Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29906/14
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Incorporation (17.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 14.12.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.10.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2024

 Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԴԻՄԱՔՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 29906/14)

 

ՎՃԻՌ

 

Հոդված 2 (նյութաիրավական և դատավարական) Կյանքը Դրական պարտավորությունները Դիմումատուի որդու մահը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում՝ ծառայակցի կողմից պատահաբար կրակելու հետևանքով Ներպետական մարմինների կողմից զենքի հետ վարվելու վերաբերյալ անվտանգության համապատասխան և պատշաճ կանոնակարգերի արդյունավետ իրականացումը չապահովելը Զինծառայողներին տրամադրվող հրատապ բժշկական օգնության կազմակերպումը կարգավորող՝ գործող կարգավորման շրջանակը չկիրառելը՝ կապված դիմումատուի որդուն տրամադրվող բժշկական օգնության հետ Զինվորական ծառայությանը բնորոշ այն հայտնի ռիսկերն արդյունավետորեն չկանխելը, որոնք կարող են հանգեցնել կյանքի համար վտանգավոր միջադեպերի՝ հատկապես շարունակվող ռազմական գործողությունների համատեքստում Ոչ արդյունավետ քննությունը

Հոդված 13 (+ հոդված 2) ● Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը ● Երեխայի կյանքի կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավական անհնարինությունը

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

17 հոկտեմբերի 2023 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins],

Էն Լուիս Բորմանն [Anne Louise Bormann],

Սեբաստիան Ռադուլեցու [Sebastian Răduleţu]` դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Ալեքսանդր Դիմաքսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2014 թվականի մարտի 28-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 29906/14),

Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) դիմումատուի որդու մահվան, քննության ենթադրյալ անհամապատասխանության և պետությունից ոչ նյութական վնասի համար փոխհատուցում ստանալու պահանջի անհնարինության վերաբերյալ նրա բողոքների մասին ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2023 թվականի սեպտեմբերի 26-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ենթադրաբար ծառայակցի կողմից պատահաբար կրակելու հետևանքով մահվանը։ Գործում բարձրացված են Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված հարցեր։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուն ծնվել է 1965 թվականին և բնակվում է Վահագնի գյուղում։ Նրան տրամադրվել է իրավաբանական օգնություն և ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Ա. Զալյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

 

I. Գործի նախապատմությունը

 

5. Դիմումատուն 18 տարեկան հասակում մահացած Մ. Դիմաքսյանի հայրն է:

6. 2010 թվականի նոյեմբերին Մ. Դիմաքսյանը զորակոչվել է հայկական բանակ։ Նա ծառայության է նշանակվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի՝ Հադրութ քաղաքի մոտ գտնվող թիվ 38401 զորամասում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) գտնվող զորամաս)։

7. 2012 թվականի փետրվարի 5-ին Մ.Դիմաքսյանին կրակել է ծառայակից Գ.Ա.-ն, որի հետ նա այդ օրը զորամասի թիվ 121 հենակետում (հենակետ) հերթապահության է եղել։ Նույն օրը նա մահացել է:

 

II. Դիմումատուի որդու մահվան ՓԱՍՏԻ ԱՌԹԻՎ ՔՐԵԱԿԱՆ գործով քննությունը

 

8. 2012 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժինը (Հադրութ, Լեռային Ղարաբաղ) քրեական վարույթ է հարուցել։

9. Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, ի թիվս այլնի, Մ. Դիմաքսյանի մահվան պատճառը և նրա մարմնի վրա վնասվածքների առկայությունը։

10. Ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցներ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն և դատաձգաբանական և հետքաբանական փորձաքննություններ։ Բացի այդ, հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում՝ զորամասի ավագ հրամանատարական սպայակազմը և Մ. Դիմաքսյանի ծառայակից ընկերները, որոնք բոլորն էլ հաստատել են, որ նա երբեք որևէ խնդիր չի ունեցել Գ.Ա.-ի հետ, և կարծիք են հայտնել, որ միջադեպը դժբախտ պատահարի հետևանք է եղել։

11. 2012 թվականի փետրվարի 9-ին Գ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (տե՛ս ստորև՝ 27-րդ պարբերությունը)՝ ինքնաձիգի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որի հետևանքով նա ոչ դիտավորյալ առաջացրել է Մ. Դիմաքսյանի մահը։

12. 2012 թվականի մարտի 7-ին դիմումատուն վարույթում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

13. 2012 թվականի մարտի 19-ին դատաբժշկական փորձաքննությունը (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը) ավարտվել է։ Համաձայն դրան հաջորդած եզրակացության՝ Մ. Դիմաքսյանը մահացել է ուսագոտու և կրծքավանդակի աջ հատվածի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքից առաջացած մեծ քանակությամբ արյան կորստի հետևանքով։ Փորձագետի եզրահանգմամբ գնդակը ներս է մտել ուսագոտու աջ հատվածից և դուրս է եկել կրծքավանդակի ձախ հատվածից։ Եզրակացության մեջ նաև նշվել է, որ մարմնի վրա հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները. կապտուկ ծոծրակի հատվածում, քերծվածքներ վերին հոնքին, ուսագոտու ձախ կողմում և աջ դաստակին, արյունազեղումներ քթի ծայրին, ճակատի ձախ կողմում և աջ ոտքին, ինչպես նաև կապտուկներ գանգի վրա՝ մաշկի տակ՝ ճակատի և ծոծրակի աջ կողմում, որոնք հասցվել են բութ առարկաներով, երբ Մ. Դիմաքսյանը դեռ ողջ է եղել՝ նրա մահից կարճ ժամանակ առաջ կամ մահանալու ժամանակ, և կապված չեն եղել մահվան պատճառի հետ։

14. Ի վերջո, ինչպես որ արտացոլված է մեղադրական եզրակացության մեջ, քննության ընթացքում պարզվել է հետևյալը. Դիմումատուն չի համաձայնել այս եզրակացությունների հետ:

15. 2012 թվականի փետրվարի 5-ին՝ առավոտյան մոտավորապես ժամը 7։10 րոպեին, հենակետում հերթապահություն իրականացնելիս Գ.Ա.-ն և Մ. Դիմաքսյանն աղմուկ և շան հաչոց են լսել։ Նրանք միասին գնացել են աղմուկի ուղղությամբ՝ քայլելով մոտավորապես հինգ մետր։ Գ.Ա.-ն վախեցել է և ավելի ապահով զգալու համար լիցքավորել է իրեն կցված ինքնաձիգը։ Մ. Դիմաքսյանը հետևել է նրան՝ պահպանելով չորս մետր հեռավորություն։ Համոզվելով, որ որևէ աղմուկ այլևս չկա, նրանք վերադարձել են իրենց դիրքեր։ Վերադառնալու ճանապարհին Մ. Դիմաքսյանը հիշեցրել է Գ.Ա.-ին, որ վերջինիս ինքնաձիգը դեռ լիցքավորված է, սակայն Գ.Ա.-ն, խախտելով ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, անտեսել է նրան՝ մտածելով, որ ինքը փակել է ձգանի պաշտպանիչը, և որ ինքնաձիգն ապահով է։ Մոտավորապես ժամը 7։30-ին՝ հենակետ վերադառնալուց հետո, Գ.Ա.-ի ինքնաձիգը կախված է եղել նրա վզից՝ փողը դեպի ձախ, իսկ ինքը կանգնած է եղել Մ. Դիմաքսյանից երեքից չորս մետր հեռավորության վրա։

Այնուհետև նրանք նորից են աղմուկ լսել և որոշել են ևս մեկ անգամ ստուգել տարածքը։ Գ.Ա.-ն որոշել է գնալ աջ, իսկ Մ. Դիմաքսյանը գնացել է ձախ։ Նախքան աջ թեքվելը Գ.Ա.-ն հանել է ձեռքերը գրպաններից և աջ ձեռքով պահել ինքնաձիգի կոթը, իսկ ցուցամատը պատահմամբ դիպչել է ձգանին։ Այդ պահին ինքնաձիգը կրակել է, և գնդակը հարվածել է Մ. Դիմաքսյանին՝ ուսագոտու աջ հատվածին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վնասվածք։ Կրակոցի հետևանքով Մ. Դիմաքսյանն ընկել է գետնին, որից հետո Գ.Ա.-ն հանել է նրա հագուստը՝ վնասվածքը գտնելու համար, և օգնություն է կանչել։

Օգնության են եկել այլ զինծառայողներ, որոնք Մ. Դիմաքսյանին պատգարակով տարել են խրամատ՝ սպասելով տրանսպորտի՝ նրան զինվորական հոսպիտալ տեղափոխելու համար։ Այնուհետև զինծառայողները Մ. Դիմաքսյանին դրել են մեքենայի մեջ, որով գումարտակի անձնակազմի ղեկավար մայոր Վ.Ս.-ն նրան տարել է զինվորական հոսպիտալ։

Ճանապարհը խորդուբորդ ու անանցանելի էր, և պատգարակը շարունակ մի կողմից մյուսն էր շարժվում մեքենայի մեջ, իսկ զինծառայողները դժվարությամբ էին այն պահում։ Նրանցից պահանջվել է մոտավորապես տասնհինգ րոպե՝ 400 մետր անցնելու համար, որից հետո նրանք հանդիպել են սանիտարական տրանսպորտի, որով մեկ այլ հենակետից իրենց ուղղությամբ է գնացել բուժակ Ա.Գ.-ն և Մ.Դիմաքսյանին տեղափոխել է այդ տրանսպորտ։ Այդ ժամանակ Մ. Դիմաքսյանը դեռ ողջ էր, և Ա.Գ.-ն ու զինծառայողները շարժվել են Մարտունիում գտնվող զինվորական հոսպիտալի ուղղությամբ (Հադրութից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորության վրա (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը))։

Անցնելով մոտավորապես 6 կիլոմետր՝ սանիտարական տրանսպորտը գերտաքացել է։ Նրանք կանգնեցրել են տրանսպորտը՝ ռադիատորի մեջ ջուր ավելացնելու համար, և շարունակել։ Սակայն կարճ ժամանակ անց տրանսպորտը նորից է գերտաքացել։ Այդ պահին պատահաբար մեկ այլ մեքենա է մոտեցել նրանց, և նրանք Մ. Դիմաքսյանին տեղափոխել են այդ մեքենա՝ ճանապարհը շարունակելու համար։

Ճանապարհին նրանք հանդիպել են իրենց ընդառաջ եկող զինվորական հոսպիտալի շտապ օգնության մեքենային։ Շտապ օգնության մեքենան կանգնել է, և բժիշկները փորձել են տեղում անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալ Մ. Դիմաքսյանին, սակայն նա արդեն մահացել էր։

16. 2012 թվականի օգոստոսի 7-ին գործը փոխանցվել է Սյունիքի մարզային դատարան՝ գործն ըստ էության քննելու համար։

 

III. Դիմումատուի որդու մահվան հանգամանքների առնչությամբ ներքին քննությունը

 

17. Չպարզված ամսաթվի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը Մ. Դիմաքսյանի մահվան առթիվ ներքին քննություն է նշանակել։ Այդ նպատակով ձևավորվել է հատուկ հանձնաժողով (ներքին հանձնաժողով)։

18. 2012 թվականի փետրվարին այդ քննության արդյունքների հիման վրա ներքին հանձնաժողովը զեկույց է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարին։ Այդ զեկույցի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«Հայտնաբերվել են հետևյալ թերությունները.

...

- Անվտանգության կանոնների մասին ծանուցման վրա [Գ.Ա.-ի] որոշ ստորագրություններ ... կեղծված են.

- [Գ.Ա.-ի] անհատական պանակում մուտքագրված տվյալները ստանդարտ բնույթ են կրում, իսկ համապատասխան նկարագրությունները բացակայում են (մեկ մուտքագրում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ).

- ... հենակետում ղեկավար անձնակազմի անդամի կողմից իր ծառայողական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելը.

- զորամասի սանիտարական տրանսպորտի հետ կապված տեխնիկական խնդիրների հետևանքով ճանապարհի կեսից վիրավոր անձի տեղափոխումն իրականացվել է այլ տրանսպորտով.

...

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է շարքային [Մ. Դիմաքսյանին] շարքային [Գ.Ա.-ի կողմից]՝ գումարտակի հրամանատարության և հենակետի ղեկավար անձնակազմի անդամի վատ հսկողության հետևանքով անսպասելիորեն արձակված կրակոցի արդյունքում...»։

 

19. Կառավարությունը Դատարանում հաստատել է, որ ներքին հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա, ինչպես արտացոլված է դրա զեկույցում, կարգապահական տույժեր են նշանակվել զորամասի հրամանատարական սպայակազմի վեց զինծառայողի, այդ թվում՝ հրամանատարի նկատմամբ՝ զինվորական ծառայության անվտանգությունը և պատշաճ վերահսկումն ապահովելու համար համապատասխան ջանքեր չգործադրելու համար։ Նրանք այս մասով որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:

 

IV. Դատաքննությունը

 

20. 2012 թվականի օգոստոսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում՝ Սյունիքի մարզային դատարանի (Մարզային դատարան) նիստում, սկսվել է Գ.Ա.-ի գործով դատաքննությունը։

21. Դատաքննության ընթացքում Գ.Ա.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց և իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքներում (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը)։

22. 2013 թվականի ապրիլի 25-ին Մարզային դատարանը Գ.Ա.-ին մեղավոր է ճանաչել ըստ մեղադրանքի (տե՛ս վերևում՝ 11-րդ և 15-րդ պարբերությունները) և դատապարտել նրան չորս տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։ Դրանով Մարզային դատարանը գտել է, որ Գ.Ա.-ն, խախտելով ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, չի փակել ինքնաձիգի ձգանի պաշտպանիչը, որն այնուհետև ոչ դիտավորյալ կերպով կրակել է, ինչի հետևանքով Մ. Դիմաքսյանը մահացել է։ Մարզային դատարանն իր վճռում անդրադարձել է միայն Գ.Ա.-ին վերագրվող իրավախախտման իրավական գնահատմանը և պատժատեսակը որոշելուն առնչվող հարցերին։

23. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ ինքը և իր ներկայացուցիչները լուրջ դժվարությունների են հանդիպել՝ կապված վարույթին ամբողջությամբ մասնակցելու հետ, քանի որ դատաքննությունը տեղի է ունեցել Ստեփանակերտում։ Վկայակոչելով ներքին հանձնաժողովի զեկույցը (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)՝ դիմումատուն այնուհետև բողոքել է, որ Մարզային դատարանը որևէ կերպ չի անդրադարձել իր որդու մահվան համար զորամասի ղեկավարության պատասխանատվության հարցին։ Բացի այդ, քննութամբ չեն պարզվել, թե ինչ հանգամանքներում է Մ. Դիմաքսյանն ստացել դիահերձման եզրակացության մեջ նկարագրված ոչ հրազենային վնասվածքները (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), վնասվածքը պատճառելու և Մ. Դիմաքսյանի մահվան միջև ընկած ժամանակի տևողությունը, և արդյոք հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը, եթե նրան տեղափոխող տրանսպորտային միջոցը ճանապարհին չփչանար։

24. 2013 թվականի հուլիսի 29-ին Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ անփոփոխ է թողել Մարզային դատարանի դատավճիռը։ Դրանով դիմումատուի վերաքննիչ բողոքի առնչությամբ նա նշել է հետևյալը.

 

«Անդրադառնալով տուժողի իրավահաջորդի [ներկայացուցչի] վերաքննիչ բողոքում շարադրված փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդպիսիք արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից [ըստ էության] բազմակողմանի [ստուգման] և օբյեկտիվ գնահատման են ենթարկվել, ուստի տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի [վերաքննիչ բողոքի] պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու համար»։

 

25. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ բերելով իր նախկին բողոքում ներկայացված փաստարկներին համանման փաստարկներ (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը):

26. 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

I. Քրեական օրենսգիրք

 

27. Նախկին Քրեական օրենսգրքի (ուժի մեջ է եղել 2003 թվականի օգոստոսի 1-ից 2022 թվականի հուլիսի 1-ը) 373-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում էր, որ զենքի, ռազմամթերքի, ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում էր ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

 

II. «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք

 

28. «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը (Ներքին ծառայության կանոնագիրք), որն ընդունվել է 1996 թվականի դեկտեմբերի 3-ին, Հայաստանի զինված ուժերում զինվորական ծառայությունը կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթն է։

29. Ներքին ծառայության կանոնագրքի 6-րդ հոդվածով նախատեսվում է, որ զինծառայողները գտնվում են պետության պաշտպանության տակ: Նրանց կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պահպանվում են օրենքով։ Զինծառայողին անվանարկելը, սպառնալիքը, բռնությունը կամ ոտնձգությունը նրա կյանքի, առողջության, ունեցվածքի նկատմամբ և զինծառայողի վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողությունները, ինչպես նաև նրա իրավունքների ոտնահարումն առաջացնում են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

30. 11-րդ հոդվածով նախատեսվում է, որ զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք: Զենքը պահելու, կրելու կանոնները և գործադրելու կարգը սահմանվում են սույն Ներքին ծառայության կանոնագրքով: Այնուհետև 11-րդ հոդվածում թվարկվում են այն հատուկ դեպքերը, երբ զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, իրավունք ունեն զենք գործադրելու, այդ թվում՝ այլ զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար։

31. 12-րդ հոդվածում նշվում է, ի թիվս այլնի, որ զենքի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացում՝ բացառությամբ հատուկ դեպքերի (նույն հոդվածով սահմանված): Զենք գործադրելու և օգտագործելու դեպքում զինծառայողը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները շրջապատի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ անհրաժեշտության դեպքում` տուժածներին ցույց տալ անհետաձգելի բուժօգնություն:

32. 73-րդ հոդվածի համաձայն՝ հրամանատարը միանձնյա ղեկավար է, որը և՛ խաղաղ, և՛ պատերազմի ժամանակ պատասխանատու է, ի թիվս այլնի, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և զինվորական ծառայության ընդհանուր անվտանգության համար։

33. 78-րդ հոդվածում նշվում է, ի թիվս այլնի, որ հրամանատարը (կամ պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց կամ խեղվելուց զերծ պահելու համար, սահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական հերթապահության (կամ մարտական ծառայության) ժամանակ սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ աշխատելիս անվտանգության այդ պահանջները վաղօրոք հասցնել ենթականերին և պահանջել դրանց խստագույն կատարումը, ինչպես նաև նույն հոդվածում թվարկվող այլ տեսակի հատուկ մարտական գործողություններ:

Մարտական գործողությունն սկսելուց առաջ հրամանատարը պարտավոր է անձամբ համոզվել, որ այդ գործողության համար ստեղծված են անվտանգ պայմաններ, և որ ստորադրյալները յուրացրել են անվտանգության պահանջները և տիրապետում են դրանց իրականացման անհրաժեշտ գործնական հմտությունների:

34. 942-րդ հոդվածով նախատեսվում է, որ գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը պարտավոր է, ի թիվս այլնի, վերահսկել մարտական հերթապահության իրականացման ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումների կատարումը և մարտական հերթապահությունում ընդգրկված սպառազինության և ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործումը, ինչպես նաև անձնակազմի հետ պարբերաբար անցկացնել պարապմունքներ մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման վերաբերյալ ուղեցույց փաստաթղթերի պահանջների իմացությունից։

35. 316-րդ հոդվածով նախատեսվում է, որ հերթապահ բժիշկը (բուժակը) պատասխանատու է զինվորական բուժկետում ներքին կարգուկանոնի համար։ Հերթապահ բժիշկը պատասխանատու է առաջին բժշկական օգնության, իսկ բուժակը՝ նախաբժշկական օգնության ցուցաբերման համար:

36. 317-րդ հոդվածում թվարկվում են բուժկետի հերթապահ բժշկի (բուժակի) պարտականությունները, այդ թվում՝ հերթապահ զինծառայողի կանչով անհապաղ ներկայանալ հիվանդի մոտ` նրան օգնություն ցույց տալու, իսկ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում հիվանդացածին անհապաղ ուղարկել բուժկետ և զեկուցել բժշկին։

37. Ներքին ծառայության կանոնագրքի 8-րդ գլուխը (329-361-րդ հոդվածներ), որի վերնագիրն է «Զինծառայողների առողջության պահպանումն ու ամրապնդումը», պարունակում է համապատասխան դրույթներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են զինծառայողների կողմից իրականացվող ֆիզիկական պատրաստության և կոփման միջոցառումներին, զինվորական ծառայության նյութական պայմաններին, սանիտարահիգիենիկ միջոցառումներին, վարակի կանխարգելմանը և վերահսկմանը, զինծառայողների բժշկական հսկողությանը և պարբերական բժշկական զննումներին, բուժկետում կամ հիվանդանոցներում հիվանդ զինծառայողների բուժմանը, առողջական պատճառներով զինծառայողներին պարապմունքներից կամ այլ գործունեությունից ազատելուն և բժշկական փաստաթղթերը վարելուն։

351-րդ հոդվածը վերաբերում է անհապաղ բուժմանը և նախատեսում է, որ հանկարծակի հիվանդացած կամ վնասվածք ստացած զինծառայողներն օրվա ցանկացած ժամի անհապաղ ուղարկվում են բուժկետ: 356-րդ հոդվածում, ի թիվս այլնի, նշվում է, որ զինծառայողներին գնդից դուրս բուժման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի եզրակացության, իսկ անհապաղ օգնության համար` բժշկի բացակայության դեպքում` բուժկետի հերթապահ բուժակը` միաժամանակ զեկուցելով գնդի բուժծառայության պետին և գնդի հերթապահին: Հիվանդները բուժհիմնարկ են հասցվում գնդի հերթապահ սանիտարական տրանսպորտով1` բժշկի (բուժակի) ուղեկցությամբ:

38. 451-րդ հոդվածով, ի թիվս այլնի, նախատեսվում է, որ զորամասի հրամանատարը պատասխանատու է զորամասի զինվորական ծառայության մշտական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման համար: Ի թիվս այլ դրույթների, ի լրումն 73-րդ և 78-րդ հոդվածներով սահմանված պարտականությունների (տե՛ս վերևում՝ 32-րդ և 33-րդ պարբերությունները)` զորամասի հրամանատարը պարտավոր է մշտապես վերահսկել զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարումը ստորաբաժանումների (ծառայությունների) ամենօրյա գործունեության ընթացքում։

39. 452-րդ հոդվածի համաձայն՝ զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, զորատեսակների ու ծառայությունների պետերը, ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները և զորամասերի (ստորաբաժանումների) պաշտոնատար այլ անձինք պատասխանատու են ենթակա ստորաբաժանումների (ծառայությունների) զինվորական ծառայության անվտանգության պահանջների ապահովման համար:

 

III. Փոխհատուցում ստանալու իրավունքը

 

40. Ներպետական իրավունքի՝ վնասի փոխհատուցման վերաբերյալ տվյալ ժամանակ գործող համապատասխան դրույթներն ամրագրված են Միրզոյանն ընդդեմ Հայաստանի [Mirzoyan v. Armenia] (թիվ 57129/10, §§ 46-50, 2019 թվականի մայիսի 23) գործում։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

41. Դիմումատուն բողոք է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան կապակցությամբ և պնդել, որ իշխանության մարմիններն այդ հարցի առնչությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.

 

«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:

 

Ա. Ընդունելիությունը

 

1. Իրավազորությունը

42. Կառավարությունը չի վիճարկել իր իրավազորությունը ԼՂՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասով (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, Դատարանը նպատակահարմար է գտնում անդրադառնալ հարցին իր սեփական նախաձեռնությամբ (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia] գործը, թիվ 11275/07, § 123, 2016 թվականի նոյեմբերի 24)։

43. Այդ կապակցությամբ Դատարանը նշում է, որ այլ գործերով այն արդեն իսկ քննել է Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայության ժամանակ մահվան ելքով պատահարների մասով իրավազորություն ունենալու հարցը և գտել է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով իրավազորության առումով առկա է կապ Հայաստանի և տվյալ տարածքում զինվորական ծառայություն իրականացնելիս մահացած անձանց միջև (տե՛ս վերևում հիշատակված՝ Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ժամկետային զինծառայողի մահվան դեպքին առնչվող՝ Մուրադյանի գործը, §§ 123-127, և Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia] գործը, թիվ 69517/11, §§ 86-92, 2022 թվականի ապրիլի 5, և որպես համեմատություն՝ Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ժամկետային զինծառայողի սպանության դեպքին առնչվող՝ Միրզոյանն ընդդեմ Հայաստանի [Mirzoyan v. Armenia] գործը, թիվ 57129/10, §§ 54-56, 2019 թվականի մայիսի 23)։

44. Միջադեպը, որը հանգեցրել է դիմումատուի որդու մահվանը, տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 5-ին ԼՂՀ-ում տեղակայված զորամասում (տե՛ս վերևում՝ 6-րդ և 7-րդ պարբերությունները)։ Դատարանը սույն գործում չի գտնում որևէ առանձնահատուկ հանգամանք, որը տեղի է ունեցել նաև մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտը (տե՛ս վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 91), որի դեպքում իրենից կպահանջվեր շեղվել Նանա Մուրադյանի գործով արված իր եզրակացություններից, և հետևաբար գտնում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով Հայաստանի և դիմումատուի մահացած որդու միջև իրավազորության առումով առկա է կապ։

 

2. Անընդունելիության այլ հիմքեր

 

45. Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Դիմումատուն

 

46. Դիմումատուն բողոքել է, որ պետությունը չի կատարել կյանքի իրավունքը պաշտպանելու իր դրական պարտավորությունը։ Նա պնդել է, որ իր որդին զրկվել է կյանքից զինվորական ծառայության ընթացքում պետության կողմից նրա համար անվտանգ պայմաններ չապահովելու, ինչպես նաև պատշաճ շտապ բժշկական օգնություն չցուցաբերելու հետևանքով։

47. Մասնավորապես դեպքի օրը զորամասի և մասնավորապես՝ հերթապահության կազմակերպման համար պատասխանատու զինվորական մարմինները չեն ապահովել, որ այդ հերթապահությանը նշանակված զինծառայողները լինեն լավ պատրաստված և պատշաճ վերապատրաստում անցած, ինչպես նաև չեն վերահսկել զենքի և սարքավորումների ճիշտ օգտագործումը՝ հակառակ Ներքին ծառայության կանոնագրքի պահանջներին (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը)։ Բացի այդ, պետությունը չի ապահովել անհապաղ բժշկական օգնության հասանելիությունը։ Նախ Մ. Դիմաքսյանին դրել են զինվորական մեքենան, որից հետո նրան տեղափոխել են սանիտարական տրանսպորտ, որը ոչ միայն նորմալ չէր աշխատում, այլև չուներ հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումներ և հարմարանքներ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը), որոնք կարող էին նպաստել նրա համար դրական արդյունքի:

48. Դիմումատուն պնդել է, որ հաշվի առնելով պատահարների քանակը և տվյալ ժամանակահատվածում հրադադարի մշտական խախտումները, որոնք ամեն տարի հանգեցնում էին մի շարք զոհերի, իշխանությունները տեղյակ էին կամ պետք է տեղյակ լինեին երիտասարդ ժամկետային զինծառայողների կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի մասին՝ նրանց բանակ զորակոչելիս։ Այնուամենայնիվ, իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ անհապաղ բժշկական օգնության հասանելիության ապահովումը, այդ ռիսկի նյութականացումը կանխելու համար:

49. Ինչ վերաբերում է քննությանը, ապա դիմումատուն պնդել է, որ դրա ընթացքում չեն բացահայտվել բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են իր որդու մահվան համար։ Մասնավորապես միայն Գ.Ա.-ն է քրեական պատասխանատվության ենթարկվել, որը պատահմամբ էր կրակել իր որդու վրա, մինչդեռ ըստ դատաբժշկական ապացույցների՝ իր որդին մահացել է մեծ քանակությամբ արյան կորստի հետևանքով (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը)։

 

բ) Կառավարությունը

 

50. Կառավարությունը հիմնվել է ներպետական քրեական իրավունքի դրույթների, ինչպես նաև Ներքին ծառայության կանոնագրքի 6-րդ և 11-րդ հոդվածների վրա (տե՛ս վերևում՝ 29-րդ և 30-րդ պարբերությունները)՝ պնդելով, որ ներպետական օրենսդրությամբ և կանոնակարգերով նախատեսված են անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմներ զինվորական ծառայություն իրականացնող անձանց համար:

51. Բացի այդ, Գ.Ա.-ն, որն առաջացրել էր դիմումատուի որդու մահը` խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, դատապարտվել և ստացել էր համարժեք պատիժ (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը), որը, ըստ Կառավարության պնդման, ապացուցել է իրավական համակարգի կարողությունը կիրառելու գործող իրավունքն այն անձի նկատմամբ, որը պատասխանատու է եղել դեպքի համար:

52. Կառավարությունը պնդել է, որ իշխանությունները չգիտեին և չէին կարող իմանալ Մ. Դիմաքսյանի կյանքին սպառնացող վտանգի մասին։ Մահացու կրակոցը Գ.Ա.-ի անհատական գործողությունների հետևանքով է եղել, որը չպետք է վերագրվի իշխանություններին. այդպես անելը նրանց վրա անհամաչափ բեռ կդներ:

53. Ինչ վերաբերում է հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրին, ապա Կառավարությունը պնդել է, որ վնասվածք ստանալուց հետո Մ.Դիմաքսյանի տեղափոխումը հիվանդանոց կազմակերպվել է պատշաճ կերպով և հնարավորինս արագ։ Ժամանակ խնայելու նպատակով մայոր Վ.Ս.-ն այլ զինծառայողների օգնությամբ Մ.Դիմաքսյանին տարել է զինվորական հոսպիտալի ուղղությամբ, որից հետո նրան տեղափոխել են զորամասի սանիտարական տրանսպորտ։ Սանիտարական տրանսպորտի գերտաքացումը չի կարող էական համարվել, քանի որ հիվանդին անմիջապես տեղափոխել են մեկ այլ մեքենա (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը):

54. Ինչ վերաբերում է ներքին հանձնաժողովի կողմից իրականացված քննության արդյունքներին (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը), ապա Կառավարությունը նշել է, որ դրանք միայն նախնական եզրակացություններ էին և ներառվել են քրեական վարույթի գործի նյութերում: Համապատասխան զեկույցում հայտնաբերված թերությունները կարգապահական բնույթի էին։ Ամեն դեպքում այդ թերությունների և Մ. Դիմաքսյանի մահվան միջև պատճառահետևանքային կապ չի եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատահարը տեղի է ունեցել Գ.Ա.-ի անձնական սխալ դատողության պատճառով։

55. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ եթե նույնիսկ զորամասի ղեկավարության գործողություններն անթերի լինեին, միևնույն է, նույն պատահարը կարող էր տեղի ունենալ՝ հաշվի առնելով մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը։

56. Ինչ վերաբերում է քննությանը, ապա Կառավարությունը նշել է, որ իշխանություններն այն սկսել են դեպքի օրը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) և իրականացրել են մի շարք քննչական միջոցառումներ, այդ թվում՝ տարբեր դատաբժշկական փորձաքննություններ և վկաների հարցաքննություններ: Քննությունն ի վերջո հանգեցրել է Գ.Ա.-ի դատապարտմանը։ Այն ավարտվել է ողջամիտ ժամկետում և հասանելի է եղել տուժող կողմին, մասնավորապես՝ դիմումատուին: Մասնավորապես վարույթի շրջանակում դիմումատուին շնորհվել է տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), նա պատշաճ կերպով տեղեկացվել է փորձաքննություններ անցկացնելու համար դատաբժշկական փորձագետներ նշանակելու մասին որոշումների վերաբերյալ, և նրան տրամադրվել է հասանելիություն հաջորդող փորձագիտական եզրակացություններին, ինչպես նաև քննության ավարտից հետո գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն։

57. Ներքին քննության արդյունքների հիման վրա (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը), որոնցով բացահայտվել են թերացումներ զորամասի հրամանատարության կողմից պատշաճ հսկողություն և անվտանգություն ապահովելու և վիրավոր անձնակազմի տեղափոխման կազմակերպման հարցում, վեց զինծառայողներ, այդ թվում՝ ստորաբաժանման հրամանատարը, ենթարկվել են կարգապահական տույժերի (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը):

 

2. Դատարանի գնահատականը

 

ա) Ընդհանուր սկզբունքները

 

i) Նյութաիրավական հայեցակետը

 

58. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է։ 3-րդ հոդվածի հետ միասին այն նաև սահմանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը: Որպես առանձին անհատների պաշտպանության գործիք Կոնվենցիայի առարկայով և նպատակով պահանջվում է, որ 2-րդ հոդվածը մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ ապահովվեն վերջինիս երաշխիքների կիրառելիությունը և արդյունավետությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մքքաննը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, § 146-147, շարք Ա, թիվ 324):

59. 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ պետությունը պարտավորվում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձին դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելուց, այլ նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկել իր իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքը պաշտպանելու համար (տե՛ս Լ.Ս.Բ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [L.C.B. v. the United Kingdom], 1998 թվականի հունիսի 9, § 36, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-III):

60. Անհատների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համատեքստում Դատարանը նախկինում առիթ է ունեցել ընդգծելու, որ ինչպես արգելանքի տակ պահվող անձանց դեպքում, զորակոչիկները նույնպես գտնվում են պետության իշխանությունների բացառիկ վերահսկողության ներքո, քանի որ բանակում տեղի ունեցող ցանկացած դեպք ամբողջությամբ կամ մեծամասամբ կատարվում է իշխանությունների բացառիկ իմացությամբ, և որ իշխանությունների վրա դրված է նրանց պաշտպանելու պարտականություն (տե՛ս Բեկերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 41-42, 2009 թվականի մարտի 24, Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, § 92, 2013 թվականի հունվարի 17, և Մալիկ Բաբայևն ընդդեմ Ադրբեջանի [Malik Babayev v. Azerbaijan], թիվ 30500/11, §§ 66, 2017 թվականի հունիսի 1):

61. Նույն համատեքստում Դատարանը նաև վճռել է, որ պետության առաջնային պարտականությունն է ներդնել կյանքին կամ ֆիզիկական անձեռնմխելիությանը սպառնացող այն վտանգի աստիճանին հարմարեցված կանոններ, որը կարող է առաջանալ ոչ միայն ռազմական գործողությունների և օպերացիաների բնույթից, այլև մարդկային գործոնից, որն առաջ է գալիս այն ժամանակ, երբ պետությունը որոշում է սովորական քաղաքացիներին զորակոչել զինվորական ծառայություն իրականացնելու համար: Այդպիսի կանոններով պետք է պահանջվի ընդունել գործնական միջոցներ, որոնք ուղղված են զորակոչիկներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր՝ այն թերությունները և սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են կատարվել տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից (տե՛ս Կիլինչը և այլք ընդդեմ Թուրքիայի [Kılınç and Others v. Turkey], թիվ 40145/98, § 41, 2005 թվականի հունիսի 7, և վերևում հիշատակված՝ Մոսենձի գործը, § 91): Նույն կերպ զինվորական բժշկական հիմնարկները պետք է ունենան համապատասխան կարգավորող շրջանակ՝ ապահովելու ժամկետային զինծառայողների պաշտպանությունը՝ հաշվի առնելով, որ ռազմաբժշկական անձնակազմի գործողություններն ու անգործությունն առողջապահական քաղաքականության ոլորտում որոշակի հանգամանքներում կարող են ներառել նրանց պատասխանատվությունը՝ համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի (տե՛ս վերևում հիշատակված՝ Կիլինչի և այլոց գործը, § 42):

62. Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու հարցին, ապա Դատարանը նախկինում համարել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակում կարող է առաջանալ խնդիր, եթե ապացուցվում է, որ Պայմանավորվող պետության իշխանությունները վտանգի են ենթարկում անհատի կյանքը՝ մերժելով տրամադրել առողջապահական խնամք, որն ընդհանուր առմամբ հանրությանը հասանելի դարձնելու մասով նրանք պարտավորություն են ստանձնել (տե՛ս Մեհմեդ Շենթուրքը և Բեքիր Շենթուրքն ընդդեմ Թուրքիայի [Mehmet Şentürk and Bekir Şentürk v. Turkey] գործը, թիվ 13423/09, § 88, ՄԻԵԴ 2013, հաջորդող հղումների հետ միասին):

63. Դատարանը նաև համարել է, որ կյանքի իրավունքը պաշտպանելու պետության պարտականությունը ներառում է նաև արտակարգ իրավիճակներում ծառայությունների տրամադրումը, եթե իշխանությունները ծանուցվում են, որ անձի կյանքը կամ առողջությունը վտանգված է դժբախտ պատահարի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով։ Կախված հանգամանքներից՝ այդ պարտականությունը կարող է դուրս գալ արտակարգ իրավիճակներում հիմնական ծառայությունների տրամադրման շրջանակից, ինչպիսիք են հրշեջ բրիգադների և շտապօգնության մեքենաների կողմից տրամադրվող ծառայությունները, և ներառել օդային փրկարարական միջոցների տրամադրումը՝ աղետի ենթարկվածներին օգնելու համար: Այս համատեքստում պետության պարտականությունը ներառում է նաև աղետի ենթարկված անձանց փրկելու համար համապատասխան կարգավորող շրջանակի ստեղծում և այդ շրջանակի արդյունավետ գործունեության ապահովում (տե՛ս Ֆուրդիկն ընդդեմ Սլովակիայի (որոշում) [Furdik v. Slovakia (dec.)] գործը, թիվ 42994/05, 2008 թվականի դեկտեմբերի 2)։

64. Այնուամենայնիվ, դրական պարտավորությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ իշխանության մարմինների վրա չափից ավելի բեռ չդրվի, մասնավորապես՝ հաշվի առնելով մարդկային վարքի անկանխատեսելիությունը և այն գործնական ընտրությունները, որոնք պետք է կատարել առաջնահերթությունների և ռեսուրսների առումով (տե՛ս Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom], թիվ 27229/95, § 90, ՄԻԵԴ 2001-III): Հետևաբար կյանքին սպառնացող հայտարարված ոչ բոլոր ռիսկերը կարող են հանգեցնել Կոնվենցիայի՝ իշխանության մարմինների կողմից այդ ռիսկի նյութականացումը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու մասին պահանջին: Դրական պարտավորություն կառաջանա այն դեպքում, երբ հաստատվել է, որ իշխանության մարմիններն այդ պահին գիտեին կամ պետք է իմացած լինեին նույնացված անձի կյանքին երրորդ կողմի կամ անձամբ իր կողմից սպառնացող իրական և անմիջական ռիսկի առկայության մասին, և որ նրանք իրենց լիազորությունների շրջանակներում այնպիսի միջոցներ չեն ձեռնարկել, որոնք, եթե խելամիտ դատենք, կարող էր ակնկալվել, որ կօգնեին խուսափել այդ ռիսկից (տե՛ս վերևում հիշատակված՝ Մալիկ Բաբայևի [Malik Babayev] գործը, §§ 66-67, հաջորդող հղումների հետ միասին):

 

ii) Դատավարական հայեցակետը

 

65. Կյանքի իրավունքը պաշտպանելու, ինչպես նաև դրա կորստի դեպքում պատշաճ պատասխանատվություն կրելու պարտավորությամբ անուղղակիորեն պահանջվում է, որ որևէ ձևով իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն այն դեպքերում, երբ կան կասկածներ, որ անձին կասկածելի հանգամանքներում պատճառվել են կյանքին սպառնացող վնասվածքներ, նույնիսկ եթե ճակատագրական ոտնձգությունը կատարող ենթադրյալ անձը պետական պաշտոնյա չէ (տե՛ս Մուսթաֆա Թունքը և Ֆեսիր Թունքն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey [GC]], թիվ 24014/05, § 171, 2015 թվականի ապրիլի 14, հաջորդող հղումների հետ միասին):

66. Քննությունը պետք է արդյունավետ լինի այն իմաստով, որ այն պետք է հանգեցնի փաստերի հաստատմանը և անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատու անձանց հայտնաբերելուն և պատժելուն (նույն տեղում, § 172): Այն նաև պետք է մանրակրկիտ լինի, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների համար որպես հիմք ընդունելու համար (տե՛ս Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և ևս 2-ը, § 325, ՄԻԵԴ 2014, և Էլ Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC]] գործը, թիվ 39630/09, § 183, ՄԻԵԴ 2012):

67. Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքների, այլ միջոցի պարտավորություն է. իշխանության մարմինները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները՝ ապահովելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցները, ներառյալ, ի թիվս այլնի, ականատեսների հարցաքննությունը, փորձաքննությունները և անհրաժեշտության դեպքում՝ դիահերձումը, որի միջոցով հնարավոր է ստանալ ցանկացած վնասվածքի ամբողջական և ճշգրիտ պատկերը և կլինիկական եզրակացությունների, այդ թվում՝ մահվան պատճառների օբյեկտիվ վերլուծությունը: Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող գնահատվել միայն կազմված զեկույցների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր տարրերի բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Հետաքննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում պատասխանատու անձանց ի հայտ բերելու՝ քննության հնարավորությունը և անխուսափելիորեն հանգեցնում է արդյունավետության պահանջվող չափանիշին չհամապատասխանելուն (տե՛ս Մուրադյանի գործը, § 135, հաջորդող հղումների հետ միասին, և Նանա Մուրադյանի գործը, § 126, երկուսն էլ վերևում հիշատակված)։

68. Բացի այդ, քննությունը պետք է այնքանով հասանելի լինի տուժողի մերձավորին, որքանով դա անհրաժեշտ է նրա իրավաչափ շահերը պաշտպանելու համար։ Նաև պետք է լինի քննության հանրային վերահսկողության բավարար տարր, որի աստիճանը կարող է գործից գործ տարբեր լինել (տե՛ս Հյու Ջորդանն ընդդեմ Միացյալ Թագավորության [ Hugh Jordan v. the United Kingdom] գործը, թիվ 24746/94, § 109, 2001 թվականի մայիսի 4)։

69. Ի վերջո, քննության՝ բավականաչափ արդյունավետ լինելու հարցը պետք է քննվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով քննչական աշխատանքի գործնական հանգամանքները: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարող ուսումնասիրության բնույթը և աստիճանը կախված են կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մուրադյանի գործը, § 136, հաջորդող հղումների հետ միասին, և Նանա Մուրադյանի գործը, §127, երկուսն էլ վերևում հիշատակված)։

 

բ) Այս սկզբունքների կիրառումը սույն գործում

 

i) Նյութաիրավական հայեցակետը

 

70. Դիմումատուի որդին՝ Մ. Դիմաքսյանը, ժամկետային զինծառայող էր, որն իշխանությունների խնամքի և պատասխանատվության ներքո իրականացնում էր իր պարտադիր զինվորական ծառայությունը, երբ մահացավ ծառայակցի կողմից պատահաբար կրակելու հետևանքով։

71. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն կասկածի տակ չի դրել ներպետական իշխանությունների՝ և՛ քրեական վարույթի, և՛ ներքին քննության պաշտոնական եզրակացությունն այն մասով, որ իր որդու վրա կրակել են դժբախտ պատահարի հետևանքով՝ իր ծառայակից Գ.Ա.-ի կողմից զենքի օգտագործման անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով (տե՛ս վերևում՝ 14-րդ, 15-րդ, 18-րդ և 23-րդ պարբերությունները):

72. Կառավարությունը կարծես կասկածի տակ է դրել ներքին քննության եզրակացությունների հավաստիությունը՝ դրանք անվանելով որպես միայն «նախնական» (տե՛ս վերևում՝ 54-րդ պարբերությունը): Այդուհանդերձ, Կառավարությունն ինքն իր հետագա պնդումներում հիմնվել է այն փաստի վրա, որ վեց զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի զորամասի հրամանատարության թերացումների համար, որոնք բացահայտվել են ներքին քննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը):

73. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ նախկինում զինվորական ծառայության ընթացքում մահացու դեպքերի հետ կապված այլ գործերով որոշել է, որ այդ տեսակի ներքին քննության եզրակացությունները չեն կարող համարվել «վերջնական որոշում» Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նպատակներով այնքանով, որքանով որ դրանք կրում են զուտ ներքին բնույթ և չեն առնչվում մահացած զինծառայողների հարազատներին (տե՛ս Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Nazaryan v. Armenia] գործը, թիվ 2169/12 և 29887/14, §§ 97-99, 2022 թվականի նոյեմբերի 8, և Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Ashot Malkhasyan v. Armenia] գործը, թիվ 35814/14, §§ 70 և 71, 2022 թվականի հոկտեմբերի 11): Միևնույն ժամանակ առկա չէ որևէ հիմք՝ ենթադրելու, որ սույն գործում Դատարանն իր գնահատականներում չպետք է հիմնվի այդպիսի ներքին քննության փաստացի եզրակացությունների վրա, ինչպես որ արել է նախորդ դեպքերում (տե՛ս, օրինակ, Միրզոյանի գործը, § 72, Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, §§ 147 և 149, և Աշոտ Մալխասյանի գործը, § 96, բոլորը վերևում հիշատակված):

 

1) Զենքի օգտագործման կանոնները և կանոնակարգերը

 

74. Ինչպես նշված է վերևում՝ 71-րդ պարբերությունում, ներպետական վարույթում միանշանակ հաստատվել է, որ դիմումատուի որդու վրա կրակել են դժբախտ պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել նրա ծառայակից Գ.Ա.-ի կողմից զենքի օգտագործման անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով։

75. Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ ներպետական իշխանությունները պարտավոր են սահմանել կանոններ և ձեռնարկել գործնական միջոցներ՝ ժամկետային զինծառայողներին ռազմական կյանքին բնորոշ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելու նպատակով, և ապահովել համապատասխան ընթացակարգեր՝ հայտնաբերելու այն թերություններն ու սխալները, որոնք կարող են կատարվել տարբեր մակարդակների պատասխանատուների կողմից (տե՛ս վերևում՝ 61-րդ պարբերությունում ամփոփված նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքները):

76. Դատարանը վերահաստատում է, որ իր խնդիրն է սովորաբար ոչ թե վերանայել համապատասխան օրենքը և գործելակերպը in abstracto (վերացական ձևով), այլ որոշել, թե արդյոք այն ձևը, որով դրանք կիրառվել կամ ազդել են դիմումատուի կամ մահացածի վրա, առաջացրել է Կոնվենցիայի խախտում (տե՛ս Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի [Boychenko v. Russia] գործը, թիվ 8663/08, § 85, 2021 թվականի հոկտեմբերի 12): Հետևաբար միայն այն փաստը, որ կարգավորող շրջանակը կարող է որոշ առումներով թերի լինել, ինքնին բավարար չէ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն հարց բարձրացնելու համար: Պետք է ապացուցվի, որ այն գործել է ի վնաս անձի (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 144):

77. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող հիմնական օրենսդրությունը «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքն է (Ներքին ծառայության կանոնագիրք. տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը), որին նույնպես Կառավարությունը հղում է կատարել (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը): Ներքին ծառայության կանոնագիրքը պարունակում է մանրամասն կանոններ և կանոնակարգեր, որոնք վերաբերում են զինվորական ծառայության տարբեր հայեցակետերին, այդ թվում՝ անվտանգությանը, պահանջելով անվտանգության կանոնների պահպանում և դրանց կատարում ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ նրանց ենթակաների կողմից (տե՛ս մասնավորապես վերևում՝ 32-34-րդ, 38-րդ և 39-րդ պարբերություններում նշված՝ Ներքին ծառայության կանոնագրքի 73-րդ, 78-րդ, 94.2-րդ, 451-րդ և 452-րդ հոդվածները):

78. Ինչ վերաբերում է մասնավորապես զենքի անվտանգությանը, ապա 78-րդ հոդվածով պարտավորություն է դրվում հրամանատարների վրա պատշաճ կերպով տեղեկացնելու իրենց ենթականերին անվտանգության պահանջների մասին, պահանջելու դրանց խիստ պահպանումը հրազենի հետ գործ ունենալիս և համոզվելու, ի թիվս այլնի, որ իրենց ենթականերն իրականում հասկացել են անվտանգության պահանջները և ունեն անհրաժեշտ գործնական հմտություններ դրանք իրականացնելու համար (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը): Բացի այդ, 94.2 հոդվածով սահմանվում է, որ հրամանատարի՝ մարտական հերթապահության համար պատասխանատու տեղակալը վերահսկում է զենքի և սպառազինության ճիշտ օգտագործումը մարտական հերթապահության իրականացման ժամանակ (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը):

79. Դատարանը չի գտնում որևէ հիմնավորում վերոնշյալ կանոնակարգերի համարժեքությունը որպես ամբողջություն կասկածի տակ դնելու համար (ի հակադրություն, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 140): Հետևաբար այն գտնում է, որ Հայաստանում գործող կարգավորող շրջանակով նախատեսվում էին համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված զենքի հետ վարվելու հետ կապված վտանգներից ժամկետային զինծառայողների արդյունավետ պաշտպանությանը, և հետևաբար այն համապատասխանում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին:

80. Այսպիսի հանգամանքներում Դատարանը նշում է, որ ո՛չ ներպետական դատարաններում, ո՛չ էլ Դատարանում ընթացող վարույթի ընթացքում դիմումատուն չի վիճարկել զինվորական ծառայության անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ հրազենի օգտագործման առնչությամբ վերոնշյալ ներպետական դրույթներով նախատեսված կարգավորող շրջանակի համապատասխանությունը: Նա, այնուամենայնիվ, պնդել է, որ ռազմական մարմինները չեն կիրառել անվտանգության համապատասխան միջոցները՝ չապահովելով, որ հերթապահության նշանակված զինծառայողներն անվտանգության համապատասխան կանոնների վերաբերյալ պատշաճ պատրաստվածություն ունենան, ինչպես նաև չեն վերահսկել զենքի և սպառազինության ճիշտ օգտագործումը (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը):

81. Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ կարգավորելու մասով պետությունների պարտավորությունը պետք է ընկալվի ավելի լայն իմաստով, որը ներառում է կարգավորող շրջանակի արդյունավետ գործողությունն ապահովելու պարտականությունը: Այսպիսով, կարգավորող պարտականությունները ներառում են այն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են իրականացումը, այդ թվում՝ հսկողությունը և կատարումն ապահովելու համար (տե՛ս, ենթադրյալ բժշկական անփութության հետևանքով մահվան համատեքստում, Լոպես դե Սոուսա Ֆերնանդեսն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]] գործը, թիվ 56080/13, § 189, 2017 թվականի դեկտեմբերի 19): Դատարանի կարծիքով՝ դա ճիշտ է նաև զինվորական ծառայության համատեքստում, որն ի սկզբանե վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ ներառում է ամենօրյա կտրվածքով հրազենի հետ գործ ունենալը:

82. Դեպքի առթիվ ներքին քննության արդյունքներն ամփոփող զեկույցի համաձայն՝ անվտանգության կանոնների ծանուցման վրա Գ.Ա.-ի որոշ ստորագրություններ կեղծվել են, ինչը ենթադրում է, որ նա այդ կանոնների վերաբերյալ պատշաճ պատրաստվածություն չի անցել, և միևնույն ժամանակ հենակետի ավագ սպայակազմի անդամը չի կատարել իր ծառայողական պարտականությունները (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Այնուհետև նույն զեկույցում ենթադրություն է արվել, որ պատահական կրակոցը եղել է գումարտակի ղեկավարության և հենակետի ավագ սպայակազմի վատ հսկողության հետևանքը (նույն տեղում): Դրանից հետևում է, որ զորամասի հրամանատարությունը չի ապահովել անվտանգության համապատասխան կանոնակարգերի արդյունավետ իրականացումը, որի համար նրանք իրենց տրամադրության տակ ունեին անհրաժեշտ մեխանիզմներ (տե՛ս վերևում՝ 78-րդ պարբերությունը): Այս համատեքստում Կառավարության այն փաստարկը, որ պատահարը չէր կարող կանխատեսվել՝ հաշվի առնելով մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը (տե՛ս վերևում՝ 55-րդ պարբերությունը), չի կարող ընդունվել։ Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ իր խնդիրը ոչ թե անհատական պատասխանատվություն սահմանելն է, այլ ավելի շուտ՝ որոշելը, թե արդյոք պետությունը կատարել է կյանքի իրավունքը պաշտպանելու իր պարտավորությունը՝ համապատասխան կարգավորող շրջանակի ընդունման և արդյունավետ իրականացման միջոցով (տե՛ս վերևում՝ 81-րդ պարբերությունը):

83. Թեև Դատարանը չի կարող ենթադրություն անել, թե արդյոք իրադարձություններն այլ ընթացք կունենային, եթե պատասխանատու անձինք այլ կերպ վարվեին և ապահովեին համապատասխան կարգավորող շրջանակի արդյունավետ իրականացումը գործնականում, 2-րդ հոդվածի համաձայն իրականացվող համապատասխան ստուգմամբ չի կարող պահանջվել ապացուցել, որ «եթե չլիներ» իշխանությունների ձախողումը կամ բացթողումը, մահը վրա չէր հասնի (տե՛ս, mutatis mutandis, Բլյակայը և այլք ընդդեմ Խորվաթիայի [Bljakaj and Others v. Croatia] գործը, թիվ 74448/12, § 124, 2014 թվականի սեպտեմբերի 18): Ավելի շուտ, 2-րդ հոդվածի համաձայն պետությանը պատասխանատվության ենթարկելու համար կարևոր և բավարար է ապացուցել, որ համապատասխան կարգավորող շրջանակի գործողության առկա թերությունները վնաս են հասցրել անհատին (տե՛ս վերևում՝ 76-րդ պարբերությունում մեջբերված նախադեպային իրավունքը), ինչը, Դատարանի կարծիքով, տեղի է ունեցել սույն գործում:

84. Հետևաբար Դատարանը գտնում է, որ սույն գործով իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունը՝ ապահովելու զենքի հետ վարվելու անվտանգության համապատասխան կանոնակարգերի արդյունավետ իրականացումը, այդ թվում՝ դրանց վերահսկողությունն ու կատարումը, այդպիսով առաջացնելով պետության պատասխանատվությունը վերջինիս՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորության մասով (տե՛ս վերևում՝ 59-րդ և 60-րդ պարբերություններում մեջբերված նախադեպային իրավունքը, տե՛ս նաև, mutatis mutandis, և ճանապարհային անվտանգության կանոնակարգերի իրականացման համատեքստում, Սմիլյանիչն ընդդեմ Խորվաթիայի [Smiljanić v. Croatia] գործը, թիվ 35983/14, § 85, 2021 թվականի մարտի 25):

85. Այս եզրակացությունը բավարար է, որպեսզի Դատարանը գտնի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում: Այնուամենայնիվ, սույն գործի հանգամանքներում Դատարանը կքննի, թե արդյոք այդ հայեցակետը խախտվել է նաև պատահարից հետո դիմումատուի որդուն հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու մասով:

 

2) Շտապ բժշկական օգնությունը

 

86. Դիմումատուն բողոքել է, որ իշխանությունները պատշաճ կերպով չեն կազմակերպել վնասվածք ստանալուց հետո Մ. Դիմաքսյանին հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու հարցը, քանի որ, ի թիվս այլնի, նրան տեղափոխել են զինվորական բեռնատարով, այնուհետև հրատապ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով չհամալրված սանիտարական տրանսպորտով, և որը, բացի այդ, ճանապարհին երկու անգամ խափանվել է (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը, վերջում):

87. Դատարանը նշում է, որ այն փաստերը, որոնց մասով դիմումատուն բողոքել է, զգալիորեն տարբերվում են այն դեպքերից, որոնք վերաբերում են բժշկական անփութության հետ կապված մեղադրանքների համատեքստում հրատապ փրկարար օգնություն ցուցաբերելու մերժմանը կամ գիտակցաբար (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ հղի կնոջ մահվանն առնչվող՝ Մեհմեդ Շենթուրքի և Բեքիր Շենթուրքի գործը, երբ բժիշկները հրաժարվել են շտապ վիրահատություն կատարել, քանի որ նա չէր կարող վճարել բժշկական վճարները) կամ հիվանդանոցային ծառայություններում համակարգային կամ կառուցվածքային խախտումների արդյունքում հիվանդի կյանքը վտանգի ենթարկելուն, որի հետևանքով հիվանդը զրկվում է հրատապ փրկարար օգնության հասանելիությունից, երբ իշխանություններն իմացել են կամ պետք է իմանային այդ ռիսկի մասին և չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդ ռիսկի նյութականացումը կանխելու համար (տե՛ս, օրինակ, շտապ օգնության մեքենայում դիմումատուի նորածին երեխայի մահվանն առնչվող՝ Ասիյե Գենչն ընդդեմ Թուրքիայի [Asiye Genç v. Turkey] գործը, թիվ 24109/07, 2015 թվականի հունվարի 27, այն բանից հետո, երբ նրան մերժել են ընդունել մի շարք պետական հիվանդանոցներ՝ իրենց նորածնային բաժանմունքներում տարածքի կամ համապատասխան բժշկական սարքավորումների բացակայության պատճառով, և հանգամանքների համակցությամբ, մասնավորապես՝ կոնկրետ տարածաշրջանում առողջապահական համակարգում խախտումների պատճառով երեխայի վաղաժամ մահվանն առնչվող՝ Այդողդուն ընդդեմ Թուրքիայի [Aydoğdu v. Turkey] գործը, թիվ 40448/06, 2016 թվականի օգոստոսի 30)։

88. Համապատասխանաբար Դատարանը համարում է, որ վերոնշյալ նախադեպային իրավունքում մշակված չափորոշիչներն ու սկզբունքները (տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Լոպես դե Սոուսա Ֆերնանդեսի գործը, §§ 190-196), որոնք ձևակերպվել են էապես տարբեր, այն է՝ բժշկական անփութության համատեքստում, չեն կարող ուղղակիորեն փոխանցվել սույն գործին, սակայն, այնուամենայնիվ, գործի հանգամանքները գնահատելիս պետք է առաջնորդվել դրանցով այնքանով, որքանով շոշափվում է հրատապ բժշկական օգնության հարցը:

89. Դատարանը վկայակոչում է վերևում՝ 61-րդ պարբերությունում նշված նախադեպային իրավունքի սկզբունքները, համաձայն որոնց, երբ սովորական քաղաքացիները զորակոչվում են զինվորական ծառայության, պետության առաջնային պարտականությունն է սահմանել այդ քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկի մակարդակին համապատասխան կանոններ։

90. Դատարանը տեղյակ է, որ Ներքին ծառայության կանոնագրքի 351-րդ և 356-րդ հոդվածներով նախատեսվում է, որ վիրավոր զինծառայողները պետք է անհապաղ ուղարկվեն բուժկետ, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում պետք է ուղարկվեն զորամասից դուրս՝ բուժօգնություն ստանալու համար, որի դեպքում նրանք համապատասխան բժշկական հիմնարկ են տեղափոխվում զորամասի սանիտարական տրանսպորտով՝ ռազմական բժշկի կամ բուժակի ուղեկցությամբ (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը, վերջում):

91. Այսպիսով, համաձայն գործող կանոնակարգերի (տես վերևում՝ 35-37-րդ պարբերությունները) զորամասերը պետք է ունենան բժիշկ (կամ բուժակ)՝ հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Միևնույն ժամանակ, արտակարգ իրավիճակի դեպքում վիրավոր զինծառայողները պետք է հիվանդանոց ուղարկվեն սանիտարական տրանսպորտով, որը, ըստ երևույթին, պարտադիր չէ, որ հագեցված լինի կենսաապահովման հիմնական սարքավորումներով (տե՛ս Ներքին ծառայության կանոնագրքի 356-րդ հոդվածը՝ ամփոփված վերևում՝ 37-րդ պարբերության վերջում, ինչպես նաև վերևում՝ 47-րդ պարբերությունում նշված դիմումատուի փաստարկը` կապված տվյալ տրանսպորտի մեջ հրատապ բժշկական սարքավորումների բացակայության հետ, ինչը Կառավարությունը Դատարանում վարույթի իրականացման որևէ պահի չի վիճարկել):

92. Հաշվի առնելով զինծառայողների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգին բնորոշ աստիճանը (տե՛ս վերևում՝ 61-րդ և 81-րդ պարբերությունները), հատկապես հեռավոր վայրում ակտիվ մարտական հերթապահության նշանակվելիս, ինչպես որ սույն դեպքում է, երբ դիմումատուի որդին ծանր վիրավորվել է (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը), հազիվ թե կարելի է պնդել, որ գոյություն ունեցող կարգավորող շրջանակը (տե՛ս վերևում՝ 91-րդ պարբերությունը) գործնականում իրականացվել է այնպես, որ ապահովվեր այդ աստիճանի ռիսկին համապատասխան հրատապ բժշկական օգնության հասանելիությունը: Անկասկած, սույն գործով առկա՝ և՛ քրեական, և՛ ներքին քննությունների ընթացքում հաստատված փաստերը (տե՛ս վերևում՝ 15-րդ և 18-րդ պարբերությունները) հակառակն են ապացուցում։

93. Այսպիսով, հակառակ համապատասխան կարգավորումների (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը)՝ զորամասում որևէ բժիշկ (կամ բուժակ) չի եղել, երբ Մ. Դիմաքսյանի վրա կրակել են։ Նա ծառայակիցների կողմից, կրկին առանց բժշկական անձնակազմի ներկայության, սովորական պատգարակով տեղափոխվել է խրամատ։ Այնուհետև զինծառայողները Մ. Դիմաքսյանին դրել են զինվորական մեքենայի մեջ. նրանք դժվարություններ են ունեցել պատգարակը կայուն վիճակում պահելու հարցում, քանի որ ճանապարհն այնքան անհարթ է եղել, որ նրանցից պահանջվել է տասնհինգ րոպե 400 մետր մեքենայով անցնելու համար։ Այնուհետև Մ. Դիմաքսյանին կրկին տեղաշարժել են՝ սանիտարական տրանսպորտ տեղափոխելու համար, որն, ինչպես արդեն նշվեց վերևում՝ 91-րդ պարբերությունում (տե՛ս նաև վերևում՝ 37-րդ պարբերության վերջում), չի եղել կենսաապահովման սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենա կամ որևէ այլ տեսակի հիվանդանոցային տրանսպորտ (տե՛ս, mutatis mutandis, և Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում, Տարարիևան ընդդեմ Ռուսաստանի [Tarariyeva v. Russia] գործը, թիվ 4353/03, §§ 112-117, ՄԻԵԴ 2006-XV (քաղվածքներ))՝ դեպի մոտ հիսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող զինվորական հոսպիտալ ճանապարհը շարունակելու համար։ Այնուամենայնիվ, բժշկական մեքենան ուղևորության ընթացքում երկու անգամ կանգ է առել, քանի որ այն անընդհատ գերտաքանում էր։ Արդյունքում ստիպված են եղել ևս մեկ անգամ տեղաշարժել Մ.Դիմաքսյանին, այս անգամ այն բեռնատարի մեջ տեղափոխելու համար, որին զինծառայողները պատահաբար հանդիպել են ճանապարհին, մինչև որ նրանց դիմավորել է հիվանդանոցի շտապօգնության մեքենան, սակայն արդեն ուշ է եղել (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը):

94. Այսպիսի հանգամանքներում Դատարանը նկատում է, որ քննությամբ չի պարզվել, թե կոնկրետ որքան ժամանակ է Մ. Դիմաքսյանը եղել ճանապարհին՝ դեռ ողջ լինելով (տե՛ս ստորև՝ 102-րդ պարբերությունը): Սակայն ամեն դեպքում այն պայմանները, որոնցում նրան տեղափոխել են, ինչպես որ նկարագրված է նախորդ պարբերությունում, ներառյալ՝ այն փաստը, որ չնայած հրազենային վնասվածք ստացած լինելուն՝ նա առնվազն երեք անգամ տեղափոխվել է տարբեր տրանսպորտային միջոցներ, որոնցից ոչ մեկը հագեցված չի եղել հիմնական կենսաապահովման սարքավորումներով, ակնհայտորեն այնպիսին չեն եղել, որ բարձրացնեին դրական արդյունք ունենալու հնարավորությունները:

95. Դատարանը չի կարող ենթադրություններ անել, թե արդյոք Մ. Դիմաքսյանի կյանքը կփրկվեր, եթե նրան ավելի վաղ տեղափոխեին հիվանդանոց, կամ որ ավելի կարևոր է, եթե նրան տեղափոխեին համապատասխան կերպով հագեցված շտապօգնության մեքենայով կամ հիվանդանոցային այլ տրանսպորտով։ Ավելի շուտ, Դատարանի խնդիրն է որոշել, թե արդյոք իշխանություններն արել են այն, ինչ խելամտորեն կարելի էր ակնկալել նրանցից, և մասնավորապես, թե արդյոք նրանք կատարել են կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց պարտավորությունը (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Մեհմեդ Շենթուրքի և Բեքիր Շենթուրքի գործը, § 89)՝ հատկապես բավարար կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու և համապատասխան կարգավորող շրջանակը գործնականում արդյունավետ կերպով կիրառելու միջոցով՝ ապահովելու ժամանակին և պատշաճ հրատապ բժշկական օգնության ցուցաբերումը։ Բացի այդ, դրա խնդիրն է սովորաբար ոչ թե վերանայել համապատասխան օրենքը և գործելակերպը in abstracto, այլ որոշել, թե արդյոք այն ձևը, որով դրանք կիրառվել կամ ազդել են դիմումատուի կամ մահացածի վրա, առաջացրել է Կոնվենցիայի խախտում (տե՛ս վերևում՝ 76-րդ պարբերությունում մեջբերված նախադեպային իրավունքը): Այդ կերպ Դատարանը սույն գործով նշանակություն է տալիս այն իրադարձությունների հաջորդականությանը, որոնք հանգեցրել են Մ. Դիմաքսյանի ողբերգական մահվանը, ինչպես նշված է գործի նյութերում (տե՛ս վերևում՝ 93-րդ պարբերությունը, տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Մեհմեդ Շենթուրքի և Բեքիր Շենթուրքի գործը, § 89):

96. Դատարանը համարում է, որ հաշվի առնելով զինվորական ծառայությանը բնորոշ հայտնի ռիսկերը, որոնք կարող են հանգեցնել կյանքի համար վտանգավոր միջադեպերի՝ հատկապես շարունակվող ռազմական գործողությունների համատեքստում (այս առնչությամբ տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունում նշված՝ դիմումատուի պնդումները), պատասխանող պետությունն ունի հատկապես պարտադիր պատասխանատվություն զինծառայողների նկատմամբ, որոնք ստիպված են ամենօրյա կտրվածքով բախվել զինված ուժերում ծառայելուց բխող իրական վտանգներին (տե՛ս, mutatis mutandis, Չեվրիօղլին ընդդեմ Թուրքիայի [Cevrioğlu v. Turkey] գործը, թիվ 69546/12, § 67, 2016 թվականի հոկտեմբերի 4): Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի բացատրել, թե ինչու պետական մարմինների վրա անհնարին կամ անհամաչափ բեռ կլիներ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ակնկալվել նրանցից՝ այդ ռիսկերը կանխելու համար, ներառյալ՝ պատշաճ կերպով հագեցված շտապօգնության մեքենայի, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում օդային շտապօգնության առկայությունը՝ վիրավոր զինծառայողներին տեղափոխելու համար, երբ հնարավոր չէր լինի տեղում կազմակերպել շտապ օգնությունը՝ նկատի ունենալով այն օպերատիվ ընտրությունները, որոնք պետք է կատարվեին առաջնահերթությունների և ռեսուրսների առումով (տե՛ս վերևում՝ 63-րդ և 64-րդ պարբերություններում մեջբերված նախադեպային իրավունքը):

97. Վերոգրյալի լույսի ներքո՝ Դատարանը գտնում է, որ իշխանությունները չեն կիրառել զինծառայողներին հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու կազմակերպումը կարգավորող՝ գործող կարգավորման շրջանակը՝ այդպիսով չկարողանալով արդյունավետ կերպով կանխել զինվորական ծառայությունից բխող՝ կյանքին սպառնացող ռիսկերը:

 

3) Եզրակացություն

 

98. Հաշվի առնելով վերևում՝ 84-րդ և 97-րդ պարբերություններում նշված իր եզրահանգումները՝ Դատարանը եզրակացնում է, որ սույն գործով իշխանությունները չեն կատարել իրենց հսկողության ներքո գտնվելու ընթացքում Մ. Դիմաքսյանի կյանքի իրավունքը պաշտպանելու մասով իրենց դրական պարտավորությունը։

99. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով:

 

ii) Դատավարական հայեցակետը

 

100. Դատարանն ի սկզբանե նշում է, որ Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունն իր սեփական նախաձեռնությամբ քննություն է սկսել միջադեպի օրը, այսինքն՝ 2012 թվականի փետրվարի 5-ին (տե՛ս վերևում՝ 7-րդ և 8-րդ պարբերություններ)։ Բացի այդ, քրեական գործով քննությունը, որը հանգեցրել է Մ.Դիմաքսյանի ծառայակցի՝ Գ.Ա.-ի քրեական հետապնդմանը և դատապարտմանը, ավարտվել է շատ արագ՝ դեպքի օրվանից հետո կես տարվա ընթացքում, այսինքն՝ մոտավորապես 2012 թվականի օգոստոսին (տե՛ս վերևում՝ 8-րդ և 16-րդ պարբերությունները), իսկ դատավարությունն ավարտվել է 2013 թվականի ապրիլին (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը), այսինքն՝ մինչդատական փուլից հետո մեկ տարուց պակաս ժամկետում։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ քննությունն իրականացվել է անհրաժեշտ բարեխղճությամբ, և քննության մասով անհիմն ձգձգումներ չեն եղել։

101. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը վերահաստատում է, որ քննությունը պետք է մանրակրկիտ լինի, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների համար որպես հիմք ընդունելու համար (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունում մեջբերված նախադեպային իրավունքը):

102. Դատարանը նկատում է, որ չնայած ձեռնարկված բոլոր քննչական միջոցառումներին (տե՛ս, մասնավորապես, վերևում՝ 10-րդ պարբերությունը)՝ քննությամբ չի պարզվել Մ. Դիմաքսյանի մահվան հետ կապված որոշ կարևոր հանգամանքներ, ինչպիսիք են վնասվածքն ստանալուց հետո նրան հիվանդանոց տեղափոխելու ընդհանուր ժամանակը (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերության վերջում), ինչպես նաև մի շարք ոչ հրազենային վնասվածքների բնույթն ու ծագումը, որոնք հայտնաբերվել են դիահերձման ժամանակ, ներառյալ՝ կապտուկները և արյունազեղումները նրա դեմքի և գլխի տարբեր հատվածներում, ինչպես նաև աջ դաստակին, աջ ոտքին և ուսագոտու ձախ կողմում: Ըստ դիահերձման եզրակացության՝ այդ վնասվածքները հասցվել են բութ գործիքով, երբ Մ. Դիմաքսյանը դեռ ողջ է եղել՝ նրա մահից կարճ ժամանակ առաջ կամ մահանալու ժամանակ, և կապված չեն եղել մահվան պատճառի հետ (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը)։

103. Բացի այդ, թեև թվում է, որ ներքին քննության մասով զեկույցը, որը պարունակում էր մի շարք կարևոր փաստական եզրահանգումներ՝ կապված Մ.Դիմաքսյանի մահվան հանգամանքների հետ, այդ թվում՝ հենակետում անվտանգության վատ վերահսկողությունը և նրան հիվանդանոց տեղափոխելու հետ կապված խնդիրները (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը), ներառվել է քրեական գործին առնչվող նյութերում, քննչական մարմինների կողմից հաստատված իրադարձությունների վարկածում պատշաճ կերպով չէին արտացոլվել այդ եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)՝ չհաշված դրանց պատշաճ իրավական գնահատական տալը: Քրեական գործով քննությամբ և դատաքննությամբ չի հաստատվել, թե արդյոք զորամասի հրամանատարները և անհապաղ բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման համար պատասխանատու անձինք որևէ պատասխանատվություն կրել են դիմումատուի որդու մահվան համար:

104. Դատարանն այս մասով վերահաստատում է, որ քննության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն կազմված զեկույցների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննությամբ արված եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունում մեջբերված նախադեպային իրավունքը), ինչը, ինչպես որ ցույց տրվեց վերևում՝ 102-րդ և 103-րդ պարբերություններում, չի եղել Մ. Դիմաքսյանի մահվան հանգամանքների քննության դեպքում։

105. Այս համատեքստում Դատարանը լուրջ կասկածներ ունի քրեական գործով ներպետական քննության պատշաճորեն իրականացված լինելու վերաբերյալ: Այն գտնում է, որ սույն գործով իրականացված քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել, ինչի հետևանքով չի հաջողվել ամբողջությամբ լույս սփռել պատահական կրակոցների և Մ. Դիմաքսյանի մահվանը հանգեցրած հաջորդող դեպքերի հետ կապված հանգամանքների վրա։

106. Հաշվի առնելով վերը նշված եզրահանգումն այն մասով, որ Մ. Դիմաքսյանի մահվան հանգամանքների քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել, Դատարանը եզրակացնում է, որ ներպետական իշխանությունները սույն գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել:

107. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով:

108. Այս եզրահանգումն այլևս ավելորդ է դարձնում ուսումնասիրել քննության մյուս հայեցակետերը (տե՛ս, mutatis mutandis, Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia] գործը, թիվ 32631/09 և 53799/12, § 272, 2019 թվականի օգոստոսի 27, և Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia] գործը, թիվ 3673/11, § 101, 2020 թվականի մայիսի 7), այդ թվում՝ դրա անկախությունը և հանրային վերահսկողության աստիճանը:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

109. Դիմումատուն բողոքել է, որ ներպետական իշխանություններն իր որդու մահվան փաստով արդյունավետ քննություն չեն իրականացրել, և որ ներպետական իրավունքով իր կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար պետությունից փոխհատուցում պահանջելու հնարավորություն չի եղել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

 

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

 

110. Կառավարությունը պնդել է, որ սույն գործով ոչ նյութական վնասի փոխհատուցման հարց չի ծագել, քանի որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել՝ հաշվի առնելով այն փաստը, որ քննությունը եղել է մանրակրկիտ և արդյունավետ և հանգեցրել է բոլոր համապատասխան հանգամանքները պարզելուն և մեղավորներին պատժելուն։

 

Ա. Ընդունելիությունը

 

111. Դատարանը նշում է, որ այս բողոքը կապված է վերևում քննված բողոքի հետ և հետևաբար պետք է նույն կերպ հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

112. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի հետ կապված իր եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 105-րդ պարբերությունը)՝ Դատարանը համարում է, որ սույն գործով անհրաժեշտ չէ քննության առնել, թե արդյոք տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի որդու մահվան փաստով քննության ենթադրյալ անարդյունավետության մասով (տե՛ս, mutatis mutandis, Մուրադյանի գործը, § 161, և Անահիտ Մկրտչյանի գործը, § 105, երկուսն էլ վերևում հիշատակված):

113. Ինչ վերաբերում է դիմումատուի բողոքին այն մասով, որ Հայաստանի Հանրապետության իրավունքով չեն նախատեսվում միջոցներ իր որդու մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջի համար (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունում նշված՝ տվյալ ժամանակ գործող համապատասխան ներպետական կանոնակարգերը), ապա Դատարանը նշում է, որ այն արդեն գտել է, որ ցանկացած անձի երեխայի կյանքի կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կիրառելու հնարավորություն տվող օրենսդրական դրույթների բացակայությունը խախտում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները (տե՛ս վերևում հիշատակված՝ Միրզոյանի գործը, §§ 79-83): Դատարանը սույն գործով այլ եզրահանգման գալու որևէ պատճառ չի տեսնում։

114. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավական հնարավորության բացակայության մասով։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

115. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնասը

 

116. Դիմումատուն ոչ նյութական վնասի դիմաց պահանջել է 50 000 եվրո։

117. Կառավարությունը դիմումատուի պահանջը համարել է չափազանցված։

118. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով գործի առանձնահատուկ հանգամանքները, դիմումատուին շնորհում է 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

119. Դիմումատուին տրամադրվել է իրավաբանական օգնություն (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը), և լրացուցիչ ծախսերի կամ ծախքերի համար փոխհատուցում ստանալու փորձ չի արվել: Հետևաբար Դատարանն այս մասով որևէ որոշում չի կայացնում։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով.

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավական հնարավորության բացակայության մասով.

5. Վճռում է, որ չկա անհրաժեշտություն քննության առնելու, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի որդու մահվան փաստով քննության ենթադրյալ անարդյունավետության մասով.

6. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

7. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

_____________________________

1 Հիվանդ կամ վիրավոր զինծառայողների տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոց, որը, ըստ երևույթին, հագեցած չէ կենսապահովման սարքավորումներով։

 

Իլզե Ֆրայվըրթ՝

 

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր՝

 

Քարտուղարի տեղակալ

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան