ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՐՍԵՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 45197/14)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
31 հունվարի 2023թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝դատավորներ,
և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված՝ 2014 թվականի հունիսի 11-ի գանգատը (թիվ 45197/14), որը Դատարան է ներկայացվել 1969 թվականին ծնված և Երևանում կալանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արմեն Արսենյանի կողմից (դիմումատու), որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ռ. Ռևազյանը,
գանգատի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու վերաբերյալ որոշումը, որին ներկայացրել է վերջինիս լիազոր ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը,
կողմերի դիտարկումները,
2023 թվականի հունվարի 10-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքին և արդյունավետ քննության ենթադրյալ բացակայությանը: Գործում բարձրացված են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված հարցեր։
2. 2013 թվականի ապրիլի 26-ին դիմումատուին բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժանմունք՝ գողություն կատարելու կասկածանքով, որտեղ նա ենթադրաբար ծեծի է ենթարկվել մի քանի ոստիկանների կողմից՝ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Այդ գիշեր դիմումատուն տեղափոխվել է ոստիկանության՝ ձերբակալվածներին պահելու վայր, որտեղ ընդունվելու ժամանակ բուժակը և ոստիկանության երկու ծառայողներ զննել են նրա մարմինը՝ տեսնելու համար, թե արդյոք առկա են վնասվածքներ, թե՝ ոչ։ Ըստ Կառավարության՝ վնասվածքներ չեն հայտնաբերվել, ինչը դիմումատուն վիճարկել է: 2013 թվականի ապրիլի 27-ին դիմումատուին հետ են տարել ոստիկանության բաժանմունք, որտեղ շարունակվել է նրա նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքը:
3. 2013 թվականի ապրիլի 29-ին դիմումատուն ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ժամանակ հարցաքննվել է իր դեմ հարուցված քրեական գործը քննող՝ Արաբկիրի քննչական բաժնի քննիչի կողմից: Դիմումատուն հերքել է գողության մեջ իր մասնակցությունը։
4. 2013 թվականի ապրիլի 30-ին դիմումատուն կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամանակ դիմումատուին զննել է քրեակատարողական հիմնարկի բժիշկ Գ.Ա.-ն, որը նշել է հետևյալ վնասվածքները՝ «կապտավուն կապտուկներ երկու սրունքների առջևի մակերեսներին»։ Դիմումատուն նշել է, որ վնասվածքները հասցվել են Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում։
5. 2013 թվականի մայիսի 2-ին քրեակատարողական հիմնարկը դիմումատուի վնասվածքների և պնդումների մասին ծանուցում է ուղարկել Գլխավոր դատախազություն (ԳԴ), որն այն ստացել է 2013 թվականի մայիսի 6-ին։ 2013 թվականի մայիսի 8-ին ԳԴ-ն ծանուցումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որն այն ստացել է 2013 թվականի մայիսի 13-ին։ 2013 թվականի մայիսի 16-ին ՀՔԾ քննիչը դիմումատուից ցուցմունք է վերցրել, որը մեղադրել է ոստիկանության չորս ավագ և երկու կրտսեր ծառայողների՝ իր նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Նա պնդել է, որ իրեն բերման ենթարկելուց հետո ոստիկանները փորձել են ստիպել իրեն գողության հետ կապված ինքնախոստովանական ցուցմունք տալ և սկսել են ծեծել ամեն անգամ, երբ հրաժարվել է խոստովանել, ինչպես նաև բռունցքներով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին։ Նա կապտուկներ է ստացել ոտքերին, դրանք սաստիկ ցավել են, ինչպես նաև ուժեղ հարվածներ է ստացել մեջքին և կողերին։ Նույն օրը քննիչը որոշել է դիմումատուի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն:
6. 2013 թվականի մայիսի 18-ին դատաբժշկական փորձագետը զննել է դիմումատուին և արձանագրել երկու մոխրագույն, կապույտ և մուգ կարմիր գույնի «մասեր» երկու սրունքների ստորին հատվածներում, ինչպես նաև երկու քերծվածք՝ ոտքերի տարբեր մասերում։
7. Քննիչը ցուցմունքներ է վերցրել բուժակից և ոստիկանության՝ ձերբակալվածներին պահելու վայրի երկու ծառայողներից։ Նրանք պնդել են, որ պահման խուց մուտք գործելու ժամանակ դիմումատուի մարմնի վրա ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել: Ինչպես պարզ է դառնում, ցուցմունքներ են վերցվել նաև Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի չորս ավագ ոստիկաններից, որոնք հերքել են, որ վատ վերաբերմունք են ցուցաբերել դիմումատուի նկատմամբ:
8. 2013 թվականի հունիսի 1-ին դատաբժշկական փորձագետը ներկայացրել է իր եզրակացությունը, որտեղ գտել է, որ երկու քերծվածքները չափազանց թարմ են և չեն կարող հասցված լինել տվյալ ժամանակահատվածում, իսկ դիմումատուի սրունքների գունավոր «մասերը» վնասվածքներ չեն և առաջացել են թերսնուցման հետ կապված փոփոխությունների հետևանքով։ Այս եզրակացությանը հանգելիս բժիշկ- փորձագետը հաշվի է առել քննիչի կողմից քրեակատարողական հիմնարկի բժիշկ Գ.Ա.-ից մոտ մեկ շաբաթ առաջ ենթադրաբար վերցված ցուցմունքը։ Այդ հարցաքննության ժամանակ քննիչը Գ.Ա.-ին ենթադրաբար ասել է, որ դիմումատուի դատաբժշկական փորձաքննությամբ, որն անցկացվել է 2013 թվականի մայիսի 18-ին, հայտնաբերել է թերսնուցման հետևանքով առաջացած մոխրագույն, կապույտ և մուգ կարմիր «մասեր», որոնք անոթային խնդիրների հետևանք են, և նրան խնդրել են բացատրել, թե արդյո՞ք, հաշվի առնելով այդ եզրակացությունը, այն «կապտուկները», որոնք արձանագրվել են նրա կողմից դիմումատուին քրեակատարողական հիմնարկ ընդունելիս, առաջացել են թերսնուցման, թե վնասվածքի հետևանքով։ Գ.Ա.-ն պատասխանել է, որ կապտուկները տեսնելուց հետո հասկացել է, որ դրանք թերսնուցման հետ կապված փոփոխությունների հետևանք են, որոնք էլ կարող էին պայմանավորված լինել անոթային խնդիրներով: Այնուամենայնիվ, քանի որ դիմումատուն պնդել է, որ իր նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ժամանակ, նա արձանագրել է նաև այդ պնդումը:
9. 2013 թվականի հունիսի 14-ին ՀՔԾ քննիչը մերժել է քրեական վարույթ հարուցել և քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ գտնելով, որ դիմումատուի պնդումներն անհիմն են։ Այդ որոշումը կայացնելիս նա հիմնվել է մի քանի ապացույցների, մասնավորապես՝ հետաքննության ընթացքում տրված ցուցմունքների (տե՛ս վերևում 7-րդ պարբերությունը), դատաբժշկական փորձագետի եզրակացության (տե՛ս վերևում 8-րդ պարբերությունը) և այն փաստի վրա, որ դիմումատուն իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին որևէ պնդում չի ներկայացրել 2013 թվականի ապրիլի 29-ի իր հարցաքննության ժամանակ (տե՛ս վերևում 3-րդ պարբերությունը):
10. Քննիչի որոշման դեմ դիմումատուի ներկայացրած բողոքները մերժվել են ներպետական դատարանների կողմից։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
11. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
12. Վատ վերաբերմունքի արգելքի և այդպիսի մեղադրանքների առթիվ արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Բույիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium] [GC]] թիվ 23380/09, §§ 81-90, 100‑01 և 114-23, ՄԻԵԴ-2015) գործում:
13. Սույն գործով Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ոստիկանակությունում արգելանքի տակ գտնվելիս չի ենթարկվել վատ վերաբերմունքի և նրա վնասվածքների մասով բացատրություններ տալիս հղում է արել իրավասու մարմինների կողմից իրականացված քննության արդյունքներին։
14. Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին արած պնդումների առթիվ քննությունն ավարտվել է քննիչի որոշմամբ, որով մերժվել է քրեական վարույթի հարուցումը՝ գտնելով, որ դիմումատուի «վնասվածքներն» իրականում վնասվածքներ չեն եղել, այլ անոթային խնդիրների հետևանքով առաջացած վիճակ (տե՛ս վերևում 9-րդ պարբերությունը):
15. Հաշվի առնելով այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է քննիչն այս եզրակացությանը հանգելիս, և մասնավորապես հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության այն եզրակացությունը, որով պարզվել է, որ դիմումատուի ոտքերին առկա գունավոր «մասերը» թերսնուցման, այլ ոչ թե վնասվածքների հետևանք են (տե՛ս վերևում 8-րդ պարբերությունը), Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ այդ փորձաքննությունն անցկացվել է դիմումատուի «վնասվածքները» առաջին անգամ բացահայտելուց հետո 18 օր ուշացումով (տե՛ս վերևում 4-րդ և 6-րդ պարբերությունները), ինչն էլ, իր հերթին, տեղի է ունեցել ենթադրյալ «վնասվածքները» հասցվելուց երեք օր անց (տե՛ս վերևում 2-րդ պարբերությունը): Դատարանն իրավասու չէ ենթադրություններ անել այն կապակցությամբ, թե արդյոք «կապտուկները», որոնք արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ (տե՛ս վերևում 4-րդ պարբերությունը), և 18 օր անց բժիշկ-փորձագետի կողմից արձանագրված թերսնուցման «մասերը» (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) վերաբերել են միակ և միևնույն խնդրին, թե՝ ոչ, սակայն դատաբժշկական փորձաքննության անցկացման նման զգալի ձգձգումը կասկածի տակ է դնում դրանով հանգած եզրակացությունների արժանահավատությունը։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում իրավասու մարմինների արագ արձագանքը չափազանց կարևոր էր, ինչը նրանք չեն արել առանց որևէ հիմնավոր պատճառի՝ չնայած այն հանգամանքին, որ հետաձգումը կարող էր հանգեցնել ապացույցների կորստի:
16. Ավելին, քննությամբ չի տրամադրվել համոզիչ բացատրություն այն մասին, թե ինչպես կարող էր Գ.Ա.-ն, որը, ըստ էության, որակավորված բժիշկ էր, թերսնուցման հետ կապված «մասերը» շփոթել «կապտուկների» հետ (տե՛ս վերևում 4-րդ պարբերությունը): Ինչ վերաբերում է Գ.Ա.-ի կողմից ենթադրաբար տրված ցուցմունքին, որտեղ թվում է, թե նա հրաժարվում է իր նախորդ եզրակացություններից, Դատարանը նախ նշում է, որ գործի նյութերում չկա այս հարցաքննության արձանագրությունը, և դրան կատարված միակ հղումը պարունակվում է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ (տե՛ս վերևում 8-րդ պարբերությունը): Ամեն դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ Գ.Ա.-ի կողմից իրոք տրվել է նման ցուցմունք, Դատարանը նկատում է, որ քրեակատարողական հիմնարկում դիմումատուի բժշկական զննության արձանագրությունը վերաբերում է նրա ոտքերի խնդրին, որը նկարագրվել է որպես «կապտուկ», և չի պարունակում ոչ մի հիշատակում թերսնուցման կամ անոթային խնդիրների մասին: Դատարանը համոզիչ չի համարում Գ.Ա.-ի բացատրությունն այն մասին, թե ինչու է դիմումատուի խնդիրը որպես «վնասվածքներ» և «կապտուկներ» արձանագրել, մինչդեռ նա ենթադրաբար այն կարծիքին է եղել, որ դիմումատուն իրականում տառապում է անոթային խնդիրներից, հատկապես, որ այդ հարցաքննությունից, ինչպես ներկայացված է դատաբժշկական եզրակացության մեջ (տե՛ս վերևում 8-րդ պարբերությունը), տպավորություն է ստեղծվում, որ եթե քննիչը նրան չի ուղղորդել, ապա առնվազն նրա վրա ազդեցություն է ունեցել։
17. Ինչ վերաբերում է դիմումատուի մարմնի ենթադրյալ զննությանը ոստիկանության՝ ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու ժամանակ (տե՛ս վերևում 2-րդ պարբերությունը), Դատարանը նախ նկատում է, որ այդ ենթադրյալ զննության վերաբերյալ որևէ արձանագրություն առկա չկա: Բուժակի և ոստիկանության երկու ծառայողների հետ անցկացված հարցաքննությունները, որոնք ենթադրաբար կատարել էին այդ զննությունը, կազմել են յուրաքանչյուրը մեկ էջանոց փաստաթուղթ (տե՛ս վերևում 7-րդ պարբերությունը), և չեն թողել քննիչի կողմից համապատասխան հանգամանքները, այդ թվում՝ ենթադրյալ զննության վերաբերյալ որևէ արձանագրության բացակայության պատճառները պարզելու լուրջ փորձի տպավորություն։ Նաև պարզ չէ, թե ինչպես են հարցաքննվողներն իմացել դիմումատուի ինքնությունը՝ հաշվի առնելով, որ նրանց և դիմումատուի միջև առերեսումներ տեղի չեն ունեցել կամ այն փաստը, որ ո՛չ նա, ո՛չ էլ նրա լուսանկարը երբևէ չեն ներկայացվել ինքնության պարզման համար: Ենթադրյալ զննության անկողմնակալությունն ու արժանահավատությունը նույնպես կասկածի տեղիք են տալիս՝ հաշվի առնելով, որ այն իրականացվել է ոստիկանության երկու ծառայողների ներկայությամբ կամ, հնարավոր է, նույնիսկ նրանց մասնակցությամբ։ Հաշվի առնելով մանրամասների բացակայությունը՝ այն իրական բժշկական զննություն չի հիշեցնում։
18. Դատարանն այնուհետև նկատում է, որ Կառավարությունը չի տրամադրել Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի ոստիկանների հետ ենթադրաբար անցկացված հարցաքննությունների պատճենները (տե՛ս վերևում 7-րդ պարբերությունը՝ վերջում), ինչը խանգարում է Դատարանին գնահատելու այդ քննչական միջոցառումների բավարար լինելը: Ամեն դեպքում Դատարանը կասկածում է, որ տվյալ ծառայողները կարող էին համարվել անկողմնակալ վկաներ:
19. Ի վերջո, Դատարանը համաձայն չէ դիմումատուի կողմից իր հանդեպ դրսևորված վատ վերաբերմունքի մասին 2013 թվականի ապրիլի 29-ի հարցաքննության ժամանակ չհայտնելու փաստի վերաբերյալ քննություն իրականացնող մարմնի տված գնահատականի հետ (տե՛ս վերևում 3-րդ պարբերությունը): Այն նշում է, որ այս հարցաքննությունն անցկացվել է այն ժամանակ, երբ դիմումատուն դեռևս գտնվում էր ոստիկանությունում և հիմնավորված կերպով կարող էր վախենալ հաշվեհարդարից: Ավելին, այդ հարցաքննությունն իրականացրած քննիչը, ըստ երևույթին, աստիճանակարգային կամ համակարգային կապ ուներ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի ոստիկանության ծառայողների հետ, և ավելին, նրան վստահվել էր դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Ուստի նա չի ունեցել անհրաժեշտ անկախություն, ինչը ևս մեկ պոտենցիալ խոչընդոտող գործոն է:
20. Վերոհիշյալը բավարար է, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ իրավասու մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի կողմից իր նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքի մասին արած պնդումների առթիվ, և որ դիմումատուի վնասվածքների վերաբերյալ նրանց բացատրությունը չի կարող համարվել բավարար, համոզիչ և արժանահավատ:
21. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
22. Դիմումատուն պահանջել է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Նա ծախսերի և ծախքերի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։
23. Կառավարությունը դիմումատուի պահանջի վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացրել:
24. Դատարանը դիմումատուին շնորհում է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 10 000 եվրո (տասը հազար եվրո)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունվարի 31-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վալենտին Նիկոլեսկու՝ |
Անյա Սիբերտ Ֆուա՝ |
Բաժանմունքի |
Նախագահ |