Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.03.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/10703/05/21

2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10703/05/21

Նախագահող դատավոր՝

 Կ. Գևորգյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

 

2025 թվականի մարտի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արմեն Սարգսյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը 25.07.2017 թվականից ՀՀ զինված ուժերից արձակվելուց և պահեստազորում հաշվառվելուց սկսած մինչև 15.06.2021 թվականը երկարատև ծառայության չստացած կենսաթոշակը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսադրույքի հետ միասին` հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային կարգը, վերահաշվարկելուն և միանվագ կերպով իրեն վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն Սարգսյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը վերահաշվարկել և միանվագ կերպով իրեն վճարել 25.07.2017 թվականից ՀՀ զինված ուժերից արձակվելուց և պահեստազորում հաշվառվելուց սկսած մինչև 15.06.2021 թվականը երկարատև ծառայության չստացած կենսաթոշակը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսադրույքի հետ միասին` հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային կարգը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 22032023 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.11.2023 թվականի որոշմամբ Արմեն Սարգսյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է՝ Դատարանի 22032023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը վերահաշվարկել և միանվագ կերպով Արմեն Սարգսյանին վճարել 25.07.2017 թվականից ՀՀ զինված ուժերից արձակվելուց և պահեստազորում հաշվառվելուց սկսած մինչև 15.06.2021 թվականը երկարատև ծառայության չստացած կենսաթոշակը: Վերաքննիչ բողոքը մնացած մասով մերժվել է՝ Դատարանի 22032023 թվականի վճիռը՝ բողոքարկված և չբեկանված մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը (ներկայացուցիչ՝ Արմեն Աղաբալյան) և ՀՀ ֆինանսների նախարարությունը (ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Սարգսյանը (ներկայացուցիչ՝ Հեղինե Գալստյան)։

 

2. ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 2-րդ մասը, 38-րդ հոդվածի 3-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցվորի կողմից կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը 14062021 թվականին ներկայացված լինելու պայմաններում վերջինիս կենսաթոշակը չէր կարող նշանակվել զինված ուժերից արձակվելու և պահեստազորում հաշվառվելու օրվանից, քանի որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով հստակ սահմանված են կենսաթոշակ նշանակելու ժամկետները, ինչից հետևում է, որ զինծառայությունից արձակվելու օրվանից հայցվորի կենսաթոշակը կարող էր նշանակվել, եթե վերջինս կենսաթոշակ նշանակելու համար դիմեր զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, մինչդեռ սույն դեպքում հայցվորը կենսաթոշակ նշանակելու մասին դիմում ներկայացրել է միայն 14062021 թվականին, որպիսի օրվանից էլ վերջինիս նշանակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ։ Հայցվորին զինծառայությունից արձակվելու օրվանից կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվանից ավելի վաղ ժամանակահատվածի համար կենսաթոշակ նշանակել և վճարել հնարավոր չէ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ բավարարված մասով հայցը մերժել։

 

21ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս վճռի իրավաչափությունը պետք է գնահատեր դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.03.2023 թվականի վճռին։

 

2.2. Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները.

 Վերաքննիչ դատարանը ճիշտ է կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը՝ արդարացիորեն կատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, համաձայն որի գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է լինի օրինական և հիմնավորված։

 Հիմք ընդունելով վերոգրյալը՝ վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է մերժել վճռաբեկ բողոքները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 25.07.2017 թվականին արձակվել է զինվորական ծառայությունից (հիմք՝ ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետի 03.08.2021 թվականի թիվ 36/3378 գրությունը) (հատոր 1-ին, գթ 14)։

2) ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 20.11.2017 թվականի վճռով Արմեն Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության բավարարվել է. ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորեցվել է կատարել որոշակի գործողություններ, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայցվոր Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելով 1996 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նրա զինվորական ծառայության ստաժը հաշվարկել 1996 թվականի սեպտեմբերի 1-ից
(հատոր 1-ին, գ
թ 64-75):

3) Արմեն Սարգսյանը 14.06.2021 թվականին դիմել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար։ Այդ օրվանից նշանակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ (հիմք՝ ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետի 03.08.2021 թվականի թիվ 36/3378 գրությունը) (հատոր 1-ին, գթ 14)։

4) Արմեն Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված 12.07.2021 թվականի դիմումով խնդրել է վերահաշվարկել և փոխանցել իրեն հասանելիք «(…) 2017 թվականին զորացրվելուց հետո մինչ 15.06.2021 թվականը երկարատև ծառայության չստացած թոշակը միանվագ՝ ավելացնելով համապատասխան տարեկան տոկոսադրույքները համաձայն ՀՀ կենտրոնական բանկի բանկային տոկոսի հաշվարկային կարգի: (․․․(հատոր 1-ին, գթ 9-10)։

5) ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետը 03.08.2021 թվականի թիվ 36/3378 պատասխան գրությամբ հայտնել է. «(…) Դուք ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինծառայությունից արձակվել եք 25.07.2017 թվականին, իսկ կենսաթոշակ նշանակելու համար դիմել եք 14.06.2021 թվականին և Ձեզ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվել դիմելու օրվանից: Հետևաբար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով Ձեզ չվճարված կենսաթոշակ առկա չէ: Բացի այդ՝ Ձեր կողմից ներկայացված՝ ՀՀ վարչական դատարանի 20.11.2017 թվականի ՎԴ/2135/05/17 վճռով, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԴ/2135/05/17 վարչական գործով 29.12.2020 թվականի որոշման մեջ Ձեր կենսաթոշակը զինծառայությունից արձակվելու օրվանից նշանակելու կամ նշանակելու համար Ձեր դիմելու ամսաթվից ավելի վաղ ժամանակահատվածի համար հաշվառելու վերաբերյալ նշում առկա չէ: Ելնելով վերոգրյալից՝ հայտնում եմ, որ Ձեր կենսաթոշակը զինծառայությունից արձակվելու օրվանից նշանակելու կամ նշանակելու համար Ձեր դիմելու ամսաթվից ավելի վաղ ժամանակահատվածի համար հաշվառել հնարավոր չէ» (հատոր 1-ին, գթ 14-16)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

 Սույն վճռաբեկ բողոքների քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումըարդյոք իրավաչա՞փ է զինծառայողի կողմից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի վճարման պահանջ ներկայացնելն այն ժամանակահատվածի համար, որը նախորդում է կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանմանը դիմելուն։

Սոցիալական ապահովության իրավունքը երկրորդ սերնդի մարդու հիմնական իրավունքներից է, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածում և մի շարք միջազգային իրավական ակտերում: Այս սոցիալական իրավունքն արժանապատիվ և բարեկեցիկ սոցիալական պայմանների հիմքով կառուցված իրավական և սոցիալական պետության կարևոր բաղադրատարրերից է:

Սոցիալական ապահովության իրավունքի կարևոր բաղադրիչներից է կենսաթոշակի իրավունքը։

Թեև ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրին է վերապահված անձի սոցիալական ապահովության, մասնավորապես՝ կենսաթոշակի իրավունքի բովանդակությունը (օրինակ՝ կենսաթոշակի չափը, նշանակման և վճարման կարգը և այլն) որոշակիացնելու լիազորությունը, այդուհանդերձ, Սահմանադրությունը, ի թիվս այլնի, բացառում է այս իրավունքն ընդհանրապես օրենքով չերաշխավորելը, այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է կենսաթոշակի իրավունքը երաշխավորող օրենք ընդունել: Բացի դրանից, նման օրենքը չպետք է խախտի Սահմանադրության պահանջները, մասնավորապես, այն պետք է լինի որոշակի, կանխատեսելի, չհակասի իրավահավասարության, խտրականության արգելքի սկզբունքներին (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12072019 թվականի ՍԴՈ-1475 որոշումը):

Կենսաթոշակի իրավունքի բովանդակությունը բացահայտող և կիրարկման ընթացակարգը սահմանող նորմերը սահմանված են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում։ Այս օրենքով կարգավորված են Հայաստանի Հանրապետությունում պետական կենսաթոշակային ապահովության կառավարման և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանված են պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը։

Սույն գործով կիրառելի խմբագրությամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) «Կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակ ստանալու իրավունքը» վերտառությամբ 7-րդ հոդվածը սահմանում է «1 Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

(․․․) 2Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (...) և նրան նշանակվել է կենսաթոշակ (...)»։

Ինչպես Օրենքի 7-րդ հոդվածի վերտառությունից, այնպես էլ դրա 1-ին և 2-րդ մասերի նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը տարանջատել է «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունները՝ առանձնացնելով այն փաստական հիմքերը, որոնց առկայությամբ անձը համապատասխանաբար ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք և կենսաթոշակ ստանալու իրավունք։ Կենսաթոշակի իրավունք ունեցող, այն է՝ Օրենքով նախատեսված պայմանները բավարարող անձը չունի կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի դեռ չի դիմել կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում և վերջինիս կողմից նրան չի նշանակվել կենսաթոշակ։ Այլ կերպ՝ կենսաթոշակի իրավունք տվող՝ Օրենքով նախատեսված պայմանները բավարարող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք է բերում միայն կենսաթոշակ նշանակելու փաստի ուժով։ Այսպիսով, կենսաթոշակի իրավունքն օբյեկտիվ իրավունք է (յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի կենսաթոշակի իրավունք), իսկ այն իրացնելու համար կենսաթոշակի իրավունք ունեցող անձից պահանջվում է որոշակի ակտիվ վարքագծի դրսևորում, այն է՝ կենսաթոշակ նշանակելու դիմումի ներկայացում իրավասու մարմին, որից հետո կենսաթոշակի նշանակման փաստի ուժով անձը ձեռք է բերում իր բնույթով սուբյեկտիվ իրավունք՝ կենսաթոշակ ստանալու իրավունք։

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով Օրենքի 7-րդ հոդվածում «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունների բովանդակությանը, արձանագրել է

«ա) կենսաթոշակի իրավունքը, որպես սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի դրսևորման ձև, ելակետային է, այն նախապայման է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու համար,

բ) կենսաթոշակի իրավունքն ունի ծագման իր նախադրյալներն ու օրինական հիմքերը,

գ) կենսաթոշակ ստանալու իրավունքը կենսաթոշակի իրավունքի իրացման երաշխիքն է` օրենքով սահմանված իրավապայմանների առկայության պարագայում։

Տարբեր են կենսաթոշակի իրավունքի և կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման նախադրյալները. եթե, կոնկրետ դեպքում, տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքի ծագման նախադրյալներն են որոշակի տարիքը լրանալը և որոշակի աշխատանքային ստաժի առկայությունը, ապա կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման նախադրյալներն են կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում դիմում ու անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը։» (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 29112016 թվականի ՍԴՈ-1325 որոշումը):

Օրենսդիրը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում ամրագրելով պետական կենսաթոշակների տեսակները, դրանց շարքում սահմանել է նաև երկարամյա ծառայության կենսաթոշակը՝ որպես զինվորական կենսաթոշակի տարատեսակ:

Օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է «Զինվորական կենսաթոշակի իրավունք ունի`

 1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների, պետական պահպանության ծառայության և Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ նաև` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողը.

 2) վարժական հավաքների կանչված զինապարտը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցը.

 3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը»:

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է «1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում համապատասխան մարմիններում, ինչպես նաև քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձին (․․․), որը`

1) զինվորական ծառայությունից (․․․) սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ. (․․․)»։

 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի բովանդակության լույսի ներքո անդրադառնալով Օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածի կարգավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքը ծագում է Օրենքի 17-րդ հոդվածում նշված զինծառայողների մոտ, եթե վերջիններս բավարարում են Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պայմանները։ Այդ պայմաններն այն իրավաբանական փաստերի ամբողջությունն են, որոնց առկայությամբ Օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված զինծառայողների մոտ ծագում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքը։ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ այդ փաստերն են` զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելը և արձակվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունենալը: Այսինքն՝ ըստ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման համար հիմք է հանդիսանում ծառայությունից արձակվելը և ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ 20 օրացուցային տարվա զինվորական ստաժ ունենալը:

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, (․․․) գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ (․․․): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: 

Օրենքի 34-րդ հոդվածը սահմանում է․ «1. Կենսաթոշակ նշանակվում է`

1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

2) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ օրվանից հետո` վեց ամսվա ընքացքում.

(․․․):

2 Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից»։

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք է բերում կենսաթոշակ նշանակելու դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակելու օրվանից։ Բացառություն են այն դեպքերը, երբ անձը կենսաթոշակ նշանակելու համար դիմել է Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում այդ ժամկետներում դիմելու դեպքում անձի կենսաթոշակի իրավունք ձեռք բերելն ու կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը ժամանակի մեջ համընկնում են։ Որևէ այլ իրավաչափ շեղում «անձը ձեռք է բերում կենսաթոշակ ստանալու իրավունք կենսաթոշակ նշանակելու օրվանից» ընդհանուր կանոնից օրենսդիրը չի սահմանել։

 Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթը դիտարկելով Օրենքի 7-րդ հոդվածի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքն Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող զինծառայողների մոտ ծագում է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին դիմելու հիմքով կենսաթոշակ նշանակելու պարագայում: Օրենքի վերը նշված կարգավորումներից բխում է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողը կարող է իրավաչափորեն հավականել միայն երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվան նախորդող վեց ամսվա կենսաթոշակի գումարն ստանալուն, այն էլ միայն այն դեպքում, երբ կենսաթոշակ նշանակելու համար դիմել է զինվորական ծառայությունից արձակվելուց հետո վեց ամսվա ընթացքում։ Ցանկացած այլ իրավիճակում օրենսդիրը չի լիազորել իրավասու մարմնին զինծառայողին վճարել կենսաթոշակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվան նախորդող ժամանակահատվածի համար։ Այլ կերպ՝ եթե զինծառայողը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար դիմել է զինվորական ծառայությունից արձակվելուց վեցամսյա ժամկետը գերազանցելուց հետո, ապա այլևս որևէ իրավիճակում վերջինս չի կարող հավակնել ստանալու կենսաթոշակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելուն նախորդող որևէ ժամանակահատվածի համար։ Ըստ այդմ՝ իրավասու մարմինը չի կարող որևէ իրավիճակում դատական կարգով պարտավորեցվել զինծառայողին վճարել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար, եթե վերջինս դիմումը ներկայացրել է զինծառայությունից արձակվելուց հետո վեցամսյա ժամկետի լրանալուց հետո։ Հակառակ դեպքում կխախտվի օրինականության սկզբունքը, ըստ որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

 Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավաչափ չէ զինվորական ծառայողի կողմից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի վճարման պահանջ ներկայացնելն այն ժամանակահատվածի համար, որը նախորդում է կենսաթոշակ նշանակելու համար դիմելուն, եթե վերջինս կենսաթոշակ նշանակելու համար դիմումը ներկայացրել է զինծառայությունից արձակվելուց հետո վեցամսյա ժամկետի լրանալուց հետո։ Իսկ զինծառայությունից արձակվելուց հետո վեցամսյա ժամկետում երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար դիմելու դեպքում էլ զինծառայողը կարող է կենսաթոշակ վճարելու իրավաչափ պահանջ ներկայացնել միայն կենսաթոշակ նշանակելու համար դիմելուն նախորդող 6-ամսյա ժամանակահատվածի համար։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Արմեն Սարգսյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը վերահաշվարկել և միանվագ կերպով իրեն վճարել 25.07.2017 թվականից ՀՀ զինված ուժերից արձակվելուց և պահեստազորում հաշվառվելուց սկսած մինչև 15.06.2021 թվականը երկարատև ծառայության չստացած կենսաթոշակը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսադրույքի հետ միասին` հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային կարգը։

Դատարանը 22032023 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. «(…) Զինծառայությունից արձակվելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընքացքում, դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից: (․․․)

Սույն գործի փաստերից հետևում է, որ թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 20.11.2017 թվականի վճռով Արմեն Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության բավարարվել է՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետը հաշվարկել 01.09.1996 թվականից՝ նրա զինվորական ծառայության ստաժը հաշվարկելով 01.09.1996 թվականից:

Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 29.12.2020 թվականին, ինչից հետո 14.06.2021 թվականին Արմեն Սարգսյանը ներկայացրել է կենսաթոշակ նշանակելու դիմում, որպիսի օրվանից վերջինիս նշանակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Դատարանը գտնում է, որ Արմեն Սարգսյանի կողմից կենսաթոշակ նշանակելու դիմումը 14.06.2021 թվականին ներկայացված լինելու պայմաններում վերջինիս կենսաթոշակը չէր կարող նշանակվել զինված ուժերից արձակվելու և պահեստազորում հաշվառվելու օրվանից սկսած:

Դատարանը փաստում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով հստակ սահմանված են կենսաթոշակ նշանակվելու ժամկետները, որպիսի իրավակարգավորումներից հետևում է, որ զինծառայությունից արձակվելու օրվանից հայցվորի կենսաթոշակը կարող էր նշանակվել, եթե վերջինս զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո` վեց ամսվա ընքացքում, դիմեր կենսաթոշակ նշանակելու համար, մինչդեռ սույն դեպքում Արմեն Սարգսյանը կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է միայն 14.06.2021 թվականին, որպիսի օրվանից էլ վերջինիս նշանակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ:

Անդրադառնալով պատասխանողի գործողություններով պայմանավորված դիմումը սահմանված ժամկետում ներկայացնելու անհնարինության վերաբերյալ հայցվորի փաստարկներին՝ Դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ սույն հայցի բավարարման համար, քանի որ Արմեն Սարգսյանի՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը ծագել է միայն թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 20.11.2017 թվականի վճռի հիման վրա, որպիսի պայմաններում 25.07.2017 թվականից մինչև 15.06.2021 թվականը չստացված կենսաթոշակը չի հանդիսանում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակ:

Ընդ որում, (․․․) հայցվորը զրկված չէր զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից վեց ամսվա ընքացքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու հնարավորությունից, որպիսի պայմաններում վարչական մարմինը պարտավոր կլիներ կասեցնել վարչական վարույթը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ՝ մինչև թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործով դատական ակտ կայացնելը: (…)»:

Վերաքննիչ դատարանը 29.11.2023 թվականի որոշմամբ Արմեն Սարգսյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ.  (…) կենսաթոշակի իրավունք ունենալու ժամանակահատվածում չվճարված կենսաթոշակի գումարները վճարելուն կենսաթոշակ նշանակող մարմնին (ստորաբաժանմանը) պարտավորեցնելու համար անհրաժեշտ՝ օրենսդրորեն ամրագրված նախապայման է հանդիսանում կենսաթոշակի գումարները բացառապես կենսաթոշակ նշանակող մարմնի (ստորաբաժանման) մեղքով վճարված չլինելը:

Ըստ այդմ, տվյալ դեպքում վեճի լուծման համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե արդյո՞ք կենսաթոշակի գումարները չեն վճարվել կենսաթոշակ նշանակող մարմնի (ստորաբաժանման) մեղքով:

(…)

Վերը վկայակոչված իրավանորմերի վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը, նախ, արձանագրում է, որ թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործով Դատարանի 20.11.2017 թ. վճռով ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորեցվել է կատարելու որոշակի գործողություններ, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայցվոր Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելով 1996 թ. սեպտեմբերի 1-ից՝ նրա զինվորական ծառայության ստաժը հաշվարկել 1996 թ. սեպտեմբերի 1-ից՝ այն հիմնավորմամբ, որ հայցվորի զինվորական ծառայության ժամկետի հաշվարկի համար որպես ելակետ պետք է ընդունվի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում ուսման սկիզբը, այն է՝ 1996 թ. սեպտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով այն, որ վերջինիս ուսման ընթացքը մեկնարկել է 1996 թ. սեպտեմբերի 1-ին, նրա՝ որպես կուրսանտի, հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել 24.11.1997 թ., իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը տրվել է 29.12.1997 թ.։

Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 25.07.2017 թվականից ՀՀ զինված ուժերից արձակվելուց և պահեստազորում հաշվառվելուց սկսած մինչև 14.06.2021 թ. երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի գումարները չեն վճարվել հենց կենսաթոշակ նշանակող մարմնի՝ ՀՀ պաշտպանության նախարարության մեղքով, քանի որ Արմեն Սարգսյանը 25.07.2017 թվականից սկսած ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք, իսկ կենսաթոշակ նշանակող մարմինն այդ պահի դրությամբ իր տրամադրության տակ ունեցել է վերջինիս զինվորական ծառայության ժամկետի և, ըստ դրա՝ զինվորական ծառայության ստաժի հաշվարկի համար ելակետ հանդիսացող՝ թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործով Դատարանի 20.11.2017 թ վճռում մատնանշված տեղեկությունները, որոնց միջոցով հետագայում հաստատված են համարվել այնպիսի փաստեր, որպիսիք էլ հիմք են հանդիսանում կենսաթոշակի վերահաշվարկման համար: Ուստի հիմք ընդունելով Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշվածը բավարար հիմք է պատասխանողին՝ 25.07.2017 թվականից ՀՀ զինված ուժերից արձակվելուց և պահեստազորում հաշվառվելուց սկսած մինչև 14.06.2021 թ. հայցվոր Արմեն Սարգսյանի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի գումարները վերահաշվարկելուն և վճարելուն պարտավորեցնելու համար:

Ինչ վերաբերում է Դատարանի այն եզրահանգմանը, որ Արմեն Սարգսյանը զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընքացքում, չի դիմել կենսաթոշակ նշանակելու համար, այլ կենսաթոշակ նշանակելու դիմում է ներկայացրել միայն 14.06.2021 թ., որպիսի օրվանից էլ վերջինիս նշանակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշված հանգամանքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ վեճի լուծման վրա, քանի որ սույն վեճն առաջացել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի գումարները չվերահաշվարկելու և հայցվորին չվճարելու առնչությամբ, ինչը նշանակում է, որ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են Օրենքում ամրագրված՝ կենսաթոշակը վերահաշվարկելուն, այլ ոչ թե կենսաթոշակ նշանակելուն վերաբերող կարգավորումները, հետևաբար անհիմն են այս առնչությամբ բողոքարկվող դատական ակտում տեղ գտած պատճառաբանությունները:(…)»։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ալ. Հարությունյան) թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործով 20.11.2017 թվականի վճռով Արմեն Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության բավարարվել է. ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորեցվել է կատարելու որոշակի գործողություններ, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայցվոր Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելով 1996թ. սեպտեմբերի 1-ից՝ նրա զինվորական ծառայության ստաժը հաշվարկել 1996թ. սեպտեմբերի 1-ից: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 29.12.2020 թվականին:

Արմեն Սարգսյանը 14.06.2021 թվականին ներկայացրել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու դիմում, և այդ օրվանից վերջինիս նշանակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ:

Այնուհետև, ՀՀ պաշտպանության նախարարությանը հասցեագրված 12.07.2021 թվականի և 15.08.2021 թվականի դիմումներով Արմեն Սարգսյանը խնդրել է վերահաշվարկել և իրեն վճարել 25.07.2017 թվականից ՀՀ զինված ուժերից արձակվելուց և պահեստազորում հաշվառվելուց սկսած մինչև 15.06.2021 թվականը չվճարված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի գումարները, որպիսի դիմումները պատասխանող վարչական մարմնի կողմից մերժվել են:

Վերաքննիչ դատարանի 29.11.2023 թվականի որոշմամբ Արմեն Սարգսյանի հայցը բավարարելու հիմքում դրվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում է «Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել»։ Նշված նորմը, սակայն, սույն գործի նկատմամբ կիրառելի չէ՝ հետևյալ պատճառաբանությամբ

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ նույնաբովանդակ նորմ բովանդակել է նաև 10042003 թվականին ուժի մեջ մտած և 01012011 թվականին ուժը կորցրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը։ Վերջինիս 57-րդ հոդվածը սահմանում էր․ «(…) Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման»: Նշված հոդվածի սահմանադրականությունն անհատական դիմումի հիման վրա վիճարկվել է ՀՀ սահմանադրական դատարանում այն փաստարկմամբ, որ դրանով սահմանված դրույթը «ոչ հստակ է ձևակերպված և հնարավորություն չի տալիս միանշանակ հետևություն անել այն մասին, որ այն վերաբերում է թե կենսաթոշակ նշանակելու համար դիմում տալուց հետո չստացված կենսաթոշակի գումարը վճարելուն (․․․), թե Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված սոցիալական ապահովության իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ պայմանները վրա հասնելու և կենսաթոշակ նշանակելու համար դիմում ներկայացնելու միջև ընկած ժամանակահատվածում չստացված կենսաթոշակի գումարը վճարելուն (․․․): ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, այն ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները «(․․․) ընդհանրապես կենսաթոշակի հետ կապված` անձի և իրավասու մարմնի միջև իրավահարաբերություններ առաջանալու համար որպես իրավաբանական փաստ օրենսդիրը դիտում է, ՀՀ կառավարության կողմից 29.05.2003 թ. թիվ 793 որոշմամբ սահմանված կարգով, դիմում ներկայացնելը և այդ դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ ընդունված անհատական իրավակիրառական ակտը:

Օրենքի 51 հոդվածի համաձայն կենսաթոշակը նշանակվում է`

1) դիմելու օրվանից,

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է այդ օրվանից հետո` եռամսյա ժամկետում,

3) կերակրողի մահվան օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է այդ օրվանից հետո` վեցամսյա ժամկետում:

Նշված հոդվածի և 57 հոդվածի վիճարկվող դրույթի վերլուծությունը ցույց է տալիս, որ անձին կենսաթոշակ նշանակվում է դիմելու օրվանից` բացառությամբ 51 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի: Սակայն այս դեպքերում ևս օրենսդիրը սահմանում է որոշակի ժամկետ (եռամսյա և վեցամսյա ժամկետ): Իսկ մնացած դեպքերում, անկախ նրանից, թե կենսաթոշակի իրավունքը ծագելուց հետո որքան ժամանակ է անցել, կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից, և 57 հոդվածի վիճարկվող դրույթում «Չստացված կենսաթոշակի գումարները» արտահայտությունը վերաբերում է կենսաթոշակ նշանակելուց հետո որոշակի հանգամանքների բերումով չստացված կենսաթոշակի համար դիմում ներկայացնելուն և կենսաթոշակը վճարելուն»։

Սահմանադրական դատարանը հավելել է նաև, որ ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` կենսաթոշակ կարող է ստացվել միայն դրա նշանակվելուց հետո, ինչպես և կենսաթոշակ վճարելու մասին դիմում կարելի է գրել միայն արդեն իսկ նշանակված, սակայն զանազան պատճառներով չստացված կենսաթոշակի համար» (տ՛ես, ՀՀ սահմանադրական դատարանի 23102007 թվականի թիվ ՍԴՈ-716 որոշումը

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը դիտարկելով Օրենքի 7-րդ հոդվածով տարանջատված «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունների և Վճռաբեկ դատարանի վերն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է արդեն իսկ նշանակված կենսաթոշակի գումարներին։ Այլ կերպ՝ այդ նորմի հիման վրա անձը կարող է ներկայացնել միայն նշանակված, սակայն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարելու պահանջ։ Մինչդեռ, սույն դեպքում հայցվորի կենսաթոշակը վճարելու պահանջը վերաբերում է կենսաթոշակ նշանակելու համար դիմելուն նախորդող ժամանակահատվածին։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտի բովանդակությունից հետևում է, որ վերջինս որպես կենսաթոշակը նշանակող ստորաբաժանման «մեղք» է դիտարկել Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետը 1996թ. սեպտեմբերի 1-ից չհաշվարկելը, որպիսի վարքագծի ոչ իրավաչափ լինելը հաստատվել է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործով 20.11.2017 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ Արմեն Սարգսյանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետի շուրջ իրավական վեճի և այդ վեճի կապակցությամբ հարուցված թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործի առկայությունը որևէ կերպ չէր խոչընդոտում Արմեն Սարգսյանին «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան կենսաթոշակ նշանակելու խնդրանքով կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնի համապատասխան ստորաբաժանում դիմել զինծառայությունից հետո վեցամսյա ժամկետում։ Ավելին, եթե երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար խոչընդոտ էր այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայցվորի զինծառայության ժամկետը չէր հաշվարկում 1996 թվականի սեպտեմբերի 1-ից, ապա նշված իրավական վեճի պայմաններում հայցվորի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը պահանջում էր այդ վեճի առկայության պայմաններում օրենքով սահմանված ժամկետում դիմել կենսաթոշակ նշանակելու համար և մերժման դեպքում զինծառայության ժամկետի հետ կապված իրավական վեճի դատական կարգով լուծումը հայցել կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջի շրջանակներում։ Միայն այս դեպքում հայցվորը կարող էր հավակնել կենսաթոշակ նշանակելուն նախորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակի վճարման։ Այլ կերպ՝ հայցվորն իրավական հնարավորություն կունենար օրենսդրության պահանջներին համապատասխան հավակնելու կենսաթոշակ նշանակելուն նախորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակի գումարների վճարմանը, եթե օրենքով սահմանված ժամկետում դիմեր կենսաթոշակ նշանակելու համար, այնուհետև՝ նշանակումը մերժելու դեպքում դիմեր դատական պաշտպանության։ Մինչդեռ, հայցվորը, զինվորական ծառայությունից արձակվելով 25.07.2017 թվականին, ձեռնպահ է մնացել Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան՝ զինծառայությունից արձակվելուց հետո վեցամսյա ժամկետում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար իրավասու մարմին դիմելուց, զինծառայության ժամկետի վերաբերյալ իրավական վեճը ներկայացրել է դատարան և միայն այդ վեճի լուծումից հետո՝ 14.06.2021 թվականին, դիմել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար։

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակվում է զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից։ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջի համաձայն՝ հայցվորից պահանջվում էր երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար դիմել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո վեցամսյա ժամկետում, որպիսի ժամկետը պահպանելու դեպքում կենսաթոշակը կնշանակվեր զինծառայությունից արձակվելու օրվանից։

Սույն դեպքում հայցվորը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար դիմել է զինծառայությունից արձակվելուց հետո վեցամսյա ժամկետը լրանալուց տարիներ անց, որպիսի պայմաններում Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հայցվորի կենսաթոշակն իրավաչափորեն նշանակվել է դիմելու օրվանից։ Օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հայցվորի կենսաթոշակ ստանալու իրավունքը ծագել է կենսաթոշակը նշանակելու օրվանից՝ 14.06.2021 թվականից։

Նման փաստական հանգամանքների պայմաններում Վճռաբեկ դատարանը, Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի նորմերին համապատասխան, հիմք ընդունելով նաև վերն արտահայտված այն դիրքորոշումը, որ Օրենքի 36-րդ հոդվածի նորմերը կիրառելի չեն դեռևս չնշանակված կենսաթոշակի գումարների առնչությամբ՝ գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը չէր կարող պարտավորեցվել վճարել կենսաթոշակ՝ կենսաթոշակը նշանակելուն նախորդող ժամանակահատվածի՝ 25.07.2017-15.06.2021 թվականների համար, քանզի օրենսդրությունը չի բովանդակում որևէ իրավական նորմ, որը առկա փաստական հանգամանքների պայմաններում կենսաթոշակը նշանակող իրավասու մարմնին կլիազորեր հայցվորին վճարել կենսաթոշակ՝ կենսաթոշակ նշանակելու օրվան նախորդող ժամանակահատվածի համար։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ թիվ ՎԴ/2135/05/17 վարչական գործի շրջանակներում վեճի դրական լուծումը ևս հայցվորին իրավական հնարավորություն չի տալիս առկա փաստական հանգամանքների պայմաններում հավակնել ստանալու կենսաթոշակ 25.07.2017-15.06.2021 թվականների համար, քանզի այդ վեճի լուծման արդյունքում հայցվորը ձեռք է բերել կենսաթոշակի իրավուք, սակայն ոչ կենսաթոշակ ստանալու իրավունք։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցը, խախտել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի նորմերը։ Վերաքննիչ դատարանը նաև սխալ է մեկնաբանել Օրենքի 36-րդ հոդվածի նորմերը։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վճռաբեկ բողոքների համար արդեն վճարվել են համապատասխանաբար 20.000 ՀՀ դրամ և 30.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ համապատասխանաբար 20.000 ՀՀ դրամի և 20.000 ՀՀ դրամի չափով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Արմեն Սարգսյանի կողմից, իսկ 10000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ որպես ավել վճարված պետական տուրքի գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 22032023 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Արմեն Սարգսյանից հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել համապատասխանաբար 20.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական: