ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 36606/08
Նուրադդին Ալի օղլու ՍԱՄԱԴՈՎՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք) 2021 թվականի հունվարի 26-ին, հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Պոլ Լեմենս [Paul Lemmens]՝ Նախագահ,
Գեորգիոս Ա. Սերգիդես [Georgios A. Serghides],
Դմիտրի Դեդով [Dmitry Dedov],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Մարիա Էլոզեգի [Marվa Elցsegui],
Էրիկ Վեննեղշտղյոմ [Erik WennerstrՓm],
Անջա Զայբեղտ-Ֆող [Anja Seibert-Fohr]՝ դատավորներ,
և Միլան Բլաշկո [Milan Blaško]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով 2008 թվականի հուլիսի 4-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմումատուն՝ պրն Նուրադդին Սամադովը, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է, որը ծնվել է 1954 թվականին և ապրում է Գյանջայում:
Ա. Ընդհանուր տեղեկություններ
2. Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի շուրջ ծագեց հակամարտություն։ 1991 թվականի սեպտեմբերին հայտարարվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» («ԼՂՀ». 2017 թվականին վերանվանված՝ «Արցախի Հանրապետություն») ստեղծման մասին, որի անկախությունը չի ճանաչվել որևէ պետության կամ միջազգային կազմակերպության կողմից: 1992 թվականի սկզբին հակամարտությունն աստիճանաբար վերածվեց լայնամասշտաբ պատերազմի։ Պատերազմի ընթացքում էթնիկ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և ամբողջությամբ կամ զգալիորեն գրավեցին Լեռնային Ղարաբաղի հարակից ադրբեջանական յոթ շրջան, այդ թվում՝ Քելբաջարը: Պատերազմն ավարտվեց 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և «ԼՂՀ»-ի միջև հրադադարի մասին համաձայնագրի (Բիշքեկի արձանագրություն) ստորագրմամբ (տե՛ս նաև Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia [GC]], թիվ 13216/05, §§ 12-25, 2015 թվականի հունիսի 16):
3. Պատերազմից հետո հակամարտությանը որևէ քաղաքական կարգավորում չի տրվել. իրավիճակը շարունակում էր մնալ թշնամական և լարված, և տեղի են ունեցել հրադադարի մասին համաձայնագրի պարբերական խախտումներ։ Հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բազմաթիվ առաջարկներ ձախողվել են։ Բանակցություններ են վարվել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և դրա, այսպես կոչված, Մինսկի խմբի հովանու ներքո, որը ստեղծվել է 1992 թվականին (նույն տեղում, §§ 28-31)։ Նախքան Եվրոպայի խորհրդին 2001 թվականի հունվարին անդամակցելը՝ Հայաստանը և Ադրբեջանը Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի առջև պարտավորություններ ստանձնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասով (տե՛ս Խորհրդարանական վեհաժողովի թիվ 221(2000) և թիվ 222(2000) կարծիքները, ինչպես նաև Նախարարների կոմիտեի թիվ 13(2000) և թիվ 14(2000) որոշումները. տե՛ս նաև նույն տեղում, § 50)։ 2002 թվականի ապրիլին երկու պետությունները վավերացրին Կոնվենցիան։ Հայաստանի մասով Կոնվենցիան ուժի մեջ մտավ դրա վավերացման օրը` 2002 թվականի ապրիլի 26-ին:
4. 2020 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց հաջորդեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս ռազմական գործողությունները որևէ ազդեցություն չունեն Դատարանի կողմից սույն գանգատի քննության համար։
Բ. Գործի հանգամանքները
5. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել է դիմումատուն, ամփոփ շարադրվում են ստորև:
6. Դիմումատուն ծնվել է Քելբաջարի շրջանում, որն այդ ժամանակ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս է կազմել, իսկ 1991 թվականի հոկտեմբերից՝ անկախ Ադրբեջանի մաս: Նա ապրել է Քելբաջար քաղաքում, երբ 1993 թվականի ապրիլին նրան ստիպել են հեռանալ, քանի որ էթնիկ հայկական ուժերը ներխուժել և գրավել են այդ շրջանը: Նրան պատկանել է 140 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տուն և հողակտոր, որի վրա գտնվում Էր այդ տունը։ Ի հիմնավորումն սույն պահանջի՝ նա ներկայացրել է սեփականության իրավունքը հաստատող և անձը հաստատող փաստաթղթեր։
7. Քելբաջարի գրավման պատճառով դիմումատուն ի վիճակի չի եղել վերադառնալ իր տուն և իր գույքի մոտ: Դիմումատուն կորցրել է գույքի նկատմամբ վերահսկողությունն ու այն օգտագործելու և դրանից օգտվելու ցանկացած հնարավորություն։ Փոխարենը նա իր ընտանիքի հետ ապրել է իրենց՝ որպես ներքին տեղահանման ենթարկված անձանց համար նախատեսված կացարանում։
ԲՈՂՈՔՆԵՐԸ
8. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և դրա Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ, համաձայն որի իրեն մերժել են իր տուն վերադառնալու հնարավորության հարցում, և ինքը կորցրել է իր գույքից օգտվելու և այն օգտագործելու բոլոր իրավունքները։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
9. Սույն գանգատը ներկայացվել է 2008 թվականի հուլիսի 4-ին, այսինքն` 2002 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի կողմից Կոնվենցիան վավերացնելուց և նույն օրը դրա ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց տարի անց: Այդ իսկ պատճառով հարց է առաջանում՝ արդյոք դիմումատուն գանգատը ներկայացրել է «առանց անհարկի ձգձգումների» և այդպիսով պահպանել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետի կանոնը։
10. Գույքի և տան նկատմամբ իրավունքների ենթադրյալ խախտումներին վերաբերող գործերի առնչությամբ կոնվենցիոն կարգավորումներով ի սկզբանե վճռվել է, որ վեցամսյա ժամկետի կանոնը կիրառելի չէ դեռևս շարունակվող գործի հանգամանքների նկատմամբ, քանի որ այն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այդ հանգամանքները դադարեն գոյություն ունենալուց (տե՛ս, օրինակ՝ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [Cyprus v. Turkey], թիվ 8007/77, Հանձնաժողովի 1978 թվականի հուլիսի 10-ի որոշում, Ո.Զ. 13, սկիզբը՝ էջ 85-ից, էջ 154)։ Այս մոտեցումը պահպանվել է հետագայում ընդունելիության վերաբերյալ շատ որոշումներում. մի քանի որոշումներում վեցամսյա ժամկետին առնչվող խնդիրը քննարկվել է միայն հակիրճ կամ ընդհանրապես չի քննարկվել, քանի որ պատասխանող Կառավարությունն այդ կապակցությամբ փաստարկներ չի ներկայացրել։
11. Դատարանն այնուհետև վեցամսյա ժամկետի կանոնի կիրառմանը վերաբերող համապատասխան սկզբունքներն ամփոփել է Վարնավան և այլք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Varnava and Others v. Turkey [GC]] (թիվ 16064/90 և եւս 8-ը, ՄԻԵԴ 2009) գործում, որը վերաբերում էր անհատների անհետացման քննության շարունակական ձախողմանը.
«156. 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետի նպատակն է խթանել իրավական որոշակիությունը՝ ապահովելով, որ Կոնվենցիայով սահմանված հարցեր հարուցող գործերը քննվեն ողջամիտ ժամկետներում, և որ հնարավոր չլինի մշտապես վիճարկել նախկին որոշումները: Այն նախանշում է Կոնվենցիայի մարմինների կողմից իրականացվող վերահսկողության ժամանակային սահմանները, ինչպես նաև եւ՛ անհատներին, և՛ պետական մարմիններին ազդարարում է այն ժամկետը, որից դուրս այդպիսի վերահսկողությունն այլևս հնարավոր չէ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ուոքերն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Walker v. the United Kingdom (dec.)], թիվ 34979/97, ՄԻԵԴ 2000-I):
157. Որպես կանոն, վեցամսյա ժամկետն սկսվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում վերջնական որոշում կայացվելու ամսաթվից։ Սակայն, եթե ի սկզբանե պարզ է լինում, որ իրավական պաշտպանության ոչ մի արդյունավետ միջոց հասանելի չէ դիմումատուին, ապա այդ ժամկետն սկսվում է ակտերը կամ միջոցները բողոքարկելու ամսաթվից կամ այդ ակտի կամ դիմումատուի վրա դրա դրական կամ բացասական ազդեցության մասին տեղեկանալու ամսաթվից (Դեննիսը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Dennis and Others v. The United Kingdom (dec.)], թիվ 76573/01, 2002 թվականի հուլիսի 2): 35-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող նաև մեկնաբանվել այնպես, որով դիմումատուից կպահանջվի բողոք ներկայացնել Դատարան, նախքան այդ հարցի առնչությամբ նրա դիրքորոշումը վերջնականապես ներպետական մակարդակով կհստակեցվի: Հետևաբար, եթե դիմումատուն օգտվում է իրավական պաշտպանության ակնհայտորեն գոյություն ունեցող միջոցից և միայն հետո է տեղեկանում այն հանգամանքների մասին, որոնց արդյունքում պաշտպանության միջոցը դառնում է ոչ արդյունավետ, ապա 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով վեցամսյա ժամկետը նպատակահարմար է հաշվարկել՝ սկսած այն օրվանից, երբ դիմումատուն առաջին անգամ տեղեկացել է կամ կարող էր տեղեկանալ այդ հանգամանքների մասին (տե՛ս Փոլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Paul and Audrey Edwards v. the United Kingdom (dec.)], թիվ 46477/99, 2001 թվականի հունիսի 4):
159. Այնուամենայնիվ, նշվել է, որ վեցամսյա ժամկետը, որպես այդպիսին, չի կիրառվում շարունակական իրավիճակների նկատմամբ (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Ագրոտեքսիմ Հելլաս Ս.Ա.-ն և այլք ընդդեմ Հունաստանի [Agrotexim Hellas S.A. and Others v. Greece] գործը, թիվ 14807/89, Հանձնաժողովի 1992 թվականի փետրվարի 12-ի որոշում, ՈԶ 71, էջ 148, և Քոունն ընդդեմ Ռումինիայի [Cone v. Romania] գործը, թիվ 35935/02, § 22, 2008 թվականի հունիսի 24). սա այն պատճառով, որ եթե առկա է շարունակական խախտման իրավիճակ, ապա գործող ժամկետն սկսում է թարմացվել ամեն օր և միայն այն պահից, երբ իրավիճակը դադարում է, վեցամսյա վերջնական ժամկետը հոսում է մինչև իր ավարտը։ ...
160. Դատարանը չի դադարում ընդգծել, որ Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության համակարգ է, և որ որոշիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ այն մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ այդ իրավունքները դառնան գործնական և արդյունավետ, այլ ոչ տեսական և անիրական: Դա վերաբերում է Կոնվենցիայի ոչ միայն նյութական, այլ նաև ընթացակարգային դրույթների մեկնաբանմանը. այն ազդում է ինչպես պատասխանող Կառավարության վրա դրված պարտավորությունների, այնպես էլ դիմումատուի դիրքորոշման վրա։ Օրինակ՝ ... այն դեպքում, երբ որոշակի գործով խնդիրների լուծման հարցում ժամանակն ունի էական նշանակություն, դիմումատուի վրա դրված է իր պահանջներն անհրաժեշտ արագությամբ Դատարան ներկայացնելու բեռ՝ ապահովելու համար, որ դրանք պատշաճ և արդար կերպով լուծվեն։
161. Այդ համատեքստում Դատարանը կհաստատեր սույն գանգատների առնչությամբ Պալատի որդեգրած մոտեցումը: Ոչ բոլոր շարունակական իրավիճակներն են նույնը. իրավիճակի բնույթը կարող է լինել այնպիսին, որ ժամանակն անցնելն ազդի խնդրո առարկայի վրա։ Անհետացման գործերով, ճիշտ այնպես, ինչպես խիստ կարևոր է, որ համապատասխան ներպետական իշխանություններն անձի՝ կյանքին սպառնացող հանգամանքներում անհետացումից անմիջապես հետո քննություն սկսեն և միջոցներ ձեռնարկեն, անհրաժեշտ է, որ այն դիմումատուները, որոնք անհետացած անձանց հարազատներն են, անհարկի չձգձգեն այդպիսի քննության անարդյունավետության կամ բացակայության վերաբերյալ Դատարան բողոք ներկայացնելը: Ժամանակի ընթացքում վկաների հիշողությունները դառնում են աղոտ, վկաները կարող են մահանալ, կամ նրանց հետքերը կարող են կորչել, ապացույցներն աղավաղվում են կամ դադարում գոյություն ունենալուց, և արդյունավետ քննություն իրականացնելու ցանկացած հեռանկար մեծապես կորցնում է իր նշանակությունը, իսկ Դատարանի կողմից քննությունը և Դատարանի վճիռը կարող են դառնալ իմաստազուրկ և անարդյունավետ։ Հետևաբար, երբ գործը վերաբերում է անհետացմանը, դիմումատուն չի կարող անորոշ ժամկետով սպասել` նախքան Ստրասբուրգի [դատարան] դիմելը։ Նա պետք է դրսևորի որոշակի ջանասիրություն ու նախաձեռնություն և իր բողոքը ներկայացնի առանց անհարկի ձգձգումների»։
Այս նկատառումները վերահաստատվել են մի քանի այլ վճիռներում (տե՛ս, օրինակ, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և եւս 2-ը, §§ 258-269, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ), որոնք վերաբերել են մահվան և վատ վերաբերմունքի դեպքերով արդյունավետ քննության բացակայությանը)։
12. Հետևաբար նախնական սկզբունքն այն մասին, որ վեցամսյա ժամկետը երբեք չի կիրառվում շարունակական իրավիճակների նկատմամբ, պետք է ասել, որ փոփոխվել է Դատարանի կողմից դիմումատուների համար ջանասիրություն և նախաձեռնություն դրսևորելու պարտականություն սահմանելու միջոցով այն դեպքերում, երբ գործով խնդիրների լուծման հարցում ժամանակն ունի էական նշանակություն (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Վարնավան և այլք գործը, § 160)։ Այդ պարտականությունը չկատարելը կարող է հանգեցնել գանգատի ընդունումը մերժելուն՝ ժամկետից ուշ ներկայացվելու հիմքով։ Ինչպես վեցամսյա ժամկետի կանոնը, այս մոտեցումը նույնպես հիմնված է իրավական որոշակիության սկզբունքի վրա:
13. Ինչպես նշվել է Վարնավան և այլք գործով վճռում, ոչ բոլոր շարունակական իրավիճակներն են նույնը։ Իրավիճակների առարկան և բնույթը կարող են առավել շատ կամ առավել քիչ պահանջներ առաջադրել դիմումատուների ջանասիրության մասով։ Այդ վճռում Դատարանը նկարագրել է անհետացման գործերով ժամանակն անցնելու հետևանքով առաջացած կոնկրետ հետևանքները, այդ թվում՝ իր կողմից քննության՝ իմաստազուրկ և անարդյունավետ լինելու վտանգը (§ 161)։ Չնայած այդպիսի գործերի և գույքից ու տնից օգտվելու հնարավորություն շարունակաբար չունենալուն առնչվող գործերի միջև կան տարբերություններ, և ժամանակն անցնելու հանգամանքն առավել կարևոր հետևանքներ է ունենում այն դեպքում, երբ անհետացումների մասով շարունակաբար քննություն չի իրականացվում, ժամանակի գործոնը վերաբերելի է խնդրո առարկա իրավունքներին և Դատարանի՝ սույն գործով քննությանը։ Դատարանը Դեմոպուլոսը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) [ՄՊ] [Demopoulos and Others v. Turkey] (dec.) [GC]] (թիվ 46113/99 և եւս 7-ը, ՄԻԵԴ 2010) գործով, որը վերաբերում էր հույն կիպրացիների՝ Հյուսիսային Կիպրոսում իրենց գույքից ու տնից օգտվելու հնարավորության շարունակական բացակայության վերաբերյալ բողոքներին, արդեն առիթ է ունեցել նկարագրելու այն դժվարությունները, որոնք ծագում են, երբ դիմումատուները պարբերաբար և անընդհատ պահանջ են ներկայացնում [դատարան] մինչև քաղաքական կարգավորման հասնելը՝ իրենց գույքի և տների օգտագործման իրավունքի կորստի մասով: Դատարանը նշել է, որ այն ժամանակվա սեփականատիրոջ կողմից տիրապետումը կորցնելուց տասնամյակներ հետո գույքը շատ դեպքերում ձեռքից ձեռք է անցել, և որ սեփականության և տիրապետման միջև միշտ եղել է ամուր իրավական և փաստական կապ (նույն տեղում, § 111):
Դատարանն այդ գործով, որը չէր վերաբերում վեցամսյա ժամկետի կանոնին, վճռել է, որ ժամանակի ընթացքում տվյալ գույքի սեփականատիրոջ կարգավիճակ ունենալու, դրա տիրապետման և օգտագործման միջև կապի թուլացումը հետևանքներ է ունեցել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի մեկնաբանման համար (նույն տեղում, § 113): Նույն կերպ, Դատարանը համարում է, որ ժամանակն անցնելու հանգամանքի ազդեցությունը չի կարող անտեսվել այն դեպքում, երբ շոշափվում է վեցամսյա ժամկետի կանոնի մեկնաբանումը։
14. Ինչպես Վարնավան և այլք գործի դեպքում (վերևում հիշատակված), սույն գործում ևս խնդիրը վերաբերում է հակամարտությանը հաջորդող բարդ համատեքստում անձանց լայն խմբերի վրա ազդող շարունակական իրավիճակին։ Ինչ վերաբերում է Չիրագովը և այլք գործի շրջանակներում ուսումնասիրված՝ սույն գործին առնչվող համատեքստին, Դատարանը եզրակացրել է, որ Կոնվենցիայի մասով դիմումատուների բողոքների հետ կապված փոխհատուցում տրամադրող և հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար ապահովող իրավական պաշտպանության որևէ ներպետական միջոց նրանց հասանելի չի եղել (տե՛ս վերևում հիշատակված՝ Չիրագովը և այլք [ՄՊ] գործը, § 118-120)։ Հետևաբար դիմումատուների համար ողջամիտ կարող է լինել սպասել քաղաքական գործընթացների այնպիսի արդյունքի, ինչպիսիք են խաղաղ բանակցություններն ու քննարկումները, որոնք տվյալ պարագայում կարող են լուծում գտնելու միակ իրատեսական հույսը լինել: Այնուամենայնիվ, կարող է գալ ժամանակ, երբ դիմումատուն ինքը պետք է ընթացք տա իր գործին, քանի որ անփոփոխ իրավիճակում անգործություն ցուցաբերելն այլևս արդարացված չի լինի: Այն պահից, երբ դիմումատուին հայտնի է դարձել կամ կարող էր հայտնի դարձած լինել, որ չկա կանխատեսելի ապագայում իր գույքից և տնից օգտվելու հնարավորությունը վերականգնելու որևէ իրական հույս, գանգատն առանց բացատրության կամ անհարկի ուշ ներկայացնելը կարող է հանգեցնել դրա ընդունումը մերժելուն՝ ժամկետից ուշ ներկայացվելու հիմքով (տե՛ս Չիրագովը և այլք (որոշում) [ՄՊ], թիվ 13216/05, § 140-141, 2011 թվականի դեկտեմբերի 14):
15. Չիրագովը և այլք գործով ընդունելիության վերաբերյալ որոշման մեջ Դատարանը չի նշել դիմումատուների՝ ջանասիրություն դրսևորելու պարտականության մասով ընդհանուր ժամկետները: Այնուամենայնիվ, դրանում նշվել է, որ ժամկետները պետք է լինեն երկար՝ իրավիճակի կարգավորումը հնարավոր դարձնելու և դիմումատուներին ներպետական մակարդակում լուծում գտնելու հնարավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ հավաքագրել թույլատրելու համար։ Այդ գործով, հաշվի առնելով դիմումատուների հարկադիր տեղահանումից հետո անցած ժամանակը, դրա արդյունքում նրանց անձնական բնույթի հանգամանքներն ու քաղաքական բանակցությունների առկայությունը, Դատարանը գտել է, որ գանգատը ներկայացնելով Հայաստանի կողմից Կոնվենցիան վավերացվելուց շուրջ երեք տարի անց՝ դիմումատուները գործել են առանց անհարկի ձգձգումների (տե՛ս վերևում հիշատակված՝ Չիրագովը և այլք (որոշում) [ՄՊ] գործը, § 143-147): Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի [Sargsyan v. Azerbaijan] նմանօրինակ գործում [Կոնվենցիան] վավերացվելուց հետո անցած չորս տարի և գրեթե չորս ամիս ժամանակահատվածը նույնպես ընդունելի է համարվել (տե՛ս վերևում հիշատակված՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի (որոշում) [ՄՊ] գործը, թիվ 40167/06, §§ 142-146, 2011 թվականի դեկտեմբերի 14):
16. Դատարանը վերահաստատում է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու համատեքստում Հայաստանը և Ադրբեջանը 2000 թվականին համատեղ պարտավորություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու շուրջ (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը): Այդ պարտավորությունը և պետությունների կողմից 2002 թվականի ապրիլին Կոնվենցիայի վավերացումը հանգեցրին ակտիվ շփումների և բանակցությունների փուլի: Այսպիսով, դիմումատուները, ինչպես հարյուր հազարավոր փախստականներ և ներքին տեղահանման ենթարկված անձինք, Կոնվենցիայի վավերացումից և ուժի մեջ մտնելուց որոշ ժամանակ հետո կարող էին ողջամտորեն ակնկալել, որ ի վերջո ձեռք կբերվի հակամարտության լուծում, որը կպարունակի գույքային խնդիրների կարգավորման և տեղահանման ենթարկված անձանց վերադարձի հարցի համար հիմք՝ որպես մեկ ասպեկտի (տե՛ս վերևում հիշատակված՝ Չիրագովը և այլք (որոշում) [ՄՊ] գործը, § 144-145):
17. Այնուամենայնիվ, մի քանի տարի անց հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հույսերը պետք է համարել շատ թույլ: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ 1992 թվականին այդ նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վարված բանակցությունները (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը) Կոնվենցիայի վավերացմանը հաջորդած տարիներին չեն հանգեցրել հակամարտության կողմերի միջև որևէ համաձայնության ձեռքբերման: Ուստի Հայաստանի կողմից Կոնվենցիայի վավերացումից մի քանի տարի անց հավանական դիմումատուները պետք է որ իրազեկված լինեին, որ այլևս չկա կանխատեսելի ապագայում իրենց գույքից և տնից օգտվելու հնարավորությունը վերականգնելու որևէ իրական հույս:
18. Սույն դիմումատուն իր գանգատը ներկայացրել է Հայաստանի կողմից Կոնվենցիայի վավերացումից և դրա ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց տարի հետո: Բացի այդ, գանգատը ներկայացնելու պահին Քելբաջարի՝ իր ենթադրյալ գույքից և տնից հարկադիր տեղահանումից հետո անցել է ավելի քան տասնհինգ տարի: Նախկին բնակավայր վերադառնալու կամ որևէ կերպ իր գույքից ու տնից օգտվելու կամ փոխհատուցում ստանալու նրա անկարողությունը, այդպիսով, անփոփոխ էր մնացել բավականին երկար ժամանակ, որի ընթացքում ներպետական օրենսդրության մակարդակում որևէ միջնորդություն չի ներկայացվել, կամ որևէ վարույթ չի իրականացվել, և հակամարտությանը քաղաքական կարգավորում տալու որևէ հեռանկար չէ եղել։ Ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսում գույքային իրավունքների ճանաչման պահանջ ներկայացնող հույն կիպրացի քաղաքացիների, որոնց 2005 թվականի դեկտեմբերից ընձեռվել է Անշարժ գույքի հանձնաժողով անշարժ գույքի դիմաց փոխհատուցման, փոխանակման և իրավունքների վերականգնման պահանջով դիմելու հնարավորություն (տե՛ս վերևում հիշատակված՝ Դեմոպուլոսը և այլք գործը, §§ 35-40), և հետևաբար նրանք կարող էին սպասել համապատասխան վարույթի ելքին, ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Ադրբեջանում չեն եղել գույքային պահանջներին առնչվող մեխանիզմներ կամ այլ ընթացակարգեր, որոնց ավարտին դիմումատուն և մյուս հավանական պահանջատերերը պետք է սպասեին՝ նախքան Դատարան դիմելը: Ավելին, որևէ այլ նշում չկա այն մասին, որ դիմումատուն ի վիճակի չի եղել ավելի քիչ ուշացումով ներկայացնել իր գանգատը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ 2004-2007 թվականներին Դատարան են ներկայացվել ավելի քան հազար նմանօրինակ գանգատներ։ Դատարանի կարծիքով, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի՝ տեղահանման ենթարկված անձի կարգավիճակը, նշված վեց տարուց ավելի ժամկետը պետք է չափազանցված համարել։ Հետևաբար, 2008 թվականի հուլիսի 4-ին ներկայացնելով իր գանգատը, դիմումատուն չի գործել պատշաճ ջանասիրությամբ:
Այսպիսով, գանգատի ընդունումը պետք է մերժվի՝ ժամկետից ուշ ներկայացվելու հիմքով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի։
Այս հիմնավորմամբ Դատարանը մեծամասնության ձայներով՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի փետրվարի 18-ին:
Միլան Բլաշկո Քարտուղար |
Պոլ Լեմենս Նախագահ |