ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՂԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 30129/21)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
28 նոյեմբերի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ղազարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Թիմ Այքը [Tim Eicke]` Նախագահ,
Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 1975 թվականին ծնված և Կրանենբուրգում բնակվող, Հոլանդիայի քաղաքացի պրն Պետրոս Ղազարյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Ղազարյանը և տկն Ա. Դաշյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2021 թվականի հունիսի 2-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 30129/21),
կողմերի հավասարության սկզբունքի, դիմումատուի ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
գանգատին Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն առաջնային դեր տալու մասին 2022 թվականի ապրիլի 29-ի որոշումը,
կողմերի դիտարկումները,
2023 թվականի նոյեմբերի 7-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն ամսաթվին.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է նրան, թե ինչպես են Հայաստանի դատարանները քննել դիմումատուի՝ իր դստերը վերջինիս մշտական բնակության վայր (Գերմանիա) վերադարձնելու պահանջը «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի (Հաագայի կոնվենցիա) շրջանակում:
2. 2012 թվականին դիմումատուն և Ա.Ս.-ն ամուսնացել են Հայաստանում։
3. Դրանից հետո ինչ-որ պահի նրանք տեղափոխվել են Նիդեռլանդներ, որտեղ 2017 թվականի հուլիսի 14-ին ծնվել է նրանց դուստրը՝ Լ-ն։
4. 2017 թվականի նոյեմբերին ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա։
5. 2019 թվականի հոկտեմբերի 16-ին Ա.Ս.-ն դիմումատուի համաձայնությամբ Լ.-ին, որն այդ ժամանակ եղել է երկու տարեկան և երեք ամսական, տեղափոխել է Հայաստան: Ենթադրաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2019 թվականի նոյեմբերի 10-ին նրանք պետք է վերադառնային Գերմանիա, սակայն ավելի ուշ Ա.Ս.-ն հրաժարվել է դա անել։ Հայաստան վերադառնալուց հետո Ա.Ս.-ի դիմումի հիման վրա Լ.-ն ստացել է Հայաստանի քաղաքացիություն: Այնուհետև Լ.-ի խնամակալությունն ստանալու նպատակով Ա.Ս.-ն հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան, սակայն հետագայում այդ վարույթը կարճվել է, քանի որ Ա. Ս.-ն երկու անգամ անընդմեջ չի ներկայացել դատական նիստերին։
6. 2019 թվականի նոյեմբերի 28-ին դիմումատուի պահանջով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հաագայի կոնվենցիայի համաձայն, վարչական վարույթ է հարուցել, որը կարճվել է 2020 թվականի մարտի 23-ին, քանի որ դիմումատուն հայց է ներկայացրել դատարան (տե՛ս ստորև՝ 7-րդ պարբերությունը):
7. 2020 թվականի փետրվարի 24-ին դիմումատուն հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (Երևան քաղաքի դատարան)՝ պահանջելով վերադարձնել Լ.-ին։ Հայցին կից դիմումատուն, inter alia (ի թիվս այլնի), ներկայացրել է ծննդյան և ամուսնության վկայականները, ինչպես նաև Գերմանիայի տեղական իշխանությունների կողմից տրված տեղեկանք՝ ընտանիքի բնակության վայրի մասին, որը հաստատում էր, որ նա երեխայի հայրն է, որ զույգը ամուսնացած է եղել, և որ մինչև երեխային Հայաստան տեղափոխելն ընտանիքի անդամները միասին ապրել են Գերմանիայում:
8. 2020 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքի դատարանը հայցն ընդունել է վարույթ և իր որոշումն ուղարկել Ա.Ս.-ին՝ հայցին պատասխանելու համար նրան տրամադրելով հինգ աշխատանքային օր՝ հայցն ստանալու օրվանից:
9. 2020 թվականի մարտի 11-ին Ա.Ս.-ն ստացել է այդ որոշումը:
10. 2020 թվականի մարտի 18-ին՝ սահմանված ժամկետում, Ա.Ս.-ն իր պատասխանը փոստով ուղարկել է Երևան քաղաքի դատարան, և դրա մեկ օրինակ՝ դիմումատուին։ Թեև իր պատասխանում նա հայտարարել է, որ հայցն ընդհանուր առմամբ անհիմն է, Ա.Ս.-ն ընդունել է, որ նախքան նրա կողմից Լ.-ին Հայաստան տեղափոխելը, ընտանիքի անդամները միասին ապրել են Գերմանիայում: Ըստ էության, նա պնդել է, որ Լ.-ին Գերմանիա տեղափոխելը, ինչը հավանաբար ենթադրել է մոր և դստեր՝ միմյանցից բաժանում, կարող էր Լ.-ին հոգեբանական վնաս հասցնել Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետի իմաստով: Ա.Ս.-ն իր պատասխանին կցել է, inter alia, մասնագիտական եզրակացություն պարունակող չորս փաստաթուղթ, այդ թվում՝ մասնավոր կլինիկական հոգեբանի կողմից տրված մասնագիտական երկու եզրակացություն և «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետ-հոգեբանի եզրակացությունը, որոնց համաձայն երեխան մանկահասակ էր և հետևաբար ամուր կապի մեջ էր մոր հետ, նա հարմարվել էր Հայաստանի միջավայրին. ծնողների միջև առկա էր լարվածություն, և տեղափոխելու դեպքում նրան անհրաժեշտ կլիներ հարմարվել նոր պայմաններին, արդյունքում երեխայի տեղափոխումը կարող էր հոգեբանական վնաս հասցնել նրան: Ա.Ս.-ն ներկայացրել է նաև բժշկական տեղեկանք՝ տրված այն բժշկական կենտրոնի կողմից, որտեղ նա անցել է հոգեբանական խորհրդատվություն. տեղեկանքում նշված էր, որ Լ.-ն ամուր հուզական կապի մեջ էր մոր հետ, և հոգեբանական տրավմայից խուսափելու համար անհրաժեշտ էր, որ նա գտնվեր անվտանգ և կայուն միջավայրում:
11. Դիմումատուի պնդմամբ՝ Ա.Ս.-ի պատասխանի օրինակն ինքն ստացել է 2020 թվականի մարտի 23-ին՝ առանց կից փաստաթղթերի:
12. 2020 թվականի մարտի 24-ին դիմումատուն դիմում է ներկայացրել Երևան քաղաքի դատարան՝ տեղեկացնելով, որ Ա.Ս.-ի պատասխանին կից փաստաթղթերն իրեն չեն ուղարկվել, և խնդրել է իրեն տրամադրել այդ փաստաթղթերը:
13. 2020 թվականի մարտի 31-ին դիմումատուն դիմել է Երևան քաղաքի դատարան՝ խնդրելով իրեն տրամադրել 4 աշխատանքային օր՝ Գերմանիայից ստացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունները ներկայացնելու համար, որոնք, իր պնդմամբ, գործի ելքի համար կարևոր նշանակություն ունեին:
14. 2020 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի դատարանը դիմումատուին տրամադրել է գործի նյութերը և թույլատրել նրան լուսանկարել իր հայցադիմումի՝ Ա.Ս.-ի պատասխանին կից ներկայացված փաստաթղթերը:
15. 2020 թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքի դատարանը, քննելով գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 208-րդ հոդվածով նախատեսված հատուկ արագացված ընթացակարգով և կողմերի գրավոր դիմումների հիման վրա, կայացրել է դիմումատուի հայցը մերժելու մասին իր վճիռը: Դատարանը գտել է, որ որևէ ապացույց չի ներկայացվել առ այն, որ Լ.-ին Հայաստանում պահելն անօրինական էր, որ նրա մշտական բնակության վայրը Գերմանիան էր, և որ դիմումատուն իրականացրել է խնամակալություն: Հիմնվելով Ա.Ս.-ի ապացույցների վրա (տե՛ս վերևում` 10-րդ պարբերությունը)՝ դատարանը նաև գտել է, որ նույնիսկ դիմումատուի կողմից այդ փաստերն ապացուցելու պարագայում Լ.-ին վերադարձնելու դեպքում առկա էին լուրջ ռիսկեր:
16. 2020 թվականի ապրիլի 6-ին, Երևան քաղաքի դատարանի վճռից անտեղյակ, դիմումատուն ներկայացրել է գրավոր մեկնաբանություններ Ա.Ս.-ի պատասխանի վերաբերյալ և Գերմանիայից ստացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունները (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), այդ թվում՝ բժշկական տեղեկանքներ, տեղեկանք երեխայի խնամքի ծառայություններ տրամադրող հաստատությունից, ընտանիքի ընկերների հայտարարությունները և երեխայի խնամքի համար տրամադրվող նպաստի մասին որոշումները, որոնց հիման վրա նա պատրաստվում էր ապացուցել երեխայի մշտական բնակության վայրը Գերմանիան լինելու և իր՝ երեխայի խնամակալը հանդիսանալու փաստը։
17. Ըստ դիմումատուի՝ 2020 թվականի ապրիլի 8-ին իր փաստաբանը Դատալեքսից (դատական ակտերի հանրային տեղեկատվական առցանց համակարգ) տեղեկացել է, որ Երևան քաղաքի դատարանը 2020 թվականի ապրիլի 2-ին կայացրել է վճիռը:
18. 2020 թվականի ապրիլի 16-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք։
19. 2020 թվականի մայիսի 19-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքն ընդունել է քննության։
20. 2020 թվականի հուլիսի 21-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել վճիռը՝ վերահաստատելով Երևան քաղաքի դատարանի պատճառաբանությունը։ Ինչ վերաբերում է դիմումատուի լրացուցիչ ապացույցներին, ապա այն նշել է, որ նշված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի դատարանի կողմից վճիռը կայացվելուց հետո, և որ պահանջվող լրացուցիչ ժամկետը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) տրամադրելու վերաբերյալ դիմումատուի պահանջը ենթադրաբար չքննելու մասով, ՔԴՕ-ի 208-րդ հոդվածով նախատեսված հատուկ ընթացակարգի համաձայն՝ քննությունն իրականացվում էր հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո տասնօրյա ժամկետում։ Ավելին, դատարանն այնուհետև նշել է, որ Հաագայի կոնվենցիայի համաձայն դատական վարույթների համատեքստում ներպետական օրենսդրությունը չէր նախատեսում պատասխանողի փաստարկների վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու ընթացակարգ:
21. 2020 թվականի օգոստոսի 24-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Վճռաբեկ դատարանի կողմից ճանաչվել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
22. Դիմումատուն, Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներին համապատասխան, բողոք է ներկայացրել այն մասին, որ Հայաստանի դատարանները չեն ուսումնասիրել իր ապացույցները, և որ իրեն հնարավորություն չի տրվել հերքելու հակառակ կողմի ապացույցները: Այնուհետև նա, 8-րդ հոդվածին համապատասխան, բողոքել է, թե ինչպես են դատարանները գնահատել «լուրջ ռիսկի» առկայությունը Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված բացառության իմաստով: Եվ վերջում, դիմումատուն բողոքել է, որ վերաքննիչ վարույթն արագացված չի իրականացվել։ Դատարանը նպատակահարմար է գտնում տվյալ բողոքները քննել միայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածին համապատասխան (տես, օրինակ, Վոյկան ընդդեմ Ռումինիայի [Voica v. Romania,], թիվ 9256/19, § 43, 2020 թվականի հուլիսի 7):
23. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով՝ սույն բողոքներն ակնհայտորեն անհիմն չեն, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
24. Հաագայի կոնվենցիայի համաձայն երեխայի վերադարձին վերաբերող համապատասխան սկզբունքներն ամփոփված են Իքս-ն ընդդեմ Լատվիայի [ X v. Latvia] գործում ([GC] [ՄՊ], թիվ 27853/09, §§ 92‑108, ՄԻԵԴ 2013) և վերջերս վերահաստատվել են Միչնեան ընդդեմ Ռումինիայի [Michnea v. Romania] գործում (թիվ 10395/19, §§ 35-40, 2020 թվականի հուլիսի 7)։
25. Ի սկզբանե Դատարանը նշում է, որ 2020 թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքի դատարանը հատուկ արագացված գրավոր ընթացակարգով մերժել է դիմումատուի հայցը՝ նախքան նրան Ա.Ս.-ի պատասխանի վերաբերյալ իր մեկնաբանությունները և իր լրացուցիչ ապացույցները ներկայացնելու համար հնարավորություն ընձեռելը:
26. Երևան քաղաքի դատարանը եզրակացրել է, որ դիմումատուն ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ Լ.-ին Հայաստանում պահելն անօրինական էր Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, որ նրա մշտական բնակության վայրը Գերմանիան էր, և որ դիմումատուն իրականացրել էր խնամակալություն: Սակայն պարզ չէ, թե ինչու է Երևան քաղաքի դատարանը նման եզրակացություն արել։ Ա.Ս.-ն չի վիճարկել ոչ այն, որ Լ.-ին առանց դիմումատուի համաձայնության պահել են Հայաստանում, ոչ էլ այն, որ դրանից առաջ երկու տարի նա ապրել է Գերմանիայում միասին բնակվող երկու ծնողների հետ (տե՛ս վերևում՝ 4-րդ, 5-րդ և 10-րդ պարբերությունները): Անկախ այն հանգամանքից, որ վճիռը կայացնելուց հետո դիմումատուն ներկայացրել է լրացուցիչ ապացույցներ, Դատարանը նշում է, որ իր հայցի հետ միասին նա ներկայացրել է ծննդյան և ամուսնության վկայականները և Գերմանիայում ընտանիքի բնակության վայրի մասին փաստաթղթեր (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը): Դատարանը նաև նշում է, որ ամեն դեպքում ակնկալվել է, որ դիմումատուն կներկայացնի միայն մի քանի նախնական ապացույցներ այն մասին, որ նա ֆիզիկապես խնամել է երեխային՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հաագայի կոնվենցիան հիմնված է այն լուռ համաձայնության կանխավարկածի վրա, որ երեխայի խնամքն իրականացնող անձը փաստացի երեխայի խնամակալն է (տե՛ս Բացատրական զեկույցի 73-րդ պարբերությունը):
27. Ավելի կարևոր է, որ Դատարանը նշում է, որ Երևան քաղաքի դատարանի կողմից դիմումատուի հայցը մերժելու հիմնական հիմքը եղել է այն, որ Լ.-ի վերադարձի դեպքում երեխային սպառնացել են լուրջ ռիսկեր: Այդ առնչությամբ դիմումատուն ընդգծել է, որ հնարավորություն չի ունեցել հերքելու Ա.Ս.-ի ներկայացրած ապացույցները (տե՛ս վերևում՝ 10-12-րդ պարբերությունները): Դատարանը չի տեսնում որևէ պատճառ՝ կասկածելու նրա՝ Կառավարության կողմից չվիճարկվող այն պնդմանը, որ չնայած 2020 թվականի մարտի 24-ի իր պահանջին՝ տրամադրել կից ներկայացված բացակայող փաստաթղթերը, որոնց նպատակն է եղել հիմնավորել լուրջ ռիսկերի առկայությունը, դիմումատուին այդ փաստաթղթերը տրամադրվել են միայն 2020 թվականի ապրիլի 1-ին, այսինքն՝ Երևան քաղաքի դատարանի կողմից իր վճիռը կայացնելուց մեկ օր առաջ (տե՛ս վերևում՝ 14-15-րդ պարբերությունները)։ Արդյունքում, դիմումատուն գործնականում չի ունեցել ներկայացված ապացույցներն ուսումնասիրելու և պատասխան դիտողություններ ներկայացնելու ժամանակ։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի վերացրել այս թերությունը: Ավելին, վերջինս նշել է, որ ներպետական իրավունքով չի նախատեսվում պատասխանողի փաստարկների վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու ընթացակարգ, և հետևաբար լրացուցիչ ժամկետ տրամադրելու մասին դիմումատուի պահանջի մասով անհրաժեշտ չի եղել կոնկրետ պատասխան՝ հաշվի առնելով արագացված գրավոր ընթացակարգով նախատեսված ժամկետները:
28. Որոշում կայացնելու ընդհանուր գործընթացն ուսումնասիրելիս Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ ներպետական դատարաններին ներկայացված նյութերը պարունակել են կարևոր և հնարավոր վիճելի ապացույցներ այն ռիսկի վերաբերյալ, որին ենթարկվելու էր Լ.-ն վերադարձի դեպքում։ Դատարանը գտնում է, որ դիմումատուին գրավոր փաստարկներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելն այս առումով առաջնային նշանակություն ուներ որոշումների կայացման գործընթացի արդարացիության ապահովման համար (տե՛ս Կարերն ընդդեմ Ռումինիայի [Karrer v. Romania], թիվ 16965/10, § 53 և համեմատի՛ր Անդերսենան ընդդեմ Լատվիայի [Andersena v. Latvia] գործի հետ, թիվ 79441/17, §§ 87 և հաջորդող պարբերությունները և §§ 124-25, 2019 թվականի սեպտեմբերի 19)։
29. Դատարանը նշում է, որ ներպետական դատարանները նախ և առաջ պետք է գնահատեին լուրջ ռիսկի մասին բոլոր պնդումները՝ միաժամանակ ապահովելով, որ որոշումների կայացման գործընթացը լիներ արդար և շահագրգիռ կողմերին թույլ տար ամբողջությամբ ներկայացնել իրենց դիրքորոշումը, և որ երեխայի կարևորագույն շահերը լինեին պաշտպանված (Իքսի գործը, վերևում հիշատակված, § 102): Այնուամենայնիվ, ինչպես նշվել է վերևում, դիմումատուին թույլ չի տրվել ներպետական դատարաններում ամբողջությամբ ներկայացնել իր գործը: Դատարանը գտնում է, որ դա եղել է էական դատավարական թերություն, որի արդյունքում Դատարանն անհրաժեշտ չի համարում անցկացնել երեխային Հայաստանից տեղափոխելու դեպքում հոգեբանական վնաս հասցնելու ցանկացած ռիսկի սեփական գնահատում:
30. Բացի այդ, Դատարանը չի կարող անտեսել դիմումատուի փաստարկը դատավարության չափից ավելի երկարաձգման մասին, որն ընդհանուր առմամբ տևել է ինն ամիս, և այն մասին, որ Կառավարությունը բավարար բացատրություններ չի ներկայացրել, թե ինչու է վերադաս ատյաններում բողոքարկման վարույթը տևել գրեթե ութ ամիս, որի ընթացքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատել է Երևան քաղաքի դատարանի որոշումը՝ առանց որևէ նոր ապացույց ընդունելու, իսկ Վճռաբեկ դատարանը գործն անընդունելի է ճանաչել: Արդյունքում ժամանակի կորուստ է եղել, ինչը նման համատեքստում չի համապատասխանում Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխայի վերադարձի ընթացակարգի հրատապության պահանջին (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ռ.Ս.-ն ընդդեմ Լեհաստանի [R.S. v. Poland], թիվ 63777/09, § 70, 2015 թվականի հուլիսի 21, Կ.Ջ.-ն ընդդեմ Լեհաստանի [K.J. v. Poland], թիվ 30813/14, §§ 71-72, 2016 թվականի մարտի 1. և որպես օրինակ՝ Ա.-ն և այլք ընդդեմ Բուլղարիայի [A. and Others v. Bulgaria], թիվ 28383/20, §§ 19-24, 2023 թվական մայիսի 9)։
31. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ներպետական վարույթներով չեն կատարվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածից բխող դատավարական պահանջները:
32. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
33. Դիմումատուն ոչ նյութական վնասի դիմաց պահանջել է 80 000 եվրո։ Դիմումատուն նաև պահանջել է 1 734 եվրո՝ ներպետական դատարաններում և 1 770 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։
34. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները:
35. Դատարանը դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
36. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում 2 500 եվրո տրամադրել Դատարանում վարույթի ծախսերը ծածկելու համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է դիմումատուի՝ իր ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի վերաբերյալ բողոքն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4 500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 500 եվրո (երկու հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի նոյեմբերի 28-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վալենտին Նիկոլեսկու՝
|
Թիմ Այքը՝ |
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Նախագահ |