Գլխավոր տեղեկություն
Տիպ
Միջազգային պայմանագիր
Ակտի տիպ
Incorporation (07.11.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.04.1995
Ստորագրման ամսաթիվ
10.04.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.1997

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Բուլղարիայի Հանրապետությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով զարգացնել երկու պետությունների և դրանց ժողովուրդների միջև բարեկամական կապերը,

ձգտելով երկկողմ համագործակցությանը տալ նոր ուղղվածություն` փոխադարձ հարգանքի և հավասարության հիմքի վրա,

ղեկավարվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ-ի այլ փաստաթղթերի նպատակներով և սկզբունքներով, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,

հայտնելով իրենց նվիրվածությունը ազատության և ժողովրդավարության սկզբունքներին` որպես համընդհանուր խաղաղության, միջազգային համագործակցության և կայունության ամրապնդման հիմքի, պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Պայմանավորվող կողմերը զարգացնում են իրենց բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը ինքնիշխան հավասարության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու, մարդու իրավունքները և հիմնական ազատությունները հարգելու, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող կողմերը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան, ջանքեր են գործադրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար և կնպաստեն ՄԱԿ-ի դերի բարձրացմանը:

 

Հոդված 3

 

Պայմանավորվող կողմերը Միավորված ազգերի կազմակերպությունում և միջազգային այլ կազմակերպություններում ու համաժողովներում կիրականացնեն համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով:

Պայմանավորվող կողմերի արտաքին գործերի նախարարները պարբերաբար խորհրդակցություններ կանցկացնեն երկկողմ հարաբերությունների և միջազգային դրության հրատապ հարցերով:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերը բարեկամական հարաբերություններ և համագործակցություն կզարգացնեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության փաստաթղթերում տեղ գտած պայմանավորվածությունների համաձայն: Նրանք ամեն կերպ կնպաստեն այդ գործընթացի զարգացմանը և այդ նպատակով կաջակցեն ԵԱՀԿ հաստատությունների և մեխանիզմների արդյունավետ գործունեությանը:

 

Հոդված 5

 

Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբներով խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման համար:

Կողմերը կնպաստեն միջազգային արդյունավետ հսկողության ներքո Եվրոպայում սպառազինությունների և զինված ուժերի կրճատման գործընթացին:

Պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը պաշտպանության բնագավառում` երկու կողմերի պաշտպանության նախարարությունների միջև համաձայնագրերի հիման վրա:

 

Հոդված 6

 

Պայմանավորվող կողմերը միջազգային ջանքերի շրջանակներում կաջակցեն միջուկային զինաթափման գործընթացին, միջուկային զենքի չտարածման պայմանակարգի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների մասին Համաձայնագրի պահպանմանը:

 

Հոդված 7

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձ կապեր կպահպանեն և տարբեր մակարդակներով հանդիպումներ կանցկացնեն պետական իշխանության և կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև` բարեկամական հարաբերությունների և համագործակցության զարգացման նպատակներով:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն երկու Կողմերի քաղաքացիների միջև կապերի զարգացմանը և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև վարչատարածքային միավորների միջև համագործակցությանը:

 

Հոդված 9

 

Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ պայմաններ կապահովեն և համապատասխան միջոցներ կձեռնարկեն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ազգությամբ բուլղարացի և Բուլղարիայի Հանրապետությունում մշտապես բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների էթնիկական, լեզվական, մշակութային և կրոնական ինքնօրինակության ուսումնասիրության, պահպանման և զարգացման ուղղությամբ` միջազգային իրավունքի նորմերին և կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 10

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն փոխշահավետ և իրավահավասար տնտեսական և առևտրական համագործակցության զարգացմանը և կիրականացնեն տեղեկության փոխանակում իրենց երկրներում իրագործվող տնտեսական բարեփոխումների ընթացքի և ուղղությունների մասին:

Պայմանավորվող կողմերը, իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան, կապահովեն իրավական, տնտեսական և ֆինանսական պայմաններ իրենց տարածքում մյուս Կողմի ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական և տնտեսական այլ գործունեության համար, այդ թվում` համատեղ ձեռնարկությունների, բանկերի և այլ կազմակերպությունների ստեղծման համար:

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն փոխադարձ ներդրումները և կապահովեն դրանց պաշտպանությունը այդ նպատակներով կնքված համաձայնագրերի հիման վրա:

 

Հոդված 11

 

Պայմանավորվող կողմերը կզարգացնեն փոխշահավետ լայն համագործակցություն արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ու մեքենաշինության, էլեկտրոնիկայի, հեռուստահաղորդակցության, թեթև, սննդի և քիմիական արդյունաբերության, հատուկ սարքավորումների և շինարարական արդյունաբերության համար սարքավորումների արտադրության բնագավառներում:

 

Հոդված 12

 

Պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցություն ռազմատեխնիկական բնագավառում և կհամագործակցեն քաղաքացիական նպատակներով ռազմական արտադրությունների կոնվերսիայի բնագավառում:

 

Հոդված 13

 

Պայմանավորվող կողմերը կընդլայնեն համագործակցությունը տրանսպորտի բնագավառում:

Կողմերը կզարգացնեն և կստորագրեն միջկառավարական համաձայնագրեր տրանսպորտի առանձին տեսակների վերաբերյալ:

Կողմերը միջոցներ կձեռնարկեն ուղևորների, բեռների և փոստային փոխադրումների մաքսային և սահմանային ձևակերպումը դյուրացնելու և արագացնելու համար:

 

Հոդված 14

 

Կողմերը այսուհետ ևս բազմակողմանիորեն կնպաստեն Սևծովյան տնտեսական համագործակցության դերի և արդյունավետության բարձրացմանը:

Նախնական համաձայնեցման կարգով Կողմերը միմյանց միջև խորհրդակցություններ կանցկացնեն միջազգային ֆինանսական և տնտեսական ու ինտեգրացիոն այլ խմբակցությունների նկատմամբ հարաբերություններում իրենց դիրքորոշումների մշակման համար:

 

Հոդված 15

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը հիմնարար և կիրառական գիտությունների, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառներում:

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների գիտությունների ակադեմիաների, գիտահետազոտական ինստիտուտների, գիտաարտադրական միավորումների, գիտնականների և հետազոտողների միջև անմիջական կապերի զարգացումը և միմյանց կաջակցեն տարբեր բնագավառներում մասնագետների պատրաստման գործում:

 

Հոդված 16

 

Պայմանավորվող կողմերը երկկողմ և բազմակողմ համագործակցություն կիրականացնեն շրջակա միջավայրի պաշտպանության և նրա վիճակի բարելավման բնագավառում` մասնավորապես.

վերսահմանային աղտոտումների և թափոնների ու վտանգավոր նյութերի վերսահմանային փոխադրումների կանխման, նվազեցման, վերացման և վերահսկողության նպատակով,

խոշոր վթարների, այդ թվում` միջուկային և տարերային աղետների մասին անհապաղ տեղեկացման, հետևանքների նվազեցման և վերացման ու այդ դեպքերում տեխնիկական անձնակազմերով օգնություն ցուցաբերելու համար,

բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և կենսաբազմազանության պահպանության և պահպանվող բնական տարածքների գծով փորձի փոխանակման համար,

էկոլոգիապես մաքուր արտադրությունների փոխանակման և կիրառման ընդլայնման համար,

բարձրարդյունավետ բնապահպանական և վերականգնողական միջոցառումների իրականացման համար:

 

Հոդված 17

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն իրենց ժողովուրդների միջև ավանդական կապերի զարգացմանը համապատասխան պայմանագրերի և ծրագրերի հիման վրա` մշակույթի, գիտության, կրթության և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում:

Պայմանավորվող կողմերը իրենց քաղաքացիների համար կապահովեն մյուս Պայմանավորվող կողմի մշակույթի, արվեստի ստեղծագործությունների և գրականության մատչելիությունը և այդ նպատակով կաջակցեն պետական, հասարակական և անհատական նախաձեռնություններին:

Պայմանավորվող կողմերը կխթանեն երկու երկրների մշակութային և կրթական հաստատությունների միջև կապերը պետական և տեղական մակարդակներով, կաջակցեն արվեստի գործիչների, մշակույթի և կրթության բնագավառի մասնագետների փոխայցելություններին:

 

Հոդված 18

 

Պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջության և սպորտի բնագավառում, կխրախուսեն շփումները երկու երկրների երիտասարդության միջև:

 

Հոդված 19

 

Պայմանավորվող կողմերը կընդլայնեն և կխորացնեն համագործակցությունը կազմակերպված հանցագործության, ահաբեկչության, թմրամոլության, թմրանյութերի, զենքի և ոչնչացման վտանգի տակ գտնվող վայրի բույսերի և կենդանիների տեսակների ապօրինի փոխադրումների, դրամանիշների և արժեթղթերի կեղծման, մաքսանենգության և արժութային ու մշակութային արժեքների անօրինական ներմուծման և արտահանման, անօրինական եկամուտների օրինականացման, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված գործողությունների դեմ պայքարում:

 

Հոդված 20

 

Պայմանավորվող կողմերը կիրականացնեն համագործակցություն փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման բնագավառում, հյուպատոսական հարաբերությունների բնագավառում, ինչպես նաև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ժամանակավորապես բնակվող իրենց քաղաքացիների մարդասիրական և սոցիալական հիմնահարցերի լուծման գործում:

 

Հոդված 21

 

Սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Պայմանավորվող կողմերը անհրաժեշտության դեպքում կոնկրետ հարցերով կկնքեն լրացուցիչ համաձայնագրեր:

Պայմանավորվող կողմերը անհրաժեշտության դեպքում կանցկացնեն խորհրդակցություններ սույն Պայմանագրի մեկնաբանման և կիրառման հարցերով:

 

Հոդված 22

 

Սույն Պայմանագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ և չի շոշափում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի` այլ պետությունների հետ կնքած գործող միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:

 

Հոդված 23

 

Սույն Պայմանագիրը կնքվում է տասը տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիներով այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը Պայմանագրի գործողության համապատասխան ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր տեղյակ չպահի մյուս Պայմանավորվող կողմին այն չեղյալ հայտարարելու իր ցանկության մասին:

 

Հոդված 24

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությանը համապատասխան և ուժի մեջ է մտն ում վավերագրերի փոխանակման օրվանից:

 

Հոդված 25

 

Սույն Պայմանագիրը ենթակա է գրանցման ՄԱԿ-ի քարտուղարությունում` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ Հոդվածի համաձայն:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և բուլղարերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի նոյեմբերի 7-ից: