ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 400-Ա
ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման, ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև ծրագրի ընթացքի մշտադիտարկման նպատակով ստեղծել դպրոցաշինության և մանկապարտեզաշինության միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 400-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
1. Ոլորտը համակարգող փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
2. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
4. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
5. Ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
6. Ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
7. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
8. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
9. Երևանի քաղաքապետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
10. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
11. Ոլորտը համակարգող փոխվարչապետի խորհրդական կամ օգնական
12. Ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչ (աշխատանքային խմբի քարտուղար):
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
14.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 400-Ա որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբը միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի նպատակներն են Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումը, ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև ծրագրի ընթացքի մշտադիտարկումը:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
3. Աշխատանքային խմբի գործառույթներն են`
1) Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի քաղաքականության, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին մասնակցությունը.
2) Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի շրջանակներում կառուցվող կամ վերանորոգվող օբյեկտների տեղորոշումը, ցանկերի կազմումը, կլաստերների ձևավորումը.
3) Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, ինչպես նաև գործող ընթացակարգերի լավարկման նպատակով՝ համապատասխան մարմիններին օրենսդրական փոփոխություններ իրականացնելու առաջարկների ներկայացումը.
4) Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման նպատակով՝ իրավիճակային լուծումների առնչությամբ առաջարկների ներկայացումը, ինչպես նաև որոշումների կայացումը.
5) աշխատանքային խմբի ղեկավարը կամ ղեկավարի առաջարկությամբ աշխատանքային խմբի անդամներից մեկի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկույցների և առաջարկությունների ներկայացումը.
6) աշխատանքային խմբի խորհրդատվական բնույթի որոշումների կամ առաջարկների կատարման նկատմամբ մշտադիտարկումը.
7) աշխատանքային խմբի նպատակներից բխող օրենսդրությամբ չարգելված այլ գործառույթներ:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 5-րդ կետին համապատասխան:
5. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբի անդամներից մեկի առաջարկությամբ:
6. Աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը, ինչպես նաև աշխատանքային խմբի նիստերի որոշումները և արձանագրությունները աշխատանքային խմբի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով։
7. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ՝ գրավոր կամ բանավոր ընթացակարգով: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:
8. Աշխատանքային խմբի անդամներն օրակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակ: Աշխատանքային խմբի նիստի օրակարգը տրամադրվում է աշխատանքային խմբի անդամներին և կարող է տրամադրվել սույն աշխատակարգի 10-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
9. Աշխատանքային խմբի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է աշխատանքային խմբի քարտուղարը:
10. Աշխատանքային խմբի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, շահառու խմբերի ներկայացուցիչներ և փորձագետներ:
11. Աշխատանքային խմբի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի զեկուցմամբ:
12. Աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է տվյալ հարցը օրակարգում ընդգրկելու առաջարկությամբ հանդես եկած աշխատանքային խմբի անդամը:
13. Հարցի քննարկման ընթացքում աշխատանքային խմբի անդամների կողմից նոր առաջարկներ ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է հաջորդ նիստ:
14. Աշխատանքային խմբի նիստերն արձանագրվում են:
15. Աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը:
16. Աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը և հանձնարարականները նիստից հետո ողջամիտ ժամկետներում ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի կողմից տրամադրվում են աշխատանքային խմբի անդամներին:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ
17. Աշխատանքային խմբի ղեկավարը`
1) հրավիրում է աշխատանքային խմբի նիստերը.
2) վարում է աշխատանքային խմբի նիստերը.
3) ստորագրում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները.
4) տալիս է հանձնարարականներ։
V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Աշխատանքային խմբի գործունեության կազմակերպական աշխատանքներն իրականացնում է աշխատանքային խմբի քարտուղարը: Աշխատանքային խմբի քարտուղարի պարտականությունները իրականացնում է ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչը:
19. Աշխատանքային խմբի քարտուղարը`
1) նախապատրաստում է նիստի, այդ թվում՝ հեռակա գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը աշխատանքային խմբի անդամներին, ինչպես նաև աշխատանքային խմբի անդամներից դիրքորոշումների ստացումը․
2) ապահովում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությունների մշակումը.
3) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
4) գրանցում է աշխատանքային խմբի անդամների ներկայացրած առաջարկությունները.
5) կազմակերպում է աշխատանքային խմբի որոշումների տրամադրումը աշխատանքային խմբի անդամներին և համապատասխան լիազոր մարմիններին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
14.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |