ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2684/05/222025 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/2684/05/22 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան | ||
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2025 թվականի ապրիլի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (ներկայումս՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն1) (այսուհետ` նաև Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Ծառայության՝ Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ հայտնված մերժումն անվավեր ճանաչելու և Ընկերությանը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը հատկացնելուն Ծառայությանը պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ հայտնված մերժումը և պարտավորեցնել Ծառայությանը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը հատկացնել Ընկերությանը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 28.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.03.2024 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժվել է, և Դատարանի 28.06.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Արմեն Արզումանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով․
Վերաքննիչ դատարանի մատնանշած այն փաստը, որ չի ներկայացվել ապացույց առ այն, որ հայցվոր կողմը 555 OO 55 հաշվառման համարանիշը Ծառայությանն ի պահ է հանձնել 12.05.2021 թվականին, հիմնավոր չէ, քանի որ Դատարանի 28.06.2022 թվականի վճռի «Հայցվորի փաստարկները, հիմնավորումները և պահանջը» մասում առկա է հետևյալ նշումը. «Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը ձեռք է բերել աճուրդով և օգտագործում է ավելի քան 10 տարի: 12.05.2021 թվականին հաշվառման համարանիշն ի պահ է հանձնել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը: Հետագայում դիմում է ներկայացրել նշված համարանիշը VOLKSWAGEN E-LAVIDA LSVAY40E7K2014661 նույնականացման համարով ավտոմոբիլի համար օգտագործման տրամադրելու մասին, ինչը մերժվել է պատասխանողի 22.04.2020թ. թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ՝ այն պատճառաբանությամբ, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13.2 հոդվածի 2-րդ մասի ուժով դիմողը զրկվել է նշված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից, քանի որ հաշվառման համարանիշն ի պահ հանձնելուց հետո 6 ամսվա ընթացքում հաշվառման չի ներկայացրել մեկ այլ տրանսպորտային միջոց»:
Նշվածից ակնհայտ է, որ հայցվոր կողմն ընդունել է, որ հաշվառման համարանիշը Ծառայությանն ի պահ է հանձնվել 12.05.2021 թվականին, ուստի նշված փաստն արդեն իսկ Վերաքննիչ դատարանը պետք է համարեր ապացուցված: Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ նշվածի վերաբերյալ ապացույց չի ներկայացվել, հիմնավոր չէ, քանի որ նշված հանգամանքն ապացուցված է:
Ինչ վերաբերում է 22.04.2020 թվականի թիվ 17/3 14/17/34345-22 գրությանը, ապա դրանում առկա է վրիպակ, մասնավորապես՝ 22.04.2022 թվականի փոխարեն նշվել է 22.04.2020 թվական, ինչն ապացուցվում է այն փաստով, որ հայցվոր կողմը դիմումը ներկայացրել է 20.04.2022 թվականին (ապացույցները կցված են բողոքին), ուստի հնարավոր չէր 20.04.2022 թվականին ներկայացված գրությանը պատասխանել 22.04.2020 թվականին:
Նշվածից ակնհայտ է, որ հայցվոր կողմը հաշվառման համարանիշերն ի պահ է հանձնել 12.05.2021 թվականին և 20.04.2022 թվականին դիմում ներկայացնելու պարագայում արդեն իսկ բաց է թողել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2 հոդվածով սահմանված վեցամսյա ժամկետը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 15.03.2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերության լիազորված անձ Գևորգ Անտոնյանը 20.04.2022 թվականին դիմում է ներկայացրել Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետին՝ խնդրելով Ընկերությանը պատկանող «VOLKSWAGEN» («Վոլկսվագեն») մակնիշի 774 CC 61 պետ․ համարանիշը փոխարինել նույն ընկերությանը պատկանող, բարձր պահանջարկ ունեցող 555 OO 55 պետ․համարանիշով, որի վրա առկա է ՄԴ/24746-22 մուտքի համարը (գ.թ. 59)․
2) Ընկերության լիազորված անձ Գևորգ Անտոնյանին հասցեագրված 22.04.2020 թվագրմամբ թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ Ծառայության Երևանի հաշվառման- քննական բաժնի պետը հայտնել է, որ «(...) նկատի ունենալով այն հանգամանքը, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշերը ի պահ հանձնելուց հետո (ի պահ է հանձնվել 12.05.2021թ.) վեցամսյա ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չեք ներկայացրել, ուստի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը զրկվել է վերոնշյալ ի պահ հանձնված հաշվառման համարանիշերն օգտագործելու առաջնահերթության իրավունքից, հետևաբար «VOLKSWAGEN ELAVIDA» մակնիշի, 774 CC 61 հաշվառման համարանիշի, LSVAY40E7K2014661 նույնացման համարով ավտոմոբիլի հաշվառման համարանիշերը փոխարինելու համար 555 ՕՕ 55 մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը (կամ նրա ներկայացուցիչը) պետք է ներկայանա ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանում՝ ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը (եթե առկա են, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ավտոմոբիլի համարանիշեր տալու համար` 900005016127 հաշվեհամարին 12000 ՀՀ դրամի, ավտոմոբիլի (մոտոցիկլի) հաշվառման վկայագիր տալու համար՝ 900005016135 հաշվեհամարին 6000 ՀՀ դրամի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 40.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 900013150033 հաշվեհամարին 5000 ՀՀ դրամի վճարման փաստը հավաստող փաստաթղթեր, սույն դեպքում` թվերի ու տառերի նման հավաքածուն պարունակող համարանիշերը հանդիսանում են մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր և գինը կազմում է 8.000.000 (ութ միլիոն) ՀՀ դրամ (900013150033 հաշվեհամարին)» (գ. թ. 11, 57-58)․
3) Ընկերությունը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ է հանձնել տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին (Ծառայություն) (անվիճելի փաստ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը` շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի` դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը, եզրահանգում` որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝ հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում ևս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ հայտնված մերժումը և պարտավորեցնել Ծառայությանը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը հատկացնել Ընկերությանը:
Դատարանը 28.06.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Արձանագրելով, որ հայցադիմումին պատասխան չի ներկայացվել, որ պատշաճ ծանուցված պատասխանողը չի ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին, որ պատասխանողը որևէ կերպ չի առարկել հայցադիմումում նշված փաստերի դեմ, Դատարանը հաստատված է համարում հայցադիմումում նշված այն փաստը, որ հայցվորը խնդրո առարկա համարանիշը ձեռք է բերել աճուրդով, և խնդրո առարկա համարանիշն իրեն հատկացնելու մասին պատասխանողին ներկայացված դիմումի բավարարման դեպքում համարանիշը հայցվորին հատկացվելու է երկրորդ անգամ:
Դատարանը հաստատված չի համարում այն փաստը, որ VOLKSWAGEN E-LAVIDA մակնիշի, 777 CC 61 հաշվառման համարանիշի, LSVAY40E7K2014661 նույնացման համարով ավտոմոբիլի հաշվառման համարանիշը 555 ՕՕ 55 մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշով փոխարինելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին առկա են եղել 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշն օգտագործման տրամադրելու մասին այլ սուբյեկտների կողմից դիմումներ:
(...)
ՀՀ կառավարության՝ 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշման կանոնակարգումներից հետևում է, որ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ տրամադրելը գտնվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանման իրավասությունների տիրույթում, և դրա համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:
Այսինքն, ըստ վերոշարադրյալ նորմերով ամրագրված իրավակարգավորումների, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանումը ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը միևնույն սուբյեկտին երկրորդ անգամ հատկացնելու դեպքում իրավունք չունի տվյալ սուբյեկտից պահանջելու վճարել նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար, տվալ դեպքում՝ ութ միլիոն դրամ:
Հետևաբար՝ միայն պետական տուրքի վճարմամբ խնդրո առարկա համարանիշը հայցվորին հատկացնելու վերաբերյալ հայցվորի պահանջն իրավաչափ է:
(...) տվյալ դեպքում պատասխանողն իր վարչական ակտը՝ 22.04.2020թ. թիվ 17/3 14/17/34345-22 գրությունն ընդունել է օրենքի խախտմամբ, այն է՝ պատասխանողն հայցվորից պահանջել է 555 ՕՕ 55 մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի երկրորդ անգամ հատկացման համար վճարել տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար, տվալ դեպքում՝ ութ միլիոն դրամ»:
Վերաքննիչ դատարանը 15.03.2024 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 28.06.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ «(...) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Վարչական դատարանն այդ որոշումն ուղարկել է դատավարության մասնակիցներին, սակայն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, նախազգուշացված լինելով հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և այն չներկայացնելու իրավական հետևանքների մասին, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան և որևէ ապացույց։ Ավելին, սույն գործով նշանակված 2022 թվականի հունիսի 7-ի դատական նիստին պատշաճ ծանուցված լինելու պայմաններում պատասխանողը չի մասնակցել նշանակված դատական նիստին, չի միջնորդել գործի դատաքննությունը հետաձգել, հետևաբար որևէ կերպ չի ներկայացրել պատասխանողի դիրքորոշումը հայցապահանջի ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին։
Այս առումով, արժանի է նկատել, որ Դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը։ (...)
Բացի այդ, (...) բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության լիազորված անձ Գևորգ Անտոնյանի՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի ՀՔՊ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանին ուղղված 2022 թվականի ապրիլի 20-ի թիվ ՄԴ/24746-22 դիմումի պատճենը, սակայն հիշյալ դիմումի պատճենով որևէ կերպ չի հաստատվում այն կարևոր հանգամանքը, որ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնել տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին 12.05.2021 թվականին։ Այսինքն, թույլատրելի և վերաբերելի որևէ ապացույցով չի հաստատվում հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու հանգամանքը, որպիսի հնարավոր լինի պնդել օրենսդրի կողմից նախանշված ժամկետի խախտումը հայցվորի կողմից, հետևաբար չի հիմնավորվում, որ ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից զրկվել է։
Բացի այդ, (...) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանի՝ 22.04.2020թ․ թիվ 17/3 14/17/34345-22 գրության տարեթվի և բովանդակության միջև կա անհամապատասխանություն, քանի որ այն թվագրված է 22.04.2020 թվականով, մինչդեռ ժամանակագրական առումով գրությունում առկա է ավելի ուշ տեղի ունեցած իրադարձության՝ հաշվառման համարանիշն ի պահ հանձնելու վերաբերյալ հիշատակում»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ է հանձնել տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին՝ Ծառայությանը, այնուհետև, 20.04.2022 թվականին դիմում է ներկայացրել Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին՝ խնդրելով Ընկերությանը պատկանող «VOLKSWAGEN» («Վոլկսվագեն») մակնիշի 774 CC 61 հաշվառման համարանիշը փոխարինել նույն ընկերությանը պատկանող, բարձր պահանջարկ ունեցող 555 OO 55 հաշվառման համարանիշով:
Ի պատասխան Ընկերության լիազորված անձի 20.04.2022 թվականի դիմումի՝ Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետը 22.04.2020 թվականի թվագրմամբ թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ հայտնել է, որ օրենսդրությամբ սահմանված վեցամսյա ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու հիմքով Ընկերությունը զրկվել է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից, հետևաբար այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով (8.000.000 ՀՀ դրամ) վճարման կատարման վերաբերյալ ապացույց:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության հայցը բավարարման ենթակա լինելու իր դիրքորոշումը Դատարանը հիմնավորել է նրանով, որ պատշաճ ծանուցված պատասխանողը չի ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին և որևէ կերպ չի առարկել հայցադիմումում նշված փաստերի դեմ և գտել է, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշն օգտագործման տրամադրելու մասին այլ սուբյեկտների կողմից դիմումներ ներկայացված չլինելու պայմաններում Ծառայությունը՝ որպես իրավասու մարմին, նշված համարանիշը միևնույն սուբյեկտին երկրորդ անգամ հատկացնելու դեպքում իրավունք չունի տվյալ սուբյեկտից պահանջելու վճարել նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար։
Վերաքննիչ դատարանը, հաստատելով Դատարանի եզրահանգումները, հավելել է, որ պատասխանողի կողմից դատավարական անգործություն ցուցաբերելու պայմաններում (դատական նիստերին չներկայանալ, հայցադիմումի վերաբերյալ որևէ իրավական դիրքորոշում կամ ապացույց չներկայացնել) վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դրվում են այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա՝ որպես դատավարական պարտականության չկատարման անբարենպաստ հետևանք։
Այսինքն՝ ստորադաս դատարանները հայցը բավարարել են, ըստ էության, պատասխանողի կողմից դատավարական անգործություն ցուցաբերելու պատճառաբանությամբ՝ գտնելով, որ պատասխանողն իր այդ վարքագծով փաստացի ընդունել է հայցադիմումում նշված փաստերը, մասնավորապես այն, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշն օգտագործման տրամադրելու մասին այլ սուբյեկտների կողմից դիմումներ ներկայացված չլինելու պայմաններում Ծառայությունը, որպես իրավասու մարմին, նշված համարանիշը միևնույն սուբյեկտին երկրորդ անգամ հատկացնելու դեպքում իրավունք չունի տվյալ սուբյեկտից պահանջելու վճարել նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար։
Նախևառաջ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ պատասխանողի ցուցաբերած դատավարական անգործությունը, մասնավորապես՝ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում գործով հրավիրված դատական նիստին չներկայանալը, հայցադիմումի պատասխան կամ հայցադիմումի վերաբերյալ որևէ իրավական դիրքորոշում չներկայացնելը և այլն, չի կարող հիմք հանդիսանալ հայցվոր կողմի պահանջն իրավաչափ համարելու և հայցը բավարարելու համար։ Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ գործի քննության ընթացակարգային վարչադատավարական առանձնահատկությունների հաշվառմամբ դատարանի խնդիրն է ինչպես կողմերի ներկայացրած ապացույցների, այնպես էլ գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքին համապատասխան իր կողմից ձեռք բերված ապացույցների հետազոտմամբ ու գնահատմամբ պարզել հայցվորի պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու անհրաժեշտ փաստական նախադրյալների և իրավական հիմքերի առկայությունը կամ բացակայությունը։
Նման պայմաններում ստորադաս դատարանները ոչ իրավաչափ կերպով կիրառել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հետևանքը, ըստ որի՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում բացակայում է հիմնավորումն այն մասին, թե գործի ելքը պայմանավորող կոնկրետ որ փաստն է մնացել չապացուցված, որի բացասական հետևանքները դրվել է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի՝ տվյալ դեպքում Ծառայության վրա։
Այսպես․ Վերաքննիչ դատարանը որպես սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ վկայակոչել է Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանի թիվ 17/3 14/17/34345-22 գրությունը՝ մեջբերելով դրա բովանդակությունից մի հատված, որով հայտնվել է․ «(…) նկատի ունենալով այն հանգամանքը, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշերը ի պահ հանձնելուց հետո (ի պահ է հանձնվել 12.05.2021թ.) վեցամսյա ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չեք ներկայացրել, ուստի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը զրկվել է վերոնշյալ ի պահ հանձնված հաշվառման համարանիշերն օգտագործելու առաջնահերթության իրավունքից, հետևաբար «VOLKSWAGEN ELAVIDA» մակնիշի, 774 CC 61 հաշվառման համարանիշի, LSVAY40E7K2014661 նույնացման համարով ավտոմոբիլի հաշվառման համարանիշերը փոխարինելու համար 555 ՕՕ 55 մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը (կամ նրա ներկայացուցիչը) պետք է ներկայանա ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանում՝ ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը (եթե առկա են, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ավտոմոբիլի համարանիշեր տալու համար` 900005016127 հաշվեհամարին 12 000 ՀՀ դրամի, ավտոմոբիլի (մոտոցիկլի) հաշվառման վկայագիր տալու համար՝ 900005016135 հաշվեհամարին 6 000 ՀՀ դրամի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 40.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 900013150033 հաշվեհամարին 5 000 ՀՀ դրամի վճարման փաստը հավաստող փաստաթղթեր, սույն դեպքում` թվերի ու տառերի նման հավաքածուն պարունակող համարանիշերը հանդիսանում են մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր և գինը կազմում է 8.000.000 (ութ միլիոն) ՀՀ դրամ (900013150033 հաշվեհամարին)»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի պարունակում որևէ հիմնավորում վերոգրյալ փաստի վիճելի լինելու վերաբերյալ։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշում չկա այն մասին, որ դատավարության մասնակիցների կողմից վիճարկվել է Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանի կողմից թիվ 17/3 14/17/34345-22 գրությունը տրված լինելու փաստը, հետևաբար այդ փաստի ապացուցման անհրաժեշտությունն ըստ էության բացակայել է։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև հետևյալը․ «(...) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Վարչական դատարանն այդ որոշումն ուղարկել է դատավարության մասնակիցներին, սակայն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, նախազգուշացված լինելով հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և այն չներկայացնելու իրավական հետևանքների մասին, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան և որևէ ապացույց։ Ավելին, սույն գործով նշանակված 2022 թվականի հունիսի 7-ի դատական նիստին պատշաճ ծանուցված լինելու պայմաններում պատասխանողը չի մասնակցել նշանակված դատական նիստին, չի միջնորդել գործի դատաքննությունը հետաձգել, հետևաբար որևէ կերպ չի ներկայացրել պատասխանողի դիրքորոշումը հայցապահանջի ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ պարբերությամբ վկայակոչված չէ գործի ելքը պայմանավորող կոնկրետ որևէ փաստ, որի ապացուցման բեռը կրել է Ծառայությունը, և որը մնացել է չապացուցված։ Մինչդեռ այդ պարբերությանը հաջորդող պարբերության մեջ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Այս առումով, արժանի է նկատել, որ Դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը»։
Հաջորդիվ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Ընկերության լիազորված անձ Գևորգ Անտոնյանի՝ Ծառայության Երևանի ՀՔՊ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանին ուղղված 20.04.2022 թիվ ՄԴ/24746-22 դիմումի պատճենը, սակայն հիշյալ դիմումի պատճենով որևէ կերպ չի հաստատվում այն կարևոր հանգամանքը, որ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնել տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին 12.05.2021 թվականին, այսինքն, թույլատրելի և վերաբերելի որևէ ապացույցով չի հաստատվում հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու հանգամանքը, որպեսզի հնարավոր լինի պնդել օրենսդրի կողմից նախանշված ժամկետի խախտումը հայցվորի կողմից, հետևաբար չի հիմնավորվում, որ ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից զրկվել է։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ Ծառայության Երևանի ՀՔՊ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանին ուղղված Ընկերության լիազորված անձ Գևորգ Անտոնյանի 20.04.2022 թվականի թիվ ՄԴ/24746-22 դիմումում նշված չի եղել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը հաշվառող մարմնին 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու մասին, չէր կարող բավարար հիմք հանդիսանալ այդ փաստը հաստատված չհամարելու համար, այն դեպքում, երբ գործում առկա բոլոր ապացույցների համակցությամբ այդ փաստը վիճելի չի եղել։ Մասնավորապես՝ Ընկերությունն ինքն է հայցադիմումով ընդունել, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ է հանձվել Ծառայությանը (տե՛ս, հայցադիմումի 2-րդ էջ, գ.թ. 5), որպիսի փաստն Ընկերության ներկայացուցիչ Արփինե Եղիկյանը հաստատել է նաև ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում՝ 07.06.2022 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Ավելին, ի պատասխան Դատարանի այն հարցին, թե արդյոք առկա է ապացույց 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու մասին, Ընկերության ներկայացուցիչը դատական նիստի ընթացքում որպես այդպիսի ապացույց վկայակոչել է Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի թիվ 17/3 14/17/34345-22 գրությունը, որի մեջ նշված է 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու մասին։
Նման պայմաններում, վերոգրյալ անվիճելի փաստի լրացուցիչ ապացուցման անհրաժեշտությունը բացակայել է, ուստի այդ փաստն ապացուցելու պարտականությունը չէր կարող դրվել դատավարության մասնակիցներից որևէ մեկի վրա, ըստ այդմ նաև՝ կիրառվել այդ պարտականությունը չկատարելու բացասական հետևանքներ։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանի՝ թիվ 17/3 14/17/34345-22 գրությանը՝ արձանագրելով, որ այդ գրության տարեթվի և բովանդակության միջև կա անհամապատասխանություն, քանի որ այն թվագրված է 22.04.2020 թվականով, մինչդեռ ժամանակագրական առումով գրությունում առկա է ավելի ուշ տեղի ունեցած իրադարձության՝ հաշվառման համարանիշն ի պահ հանձնելու վերաբերյալ հիշատակում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանի թիվ 17/3 14/17/34345-22 գրության տարեթվի և բովանդակության միջև առկա անհամապատասխանությունը սույն գործի ըստ էության լուծման համար որևէ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ նշված գրության հետազոտումն իրականացնելով գործում առկա մյուս ապացույցների համակցությամբ՝ պարզ է դառնում այդ անհամապատասխանության՝ վրիպակի արդյունք լինելու հանգամանքը։
Այսպես. թիվ 17/3 14/17/34345-22 գրության մեջ պարունակվող տվյալներից, մասնավորապես՝ գրության թվագրումից աջ ընկած հատվածում առկա «Մուտք Մդ/24746-22» գրառումից երևում է, որ նշված գրությունը Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանի կողմից Ընկերության լիազորված անձ Գևորգ Անտոնյանին է տրվել ի պատասխան վերջինիս՝ Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Լևոնյանին հասցեագրված 20.04.2022 թվականի թիվ Մդ/24746-22 դիմումի, ինչը բացառում է թիվ 17/3 14/17/34345-22 գրությունը 22.04.2020 թվականին կազմված կամ տրված լինելը։ Բացի այդ, նշված գրության բովանդակությունը ևս վկայում է այն մասին, որ թիվ 17/3 14/17/34345-22 գրության թվագրումը վրիպակ է, քանի որ գրությամբ Ընկերության լիազորված անձ Գևորգ Անտոնյանին հայտնվել է 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ հանձնված լինելու մասին։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սլզբունքի պահպանմամբ չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում և գնահատում, ինչի հետևանքով կայացրել է գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայությանն ուղղված հայցվորի պահանջն իրավաչափ չէ, և այն բավարարելու փաստական և իրավական հիմքերը բացակայում են՝ ստորև ներկայացված պատճառաբանությամբ.
Այսպես․ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները կարգավորող, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները սահմանող օրենք է հանդիսանում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը, որի 13.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ:
ՀՀ կառավարությունը 09.09.2010 թվականին ընդունել է «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1251-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), ըստ որի՝ համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի, 13-րդ հոդվածի 1-ին և 24-րդ մասերի՝ որոշել է, ի թիվս այլնի, սահմանել՝ տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը՝ համաձայն N 12 հավելվածի (կետ 12) և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի, տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի, ինչպես նաև մաշված հաշվառման վկայագրի փոխանակման, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն նոր համարանիշերի հատկացման, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի հատկացման կարգը՝ համաձայն N 13 հավելվածի (կետ 13):
Որոշման 12-րդ հավելվածով սահմանված «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման» կարգի 1-ին՝ «Ընդհանուր դրույթներ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգով կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ՝ համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
Որոշման 12-րդ հավելվածով սահմանված «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման» կարգի 3-րդ՝ «Համարանիշերի հատկացումը» բաժնի 10-րդ կետի համաձայն՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումներում հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):
Նույն բաժնի 11-րդ կետի համաձայն՝ հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի՝
1) հերթական համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից՝ ըստ աճող հերթականության.
2) ցանկալի համարանիշեր՝ տրվող հերթականության խախտմամբ համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի՝ հատկացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում.
3) մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր՝ սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշեր՝ հատկացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տվյալ չափորոշիչին համապատասխանող համարանիշերի համար սահմանված՝ լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում:
Նույն բաժնի 23-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:
Որոշման 12-րդ հավելվածով սահմանված «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման» կարգի 4-րդ՝ «Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացումը» բաժնի 32-րդ կետի համաձայն՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը կամ որպես ցանկալի համարանիշ՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:
Վերը նշված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ տրանսպորտային միջոցների շահագործման նպատակով հատկացվող հիմնական համարանիշերի տարատեսակ հանդիսացող մեծ պահանջարկ ունեցող համարանիշի օգտագործման իրավունքն առաջին անգամ ստանալու համար, ի թիվս սահմանված պետական տուրքի, պետք է կատարել լրացուցիչ հաստատագրված գումարի վճարում:
Տրանսպորտային միջոցը փոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն իրավունք ունի այդ համարանիշն ի պահ հանձնել տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին, որպիսի կարգավորում սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել պետական սեփականություն համարվող գույքի (համարանիշ) համար ապահովել պետական պահպանություն, իսկ այդ գույքի օգտագործման իրավունքն ունեցող անձին հնարավորություն տալ հետագայում շարունակել ձեռք բերված համարանիշի օգտագործումը՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման դեպքում:
Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կամ վերջինիս մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) նշված համարանիշը տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին ի պահ հանձնելու պահից վեցամսյա ժամկետում պետք է հաշվառման ներկայացնի սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց՝ նշված համարանիշի հատկացման նպատակով: Այդ պահանջը չպահպանելու դեպքում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի օգտագործման իրավունք ունեցող անձը զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Նշվածը ենթադրում է, որ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը սահմանված ժամկետը անցնելուց հետո կորցնում է համարանիշի նկատմամբ ունեցած իր օգտագործման իրավունքը և այդ համարանիշը կարող է ձեռք բերել ընդհանուր ընթացակարգով՝ պարտավորվելով կատարել թե՛ սահմանված պետական տուրքի, թե՛ տվյալ համարանիշի հատկացման համար սահմանված գնի վճարում։
Սույն գործի փաստական հանգամանքները վկայում են այն անվիճելի փաստի մասին, որ Ընկերությունը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ է հանձնել Ծառայությանը։
Ընկերությանը պատկանող «VOLKSWAGEN» («Վոլկսվագեն») մակնիշի 774 CC 61 պետ․ համարանիշը նույն ընկերությանը պատկանող, բարձր պահանջարկ ունեցող 555 OO 55 պետ․համարանիշով փոխարինելու մասին դիմումը Ընկերության լիազորված անձ Գևորգ Անտոնյանի կողմից Ծառայություն է ներկայացվել 20.04.2022 թվականին՝ ակնհայտորեն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի խախտմամբ։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետը թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ իրավացիորեն է մերժել Ընկերության լիազորված անձի պահանջն այն պատճառաբանությամբ, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշն ի պահ հանձնելուց հետո (ի պահ է հանձնվել 12.05.2021թ.) վեցամսյա ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու հետևանքով Ընկերությունը զրկվել է ի պահ հանձնված հաշվառման համարանիշերն օգտագործելու առաջնահերթության իրավունքից։
Վերոգրյալ փաստական հանգամանքների և իրավական վերլուծությունների համատեքստում գնահատելով հայցվորի պահանջի իրավաչափությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հիմքով հաստատվում է հայցվորի դիմումը մերժելու՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և Որոշմամբ սահմանված հիմքերի առկայությունը, որպիսի պարագայում Ընկերության հայցը չէր կարող բավարարվել, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից հայց ներկայացնելու համար նախապես վճարվել է 10.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, իսկ Ծառայությունը վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար` 20.000 ՀՀ դրամ և 30.000 ՀՀ դրամ։ Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, իսկ Ծառայության կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 20.000 ՀՀ դրամի և 30.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, ենթակա է հատուցման Ընկերության կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2024 թվականի որոշումը և այն փոփոխել. «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (ներկայումս՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն)՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ հայտնված մերժումն անվավեր ճանաչելու և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը հատկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել։
2. «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
________________
1 Հիմք՝ ՀՀ կառավարության 24․10․2024 թվականի թիվ 1704-Ն որոշման 1-ին կետը
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ռ. Հակոբյան ա. Թովմասյան Լ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|