Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34787/12
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Incorporation (21.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 15.05.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.03.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄԻՏԻՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 34787/12)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

21 մարտի 2023 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Միտիչյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2012 թվականի մայիսի 29-ի` Հայաստանի Հանրապետության դեմ գանգատը (թիվ 34787/12), որը Դատարան է ներկայացրել 1950 թվականին ծնված և Լեռնապատ գյուղում բնակվող Հայաստանի քաղաքացի պրն Ղարիբ Միտիչյանը (դիմումատու), որին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն Լ. Հակոբյանը և պրն Տ. Յեգորյանը,

Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), ի դեմս Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանի, իսկ հետագայում՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, գանգատի մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

2023 թվականի փետրվարի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի դեմ զրպարտության վարույթին, և դրանում բարձրացվում են հարցեր՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն։

2. 2010 թվականի մարտին քրեական գործ է հարուցվել Լեռնապատ գյուղի գյուղապետ Վ.Յ.-ի դեմ, որին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու, լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ ավելի քան 250 գյուղացիների կոլեկտիվ բողոքների հիման վրա։ Քննության ընթացքում մի շարք գյուղացիներ, ի թիվս այլնի, պնդել են, որ Վ.Յ.-ն դրամական օգնություն է տրամադրել իր հարազատներին, վերջիններիս ազատել է գույքահարկ վճարելուց և իր հրապարակումների համար վճարումը կատարել է տեղական բյուջե միջոցների հաշվին։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին Վ.Յ.-ին առաջադրված մեղադրանքները հանվել են։

3. 2010թ. սեպտեմբերի 1-ին տեղական թերթում հրապարակվել է մի հոդված, որը պարունակել է Լեռնապատի բնակիչների, այդ թվում՝ դիմումատուի հետ անցկացված հարցազրույցներ, որոնցում քննադատվում է գյուղապետը: Դիմումատուի հայտարարությունները, որքանով վերաբերելի են, շարադրված են հետևյալ բովանդակությամբ.

 

«... Գյուղապետն ինքն է մեծ որդուս հողամաս հատկացրել՝ տուն կառուցելու համար, սակայն դրա դիմաց խնդրել է 500 դոլար գումար… Այնուհետև նորից բողոք է ներկայացրել դատարան՝ նշելով, որ այն ապօրինի շինություն է։ Մենք չենք վճարել այդ 500 դոլար գումարը, քանի որ իմացել ենք, թե ինչպիսի մարդ է նա։ Մտածել ենք նախ փորձել ամեն ինչ և հետո միայն [հայտարարություն Ա]... Բազմիցս դիմել եմ գյուղապետին, երբ թոռնիկս մահվան շեմին էր։ 50.000 [ՀՀ] դրամի փոխարեն 15.000 [ՀՀ] դրամ է տրամադրել ինձ, սակայն ավելի ուշ, գումար չունենալուս պատճառով, գրել է, որ իր հանդեպ ունեմ 50.000 [ՀՀ] դրամի չափով պարտք։ «Ես չեղարկում եմ 15.000 [ՀՀ] դրամը». ասել է նա։ Վերջերս զանգահարել եմ հարսիս ու ասել. «Զավա՛կս, քո անունով էլի նյութական օգնություն կա». և նա ասել է. «Բայց, հայրի՛կ, ես որևէ գումար չեմ ստացել» [հայտարարություն Բ]: Իմ անունով 50.000 [ՀՀ] դրամի չափով [ֆինանսական օգնություն] կա, և [ևս] 50.000 [ՀՀ] դրամ՝ որդուս անունով, ինչպես նաև մյուս տղայիս անունով, որին նա ընդհանրապես ոչինչ չի տվել, քանի որ ընկերն է. նա ասել է. «Հովո ջան, այդ 50.000 [ՀՀ] դրամը բեր, քանի որ բենզին պետք է գնեմ. ծախսեր ունեմ ու կարիքի մեջ եմ», բայց ի՞նչ կարիք... Նա միշտ ճնշում է մեզ։ Դու գնում ես՝ նրանից որևէ փաստաթուղթ ձեռք բերելու. և նա միշտ կոպտում է քեզ՝ ասելով. «Հեռացե՛ք, իմ աշխատանքային ժամը չէ»։ Երբեք չգիտես, թե երբ է նրա աշխատանքային ժամը։ Եթե մի քիչ գժվեմ, ուղղակի [(կսատկացնեմ)] նրան [հայտարարություն Գ]։ Չի կարելի անվերջ փորձել ինչ-որ մեկի համբերությունը... Մենք մշտապես ապրում ենք վախի մթնոլորտում... Նա նույնիսկ թույլ չի տվել մեզ ցորեն ցանել [հայտարարություն Դ]: Նա ասել է. «Ինչի՞ համար է դա քեզ պետք։ Խոտ աճեցրեք և վաճառեք այն»...

...

Ի դեպ, ըստ Միտիչյանի, գյուղապետը թաքնվել է և չի տվել [իր որդու] տան փաստաթղթերը [հայտարարություն Ե] ...»:

 

4. Գյուղապետը քաղաքացիական վարույթ է նախաձեռնել դիմումատուի դեմ զրպարտության և վիրավորանքի համար՝ կապված նրա որոշ հայտարարությունների հետ (վերևում նշված 3-րդ պարբերության՝ Ա-ից Ե տառերով համարակալված հատվածներում): Նա, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է փաստաթուղթ, որում նշվում է, որ ենթադրյալ դրամական օգնությունը տրամադրվել է ոչ թե դիմումատուի հարսին, այլ՝ գյուղի մեկ այլ բնակչի, որը կրում է նույն անունն ու ազգանունը։ Գյուղապետը ներկայացրել է նաև իր կողմից տրված տեղեկանքները, որոնցում նշվում է, որ ինքը երբևէ հողատարածք չի հատկացրել դիմումատուին կամ նրա որդիներին և երբևէ բողոք չի ներկայացրել նրանցից որևէ մեկի դեմ՝ կապված առաջարկվող հողահատկացման հետ: Ընդհակառակը, դիմումատուի որդու գույքը ճանաչվել է ապօրինի շինություն և միայն հետագայում հետ է գնվել համայնքից։

5. Դիմումատուն, հիմնվելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա, առարկել է գյուղապետի պահանջի դեմ և պնդել, որ որպես տեղական քաղաքական գործիչ նա պետք է ավելի հանդուրժող լիներ իր մասնագիտական գործունեության վերաբերյալ հնչեցված քննադատություններին նույնիսկ այն բանից հետո, երբ քրեական վարույթ է հարուցվել նրա դեմ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ Դիմումատուն դատարանին պարզաբանել է, որ «սատկացնել» բառն օգտագործել է գյուղապետի նկատմամբ իր վրդովմունքն արտահայտելու համար։ Այնուհետև նա հստակեցրել է, որ հայտարարություն Ա-ի ներքո դիմումատուն նկատի է ունեցել, որ գյուղապետն իրենից պահանջել է 500 ԱՄՆ դոլար՝ իր ապօրինի շինության հարցը կարգավորելու համար, որը դիմումատուն մերժել է:

6. Ներպետական դատարանները, հիմնվելով գյուղապետի ներկայացրած նյութերի վրա, մասամբ բավարարել են նրա հայցը՝ համարելով, որ հայտարարություններ Ա-ն և Բ-ն զրպարտչական բնույթ են կրում, քանի որ դրանք գյուղապետի պատիվն ու արժանապատվությունը արատավորող փաստական հայտարարություններ են, որոնք դիմումատուն որևէ ապացույցով չի կարողացել հիմնավորել։ Ինչ վերաբերում է հայտարարություն Գ-ին, ապա այն համարվել է վիրավորանք, քանի որ «սատկացնել» բառը չպետք է գործածվեր մարդու առնչությամբ, ինչպես նաև չի հետապնդել որևէ գերակա հանրային շահ: Վերաքննիչ դատարանի վճռով այնուհետև պարզվել է, որ մնացած հայտարարությունները չեն համարվել ո՛չ զրպարտություն, ո՛չ էլ վիրավորանք։ Դիմումատուին հանձնարարվել է հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքի համար և հրաժարվել զրպարտիչ հայտարարություններից՝ նույն թերթում հրապարակվելիք հայտարարություններով, ինչպես նաև վճարել ընդհանուր 60.000 ՀՀ դրամ՝ տվյալ պահի դրությամբ՝ մոտ 110 եվրո, որպես վնասի փոխհատուցում։ Գյուղապետի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ առաջին ատյանի դատարանը նշել է, որ անձը համարվում է անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել վերջնական դատավճռով, իսկ վերաքննիչ դատարանը գտել է, որ գյուղապետի հակաիրավական արարքների վերաբերյալ պնդումները որևէ առնչություն չունեն հայցվորի քաղաքացիական հայցի հետ։ Ի պատասխան դիմումատուի՝ գյուղապետին քննադատելու իր իրավունքի մասին փաստարկի՝ ներպետական դատարանները գտել են, որ նման իրավունքը կարող է սահմանափակվել՝ ելնելով այլ անձանց հեղինակության և իրավունքների պաշտպանությունից։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

7. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

8. Կողմերը չեն վիճարկել այն հանգամանքը, որ տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի՝ օրենքով նախատեսված ազատ արտահայտվելու իրավունքին, և որ դա հետապնդել է «այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու» օրինական նպատակ։ Մնում է պարզել՝ արդյոք միջամտությունը անհրաժեշտ է եղել «ժողովրդավարական հասարակության համար», թե՝ ոչ։

9. Դատարանի նախադեպային իրավունքի այն ընդհանուր սկզբունքները, որոնք վերաբերում են ազատ արտահայտվելու իրավունքից օգտվելու հարցում միջամտության անհրաժեշտությունը գնահատելուն՝ ի շահ «այլ անձանց հեղինակության կամ իրավունքների պաշտպանության», ամփոփվել են Քուդեղը և Աշետ Ֆիլիպաչի Ասոսիեն ընդդեմ Ֆրանսիայի գործում [ՄՊ] [Couderc and Hachette Filipacchi Associռs v. France] ([GC], թիվ 40454/07, «« 90-93, ՄԻԵԴ, 2015թ. (քաղվածքներ)):

10. Դատարանը պետք է ինքնին հավաստիանա, թե արդյոք վերևում ամփոփված համապատասխան չափանիշները կիրառվել են ներկա գործում, թե՝ ոչ։ Այն նշում է, որ դիմումատուի դեմ զրպարտության վերաբերյալ հայցը քննելիս ներպետական դատարաններն ինքնին սահմանափակվել են եզրահանգմամբ այն մասին, որ դիմումատուի հայտարարություններն արատավորել են գյուղապետի պատիվն ու արժանապատվությունը, և ինչ վերաբերում է հայտարարություններ Ա-ին և Բ-ին, դիմումատուն չի կարողացել ապացուցել դրանց ճշմարտացիությունը: Դրանք չեն քննարկել այն հարցը՝ արդյոք վիճարկվող հայտարարություններն արվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ բանավեճի համատեքստում, թե՝ ոչ, որն անառարկելիորեն տեղի է ունեցել նշված գործում, ինչպես նաև չեն քննարկել հայցվորի զբաղեցրած պաշտոնը որպես ընտրված պաշտոնյա, ինչը պահանջում է ընդունելի քննադատության ավելի լայն սահմաններ (համեմատե՛ք Ֆալզոնն ընդդեմ Մալթայի գործը [Falzon v. Malta] թիվ 45791/13, «« 58-59, 2018 թվականի մարտի 20): Ավելին, հաշվի չի առնվել լրագրողի կողմից բանավոր կազմված և զեկուցված վիճարկվող հայտարարությունների ձևը՝ այդպիսով ենթադրաբար նվազեցնելով կամ վերացնելով դիմումատուի՝ նախքան հրապարակելը դրանք վերաձևակերպելու, կատարելագործելու կամ հետ կանչելու հնարավորությունը ((տե՛ս, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), Նիլսենը և Ջոնսենն ընդդեմ Նորվեգիայի գործը [ՄՊ] [Nilsen and Johnsen v. Norway [GC]], թիվ 23118/93, « 48, ՄԻԵԴ 1999-VIII): Այսպիսով, պարզվում է, որ ներպետական դատարանները դիմումատուի հայտարարությունները դիտարկել են խնդրո առարկա հոդվածի ընդհանուր համատեքստից և բովանդակությունից դուրս:

11. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է մանրազնին տարբերակում կատարել փաստերի և գնահատողական դատողությունների միջև (Կումպանան և Մազարեն ընդդեմ Ռումինիայի գործը [ՄՊ] [Cumpǎnǎ and Mazǎre v. Romania] [GC], թիվ 33348/96, « 98, ՄԻԵԴ 2004-XI), Դատարանը նաև գտնում է, որ նման տարբերակումը նվազ նշանակություն ունի ներկա գործի համար, քանի որ վիճարկվող հայտարարություններն արվել են տեղական մակարդակով քաղաքական կենդանի բանավեճի ընթացքում:

12. Թեև Դատարանը նշում է, որ ներպետական դատարաններն անվերապահորեն են վերաբերվել հայտարարություններ Ա-ին և Բ-ին՝ որպես որևէ ապացույցով չհաստատված փաստերի վերաբերյալ պնդումների, այնուամենայնիվ, այն նկատում է, որ դրանք ընդհանրապես չեն անդրադարձել դիմումատուի կողմից տրված բացատրությանը` ի պաշտպանություն իր հայտարարությունների (տե՛ս վերևում 5-րդ պարբերությունը), նույնիսկ այն չընդունելու նպատակով։

13. Դատարանը կոչված չէ որոշելու, թե արդյոք դիմումատուն հիմնվել է բավականաչափ ճշգրիտ և հետևողական տեղեկությունների վրա, թե՝ ոչ: Դատարանը չի որոշում նաև, թե արդյոք նրա կողմից արված պնդումների բնույթն ու աստիճանը հիմնավորված է այնպիսի փաստական հիմքերով, որոնց վրա նա հիմնվել է, որպիսի առաջադրանքն էլ դրված է եղել ներպետական դատարանների առջև (տե՛ս Բրաունն ընդդեմ Լեհաստանի [Braun v. Poland], թիվ 30162/10, « 49, 2014 թվականի նոյեմբերի 4, և Կուրսկին ընդդեմ Լեհաստանի [Kurski v. Poland], թիվ 26115/10, « 55, 2016 թվականի հուլիսի 5): Այն, այնուամենայնիվ, գտնում է, որ ներպետական դատարանների կողմից Դատարանի վերը նշված չափանիշներին համապատասխան հավասարակշռման միջոցներ չձեռնարկելը և նրանց՝ գյուղապետի հեղինակության իրավունքը հիմնավորված լինելու կամ չլինելու վերաբերյալ որոշումների՝ անբավարար պատճառաբանված լինելը, ինչպես նաև կոնկրետ համատեքստում դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքին միջամտությունը խնդրահարույց են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում (տե՛ս, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), Նադտովկան ընդդեմ Ռուսաստանի գործը [Nadtoka v. Russia], թիվ 38010/05, « 47, 2016 թվականի մայիսի 31, և Միլիսավլևիչն ընդդեմ Սերբիայի գործը [Milisavljević v. Serbia], թիվ 50123/06, « 38, 2017 թվականի ապրիլի 4):

14. Ի վերջո, ինչ վերաբերում է ներպետական դատարանների կողմից որպես «վիրավորանք» որակված՝ հայտարարություն Գ-ում նշված արտահայտությանը (տե՛ս վերևում 6-րդ պարբերությունը), ապա Դատարանը վերահաստատում է, որ վիրավորական խոսքի գործածության վրա կարող է չտարածվել խոսքի ազատության պաշտպանություը, եթե այն հավասարազոր է զրպարտության, սակայն գռեհիկ արտահայտությունների գործածությունն ինքնին որոշիչ չէ վիրավորական արտահայտության գնահատման համար, քանի որ այն կարող է ծառայել զուտ ոճական նպատակներին (համեմատե՛ք Սավվա Տերենտևն ընդդեմ Ռուսաստանի գործը [Savva Terentyev v. Russia], թիվ 10692/09, « 68, 2018 թվականի օգոստոսի 28)։ Տվյալ դեպքում ներպետական դատարանները վիրավորական են համարել «սատկացնել» բառը՝ հիմնվելով միայն այն հանգամանքի վրա, որ դա ասոցացվում է կենդանու հետ՝ չնախատեսելով, թեկուզ այն չընդունելու նպատակով, այդ բառի մեկ այլ՝ ոչ պաշտոնական, հնարավոր է՝ խոսակցական իմաստը։ Նրանք չեն վերլուծել լրագրողի հետ կենդանի հարցազրույցի ժամանակ արված վիճելի հայտարարությունը նկարագրության զարգացման համատեքստում: Նրանք չեն հաստատել ոչ ավելի, քան դիմումատուի՝ հուզական արձագանք ներկայացնող գաղափարը, որը հակված էր որակվել որպես սադրանք՝ պայմանական ժամանակով հոլովաձևի կիրառմամբ, այսինքն՝ այն, ինչ նա համարում էր տեղական քաղաքական գործչի կողմից երկարաժամկետ անարդար վերաբերմունք (տե՛ս դիմումատուի բացատրությունը վերևում՝ 5-րդ պարբերության մեջ)։ Այսպիսով, Դատարանը գտնում է, որ հայտարարություն Գ-ի առնչությամբ ներպետական դատարանները նմանապես հաշվի չեն առել բոլոր փաստերն ու համապատասխան գործոնները, և հետևաբար նրանց կողմից ներկայացված պատճառաբանությունները չեն կարող համարվել «վերաբերելի և բավարար»՝ դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքին միջամտությունը հիմնավորելու համար։

15. Դատարանը հաշվի է առնում Կոնվենցիայի համակարգի հիմնարար օժանդակ դերը (տե՛ս Դուբսկան և Կրեժովան ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործը [ՄՊ] [Dubskո and Krejzovո v. the Czech Republic] [GC], թիվ 28859/11 և 28473/12, « 175, 2016 թվականի նոյեմբերի 15): Եթե ազգային մարմինների կողմից հավասարակշռման միջոցներն իրականացվեին Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված չափանիշների համաձայն, ապա Դատարանը ծանրակշիռ հիմնավորումներ կպահանջեր իր տեսակետները դրանցով փոխարինելու համար (տե՛ս Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործը [ՄՊ] [Perinջek v. Switzerland [GC], թիվ 27510/08, « 198, ՄԻԵԴ 2015 (քաղվածքներ))։ Այնուամենայնիվ, ազգային մակարդակում նման հավասարակշռման միջոցների բացակայության դեպքում Դատարանի վրա դրված չէ համաչափության ամբողջական վերլուծություն իրականացնելու պարտավորություն։ Բախվելով այն հանգամանքին, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել վերաբերելի և բավարար պատճառներ` քննարկվող միջամտությունը հիմնավորելու համար, Դատարանը գտնում է, որ չի կարելի համարել, որ կիրառվել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափորոշիչներ։ Կառավարության պնդումներում առկա չէ հակառակի մասին վկայող որևէ հանգամանք: Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունը «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում»։

16. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

17. Դիմումատուն պահանջել է 5 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1 377 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսերի համար հատուցում։

18. Կառավարությունն այս պահանջները վիճարկել է։

19. Դատարանը դիմումատուին շնորհում է 1 200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

20. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում նաև դիմումատուին շնորհել 1 000 եվրո գումար՝ Դատարանում կրած դատավարական ծախսերը ծածկելու համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 1 200 եվրո (հազար երկու հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի մարտի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վալենտին Նիկոլեսկու
[Valentin Nicolescu]

Անյա Սիբերտ Ֆուա
[Anja Seibert-Fohr]


Քարտուղարի տեղակալի
պաշտոնակատար


Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան