ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
ԿԴ/0029/01/19 | ||
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. Պողոսյանի |
13 սեպտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Վերգուշ Ժորայի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի օգոստոսի 30-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ 49103618 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վերգուշ Ժորայի Հայրապետյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև` Արամ Ռազմիկի Դանիելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Էլմիրա Միքայելի Հախումյանի, Սերոբ Արմենակի Կարապետյանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի, Վիգեն Միշայի Խաչատրյանի, Արամ Գառնիկի Հովհաննիսյանի, Սուսան Հակոբի Ղուլյանի:
2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ Վերգուշ Հայրապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
3. Դատախազի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 27-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունվարի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
5.1. Այսպես՝ բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ։ Վերոշարադրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների խմբին, ապա քրեաիրավական հետևանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով։
5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով Վերգուշ Հայրապետյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի։ Գործող քրեական օրենքով մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ևս տասը տարի է։ Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ Վերգուշ Հայրապետյանին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռևս չի անցել։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վերգուշ Հայրապետյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա, 2012 թվականի օգոստոսի 24-ից հանդիսանալով Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի առաջին կարգի մասնագետ, ունենալով հողի հարկի և գույքահարկի հավաքագրման լիազորություններ, նույն բաժնի պետ Սամվել Գրիգորյանի և առաջատար մասնագետ Անահիտ Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ, իրեն վերապահված գույքահարկի և հողի հարկի գումարների հավաքագրման լիազորություններն օգտագործելով, բնակիչներից գանձված գույքային հարկերի գումարները հողի հարկի և գույքահարկի անդորրագրերի երկրորդ օրինակում նվազ չափով գրառելու, ապա գանձված գույքային հարկերի իրական չափերը նույն բաժնի առաջատար մասնագետ Անահիտ Առաքելյանի միջոցով գույքահարկի վճարումների վերաբերյալ բազայում մուտքագրելու եղանակով, մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, ինչի արդյունքում համայնքի բյուջե պակաս է վճարվել ընդհանուր առմամբ 4.163.535 ՀՀ դրամ գումար՝ Հրազդանի համայնքապետարանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»1։
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատարանը գտնում է, որ Վերգուշ Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը լուծելիս կիրառման ենթակա են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ու վերջինին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, իսկ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները Վերգուշ Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործով կիրառելի են այնքանով, որքանով բարելավում են ամբաստանյալի իրավական վիճակը։
(...) [Օ]րենսդրի կողմից փոփոխության են ենթարկվել հափշտակության ձևով հանցակազմերի առարկա կազմող գույքի խոշոր և առանձնապես խոշոր չափերը։ Ըստ այդմ, եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի իմաստով 3.000.000 ՀՀ դրամը գերազանցող գույքի հափշտակությունը համարվել է առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն և որակվել համապատասխան հոդվածի առանձնապես ծանրացնող որակյալ մասով, ապա 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ 500.000 ՀՀ դրամից մինչև 5.000.000 ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակությունը համարվում է խոշոր չափի հափշտակություն և որակվում համապատասխան հոդվածի ծանրացնող որակյալ մասով, իսկ առանձնապես խոշոր չափի գույք է համարվում 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող արժեքով գույքը։
Հարկ է նաև արձանագրել, որ կատարված օրենսդրական փոփոխությունը էականորեն բարելավում է ամբաստանյալ Վերգուշ Հայրապետյանի իրավական վիճակը և նրա նկատմամբ կիրառելի է։ Այսպես, Վերգուշ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա յուրացրել է առանձնապես խոշոր չափի՝ 4.163.535 ՀՀ դրամ գումար։ Մինչդեռ, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ Վերգուշ Հայրապետյանի կողմից ենթադրաբար յուրացված գումարն առանձնապես խոշոր չափ համարվել չի կարող, տվյալ գումարը համապատասխանում է խոշոր չափին, հետևաբար՝ նրա արարքը ենթակա է որակման նշված հանցակազմի ծանրացնող որակյալ մասով, այն է՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի կամ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետով (կետերով), ինչն արդեն իսկ համարվում է միջին ծանրության հանցագործություն։
(...)
Առկա պայմաններում, Դատարանը գտնում է, որ Վերգուշ Հայրապետյանին վերագրվող հանցագործությունը որպես ծանր հանցագործություն դիտարկելու և նրա նկատմամբ գործի քննությունը շարունակելու դեպքում ոչ միայն կարող է խախտվել արդար դատաքննության հիմնարար իրավունքը, այլև նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կարող է համարվել անօրինական՝ հաշվի առնելով այն, որ ամբաստանյալին վերագրվող արարքի քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցել են և առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք։ Մինչդեռ, սույն գործով ամբաստանվում են ինն անձ, որպիսի պայմաններում գործի քննությունը կարող է նաև ձգձգվել, իսկ մեղադրանքը վերաորակելու լիազորություն դատարանը չունի և այդ հարցին կարող է անդրադառնալ միայն դատավճռով։
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել Վերգուշ Հայրապետյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը՝ վերջինին վերագրվող արարքը դիտարկելով որպես միջին ծանրության հանցագործություն։
(...)
(...) 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ու Վերգուշ Հայրապետյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների համեմատական վերլուծությամբ Դատարանն արձանագրում է, որ նոր քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով նախատեսում է անձի վիճակն ակնհայտորեն վատթարացնող նորմեր՝ ի համեմատ նախկին քրեական օրենսգրքի (տե՛ս 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգիրքի 83-րդ հոդվածը և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 75-րդ հոդվածը)։
Այլ խոսքով՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը Վերգուշ Հայրապետյանի վիճակն այլ կերպ վատթարացնող նորմ է, որին հետադարձ ուժ տալն անթույլատրելի է։
Վերգուշ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի փաստական կողմի ձևակերպումից պարզ է, որ նրան վերագրվող հանցավոր արարքն ավարտվել է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին և առ այսօր նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ տվյալ մեղադրանքով առկա չէ։
Այսինքն, Վերգուշ Հայրապետյանին վերագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:
Դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ առ այն, որ Վերգուշ Հայրապետյանին վերագրվող արարքի վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվել կամ ընդհատվել է։
Հարկ է նաև փաստել, որ գործի դատական քննության ընթացքում Վերգուշ Հայրապետյանը հայտարարել է, որ առարկություն չունի իր նկատմամբ նշված մեղադրանքով վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցում։
(...)
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, որպիսի պայմաններում Վերգուշ Հայրապետյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»2։
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Վերգուշ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ թույլ չի տվել դատական սխալ, որպիսի հետևության Վերաքննիչ դատարանը հանգում է հետևյալ վերլուծությունների և դատողությունների արդյունքներով.
Այսպես․
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով Վերգուշ Ժորայի Հայրապետյանի կողմից պատճառված վնասի չափը կազմում է 4.163.535 ՀՀ դրամ գումար, որը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը։
Վերգուշ Ժորայի Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի փաստական կողմից հետևում է, որ նրան վերագրվող հանցավոր արարքն ավարտվել է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին, և նշված մեղադրանքով նրա նկատմամբ առկա չէ օրինական ուժ ստացած դատական ակտ։
Տվյալ դեպքում 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով կատարված փոփոխությունը էականորեն բարելավում է ամբաստանյալ Վերգուշ Հայրապետյանի իրավական վիճակը և նրան վերագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Սույն որոշման նախորդ կետում նշված իրավակարգավորումների համաձայն վաղեմության ժամկետներ սահմանող կանոնները խստացվել են, հետևաբար չունեն հետադարձ ուժ։ Այսինքն, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի հաշվառմամբ կիրառելի է արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցանքների համար նախատեսված վաղեմության ժամկետները։
(...)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն գործով քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Վերգուշ Ժորայի Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ Վերգուշ Հայրապետյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ « (…) Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` (…) խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝
(…)
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
(…)
3) խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
(…)
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցավորին վստահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝
(…)
2. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝
(…)
3) խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝
(…)
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. (…)»:
12. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն իրավիճակին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ4:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Վերգուշ Հայրապետյանին վերագրվել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում, որը որակվել է այն կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով5,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Վերգուշ Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը լուծելիս կիրառման ենթակա են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ու վերջինին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթները նրա վերաբերյալ քրեական գործով կիրառելի են այնքանով, որքանով բարելավում են ամբաստանյալի իրավական վիճակը։ Դատարանը նշել է, որ եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իմաստով 3.000.000 ՀՀ դրամը գերազանցող գույքի հափշտակությունը համարվել է առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն և որակվել համապատասխան հոդվածի առանձնապես ծանրացնող որակյալ մասով, ապա ՀՀ գործող քրեական օրենսգրքի իմաստով՝ 500.000 ՀՀ դրամից մինչև 5.000.000 ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակությունը համարվում է խոշոր չափի հափշտակություն և որակվում համապատասխան հոդվածի ծանրացնող որակյալ մասով, իսկ առանձնապես խոշոր չափի գույք է համարվում 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող արժեքով գույքը։ Դատարանն արձանագրել է, որ կատարված օրենսդրական փոփոխությունն էականորեն բարելավում է ամբաստանյալի իրավական վիճակը և նրա նկատմամբ կիրառելի է։ Դատարանը նշել է, որ Վ.Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա յուրացրել է առանձնապես խոշոր չափի՝ 4.163.535 ՀՀ դրամ գումար։ Մինչդեռ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի իմաստով՝ Վ.Հայրապետյանի կողմից ենթադրաբար յուրացված գումարն առանձնապես խոշոր չափ համարվել չի կարող, տվյալ գումարը համապատասխանում է խոշոր չափին, հետևաբար՝ նրա արարքը ենթակա է որակման նշված հանցակազմի ծանրացնող որակյալ մասով, այն է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի կամ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետով (կետերով), ինչն արդեն իսկ համարվում է միջին ծանրության հանցագործություն։ Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ նոր քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով նախատեսում է անձի վիճակն ակնհայտորեն վատթարացնող նորմեր՝ ի համեմատ նախկին քրեական օրենսգրքի, ուստի ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածին հետադարձ ուժ տալն անթույլատրելի է։ Վերլուծության արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ Վ.Հայրապետյանին վերագրվող հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են6,
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը էականորեն բարելավում է ամբաստանյալ Վերգուշ Հայրապետյանի իրավական վիճակը և նրան վերագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նոր քրեական օրենսգրքով վաղեմության ժամկետներ սահմանող կանոնները խստացվել են, հետևաբար չունեն հետադարձ ուժ։ Ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի հաշվառմամբ Վ.Հայրապետյանի նկատմամբ կիրառելի են արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցանքների համար նախատեսված վաղեմության ժամկետները։ Վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Վ.Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են7։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Հայրապետյանին վերագրվող՝ 4.163.535 ՀՀ դրամի յուրացումը թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Վ.Հայրապետյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։
Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ հինգ տարի անց Վ.Հայրապետյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավիճակը։
15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝ Վերգուշ Հայրապետյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:
16. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 5.1-ին կետում հիշատակված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները8։ Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի չէ նաև այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների առումով Վ.Հայրապետյանի համար առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։
18. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Դատալեքս» իրավական-տեղեկատվական կայքի ուսումնասիրությունից երևում է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 28–ի որոշմամբ թիվ ԿԴ/0029/01/19 քրեական գործն9 ըստ մեղադրանքի Արամ Ռազմիկի Դանիելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Սերոբ Արմենակի Կարապետյանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի և Սուսան Հակոբի Ղուլյանի, ուղարկվել է ըստ ընդդատության՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարան և դատավոր Տիգրան Դավթյանի` 2024 թվականի մարտի 7–ի որոշմամբ ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթ` ՀԿԴ/0038/01/24 համարի ներքո:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերգուշ Հայրապետյանի վերաբերյալ վարույթը ևս պետք է փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` ըստ էության նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերգուշ Ժորայի Հայրապետյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` ըստ էության նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 44-45։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 71-76։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 181-187։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը։
9 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
Նախագահող` Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: