Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5471/14
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Incorporation (03.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.05.2022
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.03.2022
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2022

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Գանգատ թիվ 5471/14

 

Ժուլետա ԱՄԱՐԻԿՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի փետրվարի 8-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գուերրա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Երևանում բնակվող, 1960 թվականին ծնված, Երևանում գործող իրավաբան պրն Տ. Հայրապետյանի կողմից ներկայացվող տկն Ժուլետա Ամարիկյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 5471/14),

հոգեբուժական հիվանդանոցում դիմումատուի կալանքի ենթադրյալ ոչ պատշաճ պայմաններին վերաբերող՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն բողոքների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության նախորդ լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանի, իսկ հետագայում՝ նրանց ներկայիս լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի կողմից ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ԳՈՐԾԻ քննության ԱՌԱՐԿԱՆ

 

1. Դիմումատուն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն բողոք է ներկայացնում «Ավան» հոգեբուժական հիվանդանոցում (հիվանդանոց) իր կալանքի պայմանների վերաբերյալ։ Նա հաշմանդամ է և քայլում է ձեռնափայտով կամ հենակով։ Ունի մեղրի նկատմամբ ալերգիա, և 2012 թվականին նրա մոտ ախտորոշվել է զառանցական խանգարում։

2. 2013 թվականի մայիսի 30-ին դիմումատուին բուժման նպատակով հարկադրաբար տեղափոխել են հիվանդանոց՝ նախորդ օրը նրա ենթադրյալ բռնի վարքագծի վերաբերյալ նրա եղբոր բողոքից հետո, որի հետ նա, ըստ երևույթին, լարված հարաբերություններ է ունեցել: Դիմումատուի մոտ ի սկզբանե ախտորոշվել էր «ծանր զառանցական համախտանիշ», և համարվում էր վտանգավոր: Դատարանի որոշմամբ նրան տեղափոխել են հիվանդանոց՝ պարտադիր ստացիոնար բուժման։ 2013 թվականի հունիսի 28-ին նա դուրս է գրվել և գտնվել է տեղի հոգեբույժի վերահսկողության ներքո։

3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ հիվանդանոցում գտնվելու ամբողջ ընթացքում ստիպված է եղել քնել ճաշարանում տեղադրված՝ չպաստառապատված բազմոցին՝ մյուս պացիենտների մշտական աղմուկի պատճառով զրկված լինելով անձնական տարածքից և քնից և չունենալով անկողնային պարագաներ, որոնք հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել։ Հիվանդանոցում սննդի վատ որակի պատճառով իր կալանքի առաջին օրերին նա չի կարողացել որևէ բան ուտել և ավելի ուշ մի բուժքրոջ օգնությամբ ստիպված է եղել հիվանդանոցի տարածքից դուրս գտնվող խանութներից նախուտեստներ գնել, քանի որ նրան տհաճ էր հիվանդանոցի միօրինակ սնունդը։ Հատկանշական է, որ նախաճաշին նրան տվել են մեկ բուլկի և մի քիչ մեղր, որի նկատմամբ ալերգիկ էր, իսկ երկրորդ նախաճաշին՝ ոչ սուր համով բրնձի շիլա, որից նա հրաժարվել էր, քանի որ այն փորձելուց հետո իրեն լավ չէր զգացել։ Ոչ մի օճառ, սրբիչ, ատամի խոզանակ կամ ատամի մածուկ չի տրամադրվել, և նա պարբերաբար ստիպված է եղել անձնակազմից զուգարանի թուղթ խնդրել: Հիվանդանոցում գտնվելու ընթացքում ցնցուղ չի ընդունել և ստիպված է եղել մաշկը մաքրել կտորով՝ օգտագործելով սառը ջուր: Դիմումատուն առանց բացատրության պնդել է նաև, որ կալանքի ամբողջ ընթացքում չի ունեցել իր հագուստը փոխելու որևէ հնարավորություն։ Ի տարբերություն մյուս պացիենտների՝ նրան չէին թույլատրում բացօթյա զբոսանքներ։ Նրա կապն արտաքին աշխարհի հետ սահմանափակված էր, և նրան թույլ չէին տվել իր բջջային հեռախոսից զանգեր կատարել։ Հիվանդանոցի անձնակազմը նրան ստիպել է դեղորայք ընդունել՝ հաշվի չառնելով նրա ալերգիան, իսկ դուրս գրվելիս նրան ենթադրաբար բռնի ուժով անհայտ դեղամիջոց են ներարկել, ինչի հետևանքով ցավեր է ունեցել ոտքի և մեջքի հատվածում։ Հիվանդանոցի վատ պայմանների պատճառով նրա առողջական վիճակը վատացել էր, և նա ցավեր էր ունենում մեջքի ու կողոսկրերի շրջանում։

4. 2013 թվականի հունիսի 6-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) մոնիթորինգի առաքելությունը՝ որպես Մարդու իրավունքների հասարակական կազմակերպություն, այցելել է հիվանդանոց և հարցազրույց վերցրել դիմումատուից։ ՀՔԱՎ-ի զեկույցում մասնավորապես նշվում է, որ թեև պացիենտները սովորաբար ստանում էին սրբիչ, օճառ և զուգարանի թուղթ, այնուամենայնիվ, ատամի մածուկ և ատամի խոզանակ չէին տրամադրվում։ Ավելին, պացիենտներից ոչ մեկին չի տրվել սեփական օճառ կամ զուգարանի թուղթ, և նրանք ստիպված են եղել հիվանդանոցի անձնակազմից զուգարանի թուղթ խնդրել։ Հիվանդանոցում սնունդը միատեսակ էր և վատ որակի, հիմնականում բաղկացած էր մակարոնեղենից կամ բրնձի շիլաներից, որոնցում չկար համապատասխան քանակությամբ աղ կամ ձեթ: Նախաճաշը ներառում էր բուլկի, կարագ, մեղր և հյութ, բուլկիների և հյութի որակը թե՛ պացիենտներին, թե՛ անձնակազմին չէր գոհացնում։ Զեկույցում նաև հղում է կատարվել դիմումատուի հարցազրույցին, որի ընթացքում վերջինս ներկայացրել է վերոգրյալ 3-րդ պարբերությունում նշված նմանատիպ պնդումներ, և այն, որ նա ցնցուղ չի ընդունել, քանի որ նրան տհաճ էր։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

5. Դատարանը նշում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ի իր դիտարկումներում դիմումատուն բողոքել է, որ հիվանդանոցն իրեն չի տրամադրել իր հաշմանդամությանը համապատասխան մահճակալ կամ որևէ բուժքրոջ չի հանձնարարել օգնել իրեն ցնցուղ ընդունել։ Բացի այդ, չհերքելով Կառավարության պնդումներն այն մասին, որ նրա՝ հիվանդանոցի հարակից տարածքում իրականացվող զբաղմունքի մասով ֆորմալ սահմանափակումներ չեն եղել, դիմումատուն բողոքել է, որ, չնայած իր հաշմանդամությանը, իշխանության մարմինները որևէ դրական քայլ չեն ձեռնարկել, որպեսզի ապահովեն նրա մասնակցությունը դրան։ Դատարանը, այնուամենայնիվ, գտնում է, որ սրանք Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն նոր և առանձին բողոքներ են, որոնք պետք է համապատասխանեն ընդունելիության պահանջներին (տե՛ս Ռոդամիլյանը և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 135, 2018 թվականի մարտի 20)։

6. Դիմումատուի կալանքն ավարտվել է 2013 թվականի հունիսի 28-ին, մինչդեռ նա սույն բողոքները ներկայացրել է ավելի ուշ՝ 2017 թվականին։ Նույնիսկ ենթադրելով, որ չեն եղել սպառման ենթակա իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, սույն բողոքները ներկայացվել են վեցամսյա ժամկետից հետո (տե՛ս Ուլեմեկն ընդդեմ Խորվաթիայի [Ulemek v. Croatia], թիվ 21613/16, § 92, 2019 թվականի հոկտեմբերի 31) և հետևաբար պետք է մերժվեն՝ համաձայն 35-րդ հոդվածի 4-րդ կետի։

7. Դատարանը նաև ավելորդ է համարում անդրադառնալ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությանը, քանի որ գանգատը բոլոր դեպքերում անընդունելի է ստորև նշված պատճառներով։

8. Հոգեբուժական հաստատություններում կալանքի պայմանների վերաբերյալ ընդհանուր սկզբունքները, հղում կատարելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, ամփոփվել են Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [Stanev v. Bulgaria] ([GC][ՄՊ], թիվ 36760/06, §§ 201-206, ՄԻԵԴ 2012թ.) գործում: Ինչ վերաբերում է կալանքի պայմանների վերաբերյալ գործերում հաստատված՝ ապացուցելիության չափանիշին, ապա Դատարանը հղում է կատարում Մուրշիչն ընդդեմ Խորվաթիայի [Muršić v. Croatia] ([GC][ՄՊ], թիվ 7334/13, §§ 127-128, 2016 թվականի հոկտեմբերի 20) գործում նշված սկզբունքներին։

9. Դատարանը նշում է, որ ենթադրյալ անմարդկային և նվաստացնող պայմաններում դիմումատուի կալանքը տևել է ընդհանուր 29 օր։

10. Կողմերի միջև առկա է համընդհանուր կարծիք, որ դիմումատուի՝ հիվանդանոց ընդունվելուց հետո նա քնել է ճաշարանի բազմոցին։ Այնուամենայնիվ, ոչինչ չի հաստատում նրա այն պնդումը, որ նա կալանքի ամբողջ ընթացքում բազմոցին քնելուց բացի այլ տարբերակ չի ունեցել։ Փաստացի, համաձայն Կառավարության կողմից ներկայացված՝ մեկ այլ պացիենտի ցուցմունքի, որը դիմումատուն չի վիճարկել, նա ինքն է հրաժարվել ընդհանուր հիվանդասենյակում քնելու պայմաններից և դա արել է ընդամենը մի քանի օր։ Ինչ վերաբերում է նրա մերժման պատճառներին, այն է՝ ենթադրյալ զզվելի ներքնակ, վախ ներշնչող սենյակակիցներ կամ ոչ համապատասխան մահճակալ, ապա դիմումատուն իր կողմից ներկայացված գանգատում երբեք չի պնդել դրանք, որոնց վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել Դատարան, ինչպես օրինակ՝ իր սենյակակիցների կամ մյուս այն անձանց կողմից արված հայտարարությունները, որոնք կարող էին տիրապետել համապատասխան տեղեկությունների (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրշիչի գործը, § 127 և Սաբևան ընդդեմ Բուլղարիայի [Sabeva v. Bulgaria], թիվ 44290/07, § 41, 2010 թվականի հունիսի 10): ՀՔԱՎ-ի զեկույցը (տե՛ս վերևում 4-րդ պարբերությունը) նույնպես չի հաստատում դիմումատուի պնդումները, քանի որ այն վերաբերում է նրա կողմից ներկայացված սեփական պնդումներին, այլ ոչ թե նրա կալանքի պայմանների իրական գնահատմանը։ Ի վերջո, հաշվի առնելով կողմերի հակասական պնդումները՝ Դատարանը չի կարողանում «հիմնավոր կասկածից վեր» հաստատել, որ դիմումատուին չեն առաջարկվել անկողնային պարագաներ այն մի քանի օրերին, որոնց ընթացքում նա բազմոցին է քնել։

11. Ինչ վերաբերում է զբոսանքներին, ապա դիմումատուն իր կողմից ներկայացված գանգատում ի սկզբանե նշել է, որ, ի տարբերություն մյուս պացիենտների, իրեն թույլ չեն տվել զբոսնել դրսում։ Այնուամենայնիվ, ինչպես նշվել է վերևում, իր դիտարկումներում նա փոխարենը պնդել է, որ հաշվի առնելով իր հաշմանդամությունը՝ իշխանության մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեին, որպեսզի ապահովեին իր մասնակցությունը հիվանդանոցի հարակից տարածքում իրականացվող զբաղմունքներին, սակայն դա չեն արել։ Նման հանգամանքներում դիմումատուի՝ հիվանդանոցի հարակից տարածքում իրականացվող զբաղմունքի ենթադրյալ արգելքի մասով բողոքը վստահություն չի ներշնչում կամ չի հաստատվում որևէ ապացույցով։ Բացի այդ, թեև թվում է, որ հիվանդանոցի աշխատակազմը վերցրել է նրա բջջային հեռախոսը նրան կալանքի տակ վերցնելուց մի քանի օր անց, այնուամենայնիվ, դիմումատուն չի բողոքել, որ իրեն հրաժարվել են տալ կապի այլ միջոցներ, օրինակ՝ փոստ կամ տաքսոֆոն, որոնք փաստացի նախատեսված են ներպետական իրավունքով, կամ նույնիսկ նշել, թե ինչպիսի սահմանափակումներ են կիրառվել արտաքին աշխարհի հետ նրա կապի նկատմամբ (ի հակադրություն՝ Գորոբետն ընդդեմ Մոլդովայի [Gorobet v. Moldova], թիվ 30951/10, §§ 8 և 52, 2011 թվականի հոկտեմբերի 11)։

12. Կողմերը նաև համաձայնել են, որ դիմումատուն չի մնացել առանց սնունդ (ինչպես ինքն էր պնդել իր կողմից ներկայացված գանգատում), հիվանդանոցում գտնվելու առաջին տասը օրերի ընթացքում նա կերել է հացաբուլկեղեն, իսկ հիվանդանոցի անձնակազմն իր երկրորդ նախաճաշը կիսել է նրա հետ։ Ինչ վերաբերում է ենթադրյալ վատ որակի սննդին, ապա, չնայած նրան, որ հիվանդանոցի ճաշարանում մատուցված սնունդը միօրինակ է (տե՛ս վերևում 4-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, չկա որևէ նշում այն մասին, որ սնվելու համար նախատեսված պարագաներն անհամապատասխան էին, կամ որ խոհանոցային պարագաները գտնվում էին հակասանիտարական վիճակում (ի հակադրություն՝ Մոդարկան ընդդեմ Մոլդովայի [Modarca v. Moldova], թիվ 14437/05, §§ 38 և 67, 2007 թվականի մայիսի 10)։ Չկա նաև ապացույց, որ ճաշարանի սննդի որակն իսկապես բացասաբար է ազդել դիմումատուի կամ որևէ այլ պացիենտի ֆիզիկական առողջության վրա, չնայած դիմումատուի այն պնդումներին, որ նա իրեն վատ է զգացել շիլան փորձելուց հետո (տե՛ս Վալասինասն ընդդեմ Լիտվայի [Valašinas v. Lithuania], թիվ 44558/98, § 109, ՄԻԵԴ 2001-VIII և Յանեզ Պինոն և այլք ընդդեմ Մալթայի, թիվ 71645/13 և ևս 2-ը, § 113, 2017 թվականի դեկտեմբերի 19): Դատարանի կարծիքով հիվանդանոցի տարածքից դուրս գտնվող խանութներից սնունդ գնելու հնարավորությունը պետք է փոխհատուցեր դիմումատուի՝ հիվանդանոցի ճաշարանում մատուցվող հնարավոր միօրինակ սննդակարգից դժգոհությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Վալասինասի գործը, նույն տեղում): Բացի այդ, թեև հիվանդանոցը պետք է պարզեր դիմումատուի սննդակարգի հետ կապված կարիքները, այն փաստը, որ այլ սննդամթերքի հետ ճաշարանում մատուցվում էր նաև մեղր, ինքնին խնդիր չի հարուցում 3-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով այլ սննդամթերքի առկայությունը և դիմումատուի՝ մեղր ուտելուց հրաժարվելը (համեմատե՛ք Նիկիտինը և այլք ընդդեմ Էստոնիայի [Nikitin and Others v. Estonia], թիվ 23226/16 և ևս 6-ը, § 192, 2019 թվականի հունվարի 29, և ի հակադրություն՝ Էբեդին Աբին ընդդեմ Թուրքիայի [Ebedin Abi v. Turkey], թիվ 10839/09, §§ 33-34 և 51-53, 2018 թվականի մարտի 13):

13. Ավելին, չկա որևէ ապացույց այն մասին, որ դիմումատուի՝ հիվանդանոցում գտնվելը բացասաբար է ազդել նրա առողջության վրա կամ որևէ ալերգիկ ռեակցիա է առաջացրել։ Թեև դիմումատուն պնդել է, որ իր առողջական վիճակը վատացել է, նա չի ներկայացրել որևէ բժշկական կամ այլ ապացույց, որը ցույց է տալիս այդ պայմանների ազդեցությունն իր բարեկեցության վրա (համեմատե՛ք Էրտսն ընդդեմ Բելգիայի [Aerts v. Belgium], 1998 թվականի հուլիսի 30, § 66, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-V, Ջորջիևն ընդդեմ Բուլղարիայի [Georgiev v. Bulgaria], թիվ 47823/99, § 64, 2005 թվականի դեկտեմբերի 15, վերևում հիշատակված՝ Սաբևայի գործը, § 41 և ի հակադրություն՝ Ստայկովն ընդդեմ Բուլղարիայի [Staykov v. Bulgaria], թիվ 49438/99, § 41, 2006 թվականի հոկտեմբերի 12):

14. Ի վերջո, Կառավարությունը ներկայացրել է, որ դիմումատուն ինքն է հրաժարվել ցնցուղ ընդունելուց, քանի որ, ըստ նրա, լոգասենյակի պայմանները տհաճ էին, և նա չի ունեցել փոխնորդ։ Դատարանը նշում է, որ ցնցուղ ընդունելուց հրաժարվելու նման պատճառները երբեք չեն նշվել նրա կողմից ներկայացված գանգատում։ Նաև գործի նյութերում չկա որևէ ապացույց հիվանդանոցի լոգասենյակների պայմանների վերաբերյալ։ Բացի այդ, Դատարանը գտնում է, որ դժվար է տեսնել կապը փոխնորդի կամ նույնիսկ հագուստների բացակայության (ինչպես պնդում է դիմումատուն) և նրա՝ ցնցուղ ընդունելու անկարողության միջև։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ նրա՝ անձնական հիգիենան ապահովելու իրավունքի նկատմամբ որևէ սահմանափակում չի եղել: Ինչ վերաբերում է լոգանքի պարագաների տրամադրմանը, ապա Դատարանը նշում է ՀՔԱՎ-ի զեկույցի եզրահանգումներն (տե՛ս վերևում 4-րդ պարբերությունը) այն մասին, որ պացիենտներին չի տրամադրվել որևէ ատամի մածուկ և ատամի խոզանակ, և որ նրանք ստիպված են եղել հիվանդանոցի անձնակազմից խնդրել զուգարանի թուղթ, և, ըստ երևույթին, նաև օճառ։ Որքան էլ ցավալի լինի, միայն նման թերությունները բավարար չեն եզրակացնելու, որ հիվանդանոցի պայմանները չեն համապատասխանում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին (ի հակադրություն՝ վերևում հիշատակված՝ Ստանևի գործը, §§ 23 և 209)։ Ամենակարևորն այն է, որ այս բոլոր հարցերը պետք է դիտարկել դիմողի՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածի հարաբերական կարճատևության ֆոնին՝ մեկ ամսից մի փոքր քիչ (տե՛ս Կորպաչյովա-Հաուֆբերն ընդդեմ Բուլղարիայի (որոշում) [Korpachyova-Hofbauer v. Bulgaria (dec.)], թիվ 56668/12, § 32, 2015 թվականի սեպտեմբերի 1)։

15. Դատարանն ընդունում է, որ հիվանդանոցում վերոնշյալ պայմանների հետևանքով դիմումատուն կարող էր անհարմարություն զգալ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Դատարանը համոզված չէ, որ այդ պայմաններն այնքան դաժան են եղել, որ կարող են հասնել ծանրության այն շեմին, որն անհրաժեշտ է՝ դրանք Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում ընդգրկելու համար։

16. Այսպիսով հետևում է, որ գանգատն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Հայտարարում է գանգատն անընդունելի:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 3-ին։

 

Իլզե Ֆրայվըրթ՝
Քարտուղարի տեղակալ

Յոլիեն Շուկինգ՝
Նախագահ