Գլխավոր տեղեկություն
Համար
N 1872-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.05.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.05.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1872-Ա

«19» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գոռ Դավթյանի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Դ-42519-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Դ-42519-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2025 թվականի մայիսի 7-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Գոռ Դավթյանը, իսկ 2025 թվականի մայիսի 14-ին հետաձգված լսումներին Գոռ Դավթյանը չի ներկայացել՝ չնայած պատշաճ ծանուցված լինեու հանգամանքին:

Ուսումնասիրելով 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Դ-42519-25 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դիմումին կից ներկայացված ապացույցները, 2025 թվականի մայիսի 7-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով Դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Դ-42519-25 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ Գոռ Դավթյանը, հիմք ընդունելով դիմումին կից ներկայացված ապացույցներնը, այդ թվում՝ «Ար Վի Էմ քոնսալտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 15-ին տրված վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 014 եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի մարտի 31-ին Բադալ Մուրադյան փողոցի թիվ 10 շենքի բակում կայանված «Opel Astra 1.8» մակնիշի «36 CO 682» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով առաջացած վնասը՝ 79.000 (յոթանասունինը հազար) ՀՀ դրամ գումարի չափով և նշված եզրակացությունը ստանալու նպատակով կատարված ծախսը՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

2019 թվականի ապրիլի 5-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PI130275 վկայագրի համաձայն՝ «Opel Astra 1.8» մակնիշի «36 CO 682» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Գոռ Դավթյանի սեփականությունը:

«Ար Վի Էմ քոնսալտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 15-ին տրված վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 014 եզրակացության համաձայն՝ «Opel Astra 1.8» մակնիշի «36 CO 682» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ փոխարինման ենթակա պահեստամասերի և վերանորոգման ու տեղադրման աշխատանքների ծախսը կազմում է 79.000 (յոթանասունինը հազար) ՀՀ դրամ:

«Ար Վի Էմ քոնսալտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 15-ին տրված թիվ B17227010489 հաշիվ վավերագրի համաձայն՝ «Opel Astra 1.8» մակնիշի «36 CO 682» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասի գնահատման ծառայության դիմաց Գոռ Դավթյանի կողմից վճարվել է 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:

Դիմումով բարձրացված հարցի կապակցությամբ, դեռևս Գոռ Դավթյանի՝ Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2025 թվականի մարտի 31-ի թիվ Դ-33839-25 դիմումի ուսումնասիրման արդյունքում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից տեղեկացվել է, որ 2025 թվականի մարտի 31-ին, առավոտյան ժամը 06։00 սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 10 հասցեում կենսունակ բարդու՝ չորացած ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացի Գոռ Դավթյանին պատկանող «36 CO 682» հաշվառման համարանիշի «Opel Astra 1.8» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Դիմումին կից և դրա հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում Գոռ Դավթյանի կողմից չի ներկայացվել «Opel Astra 1.8» մակնիշի «36 CO 682» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետքաբանական փորձաքննության եզրակացություն և չի ապացուցվել այն հանգամանքը, թե 2025 թվականի մարտի 31-ին, առավոտյան ժամը 06։00 սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 10 հասցեում կենսունակ բարդու՝ չորացած ճյուղը «Opel Astra 1.8» մակնիշի «36 CO 682» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու հետևանքով ավտոմեքենան ինչ վնասվածքներ է կրել և չի ապացուցվել «Ար Վի Էմ քոնսալտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 15-ին տրված վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 014 եզրակացության մեջ նշված վնասը նկարագրված պատահարի ուղղակի և անմիջական հետևանքը հանդիսանալու հանգամանքը (պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն):

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Գոռ Դավթյանի կողմից Դիմումին կից, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում չի ներկայացվել պատահարի ու «Opel Astra 1.8» մակնիշի «36 CO 682» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված հետքաբանական փորձագիտական եզրակացություն, որի բացակայության պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունն ու 79.000 (յոթանասունինը հազար) ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածների դրույթները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գոռ Դավթյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Դ-42519-25 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան