Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1032-Ա

«21» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) իրավաբանական բաժնի իրավաբան և նույն ընկերության ներկայացուցիչ Նշան Խաչատրյանի 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-19597-25 դիմում-ծանուցման հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-19597-25 դիմում-ծանուցման առարկայի քննության կապակցությամբ 2025 թվականի մարտի 12-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որը կայանալու վայրի և ժամանակի մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ 07/22264-25 գրությամբ ծանուցվել է Ընկերության ներկայացուցիչ Նշան Խաչատրյանը (ծանուցումն ապահովվել է «info@efes.am» էլեկտրոնային փոստի հասցեով, «Mulberry 2.0» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, փաստաթղթի հսկիչ համար՝ YN1D-7E94-A691-8A97):

Ուսումնասիրելով 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-19597-25 դիմում-ծանուցումը, դրան կից ներկայացված ապացույցները, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2025 թվականի մարտի 21-ի թիվ Դ-19597-25 դիմում-ծանուցմամբ (այսուհետ՝ Դիմում-ծանուցում) Ընկերության ներկայացուցիչը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը, 345-րդ հոդվածի 1-ին մասը, 347-րդ հոդվածը, 1021-րդ հոդվածի 1-ին մասը, 1071.1-րդ հոդվածի 1-ին մասը, հետադարձ պահանջի իրավունքով խնդրել է Ընկերությանը վճարել Թամար Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա 2024 թվականի սեպտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Կողբացու փողոցի թիվ 3 հասցեում ծառ ընկնելու արդյունքում, որպես նշված ավտոմեքենան վնասվելու հետևանքով առաջացած վնաս, վերջինիս հատուցված 2.350.000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը:

2023 թվականի նոյեմբերի 23-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YJ547801 վկայագրի համաձայն՝ «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը հանդիսանում է Թամար Ալեքսանյանի սեփականությունը:

Դիմում-ծանուցման կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2025 թվականի փետրվարի 28-ին հայտնվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կենսունակ թեղի ծառի տապալումից վնասվել է «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենան։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետին ուղղված՝ Հ/Ո բաժանմունքի ավագ տեսուչի՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագրի համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին ստացված հաղորդումների կապակցությամբ այց է կատարվել Երևանի Կողբացու փողոցի թիվ 3 հասցե, որտեղ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18:50-ի սահմաններում եղանակային պայմանների՝ քամու և անձրևի հետևանքով Երևան քաղաքի Կողբացու փողոցի թիվ 3 հասցեի շենքի հարակից հատվածում գտնվող հաստաբուն ծառն արմատախիլ է եղել և կողաշրջվել նույն վայրում կայանված՝ Թամար Ալեքսանյանին պատկանող «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և Աննա Պետրոսյանին պատկանող «Suzuki SX4» մակնիշի «58 AP 885» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել են նշված տրանսպորտային միջոցների տարբեր հատվածները, ինչի վերաբերյալ տեղում կազմվել է համապատասխան արձանագրություն և լուսանկարչական հավելված:

Ընկերության կողմից կազմված՝ «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Կ/547/1 հաշվետվության համաձայն՝ փոխարինման ենթակա օգտագործված գործարանային պահեստամասերի արժեքի, օգտագործվող նյութերի արժեքի, վերանորոգման և տեղադրման աշխատանքների արժեքի հանրագումարը կազմել է 2.400.000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:

Ընկերության 2024 թվականի հոկտեմբերի 18-ի ապահովագրական հատուցման որոշման համաձայն՝ «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու արդյունքում հատուցման ենթակա գումարը կազմել է 2.350.000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

«Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տրված՝ «Փոխանցում հաշվին N 34477» վերտառությամբ քաղվածքի համաձայն՝ Ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Թամար Ալեքսանյանի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցվել է 2.350.000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Դիմում-ծանուցմանը կից ներկայացվել է «Սյուռվեկս Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2025 թվականի փետրվարի 17-ին կազմված թիվ V-994-03/02/25 վնասի գնահատման հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն):

Հաշվետվության 3-րդ մասում նշվել են հետազոտության նպատակով հավաքագրված նյութերը և փաստաթղթերը, որոնք են՝ վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի N 035 եզրակացությունը, տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YJ547801 վկայագիրը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի կողմից ներկայացված՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագիրը, պատվիրատու Ընկերության կողմից տրամադրված լուսանկարները:

Հաշվետվության 6.2-րդ կետի 2-րդ պարբերությամբ նշված է, որ փորձագետները, ուսումնասիրելով տրամադրված բոլոր լուսանկարները և տեսագրությունը, համադրել են ծառի կողաշրջման հետևանքով պատճառված վնասը (ավտոմեքենայի վնասված դետալները) վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի N 035 եզրակացությունում նշված դետալների և անհրաժեշտ աշխատանքների հետ և արդյունքում պարզել են, որ իսկապես «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա արձանագրված վնասվածքները Երևան, Կողբացի փողոցի թիվ 3 հասցեում կողաշրջված ծառի ուղղակի հետևանքն է:

Հաշվետվության 6.2-րդ կետի 3-րդ պարբերությամբ փորձագետները նշել են, որ «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա արձանագրված վնասվածքները Երևան, Կողբացի փողոցի թիվ 3 հասցեում կողաշրջված ծառի ուղղակի հետևանքն է, ընդ որում վնասների գնահատման փորձաքննությունն իրականացնող փորձագետի N 035 եզրակացությունում նշված դետալների փոխարինումը արդարացված է, իսկ աշխատանքների կատարումը՝ անհրաժեշտ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Քննարկվող պարագայում, ելնելով Դիմում-ծանուցմամբ ներկայացված պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.

1) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, թե 2024 թվականի սեպտեմբերի 11-ին «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում ավտոմեքենայի ո՞ր մասերն են վնասվել (տրանսպորտային միջոցի հետքաբանական փորձաքննություն),

2) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է Ընկերության կողմից կազմված՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Կ/547/1 վնասի գնահատման հաշվետվության մեջ նշված՝ «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի փոխարինման ենթակա մասերը 2024 թվականի սեպտեմբերի 11-ին նույն ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում վնասվելու հանգամանքը (ծառն ընկնելու և ավտոմեքենայի մասերը վնասվելու միջև պատճառահետևանքային կապի առկայությունը),

3) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը 2.350.000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքը (ծառն ընկնելու և հաշվարկված վնասի չափի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը),

4) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ Ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կայացված «Ապահովագրական հատուցման որոշման» հիման վրա Թամար Ալեքսանյանին հատուցված 2.350.000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամն իրենից ներկայացրել է բացառապես 2024 թվականի սեպտեմբերի 11-ին «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասի հատուցում:

5) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է «Ապահովագրական հատուցման որոշմամբ» Թամար Ալեքսանյանին փոխհատուցված 2.350.000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով գումարի մասով Երևան համայնքի նկատմամբ Ընկերության հետադարձ պահանջի իրավունք ունենալու հանգամանքը:

Նշված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը, որով սահմանված է, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Դիմում-ծանուցմանը կից, որպես պահանջը հիմնավորող ապացույցներ, Ընկերության կողմից ներկայացվել են 2024 թվականի սեպտեմբերի 11-ին Կողբացու փողոցի թիվ 3 հասցեում ծառ ընկնելու վերաբերյալ ստացված հաղորդումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից կազմված՝ «Հասցե այցելելու մասին» արձանագրությունը, 2024 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագիրը, Ընկերության 2024 թվականի հոկտեմբերի 8-ի՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Կ/547/1 հաշվետվությունը, Ընկերության՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի ապահովագրական հատուցման որոշումը, Հաշվետվությունը:

2024 թվականի սեպտեմբերի 11-ին Կողբացու փողոցի թիվ 3 հասցեում ծառ ընկնելու վերաբերյալ ստացված հաղորդումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից կազմված՝ «Հասցե այցելելու մասին» արձանագրության ուսումնասիրությամբ պարզվում է, որ այն կազմվել է ականատեսների բանավոր վկայության հիման վրա, հետևաբար նշված փաստաթղթով ապացուցվում է դրանում նշված տարածքում և ժամանակ ծառն ընկնելու փաստական հանգամանքը, իսկ ինչ վերաբերում է ծառն ընկնելու արդյունքում ավտոմեքենաների համապատասխան հատվածները վնասվելուն, ապա հարցը պահանջում է փորձագիտական հետազոտություն, որն իրականացված լինելու մասին ապացույց Ընկերության կողմից չի ներկայացվել: Նշվածի համատեքստում հարկ է ընդգծել, որ առանց մասնագիտական զննում և հետազոտություն իրականացնելու հնարավոր չէ օբյեկտիվ հետևություն կատարել ծառն ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների հատկանիշների մասին, քանի որ ականատեսի տեսողական ընկալումը չի կարող տարանջատել ծառն ընկնելու հետևանքով առաջացած և, պայմանականորեն, մինչ այդ գոյություն ունեցած վնասվածքները, ինչով պայմանավորված՝ ականատեսի կողմից իր տեսածը տեղեկատվության վերածելու և, որպես օբյեկտիվ իրականություն, վկայության ձևով փոխանցելու արդյունքում ստացված տեղեկատվությունը կարող է մասամբ չհամապատասխանել ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից փորձաքննություն իրականացնելու արդյունքում կատարվող հետևություններին և եզրահանգումներին:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետին ուղղված՝ Հ/Ո բաժանմունքի ավագ տեսուչի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագրին, ապա դրանով ևս ապացուցվում է նշված տարածքում և ժամանակ ծառն ավտոմեքենաների վրա ընկնելու և դրանց տարբեր հատվածները վնասվելու հանգամանքը, սակայն նշված զեկուցագիրը չի պարունակում հստակ տեղեկատվություն վնասված հատվածների վերաբերյալ, ինչից հետևում է, որ համապատասխան փորձագիտական եզրակացության բացակայության պայմաններում հաստատված չի համարվել, թե պատահարի հետևանքով ավտոմեքենաների ստույգ ո՞ր հատվածներն են վնասվել:

Ընկերության 2024 թվականի հոկտեմբերի 8-ի՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Կ/547/1 հաշվետվության և 2024 թվականի հոկտեմբերի 18-ի ապահովագրական հատուցման որոշման ուսումնասիրությամբ հաստատված է համարվում, որ գնահատվել և հատուցման ենթակա են համարվել «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի փոխարինման ենթակա օգտագործված գործարանային պահեստամասերի, օգտագործվող նյութերի ու վերանորոգման և տեղադրման աշխատանքների համար անհրաժեշտ ծախսը, սակայն նշված փաստաթղթերը չեն պարունակում տեղեկատվություն ավտոմեքենայի մասերը վնասվելու հանգամանքների վերաբերյալ, հետևաբար չեն հանդիսանում պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող ապացույցներ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով 2013 թվականի ապրիլի 5-ին կայացված որոշմամբ անդրադառնալով փորձագիտական եզրակացության գնահատման հարցին՝ արձանագրել է, որ փորձագետի հետևությունների ձևը չի որոշում եզրակացության դերը և տեղը ապացուցման պրոցեսում: Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանջատել: Ոչ հավանական եզրակացությունն ինքնին և ոչ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթեթիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները: Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ շատ դրանք լինեն, չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը: Հետևաբար, փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:

2025 թվականի փետրվարի 17-ին կազմված թիվ V-994-03/02/25 վնասի գնահատման Հաշվետվությունը կազմել են փորձագետներ Վահան Քարիմյանը, ով հանդիսանում է ճարտարագետ-հետազոտող (ասպիրանտուրա՝ էներգետիկա մասնագիտությամբ) և Արման Քարիմյանը, ով հանդիսանում է տեխնիկական գիտությունների թեկնածու, սակայն որակավորումը նշված չէ:

Հաշվետվության մեջ նշված չեն փորձագետների կողմից կիրառված մեթոդները, մինչդեռ հետքաբանական հետազոտություն կատարելիս փորձագետը կիրառում է ակնադիտական (հետքերի ակնադիտական) և համեմատական (հետքերի համադրման) մեթոդները, բացի այդ՝ Հաշվետվությունը չունի լուսանկարչական հավելված, որից պարզ չէ, թե պարզաբանման համար առաջադրված հարցերի պատասխանները կազմելիս փորձագետներն ինչ մեթոդներ են կիրառել և ինչում է կայացել ընտրված մեթոդների գիտական հիմնավորվածությունը:

Ինչ վերաբերում է Հաշվետվությունը կազմող փորձագետների կողմից օգտագործված ելակետային տվյալներին և նյութերին, ապա հաշվի է առնվել վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի N 035 եզրակացությանը, սակայն Հաշվետվությունը չի պարունակում տեղեկատվություն N 035 եզրակացությունը կազմող փորձագետի տվյալների, այն կազմելու ամսաթվի, հետազոտման առարկայի և պարզաբանման առաջադրված հարցերի և կատարված հետևությունների վերաբերյալ:

Ընկերության կողմից որպես ապացույց չի ներկայացվել Հաշվետվության համար հիմք ընդունված՝ վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի N 035 եզրակացությունը, հետևաբար դրա վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության վերաբերյալ դատողություններ հնարավոր չէ կատարել, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում Հաշվետվության թույլատրելիության և արժանահավատության գնահատման վրա:

Հաշվետվության 6.1-րդ կետում, որպես պատահարի հանգամանք, նշվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի կողմից ներկայացված եզրակացությունը, մինչդեռ նշված կետում շարադրվածն իր բովանդակությամբ համապատասխանում (գրեթե կրկնում) է Հ/Ո բաժանմունքի ավագ տեսուչի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագրի բովանդակությանը, որպիսին ոչ միայն չի հանդիսանում եզրակացություն, այլև չի պարունակում տեղեկատվություն «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ ծառն ընկնելու արդյունքում վնասված հատվածների մասին:

Հաշվետվության 6.2-րդ կետով նշվել են «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի փոխարինման ենթակա 7 (յոթ) դետալներն ու 11 (տասնմեկ) անվանում աշխատանքները, որոնք վերցվել են վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի N 035 եզրակացությունից, որի ապացուցողական նշանակությունը գործով ապացուցված չէ, իսկ Հաշվետվությունը չի պարունակում նշում այն մասին, որ «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հետազոտման նպատակով տրամադրված է եղել փորձագետներին:

Հաշվետվության ապացուցողական նշանակությունը գնահատելու առումով էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ պատահարը տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 11-ին, Ընկերության՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման հաշվետվությունը կազմված է եղել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին, իսկ «Սյուռվեկս Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից Հաշվետվությունը կազմելուն ուղղված գործընթացը սկսվել է 2025 թվականի փետրվարի 3-ին: Նշված հանգամանքներին հավելելով, որ Հաշվետվությունը չի համապատասխանում հետքաբանական փորձաքննության կանոններին, չի պարունակում տեղեկատվություն փորձագետների կողմից կիրառված մեթոդների և ավտոմեքենան հետազոտման տրամադրված լինելու մասին, բացակայում է լուսանկարչական հավելվածը, հիմք է ընդունվել չբացահայտված հեղինակի կողմից և չբացահայտված բովանդակությամբ N 035 եզրակացությունը, կարելի է փաստել, որ Հաշվետվությունը հանդիսանում է ոչ թույլատրելի և ոչ արժանահավատ ապացույց:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմում-ծանուցմանը կից ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում 2024 թվականի սեպտեմբերի 11-ին «Nissan Kicks» մակնիշի «02 TA 025» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում Ընկերության կողմից կազմված՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Կ/547/1 վնասի գնահատման հաշվետվության մեջ նշված մասերը վնասվելու և վնասը 2.350.000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքը (ծառն ընկնելու և վնասի միջև պատճառահետևանքային կապի բացակայություն), ինչով պայմանավորված՝ չի հիմնավորվել Թամար Ալեքսանյանին փոխհատուցված 2.350.000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի մասով Ընկերության՝ Երևանի քաղաքապետարանի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ձեռք բերելու հանգամանքը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 134-րդ, 1058-րդ, 1071.1-րդ հոդվածների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածների դրույթները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անունից Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-19597-25 դիմում-ծանուցմամբ ներկայացված պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան