: Ոստիկան Բալստրան գետնին է նետել ձեռքի ռադիոն, հանել իր ծառայողական ատրճանակը և հրամայել Մորավիա Ռամսահային վայր դնել զենքը: Վերջինս չի կատարել հրամանը: Այնուհետև նրանց է մոտեցել ոստիկանական մեքենան վարող ոստիկան Բրոնսը: Նշվել է, որ Մորավիա Ռամսահայը բարձրացրել է իր զենքը և պահել ոստիկան Բրոնսի ուղղությամբ, ով ևս հանել է իր ծառայողական ատրճանակը և կրակել: Այդ կրակոցով նա վիրավորել է Մորավիա Ռամսահային պարանոցից:

19. Մորավիա Ռամսահայի և ոստիկաններ Բրոնսի ու Բալստրայի միջև հակամարտությունը նկատել է միայն մեկ վկա՝ պրն Պետրուս վան դեն Հյուվելը, ով տեսարանին հետևել էր «Հիգենբոս» կոչվող շինության հինգերորդ հարկից: Սակայն, երբ տեսել է, որ ատրճանակներ են հանվել, պատսպարվել է բազրիքների հետևում, ուստի կրակոցները չի նկատել:

20. Մի քանի այլ վկաներ հակամարտությունը տեսել են առնվազն տասնհինգ մետր հեռավորությունից: Այս վկաներից որևէ մեկը հետագայում չի վկայել Մորավիա Ռամսահայի ձեռքում ատրճանակ տեսնելու մասին:

21. Ժամը 10.03-ին ոստիկաններից մեկը (հետագայում հաստատվել է, որ այդ ոստիկանը պրն Բրոնսն էր) հեռաձայնել է Ֆլիերբոսդրեֆի ոստիկանատուն և հայտնել, որ ինքը կրակել է ինչ-որ մեկին և խնդրել շտապ օգնություն ուղարկել:

22. Երբ շտապ օգնության ծառայությունը գրեթե ժամը 10.15-ին հասել է դեպքի վայր, Մորավիա Ռամսահայն արդեն մահացել էր:

23. Վերադառնալով Ֆլիերբոսդրեֆի ոստիկանատուն՝ ոստիկան Բրոնսը տեսնվել է Ամստերդամի ոստիկանապետի՝ Վան Ռիեսենի հետ, որը նրան աջակցել է: Դիմողների պնդմամբ, ոստիկանապետ Վան Ռիեսենը հանդես է եկել Դը Թելեգրաֆ օրաթերթում, որում նշել է. «Ես թույլ չեմ տա, որ ստեղծվի որևէ քննչական կոմիտե»:

24. Ամստերդամի՝ սպանությունների հարցերով հետաքննիչը Մորավիա Ռամսահայի աճյունը զննել է մինչև նրան դեպքի վայրից տեղափոխելը: Դատախազին ուղղված իր զեկույցում նա արտահայտել է նախնական կարծիք առ այն, որ մահվան պատճառ է հանդիսացել պարանոցի կենսական օրգանները կամ հյուսվածքները վնասած կրակոցը:

25. Ոստիկաններ Բրոնսը և Բալստրան պատահարից մի քանի օր անց անցել են իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը:

 

2. Ամստերդամի ոստիկանական ուժերի կատարած քննչական գործողությունները

 

26. Տեղական ոստիկանները ժամանել են դեպքի վայր, շրջափակել այն և գրառել պրն Վան դեն Հյուվելի և հակամարտության այլ ականատեսների անունները:

27. Ամստերդամի ոստիկանական ուժերի դատաբժիշկները հավաստագրել են պատահարը՝ հիմնականում լուսանկարների միջոցով, որոնք հետագայում կցվել են քրեական գործին: Նրանք հայտնաբերել են փամփուշտը, որն անցել էր Մորավիա Ռամսահայի մարմնի միջով և վնասել ակնախոռոչը (փամփուշտն այլ հետք չէր թողել): Նրանք հայտնաբերել են նաև Մորավիա Ռամսահայի ատրճանակը, որը լիցքավորված էր և կրակելուն պատրաստ:

28. Այդ գիշեր, ավելի ուշ, ժամանել է Ամստերդամի ոստիկանության օպերատիվ խումբը («Արագ գործող խումբ»), որը հարցաքննել է «Հիգենբոս» կոչվող շինության բնակիչներին, ովքեր այդ պահին եղել են իրենց բնակարաններում: Բնակարաններից մեկում եղել է տասներկուամյա մի աղջիկ՝ օրիորդ Սանգետա Էդվինս Պամելա Մանգրան: Վերջինս նշել է, որ երբ վերելակով իջել է առաջին հարկ, վերելակի դռների առջև մոտոցիկլ է եղել կանգնած: Վերելակից դուրս գալուց նա լսել է կրակոցի ձայն: Նա տեսել է երկու ոստիկանի և լսել, որ նրանցից մեկն ասել է. «Ես կրակեցի»: Նա տեսել է տղամարդ զոհին գետնին ընկած:

29. Մի քանի օրվա ընթացքում Ամստերդամի ոստիկանական ուժերի ոստիկանները հարցաքննել են տարբեր վկաների, որոնց ցուցմունքները հակիրճ ներկայացվում են ստորև:

 

(a) Պրն Հոսենի

 

30. Պրն Վինոդկումար Հոսենին իր մոտոցիկլի հափշտակության մասին Ամստերդամի ոստիկանությանը հայտնել է 1998թ. հուլիսի 19-ին:

31. Պրն Հոսենին մոտոցիկլը գնել էր այդ շաբաթվա սկզբին: Հուլիսի 19-ի գիշերը նա մոտոցիկլով գնացել էր Կվակոյի փառատոն՝ հանդիպելու իր ընկերուհուն: Երբ նա վերջինիս հետ էր, նրան է մոտեցել մի անծանոթ և ասել. «Իջի՛ր, իջի՛ր, այլապես կկրակեմ»: Պրն Հոսենին զգացել է, որ իր ձախ կողքը ինչ-որ բան է սեղմում: Ներքև նայելով՝ տեսել է կնոջ ատրճանակ: Նա չի ցանկացել թողնել մոտոցիկլը, սակայն ընկերուհին խորհուրդ է տվել այն թողնել, այլապես անծանոթը կկրակի: Այնուհետև նա թողել է մոտոցիկլը և վազել ոստիկանների հետևից:

32. Պրն Հոսենին նրանցից մեկին հայտնել է, որ ատրճանակի սպառնալիքի ներքո հափշտակել են իր մոտոցիկլը, և նրանք պետք է վազքով հետևեն իրեն: Նա նկարագրել է մոտոցիկլը և այն հափշտակողին: Պրն Հոսենին և երկու ոստիկանը վազել են հափշտակողի հետևից, սակայն նա մոտոցիկլով արդեն հեռացել էր:

33. Պրն Հոսենին այնուհետև ոստիկանների ռադիոյով լսել է, որ մոտոցիկլը գտնվել է: Ոստիկանների հետ նա վազելով հասել է իր մոտոցիկլի գտնվելու վայրը և ճանաչել այն:

 

(b) Օրիորդ Բոնդո

 

34. Օր. Անիտա Անջիդնի Բոնդոն՝ պրն Հոսենիի ընկերուհին, հարցաքննվել է 1998թ. հուլիսի 19-ին: Նա իր եղբոր հետ գնացել էր Կվակոյի փառատոն, որտեղ հանդիպել է պրն Հոսենիին: Վերջինս նոր էր գնել մոտոցիկլը: Օր. Բոնդոյի եղբայրը գնացել էր իրենց երեքի համար հյութ բերելու: Տասնհինգ րոպե անց նրան և պրն Հոսենիին մոտեցել է մի երիտասարդ, որը նայում էր իրեն և մոտոցիկլին: Երիտասարդն ասել է պրն Հոսենիին. «Իջի՛ր, իջի՛ր», և պրն Հոսենիի որովայնին սեղմել ատրճանակի նման ինչ-որ իր: Սկզբում նրան թվացել է, թե պրն Հոսենիի ընկերներից մեկը կատակում է, սակայն նրա դեմքի արտահայտությունից հասկացել է, որ այդպես չէ:

35. Երբ երիտասարդն ասել է. «Իջի՛ր, իջի՛ր, այլապես կկրակեմ», նա ստիպել է ընկերոջը թողնել մոտոցիկլը: Պրն Հոսենին վազել է օգնություն խնդրելու, իսկ այդ ընթացքում երիտասարդը նստել է մոտոցիկլը և հեռացել: Պրն Հոսենին վերադարձել է երկու ոստիկանների հետ և նրանք միասին գնացել են փնտրելու երիտասարդին: Օր. Բոնդոն մի պահ միացել է նրանց, բայց եղբայրը նրան հետ է կանչել: Նրանք միասին վազել են ոստիկանների ուղղությամբ: Հասնելով «Հիգենբոս» կոչվող շինությանը՝ նրանք տեսել են մեծ թվով մեքենաներ: Պրն Հոսենին ասել է, որ գողը բռնված է, և ոստիկանը կրակոցով վիրավորել է նրան:

 

(c) Պրն Վան դեն Հյուվել

 

36. Պրն Պետրուս վան դեն Հյուվելը հարցաքննվել է 1998թ. հուլիսի 19-ին: Նա նշել է, որ ապրում է «Հիգենբոս» կոչվող շինության հինգերորդ հարկում:

37. Բազրիքից ներքև նայելիս նկատել է վազող ոստիկաններին: Նա նկատել է նաև մուտքին մոտեցող թխամաշկ և սափրած գլխով մի երիտասարդի: Նա տեսել է, թե ոստիկանն ինչպես է ուզում բռնել նրան՝ քաշելով թևից: Երիտասարդը խույս է տվել, և ոստիկանը չի կարողացել բռնել նրան:

38. Թխամաշկ տղամարդն այնուհետև իր գրպանից կամ տաբատի գոտուց (պրն Հյուվելը հստակ չի տեսել) հանել է ատրճանակը: Զենքն արծաթամոխրագույն էր՝ մուգ գույնի ձգանով: Պրն Վան դեն Հյուվելի բնազդային արձագանքը եղել է բազրիքի հետևում թաքնվելը: Հետաքրքրասիրությունից դրդված նա հայացք է նետել և նրան թվացել է, որ ոստիկանը մի քանի քայլ է արել դեպի մուտքը: Թխամաշկ մարդը դեռևս ձեռքում պահում էր ատրճանակը: Նա այն չէր պահել կոնկրետ ուղղությամբ, սակայն դեռևս ցած չէր իջեցրել: Այս ամենը տեղի է ունեցել շատ արագ, գրեթե վայրկենաբար:

39. Այդ ժամանակ մոտեցել է երկրորդ ոստիկանը: Նա առնվազն չորս անգամ լսել է՝ «Վայր դի՛ր», հրամանը: Թխամաշկ մարդը պետք է որ լսած լիներ, սակայն չի արձագանքել այդ հրամանին: Պրն Վան դեն Հյուվելը լսել է կրակոց և տեսել թխամաշկ մարդուն ընկած: Զենքն ընկել է գետնին` մի քանի մետր այն կողմ: Առաջին ոստիկանը մոտեցել է թխամաշկ մարդուն՝ ստուգելու համար: Երկրորդ ոստիկանը խոսել է ինչ-որ սարքով, որից հետո տեղ է հասել ոստիկանական օգնությունը: Նա փորձել է իր հեռախոսով կանչել ոստիկանների, բայց նրան ասել են, որ շտապ օգնության ծառայությունը ճանապարհին է: Նա մինչև ներքև իջնելը և որպես վկա իր անունը հայտնելը որոշ ժամանակ կանգնել և դիտել է վերևից:

 

(d) Ոստիկան Դեքեր

 

40. Ոստիկան Դեքերը հարցաքննվել է 1998թ. հուլիսի 20-ին: Նախորդ գիշեր` մոտավորապես 10.05-ին ոստիկան Բունստրայի հետ նա պարեկություն էր անում Կվակոյի փառատոնում:

41. Ոստիկան Դեքերին դիմել է անծանոթ մի երիտասարդ՝ հայտնելով, որ իր մոտոցիկլը մեկ րոպե առաջ հափշտակել են: Նա իրեն է հանձնել մոտոցիկլի ապահովագրության փաստաթղթերը և ցույց տվել, թե որ ուղղությամբ է գնացել մոտոցիկլը հափշտակողը: Ոստիկան Դեքերը և Բունստրան, երիտասարդի հետ, վազել են վերջինիս ցույց տված ուղղությամբ: Վազելու ընթացքում ոստիկան Դեքերը ռադիոյով մոտոցիկլի նկարագիրը հայտնել է նաև այլ ոստիկանների: Այդ պահին նա տեղյակ չի եղել, որ հափշտակողը զինված է. մոտոցիկլի տերն այդ մասին չի նշել: Ոստիկան Դեքերը ենթադրել է, որ հափշտակողը սոսկ ֆիզիկական ուժ է կիրառել. մոտոցիկլի տերը հայտնել է միայն, որ խլել են իր մոտոցիկլը:

42. Երբ հափշտակողը հայտնվել է նրանց տեսադաշտում, նա սկսել է վարել մոտոցիկլը: Նրանք շարունակել են վազել, սակայն հափշտակողն ավելի է արագացրել մոտոցիկլի ընթացքը: Ոստիկան Դեքերը ռադիոյով հայտնել է մոտոցիկլի և այն վարողի նկարագիրը, ինչպես նաև այն հնարավոր ուղղությունները, որոնցով մոտոցիկլը կարող էր ընթանալ: Նրանք շարունակել են վազել. հետիոտների անցուղի հասնելուն պես ոստիկան Դեքերն իր ռադիոյով լսել է, որ մեկ այլ ոստիկան կրակել է և դրանից անմիջապես հետո շտապ օգնություն է խնդրել: Ոստիկան Դեքերի գնահատմամբ՝ իր կողմից մոտոցիկլի նկարագրի մասին հայտնելուց մինչև կրակոցի մասին հաղորդումն ընկած ժամանակահատվածը տևել է մեկ րոպե, բայց ինքը համոզված չէր դրանում:

43. Քանի որ ոստիկաններ Դեքերն ու Բունստրան զարմացած կանգնել էին՝ չհասկանալով, թե ինչ կապ կա կրակոցի և մոտոցիկլի հափշտակության միջև, մոտոցիկլի տերը, որը, հավանաբար, լսել էր ոստիկանների ռադիոյով, նրանց հայտնել է, որ հափշտակողն ուներ արծաթամոխրագույն ատրճանակ:

44. Ոստիկաններ Դեքերն ու Բունստրան և մոտոցիկլի տերն ուղղվել են դեպի դեպքի վայրը՝ «Հիգենբոս» կոչվող շինությունը: Նրանք տեսել են գետնին ընկած մի մարդու, որի կողքին ծնկել էին երկու ոստիկան: Մոտենալով՝ նրանք ճանաչել են մոտոցիկլը:

 

(e) Ոստիկան Բրամ

 

45. Ոստիկան Պաուլուս Անտոնիուս Բրամը հարցաքննվել է 1998թ. հուլիսի 20-ին: Նրա գործառույթն էր երկկողմ ռադիոհաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնելը:

46. 1998թ. հուլիսի 19-ին` ժամը 9.55-ին, նա պահակետում էր, երբ երկկողմ ռադիոյով լսել է մի հսկիչ ոստիկանի զեկույց այն մասին, որ վերջինս հետևում է մոտոցիկլ հափշտակած մի երիտասարդի: Փոքր-ինչ անց ոստիկանը հեռաձայնել է՝ հայտնելով, որ հափշտակողը մոտոցիկլը քշելով հեռացել է, ինչպես նաև հայտնել է, թե որ ուղղությամբ է մոտոցիկլը տարվել: Զեկույցը հուզական չէր հնչում՝ ասես այն վերաբերում էր մոտոցիկլի սովորական գողության:

47. Լինելով առանց մեքենայի՝ ոստիկանն օգնության է կանչել մեքենայով գործընկերոջը՝ միաժամանակ նկարագրելով մոտոցիկլը: Ոստիկան Բրամը մեքենա վարող գործընկերոջը խնդրել է գնալ նկարագրված ուղղությամբ:

48. Այն ընթացքում, երբ մեքենա վարող ոստիկանը դուրս է եկել ոստիկանատան բակից, ոստիկան Բրամը լսել է ոստիկան Բալստրայի հաղորդումը. վերջինս հաղորդել է, որ իր ոստիկանական մեքենայից նկատել է մոտոցիկլը և հափշտակողին, որը մոտենում էր «Հիգենբոս» կոչվող շինության երրորդ վերելակը տանող մուտքին, և հայտնել, որ ինքը կհետևի նրան: Ոստիկան Բալստրայի հաղորդումը ևս հուզական չէր հնչում:

49. Չորս կամ հինգ րոպե անց ոստիկան Բրամը լսել է ոստիկան Բալստրայի ձայնը, որն ասել է. «Կասկածյալը վիրավորված է, ես շտապ օգնություն եմ խնդրում»: Դարձյալ ոստիկան Բալստրայի ձայնը հնչում էր հանդարտ և արհեստավարժ: Այնուհետև ոստիկան Բրամը կանչել է համապատասխան ծառայությունների:

50. Ոստիկան Բրամը չէր լսել, որ ոստիկան Բրոնսը մասնակցել է ռադիոյով խոսակցությանը: Սա արտահայտում էր ընդունված պրակտիկան, այն է՝ ոստիկանական մեքենան վարողը (տվյալ դեպքում` ոստիկան Բրոնսը) իր երկկողմ ռադիոընդունիչը պահում է կենտրոնական գրասենյակի հաճախականության մեջ, իսկ «ուղևոր»՝ ոստիկան Բալստրայի ռադիոընդունիչը՝ տեղական խմբի կողմից օգտագործվող հաճախականության մեջ:

 

(f) Ոստիկան Վան Դալ

 

51. Ոստիկան Ռենատ Քուրինա վան Դալը հարցաքննվել է 1998թ. հուլիսի 20-ին:

52. Ոստիկան Վան Դալը համազգեստավոր ոստիկան էր հիմնական ոստիկանական աջակցության անձնակազմում: Նախորդ գիշեր նա եղել է իր պահակետում 8.15-ից մինչև կեսգիշեր: Մինչ կրակոցը` գիշերը եղել է հանգիստ: Նա այնտեղ եղել է ոստիկան Բրամի և ավագ ոստիկան Կասպեր Սիքինգի հետ:

53. Մոտավորապես ժամը 10-ին նա շրջանային ոստիկանության կողմից օգտագործվող ռադիոյի հաճախականությամբ լսել է, որ ոստիկանը հետապնդում է մի մոտոցիկլ, ինչպես նաև լսել է, թե ինչ ուղղությամբ է տարվել մոտոցիկլը: Նա չի հիշել կոնկրետ ասված խոսքերը կամ մոտոցիկլի ընթանալու ուղղությունը:

54. Դրանից քիչ անց նա լսել է ոստիկան Բալստրայի ձայնը, որը նկարագրել է մոտոցիկլը: Երկու րոպե անց ոստիկան Բալստրան զեկուցել է, որ տեսնում է «Հիգենբոս» կոչվող շինությանը մոտեցող մոտոցիկլը:

55. Ավագ ոստիկան Կասպեր Սիքինգը ռադիոյով ձայնել է. «Լավ, տղաներ, բոլորդ դեպի «Հիգենբոս» կոչվող շինություն»:

56. Քիչ անց ոստիկան Բալստրան ասել է. «Ես շտապ օգնության կարիք ունեմ, ես կրակել եմ»: Ավագ ոստիկան Սիքինգը խնդրել է նրան կրկնել ասածը: Ոստիկան Բալստրան կրկնել է. «Ես կրակել եմ»: Ներկա գտնվող ոստիկանների մեծ մասը դուրս է եկել, իսկ ոստիկաններ Վան Դալը և Բրամը հեռաձայնել են շտապ օգնության ծառայությանը:

57. Ոստիկան Վան Դալն այնուհետև լսել է ոստիկան Բրոնսին, որն ասել է. «Շտապ օգնությունն անհրաժեշտ է հնարավորինս շուտ, որովհետև կասկածյալը վատ վիճակում է»:

58. Միայն ավելի ուշ ոստիկան Վան Դալը տեղեկացել է այլ ոստիկանից, որ կրակող ոստիկանը եղել է Բրոնսը:

 

(g) Ոստիկան Վան Դոնգեն

 

59. Ոստիկան Բրուին Ժան վան Դոնգենը հարցաքննվել է 1998թ. հուլիսի 20-ին: Նա աշխատում էր որպես ոստիկանական շներ վարժեցնող, և նա իր պարտականությունները կատարում էր Ֆլիերբոսդրեֆի ոստիկանատանը: Նախորդ գիշեր նա հերթապահել է իր ոստիկանական շան հետ:

60. Իր երկկողմ ռադիոյով նա լսել է, որ Կվակոյի փառատոնում մոտոցիկլ է հափշտակվել: Հաղորդվել է, թե որ ուղղությամբ է գնացել է հափշտակողը: Տրվել է վերջինիս նկարագիրը, այն է՝ սև հագուստով թխամաշկ մարդ, որը վարում է կարմիր մոտոցիկլ: Ոստիկան Վան Դոնգենը գնացել է նշված ուղղությամբ:

61. Ոստիկան Վան Դոնգենի մեքենան անցել է այն ոստիկանական մեքենայի կողքով, որում գտնվել են երկու ոստիկանները: Նա ճանաչել է մեքենան վարող ոստիկանին՝ Բրոնսին, սակայն չի ճանաչել մեքենայում գտնվող ուղևորին: Նա տեսել է, թե ինչպես է մեքենան կանգնել, և վերջինս շտապ դուրս է եկել մեքենայից:

62. Ոստիկան Վան Դոնգենը ևս կանգնեցրել է իր մեքենան, որպեսզի հետապնդի հափշտակողին: Նա մեքենայից դուրս է բերել ոստիկանական շանը, երբ լսել է կրակոց:

63. Նա շան հետ վազել է կրակոցի ձայնի ուղղությամբ: Հասնելով «Հիգենբոս» կոչվող շինություն՝ նա հանդիպել է իրեն մոտեցող ոստիկան Բրոնսին: Նա տեսել է գետնին պառկած տղամարդու գլխի մոտ ծնկած ոստիկան Բալստրային:

64. Նա ոստիկան Բրոնսին հարցրել է պատահածի մասին: Վերջինս պատասխանել է, որ կրակոց է եղել: Ոստիկան Դոնգենը հարցրել է, թե ով է կրակել: Ոստիկան Բրոնսը պատասխանել է, որ իրենց դեմ ատրճանակ է գործածվել, և ոստիկանությունը կրակել է:

65. Ոստիկան Բրոնսը մատնացույց է արել տղամարդու կողքին գետնին ընկած արծաթամոխրագույն ատրճանակը: Ոստիկան Բալստրան առաջին օգնություն էր ցույց տալիս: Ոստիկան Վան Դոնգենը չէր կարողանում տեսնել վնասվածքը: Շան պատճառով նա ստիպված էր ընկած տղամարդուց որոշակի հեռավորություն պահպանել:

66. Գետնին ընկած տղամարդը համապատասխանում էր մոտոցիկլը հափշտակած մարդու վերաբերյալ հաղորդված նկարագրին: Շենքի մուտքի մոտ կարմիր մոտոցիկլն էր, և ոստիկան Վան Դոնգենը հասկացել է, որ գետնին ընկածը հափշտակության մեջ կասկածվող անձն էր:

67. Ոստիկան Վան Դոնգենը լսել է, թե ինչ է ոստիկան Բրոնսը հաղորդում առողջապահության տեղական մարմիններին և հերթապահ ավագ ոստիկանին: Ոստիկան Վան Դոնգենը հսկել է տարածքը մինչև քննիչների և դատական բժիշկների ժամանումը: Նա մնացել է դեպքի վայրում մինչև վերջիններիս կողմից իրենց աշխատանքն ավարտելը, և կեսգիշերին վերադարձել է ոստիկանատուն:

 

(h) Ոստիկան Բունստրա

 

68. Ոստիկան Կլաս Բունստրան հարցաքննվել է 1998թ. հուլիսի 20- ին: Նա, ոստիկան Բաս Դեքերի հետ մեկտեղ, նշանակված է եղել պարեկության Կվակոյի փառատոնում. նրանց խնդիրն է եղել հետևել և պահպանել կանխարգելիչ ներկայություն: Մի պահ մի սուրինամցի երիտասարդ մոտեցել է իրենց և խնդրել գնալ իր հետ: Քանի որ վերջինիս տեսքից երևում էր, որ ինչ-որ բան է պատահել, ոստիկանները հետևել են նրան: Վազելու ընթացքում նա ոստիկան Դեքերին հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել: Ոստիկանը նրանց հետևից գնում էր տասը մետր հեռավորությամբ:

69. Ոստիկան Բունստրան երկկողմ ռադիոյով լսել է, որ մոտոցիկլ է հափշտակվել: Այդ պահին նրա համար միանգամից պարզ չէր, որ մոտոցիկլը պատկանում էր այդ սուրինամցուն:

70. Մի պահ նրանք նկատել են իրենցից երեսուն մետր հեռավորության վրա դանդաղ շարժվող մոտոցիկլը: Ոստիկան Դեքերն ասել է ոստիկան Բունստրային, որ դա հափշտակված մոտոցիկլն է: Մոտոցիկլը վարող երիտասարդը, նկատելով ոստիկաններին, կանգնելու փոխարեն արագացրել է ընթացքը: «Հիգենբոս» կոչվող շինության ուղղությամբ շարժվելիս նրանք երկկողմ ռադիոյով լսել են, որ կրակոց է եղել: Նրանք այդ պահին կրակոցը չեն կապել մոտոցիկլի հափշտակության հետ, սուրինամցի երիտասարդի հետ շարունակել են վազել դեպի «Հիգենբոս» կոչվող շինություն, և այնտեղ հասնելով` տեսել են երեք կամ չորս ոստիկանական մեքենա: Սուրինամցին ճանաչել է իր մոտոցիկլը:

 

(i) Տկն Բոժեդան

 

71. Տկն Նայմա Բոժեդանը հարցաքննվել է 1998թ. հուլիսի 21-ին: Նա աշխատում էր որպես գլխավոր գանձապահ Բուրգեր Քինգ կոչվող ռեստորանում: 1998թ. հուլիսի 19-ին նա գիշերային հերթափոխում էր ժամը 6.30-ից մինչև հաջորդ օրվա ժամը 5-ը:

72. Տկն Բոժեդանը 6.30-ին նկատել է ռեստորան մտնող մի երիտասարդի: Ըստ նրա նկարագրության՝ երիտասարդը սուրինամցի էր, տասնութ տարեկան, սևազգեստ, երկու ոսկե ատամով և ոսկե շղթայով: Ժամը 7.30-ից նա անհանգստացնում էր Նանսի անունով մի երիտասարդ գանձապահի:

73. Բացատրելու համար, թե ինչու է շեղվում իր աշխատանքից, Նանսին տկն Բոժեդանին ասել է, որ երիտասարդն իր ընկերն է: Վերջինս բարկացած արձագանքել է՝ ասելով, որ օր Բոժեդանը հանգիստ թողնի Նանսիին:

74. Տկն Բոժեդանը կատակելով Նանսիին ասել է, որ կարող է մի քիչ էլ մնալ: Դրանից հետո նա նկատել է, թե ինչպես է երիտասարդը սևեռուն հայացքով իրեն նայում. այդ հայացքը վախեցրել է տկն Բոժեդանին, սակայն վերջինս չի ցանկացել ցույց տալ իր երկյուղը: Շրջվելով` նա նկատել է, որ երիտասարդն աջ ձեռքը տարել է դեպի տաբատը:

75. Տկն Բոժեդանի քույրը՝ Միմոնտը, ով նույնպես աշխատում էր այդ ռեստորանում, ասել է քրոջը. «Նայմա, նա ուզում է քեզ կրակել»: Տկն Բոժեդանը շրջվելով տեսել է, որ նա տաբատի գոտու ներքևի մասում ինչ-որ բան է պահում: Միմոնտը հետագայում ատրճանակը նկարագրել է որպես արծաթամոխրագույն մոդելի, որը հայտնի է «կնասպան» անվամբ:

76. Սուրինամցի մի աղջիկ իրենց լեզվով հարց է տվել երիտասարդին, և վերջինս պատասխանել է նրան: Այնուհետև այդ աղջիկը տկն Բոժեդանին ասել է, որ ինքը երիտասարդին հարցրել է, թե արդյոք զինված է, և ստացել է դրական պատասխան:

77. Թվում էր` երիտասարդը կանեփ էր ծխել, սակայն տկն Բոժեդանը դրանում համոզված չէր:

78. Նա շարունակել է Նանսիին շեղել իր աշխատանքից: Նա մի քանի անգամ գնացել և վերադարձել է: Հետո վերադարձել է մոտոցիկլով:

79. Կրկին վերադառնալով` նա խոսակցություն է սկսել տկն Բոժեդանի հետ և ասել, որ ռեստորանը փակվելուց հետո մտադիր է թալանել դրամարկղը, և պահանջել է իրեն հայտնել դրամարկղի ծածկագրերը (կոդերը). այդ ընթացքում նա աչքը գցել է դրամարկղի գրանցումների վրա:

80. Մի քանի անգամ նա կրկնել է, որ արդեն ժամը ինն է, և տկն Բոժեդանը պետք է փակի Նանսիի դրամարկղի գրանցումները:

81. Տկն Բոժեդանը սկսել է անհանգստանալ և վախենալ, հատկապես նրանից հետո, երբ երիտասարդն ասել է, որ «կկտրի մենեջերի պարանոցը»:

82. Երիտասարդը կրկին բարկացել է ժամը իննին, երբ տկն Բոժեդանը ընդհատել է խոսակցությունը: Այնուհետև կն Բոժեդանը փակել է Նանսիի դրամարկղի գրանցումները: Մոտավորապես ժամը 9.30-ին երիտասարդը Նանսիի հետ մոտոցիկլով հեռացել է:

 

(j) Պրն Դե Գետրու

 

83. Պրն Ռոնալդ դե Գետրուն դեպքի վայր էր եկել շենքի մոտ կրակոցը լսելուց հետո: Նա հարցաքննվել է 1998թ. հուլիսի 22-ին:

84. 1998թ. հուլիսի 19-ին, կիրակի օրը, ժամը 8.15-ին նա Կվակոյի փառատոնում էր իր կնոջ և ընկերների հետ: Նրանց հետևակողմում կանգնած էին մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկը մոտոցիկլով էր: Պրն Դե Գետրուն մոտոցիկլը նկարագրել է որպես կապույտ երանգ ունեցող: Մի պահ երիտասարդը շարժիչը միացրել է, և մոտոցիկլը մեծ քանակությամբ գազ է բաց թողել: Սա առաջացրել է պրն Դե Գետրուի խմբի դժգոհությունը: Պրն Դե Գետրուն մոտեցել է երիտասարդին և խնդրել` կամ անջատել շարժիչը, կամ քշել-գնալ, քանի որ վնասակար ծխով թունավորում է բոլորին: Երիտասարդն անջատել է շարժիչը և մոտենալով պրն Դե Գետրուին` ասել. «Դու ծխում ես, դու ևս պատրաստվում ես մեռնել»: Պրն Դե Գետրուն կարծել է, թե երիտասարդը ցանկանում է հարցը քննարկել որպես ողջամիտ մարդ: Սակայն վերջինս իր տաբատի աջ գրպանից հանել է մետաղական գույնի ատրճանակ և ասել. «Ոչ ոք չի կարող ասել, թե ես ինչ պետք է անեմ: Ես անում եմ այն, ինչ ուզում եմ, մենք բոլորս էլ, միևնույն է, մահանալու ենք»:

85. Պրն Դե Գետրուի կինը, խիստ վախեցած ատրճանակից, նրան մի կողմ է տարել: Երիտասարդը գնացել է դեպի մոտոցիկլը:

86. Նրանց կողքին կանգնած բազմաթիվ մարդկանցից ոչ մեկը նրանց օգնություն չի առաջարկել: Նրանք ակնհայտորեն վախեցած էին ատրճանակի տեսքից:

 

(k) Պրն Բոնդո

 

87. Պրն Սանշայ Կումար Բոնդոն՝ պրն Հոսենիի ընկերուհու եղբայրը, հարցաքննվել է 1998թ. հուլիսի 22-ին:

88. 1998թ. հուլիսի 19-ին, կիրակի օրը, ժամը 8.30-ից մինչև 10-ը, նա եղել է Կվակոյի փառատոնում` իր քրոջ և նրա ընկերոջ հետ: Նա, նրանց մենակ թողնելով, գնացել է հյութ բերելու: Նա լսել է կրակոց և տեսել, թե ինչպես է պրն Հոսենին վազում մի ոստիկանի հետ: Նա վազել է պրն Հոսենիի հետևից և հարցրել, թե ինչ է պատահել: Պրն Հոսենին պատասխանել է, որ հետո կասի: Նա տեսել է, որ քույրն արտասվում է, և հարցրել է, թե ինչ է պատահել: Նա պատմել է, թե ինչպես են զենքի սպառնալիքով խլել պրն Հոսենիի մոտոցիկլը:

 

3. Պետական քննչական գործակալության խուզարկու, ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդի իրականացրած նախաքննությունը

 

89. Պետական քննչական գործակալության խուզարկու, ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը պատասխանատու էր նախաքննության համար: Նրա հետաքննչական զեկույցում արձանագրված է, որ 1998թ. հուլիսի 20-ին ժամը 1.30-ից հետո Ամստերդամի ոստիկանական ուժերը Պետական քննչական գործակալության խնդրանքով Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ իրականացրել են միայն «մակերեսային» նախաքննություն: Նա իր եզրահանգումները ներկայացրել է դատախազ Դե Վրայսին, որը պատասխանատու է Ֆլիերբոսդրեֆի ոստիկանության իրականացրած քրեական նախաքննության համար:

90. Խուզարկու ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը ցուցմունքներ է վերցրել մի շարք վկաներից, ներառյալ այն անձանցից, որոնցից արդեն ցուցմունքներ էր վերցրել Ամստերդամի ոստիկանությունը: Այդ ցուցմունքները հակիրճ ներկայացվում են ստորև:

 

(a) Պրն Վան դեն Հյուվել

 

91. Պրն Վան դեն Հյուվելը երկրորդ անգամ հարցաքննվել է 1998թ. հուլիսի 21-ին, այս անգամ խուզարկու, ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդի կողմից:

92. Լրացնելով իր նախկին ցուցմունքը՝ պրն Վան դեն Հյուվելը նկարագրել է, թե ինչ է տեսել բարձրահարկ շենքի հինգերորդ հարկից: Նա տեսել է դեպի մուտքը վազող համազգեստով ոստիկանի: Տեսել է նաև թխամաշկ տղամարդու, որը մուտքի մոտ հանդիպել է ոստիկանին: Թխամաշկ երիտասարդը շատ դանդաղ էր քայլում: Ոստիկանը փորձել է բռնել նրա ձախ ձեռքը: Թխամաշկ մարդը ոստիկանից խուսափելու շարժում է կատարել: Նա բախվել է ոստիկանին, որի հետևանքով վերջինս կորցրել է հավասարակշռությունը, ինչը հնարավորություն է տվել նրան խույս տալ ոստիկանից:

93. Ոստիկանից խույս տալուց հետո թխամաշկ մարդը հանել է ատրճանակը` այն պահելով ձախ ձեռքում: Նա ատրճանակը ցած պահած` շարունակել է իր ճանապարհը: Պրն Վան դեն Հյուվելը նկատել է, թե ինչպես են երկու ոստիկանները հանել իրենց զենքերը: Վախենալով թխամաշկ մարդու բռնած ատրճանակից և չցանկանալով դառնալ պատահական գնդակի զոհ՝ նա թաքնվել է: Ուստի նա կրակոցին ականատես չի եղել, սակայն մի քանի անգամ լսել է. «Վայր դի՛ր» հրամանը:

 

(b) Ոստիկան Բրոնս

 

94. Հանցագործության մեջ կասկածվող Ոստիկան Բրոնսը հարցաքննվել է խուզարկու, ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդի կողմից 1998թ. հուլիսի 22-ին: Ներկա էին նրա փաստաբանը, ոստիկան Բալստրան և պրն Վան Կլիֆը:

95. Ոստիկան Բրոնսը և Բալստրան որոշ հանձնարարությունների կատարումն ավարտելուց հետո վերադառնում էին ոստիկանատուն: Նրանք ոստիկանական մեքենայով էին, որը վարում էր ոստիկան Բրոնսը: Նրանք ռադիոյով հաղորդում են ստացել մոտոցիկլի հափշտակության մասին: Նրանց հայտնել են մոտոցիկլի ձևի և գույնի մասին, ինչպես նաև հափշտակողի հակիրճ նկարագրի ու այն ուղղության մասին, որով նա շարժվել էր: Նրանց չի ասվել, որ նա զինված է:

96. Վարելով մեքենան՝ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան նկատել են նկարագրված ուղղությամբ, այն է՝ դեպի «Հիգենբոս» կոչվող շինության վերելակի մուտքը շարժվող մոտոցիկլը և այն վարողին: Դա զարմացրել է նրանց, քանի որ նրանք ակնկալում էին, որ իրեն հետևող ոստիկանական մեքենան տեսնելիս նա պետք է փորձեր խույս տալ ձերբակալումից:

97. Ոստիկաններ Բրոնսն ու Բալստրան որոշել են, որ մինչ ոստիկան Բրոնսը կկայանի մեքենան, ոստիկան Բալստրան կգնա հափշտակողի հետևից: Ոստիկան Բալստրան վազել է դեպի շենքի մուտքը՝ ռադիոն ձեռքին: Ոստիկան Բալստրան գտնվում էր մուտքից քսան կամ քսանհինգ մետր հեռավորության վրա, երբ հայտնվել է հափշտակողը և վազել կարճ տարածություն: Ոստիկան Բալստրային տեսնելով` նա կանգնել է, բարձրացրել ձեռքերը և ինչ-որ անհասկանալի բան արտաբերել: Ոստիկան Բալստրան երկու ձեռքով բռնել է հափշտակողին և փորձել նրան շրջել դեպի շինությունը: Հափշտակողը, սակայն, դիմադրել է: Ոստիկան Բալստրան ինչ-որ բան է բղավել, սակայն ոստիկան Բրոնսը չի կարողացել լսել:

98. Ոստիկան Բրոնսը հասկացել է, որ հափշտակողը չի հանդարտվի, և ոստիկան Բալստրան օգնության կարիք ունի, ուստի նա թողել է մեքենան և վազել նրա հետևից: Նա գտնվել է արդեն հափշտակողից հինգ մետր հեռավորության վրա, երբ վերջինս ազատվել է ոստիկան Բալստրան ձեռքերից և նրանից հեռացել մոտ երեք մետր: Հանկարծ ոստիկան Բրոնսը հափշտակողի ձեռքում նկատել է արծաթագույն զենք: Այն փոքր ատրճանակ էր և ցած էր ուղղված: Ոստիկան Բրոնսը չէր նկատել` արդյո՞ք ատրճանակը բերված է կրակելու վիճակի: Նրան թվացել է, որ ոստիկան Բալստրան ևս նկատել է ատրճանակը, քանի որ վերջինս մի քանի քայլ հետ է գնացել, հանել իր զենքը և պաշտպանական դիրք գրավել: Նա առնվազն երկու անգամ լսել է ոստիկան Բալստրայի ձայնը. «Վայր դի՛ր զենքը, հիմար մի եղիր»:

99. Հափշտակողը զենքը վայր չի դրել: Նկատի ունենալով, որ հափշտակողը զինված է և ակնհայտորեն մտադրություն չունի իրեն ուղղված հրամանը կատարելու, ոստիկան Բրոնսը կարծել է, որ ոստիկան Բալստրան սպառնալիքի ներքո է: Ըստ նրա՝ շատ հավանական էր, որ հափշտակողն իր զենքը կգործածի ընդդեմ ոստիկան Բալստրայի: Նա ամբողջովին կենտրոնացել է հափշտակողի վրա: Նա նայել է միայն հափշտակողին, որը զենքը պահել էր ձեռքում՝ մատը ձգանին: Այդ պահին ոստիկան Բրոնսը դեռևս անհրաժեշտ չի համարել հանելու իր իսկ ծառայողական զենքը, քանի որ հափշտակողին ծածկում էր ոստիկան Բալստրան: Նրա ձեռքը մոտ էր ատրճանակի պատյանին, բայց ոչ դրա վրա:

100. Ոստիկան Բրոնսն այնուհետև տեսել է, որ հափշտակողը շրջվել է դեպի աջ` իր կողմը` հինգ կամ յոթ մետր հեռավորության վրա` դիմահայաց դեպի ինքը: Նա տեսել է, որ հափշտակողը բարձրացրել է զենքը և պահել իր ուղղությամբ: Վախենալով, որ նա կարող է կրակել, ինքը կայծակնային արագությամբ պատյանից հանել է իր զենքը և անմիջապես կրակել հափշտակողի ուղղությամբ: Նա ժամանակ չուներ մարմնի որևէ կոնկրետ մասի վրա նշան բռնելու համար: Նա համոզված էր, որ եթե ինքն առաջինը չկրակեր, կրակելու էր հափշտակողը:

101. Ոստիկան Բրոնսն այդ պահին կարծել է, թե կրակել է կրծքավանդակի վերին մասին: Միայն հետո է իմացել, որ կրակել է պարանոցին: Սկզբում հափշտակողը ոտքի վրա էր, այնուհետև երերացել է և ընկել՝ վայր գցելով ատրճանակը: Նա փորձում էր վեր կենալ: Ոստիկան Բրոնսը ոտքով մի կողմ է հրել ատրճանակը՝ թույլ չտալով, որ գողն այն ճանկի:

102. Ոստիկան Բալստրան մոտեցել է գետնին ընկած գողին: Տեսնելով, որ նա այլևս վտանգ չի ներկայացնում, պահել է իր զենքը:

103. Ոստիկան Բրոնսը երկկողմ ռադիոյով կապվել է ոստիկանատան հետ և խնդրել կանչել առողջապահության տեղական ծառայությանը: Տեսնելով, որ վերջինս ուշանում է, նա կրկին կապվել է ոստիկանատան հետ և խնդրել շտապել:

104. Ոստիկան Բալստրան անհանգստացել է զոհի համար: Ոստիկան Բրոնսը տեսել է մուտքին մոտեցող մարդու: Ոստիկանը նրան թույլ չի տվել մոտենալ՝ ասելով, որ տարածքը շրջափակված է նախաքննություն անցկացնելու նպատակով:

105. Ոստիկաններ Բրոնսը և Բալստրան մի ոստիկանի կողմից տարվել են ոստիկանատուն: Ոստիկան Բրոսնն այնտեղ հանձնել է իր զենքը: Ոստիկաններ Բրոնսը և Բալստրան օգնություն են ստացել գործընկերներից և տեղեկացվել հետագա ընթացակարգի մասին:

106. Ոստիկան Բրոնսը կրակել է միայն մեկ անգամ: Նա հափշտակողին սպանելու որևէ նպատակ չի ունեցել, միայն ցանկացել է վերջ դնել կյանքին սպառնացող իրավիճակին: Նա հասկացել է, որ այլ ընտրություն չունի: Նա խորապես ցավում էր, որ հափշտակողը մահացել է:

 

(c) Ոստիկան Բալստրա

 

107. Ինչպես ոստիկան Բրոնսը, ոստիկան Բալստրան ևս հարցաքննվել է խուզարկու ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդի կողմից 1998թ. հուլիսի 22-ին: Ներկա էր նրա փաստաբան պրն Վան Կլիֆը:

108. Ոստիկան Բրոնսը և Բալստրան որոշ հանձնարարությունների կատարումն ավարտելուց հետո վերադառնում էին ոստիկանատուն: Նրանք երկկողմ ռադիոյով լսել են, որ մեկ այլ ոստիկան ոտքով հետապնդում է մոտոցիկլ հափշտակողի: Նրանք լսել են մոտոցիկլի նկարագրի և այն ուղղության մասին, որով հափշտակողը տարել էր մոտոցիկլը: Չէր նշվել, որ նա զինված է: Նրանք սկսել են հետապնդել հափշտակողին:

109. Վարելով մեքենան՝ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան նկատել են նկարագրված ուղղությամբ մոտոցիկլը վարող հափշտակողին և որոշել կայանել մեքենան ու ձերբակալել նրան: Նրանք որոշել են, որ մինչ ոստիկան Բրոնսը կկայանի մեքենան, ոստիկան Բալստրան կգնա հափշտակողի հետևից:

110. Ոստիկան Բալստրան նկատել է մոտոցիկլ վարող տղամարդուն, որը մոտենում էր շինության մուտքին: Շենքից քսան մետր հեռավորության վրա ոստիկան Բալստրան տեսել է մուտքին մոտեցող տղամարդու: Տեսնելով ոստիկան Բալստրային` նա հարցրել է. «Ի՞նչ խնդիր կա, ի՞նչ խնդիր կա»: Նա թափահարել է ձեռքերը: Ոստիկան Բալստրան և այդ մարդը մոտեցել են միմյանց: Տղամարդը նայել է աջ ու ձախ՝ փորձելով գտնել փախուստի ուղի: Թվում էր, որ նա ցանկանում է փախչել շենքի միջով, և ոստիկան Բալստրան շտապել է կանխել դա: Նա մտադիր էր բռնել նրան և ձերբակալել:

111. Ոստիկան Բալստրան բռնել է նրա թևը և հրել դեպի շենքը: Հափշտակողի պահվածքից և խոսելից զգացվել է, որ ագրեսիվ արտահայտություններ է անում և մտադիր է դիմադրել ոստիկաններին: Նա ազատվել է ոստիկանի ձեռքից և հետ շրջվել: Նա երկու քայլ հետ է գնացել դեպի շենքի մուտքը: Նրա ձեռքերը սեղմված էին մարմնին, և նրա պահվածքը սպառնալից էր:

112. Տղամարդն այնուհետև ձախ ձեռքը տարել է դեպի իր կրծքավանդակի կամ որովայնի ձախ մասը, ինչպես դա անում է այնտեղից զենք հանելու մտադրություն ունեցող մարդը: Նա նայելով ոստիկան Բալստրայի աչքերի մեջ՝ ասել է. «Ի՞նչ խնդիր կա»: Այդ շարժումը տեսնելով՝ ոստիկան Բալստրան կարծել է, որ նա զենք է հանում: Նրա բանականությունը նրան թելադրել է զգոն լինել: Նա հետ է քայլել և ձեռքը տարել դեպի իր ծառայողական զենքը: Նա այն չի հանել, սակայն ձեռքը պահել է այն դիրքում, որ ցանկացած պահի կարող էր հանել զենքը: Ձախ ձեռքն ուղղելով դեպի հափշտակողը՝ նա բացականչել է. «Ցու՛յց տուր ձեռքերդ: Հիմար մի եղիր»: Այնուհետև հափշտակողն իջեցրել է ձեռքը և ընդունել իր նախկին կեցվածքը՝ ձեռքերը թափահարելով մարմնի շուրջ: Նա կրկնել է. «Ի՞նչ խնդիր կա, ի՞նչ խնդիր կա» և քայլել ոստիկան Բալստրայից հեռու: Նրա մարմինը դեռ ուղղված էր դեպի ոստիկան Բալստրան և աչքերը սևեռված նրա վրա: Ոստիկան Բալստրան նույն դիրքում էր:

113. Տղամարդը կրկին աջ ձեռքը տարել է դեպի իր մարմինը և բռնել ինչ-որ բան: Ոստիկան Բալստրան չէր կարող տեսնել, թե դա ինչ է: Երբ տղամարդը ձեռքը հեռացրել է իր մարմնից, ոստիկան Բալստրան նկատել է, որ նրա ձեռքում արծաթագույն ատրճանակ է:

114. Արդեն իրավիճակն այնքան սպառնալից էր, որ ոստիկան Բալստրան ստիպված էր իրեն պաշտպանելու համար հանել ծառայողական զենքը: Ելնելով տղամարդու վարքագծից՝ նա վախեցել է, որ տղամարդը կկրակի: Ոստիկան Բալստրան, երկու ձեռքով պահելով իր ծառայողական զենքը և ընդունելով պաշտպանական դիրք, նշան է բռնել նրա կրծքավանդակին: Նա հիշել էր, որ մի քանի անգամ բացականչել է. «Վա՛յր դիր»: Հնարավոր է, որ նա այլ բառեր ևս բացականչած լիներ, բայց չի հիշել, որ բացականչած լինի այլ բան, քան «Հիմար մի՛ եղիր: Վա՛յր դիր»: Նա տեսել է, որ տղամարդն ատրճանակը պահում է դեպի ներքև՝ փողը գետնին ուղղված: Տղամարդը դեմքով շրջվել է դեպի ոստիկան Բալստրան՝ փոխելով նաև ձեռքերի դիրքն այնպես, որ կարող էր փոխվել նաև ատրճանակի փողի ուղղությունը: Ատրճանակի փողը, այնուամենայնիվ, դեռևս ուղղված էր դեպի գետին: Ոստիկան Բալստրան տղամարդու այդ դիրքը գնահատել է որպես կովբոյի դիրք, որն ամեն պահի կարող է կրակել: Նա վախեցել է և որոշել կրակել, եթե տղամարդը փողն ուղղի իր կողմը:

115. Այս իրավիճակը տևել է մոտավորապես չորս վայրկյան, որի ընթացքում նա երկու անգամ հրամայել է զենքը վայր դնել: Տղամարդը չի կատարել հրամանը: Իրադարձությունները զարգացել են շատ արագ. նրա գնահատմամբ տղամարդուն բռնելու և ճակատագրական կրակոցի միջև ընկած ժամանակահատվածը չէր գերազանցում քսան կամ երեսուն վայրկյանը:

116. Ոստիկան Բալստրան տեսել է, որ տղամարդը հանկարծակի արձագանքել է ինչ-որ բանի: Դեռևս գտնվելով կովբոյին հատուկ դիրքում` տղամարդը քառորդ պտույտ է կատարել դեպի ձախ: Ոստիկան Բալստրան չի հիշել, թե դա որքան է տևել, սակայն, պահը շատ կարճ էր: Տղամարդը բարձրացրել է աջ ձեռքը, որում պահել էր ատրճանակը. այդ շարժումը նա մինչ այդ չէր կատարել: Դա ստիպել է ոստիկան Բալստրային խորհել. «Այժմ ես կկրակեմ»: Քանի որ տղամարդը բարձրացրել էր ձեռքը, ոստիկան Բալստրան համոզվել է, որ նա կկրակի. նա ձեռքը տարել է դեպի ձգանը և պատրաստվել կրակելու, երբ ձախ կողմից լսել է կրակոցի ձայն: Նա անմիջապես մտածել է. «Ոստիկան Բրոնսը դա արեց»: Ոստիկան Բալստրան այնքան վախեցած էր, որ եթե ոստիկան Բրոնսը չկրակեր, ապա ինքն էր կրակելու:

117. Ոստիկան Բալստրան անմիջապես նկատել է, որ տղամարդը վիրավորված է: Տղամարդը տարօրինակ կերպով շարժել է իր իրանի վերին մասը: Նրա ծնկները ծալվել են, և նա ընկել է գետնին: Ընկնելիս նա վայր է գցել ատրճանակը: Նա վեր բարձրանալու անհաջող փորձ է կատարել: Ոստիկան Բալստրան և Բրոնսը երկու կողմերից մոտեցել են մարդուն՝ դեռևս նրան պահելով հսկողության տակ: Մոտենալով մարդուն՝ ոստիկան Բալստրան պահել է իր զենքը և բռնել տղամարդու ուսերից: Նա փորձել է կանխել նրա բարձրանալը և զենքը կրկին վերցնելը: Նա նստել է տղամարդու կողքին: Տղամարդն ընկած էր՝ պարանոցը դեպի ոստիկան Բալստրայի ծնկները: Այդ պահին ոստիկան Բալստրան նկատել է, որ աջ կողմից իրեն է մոտենում ոստիկան Բրոնսը: Նա չէր հիշում, թե արդյո՞ք այդ պահին ոստիկան Բրոնսի ձեռքին կար ծառայողական զենք: Ոստիկան Բրոնսը ոտքով մի կողմ է հրել մարդու ատրճանակը, որպեսզի վերջինս չկարողանա այն վերցնել:

118. Երկկողմ ռադիոյի միջոցով ոստիկան Բրոնսը ոստիկանատնից խնդրել է ուղարկել շտապ օգնություն: Ոստիկաններ Բալստրան և Բրոնսը հեռացել են դեպքի վայրից, քանի որ արդեն ժամանել էր ոստիկանությունը: Ոստիկան Բալստրան, այնուամենայնիվ, զննել է մարդու հագուստը՝ իմանալու համար, թե մարմնի որ մասից է վիրավորվել: Նա վիրավորվել էր պարանոցից, և նրա վերնաշապիկն արյան մեջ էր: Ոստիկան Բալստրան ցանկացել է իմանալ նրա անունը, բայց ոչ մի պատասխան չի ստացել: Տղամարդը խռխռում էր: Նա արագ մահացել է:

119. Այլ ոստիկանների ժամանումից հետո ոստիկաններ Բալստրան և Բրոնսը տարվել են ոստիկանատուն և այնտեղ մնացել, ըստ ոստիկան Բալստրայի` երեք ժամ: Ոստիկան Բրոնսից պահանջվել է հանձնել իր ծառայողական զենքը: Նրանք խոսակցություններ են ունեցել մի շարք ոստիկան գործընկերների, այդ թվում՝ ոստիկանապետ Վան Ռիեսենի, ինչպես նաև օգնության խմբի (zelfhulpteam) հետ:

120. Ըստ ոստիկան Բալստրայի՝ տղամարդը վերահսկել է իրադարձությունները: Նա ցանկացած հնարավորություն ուներ չհանելու իր զենքը, իսկ հանելուց հետո՝ վայր դնելու: Ոստիկան Բալստրան մի քանի անգամ հրամայել է զենքը վայր դնել: Նա չի արձագանքել: Փոխարենը նա դեմ-հանդիման կանգնել էր ոստիկան Բալստրայի առջև այնպիսի սպառնալից դիրքով, որ ցանկացած պահի կարող էր կրակել: Ոստիկան Բալստրան չէր կարող կայացնել որևէ այլ որոշում, քան ինքնապաշտպանության նպատակով հանել իր ծառայողական զենքը: Իրավիճակն այնքան սպառնալից էր, որ ոստիկան Բալստրան ստիպված կլիներ կրակել՝ դրանով վերացնելով ինչպես իր, այնպես էլ, հնարավոր է, այլ անձանց համար ստեղծված վտանգը: Իրադարձությունների զարգացումը վերացրել էր դրա անհրաժեշտությունը, քանի որ ոստիկան Բրոնսը կրակել էր առաջինը:

 

(d) Տկն Ռիյսել

 

121. Տկն Հենա Էմելիտա Ռիյսելը՝ հարցաքննված 1998թ. հուլիսի 24- ին, Ամստերդամում բնակվող սոցիալական աշխատող էր:

122. Հուլիսի 19-ին, ժամը 10-ին, նա և իր դուստրը փառատոնից տուն էին վերադառնում: Անցուղով անցնելիս նրանք ստիպված են եղել ճանապարհ տալ մի մոտոցիկլավարի, որը, ըստ նրանց նկարագրածի, սևամորթ էր և առանց սաղավարտի: Նա շարժվել է դեպի բարձրահարկ շինության մուտքերից մեկը: Նրանք նկատել են, որ նա անսովոր դանդաղ է վարում մոտոցիկլը, սակայն այդուհետ ուշադրություն չեն դարձրել: Նրանք, այնուամենայնիվ, տեսել են երիտասարդին մուտքից դուրս գալուց, իսկ մոտոցիկլը` ներսում: Չնայած որոշ հեռավորությանը՝ նրանք նկատել են, որ մոտոցիկլը մուգ դեղին է:

123. Նրանք տեսել են մուտքից դուրս եկող երիտասարդին և նրա հետևից վազող ոստիկանի: Նրանք նկատել են նաև ոստիկանական մեքենա, ինչը մինչ այդ չէին տեսել:

124. Նրանք տեսել են, որ երիտասարդն իր աջ ձեռքը պահել է բլուզի կամ վերնաշապիկի տակ: Նրա ձեռքը ստամոքսի վրա էր, տաբատի գոտու վերևի մասում: Նրանք որոշել են մոտենալ՝ հասկանալով, որ ինչ-որ բան է կատարվում:

125. Տկն Ռիյսելը տեսել է երիտասարդին դեպի ոստիկանները քայլելիս: Նա տեսել է, որ երիտասարդը ձեռքերը բարձրացրել է այնպիսի շարժումով, կարծես հարցնում է, թե ինչ է պատահել: Ոչ մի խոսք չի հնչել: Նա տեսել է, թե ինչպես է ոստիկանը բռնել երիտասարդի ձեռքից և այն շրջել մեջքին: Ըստ նրա տպավորության՝ երիտասարդին ձերբակալում էին: Ոստիկանը նրան փորձել է շրջել դեպի պատը: Սակայն նրան հաջողվել է դուրս պրծնել ոստիկանի ձեռքից:

126. Այնուհետև նա տեսել է, որ երիտասարդը ձեռքը կրկին տանում է վերնաշապիկի տակ: Նա չի տեսել, որ երիտասարդն այնտեղից ինչ-որ բան է հանել. նա ընդհանրապես չի տեսել, որ երիտասարդն ինչ- որ բան է հանել:

127. Ոստիկանը կանգնած էր և չէր մոտենում երիտասարդին: Տկն Ռիյսելը ոստիկանին չի տեսել զենք հանելիս:

128. Մոտեցել է մեկ այլ ոստիկան և կանգնել մոտավորապես վեց մետր հեռավորության վրա: Երիտասարդի ձեռքը դեռևս իր վերնաշապիկի տակ էր, տաբատի գոտուց վեր: Տկն Ռիյսելն այնուհետև տեսել է երկրորդ ոստիկանին, որը հանել է զենքը և նշանառել երիտասարդին: Նա լսել է. «Վայր դի՛ր» հրամանը, և նրան թվացել է, որ դա այն ոստիկանի հրամանն է, որը ծածկում էր երիտասարդին: Այդ հրամանը հնչել է այն ժամանակ, երբ ոստիկանը զենքով նշանառել էր երիտասարդին: Հրամանը լսելուց անմիջապես հետո նա լսել է կրակոցի ձայն: Երիտասարդն անմիջապես վայր է ընկել:

129. Տկն Ռիյսելը նշել է, որ ինքը որևէ պահի չի նկատել, որ երիտասարդը զենք է ուղղել ոստիկանների դեմ: Նա հիշել է, որ երիտասարդի ձեռքը վերնաշապիկի տակ էր, տաբատի գոտու վերին մասում: Նա դրանում համոզված էր՝ չնայած իրադարձությունների արագ զարգացմանը:

130. Կրակոցից անմիջապես հետո նա վազել է դեպի այն վայրը, ուր ընկած էր երիտասարդը: Նա բղավել է ոստիկանի վրա. «Ես տեսա, թե դուք ինչ արեցիք: Նա մարդկային էակ է»:

131. Ոստիկանը ստուգում էր երիտասարդի զարկերակը: Նրա ձեռքը թուլացած ընկած էր:

132. Դեպքի վայր են ժամանել մի շարք ոստիկաններ, որոնցից մեկը մոտոցիկլով էր, վերջինս խնդրել է իրեն ցուցմունք տալ: Նա հրաժարվել է՝ մտածելով, որ իր ցուցմունքը կարող է օգտագործվել երիտասարդի դեմ և սխալ ընկալվել: Նա երկու ոստիկանների, որոնք շրջափակում էին դեպքի վայրը, ասել է, որ կարիք չկա շրջափակելու այդ վայրի տարածքը: Ոստիկաններից մեկը նրան մեղադրել է իրենց խոչընդոտելու փորձի մեջ և ասել, որ նա չգիտի, թե ինչն է եղել այդ պատահարի պատճառը: Տկն Ռիյսելը պատասխանել է, որ ինքը չգիտի պատճառը և թե ինչ է տեղի ունեցել, սակայն գիտի, որ ոստիկանը մարդուն կրակելուց առաջ պետք է նախազգուշական կրակ արձակի: Նա հուզմունքից դրդված կարող էր ավելին ասել:

133. 1998թ. հուլիսի 20-ին տկն Ռիյսելը վերադարձել է դեպքի վայր՝ երիտասարդի ընկած տեղում ծաղիկներ դնելու: Այնտեղ նա հանդիպել է երիտասարդի ընտանիքի անդամներին, որոնք ասել են, որ վարձել են փաստաբան պրն Համերին: Տկն Ռիյսելը տվել է իր հեռախոսահամարը: Նա հետագայում կապվել է պրն Համերի հետ, վերջինս նրան խնդրել է ցուցմունք տալ ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդին:

 

(e) Օրիորդ Լիվելդ

 

134. Օր. Սիրետա Միշել Լիվելդը՝ հարցաքննված 1998թ. հուլիսի 24- ին, 1983թ. ծնված դպրոցական էր և տկն Ռիյսելի դուստրը: Նրանք` երկուսով, 1998թ. հուլիսի 19-ին, ժամը 10-ին, Կվակոյի փառատոնից տուն էին վերադառնում: Անցուղով անցնելիս ստիպված են եղել ճանապարհ տալ մի սևազգեստ մոտոցիկլավարի: Նա լիովին սևամորթ չէր: Նրա գլուխը սափրած էր: Նա առանց սաղավարտի էր: Օր. Լիվելդը չի կարողացել նկարագրել մոտոցիկլը:

135. Երիտասարդը խոտերի վրայով մոտոցիկլը քշել է դեպի շինությունը: Օր. Լիվելդը չի տեսել, որ նա մոտոցիկլը քշել է դեպի մուտքը:

136. Օր. Լիվելդի մայրն ասել է. «Տե՛ս, ոստիկանությունը»: Օր. Լիվելդը տեսել է, որ շինության մոտ, երիտասարդին մոտ, կանգնած է մի ոստիկան: Նա և մայրը գնացել են նրանց մոտ: Օր. Լիվելդը տեսել է, թե ինչպես է ոստիկանը փորձում ձերբակալել երիտասարդին՝ կառչելով նրանից և հրելով դեպի պատը: Վերջինս ձեռքերով մի շարժում է արել՝ կարծես ցանկանալով հարցնել. «Ի՞նչ եք ուզում ինձնից»:

137. Երիտասարդը ձեռքը տարել է դեպի տաբատի գոտին: Թվում էր, թե նա ցանկանում էր զենք հանել, սակայն դա, անշուշտ, խաբկանք էր:

138. Վազելով մոտեցել է երկրորդ ոստիկանը: Օր. Լիվելդը լսել է, թե ոստիկաններից մեկն ինչպես է հրամայում. «Վայր դի՛ր»: Նա տեսել է երկու ոստիկաններին՝ ձեռքերին ծառայողական զենքեր: Նա տեսել է ծառայողական զենքը ձեռքին այն առաջին ոստիկանին, որը փորձում էր ձերբակալել երիտասարդին, սակայն այդ ոստիկանը երիտասարդին չէր նշանառել: Նա որևէ պահի երիտասարդի ձեռքին զենք չի տեսել:

139. Մյուս ոստիկանը ևս ձեռքում պահում էր ծառայողական զենքը: Նա նշանառել էր երիտասարդին: Օր. Լիվելդը կարծել է, որ կրակոցն անմիջապես հետևել է «Վա՛յր դիր» հրամանին: Կրակոցից հետո երիտասարդը շրջվել է և վայր ընկել: Նա տեսել է, որ երիտասարդն ինչ-որ բան է վայր գցել. նրա կարծիքով դա հեռախոսն էր: Հետագայում մոտենալով դեպքի վայրին՝ նա գտել է երիտասարդի կողքին ընկած մի հեռախոս. նա ենթադրել է, որ երիտասարդն ընկնելիս վայր է գցել հեռախոսը:

140. Օր. Լիվելդը չէր կարողացել նշել, թե երիտասարդի վայր ընկնելու պահին դեպքի վայրից ինչ հեռավորության վրա է ինքը գտնվել, սակայն, որոշ հեռավորություն, այնուամենայնիվ, եղել է: Իրադարձությունները շատ արագ են զարգացել:

141. Պաշտոնական արձանագրության մեջ նշվել է, որ նա հարցաքննվել է մոր ներկայությամբ՝ հաշվի առնելով նրա հուզված վիճակը:

 

(f) Պրն Վան Ռիժ

 

142. Պրն Մերլին վան Ռիժը՝ հարցաքննված 1998թ. հուլիսի 24-ին, 1982թ. ծնված դպրոցական էր և բնակվում էր «Հիգենբոս» կոչվող շինությունում:

143. 1998թ. հուլիսի 19-ին մոտավորապես ժամը 10-ին հոր հետ գտնվել է տանը, առաջին հարկի բնակարանի հյուրասրահում: Տաք երեկո էր, և պատուհանները բաց էին:

144. Մի պահ լսել է ինչ-որ մեկի ձայնը, որը բացականչում էր. «Կանգնի՛ր»: Հաջորդ վայրկյանին նա լսել է շքամուտքի կողմից հնչած կրակոցի նման մի ձայն: Լսելով. «Կանգնի՛ր» հրամանը և ենթադրելով, որ այդ հրամանը վերաբերում է հանցագործի՝ նա եզրակացրել է, որ կրակողը ոստիկան էր: Նա ցանկացել է դուրս գալ և դիտել, սակայն մայրը թույլ չի տվել՝ անընդունելի համարելով այլ անձանց խնդիրներով հետաքրքրվելը: Այդ գիշեր ավելի ուշ նրա հայրը շանը տարել է դուրս և տեսել մեծ թվով ոստիկանների և սավանով ծածկված մարդու:

 

(g) Պրն Օստբուրգ

 

145. Պրն Մեթյու Ժիրի Օստբուրգը՝ հարցաքննված 1998թ. հուլիսի 24-ին, 1983թ. ծնված դպրոցական էր:

146. 1998թ. հուլիսի 19-ին, մոտավորապես ժամը 10-ին, նա հոր հետ Կվակոյի փառատոնից գնում էր դեպի Հիգենբոսի շինություն, որտեղ բնակվում էր հոր ընկերուհին: Նրանք նկատել են մոտոցիկլներով ոստիկանների ներկայությունը, որոնք ինչ-որ բան կամ ինչ-որ անձի էին փնտրում:

147. Հետիոտնի անցուղին մտնելիս նրանք լսել են, ինչպես Օստբուրգի հայրն է նկատել, որ կրակոցի ձայնը եկել էր «Հիգենբոսի» շինության կողմից: Նրանք նկատել են շինության կողմը վազող ոստիկանների, սակայն բավականին հեռու էին տեսնելու համար, թե ինչ է տեղի ունեցել:

148. «Հիգենբոսի» շինություն տանող ճանապարհին նրանց կանգնեցրել են տարածքը արգելափակող ոստիկանները:

149. Մտնելով շենք տարբեր մուտքերից՝ նրանք գնացել են առաջին հարկ, և պրն Օստբուրգը նայել է ներքև: Նա տեսել է թխամաշկ, ճաղատ գլխով երիտասարդի՝ անշարժ պառկած մուտքի մոտ: Նա երիտասարդի ոտքերի մոտ տեսել է շողացող փոքր ատրճանակ: Նա լսել է, որ ոմանք ասել են, թե իրենք սկզբում կարծել են, թե այն հեռախոս է, և ոստիկանները սխալմամբ շփոթել են ատրճանակի հետ: Սակայն այն ակնհայտորեն ատրճանակ էր:

150. Պրն Օստբուրգը և այլոք կարծել են, որ երիտասարդը ոստիկանների վրա ատրճանակ է նշանառել, և ոստիկաններն ստիպված են եղել կրակել:

151. Հետո նրանք տեսել են, թե ինչպես է ժամանում շտապ օգնության ծառայությունը: Ակնհայտ էր, որ երիտասարդը մահացել էր, քանի որ ծածկված էր սավանով:

 

(h) Ոստիկան Բունստրա

 

152. Ոստիկան Բունստրան ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդի կողմից հարցաքննվել է 1998թ. հուլիսի 27-ին:

153. Նա վկայել է, որ ինքը և իր գործընկեր ոստիկան Դեքերը տեղյակ չեն եղել Մորավիա Ռամսահայի զինված լինելու փաստին: Իրեն և ոստիկան Դեքերին մոտեցել է թխամաշկ մի երիտասարդ և խնդրել հետևել իրեն: Քանի որ իրենք անմիջապես չեն հետևել երիտասարդին, վերջինս շրջվել է և ձեռքով նրանց կանչել իր հետևից: Դրանից նրանք ենթադրել են, որ ինչ-որ բան է պատահել և շարժվել են նրա հետևից: Ոստիկան Բուլստրան ավելի մոտ էր գտնվում երիտասարդին, ուստի վերջինս խոսել է նրա հետ: Ոստիկան Դեքերն է ռադիոյով հաղորդել մոտոցիկլի մոտավոր գույնը, իրենց գտնվելու ճշգրիտ վայրը և շարժման ուղղությունը, բայց երիտասարդը ոստիկան Դեքերին չի նկարագրել հափշտակողին:

154. Մոտոցիկլն իրենց տեսադաշտից կորցնելուց հետո, նրանք ռադիոյով լսել են հաղորդումն այն մասին, որ «Հիգենբոս» շինության մոտ կրակոց է լսվել: Ոստիկան Բունստրան և Դեքերը շտապել են այդ ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալու: Չիմանալով, որ մոտոցիկլը հափշտակած անձը զինված է, նրանք կրակոցը չեն կապել հափշտակողի անձի հետ:

155. Միայն այն ժամանակ, երբ նրանք և մոտոցիկլի տերը հասել են դեպքի վայր, և վերջինս ճանաչել է իր մոտոցիկլը, նրանք մոտոցիկլի տիրոջից ճշգրիտ տեղեկացել են, թե ինչ է պատահել: Այդ ժամանակ էլ մոտոցիկլի տերն ասել է, որ հափշտակողը զինված է եղել, և ինքը մոտոցիկլը զիջել է զենքի սպառնալիքի ներքո: Ոստիկան Բունստրան ասել է, որ նա այդ մասին պետք է իրենց ավելի շուտ հայտներ:

156. Ոստիկան Դեքերն ավելի ուշ ոստիկան Բունստրային ասել է, որ ինքը ևս տեղյակ չի եղել հափշտակողի՝ զինված լինելու փաստին, և զայրացել է, որ իրեն չի ասվել այդ մասին: Երկու ոստիկաններն էլ բարեբախտություն էին համարել, որ իրենք չէին վիրավորվել գողին հետապնդելիս:

 

(i) Պրն Հոսենի

 

157. Պրն Հոսենին ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդի կողմից հարցաքննվել է 1998թ. հուլիսի 31-ին: Նրա հարցաքննության միջոցով փորձ է արվել ճշգրտել այն պահը, երբ նա հափշտակողի զինված լինելու մասին հայտնել է ոստիկան Դեքերին:

158. Պրն Հոսենին վկայել է, որ իր մոտոցիկլը հափշտակվել էր Կվակոյի փառատոնի ժամանակ` 1998թ. հուլիսի 19-ին, ժամը 9-10- ն ընկած ժամանակահատվածում: Թխամաշկ երիտասարդը ատրճանակի սպառնալիքով ստիպել է իրեն զիջել իր մոտոցիկլը: Նա թիվ տասը նկարում ճանաչել է այդ ատրճանակը: Նա նկատել է, որ ատրճանակը լիցքավորված է և կրակելուն պատրաստ: Դա նրան այնքան է վախեցրել, որ զիջել է մոտոցիկլը:

159. Նա երկու ոստիկաններին խնդրել է հետևել իրեն: Նրանք անմիջապես չեն արձագանքել իրեն, բայց, երկրորդ անգամ ձեռքով անելուց հետո, հետևել են իրեն: Վազելու ընթացքում նա պատմել է հափշտակության մասին, ոստիկաններին է տվել ապահովագրական փաստաթղթերը, նկարագրել մոտոցիկլը և այն հափշտակողին:

160. Պրն Հոսենին հափշտակողի զինված լինելու մասին ոստիկաններին հայտնել է նույն այն ժամանակ, երբ նրանց է մեկնել ապահովագրական փաստաթղթերը:

161. Երբ ոստիկանների երկկողմ ռադիոյով լսել է կրակոցի մասին, նա անմիջապես այդ կրակոցը կապել է իր մոտոցիկլի հափշտակության հետ: Այդ ժամանակ նա ոստիկաններին ասել է, որ հափշտակողն ունեցել է արծաթագույն ատրճանակ:

 

(j) Պրն Չիտանի

 

162. Պրն Վլադիմիր Մոհամեդ Աբզել Ալի Չիտանին՝ հարցաքննված ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդի կողմից 1998թ. օգոստոսի 3- ին, 1945թ. ծնված քաղաքացիական ծառայող էր:

163. 1998թ. հուլիսի 19-ին, մոտավորապես ժամը 10-ին, նա վարում էր իր մեքենան Հանթամդրեֆի երկայնքով: Նա հայելու միջով նկատել է ոստիկանական մեքենան: Մեքենան հանկարծակի կանգ է առել, դրանից դուրս է եկել ոստիկան և վազել «Հիգենբոս» շինության ուղղությամբ: Մտածելով, որ ինչ-որ բան է պատահել, պրն Չիտանին ևս կանգնեցրել է մեքենան ու գնացել ոստիկանի հետևից: Այդ ժամանակ մթնշաղ էր: Ըստ նրա՝ ինքը գտնվել է «Հիգենբոս» շինության մուտքից 75-100 մետր հեռավորության վրա:

164. Նա տեսել է, որ մուտքի մոտ հայտնվել է մոտ քսան տարեկան սևազգեստ մի մարդ: Նա մուտքի մոտ մոտոցիկլ չի տեսել: Նրա դիմաց, մոտավորապես վեց մետր հեռավորության վրա կանգնած էր մի ոստիկան: Վերջինս զենքը նշանառել էր այդ երիտասարդին: Երիտասարդը ձեռքում պահել էր մուգ գույնի ատրճանակ, որով նշանառել էր ոստիկանին: Ոստիկանը ձեռքի շարժումով ակնհայտորեն նրան հրամայել է վայր դնել զենքը. այդ ընթացքում ոստիկանը մյուս ձեռքում պահել էր երիտասարդին նշանառած զենքը: Նա մեծ հեռավորության պատճառով ոչ մի խոսք չի լսել: Նա տեսել է, թե ինչպես է երիտասարդն աջ ձեռքից դեն նետում մի չճանաչված իր:

165. Քանի դեռ առաջին ոստիկանը շարունակում էր երիտասարդին հսկողության տակ պահել, պրն Չիտանին տեսել է երկրորդ ոստիկանին, որը շտապում էր իր գործընկերոջն օգնության: Այս երկրորդ ոստիկանը երկու ձեռքում պահում էր ծառայողական զենքը, որը նշանառել էր երիտասարդին: Նա անմիջապես կրակոց է լսել: Կրակոցը լսվել է այն բանից հետո, երբ երիտասարդը ձեռքում եղած իրը դեն է նետել: Իրադարձությունները խիստ արագ են զարգացել. երիտասարդի ձեռքում գտնվող իրը դեն նետելը և կրակոցը եղել են ընդամենը մի վայրկյանի մի քանի ակնթարթում: Երիտասարդը մի քանի քայլ է արել դեպի լապտերը և վայր ընկել:

166. Այդ պահին խուճապ է սկսվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ՝ մեքենաներով և մոտոցիկլներով: Պրն Չիտանիին մոտեցել են այլ անձինք ևս: Ոստիկանները հրամայել են նրանց հեռանալ. պրն Չիտանին և մյուսները հեռացել են: Պրն Չիտանին ոստիկաններից մեկին հարցրել է, թե ինչու շտապ օգնություն չեն կանչում: Պատասխանը եղել է հետևյալը. «Դա կանենք ավելի ուշ»:

167. Մտնելով «Հիգենբոս» շինությունը և տեսարանը դիտելով երկրորդ հարկից՝ նա զոհին տեսել է սպիտակ սավանով ծածկված: Նրա կողքին ընկած որևէ իր ինքը չի տեսել: Իր կողքին կանգնածներն ասել են, որ երիտասարդը դեն է նետել հեռախոսը, բայց ինքն այն չէր տեսել:

168. Երկրորդ հարկ բարձրանալը պրն Չիտանիից խլել է վեցից յոթ րոպե: Նա տեսել է, որ լուսանկարում են: Պրն Չիտանին կարծել է, որ այդ պահին երիտասարդը դեռ ողջ է, քանի որ լսվում էր այնպիսի խռխռոց, կարծես նրա կոկորդը լցված էր արյունով:

169. Ըստ պրն Չիտանիի՝ շտապ օգնությունը ժամանել է երեսուն կամ ավելի րոպեի ընթացքում: Նա տեսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը՝ բժշկական համազգեստով, դատախազի հետ մեկտեղ հետազոտում զոհին:

170. Ըստ պրն Չիտանիի` երիտասարդի ձեռքի իրի դեն նետվելուց հետո այլևս որևէ սպառնալիք չկար: Նա չէր տեսել, թե մինչ այդ ինչ է տեղի ունեցել:

(k) Ոստիկան Բրոնս

 

171. 1998թ. օգոստոսի 3-ին ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը ոստիկան Բրոնսի և պրն Չիտաննի հետ կատարել է առերեսում՝ կապված պրն Չիտանիի այն ցուցմունքի հետ, որ Մորավիա Ռամսահայը ինչ-որ բան է դեն նետել մինչև կրակոցը: Ոստիկան Բրոնսը հերքել է այդ փաստը: Վախից դրդված նրա ողջ ուշադրությունը սևեռված է եղել հափշտակողի ձեռքերին: Մինչև զենքը վայր գցելը նրա ձեռքին ուրիշ ոչինչ չի եղել:

 

(l) Ոստիկան Դեքեր

 

172. 1998թ. օգոստոսի 3-ին ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը ոստիկան Դեքերից պահանջել է տեղեկություն ներկայացնել այն մասին, թե երբ է ինքն իմացել, որ գողությունը կատարվել է զենքի գործադրման սպառնալիքի ներքո:

173. Պրն Հոսենին ասել է, որ իր մոտոցիկլը հափշտակել են, սակայն չի նշել զենքի գործադրման մասին: Ուստի ինքը և ոստիկան Բունստրան եզրակացրել են, որ մոտոցիկլը հափշտակվել է միայն ֆիզիկական ուժի գործադրմամբ:

174. Պրն Հոսենին ոստիկան Դեքերին ապահովագրական փաստաթղթերը հանձնել է անմիջապես և իր սեփական նախաձեռնությամբ, միաժամանակ նկարագրել է հափշտակողին: Ոստիկաններ Բունստրան և Դեքերը միացել են նրան և վազել նրա հետևից: Սակայն ճանապարհին նրանք կորցրել են Հոսենիին, ոստիկան Դեքերը վազել է հափշտակողի փախուստի ենթադրվող ճանապարհով:

175. Իրենց վազելու ընթացքում ոչ մի անգամ պրն Հոսենին չի ասել, որ հափշտակողը զինված է: Նա, այնուամենայնիվ, նկատել է, որ պրն Հոսենին վախեցած է և խոսում է մեղմ ձայնով: Ուստի, շատ հավանական էր, որ պրն Հոսենին հիշատակել է այդ մասին, սակայն ինքը վազելու ընթացքում չի լսել:

176. Միայն կրակոցի մասին հաղորդումը լսելուց հետո է պրն Հոսենին ասել. «Նա ուներ արծաթագույն փոքր ատրճանակ»: Նրանք վազել են դեպի «Հիգենբոս» շինությունը: Ոստիկան Դեքերը հարցրել է պրն Հոսենիին. «Ինչու՞ այդ մասին սկզբում չասացիր»: Այս հարցին պրն Հոսենին չի պատասխանել: Նա շատ մտացրիվ էր երևում:

177. Դրանից հետո ոստիկաններ Բունստրան և Դեքերը բարեբախտություն են համարել, որ չեն վիրավորվել: Եթե պրն Հոսենին ոստիկան Դեքերին ավելի վաղ ասած լիներ հափշտակողի զինված լինելու մասին, վերջինս այդ մասին կհաղորդեր անմիջապես և բոլոր տեղեկություններից առաջ: Բացի այդ, ինքը և ոստիկան Բունստրան չէին գնա նրա հետևից. փառատոնում հսկողություն իրականացնելու նրանց պարտականություններն իրենցից պահանջում էին զենք չկրել:

 

(m) Ոստիկան Բալստրա

 

178. 1998թ. օգոստոսի 4-ին ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը կատարել է ոստիկան Բալստրայի և պրն Չիտանի միջև առերեսում: Ոստիկան Բալստրան հրաժարվել է փաստաբանի ներկայությունից:

179. Ոստիկան Բալստրան անհավանական է համարել այն, որ պրն Չիտանին կայանել է իր մեքենան և շարժվել դեպի այն վայրը, որտեղից հետևել է իրադարձություններին այդքան կարճատև ժամանակում: Հենց իրենից՝ ոստիկան Բալստրայից, պահանջվել է տասը վայրկյան իր մեքենան կայանելու և Մորավիա Ռամսահայի ու ոստիկան Բրոնսի գտնվելու վայրը հասնելու համար:

180. Ակնհայտ էր, որ պրն Չիտանին ականատես չէր եղել Մորավիա Ռամսահայի դիմադրության տեսարանին. այդ մասին նա իր ցուցմունքում չէր նշել: Դա պետք է որ համապատասխաներ պրն Չիտանիի մեքենայի կայանած վայրի և դեպքի վայրի միջև հեռավորությանը:

181. Այն տեղեկությունը, որ ոստիկան Բրոնսն իր ծառայողական զենքը բռնել էր մեկ ձեռքով, ճիշտ չէր: Նա զենքը պահել էր երկու ձեռքով` պաշտպանական դիրքում: Ոստիկան Բրոնսը շարժմունք (ժեստեր) է արել, սակայն դա տեղի է ունեցել մինչև Մորավիա Ռամսահայի կողմից զենքը հանելը:

182. Մինչև զենքը հանելը Մորավիա Ռամսահայի ձեռքում ուրիշ ոչինչ չի եղել: Նա, այնուամենայնիվ, այն չէր նշանառել ոստիկան Բալստրային, այն պահել էր գետնին ուղղված: Նա շարունակաբար այն պահել է իր ձեռքում: Նա հաստատապես ոչինչ ձեռքից չէր գցել: Նա ատրճանակը գցել է միայն այն ժամանակ, երբ ոստիկան Բրոնսը կրակել է, ընդ որում, միայն այն ժամանակ, երբ նա վայր է ընկել:

183. Ոստիկանական մեքենայից դուրս գալուց հետո ոստիկան Բալստրան երկկողմ ռադիոն պահել էր իր ձախ ձեռքում: Նա այն պահել է ձեռքում մինչև վայր գցելը: Նա չէր հիշել, թե երբ է դա արել, սակայն դա եղել էր ոչ ուշ, քան ծառայողական զենքը հանելը, քանի որ պաշտպանական դիրք զբաղեցնելու համար նա զենքը պետք է բռներ երկու ձեռքով: Նա չէր կարողացել հիշել նաև, թե արդյոք ռադիոն գցել է Մորավիա Ռամսահայի հետ քաշքշուկի ժամանակ: Այնուամենայնիվ, նա այն հետո տեսել է գետնին ընկած, Մորավիա Ռամսահայի կրծքավանդակի ուղղությամբ և նրանից մոտ վաթսուն սանտիմետր հեռու: Նա այն թողել էր այնտեղ:

184. Շտապ օգնություն կանչվել էր անմիջապես, ընդ որում, երկու անգամ: Ոստիկան Բալստրան դրա ժամանումը չէր տեսել: Այն տեղ էր հասել այն ժամանակ, երբ ոստիկաններ Բալստրան և Բրոնսը, դեպքի վայրում հինգ կամ յոթ րոպե մնալուց հետո տարվել էին ոստիկանատուն:

185. Ոստիկան Բալստրան լսել է Մորավիա Ռամսահայի մահվան լուրը: Նա մահացել էր նախքան դեպքի վայրից ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի հեռանալը: Ոստիկան Բալստրային թվացել է, որ Մորավիա Ռամսահայի թոքերը լցվում են արյունով, սակայն նա ոչինչ անել չէր կարող այն կասեցնելու համար:

 

(n) Պրն Վան դեն Հյուվել

 

186. Ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը որոշել էր կրկին հարցաքննել պրն Պետրուս վան դեն Հյուվելին՝ պրն Չիտանիի ցուցմունքի լույսի ներքո: Հարցաքննությունը կատարվել է 1998թ. օգոստոսի 4-ին:

187. Պրն Վան դեն Հյուվելը կրկնել է, որ ինքը կենտրոնացել էր զինված թխամորթ մարդու վրա: Նա պարզորոշ տեսել է, որ վերջինիս ձախ ձեռքում ատրճանակ կա, որը նա ուղղել էր գետնին: Թխամորթ մարդու մյուս ձեռքն ազատ էր:

188. Պրն Վան դեն Հյուվելը կրակոցին ականատես չէր եղել՝ թաքնված լինելով բազրիքի հետևում: Նա միայն կրակոցից հետո է դուրս նայել՝ տեսնելու, թե ինչ եղավ: Դա անմիջապես հաջորդ ակնթարթին էր: Նա թխամորթ մարդու ատրճանակի` գետնին ընկնելը չէր տեսել: Նա ատրճանակը տեսել է թխամորթ մարդու կողքին ընկած, ինչպես պատկերված էր դեպքի վայրի լուսանկարում: Լուսանկարում պատկերված ատրճանակը շատ նման էր պրն Հյուվելի տեսածին:

189. Մնացածի կապակցությամբ պրն Հյուվելը կրկնել է իր նախորդ ցուցմունքը:

 

(o) Պրն Վան Դոնգեն

 

190. Ոստիկան Բրուին Ժան վան Դոնգենն ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդի կողմից հարցաքննվել է 1998թ. օգոստոսի 4-ին: Նա, իր ոստիկանական շան հետ, ոստիկանական մեքենան վարում էր Հանթամդրեֆի երկայնքով: Ոստիկան Վան Դոնգենը լսել է, որ Կվակոյի փառատոնի ժամանակ մոտոցիկլ է հափշտակվել, ինչպես նաև լսել է հափշտակողի և մոտոցիկլի նկարագիրը: Ոչ մի տեղեկություն չի հաղորդվել այն մասին, որ հափշտակողը եղել է զինված:

191. Ոստիկան Վան Դոնգենի մեքենայի կողքով անցել է մեկ այլ ոստիկանական մեքենա: Նա ճանաչել է մեքենան վարող ոստիկան Բրոնսին: Նա տեսել է, թե ինչպես է մեքենան կանգնել և միջից դուրս եկել մեկ այլ ոստիկան:

192. Նա կայանել է իր մեքենան և իջել մեքենայից: Մեքենայից իջնելիս նա նկատել է, որ իր մեքենայից դուրս է գալիս նաև ոստիկան Բրոնսը: Շանը դուրս բերելու նպատակով անցնելով մեքենայի հետնամասը՝ նա «Հիգենբոս» կոչվող շինության մոտից կրակոց է լսել: Շունը կատաղի արձագանքել է կրակոցի ձայնին: Անհրաժեշտ էր շանն առանձնակի զգոնությամբ հետ պահել, քանի որ այդ վիճակում այն կարող էր հարձակվել մարդկանց վրա:

193. Նա հանդիպել է ոստիկան Բրոնսին և հարցրել տեղի ունեցածի մասին: Նա պատասխանել է, որ ոստիկանի դեմ զենք է հանվել, և ոստիկանությունը կրակել է` չնշելով, թե կոնկրետ որ ոստիկանն է կրակել:

194. Ոստիկան Վան Դոնգենը մոտեցել է գետնին ընկած զոհին՝ շան անկանխատեսելի արձագանքը կանխելու նպատակով պահպանելով երկու մետր հեռավորություն: Զոհն անշարժ էր, չնայած նրան, որ մի քանի անգամ բաց ու խուփ էր արել բերանը: Ոստիկան Վան Դոնգենը մահվան մասին չէր իմացել:

195. Երբ ոստիկան Վան Դոնգենը ժամանել է դեպքի վայր, այնտեղ եղել են միայն երկու ոստիկան և զոհը: Նա որևէ այլ մեկի չի տեսել: Եթե որևէ մեկը ներկա լիներ, շունը կարձագանքեր:

 

(p) Օրիորդ Հուփ

 

196. Օր. Լամբերտինա Հելենա Հուփն ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդի կողմից հարցաքննվել է 1998թ. օգոստոսի 5-ին: Նա Մորավիա Ռամսահայի համար կանչված շտապ օգնության մեքենայի վարորդն էր:

197. Ժամը 10.02-ին շտապ օգնության խումբը ցուցում է ստացել գնալ «Հիգենբոս» շինություն, քանի որ ինչ-որ մեկին կրակել են: Շտապ օգնությունը դուրս է եկել ժամը 10.04-ին և տեղ հասել ժամը 10.14-ին, այն է՝ նախատեսված ժամանակին. այն տասնհինգ րոպե է:

198. Օր. Հուփը և շտապ օգնության անձնակազմի մեկ այլ անդամ՝ պրն Վան Անդելը, բերել են պատգարակ և տվել ոստիկաններին: Օր. Հուփը և պրն Վան Անդելն իրենց սարքավորումներով մոտեցել են զոհին: Նրա կողքին ընկած էր արծաթագույն ատրճանակ, որին ինքը և պրն Վան Անդելը չպետք է իրենց աշխատանքի ընթացքում դիպչեին:

199. Օր. Հուփը չէր լսել, որ զոհը խռխռացել կամ որևէ հնչյուն է արտաբերել: Նա օգնում էր պրն Վան Անդելին, քանի որ առաջին օգնությունը ցույց էր տալիս վերջինս: Նրանք զոհին են միացրել սրտի մոնիտորը: Պրն Վան Անդելը ստուգել է աչքի բիբի հակազդումը՝ աչքերից յուրաքանչյուրին մոտեցնելով պայծառ լույս, սակայն որևէ հակազդեցություն չի եղել. արձանագրվել է նաև երակազարկի և շնչառության բացակայություն: Այդ կարգով ստացված տեղեկությունների հիման վրա պրն Վան Անդելը եզրակացրել է, որ զոհը մահացել է հենց տեղում:

200. Օր. Հուփը և պրն Վան Անդելը տեսել են պարանոցի աջ մասում առկա վերքի մեջ գտնվող գնդակը: Նրանք չեն տեսել վերքի ելքը:

201. Օր. Հուփը և պրն Վան Անդելը զոհի մարմինը ծածկել են սպիտակ սավանով: Այնուհետև նրանք որոշ ժամանակ խոսել են ոստիկանների հետ: Նրանք դիակը չեն տեղաշարժել. դիակը հետագայում տարվել է հատուկ մեքենայով:

 

(q) Պրն Վան Անդել

 

202. Բժիշկ պրն Լենդերտ վան Անդելը շտապ օգնության անձնակազմի անդամներից մեկն էր: Ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը նրան հարցաքննել է 1998թ. օգոստոսի 5-ին:

203. Մոտավորապես ժամը 10.02-ին նրանք ցուցում են ստացել գնալ դեպի «Հիգենբոս» կոչվող շինություն, որի մոտակայքում մարդ է վիրավորվել: Նրանք մեկնակետից դուրս են եկել ժամը 10.04-ին: Շարունակաբար միացված են եղել կապույտ առկայծող լույսը և ձայնային ազդանշանը: Նրանք տեղ են հասել ժամը 10.14-ին:

204. Օր. Հուփը և ինքը շտապ մոտեցել են զոհին: Ոստիկանները տարել են պատգարակը, իսկ ինքն ու օր Հուփը՝ սարքավորումները:

205. Մի ոստիկան ասել է նրան, որ երիտասարդ է վիրավորվել: Նա տեսել է վերքի մուտքը, սակայն ոչ ելքը: Նրանք զոհի կողքին տեսել են ընկած ատրճանակը: Պրն Վան Անդելը չի նկատել գետնին ընկած երկկողմ ռադիոն:

206. Զոհը կենդանության ոչ մի նշան ցույց չէր տալիս: Պրն Վան Անդելը ստուգել է նրա կենսական գործառույթները և արձանագրել սրտի աշխատանքի ու բիբի հակազդեցության իսպառ բացակայություն: Այս փաստերը և զենքից առաջացած վերքը պրն Վան Անդելին հանգեցրել են այն եզրակացության, որ զոհը մահացել է: Մի ոստիկանի հետ կարճ խոսակցությունից հետո, որի ընթացքում ինքն ասել է, որ ոչինչ անել հնարավոր չէ, օր Հուփի հետ զոհին ծածկել են սպիտակ սավանով:

207. Այնուհետև պրն Վան Անդելը և օր. Հուփը վերադարձել են և ժամը 10.35-ին զեկուցել, որ պատրաստ են ընդունելու հաջորդ կանչը: Դիակը տարվել է ավելի ուշ:

 

(r) Պրն Փել

 

208. Պրն Ջոն Փելը, ում ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը հարցաքննել է 1998թ. օգոստոսի 7-ին, ոստիկանության դատական փորձագետ է: Նրան կանչել են 1998թ. հուլիսի 19-ի գիշերը: Նա ցուցում է ստացել գնալ «Հիգենբոս» կոչվող շինության մոտակայքը, ուր մարդ է վիրավորվել: Նա տեղ է հասել, երբ շտապ օգնության անձնակազմն արդեն վերադարձել էր: Տեղ հասնելով դեպքի վայր՝ նա տեսել է գետնին սպիտակ սավանով ծածկված զոհին և նրա կողքին ընկած ատրճանակը:

209. Պրն Փելը և նրա գործընկեր Փոփինգն առանձնացրել են իրեղեն ապացույցները և մինչև լուսանկարումը համարակալել դրանք: Նրանք հետազոտել են զոհի դին և, մասնավորապես, նրա ձեռքերը՝ կրակոցի մնացորդային հետքեր հայտնաբերելու նպատակով: Դրա համար անհրաժեշտ էր սավանը հեռացնել դիակի վրայից:

 

(s) Տկն Ժալինք

 

210. Տկն Հելեն Միլիան Ժալինքին, ով Մորավիա Ռամսահայի ավագ մորաքույրն էր, ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը հարցաքննել է 1998թ. օգոստոսի 11-ին:

211. 1998թ. հուլիսի 20-ի գիշերն իրեն հայտնել են, որ Մորավիա Ռամսահայը մոտոցիկլ է հափշտակել և այդ պատճառով նա սպանվել է ոստիկանների կողմից: Այդ գիշեր, ժամը վեցից յոթը ինքը և այլ հարազատներ աղոթքի հավաք են կազմակերպել դեպքի վայրում:

212. Հավաքի ընթացքում իրենց են մոտեցել երկու անձ և ասել, որ իրենք պատահարի վկաներ են: Ըստ նրանց՝ իրենք «Հիգենբոս» շինության կողքին տեսել են բաց դռներով ոստիկանական մեքենա, կանգնած մի ոստիկանի և մեկ այլ ոստիկանի, որը վազում էր դեպի այդ շինությունը: Նրանք տեսել են մի երիտասարդի, որը, հավանաբար, դուրս էր եկել մուտքից և քայլում էր ձեռքերը վեր պահած: Նրանք չեն ասել, թե ձեռքերը որքան վեր են պահված եղել, միայն ասել են, որ ձեռքերը եղել են վեր պահված: Նրանք չեն ասել իրեն, որ առաջին ոստիկանը զենքը նշանառել էր երիտասարդին: Երկրորդ ոստիկանը, որը վազելով մոտեցել է, կրակոցով գետնին է տապալել երիտասարդին: Նրանք երիտասարդի ձեռքին որևէ զենք չեն տեսել, և դրանում համոզված էին: Նրանք տեսել են, թե երիտասարդն ինչպես է վիրավորվել և վայր ընկել: Նրանք երիտասարդին տեսել են սավանով ծածկված:

213. Որոշ ներկաներ մատնանշել են հեռախոսը, որը ոստիկանները ներկայացրել են որպես ատրճանակ:

214. Այդ երկու անձինք, ովքեր զոհի հարազատներին ներկայացել են որպես վկաներ, դիմել են փախուստի, երբ ոստիկանները նրանց առաջարկել են ցուցմունք տալ: Նրանք ավելի հակված էին խոսելու փաստաբանի հետ: Այդ նպատակով հանդիպում է նշանակվել այժմ Դատարանում դիմող կողմին ներկայացնող փաստաբան պրն Համերի հետ, սակայն նրանք խուսափել են այդ հանդիպումից: Տկն Ժալինքն ասել է, որ նրանք մեկնել են Գերմանիա:

215. Այդ երկու անձինք գնչուներ էին, որոնք խոսում էին վատ հոլանդերենով և անգլերենով: Տկն Ժալինքը չէր կարող բացատրել, թե ինչու են նրանք խուսափել լիարժեք համագործակցությունից:

 

(t) Պրն Չիտանի

 

216. Պրն Չիտանիին ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը երկրորդ անգամ հարցաքննել է 1998թ. օգոստոսի 17-ին:

217. Պրն Չիտանին կրկնել է, որ ինքը զոհի և ոստիկանի միջև որևէ պայքար կամ ծեծկռտուք չի տեսել:

218. Այն հարցին, թե արդյոք տեսել է շան հետ եկած ոստիկանին, նա պատասխանել է, որ ինքը, բացի դեպքի վայրում տեղի ունեցածից, ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չի դարձրել: Նա, այնուամենայնիվ, տեսել է ոստիկանների՝ իրենց շների հետ, որոնց թիվը չէր հիշում: Կային նաև քաղաքացիական անձինք` շների հետ: Այն ընթացքում, երբ նա որոշ հեռավորությունից դիտել էր դեպքի վայրը, չէր հիշում, որ իր կողքով որևէ ոստիկան է անցել իր շան հետ:

219. Պրն Չիտանին հիշել է, որ մի ոստիկան ասել է, որ «իրենք», այսինքն՝ ոստիկանությունը, կորոշի, թե երբ շտապ օգնությունը կգա. ասել է նաև, որ չնայած զոհն այլևս չի կարող խոսել, բայց «իրենք» կարող են: Ասվել է նաև, որ եղել են այլ վիրավորներ ևս, ովքեր փախուստի են դիմել:

220. Պրն Չիտանին տեսել է գնչուների, որոնք ասել են, որ իրենք ամեն ինչ տեսել են: Այնուամենայնիվ, նրանք չեն համագործակցի, քանի որ հանցավոր կազմակերպության անդամներ են:

 

(u) Դիմողները

 

221. 1998թ. օգոստոսի 7-ին ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը զրուցել է դիմողների հետ: Նրանք ասել են, որ իրենք իրազեկ չեն եղել, որ Մորավիա Ռամսահայը զենք ունի, և նույնիսկ դա չեն պատկերացրել: Սակայն նա ուներ հեռախոս, որը չի գտնվել: Երրորդ դիմողն ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդին ասել է, որ ինքը նույնպես լսել է կրակոցին ականատես երկու գնչուի մասին, սակայն Նիդեռլանդներում ապօրինի բնակվելու պատճառով նրանք հրաժարվել են տեղեկություն տրամադրելուց:

 

4. Դիահերձումը և թունաբանական փորձաքննությունը

 

222. Մորավիա Ռամսահայի դիահերձումը կատարվել է 1998թ. հուլիսի 20-ին Ռիյսվիկի դատաբժշկական լաբորատորիայում: Դիահերձողը կազմել է մանրամասն զեկույց, որում արձանագրվել է, որ Մորավիա Ռամսահայը մահացել է պարանոցի շրջանում հայտնաբերված մեկ գնդակից: Գնդակը վնասել է հիմնական արյունատար անոթները և օրգանները, ներառյալ՝ շնչերակն ու երակը, աջ թոքը: Այս վնասվածքները հանգեցրել են Մորավիա Ռամսահայի մահվանը:

223. Թունաբանական փորձաքննության եզրակացության համաձայն (այն կազմվել է 1998թ. դեկտեմբերի 23-ին)՝ Մորավիա Ռամսահայի արյան մեջ հայտնաբերվել է 0.85 միլիգրամ, մեզի մեջ՝ 1.51 միլիգրամ, ձախ աչքի թաղանթի հեղուկում՝ 1.53 միլիգրամ, աջ աչքի թաղանթի հեղուկում՝ 1.55 միլիգրամ ալկոհոլ: Մեզի մեջ ամֆետամինի առկայությունը սկզբնապես ենթադրվել է, սակայն հետագա փորձաքննության արդյունքում չի հաստատվել: Մեզի մեջ հայտնաբերված այլ նյութերը պարունակել են փսիլոսին: Արյան մեջ վերջինիս քանակը չափազանց փոքր է եղել այն որոշելու համար:

224. Քրեական գործում առկա դիահերձման արձանագրությանը որևէ լուսանկար կամ գծանկար չի կցվել:

 

5. Այլ քննչական գործողություններ

 

225. 1998թ. հուլիսի 29-ին ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը Նիդեռլանդների օդերևութաբանական թագավորական ինստիտուտին հարցում է արել, թե ինչ եղանակային պայմաններ են եղել հուլիսի 19-ի գիշերը: Նրան տրվել է հետևյալ տեղեկությունը. «Տաք օր, գիշերը՝ փոքր-ինչ ամպամած, ժամը 9.45-ին ՝ մայրամուտ, ժամը 10-ին՝ մթնշաղ, Ժամը 10.30-ին՝ մութ»:

226. 1998թ. հուլիսի 30-ին ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը հարցաքննել է տասներկուամյա օր. Սանգետա Էդվիան Պամելա Մանգրային: Նա հաստատել է այն ամենը, ինչ հուլիսի 19-ի գիշերն ասել էր հատուկ օպերատիվ խմբի անդամներին: Նա հավելել է, որ ինքը դուրս է նայել կրակոց լսելուց հետո: Մորավիա Ռամսահայն արդեն ընկած էր գետնին: Նա ոստիկաններին հստակ չի տեսել: Նա հետ է եկել, նայել յոթերորդ հարկից և ներս մտել:

227. Ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը վերադարձել է դեպքի վայր տկն Ռիյսելի և օր. Լիվելդի, պրն Չիտանի և նրա կնոջ հետ` նրանց ցուցմունքները վերցնելուց հետո: Նրանք ցույց են տվել, թե որտեղ են կանգնած եղել, և ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը չափել է այդ տեղի և Մորավիա Ռամսահայի ընկած տեղի միջև հեռավորությունը: Տկն Ռիյսելի և օր. Լիվելդի պարագայում՝ դա մոտավորապես 57 մետր էր, իսկ պրն Չիտանիի և նրա կնոջ պարագայում՝ 58 մետր:

228. Ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդը դեպքի վայր է գնացել նաև ոստիկան Բալստրայի հետ, որպեսզի վերջինս ցույց տա, թե, ըստ նրա՝ որտեղ էր իր մեքենան կայանել ոստիկան Բրոնսը: Զոհի ընկնելու վայրից մինչև կայանատեղը 48 մետր էր: Նա խնդրել է ոստիկան Բալստրային վազել այդ տարածությունը և ժամացույցով չափել է ժամանակը: Այն տևել է 9.4 վայրկյան: Ավագ ոստիկան Վան Դյուվենվուրդն իր զեկույցում արձանագրել է, որ մեքենայի կայանատեղից հեռավորությունը փաստացիորեն չափվել է կրակոցի գիշերը, և այդ հեռավորությունը կազմել է 56 մետր:

 

6. Ոստիկանական այլ արձանագրություններ

 

229. Ավագ խուզարկու Յակոբ Քորնելիս Պետեր Շուլտցը, որը ծառայում էր Ֆլիերբոսդրեֆի ոստիկանատանը, զոհի ինքնությունը պարզել է ժամը 10.02-ին՝ ըստ Մորավիա Ռամսահայի գրպանում եղած փաստաթղթերի: Համաձայն հետագա պաշտոնական արձանագրության, ինչպես նաև ըստ ավագ խուզարկու Շուլտցի` դիակը ցույց է տրվել Մորավիա Ռամսահայի մորը և զարմիկին 1998թ. հուլիսի 20-ին, ժամը 2.15-ին: Նրանք երկուսն էլ ճանաչել են դիակը և նույնականացրել Մորավիա Ռամսահայի հետ:

230. Քննիչ-փորձագետների՝ Ջոն Պելի և Ժան Փոփինգի կազմած արձանագրությունում նկարագրվել են պատահարից հետո տեղի ունեցած գործողությունները՝ ապահովելու համար դեպքի վայրում եղած տեղեկությունների և ապացույցների պահպանումը: Այդ արձանագրությունն ամրագրել է դիակի դիրքը: Դիակի կողքին ընկած է եղել 6.35 տրամաչափի Բերետտա 950 Բ լիցքավորված ատրճանակ: Նրանք նաև հայտնաբերել են կրակված պարկուճ: Նրանք շինության մուտքի մոտ հայտնաբերել են մոտոցիկլ: Մուտքի մոտ կար աստիճանավանդակ, որը ներսից փակված էր հաստ ապակիներով: Այդ ապակիներից մեկի վրա նրանք հայտնաբերել են գնդակից առաջացած անցք: Այդ անցքի տակ` գետնին, նրանք հայտնաբերել են մի գնդակ: Հետաթռիչքի (ռիկոշետի) ոչ մի հետք չի հայտնաբերվել: Դա անհնարին էր դարձնում գնդակի թռիչքի կորագիծը հստակորեն որոշելը: Կատարվել է քսանինը լուսանկար, որոնք կցվել էին դատական գործին:

231. 1998թ. օգոստոսի 4-ին Ամստերդամի ոստիկանության ավագ ոստիկան Ռոնալդ Գրոենավեգենը կազմել է արձանագրություն, որում նկարագրել է իր տեսած իրադարձությունները: Նա 1998թ. հուլիսի 19-ին համազգեստով եղել է դրսում և պատասխանատու է եղել Կվակոյի փառատոնում հսկողություն իրականացնելու համար: Ժամը 9.55-ին նա իր երկկողմ ռադիոյով լսել է, որ երկու ոստիկան հետապնդում են մոտոցիկլ հափշտակած մի երիտասարդի: Հետագա հաղորդումներից նա եզրակացրել է, որ երկու այլ ոստիկան ևս՝ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան, ոստիկանական մեքենայով հետապնդում են հափշտակողին: Մոտավորապես ժամը 10-ին ավագ ոստիկան Գրոենավեգենը լսել է, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան հետապնդում են հափշտակողին «Հիգենբոս» կոչվող շինության ուղղությամբ: Դրանից քիչ անց նա լսել է, որ կրակոց է եղել և շտապ օգնություն կանչվել: Ավագ ոստիկան Գրոենավեգենն անմիջապես ուղևորվել է դեպի այդ շինությունը: Տեղ հասնելով` նա տեսել է գետնին ընկած, պարանոցից վիրավորված մարդուն: Նա տեսել է վերջինից մոտ մեկ մետր հեռավորության վրա ընկած արծաթագույն մի ատրճանակ: Նա նկատել է նաև ընկած մարդուց մեկ մետր հեռավորության վրա գետնին ընկած ոստիկանական երկկողմ ռադիո: Շտապ օգնությունը ժամանել է մոտավորապես ժամը 10.20-ին և դրա անձնակազմը, պատգարակը ձեռքերին, շտապել է դեպի ընկած մարդը: Դրանից քիչ անց ինչ-որ մեկն ավագ ոստիկան Գրոենավեգենի ձեռքերի մեջ է դրել մի երկկողմ ռադիոընդունիչ՝ ասելով, որ դա ոստիկան Բալստրայինն է: Ավագ ոստիկան Գրոենավեգենը հասկացել է, որ դա այն ռադիոընդունիչն էր, որը նա տեսել էր գետնին ընկած:

232. Գործում առկա էր այն խոսակցությունների ձայնագրառման և առգրավման արձանագրությունը, որոնք երկկողմ ռադիոյի միջոցով տեղի են ունեցել 1998թ. հուլիսի 19-ի գիշերը, և այդ խոսակցությունների վերծանումը: Ըստ վերծանման՝ ոստիկան Դեքերը զեկուցել է մոտոցիկլի հափշտակության մասին՝ տալով մոտոցիկլի և հափշտակողի ընթանալու ուղղության նկարագիրը: Այդ զեկույցին արձագանքել են մոտոցիկլով մի՝ ինքնությունը չպարզված ոստիկան և ոստիկան Բալստրան: Ոստիկան Բալստրան իր երկկողմ ռադիոյով հաղորդել է, որ տեսել է գողին նկարագրված ուղղությամբ շարժվելիս: Պարզվել է, որ կրակոցի մասին զեկուցած և շտապ օգնություն խնդրած ոստիկանը եղել է ոստիկան Բրոնսը:

233. Մեկ այլ արձանագրության մեջ նշվել է, որ Բուրգեր Քինգ ռեստորանում կատարված տեսագրությունները վկայում են, որ մինչ կրակոցն ընկած ժամանակահատվածում Մորավիա Ռամսահայն անկարգություններ է թույլ տվել:

234. Ոստիկանների կազմած մյուս արձանագրություններում նկարագրվել են Մորավիա Ռամսահայի կրած իրերը՝ հագուստը, ոսկեղենը, գրպանների պարունակությունը, դրանք Ռամսահայի մերձավոր ազգականներին վերադարձնելը, մոտոցիկլը Վինոդկումար Հոսենիին վերադարձնելը և գործը վարելու համար ժամանակավոր գրանցամատյան բացելը:

235. Գործում առկա էր նաև մեկ տարի առաջ ոստիկան Բրոնսի՝ հրաձգարանում անցած վերապատրաստման դասընթացի արդյունքները հավաստող փաստաթուղթ: Ըստ վերջինի՝ ոստիկան Բրոնսը կատարել է 390 փորձնական կրակոց՝ հավաքելով 88.80% ընդհանուր արդյունք, և կրկին վերապատրաստվել է 1998թ. հուլիսի 10-ին:

236. Գործում չի եղել որևէ արձանագրություն՝ խնդրո առարկա ժամանակահատվածում ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի կողմից կրվող ծառայողական զենքերի, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված պարկուճի և գնդակի զննության մասին:

 

B. Դիմողների կողմից հարուցված վարույթը

 

237. Սեպտեմբերի 11-ին դատախազը նամակով տեղեկացրել է Մորավիա Ռամսահայի մորը, որ ինքը հանգել է այն եզրակացության, որ կրակոցը եղել է ինքնպաշտպանության արդյունք, ուստի ինքը հարկ չի համարում քրեական հետապնդում սկսել ընդդեմ ոստիկան Բրոնսի: 1998թ. սեպտեմբերի 23-ին պրն Համերը նամակով տեղյակ է պահել դատախազին, որ երրորդ դիմողը ցանկանում է ստանալ դատական հրաման ոստիկան Բրոնսի դեմ քրեական հետապնդում սկսելու համար:

238. Դիմողներին թույլատրվել է ծանոթանալ գործի նյութերին: 1998թ. հոկտեմբերի 2-ին նման որոշում ստանալու նպատակով նրանք դիմել են Ամստերդամի վերաքննիչ դատարան (gerechtshof). դատարան է ներկայացվել գանգատ ընդդեմ հետապնդում սկսելու պահանջի մերժման (տե՛ս ստորև` Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված): Գանգատը ստորագրել էին պրն Համերը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, և դիմողներից յուրաքանչյուրը: Ըստ նրանց՝ առկա տեղեկատվությունը թույլ չի տալիս եզրակացնել, որ ոստիկան Բրոնսի կողմից Մորավիա Ռամսահային կրակելը չի եղել բավարար չափով արդարացված: Նրանք նշել են նաև, որ կրակոցին հետևած ժամանակահատվածի կապակցությամբ նախաքննության որոշ առանցքային մասեր իրականացվել են Ամստերդամի ոստիկանության, այն է՝ ոստիկան Բրոնսի գործընկերների կողմից, հետևաբար, նման նախաքննությունը չէր կարող լինել «արդյունավետ» և «անկախ»: Նրանց գանգատը վերաբերել է նաև նրան, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան հարցաքննվել են միայն դեպքից մի քանի օր անց, չեն հարցաքննվել բոլոր այն ոստիկանները, ովքեր կրակոցից հետո ժամանել էին դեպքի վայր, չի որոշվել գնդակի ճշգրիտ ուղղությունը (ինչը, ըստ դիմողների, հնարավոր էր), ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի ձեռքերից չեն վերցվել կրակոցի մնացորդային նյութի նմուշներ, չի վերականգնվել դեպքի տեսարանը, դիահերձման արձանագրության մեջ բացակայել են գնդակի առաջացրած վերքի մուտքն ու ելքը պատկերող լուսանկարներ: Հղում է կատարվել նաև Դե Թելեգրաֆ օրաթերթում ոստիկանապետ Վան Ռիեսենի հայտարարությանն այն մասին, որ թույլ չի տա որևէ անկախ նախաքննության իրականացում, և այն փաստին, որ նախաքննության ողջ պատասխանատվությունը և հետապնդում իրականացնելու պատասխանատվությունը Ամստերդամի գլխավոր դատախազինն է:

239. 1999թ. հունվարի 8-ին Ամստերդամի վերաքննիչ դատարանում գործող գլխավոր դատախազը պատասխանել է դիմողների` ոստիկան Բրոնսի դեմ հետապնդում չսկսելուն վերաբերող գանգատին: Ըստ նրա՝ առկա ապացույցներից բավարար հստակությամբ երևում է, որ ոստիկան Բրոնսը գործել է ինքնապաշտպանության շրջանակներում, և որ ինքը համոզված չէ, որ հետապնդում չսկսելու մասին որոշում կայացրած դատախազ Դե Վրիեսը անաչառ չի եղել: Թեև ոմանք կցանկանային, որ հետապնդում չսկսելու մասին որոշումը կայացվեր Ամստերդամի ոստիկանության հետ կապ չունեցող պաշտոնական մարմնի կողմից, սակայն դա ցանկություն է, ինչը դատարանների կողմից հաշվի առնելը պարտադիր չէ: Հետևաբար, ըստ նրա՝ դիմողների 1998թ. հոկտեմբերի 8-ի գանգատն անհիմն է:

240. 1999թ. փետրվարին պրն Համերը, տեղեկանալով դիմողների գանգատի քննության նպատակով գումարվող լսումների օրվա մասին, դատարանից խնդրել է լսումներն անց կացնել դռնբաց:

241. Նույն օրը պրն Համերը գրել է Ամստերդամի վերաքննիչ դատարանում գործող գլխավոր դատախազին այն մասին, որ այդ դատարանի քարտուղարությունն իրեն չի տրամադրել ամբողջ գործի պատճենը, և խնդրել է շտկել վիճակը: Միևնույն խնդրանքով նա դիմել է նաև վերաքննիչ դատարանի նախագահին:

242. Վերաքննիչ դատարանի քարտուղարությունը 1999թ. փետրվարի 24-ին պատասխանել է, որ քննության ենթակա հարցը վերաբերում է դռնբաց լսումներ անցկացնելուն, ուստի նման հանգամանքներում հարկ է, որ մասնակիցներին թույլատրվի ծանոթանալ գործին, սակայն զգուշության համար պատճենների տրամադրումը մերժվում է: Միևնույն օրը մեկ այլ նամակով քարտուղարը պրն Համերին տեղեկացրել է, որ լսումները դռնբաց չեն լինելու, սակայն պրն Համերը կարող է հարցը, ցանկության դեպքում, բարձրացնել լսումների ժամանակ:

243. Գործող գլխավոր դատախազը 1999թ. փետրվարի 25-ին պատասխանել է, որ ինքը վերաքննիչ դատարանի քարտուղարի որոշումները վերանայելու համար իրավասու վերաքննիչ մարմին չէ: Ամեն դեպքում, պրն Համերը կարողացել է ծանոթանալ գործում առկա բոլոր փաստաթղթերին:

244. Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի վրա հիմնված՝ դիմողների գանգատը լսվել է պալատներում «պատվիրակ դատավորի» կողմից 1999թ. մարտի 1-ին: Պրն Համերը դիմողների անունից ներկայացրել է ծավալուն բանավոր բացատրություններ:

245. 1999թ. մարտի 19-ին գործի համար պատասխանատու գլխավոր փաստաբանի համաձայնությամբ պրն Համերը գրել է վերաքննիչ դատարանի պալատում նախագահող՝ հետապնդում չիրականացնելու վերաբերյալ դիմողների գանգատը քննող դատավորին՝ նշելով, որ հակասություններ են եղել ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի ցուցմունքների, ինչպես նաև մյուս ոստիկանների ցուցմունքների միջև, ինչը պետք է հարթվեր հետագա նախաքննության ընթացքում:

246. 1999թ. ապրիլի 26-ին վերաքննիչ դատարանը մերժել է դիմողների գանգատն ընդդեմ դատախազի՝ հետապնդում չսկսելու մասին որոշման: Իր պատճառաբանության մեջ այն հաստատել է «պատվիրակ դատավորի»՝ հրապարակային լսումներ չանցկացնելու մասին որոշումը: Այն գտել է, որ կիրառելի օրենսդրական դրույթների լույսի ներքո, դատական մարմինների իրավասությունից վեր է օրենսդրությունն այնպես զարգացնելը, որ անձի դեմ հետապնդում սկսելու հարցի քննության նպատակով լսումներն անցկացվեն հրապարակավ: Ավելին, այդ մոտեցումն իրավաբանական ուժից կզրկի կիրառելի օրենսդրական դրույթները:

247. Ինչ վերաբերում է ըստ էության գործին, ապա վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել, որ ոստիկան Բրոնսը գործել է զենքի սպառնալիքի վտանգը կանխելու թելադրանքով և օրինական ինքնապաշտպանության շրջանակներում: Այն այս եզրահանգումը հիմնավորել է ոստիկաններ Բրոնսի, Բալստրայի և պրն Վան դեն Հյուվելի ցուցմունքներով: Դատարանը հավելել է, որ եթե ավելի շատ ժամանակ լիներ, հնարավոր կլիներ խուսափել մահացու վերք հասցնելուց. այն հանգամանքներում, երբ Մորավիա Ռամսահայի զենքն արդեն բերված է եղել կրակելու դիրքի, անհրաժեշտ էր շտապ հակազդեցություն: Այս եզրահանգումը հիմնվել է այն տեղեկության վրա, որ այդ օրը նա զենքի սպառնալիքի ներքո հափշտակել է մոտոցիկլ, նաև ատրճանակը սպառնալից կերպով օգտագործել է ևս մեկ այլ առիթով, ինչպես նաև այն տեղեկության վրա, որ Մորավիա Ռամսահայի մարմնում հայտնաբերվել են ալկոհոլի և պատրանքածին (հալյուցինագեն) թունավոր սնկի հետքեր: Մնացած ցուցմունքներն ակնհայտորեն եղել են ոչ ճիշտ (ինչպես պրն Չիտանիի և տկն Ռիյսելի դեպքերում) կամ չեն վերաբերել գործին, կամ էապես չեն ազդել վերոհիշյալ եզրահանգման վրա:

248. Թեև վերաքննիչ դատարանը համաձայնել է դիմողների հետ, որ իրադարձության պատկերի վերականգնումը ցանկալի կլիներ, սակայն ոչինչ չի գտել ի պատասխան այն պնդման, որ առկա ապացույցները բարեխղճորեն չեն ուսումնասիրվել: Որևէ բացատրություն չի տրվել այն փաստին, որ դիմողներին և նրանց փաստաբանին մերժվել է ծանոթանալ որոշ փաստաթղթերի:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

A. Քրեական դատավարություն

 

249. Խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ գործող Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները նախատեսում էին.

 

Հոդված 12.

«1. Եթե քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձը չի հետապնդվում կամ հետապնդումը չի հասցվում իր ավարտին, ապա ուղղակի շահագրգիռ անձը կարող է գանգատ ներկայացնել վերաքննիչ դատարան, որի իրավազորության տարածքում ընդունվել է հետապնդում չսկսելու կամ հետապնդումն իր ավարտին չհասցնելու մասին որոշումը: …»

 

Հոդված 12d.

«1. Վերաքննիչ դատարանը չի կարող որոշում կայացնել առանց գանգատ բերողներին լսելու կամ առնվազն նրանց պատշաճ կԵրպով ծանուցելու…»

 

Հոդված 12e.

«1. Վերաքննիչ դատարանը կարող է դատակոչել այն անձին, ում նկատմամբ հետապնդումը հայցվում է, որպեսզի նրան հնարավորություն տրվի ներկայացնելու բացատրություններ գանգատում ամրագրված պահանջի և վերջինիս հիմքերի վերաբերյալ: Դատական ծանուցագրին պետք է կցվի կամ գանգատի պատճենը, կամ պետք է նշվեն այն փաստերը, որոնց գանգատը վերաբերում է:

2. Չի կարող ընդունվել հոդված 12i-ում հիշատակված որևէ հրաման, քանի դեռ անձը, ում նկատմամբ հետապնդումը հայցվում է, չի լսվել վերաքննիչ դատարանի կողմից կամ առնվազն պատշաճ կերպով չի ծանուցվել»:

 

Հոդված 12f.

«1. Պալատի դատավորների առջև հանդես եկող գանգատ ներկայացնողը և այն անձը, ում նկատմամբ հետապնդումը հայցվում է, կարող են ունենալ պաշտպանություն: Նրանց կարող է ներկայացնել փաստաբան…

2. Վերաքննիչ դատարանի նախագահը կարող է թույլատրել գանգատ ներկայացնողին նաև այն անձին, ում նկատմամբ հետապնդումը հայցվում է, ինչպես նաև նրանց փաստաբանին կամ օրինական ներկայացուցիչներին ուսումնասիրել գործը, եթե այդ կապակցությամբ խնդրանք է ներկայացվում: Այդ ուսումնասիրությունը կատարվում է նախագահի սահմանած կարգով: Նախագահը կարող է իր նախաձեռնությամբ կամ գլխավոր դատախազի խնդրանքով ուսումնասիրությունից բացառել որոշ փաստաթղթեր՝ ելնելով անձնական կյանքի անձեռնմխելիության, նախաքննության, քրեական արարքների հետապնդման շահերից, կամ կարևոր ընդհանուր շահերից»:

 

Հոդված 12g.

«Անձը, ում նկատմամբ հետապնդումը հայցվում է, պարտավոր չէ պատասխանել պալատներում իրեն ներկայացվող հարցերին: Այդ մասին նա պետք է տեղեկացվի լսումները սկսվելուց առաջ և այդ փաստը պետք է արձանագրվի պաշտոնական արձանագրության մեջ»:

 

Հոդված 12i.

«1.Եթե գանգատը վերաքննիչ դատարանի իրավազորության շրջանակում է, գանգատը կարող է ընդունվել, և եթե վերաքննիչ դատարանը գտնում է, որ հետապնդումը պետք է իրականացվեր կամ ավարտին հասցվեր, ապա կարգադրում է գանգատում նշված փաստերի առնչությամբ հետապնդման հարուցում:

2. Վերաքննիչ դատարանը կարող է նաև մերժել նման կարգադրության տրամադրումը՝ ընդհանուր շահերով պայմանավորված պատճառներով:

3. Այդ կարգադրությունը կարող է նաև ներառել դատախազին ուղղված ցուցում, ըստ որի` վերջինս պետք է ներկայացնի 181-րդ հոդվածում կամ 237 հոդվածի 3-րդ կետում նշված խնդրանքը՝ նախնական դատական նախաքննություն սկսելու կամ այն շարունակելու վերաբերյալ կամ այն անձին դատակոչելու վերաբերյալ, ում նկատմամբ հետապնդումը հայցվում է: Առաջինը նշված կարգադրությունը վերաքննիչ դատարանի կողմից կարող է տրվել նաև այն դեպքում, երբ դատախազն արդեն այն անձին, ում նկատմամբ հետապնդումը հայցվում է, պաշտոնապես ծանուցել է նախնական դատական նախաքննությունն ավարտելու մասին կամ արդեն լրացել է 237-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը:

4. Մնացած այլ դեպքերում վերաքննիչ դատարանը … մերժում է գանգատը»:

 

Հոդված 24.

«1. Պալատների կողմից ընդունված ցանկացած որոշում պետք է լինի պատճառաբանված: Եթե պալատներում լսումները կազմակերպվում են դռնբաց ընթացակարգով, ապա նման որոշումը պետք է տրվի դռնբաց դատական նիստում:

4. Եթե այլ բան նախատեսված չէ, որոշման պատճենը պետք է անհապաղ ուղարկվի մեղադրյալին և դատավարության մյուս մասնակիցներին»:

 

B. Դատախազությունը

 

1. Դատարանակազմության մասին օրենքը

 

250. Խնդրո առարկա իրադարձությունների ժամանակահատվածում Դատարանակազմության մասին օրենքը նախատեսում էր.

 

Բաժին 4.

«Դատախազության բացառիկ պատասխանատվությունն է օրենքների պահպանումը, բոլոր քրեական արարքների հետապնդումը և քրեական գործերով դատավճիռների կատարման ապահովումը…»

 

Բաժին 5.

«Դատախազության պաշտոնատար անձինք պետք է հետևեն իրենց պաշտոնական պարտականությունների ընթացքում Միապետի անունից իրավասու մարմնի արած կարգադրություններին»:

 

Բաժին 5a.

«…գատախազները և վարույթն իրականացնող Դատախազները, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու ընթացքում, զեկուցում են դատախազության այն բաժնի ղեկավարին, որտեղ կատարում են իրենց պարտականությունները»:

 

2. Քրեական դատավարության օրենսգիրքը

 

251. Քրեական դատավարության օրենսգրքի՝ գործին առնչվող դրույթները նախատեսում էին.

 

Հոդված 140.

«1. Վերաքննիչ դատարանում գլխավոր դատախազը, վերաքննիչ դատարանի իրավազորության այն տարածքում, որտեղ նա նշանակվել է, պետք է իրականացնի շրջանային կամ մարզային դատարանների կողմից քննության ենթակա քրեական արարքնԵրի պատշաճ նախաքննություն…

2. Այդ նպատակով նա կարգադրություններ է անում շրջանային դատարաններում նշանակված՝ հանրային հետապնդման բաժինների դատախազներին»:

 

Հոդված 148.

«1. Դատախազի պարտականությունն է այն շրջանային դատարանի կողմից քննության ենթակա հանցագործության առնչությամբ նախաքննությունը, որտեղ նա նշանակվել է, ինչպես նաև այն մարզային դատարանի կողմից քննվելիք քրեական գործով հետապնդումը, որը գտնվում է տվյալ շրջանային դատարանի իրավազորության տարածքում: Դատախազի պարտականությունն է նաև տվյալ շրջանային դատարանի իրավազորության տարածքի շրջանակում գտնվող արարքի կապակցությամբ նախաքննությունը, որի վերաբերյալ գործը քննության է ենթակա այլ շրջանային կամ մարզային դատարանում:

2. Այդ նպատակով նա կարգադրություններ է անում նախաքննության համար պատասխանատու այլ անձանց…»:

 

C. Ոստիկանության գործունեությունը վերահսկող մարմինը

 

252. Ոստիկանության մասին 1993թ. օրենքը նախատեսում է.

 

Բաժին 12.

«1. Եթե ոստիկանությունը մունիցիպալիտետում գործում է հասարակական կարգը պահպանելու և հանրությանն աջակցելու իր խնդիրը կատարելու համար, ապա այն գտնվում է քաղաքապետի իշխանության ներքո:

2. Քաղաքապետն իրավասու է ցուցումներ տալու ոստիկաններին առաջին կետում նշված իրենց խնդիրները կատարելու կապակցությամբ»:

 

Բաժին 13.

«1. Եթե ոստիկանությունը գործում է քրեական իրավունքի կիրառմամբ իրավակարգը պահպանելու համար կամ կատարում է այնպիսի պարտականություններ, որոնք կապված են արդարադատության իրականացմանն աջակցելու հետ, ապա այն գտնվում է դատախազի իշխանության ներքո:

2. Դատախազն իրավասու է ցուցումներ տալու ոստիկաններին առաջին կետում նշված իրենց խնդիրները կատարելու կապակցությամբ»:

 

D. Ոստիկանության կողմից ուժի գործադրման կարգավորումը

 

1. Ոստիկանության մասին 1993թ. օրենքը

 

253. Ոստիկանության մասին 1993թ. օրենքի 8-րդ բաժնի 1-ին կետը նախատեսում է. «Ոստիկանական ուժերի խնդիրներ կատարելու համար նշանակված ոստիկանն իր պարտականություններն օրինականորեն կատարելիս կարող է կիրառել ուժ, եթե դա արդարացված է պաշտպանվող նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով նման ուժի կիրառման հետ կապված վտանգները, և եթե այդ նպատակը չի կարող ապահովվել որևէ այլ կերպ: Ուժի գործադրմանը, հնարավորության դեպքում, պետք է նախորդի նախազգուշացումը»:

 

2. 1994թ. Կանոնակարգը

 

254. 1994թ. Կանոնակարգը Թագավորական ոստիկաններին օժտել էր որոշակի քննչական լիազորություններով: Գործին առնչվող մասով այն նախատեսում է.

 

Բաժին 7.

«1. Հրազենի օգտագործումը՝ բացառությամբ ինքնաձիգ կամ երկարատև կրակ արձակող հրազենի, թույլատրվում է միայն.

(a) ձերբակալելու համար այն անձին, ով զինված վտանգ է ներկայացնում;

(b) ձերբակալելու համար այն անձին, ով փորձում է փախուստի դիմել կամ իրավասու մարմնի առջև ներկայացվելու նպատակով ձերբակալված լինելով` դիմել է փախուստի, կամ կասկածվում է կամ դատապարտվել է ծանր դատապարտելի արարքի համար, որը, ի լրումն, պետք է համարվի իրավակարգին սպառնացող լուրջ վտանգ:

3. (a) և (b) կետերում հիշատակված դեպքերում հրազեն չպետք է օգտագործվի, եթե ձերբակալման ենթակա անձի ինքնությունը հայտնի է և ողջամտորեն կարող է ակնկալվել, որ ձերբակալման հետաձգումը չի վնասի իրավակարգին այն կերպ, որը կարող է անընդունելի լինել…»:

 

Բաժին 12.

«1. Հրազեն օգտագործելուց անմիջապես առաջ՝ բացառությամբ ինքնաձիգ կամ երկարատև կրակ արձակող հրազենի, ոստիկանը պետք է նախազգուշացնի բարձրաձայն կամ այնպիսի այլ ձևով, որ հստակ հասկացվի. հրազենը կարող է գործի դրվել, եթե հրամանն անհապաղ չի կատարվում: Նման նախազգուշացումը, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխարինվել նախազգուշական կրակոցով, կարող է չկատարվել միայն, եթե հանգամանքները նման նախազգուշացում թույլ չեն տալիս:

2. Նախազգուշական կրակոցը պետք է արձակվի` հնարավորինս խուսափելով անձանց կամ գույքը վնասելուց»:

 

3. 1994թ. Ոստիկանական զենքի կանոնները

255. Իր պարտականությունները կատարելու ընթացքում Նիդեռլանդներում համազգեստով ոստիկանը կարող է կրել կիսաինքնաձիգ ատրճանակ: Ոստիկաններից պահանջվում է ունենալ զենք գործածելու պատշաճ պատրաստականություն, այլապես նրանց չի թույլատրվում զենք կրել:

 

E. Պետական քննչական գործակալությանը վերաբերող դրույթները

 

1. 1993թ. Ոստիկանության մասին օրենքը

 

256. Ոստիկանության մասին օրենքի 43-րդ բաժինը նախատեսում է.

«1. Արդարադատության նախարարի կողմից որոշված խնդիրների համար, Ներքին գործերի նախարարի հետ խորհրդակցելուց հետո, գլխավոր դատախազն … իր տրամադրության տակ ունի հատուկ նշանակության ոստիկաններ:

2. Արդարադատության նախարարը պատասխանատու է առաջին կետում նշված ոստիկանների գործունեության կառավարման համար: Այդ ոստիկանները… նշանակվում, առաջ են քաշվում, հեռացվում են աշխատանքից Արդարադատության նախարարի կողմից»:

 

2. Դատախազության օպերատիվ ստորաբաժանումների կազմավորումը կանոնակարգող նորմեր

 

257. Դատախազության օպերատիվ ստորաբաժանումների կազմավորումը կարգավորող կանոնակարգի առաջին կանոնի համաձայն՝ Պետական քննչական գործակալությունը համապետական ծառայություն է՝ վերաքննիչ դատարանում գլխավոր դատախազների անմիջական կոլեկտիվ պատասխանատվության ներքո: Ամենօրյա աշխատանքը կառավարվում է Տնօրենի կողմից, ով հաշվետու է գլխավոր դատախազին (կանոն 3-րդ):

 

F. Ներպետական իրավական զարգացումները մինչև պալատի վճիռը

 

1. Խորհրդարանական հարցապնդումներ

258. Պալատի վճիռը մեծ արձագանք է գտել Նիդեռլանդների մամուլում: 2005թ. նոյեմբերի 23-ին Խորհրդարանի ստորին պալատի երկու անդամ՝ պրն Սթրաբը և պրն Ա. Վոլֆսենը, խնդրել են Արդարադատության նախարարին իր տեսակետները ներկայացնել Պալատի վճռի և ներպետական օրենսդրության մեջ ու պրակտիկայում հետագայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:

259. Արդարադատության նախարարի պատասխանը Խորհրդարանում ստացվել է 2005թ. դեկտեմբերի 16-ին: Ստորև ներկայացվում է դրանից քաղվածք.

«2. Կարևոր է նշել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական պահանջների խախտման հարց չի առաջանում: Դատարանը միաձայն է այն հարցում, որ ոստիկանը գործել է ինքնապաշտպանության նպատակով: Դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական պահանջների խախտում, ինչը դրսևորվել է հետևյալում. Պետական քննչական գործակալությունը գործում ներգրավվել է բավականին ուշ, և ոստիկանի դեմ քրեական հետապնդում չսկսելու մասին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12 հոդվածի հիման վրա որոշումը չի կայացվել դռնբաց դատավարությունում: Պետական քննչական գործակալության ուշ ներգրավման կապակցությամբ կարելի է նշել մի քանի պատճառ: Դատարանը չի քննադատում Պետական քննչական գործակալության՝ ոստիկանության նկատմամբ ունեցած դիրքը. ըստ Դատարանի՝ այդ դիրքը համատեղելի է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պահանջվող անկախության պայմանի հետ: Այնուամենայնիվ, այս դեպքում կրակոցի առնչությամբ նախաքննությունն առաջին տասնհինգ ժամերի ընթացքում իրականացրել են այն նույն ոստիկանական ուժերին պատկանող ոստիկանները, որի կազմում է գործել նաև մահացու կրակոցն արձակած ոստիկանը: Միայն դրանից հետո նախաքննության իրականացումն ստանձնել է Պետական քննչական գործակալությունը: Դատարանը գտել է, որ տվյալ գործում Պետական քննչական գործակալությունը ներգրավվել է բավականին ուշ: Մերկատորպլեյնի գործով (գրավոր հրապարակված չէ) Ամստերդամի վերաքննիչ դատարանի 2004թ. հունիսի 23-ի որոշումից ի վեր Պետական քննչական գործակալության պարտականությունների համակարգը կատարելագործվել է այն հաշվով, որ դրա ներկայացուցիչները դեպքի վայրում լինեն ավելի վաղ: Այժմ Պետական քննչական գործակալության ծառայողները դեպքի վայր են հասնում դեպքի մասին զեկուցելուց հետո մոտ մեկից մեկուկես ժամվա ընթացքում: Ուստի այլևս հնարավոր չէ եզրակացնել, որ Նիդեռլանդներում ոստիկանների կողմից մահ պատճառող կրակոցների կապակցությամբ ներկայումս իրականացվող նախաքննությունների ընթացակարգը չի համապատասխանում Կոնվենցիային: Ուստի, ես կարծում եմ, որ գոյություն ունեցող ընթացակարգերի կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Այնուամենայնիվ, օգտակար կլինի որոշ հարցերում ընթացակարգը դարձնել ավելի հստակ, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է Պետական քննչական գործակալության ներգրավմանը: Այժմ գլխավոր դատախազների կողմից մշակվում է նոր ուղեցույց (այսուհետև՝ «Ուղեցույց») այն մասին, թե ինչպես պետք է գործել ոստիկանի կողմից ուժի գործադրման դեպքում. Ուղեցույցը կփոխարինի նախկին ուղեցույցին: Ուղեցույցը հստակորեն ամրագրում է, որ ոստիկանի կողմից ուժի գործադրման դեպքի մասին անհապաղ պետք է հայտնվի Պետական քննչական գործակալությանը, և Պետական քննչական գործակալության հերթապահ ոստիկանը պետք է դեպքի վայր ժամանի հնարավորինս շուտ: Մինչև նրա՝ դեպքի վայր ժամանելը տեղական ոստիկանը կարող է միայն սառեցնել իրավիճակը, օրինակ՝ տեղանքը շրջափակելու միջոցով: Այնուամենայնիվ, տեղական ուժերը սկզբունքորեն չեն կատարելու որևէ քննչական գործողություն: Նախատեսվում է, որ այդ Ուղեցույցն ուժի մեջ կմտնի մյուս տարվա սկզբին:

3. Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված որոշման մեջ դիմողների՝ հրապարակային լսումների կապակցությամբ ունեցած շահը հակադրության մեջ է գտնվել այն անձի գաղտնիության պահպանման շահի հետ, ում նկատմամբ հետապնդումը հայցվում էր: Ելակետն այն է, որ այն փուլում, երբ դեռևս չի ընդունվել որոշում տվյալ անձի նկատմամբ հետապնդում սկսելու մասին, հրապարակայնությունից խուսափելու հարցում այդ անձի շահը գերակայում է դիմողների՝ հրապարակային լսումների կապակցությամբ ունեցած շահին: Քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա ընդունվող որոշումը չի վերաբերում «քրեական մեղադրանքին»՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով, նման որոշումների կայացման հրապարակայնության պահանջը չի բխում այդ հոդվածից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում, այնուամենայնիվ, հրապարակայնության պահանջը բխել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից: Դատարանն այն կարծիքին է, որ որոշումը պետք է ընդունվեր հրապարակայնորեն՝ հաշվի առնելով գործի լրջությունը և այն փաստը, որ այդ գործում ներգրավված է եղել հանրային իշխանության ներկայացուցիչ: Այդ վճռին հնարավոր չէ ուժ հաղորդել՝ առանց փոփոխելու Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը: Այս պահին մենք քննարկում ենք Կոնվենցիայի 43-րդ հոդվածի հիման վրա գործը Մեծ պալատին փոխանցելու վերաբերյալ խնդրանքի հարցը: Արդյունքների մասին ձեզ տեղյակ կպահենք մյուս տարվա սկզբին:

4. Դատարանը գտել է, որ Պետական քննչական գործակալության դիրքը ոստիկանության նկատմամբ բավարար չափով անկախ է: Այն փաստը, որ ոստիկանությունը դատախազին տրամադրում է տեղեկություններ և աջակցություն, չի վտանգում այդ անկախությունը: Դատարանը նկատում է, որ դատախազի գործողությունները ենթակա են դատարանների կողմից անկախ վերահսկողության: Այս դեպքում գործի համար պատասխանատու դատախազն այն դատախազն է, որը որոշակիորեն պատասխանատու է այն տարածքի համար, որի շրջանակներում կատարվում է Ֆլիերբոսդրեֆի ոստիկանատան աշխատանքը, որտեղ աշխատում էր տվյալ ոստիկանը: Ես կիսում եմ Դատարանի այն կարծիքը, որ ցանկալի չէ, որ դատախազը նման սերտ կապեր ունենա այն ոստիկանական ուժերի հետ, որոնց կազմի մեջ են մտնում խնդրո առարկա ոստիկանները: Այս կապակցությամբ ես ցանկանում եմ հղում կատարել Գլխավոր դատախազների խորհրդի ուղեցույցին: Այս Ուղեցույցը նախատեսում է, որ սույն գործին համանման գործերում նախաքննությունը ոչ մի դեպքում չի ղեկավարվի այն դատախազի կողմից, ով սերտ կապեր ունի այն մարզի հետ, որտեղ ոստիկաններն աշխատում են: Ի լրումն` ես նշում եմ, որ Ոստիկանության կողմից հրազենի օգտագործման խորհրդակցական խորհուրդը տալիս է խորհուրդ այն նախաքննության կապակցությամբ, որը վերաբերում է ոստիկանի կողմից հրազենի կիրառման դեպքին և երբ այդ նախաքննությունը փաստացիորեն իրականացվում է միայն Պետական քննչական գործակալության կողմից: Ավագ դատախազը պարտավոր է այդ Խորհրդակցական խորհրդին ներկայացնել այն որոշումը, որը նա ցանկանում է ընդունել: Այս ձևով նման գործերում ապահովվում է «երկրորդ կարծիքի» առկայությունը:»

 

2. Ցուցում առ այն, թե ինչպես պետք է վարվել ոստիկանի կողմից ուժ գործադրվելու դեպքում

 

260. Գլխավոր դատախազների խորհրդի նոր ուղեցույցը հրատարակվել 2006թ. հուլիսի 26-ին: Գլխավոր դատախազների խորհուրդը Դատախազության բարձրագույն ղեկավար մարմինն է և իր նախագահի միջոցով հաշվետու է Արդարադատության նախարարին:

261. Բացատրագրում նշված է, որ Ուղեցույցն ընդունվել է ի լրումն, ի թիվս այլոց, Ռամսահայի գործով Պալատի վճռի՝ Պետական քննչական գործակալության նախաքննական գործառույթները և տեղական ոստիկանական ուժերի դերն ավելի հստակեցնելու նպատակով:

262. Ուղեցույցը վերաբերում է ոչ միայն ոստիկաններին, այլ նաև ոստիկանական ուժերի այլ աշխատակիցների, ներառյալ՝ Թագավորական զինվորական կոնստաբլները և ոստիկանական գործառույթներ իրականացնող զինված ուժերի անդամները: Այն կիրառելի է մահ կամ վնասվածք առաջացրած՝ զենքի օգտագործման դեպքերին, ինչպես նաև այլ դեպքերի, երբ ուժի գործադրումն առաջացրել է մահ կամ վնասվածք:

263. Բոլոր այն դեպքերում, երբ Ուղեցույցը կիրառելի է, նախաքննությունն իրականացվում է Պետական քննչական գործակալության կողմից: Շրջանային ոստիկանական ուժերը պարտավոր են պատահարի մասին անհապաղ տեղեկացնել Պետական քննչական գործակալությանը: Պետական քննչական գործակալության հերթապահ սպան պետք է հնարավորինս շուտ ժամանի դեպքի վայր: Տեղական ոստիկանությունը պետք է կատարի ցանկացած անհետաձգելի միջոցառում, մասնավորապես, տեղանքի շրջափակում և վկաների անունների արձանագրում. նրանք չեն կարող անձամբ իրականացնել որևէ քննչական գործողություն, բացառությամբ այն դեպքերի և այն ծավալով, երբ նրանց ներգրավումն անխուսափելի է:

264. Ցանկացած նախաքննություն, որը չի կարող իրականացվել Պետական քննչական գործակալության կողմից, իրականացվում է տվյալ ոստիկանական շրջանի Ներքին քննչական բյուրոյի կամ հարևան ոստիկանական ուժերի կողմից: Ցանկացած տեխնիկական նախաքննության համար հայցվում է մեկ այլ ոստիկանական շրջանի դատական քննիչների աջակցությունը:

265. Կանխավարկածն այն է, որ իր պարտականությունները կատարելիս ուժի դիմելու անհրաժեշտություն ունեցող ոստիկանն իրավունք ունի արդարացնելու իր գործողությունը վերադասի հրամանով կամ ինքնապաշտպանության նպատակով: Ուստի նման վիճակում հայտնված ոստիկանը չի համարվում քրեական հանցագործության կասկածյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ սկզբնապես այս կապակցությամբ հստակորեն առկա է լինում ողջամիտ կասկած. նա հարցաքննվում է որպես վկա՝ նախազգուշացվելով այն մասին, որ չի կրում իր դեմ ցուցմունք տալու պարտականություն:

266. Ավագ դատախազը, որը վերջնական պատասխանատվություն է կրում նախաքննության և հետապնդում սկսելու կամ չսկսելու որոշման համար, պետք է ապահովի, որ նախաքննությունը ոչ մի դեպքում չվերահսկվի այն ոստիկանական միավորի հետ սերտ կապեր ունեցող դատախազի կողմից, որի կազմում գործում է տվյալ ոստիկանը. կախվածության ցանկացած դրսևորում պետք է բացառվի:

267. Հրազենի կիրառման դեպքում հետապնդում սկսելու կամ չսկսելու կապակցությամբ որոշում կայացնելուց առաջ ավագ դատախազը պետք է որոշման նախագիծը և դրա հիմքում ընկած փաստաթղթերը ներկայացնի Ոստիկանության կողմից հրազենի օգտագործման խորհրդակցական խորհրդին, որը յոթ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է խորհրդատվական կարծիք:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

268. Կոնվենցիայի 2-րդ հոդվածը նախատեսում է.

«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:

Ոչ ոքի չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:

2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝

a) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

b) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,

c) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»:

 

269. Դիմողները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա ներկայացրել են մի քանի խնդիր:

270. Առաջին հերթին նրանք նշել են, որ Մորավիա Ռամսահայի մահը բացարձակապես անհրաժեշտ չի եղել այդ հոդվածի երկրորդ կետում նշված որևէ նպատակի համար:

Երկրորդ՝ Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ իրականացված նախաքննությունը եղել է անբավարար: Ավելի կոնկրետ` նրանք նշել են.

(a) նախաքննությունը չէր կարող համարվել «անկախ», քանի որ դրա էական մասն անց է կացվել Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից՝ այն ուժերի, որին պատկանում է ոստիկան Բրոնսը;

(b) «Հիգենբոս» շինության մոտ վկաներ փնտրելուց հետո որևէ հետագա փորձ չի կատարվել գտնելու քաղաքացիական անձանցից վկաներ, և փաստորեն որոշ վկաներ նույնիսկ չեն հարցաքննվել,

(c) ոստիկան Բրոնսը և Բալստրան հարցաքննվել են միայն դեպքից մի քանի օր անց, և այդ ժամանակահատվածում նրանք հնարավորություն են ունեցել պատահարը քննարկել միմյանց և այլոց հետ,

(d) չեն կատարվել նման դեպքերում տրամաբանորեն ակնկալվող մի քանի դատական քննչական գործողություններ. մասնավորապես, որևէ փորձ չի կատարվել պարզելու համար գնդակի ճշգրիտ ուղղությունը, ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի ձեռքերից չեն վերցվել կրակոցի հետքերի նմուշներ, չի կազմվել որևէ արձանագրություն ոստիկան Բրոնսի զենքի և զինամթերքի մասին կամ օգտագործված փամփուշտի մասին, ինչպես նաև տեղի չի ունեցել պատահարի տեսարանի վերականգնում.

(e) ոստիկանապետ Վան Ռիեսենի՝ որևէ նախաքննության աջակցելու մերժումը սուբյեկտիվ կողմնակալության դրսևորում է,

(f) Պետական քննչական գործակալությունը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ, քանզի այդ ժամանակ այն կախվածություն է ունեցել տեղական ավագ դատախազից, որը պատասխանատու էր նաև տեղական դատախազության և տեղական ոստիկանության համար;

(g) ոստիկաններ Բրոնսին և Բալստրային պաշտպանել է միևնույն փաստաբանը, ինչն ընդունված պրակտիկա չէր Նիդեռլանդներում;

(h) ոստիկան Բրոնսի նկատմամբ հետապնդում չսկսելու մասին որոշումը կայացվել է Ամստերդամի դատախազի կողմից, որը որոշակիորեն պատասխանատու է Ֆլիերբոսդրեֆի ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքի համար, և այդ ոստիկանության ոստիկանները նրանից կախվածության մեջ էին:

271. Դիմողները Կոնվենցիայի 2-րդ և 6-րդ հոդվածների հիման վրա պնդել են, որ նախաքննությունը չի եղել անկախ և արդյունավետ: Նրանք վերաքննիչ վարույթի կապակցությամբ բարձրացրել են հետևյալ հարցերը.

(a) լսումները եղել են ոչ հրապարակային, և որոշումը չի հրապարակվել դռնբաց նիստում,

(b) նրանց մերժվել է որոշ փաստաթղթերի տրամադրումը, ներառյալ՝ դատախազի պաշտոնական զեկույցը, որը, սակայն, իրենց տրամադրության տակ ունեցել են վերաքննիչ դատարանում գործող գլխավոր դատախազը և ինքը` վերաքննիչ դատարանը,

(c) ոստիկաններ Բրոնսին և Բալստրային հրապարակավ քննելու, ոստիկան Բրոնսի անձնական գործին ծանոթանալու և պատահարի տեսարանի վերականգնման պահանջները հաշվի չեն առնվել,

(d) վերաքննիչ դատարանը չի իրականացրել իր սեփական անկախ նախաքննությունը, այլ հիմնվել է Ամստերդամի ոստիկանական ուժերի և Պետական քննչական գործակալության ներկայացրած տեղեկությունների վրա,

(e) լսումներն անցկացվել են միայն մեկ դատավորի ներկայությամբ, մինչդեռ որոշումը կայացվել է երեք դատավորի կողմից;

(f) հաստատվել է, որ վերաքննիչ դատարանում դատական նիստի արձանագրությունը չի պահվել, ինչն ինքնին օրենքի խախտում է:

 

272. Կառավարությունը հերքել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ցանկացած խախտում:

 

A. Մորավիա Ռամսահայի մահը

 

1. Փաստերի հաստատումը

 

273. Ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափորոշիչը: Այնուամենայնիվ, նման ապացուցումը կարող է բխել բավարար ապացուցողական ուժ ունեցող, հստակ և համատեղելի ապացույցների համակցությունից կամ փաստի անհերքելի կանխավարկածներից (տես, ի թիվս այլոց, Salman v. Turkey [Մեծ պալատ] գործը, թիվ 21968/93, կետ 100, ՄԻԵԴ 2000-VII, և Cyprus v. Turkey [Մեծ պալատ] գործը, թիվ 25781/94, կետեր 112-113, ՄԻԵԴ-IV):

274. Պալատը Մորավիա Ռամսահայի մահվան հետ կապված փաստերը հաստատել է հետևյալ կերպ (Պալատի վճռի 356-371 կետեր).

«356. Դատարանի համար անհրաժեշտ է հաստատել Մորավիա Ռամսահայի մահվան հետ կապված փաստերը:

357. Դատարանը կաշկանդված է իր դերի սուբսիդիար բնույթով և ընդունում է, որ պետք է զգուշանա առաջին ատյանի դատարանի` փաստի դատարանի դեր ստանձնելուց, երբ դա անխուսափելի չէ կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով: Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածին, Դատարանը պետք է կիրառի որոշակի խոր ուսումնասիրություն, եթե նույնիսկ արդեն տեղի են ունեցել ներպետական վարույթներ և նախաքննություն (տե՛ս Aktaş v. Turkey, թիվ 24351/94, կետ 271, 2003թ. ապրիլի 24):

358. Առանց 2-րդ հոդվածի դատավարական կողմի առնչությամբ իր եզրահանգումների համար նախադատելիության` Դատարանը պետք է նշի, որ խնդրո առարկա իրադարձությունների կապակցությամբ իրականացված պաշտոնական նախաքննությունը կատարվել է լրիվ ու բազմակողմանի, և դրա արդյունքները մանրամասնորեն արձանագրվել են: Նախաքննությունը ներառել է ոստիկանների և մի շարք քաղաքացիական անձանց հարցաքննություններ, ներառյալ նրանց, ում ներկայացրել են դիմողները: Դատարանը գործի իր սեփական ուսումնասիրությունը կկատարի այն փաստական տվյալների հիման վրա, որոնք առկա են ներկայացված այն պաշտոնական փաստաթղթերից, որոնք ստուգվել են՝ այլ աղբյուրներից ստացված տվյալներով:

359. Ապացույցները վկայում են, որ, մինչև մահացու կրակոցը, Մորավիա Ռամսահայը երկու անգամ անկարգ վարքագիծ է դրսևորել` ատրճանակի կիրառմամբ: Առաջին նման միջադեպը տեղի էր ունեցել Բուրգեր քինգ ռեստորանում, երբ Մորավիա Ռամսահայը զենքն ուղղել էր օր. Նայմա Ռոժեդանի դեմ: Երկրորդը տեղի էր ունեցել Կվակոյի փառատոնում, երբ նա զենքի սպառնալիքով հափշտակել էր պրն Հոսենիի մոտոցիկլը:

360. Պրն Հոսենին իր մոտոցիկլի հափշտակության մասին հայտնել է առաջինը հանդիպած ոստիկաններին՝ ոստիկան Դեքերին և Բունստրային, որոնք հսկողություն էին իրականացնում և անզեն էին: Երեքով հետապնդել են հափշտակողին: Սակայն մոտոցիկլը բավականին արագ է ընթացել, որպեսզի նրանք կարողանային բռնել նրան: Նշված ոստիկաններն այնուհետև հափշտակության մասին ռադիոյով հայտնել են տեղական ոստիկանատուն՝ նկարագրելով ենթադրյալ հափշտակողին, մոտոցիկլը և նրանց ընթանալու ուղղությունը: Հերթապահ ոստիկանն անմիջապես կարգադրել է ծառայության մեջ գտնվող բոլոր ոստիկաններին հետապնդել նրան:

361. Դրանից հետո ոստիկաններ Դեքերը և Բունստրան վկայել են, որ պրն Հոսենին սկզբում չի հայտնել ենթադրյալ հափշտակողի զինված լինելու մասին. եթե նրանք այդ մասին ավելի վաղ իմանային, ապա, անզեն լինելով` չէին հետապնդի նրան և անպայմանորեն կտեղեկացնեին իրենց գործընկերներին: Պրն Հոսենին, սակայն, վկայել է, որ ինքը հիշատակել է ատրճանակի մասին, բայց իր ասածը չեն լսել: Ինչ ճշգրտություն էլ ունենա պրն Հոսենիի վկայությունը, Դատարանն ընդունում է, որ ոստիկաններ Դեքերն ու Բունստրան չեն լսել, որ Մորավիա Ռամսահայը զինված է եղել:

362. Ոստիկաններից առաջինները, ովքեր կարողացել են արձագանքել կարգադրությանը, եղել են Բալստրան և Բրոնսը, որոնք պարեկություն էին անում ոստիկանական մեքենայով: Նրանք նկատել են դեպի «Հիգենբոս» շինություն մոտոցիկլը վարող Մորավիա Ռամսահային և սկսել հետապնդումը:

363. Ոստիկաններ Բալստրան և Բրոնսը տեսել են, որ Մորավիա Ռամսահայը մոտոցիկլը վարում է դեպի շինության մուտքը: Մեքենան վարող ոստիկան Բրոնսը կայանել է մեքենան: Նույն ժամանակ ոստիկան Բալստրան իջել է մեքենայից և վազել դեպի մուտքը: Նրա ձեռքին եղել է երկկողմ ռադիո:

364. Մորավիա Ռամսահայն անհնազանդություն է դրսևորել և ընդդիմացել ձերբակալմանը: Նա փորձել է փախուստի դիմել: Ոստիկան Բալստրան փորձել է բռնել նրան: Տեղի է ունեցել կարճատև քաշքշուկ, որից հետո Մորավիա Ռամսահային հաջողվել է փախչել: Ոստիկան Բալստրայից մի քանի մետր հեռավորության վրա Մորավիա Ռամսահայն ընդունել է սպառնալից դիրք և հանել իր ատրճանակը:

365. Դատարանը հաշվի չի առնում այն քաղաքացիական անձանց վկայությունները, որոնք նշել են, որ Մորավիա Ռամսահայը զինված չի եղել: Ակնհայտ է, որ այդ անձինք պատահարը դիտել են որոշակի հեռավորությունից և աղոտ լույսի պայմաններում: Ավելին, այդ վկայություններն անհամատեղելի են հետագայում այդ ատրճանակի հայտնաբերման փաստի հետ, ինչպես նաև այն ապացույցի հետ, որը վկայում է Մորավիա Ռամսահայի կողմից այն ատրճանակը հանելուն, որը համապատասխանել է մինչև մահացու կրակոցը երկու այլ անձանց դեմ հանված ատրճանակի նկարագրին, ինչպես նաև պրն Վան դեն Հյուվելի վկայությանը, որը դեպքը տեսել է ավելի մոտիկից:

366. Տեսնելով Մորավիա Ռամսահայի ատրճանակը և վախենալով` ոստիկան Բալստրան վայր է գցել իր երկկողմ ռադիոն, հանել իր ծառայողական ատրճանակը և առնվազն մեկ անգամ բարձրաձայն հրամայել Մորավիա Ռամսահային զենքը վայր դնել: Մորավիա Ռամսահայն այնուհետև իր ատրճանակն ուղղել է գետնին, սակայն այնպես, որ ոստիկան Բալստրան դա համարել է սպառնալից և փորձել է մի կողմ քաշվել:

367. Այս ընթացքում ոստիկան Բրոնսը կայանել է իր մեքենան, փակել դռները և շտապել օգնելու ոստիկան Բալստրային: Նա Մորավիա Ռամսահային տեսել է ատրճանակը ձեռքին, որը, ի պատասխան զենքը վայր դնելու հրամանի, վայր չի դրել այն:

368. Մորավիա Ռամսահայի ձեռքում գտնվող զենքը եղել է լիցքավորված հինգ փամփուշտով, որոնցից մեկը բերված էր կրակելու վիճակի:

369. Եվ ոստիկան Բալստրան, և ոստիկան Բրոնսը տեսել են, թե ինչպես է Մորավիա Ռամսահայը շրջվել և վեր բարձրացրել ատրճանակը բռնած ձեռքը: Ոստիկան Բրոնսը տեսել է, որ Մորավիա Ռամսահայը զենքն ուղղում է դեպի իր կողմը: Ուստի նա հանել է իր ծառայողական ատրճանակը, որը մինչ այդ չէր արել, և միանգամից կրակել:

370. Ոստիկան Բրոնսը սպանելու մտադրություն չի ունեցել. նա չի նշանառել մարմնի որևէ կոնկրետ մասի: Նրա խնդիրն է եղել անմիջապես վերջ դնել սպառնալից վիճակին:

371. Ոստիկան Բրոնսի արձակած գնդակը վնասել է Մորավիա Ռամսահայի կարճագլուխ (բրախիցեֆալ) զարկերակը, որը սկիզբ է առնում աորտայի աղեղից և մատակարարում գլխուղեղի արյան կեսը, ինչպես նաև պարանոցի հիմնական երակը: Մորավիա Ռամսահայը գիտակցությունը կորցրել է վայրկյանների ընթացքում և մահացել րոպեների ընթացքում»:

275. Ինչպես կդիտարկվի ստորև, Դատարանը շահագրգիռ է Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ հետաքննության անկախության և որակի հարցում: Մասնավորապես, ակնհայտ հակասություն կա, մի կողմից` ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի (որոնք ասել են, որ մահացու կրակոցը կատարել է ոստիկան Բրոնսը), մյուս կողմից՝ ոստիկանական ռադիոյի խոսակցությունները հսկող ոստիկաններ Բրամի և Վան Դալի վկայությունների միջև. ըստ վերջիններիս վկայության՝ ոստիկան Բալստրան ռադիոյով հայտնել է, որ ինքն է կրակել, և շտապ օգնություն է կանչել: Ավելին, նախնական քննության սկզբնական փուլերն իրականացվել են Ամստերդամի ոստիկանական ուժերում ծառայող ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի գործընկերների կողմից:

276. Այնուամենայնիվ, Պալատի կողմից փաստերի հաստատումը լրջորեն չի առարկվել. Կառավարությունը դրանց կապակցությամբ մեկնաբանություններ չի ներկայացրել, իսկ դիմողները հղում են կատարել Պալատին ներկայացրած՝ փաստերի իրենց շարադրանքին՝ առանց նշելու փաստերի կապակցությամբ Պալատի եզրահանգումների որևէ անճշտություն կամ առաջարկելու իրադարձությունների այլընտրանքային տարբերակ:

277. Մորավիա Ռամսահայի վարքագծի մասին ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի վկայությունները համընկնում էին Բուրգեր Քինգ ռեստորանում Մորավիա Ռամսահայի կողմից ատրճանակ հանելու և ատրճանակով պրն Դե Գետրուին ահաբեկելու ու պրն Հոսենիի մոտոցիկլը հափշտակելու հաստատված փաստերին: Այդ վկայությունները համատեղելի են նաև վկա պրն Վան դեն Հյուվելի ցուցմունքների հետ:

278. Ուստի Դատարանը ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի վկայությունները կասկածի տակ դնելու պատճառ չի տեսնում: Դատարանն ընդունում է, որ ոստիկան Բալստրան վայր է գցել երկկողմ ռադիոն և հանել ծառայողական ատրճանակը: Հնարավոր է, որ ոստիկաններ Բրամը և Վան Դալը ճիշտ չեն լսել, և շտապ օգնությունը կանչել է ոստիկան Բրոնսը: Այն փաստը, որ մինչև կրակոցի հաջորդ օրվա կեսօրը նախնական քննությունը կատարվել է Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից, կքննարկվի ստորև:

279. Առկա հանգամանքներում և հաշվի առնելով Պալատի կողմից փաստերի հաստատման առնչությամբ կողմերի դիրքորոշումը, Դատարանը գործը կքննի այդ փաստերի լույսի ներքո:

 

2. Պալատի վճիռը

 

280. Պալատը գտել է, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան լիովին անտեղյակ են եղել, որ Մորավիա Ռամսահայը զինված է, ուստի նրանք կարծել են, որ իրենցից որևէ այլ բան չի պահանջվում, քան սովորական ձերբակալում:

281. Պալատը գտել է, որ ոստիկան Բալստրան իր ծառայողական զենքը հանել է միայն այն ժամանակ, երբ Մորավիա Ռամսահայը հանել է իր ատրճանակը, և ոստիկան Բրոնսը հանել է իր ծառայողական զենքը և կրակել միայն այն բանից հետո, երբ Մորավիա Ռամսահայը, անտեսելով զենքը վայր դնելու կարգադրությունը, սկսել է ձեռքի զենքը բարձրացնել իր ուղղությամբ:

282. Փաստերը հաստատելով այս կերպ՝ Պալատը չէր կարող եզրակացնել, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան պետք է ձեռք բերեին ավելի շատ տեղեկություն կամ կանչեին լրացուցիչ օժանդակ ուժեր: Պալատը նաև ընդունել է, որ զենքի կիրառումը չի գերազանցել այն սահմանը, որը «բացարձակապես անհրաժեշտ էր» Մորավիա Ռամսահայի ձերբակալումն իրականացնելու և ոստիկաններ Բրոնսի ու Բալստրայի կյանքի պաշտպանության նպատակների համար, և որ Մորավիա Ռամսահային կրակելը չի հանդիսացել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

 

3. Կողմերի ներկայացրած բացատրությունները

 

(a) Դիմողները

283. Ըստ դիմողների բացատրության` թեև ընդունելով, որ Մորավիա Ռամսահայի դեմ կիրառված բռնության նպատակը եղել է նրա «օրինական ձերբակալումը», ոստիկաններ Բրոնսը և Բալստրան գործել են առանց գործողությունների պատշաճ ծրագրման: Նրանք հարկ չեն համարել խնդրելու համապատասխան տեղեկություն, հետագա ցուցումներ կամ օժանդակ ուժեր, ինչը մեծապես կնվազեցներ կյանքի դեմ ուղղված վտանգը:

 

(b) Կառավարությունը

284. Կառավարությունը հիմնվել է Ամստերդամի վերաքննիչ դատարանի եզրահանգումների վրա: Այդ դատարանը գտել է, որ Մորավիա Ռամսահայը վախեցրել է ոստիկան Բրոնսին զենքով՝ լիցքավորված ատրճանակով, և դրանով ստեղծել է մի իրավիճակ, երբ ուժի գործադրումը, նույնիսկ հրազենի կիրառումը, դարձել է բացարձակ անհրաժեշտություն:

285. Կառավարությունը նաև նշել է, որ պատշաճ ուշադրություն է դարձվել ապահովելու համար, որ կյանքին սպառնացող ցանկացած վտանգ հասցվի նվազագույնի, և որ ոստիկաններն իրենց գործողությունների ընթացքում անփույթ չեն գտնվել:

 

4. Դատարանի գնահատականը

 

286. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի երկրորդ կետում նշված բացառությունները ցույց են տալիս, որ այդ դրույթը տարածվում է դիտավորյալ սպանությունների վրա, սակայն չի սահմանափակվում բացառապես դրանցով: Հոդված երկրորդն իր ամբողջության մեջ վկայում է, որ երկրորդ կետը հիմնականում չի սահմանում այն դեպքերը, երբ անձին թույլատրվում է սպանել դիտավորությամբ, այլ նկարագրում է այն իրավիճակները, երբ թույլատրվում է «ուժ կիրառել», ինչը՝ որպես չկանխամտածված արդյունք, կարող է հանգեցնել կյանքից զրկելուն: Կիրառվող ուժը, այնուամենայնիվ, պետք է լինի ոչ ավելին, քան «բացարձակապես անհրաժեշտ»՝ (a), (b) և (c) ենթակետերում նշված նպատակներից մեկին հասնելու համար (տես, Oğur v. Turkey [Մեծ պալատ] գործը, թիվ 21594/93, կետ 78, ՄԻԵԴ 1999-III):

287. Այս կապակցությամբ 2-րդ հոդվածում «բացարձակապես անհրաժեշտ» հասկացությունը ցույց է տալիս, որ պետք է կատարել անհրաժեշտության հստակ և խիստ ստուգում՝ որոշելու համար, թե արդյոք պետության գործողությունը եղել է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»՝ Կոնվենցիայի 8-11-րդ հոդվածների երկրորդ կետերի հիման վրա: Մասնավորապես, կիրառված ուժը պետք է հստակորեն համաչափ լինի 2-րդ հոդվածի երկրորդ կետի (a), (b) և (c) ենթակետերում նշված նպատակներին:

288. Դատարանն արդեն որոշել է Մորավիա Ռամսահայի սպանության հետ կապված փաստերը հիմք ընդունել այնպես, ինչպես հաստատվել են Պալատի կողմից: Այդպիսով, Դատարանը չի կարող չընդունել Պալատի այն եզրահանգումը, որ ոստիկան Բրոնսի կրակոցը եղել է «ոչ ավելին, քան բացարձակ անհրաժեշտություն»՝ ինչպես այդ հասկացությունը պետք է հասկանալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նպատակների համար:

289. Ուստի Դատարանն ընդունում է, որ Մորավիա Ռամսահայի սպանությունը չի հանդիսացել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

 

A. Կրակոցին հաջորդած նախաքննությունը

 

1.Պալատի վճիռը

 

(a) Նախաքննության արդյունավետությունը

 

290. Պալատը հաստատված չի համարել այն փաստը, որ ներպետական իշխանությունները թերացել են այնպիսի վկաներ հայտնաբերելու հարցում, ովքեր կարող էին ճշգրիտ և վերաբերելի տեղեկություն հավելել քրեական գործին:

291. Պալատը համաձայնել է, որ որոշ քննչական միջոցառումներ, որոնց արձանագրությունները բացակայում են քրեական գործում, այն է՝ մահացու գնդակի ճշգրիտ ուղղությունը որոշելը, ոստիկանների ձեռքերից կրակոցի մնացուկների նմուշ վերցնելը, օգտագործված զենքի և փամփուշտի հետազոտումը, պատահարի տեսարանի վերականգնումը, որպես կանոն, հանդիսանում են մահվան դեպքերի նախաքննության բաղկացուցիչներ: Սակայն սույն գործում կասկածյալի ինքնության հետ կապված որևէ կասկած չի եղել, և պատահարի հանգամանքները կարող էին բացահայտվել առանց այդ միջոցառումների. ուստի դրանց բացակայությունը չի ազդել նախաքննության արդյունավետության վրա:

292. Պալատը համաձայնել է, որ ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի ցուցմունքները կարող էին և պետք է վերցվեին ավելի շուտ՝ այնպես, որ հնարավոր լիներ դրանք ստուգել մեկը` մյուսով և այլ ապացույցներով: Սակայն, դրանով հանդերձ, հնարավոր չէ եզրակացնել, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան համաձայնության են եկել միմյանց կամ այլ ոստիկանների հետ՝ նախաքննության պատշաճ ընթացքին խոչընդոտելու կապակցությամբ:

293. Ի ամփոփումն, Պալատը չի գտել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում այնքանով, որքանով դա վերաբերում է նախաքննության արդյունավետությանը:

 

(b) Նախաքննության անկախությունը

 

294. Պալատն ընդունել է, որ Պետական քննչական գործակալությունը, որը ենթակայության իր սեփական շղթայով և երկրի բարձրագույն դատախազական իշխանության առջև պատասխանատու համապետական ծառայություն է, ունի բավարար անկախություն՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով:

295. Այն գտել է, այնուամենայնիվ, որ նախաքննության էական հատվածները կատարվել են ենթակայության իր սեփական շղթայի ներքո գործող միևնույն ուժերի կողմից, որոնց շարքերում գտնվում էին ոստիկաններ Բրոնսը և Բալստրան՝ Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից: Մասնավորապես, այդ ուժերի կողմից կատարվել են կրակոցի վայրի փորձագիտական հետազոտություն, վկաների, ներառյալ` Ամստերդամի ոստիկանական ուժերի կազմում գտնվող ոստիկանների, որոնումն ու նրանց առաջին հարցաքննությունը: Պալատը նշել է նաև, որ նախաքննության մնացած միջոցառումները կատարվել են Պետական քննչական գործակալության կարգադրության հիման վրա՝ Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից:

296. Ելնելով վերոգրյալից և գտնելով նաև, որ նույնիսկ անկախ մարմնի վերահսկողությունը բավարար չէ լիարժեք անկախություն ապահովելու համար, Պալատը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ ընթացակարգային կտրվածքով:

 

(c) Դիմողների ներգրավումը

 

297. Պալատը գտել է, որ ոստիկանական արձանագրությունների և քրեական գործի նյութերի հրապարակումը կարող էր վերաբերել նուրբ հարցերի, որոնք կարող էին մասնավոր անձանց մոտ կամ այլ նախաքննություններով նախադատություն առաջացնել: Ուստի չի կարելի 2-րդ հոդվածի պարտադիր պահանջ համարել այն, որ մերձավոր ազգականներին պետք է թույլատրվի հետևել նախաքննությանը, քանի դեռ այն ընթացքի մեջ է: Նմանապես, քննությունն իրականացնող մարմիններից չի կարող պահանջվել բավարարել քննչական գործողությունների վերաբերյալ մերձավոր ազգականների ցանկացած ցանկություն: Ամեն դեպքում, Պալատը գտել է, որ Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ նախաքննությունը եղել է բավարար չափով արդյունավետ:

298. Պալատը հաստատված չի համարել այն փաստը, որ դիմողներին չի թույլատրվել ծանոթանալ որոշ փաստաթղթերի:

299. Հետևաբար, Պալատը գտել է, որ դիմողներին թույլատրվել է ծանոթանալ նախաքննության արդյունքներին այն չափով, որը բավարար էր ապահովելու համար նրանց արդյունավետ մասնակցությունն այն վարույթին, որի նպատակն էր ոստիկան Բրոնսի նկատմամբ հետապնդում չսկսելու մասին որոշման վիճարկումը:

 

(d) Վարույթը վերաքննիչ դատարանում

 

300. Պալատը գտել է, որ վերաքննիչ դատարանում վարույթը չպետք է ներառեր հրապարակային լսումներ: Այն համաձայնել է Կառավարության հետ այն հարցում, որ անձին, ով ենթակա չէ դատարանի կողմից դատվելու, պետք է պաշտպանել հրապարակային ներկայացման տհաճություններից:

301. Այլ է վերաքննիչ դատարանի որոշումը դռնբաց նիստում չհրապարակելու խնդիրը: Երբ որոշվում է, որ հանրային իշխանությամբ օժտված անձը, ում ձեռքով մարդկային էակ է մահացել, չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, 2-րդ հոդվածը պահանջում է, Պալատի կարծիքով, որ այդ որոշումը բաց լինի հանրության հետաքրքրությունը բավարարելու համար:

 

(e) Դատախազի դերը

 

302. Պալատը մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ կրակոցի առնչությամբ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող է նշանակվել այն նույն ոստիկանատան հետ կապված դատախազը, որի շարքերում գործել են ոստիկաններ Բրոնսը և Բալստրան: Նույնիսկ այս դեպքում, Պալատը գտել է, որ դատախազի անկախության չափը դիտարկելով դիմողների՝ հետապնդում չսկսելու վերաբերյալ որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու հնարավորության հետ, բավարարել է 2-րդ հոդվածի պահանջը:

 

2.Կողմերի ներկայացրած բացատրությունները

 

(a) Դիմողները

 

303. Դիմողները հիմնականում արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ Պալատի առջև:

304. Ըստ դիմողների՝ 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում է հանդիսացել այն, որ վերաքննիչ դատարանը ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի և պրն Վան դեն Հյուվելի ցուցմունքներից բացի այլ ցուցմունքներ հաշվի չի առել: Պրն Վան դեն Հյուվելը փաստացի չի էլ տեսել կրակոցը: Չնայած դիմողների խնդրանքին՝ վկայություն չի վերցվել այլ վկաներից, մասնավորապես, օր. Լիվելդից, տկն Ռիյսելից, պրն Չիտանիից և պրն Վան Ռիժից, և նրանց վկայություններն անտեսվել են:

305. Բաց են թողնվել որոշ քննչական գործողություններ, որոնք սովորաբար կատարվում են նմանատիպ դեպքերում. մասնավորապես, չի որոշվել գնդակի ճշգրիտ ուղղությունը, ոստիկանների ձեռքերից չեն վերցվել կրակոցի մնացուկի նմուշներ, չի վերականգնվել դեպքի տեսարանը, բացակայել են գնդակի առաջացրած վերքի մուտքն ու ելքը պատկերող լուսանկարները:

306. Քննչական հիմնական գործողությունները, ներառյալ նրանք, որոնք այլևս հետագայում կրկնվել չէին կարող, կատարվել են ոչ միայն միևնույն ոստիկանական ուժերի, այլ նաև միևնույն ոստիկանատան կողմից, որին պատկանում էին ոստիկաններ Բրոնսը և Բալստրան: Այս հանգամանքը, ըստ դիմողների, եղել է առավել ցավալի, քանի որ դեպքի վայր ժամանած ոստիկանները հեռացրել են կարևոր վկաներին՝ տկն Ռիյսելին և օր. Լիվելդին, ու հնարավոր է այլ անձանց, ում անունները չեն արձանագրվել: Դիմողներին և նրանց փաստաբանին է թողնվել հետագայում նրանց գտնելու գործը:

307. Ինչ վերաբերում է Պետական քննչական գործակալությանը, Մեծ պալատի առջև դիմողներն ընդունել են, որ այն գտնվում է բարձրագույն դատախազական մարմինների իշխանության ներքո և դրա անկախությունն Ամստերդամի ոստիկանական ուժերի հետ հարաբերութուններում չի վիճարկվում: Այնուամենայնիվ, Պետական քննչական գործակալության նախաքննությունը չի իրականացվել Ամստերդամի ոստիկանական ուժերի հետ կապ չունեցող դատախազական մարմնի պատասխանատվության ներքո: Այն իրականացվել է դատախազ Դե Վրիեսի պատասխանատվության ներքո, որի հարաբերությունը Ամստերդամի ոստիկանական ուժերի հետ դժվար թե կարելի է անկախ համարել:

308. Ճշմարիտ է, որ Պետական քննչական գործակալությունը հարցաքննել է ոստիկաններ Բրոնսին և Բալստրային: Սակայն դա կատարվել է բավականին ուշ և այն բանից հետո, երբ նրանք հնարավորություն են ունեցել դեպքը քննարկել այլոց հետ, ներառյալ՝ ոստիկանապետ Վան Ռիեսենի հետ: Ի լրումն, ոստիկաններ Բրոնսին և Բալստրային թույլատրվել է անցնել իրենց պարտականությունների կատարմանը, երբ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ էր և կարևոր տեղեկությունները դեռևս արձանագրվում էին միևնույն ոստիկանատան ոստիկանների կողմից:

309. Այն ընթացքում, երբ նախաքննությունը շարունակվում էր, դիմողների համար մատչելի չեն եղել նախաքննության նյութերը՝ չնայած որ նրանց անունից փաստաբանը միջնորդություններ է ներկայացրել: Այս վիճակը շարունակվել է մինչ այն պահը, երբ դատախազը որոշում է կայացրել հետապնդում չսկսելու մասին: Ավելին, այդ որոշման մասին դիմողներին ծանուցելուց հետո է միայն դատախազը համաձայնել տեսնվել դիմողների հետ:

310. Դիմողները բավարար չափով չեն ներգրավվել վերաքննիչ դատարանի վարույթում, որպեսզի կարողանային պաշտպանել իրենց շահերը: Մերժվել են առանձին փաստաթղթերի և քննչական գործողությունների արձանագրությունների պատճեններն ստանալու ողջամիտ միջնորդությունները: Միաժամանակ, պարզ չի եղել, թե ինչու է մերժվել հրապարակային լսումների վերաբերյալ միջնորդությունը:

 

(b) Կառավարությունը

 

311. Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը չի բովանդակում պետության ներկայացուցիչների ձեռքով պատճառված մահվան կապակցությամբ արդյունավետ և անկախ նախաքննության ինքնուրույն պահանջ՝ այն իմաստով, որ ընթացակարգային չափորոշիչները պետք է քննարկվեն մահվան դեպքից անջատ:

312. Ամեն դեպքում, Պալատի եզրահանգումը, որ Մորավիա Ռամսահային կրակելը չի հանդիսացել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, հիմնված լինելով ոստիկանության անցկացրած նախաքննության արդյունքների վրա, վկայում է այն մասին, որ այդ նախաքննությունը չի եղել այն աստիճան թերի, որ չբավարարի այդ հոդվածով նախատեսված ընթացակարգային չափորոշիչները:

313. Մորավիա Ռամսահայի մահվանից հետո կատարված նախաքննությունը եղել է բարեխիղճ և մանրազնին: Տեղական ոստիկանությունն անմիջապես պահպանել է դեպքի վայրում առկա ապացույցները, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ: Պալատի եզրահանգումն առ այն, որ քննչական գործողությունները տեղական ոստիկանական ուժերի կողմից կատարվելու արդյունքում խախտվել է 2-րդ հոդվածը, անտեսել է այն փաստը, որ դա պայմանավորված է եղել պատահարից անմիջապես հետո դեպքի վայրում ապացույցների պահպանման խիստ կարևորությամբ: Եթե տեղական ոստիկանությունը սպասեր Պետական քննչական գործակալության ժամանմանը, կարող էին կորել կարևոր տեղեկությունները. դեպքի վայրից կարող էին հեռանալ վկաներ, որոնց ինքնությունը կմնար անհայտ, հետքերը կարող էին վերանալ՝ եղանակային պայմանների կամ պարզապես մարդկանց ոտնահետքերի հետևանքով:

314. Քանի որ հիմնականում տեղական ոստիկանությունը կարող է դեպքի վայր հասնել Պետական քննչական գործակալությունից առաջ, ուստի ընդունված պրակտիկա է, որ առկա ապացույցները պահպանում է տեղական ոստիկանությունը և դրանից հետո Բաժանմունքի ոստիկանների ժամանելուն պես նախաքննությունը փոխանցում է Բաժանմունքին: Հետագա անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում է Բաժանմունքը:

315. Պետական քննչական գործակալությունն օգտագործել է այն տեղական ոստիկանական ուժերի կազմած քննչական գործողությունների արձանագրությունները, որոնց շարքերում գործում էր ոստիկան Բրոնսը: Այնուամենայնիվ, Պետական քննչական գործակալությունն ինքնուրույն իրականացրել է ծավալուն լրացուցիչ նախաքննություն և տեղական ոստիկանության աշխատանքը կրկնել այնքանով, որքանով դա եղել է անհրաժեշտ:

316. Հավաստի է, որ Քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա հարուցված բողոքարկման վարույթը չի եղել հրապարակային: Ըստ Կառավարության՝ դա պայմանավորված է այն անձանց հրապարակայնորեն վարկաբեկելուց պաշտպանելու անհրաժեշտությամբ, որոնց նկատմամբ դատախազական մարմինները մտադիր չեն հետապնդում սկսելու, և որոնք, ամենայն հավանականությամբ, չեն հետապնդվի և նույնիսկ սխալ են մեղադրվել: Մասնավորապես, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, ողջամիտ է, որ հետապնդում հայցողի և կասկածյալի շահերի միջև շահերի հավասարակշռությունը հանգուցալուծվի հօգուտ վերջինիս:

317. Այս մոտեցումը հիմնականում կիրառելի է այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրային ծառայողներին: Վերջիններիս առնչությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա հարուցված վարույթի արդյունքների հրապարակայնության ապահովման օրենսդրական պարտականությունը կարող է վնասել այդ վարույթի արդյունավետությունը:

318. Հրապարակայնության ցանկացած պահանջ հանգեցնում է վարույթին՝ դիմողների ներգրավմանը և նրանց կողմից խնդիրը հանրության քննարկման առարկա դարձնելու հնարավորությանը:

319. Հավաստի է, որ չի կատարվել ոչ իրադարձությունների պատկերի վերականգնում, ոչ ձգաբանական փորձաքննություն: Սակայն, դրանցից ոչ մեկն էլ անհրաժեշտ չի եղել: Հաստատվել է, որ Մորավիա Ռամսահային սպանած գնդակն արձակվել է ոստիկան Բրոնսի ատրճանակից. ոստիկան Բրոնսը երբևէ չի հերքել այն փաստը, որ մահացու կրակոցն ինքն է կատարել: Իրադարձությունների պատկերի վերականգնման և ձգաբանական փորձաքննության բացակայությունը չի խոչընդոտել վերաքննիչ դատարանին եզրակացնելու, որ ոստիկան Բրոնսը կրակել է ինքնապաշտպանական նկատառումներից դրդված:

320. Անժխտելի է, որ ոստիկաններ Բրոնսը և Բլաստրան հարցաքննվել են դեպքից երկու օր անց: Բանն այն է, որ որոշվել է նրանց հարցաքննել այն բանից հետո, երբ առկա կլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և կհարցաքննվեն առաջին վկաները: Անհրաժեշտության դեպքում, կարելի կլիներ դրանից հետո այդ երկու ոստիկանների ցուցմունքներն ավելի արդյունավետորեն համադրել այդ ապացույցների հետ: Ամեն դեպքում, չկա որևէ պատճառ ենթադրելու, որ ոստիկաններ Բրոնսը և Բալստրան խուսափել կամ հրաժարվել են հարցաքննությունից:

 

3.Դատարանի գնահատականը

 

(a) Կիրառելի սկզբունքներ

 

321. Դատարանը նշել է կիրառելի հետևյալ սկզբունքները (տե՛ս, որպես վերջին աղբյուր, Nachova and Others v. Bulgaria [Մեծ պալատ] գործը, թիվ 43577/98 և 43579/98, կետեր 110-113, ՄԻԵԴ 2005-VII).

 

«110. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքի պաշտպանության պարտականությունը մեկնաբանելով Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված «իր իրավազորության տակ գտնվող յուրաքանչյուրի՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների ապահովման»՝ պետության հիմնական պարտավորության համատեքստում, պահանջվում է, որ լինի որոշակի արդյունավետ պաշտոնական նախաքննություն, երբ ուժի գործաԴրման արԴյունքում մարԴ է սպանվում…: Նման նախաքննության էական նպատակն է ապահովել կյանքի իրավունքը պահպանող ներպետական օրենսդրության արդյունավետ կիրառումը և, պետության ներկայացուցիչների կամ մարմինների ներգրավվածության դեպքում, ապահովել նրանց պատասխանատվությունն իրենց ենթակայության ներքո տեղի ունեցած մահվան դեպքերի համար:

112. Որպեսզի պետության ներկայացուցիչների կողմից անօրինական սպանության կապակցությամբ նախաքննությունը համարվի արդյունավետ, նախաքննության և դրա անցկացման համար պատասխանատու անձինք պետք է լինեն անկախ և անաչառ՝ և ըստ օրենքի, և ըստ պրակտիկայի (…):

113. Նախաքննությունը պետք է լինի նաև արդյունավետ այն իմաստով, որ այն հնարավորություն տա պարզելու, թե արդյոք ուժի գործադրումը տվյալ հանգամանքներում եղել է արդարացված, ինչպես նաև հանգեցնի պատասխանատու անձի ինքնության ճանաչմանը և պատժին (…): Իշխանությունները պետք է իրականացնեն առկա բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու համար պատահարի հետ կապված ապացույցները, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքները և փորձագիտական եզրակացությունները: Նախաքննության եզրահանգումները պետք է հիմնվեն բոլոր ապացույցների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ և անաչառ վերլուծության վրա, և պետք է կիրառվի Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պահանջվող «ոչ ավելին, քան բացարձակապես անհրաժեշտ» չափորոշիչի հետ համեմատելի չափորոշիչ: Նախաքննության ցանկացած թերություն, որը կխոչընդոտի գործի հանգամանքները պարզելուն կամ պատասխանատու անձի ինքնությունը հաստատելուն, կարող է խաթարել արդյունավետության պահանջվող չափը (…)»: Ինչպես նաև հետևյալը (տե՛ս Anguelova v. Bulgaria գործը, թիվ 38361/97, կետ 140, ՄԻԵԴ 2002-IV).

«140. Պետք է առկա լինի նախաքննության կամ դրա արդյունքների նկատմամբ հանրության ուշադրության բավարար տարր՝ ապահովելու համար հաշվետու լինելը՝ գործնականորեն և տեսականորեն, պահպանելու համար իրավունքի գերակայությանն իշխանությունների հավատարմության նկատմամբ հասարակության վստահությունը և կանխելու համար անօրինական գործողությունների կապակցությամբ գաղտնի համաձայնության կամ հանդուրժողականության ցանկացած դրսևորում: Հասարակության ուշադրության աստիճանը կարող է տարբերվել ըստ գործերի: Ամեն դեպքում, զոհի մերձավոր ազգականները պետք է ներգրավվեն վարույթում այն չափով, որն անհրաժեշտ է իրենց օրինական շահերի պաշտպանության համար (…)»

322. Դատարանը գտնում է, որ ուժի կիրառման արդյունքում մահվան դեպքի կապակցությամբ արագ և արդյունավետ նախաքննության պարտավորությունը կախված չէ նրանից, որ այդ ուժի կիրառումն ինքնին ճանաչվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

 

(b) Նախաքննության արդյունավետությունը

 

323. Դատարանը նպատակահարմար է համարում հստակեցնել իր կողմից նախաքննության արդյունավետության ուսումնասիրության ծավալն ու բովանդակությունը:

324. Որպեսզի պայմանավորվող պետության պատասխանատվությունն առաջացնող մահվան կապակցությամբ նախաքննությունը համարվի «արդյունավետ»՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով, առաջին հերթին անհրաժեշտ է, որ այդ նախաքննությունը լինի պատշաճ: Այն է՝ նման նախաքննությունը պետք է կարողանա հանգեցնել պատասխանատու անձանց ինքնությունը պարզելուն և նրանց պատժին: Իշխանությունները պետք է իրականացնեն առկա բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու համար պատահարի հետ կապված ապացույցները: Նախաքննության ցանկացած թերություն, որը կխոչընդոտի արարքը կատարած անձի ինքնությունը հաստատելուն, կարող է խաթարել այս չափորոշիչը (Tahsin Acar v. Turkey [Մեծ պալատ] գործը, թիվ 26307/95, կետ 223, ՄԻԵԴ 2004-III):

325. Երկրորդ՝ որպեսզի նախաքննությունն այս իմաստով լինի «արդյունավետ», ընդհանուր առմամբ անհրաժեշտ է համարվում, որ դրա և դրա անցկացման համար պատասխանատու անձինք անկախ լինեն պատահարում ներգրավված անձանցից: Սա նշանակում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական անկախություն (տե՛ս Tahsin Acar–ի գործը, կետ 222): Խնդրի առանցքում հասարակության վստահությունն է պետության կողմից ուժի կիրառման մենիշխանության նկատմամբ:

 

(i) Նախաքննության պատշաճությունը

 

326. Դիմողները իրավացիորեն նշել են, որ չեն կատարվել այնպիսի քննչական գործողություններ, որոնք սովորաբար կատարվում են նման դեպքերում, այն է՝ փորձ չի արվել որոշելու գնդակի ճշգրիտ ուղղությունը (ինչը, ըստ դիմողների, հնարավոր էր), ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի ձեռքերից չեն վերցվել կրակոցի մնացուկի նմուշներ, չի ուսումնասիրվել ոստիկան Բրոնսի ծառայողական զենքը և զինամթերքը, չի վերականգնվել դեպքի տեսարանը, դիահերձման եզրակացությունում բացակայել են գնդակի առաջացրած վերքի մուտքն ու ելքը պատկերող լուսանկարներ: Եվ վերջապես, ոստիկան Բրոնսը և Բալստրան հարցաքննվել են միայն դեպքից մի քանի օր անց, և այդ ժամանակահատվածում նրանք հնարավորություն են ունեցել պատահարը քննարկել միմյանց և այլոց հետ:

327. Անհերքելի է, որ որևէ փորձ չի կատարվել գնդակի ուղղությունը պարզելու համար: Կարող է հարց առաջանալ, արդյո՞ք դա կարող էր որոշվել առկա տեղեկության հիման վրա, քանի որ Մորավիա Ռամսահային կրակելուց հետո գնդակը չի թողել որևէ հետք՝ բացառությամբ կոտրված պատուհանը (տե՛ս վերը՝ կետ 230):

328. Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ դիմողների մատնանշած մյուս թերությունները խաթարել են նախաքննության պատշաճությունը: Այս հարցի առնչությամբ Դատարանի եզրահանգումը տարբերվում է Պալատի եզրահանգումից:

329. Ոստիկանների ձեռքերից կրակոցի մնացուկի նմուշներ չվերցնելու, ոստիկան Բրոնսի ծառայողական զենքը և զինամթերքը փորձաքննության չենթարկելու (տես վերը՝ կետ 236), դեպքի տեսարանը չվերականգնելու և Մորավիա Ռամսահայի մարմնին գնդակով պատճառված վերքի պատշաճ լուսանկարի բացակայության (տես վերը՝ կետ 224) փաստերին որևէ բացատրություն չի տրվել:

330. Ավելին, ոստիկաններ Բրոնսը և Բալստրան դեպքից հետո չեն պահվել իրարից մեկուսի և չեն հարցաքննվել գրեթե երեք օր (տե՛ս վերը՝ 94 և 107 կետեր): Չնայած, ինչպես արդեն նշվել է, չկա որևէ ապացույց առ այն, որ նրանք գաղտնի համաձայնության են եկել միմյանց կամ Ամստերդամի ոստիկանական ուժերի իրենց գործընկերների հետ, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախնական քննության պատշաճության ապահովման էական թերություն:

331. Նախաքննության այս բացթողումներն առավել ցավալի են դառնում այն փաստը հաշվի առնելով, որ բացի ոստիկաններ Բրոնսից և Բալստրայից, չկան մոտ տարածությունից կրակոցի ականատես վկաներ: Դատարանն արդեն արձանագրել է նրանց և ոստիկաններ Բրամի ու Վան Դալի ցուցմունքների միջև եղած հակասությունները. ըստ վերջիններիս՝ իրենք լսել են, որ ոստիկան Բալստրան հաղորդել է, որ ինքն է կրակել, և շտապ օգնություն է խնդրել: Մինչդեռ, ըստ ոստիկաններ Բրոնսի և Բալստրայի՝ կրակել է ոստիկան Բրոնսը (տե՛ս վերը՝ կետ 275):

332. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչը դրսևորվել է նրանում, որ Մորավիա Ռամսահայի մահվան հետ կապված հանգամանքների կապակցությամբ նախաքննությունը եղել է ոչ պատշաճ:

 

(ii) Ոստիկանական նախաքննության անկախությունը

 

333. Պետական քննչական գործակալության անկախությունը Մեծ պալատի առջև չի վիճարկվել, ուստի Մեծ պալատը չի գտնում որևէ պատճառ այս հարցի կապակցությամբ հանգելու Պալատի եզրահանգումից տարբերվող եզրահանգման:

334. Այնուամենայնիվ, մինչև Պետական քննչական գործակալության՝ նախաքննության մեջ ներգրավումն անցել է տասնհինգ ժամ (տե՛ս վերը՝ կետ 89): Այս ձգձգման կապակցությամբ որևէ բացատրություն չի տրվել:

335. Անվիճելի է, որ նախաքննության էական հատվածն իրականացվել է այն նույն ոստիկանական ուժերի՝ Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից, որին պատկանել են ոստիկաններ Բրոնսը և Բալստրան: Այդ ուժերի կողմից է իրականացվել դեպքի վայրի զննությունը, վկաների, ներառյալ՝ Ամստերդամի ոստիկանական ուժերին պատկանող ոստիկանների որոնումը և նրանց սկզբնական հարցաքննությունը (տե՛ս վերը՝ 26-88 կետեր):

336. Այն բանից հետո, ինչ նախաքննության մեջ ներգրավվել էր Պետական քննչական գործակալությունը, հետագա նախաքննությունը շարունակվել էր իրականացվել Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից, չնայած նրան, որ վերջիններս գործել էին Պետական քննչական գործակալության կարգադրության հիման վրա և այդ Բաժանմունքի պատասխանատվության ներքո (տե՛ս վերը՝ կետ 89):

337. Դատարանն առիթ է ունեցել ճանաչելու 2-րդ հոդվածի խախտում՝ ընթացակարգային տեսանկյունից, ինչը դրսևորվել է նրանում, որ հանրային իշխանության պատասխանատվություն առաջացնող հանգամանքներում մահվան կապակցությամբ նախաքննությունն իրականացվել է ներգրավված անձանց անմիջական գործընկերների կողմից (տե՛ս վերը հիշատակված Aktaş-ի գործը, կետ 301): Այլ մարմնի կողմից վերահսկողությունը, եթե նույնիսկ այդ մարմինն անկախ է, նախաքննության անկախության բավարար երաշխիք չէ (տե՛ս վերը հիշատակված Hugh Jordan-ի գործը, կետ 120 և McKerr-ի գործը, կետ 128):

338. Չնայած ընդունելի է, որ մինչ անկախ քննիչների ժամանելը նախաքննությանը տեղական ոստիկանությանը չներգրավելը կարող էր հանգեցնել կարևոր ապացույցների կորստի կամ ոչնչացման, այնուամենայնիվ, Կառավարությունը չի մատնանշել որևէ կոնկրետ հանգամանք, որը սույն գործում հանգեցրել է տեղական ոստիկանական ուժերի անհապաղ գործողության անհրաժեշտությանը. բացառություն է հանդիսանում տեղանքի շրջափակումը: Դատարանը կարիք չունի այս հարցի վերացական քննարկման:

339. Ավելին, Դատարանի կողմից քննության առնված մեկ այլ գործում, կրկին ընդդեմ Նիդեռլանդների, Պետական քննչական գործակալությունը դեպքի վայր էր ժամանել կրակոցից չորսուկես ժամ անց (տե՛ս Romijn v. the Netherlands-ի գործով որոշումը, թիվ 62006/00, 2005թ. մարտի 3): Ի լրումն, ինչպես Արդարադատության նախարարը նշել է Պառլամենտին ուղղված իր գրության մեջ, Պետական քննչական գործակալությունը կարող է դեպքի վայրում հայտնվել ոչ ավելի, քան մեկուկես ժամվա ընթացքում: Ուստի տասնհինգուկես ժամվա ուշացումն անընդունելի է:

340. Ինչ վերաբերում է Պետական քննչական գործակալության ներգրավումից հետո Ամստերդամի ոստիկանական ուժերի նախաքննությանը, Դատարանը գտնում է, որ Բաժանմունքի հետագա ներգրավումը բավարար չէր անկախության պահանջի կատարումն ապահոված համարելու համար:

341. Այս հիմքերով Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչը դրսևորվել է նրանում, որ ոստիկանության նախաքննությունը բավարար չափով անկախ չի եղել:

 

(iii) Դատախազի դերը

 

342. Ոստիկանական նախաքննությունը կատարվել է Ամստերդամի դատախազի վերահսկողության ներքո, որը պատասխանատու է Ֆլիերբոսդրեֆի ոստիկանատանն իրականացված ոստիկանական աշխատանքի համար (տե՛ս վերը՝ կետ 89): Միևնույն դատախազը, ում լիազորությունը պատվիրակվել էր ավագ դատախազի կողմից, որոշում է կայացրել ոստիկան Բրոնսի դեմ հետապնդում չսկսելու մասին (տե՛ս վերը՝ կետ 237):

343. Նիդեռլանդներում Դատախազությունը, որը թեև չունի լիակատար իրավական անկախություն (տե՛ս վերը՝ կետ 250), ունի իր ինքնուրույն՝ ոստիկանությունից անջատ, աստիճանակարգային կառուցվածքը: Ոստիկանությունը քրեական իրավունքի օպերատիվ հարցերում և արդարադատության իրականացման հարցերում ենթակա է այդ ծառայությանը (տե՛ս վերը՝ 251 և 252 կետեր):

344. Դատախազներն անխուսափելիորեն հիմնվում են ոստիկանության տեղեկատվության և աջակցության վրա: Դա ինքնին բավարար չէ եզրակացնելու համար, որ ոստիկանության հետ հարաբերություններում նրանք չունեն բավարար անկախություն: Հիմնախնդիրը կարող է, այնուամենայնիվ, ծագել այն ժամանակ, երբ տվյալ դատախազը սերտ աշխատանքային հարաբերություններ ունի կոնկրետ ոստիկանական ուժերի հետ:

345. Սույն գործում նախընտրելի կլիներ, որ նախաքննությունը վերահսկվեր Ամստերդամի ոստիկանական ուժերի հետ կապ չունեցող դատախազի կողմից՝ հատկապես հաշվի առնելով Ամստերդամի ոստիկանական ուժերի ներգրավվածությունը նախաքննությանը: Նույնիսկ այս պարագայում, պետք է հաշվի առնվի Նիդեռլանդների Դատախազության անկախության աստիճանը և այն փաստը, որ նախաքննության համար վերջնական պատասխանատվությունը կրում է ավագ դատախազը: Ավելին, առկա է նաև անկախ դատական ատյանի կողմից վերանայման հնարավորություն, որից և օգտվել են դիմողները:

346. Ուստի այս կապակցությամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

 

(c) Դիմողների ներգրավումը

 

347. Ոստիկանական արձանագրությունների և քրեական գործի նյութերի հրապարակումը կարող էր վերաբերել նուրբ հարցերի, որոնք կարող էին մասնավոր անձանց մոտ կամ այլ նախաքննություններով նախադատություն առաջացնել: Ուստի 2- րդ հոդվածի պարտադիր պահանջ չի կարելի համարել այն, որ մերձավոր ազգականներին թույլատրվի հետևել նախաքննությանը, քանի դեռ այն ընթացքի մեջ է: Հանրության և զոհի հարազատների անհրաժեշտ ներգրավումը կարող է ապահովվել վարույթի այլ փուլերում (ի թիվս այլոց, տե՛ս վերը հիշատակված McKerr-ի գործը, կետ 129):

348. Դատարանը գտնում է, որ 2-րդ հոդվածը քննչական մարմիններին չի պարտավորեցնում նախաքննության ընթացքում բավարարել քննչական գործողությունների վերաբերյալ զոհի հարազատների ցանկացած պահանջ:

349. Պալատը գտել է, որ դիմողների համար նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունների մատչելիությունն ապահովվել է այնչափով, որչափով դա բավարար էր ոստիկան Բրոնսի դեմ հետապնդում չսկսելու մասին որոշումը վիճարկելու նպատակով հարուցված վարույթին նրանց արդյունավետ մասնակցության համար: Դատարանը նկատել է, որ կողմերից ոչ մեկն այս հարցի կապակցությամբ նոր փաստարկ չի ներկայացրել: Ուստի այս հարցում Դատարանը համաձայնում է Պալատի հետ և չի գտնում որևէ պատճառ հանգելու այլ եզրակացության:

350. Ուստի այս կապակցությամբ 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

 

(d) Վարույթը վերաքննիչ դատարանում

 

351. Մեծ պալատին ներկայացված փաստարկները վերաբերում էին նրան, թե արդյոք վերաքննիչ դատարանում վարույթը և նրա ընդունած որոշումը պետք է լինեին հրապարակային:

352. Ստորև Դատարանը կանդրադառնա այն հարցին, թե արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի է Նիդեռլանդների Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա հարուցված վարույթի նկատմամբ: 2-րդ հոդվածի նպատակների համար, այնուամենայնիվ, Դատարանը համաձայն է Պալատի հետ, որ այդ վարույթը չպետք է նույնացվի հետապնդման հետ, այլ պարզապես նպատակ ունի թույլատրել հետապնդում չսկսելու մասին որոշման վիճարկումը:

353. 2-րդ հոդվածն այնքան տարածական չէ, որպեսզի պահանջի, որ մահվան կապակցությամբ քննության բոլոր փուլերը լինեն հրապարակային: Ինչպես նշված է, մասնավորապես, Anguelova-ի գործում (տե՛ս վերը՝ կետ 321), պետք է ստուգվի, թե արդյոք առկա է նախնական քննության կամ դրա արդյունքների նկատմամբ հանրության հետաքրքրության բավարար տարր՝ ապահովելու համար հաշվետու լինելը՝ գործնականորեն և տեսականորեն, պահպանելու համար իրավունքի գերակայությանն իշխանությունների հավատարմության նկատմամբ հասարակության վստահությունը և կանխելու համար անօրինական գործողությունների կապակցությամբ գաղտնի համաձայնության կամ հանդուրժողականության ցանկացած դրսևորում: Այս կապակցությամբ պետք է ընդունել, որ հասարակության հետաքրքրության աստիճանը կարող է տարբերվել ըստ գործերի:

354. Անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Դատարանը համաձայն է Պալատի հետ այն հարցում, որ անհրաժեշտ չէր, որ վերաքննիչ դատարանում վարույթը լիներ հրապարակային: Ի տարբերություն Պալատի, սակայն, Դատարանը գտնում է, որ հրապարակայնության պահանջ չի կարող ներկայացվել նաև այդ վարույթի արդյունքում ընդունված որոշմանը: Դիմողներին թույլատրվել է լիարժեք ծանոթանալ նախաքննության գործի նյութերին, և նրանք կարողացել են արդյունավետորեն մասնակցել վերաքննիչ դատարանի վարույթին. նրանց տրամադրվել է պատճառաբանված որոշում: Ուստի, գրեթե անհավանական է, որ գործում ներգրավված որևէ մարմին կարող էր համապատասխան տեղեկությունը թաքցնել վերաքննիչ դատարանից կամ դիմողներից: Ի լրումն, հաշվի առնելով, որ դիմողների համար չկար որևէ խոչընդոտ անձամբ որոշումը դարձնելու հրապարակային, Դատարանը գտնում է, որ հրապարակայնության պահանջը բավարարված է այն ծավալով, որ բավարար է խուսափելու Նիդեռլանդների իշխանությունների կողմից որևէ բան թաքցնելու վտանգից:

355. Ուստի 2-րդ հոդվածի խախտում՝ կապված վերաքննիչ դատարանում վարույթի հետ, տեղի չի ունեցել:

 

(e) Եզրահանգում

 

356. Կիրառելի չափորոշիչներին Մորավիա Ռամսահայի մահվան հետ կապված նախնական քննության անհամապատասխանությունը դրսևորվել է նրանում, որ այն չի բավարարում նախնական քննության պատշաճության պահանջը (տե՛ս վերը՝ կետ 332), և այն կատարվել է այն ոստիկանական ուժերի կողմից, որոնց պատկանում էին ոստիկաններ Բրոնսը և Բալստրան (տե՛ս վերը՝ կետ 341): Այդպիսով, այդ նախաքննությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորությանը:

357. Այնուամենայնիվ, 2-րդ հոդվածի խախտում չի հանդիսացել այն, որ նախաքննությունը վերահսկվել է այն դատախազի կողմից, ում ենթակայության տակ գտնվել են ոստիկաններ Բրոնսն ու Բալստրան և նրանց գործընկերները (տե՛ս վերը՝ կետ 346), դիմողների համար նախաքննության մատչելիության պայմանները (տե՛ս վերը՝ կետ 350), Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա հրապարակային դատավարության բացակայությունը, ինչպես նաև այն փաստը, որ վերաքննիչ դատարանի 1999թ. ապրիլի 26-ի որոշումը չի եղել հրապարակային (տե՛ս վերը՝ կետ 355):

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

358. Կոնվենցիայի 6-րդ հոդվածը գործին առնչվող մասով նախատեսում է.

«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային լսումների իրավունք: Վճիռը հայտարարվում է հրապարակավ, սակայն մամուլի ներկայացուցիչների ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ դրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը…»:

 

1. Պալատի վճիռը

 

359. Պալատը գտել է, որ Նիդեռլանդների Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա հարուցված վարույթում չեն որոշվել քաղաքացիական իրավունքներ կամ պարտականություններ, և այն չի վերաբերել քաղաքացիական գործ հարուցելու՝ դիմողի ցանկությանը: Ուստի 6- րդ հոդվածը կիրառելի չէ այդ հոդվածի քաղաքացիաիրավական հարաբերությունների մասով: Այդ հոդվածը կիրառելի չէ նաև դրա քրեաիրավական հարաբերությունների մասով. «ընդդեմ նրա» արտահայտությունը վկայում է, որ քրեական գործերում այդ հոդվածի երաշխիքները կիրառվում են այն անձի առնչությամբ, ում դեմ քրեական մեղադրանք է առաջադրված:

 

2. Դատարանի որոշումը

 

360. Ո՛չ դիմողները, ո՛չ Կառավարությունը որևէ փաստարկ չեն ներկայացրել Մեծ պալատին: Ուստի Դատարանը չի գտնում որևէ պատճառ շեղվելու Պալատի որոշումից և, հետևաբար, գտնում է, որ 6-րդ հոդվածը կիրառելի չէ:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

361. Կոնվենցիայի 13-րդ հոդվածը նախատեսում է.

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

 

1. Պալատի վճիռը

 

362. Պալատը գտնելով, որ այս դրույթի վրա հիմնված՝ դիմողների գանգատը համընկնում է 2-րդ հոդվածի վրա հիմնված գանգատի հետ՝ կապված ընթացակարգի հետ, սահմանափակվում է վերջինիս վերաբերյալ իր եզրահանգումներով: Այն գտնում է, որ 13-րդ հոդվածի հիման վրա առանձին հարց չի առաջանում:

 

2. Դատարանի որոշումը

 

363. Ինչպես Պալատը, Դատարանը ևս գտնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա առանձին հարց չի առաջանում:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

364. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի բավարարում է տրամադրում:»

 

A. Վնասը

 

1. Պալատի վճիռը

 

365. Որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ Պալատն ընդհանուր առմամբ տրամադրել է 20 000 եվրո:

 

2. Դիմողների պահանջը

 

366. Ինչպես Պալատի առջև, դիմողները պահանջել են 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Նյութական վնասի կապակցությամբ նրանք պահանջ չեն ներկայացրել:

367. Կառավարությունը դիմողների պահանջը համարել է չափազանցված: Կառավարությունը բավականին մեծ է համարել նաև Պալատի տրամադրած գումարի չափը՝ հաշվի առնելով, որ խախտումը կրել է միայն ընթացակարգային բնույթի:

 

3. Դատարանի որոշումը

 

368. Որոշում կայացնելով արդարության հիմքով, Դատարանը որպես ոչ նյութական վնասի հատուցում դիմողներին տրամադրել է 20 000 եվրո՝ հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել այդ գումարից:

 

B. Ծախսեր և ծախքեր

 

1.Պալատի վճիռը

 

369. Պալատը դիմողներին տրամադրել է 8 000 եվրո, որը նվազեցվել է 701 եվրո գումարով, ինչը նրանք որպես իրավաբանական օգնություն ստացել էին Եվրոպայի խորհրդից, հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել այդ գումարից:

 

2. Դիմողների պահանջները. Մեծ պալատին ներկայացված փաստարկները

 

370. Դիմողները պահանջել են 1 818.18 եվրո, ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը, կապված ներպետական վարույթների հետ, այսինքն՝ այն գումարը, որը ծախսվել է մինչև վերաքննիչ դատարանի որոշման կայացումը: Պալատում վարույթի համար նրանք պահանջել են 11 872.10 եվրո, ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը, նվազեցված 701 եվրո գումարով, ինչը նրանք որպես իրավաբանական օգնություն ստացել էին Եվրոպայի խորհրդից:

371. Ի լրումն, նրանք պահանջել են 1 800 եվրո Պալատում վարույթի ընթացքում փաստաբանին վարձատրելու համար, և ևս 900 եվրո՝ որպես ճանապարհածախս և բնակության ծախս, որոնք կատարվել են Մեծ պալատի լսումներին ներկայանալու համար:

372. Պահանջվող ընդհանուր գումարը կազմել է 15 682.28 եվրո, որը նվազեցվում է Պալատի և Մեծ պալատում վարույթների ընթացքում Եվրոպայի խորհրդից որպես օգնություն ստացված գումարներով:

373. Կառավարությունն այս կապակցությամբ մեկնաբանություններ չի ներկայացրել:

 

3. Դատարանի որոշումը

 

374. Դատարանը հաստատում է մինչև Պալատի վճռի կայացումը կատարված ծախսերի և ծախքերի դիմաց Պալատի տրամադրած գումարի չափը:

375. Դատարանի Կանոնակարգի 60-րդ կանոնը գործին առնչվող մասով նախատեսում է.

«…

2. Առաջադրվող բոլոր պահանջները ներկայացվում են առանձին կետերով՝ մանրամասնված, հաստատող փաստաթղթերի հետ մեկտեղ՝ գործի հանգամանքների վերաբերյալ դիմողի բացատրությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետում, եթե Պալատի նախագահն այլ բան չի կարգադրում:

3. Եթե դիմողը չի կատարում նախորդ կետում նշված պահանջները, Պալատը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժել պահանջների բավարարումը: …»

 

376. Դիմողների պահանջները Մեծ պալատում վարույթի առնչությամբ կատարած ծախսերի վերաբերյալ ներկայացվել են 60-րդ կանոնի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո: Այդ ժամկետը բաց թողնելու վերաբերյալ որևէ պատճառաբանություն չի ներկայացվել: Դատարանը մերժում է այդ պահանջը:

377. Ուստի բավարարումը կարող է կատարվել միայն մինչև Պալատում վարույթը կատարված ծախսերի կապակցությամբ: Դատարանը Պալատի տրամադրած գումարը, այն է՝ 8000 եվրո (նվազեցված որպես իրավաբանական օգնություն ստացած 701 եվրո գումարով), համարել է ողջամիտ: Պետք է հաշվի առնվի, որ դիմողներն իրավաբանական օգնություն են ստացել նաև սույն վարույթի ընթացքում:

378. Վերոգրյալի հիման վրա՝ Դատարանը տրամադրում է 7 299 եվրո՝ ծախսերի և ծախքերի դիմաց՝ հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել դրանից:

 

C. Տուգանային տոկոսները

 

379. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:

 

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ

 

1. միաձայն վճռում է, որ Մորավիա Ռամսահային կրակելը չի հանդիսացել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում,

2. տասներեք ձայնով՝ ընդդեմ չորսի, վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչը դրսևորվել է նրանում, որ Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ նախաքննությունը եղել է ոչ պատշաճ,

3. տասնվեց ձայնով՝ ընդդեմ մեկի, վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչը դրսևորվել է նրանում, որ Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ նախաքննությունը եղել է ոչ բավարար չափով անկախ,

4. տասներեք ձայնով՝ ընդդեմ չորսի, վճռում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել՝ կապված Մորավիա Ռամսահայի մահվան կապակցությամբ ոստիկանական նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի դիրքի հետ,

5. միաձայն վճռում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել՝ կապված նախաքննությանը Մորավիա Ռամսահայի հարազատների ներգրավվածության ծավալի հետ,

6. տասնհինգ ձայնով՝ ընդդեմ երկուսի, վճռում է, որ Կոնվենցիայի 2- րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել՝ կապված վերաքննիչ դատարանում վարույթի հետ,

7. տասներեք ձայնով՝ ընդդեմ չորսի, վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէ,

8. միաձայն վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա առանձին հարց չի առաջանում,

9. տասնվեց ձայնով՝ ընդդեմ մեկի, վճռում է, որ.

(a) Պատասխանող պետությունը պետք է դիմողներին երեք ամսվա ընթացքում վճարի հետևյալ գումարները.

(i) 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում,

(ii) 7 299 եվրո՝ կապված ծախսերի և ծախքերի հետ,

(iii) ցանկացած հարկ, որը կարող է գանձվել վերոհիշյալ գումարներից,

(b) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,

10. միաձայն մերժում է դիմողների՝ արդարացի բավարարման հետ կապված մնացած պահանջները:

 

Կատարվել է անգլերենով ու ֆրանսերենով և գրավոր հրապարակվել Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների պալատում, դռնբաց նիստում, 2007թ. մայիսի 15-ին: