ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/2191/04/22 2025 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/2191/04/22 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա . ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «րիսփոնսԱբիլիթի Ֆեյր Ագրիքալչր Ֆանդ» ներդրումային ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ «Առողջ Սունկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.08.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Դատարանի 11.11.2022 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը։
Դատարանի 23.03.2023 թվականի որոշմամբ պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Ֆոնդի միջնորդությունը մերժվել է, Ֆոնդի 4.400.992,96 ԱՄՆ դոլարի չափով պահանջը ճանաչվել է օրինական և ընդգրկվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանում՝ որպես գրավով ապահովված պահանջ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 23.03.2023 թվականի «Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիության և պահանջի հիմնավորվածության հարցի քննարկման արդյունքների մասին» որոշումը մասնակիորեն՝ Ֆոնդի 4.400.992,96 ԱՄՆ դոլարի չափով պահանջն օրինական ճանաչելու ու այն պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես գրավով ապահովված պահանջ գրանցելու մասով, վերացվել է, և պահանջի հիմնավորվածության հարցն ուղարկվել է նոր քննության. մնացած մասով որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆոնդը (ներկայացուցիչ Լենա Միտիչյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գևորգ Գևորգյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածը, 46-րդ հոդվածի 9-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 7-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախատեսելով պարտապանի սնանկության վտանգի շրջանակներում մորատորիում իրականացնելու ընթացակարգ՝ օրենսդիրն այդպիսի ընթացակարգ նախատեսել է նաև պարտապանի սնանկության վարույթի շրջանակներում, հետևաբար միմյանցից տարբերվող այդ վարույթներից յուրաքանչյուրն ունի իրեն վերաբերելի և դրա նկատմամբ կիրառելի ընթացակարգեր։ Ընդ որում, սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառվող մորատորիումը չի կարող իր բացասական հետևանքներն ունենալ միևնույն պարտապանի սնանկության վարույթի շրջանակներում, քանի որ նման մոտեցումը կարող է հանգեցնել իրավունքի չարաշահման։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառվող մորատորիումը հետապնդում է տվյալ վարույթի շրջանակներում պարտապանի գույքի ամբողջականությունը պահպանելու նպատակ՝ որևէ կերպ չնախատեսելով, որ տվյալ վարույթի շրջանակներում կիրառված պարտավորությունների սառեցումը կարող է ազդեցություն ունենալ միևնույն սուբյեկտի նկատմամբ իրականացվող, սակայն ամբողջությամբ այլ՝ ինքնուրույն և անկախ սնանկության վարույթի վրա։ Հակառակ տրամաբանությամբ առաջնորդվելիս առաջանում է մի իրավիճակ, որ ինքը, 2016 թվականին փոխառություն տրամադրելով Ընկերությանը, տոկոսներ և տույժեր կարող է պահանջել 13.02.2016-11.09.2019 թվականների համար՝ այն պայմաններում, երբ Ընկերությունը պարտավորություններն սկսել է չկատարել դեռևս 2017 թվականից ու շարունակել է դրսևորել նման վարքագիծ նաև սնանկության վտանգի վարույթի շրջանակներում՝ թույլ տալով ֆինանսական առողջացման ծրագրի էական խախտումներ, ինչն ակնհայտորեն հանգեցնում է իր իրավունքների էական խախտումների։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ընկերության նկատմամբ նախկինում՝ սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառված մորատորիումը չի կարող վկայակոչվել սնանկության վարույթի շրջանակներում՝ որպես պարտավորությունների չափի նվազեցման հիմք, քանի որ սնանկության վտանգի վարույթի ավարտով, հատկապես Ընկերության ֆինանսական առողջացման բացակայության դեպքում, վերանում են նաև մորատորիումի կիրառման հիմքերը, և Ընկերության պարտավորությունների նկատմամբ տոկոսների ու տույժերի հաշվարկը վերսկսվում է այն պահից, երբ կիրառվել է մորատորիումը։
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ սնանկության գործի հավելվածի նյութերում բացակայում են ապացույցներ առ այն, որ սնանկության գործով կառավարչի կողմից իրականացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ դատավարության մասնակիցների տեղեկացվածության ապահովմանն ուղղված գործողությունները, որպիսի հանգամանքն անտեսվել է Դատարանի կողմից, ինչը հանգեցրել է համապատասխան դատավարական իրավունքի նորմի խախտման։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով կառավարչի կողմից ստացվել է պահանջի փոփոխությունը, համապատասխան պարտավորությունը դրվել է կառավարչի վրա, իսկ օրենքը չի նախատեսում որևէ մեխանիզմ, որով Դատարանը պետք է հսկեր, թե արդյոք փաստաթղթերը փոխանցվել են դատավարության մասնակիցներին, թե՝ ոչ։ Եթե անգամ սնանկության գործով կառավարչի կողմից փաստաթղթերը չեն փոխանցվել պարտատերերին, որպիսի փաստն ապացուցված չէ, ապա դա չի կարող որակվել որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտում։ Ավելին՝ նշված գործողությունը չկատարելը չէր կարող որևէ ազդեցություն ունենալ գործի ըստ էության լուծման, պահանջի չափի, հիմնավորվածության և օրինականության վրա։
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել Ընկերության ներկայացրած հիմնավորումների շրջանակից, քանի որ վերջինիս փաստարկն ուղղված է եղել նրան, որ Դատարանը միջնորդությունը չի տրամադրել կառավարչին, մինչդեռ արդեն ապացուցված է կառավարչի կողմից համապատասխան պահանջի փոփոխությունն ստացված լինելու հանգամանքը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2023 թվականի որոշումը՝ «օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ սնանկության դատարանի 23.03.2023 թվականի որոշումը»։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Բողոք բերած անձը չի հիմնավորել, թե ինչու պետք է տոկոսների և տույժերի հաշվարկը վերսկսվի այն պահից, երբ կիրառվել է մորատորիում, այլ ոչ թե այն պահից, երբ վերացել է տոկոսների ու տույժերի հաշվարկի կասեցման հիմքը:
Մորատորիումի գործողությունը տարածվում է սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը։ Ընդ որում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կասեցումը պայմանավորված չէ ֆինանսական առողջացման, այդ ծրագրի, դրա բարեհաջող կատարման կամ վաղաժամկետ դադարեցման հետ։
Թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով Սնանկության դատարանի 21.07.2022 թվականի վճռով վաղաժամկետ դադարեցվել է ֆինանսական առողջացման ծրագիրը, և ավարտվել է սնանկության վտանգի վարույթը, որպիսի դատական ակտը չի բողոքարկվել։ Այսինքն՝ ավարտվել է ֆինանսական առողջացման ծրագիրը, հետևաբար դրամական պարտավորությունների և վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի ու այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը կասեցնելու հիմքը վերացել է ոչ թե կասեցման պահից, այլ կասեցման հիմքի վերացման պահից՝ 21.07.2022 թվականից։
27.02.2023 թվականին ստացված՝ Ֆոնդի պահանջի փոփոխությունը ներկայացվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես՝ պահանջի փոփոխության օրինակները Դատարանը չի ուղարկել սնանկության գործով կառավարչին՝ մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար։ Դրա փոխարեն Ֆոնդը դրա օրինակն էլեկտրոնային եղանակով ուղարկել է կառավարչին, ով պահանջի փոփոխությունն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ պարունակող մամուլում չի հրապարակել։ Հետևաբար պահանջի փոփոխությունը ենթակա չէր քննարկման։
Ֆոնդի պահանջի փոփոխությունը սնանկության գործով կառավարչի կողմից ստացվելու փաստը չի նույնանում այն օրենքով սահմանված կարգով ներկայացված լինելու հետ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով Սնանկության դատարանի 11.06.2019 թվականի վճռով սնանկության վտանգի վերաբերյալ Ընկերության դիմումը բավարարվել է, և հաստատվել է Ընկերության սնանկության վտանգի վերաբերյալ գործով պարտապանի կողմից բերված ֆինանսական առողջացման ծրագիրը, որով պարտատերեր են հանդիսացել նաև «ՐիսփոնսԱբիլիթի Ֆեյր Ագրիքալչր Ֆանդ» կազմակերպությունն ու «ՐիսփոնսԱբիլիթի Մենեջմենթ Քոմփանի Էս. Էյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական կայք, (court.am)).
2) թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով Սնանկության դատարանը, 21.07.2022 թվականի վճռում նաև արձանագրելով, որ Ընկերության սնանկության վտանգի վարույթով առկա է ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումներ, բավարարել է սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանի միջնորդությունը՝ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու և պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու վերաբերյալ, այն է՝ վաղաժամկետ դադարեցվել է Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը, ու ավարտվել է պարտապանի սնանկության վտանգի վարույթը (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական կայք, (court.am)).
3) սույն սնանկության գործով Դատարանի 25.08.2022 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 11.11.2022 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը (հավելված 1-ին, գ.թ. 24-30, 56-94).
4) 12.12.2022 թվականին Դատարան ներկայացրած պահանջով և այն փոփոխելու մասին հետագայում ներկայացված միջնորդությամբ Ֆոնդը խնդրել է Ընկերության պարտատերերի պահանջների ցուցակում որպես ապահովված պահանջ ընդգրկել իր պահանջը՝ 4.400.992,96 ԱՄՆ դոլարի չափով (նախապես ներկայացված է եղել 4.400.694,94 ԱՄՆ դոլարի չափով պահանջ) (հավելված 1-ին, գ.թ. 96-102, հավելված 3-րդ, գ.թ. 60-64).
5) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) 13.12.2022 թվականին տեղադրել է հայտարարություն՝ Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո նաև Ֆոնդի կողմից 4.400.694,94 ԱՄՆ դոլարի չափով պահանջ ներկայացված լինելու մասին՝ միաժամանակ նշելով, որ կողմերը ներկայացված նոր պահանջի դեմ կարող են առարկություն ներկայացնել 7 օրվա ընթացքում (հավելված 3-րդ, գ.թ. 38).
6) Ֆոնդի պահանջի դեմ առարկություն են ներկայացրել Ընկերությունը և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանը՝ մասնավորապես նաև այն հիմքով, որ Ընկերության պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվեգրումը թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով սնանկության վտանգի վերաբերյալ Ընկերության դիմումը բավարարելու օրվանից՝ 11.06.2019 թվականից մինչև Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու և պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին վճիռ կայացնելու օրը՝ 21.07.2022 թվականը, բացառվում է (հավելված 2-րդ, գ.թ. 123, 124, հավելված 3-րդ, գ.թ. 5-9)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի ու 46-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության վտանգի վարույթի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումը սառեցնելու (մորատորիում) իրավակարգավորումներին՝ այդ վարույթի նպատակների հաշվառմամբ քննարկելով հետևյալ հարցադրումները՝
- ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելու դեպքում ո՞ր պահից է վերացած համարվում դրամական պարտավորությունները և վճարումները, ներառյալ` հարկերը, տուրքերն ու այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքները և այլ ֆինանսական պատժամիջոցները, ինչպես նաև տոկոսները հաշվարկելու, վճարելու կամ գանձելու կասեցման հիմքը (մորատորիումը),
- արդյո՞ք ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելու դեպքում սնանկության վտանգի վարույթի ընթացքում հաշվարկման ենթակա տոկոսները, տուժանքները, այլ ֆինանսական պատժամիջոցները կարող են հետագայում ներառվել նույն պարտապանի սնանկության վարույթով ներկայացված պահանջում, թե՝ ոչ։
Կիրառելի նյութական իրավունքը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում), եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետի համաձայն՝ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում), եթե պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:
Նույն հոդվածի 2.2-րդ մասի համաձայն՝ պարտապանն իրավունք ունի դիմելու դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերով նախատեսված՝ պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու հիմքերը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի համաձայն՝ դատարանը պարտապանի կողմից ներկայացված սնանկության վտանգի դիմումի քննությունն իրականացնում է նույն օրենքով նախատեսված՝ սնանկության վարույթի կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի [«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2.1-ին գլուխ] դրույթներով։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների և վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը կառավարչի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և վճիռ է կայացնում պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերն են`
ա) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումը. (…)։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ կառավարիչը պետք է դատարան ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության և ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների քննության արդյունքներով դատարանը կայացնում է`
ա) վճիռ` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են. (…)։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված կարգով սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը դատարանը մերժում է, ապա վճիռ է կայացվում սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի (…) 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, (…) նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Սնանկության վտանգի վարույթի նպատակը.
Անդրադառնալով սնանկության վտանգի վարույթով հետապնդվող նպատակների բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը «Սնանկության վտանգի վարույթը» վերտառությամբ 2.1-ին գլխով լրացվել է 17.06.2016 թվականի թիվ ՀՕ-105-Ն օրենքով։
Որպես իրավական ակտն ընդունելու անհրաժեշտության հիմնավորում վկայակոչվել է ճգնաժամային կառավարման (սնանկության վտանգի) մեխանիզմի բացակայության հանգամանքը, որպիսի պայմաններում օրենքը պարտապանին պարտավորեցրել է դիմել դատարան՝ կամավոր սնանկության, որին հետևել են սահմանափակումները, օրինակ՝ մորատորիումը, ինչը գործնականում ստեղծել է դժվարություններ պարտապանի հնարավոր առողջացման և շուկա վերադառնալու հրատապ քայլեր կատարելու համար: Ըստ օրենսդրի՝ կամավոր սնանկության դիմող պարտապանն օգնության ձեռք է փնտրում, որը նրան պետք է մատչելի լինի անմիջապես, այսինքն՝ ճգնաժամում հայտնված պարտապանին այնպիսի աջակցություն է հարկավոր, որը գործնականում հնարավորություն կընձեռի բանակցել ու ստանալ պարտավորությունների կատարման նոր մեխանիզմ կամ ժամանակացույց, կամ այլ այնպիսի գործիքների կիրառում, որոնք կարող են փրկօղակի դեր կատարել և չստիպել պարտապանին ընկղմվել սնանկության բարդ ընթացակարգի մեջ:
Օրենսդիրն արձանագրել է, որ ճգնաժամային կառավարման հարցում օգնությունն ավելի արդյունավետ կլինի այն դեպքում, երբ պարտապանն արդեն իսկ կանխատեսում է սնանկության հնարավորությունը, սակայն դեռևս առկա չեն սնանկության հատկանիշները: Այս փուլում հակաճգնաժամային կառավարման ինստիտուտի ներմուծումը կարող է դառնալ սնանկությունների կանխման համար կարևոր միջոց: Պարտապանի ճգնաժամային կառավարման համար համապատասխան իրավասություններ և գործիքներ պետք է տրվեն սնանկության կառավարիչներին, ովքեր, իրենց փորձն ու գիտելիքները համատեղելով այն լրացուցիչ իրավունքների ու գործիքների հետ, որ կունենան օրենքով, կկարողանան օգնել պարտապանին հաղթահարել դժվարություններն ու վերադառնալ բնականոն գործունեության:
Արդյունքում սնանկության վտանգի վարույթը ներդնելով՝ օրենսդրի նպատակը հանգել է պարտապանին իր վերահաս սնանկությունը կանխելու, կառավարչի աջակցությամբ դժվարությունները հաղթահարելու, ինչպես նաև բնականոն գործունեությանը վերադառնալու հնարավորություն ընձեռելուն, երբ կանխատեսելով սնանկության հատկանիշներն ի հայտ գալու հավանականությունը՝ տնտեսապես կենսունակ անձին տրվում է վաղ միջամտության համակարգերի գործադրմամբ ճգնաժամային իրավիճակում գործող մարտահրավերներին հակազդելու հնարավորություն։ Նշվածով պայմանավորված՝ սնանկության վտանգի վարույթի առանցքային փուլը ֆինանսական առողջացման վարույթն է, քանի որ սնանկության վտանգի դիմումը բավարարելով՝ դատարանը հաստատում է ֆինանսական առողջացման ծրագիրը, որն իրենից ներկայացնում է պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիր («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մաս)։
Վերլուծություն.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վտանգի վարույթով որպես առաջնային նպատակ թեև նախատեսված է պարտապանի առողջացումը և տնտեսական շրջանառություն վերադառնալը, այդուհանդերձ պետք է հաշվի առնել նաև շահագրգիռ բոլոր կողմերի, մասնավորապես՝ պարտատերերի շահերը համակողմանի ու հավասարակշռված պաշտպանելու անհրաժեշտությունը, քանի որ պարտապանի անվճարունակության դեպքում խախտվում են պարտատերերի շահերը։ Շարադրվածից բխում է, որ սնանկության վտանգի վարույթի անկյունաքարը նույնպես կոլեկտիվ շահերի պաշտպանությունն է, հետևաբար դրա շրջանակում անհրաժեշտ է կարգավորել պարտապանի և պարտատերերի շահերի բախումը` միաժամանակ պարտապանին հնարավորություն տալով իրականացնելու իր հետագա տնտեսական գործունեությունը, առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները` ապահովելով առավել դրական արդյունք, քան կլինի պարտապանին սնանկ ճանաչելու դեպքում, ու պահպանել կենսունակ սուբյեկտի հետագա գործունեությունը` դրանով նաև պահպանելով աշխատատեղերը և քաղաքացիական շրջանառության կայունությունը։
Անդրադառնալով պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռմանը՝ Վճռաբեկ դատարանը նշում է, որ սնանկության վտանգի վարույթով նույնպես նախատեսված է այնպիսի ինստիտուտ, ինչպիսին պարտատերերի պահանջների բավարարման սառեցումն է՝ մորատորիումը։
Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած՝ մորատորիումի ինստիտուտի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի, Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ, որոնք ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես՝ ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Այսպես, օրինակ՝ ֆինանսական առողջացման ծրագրով սահմանվում է պարտատերերի պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումներ կատարելու կարգը, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառք կամ պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցում և այլն: Այսինքն՝ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի ֆինանսապես առողջացնել սնանկ ճանաչված պարտապանին: Հետևաբար պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից՝ պարտապանի շահերի ապահովումն է՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը (տե՛ս «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ միաժամանակ նշել է, որ պարտապանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների նպատակը պարտատերերի իրավունքների՝ օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է։ Այսինքն՝ դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց՝ պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ (տե՛ս ըստ «ՍԱԴԵ» ԲԸ-ի դիմումի թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոշարադրյալ դիրքորոշումները վերաբերելի են նաև սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառվող սահմանափակումներին՝ դրանով հետապնդվող նպատակների հաշվառմամբ, հետևաբար՝ սնանկության վտանգի վարույթում նույնպես մորատորիումը ծառայում է որպես պարտապանի և պարտատերերի կոլեկտիվ շահերի պաշտպանության երաշխիք՝ նախատեսելով ինչպես պարտապանի վճարունակությունը վերականգնելուն, այնպես էլ պարտատերերի պահանջները բավարարելուն ուղղված գործիքակազմեր։ Նշվածից միաժամանակ բխում է, որ սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառվող սահմանափակումների բովանդակությունը մեկնաբանելիս պետք է ուղենիշային համարել շահագրգիռ բոլոր կողմերի շահերը հավասարակշռելու անհրաժեշտությունը՝ պարտապանին առողջացնելու, նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակին զուգահեռ միաժամանակ հիմք ընդունելով պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ առավելապես այն դեպքերում, երբ պարտապանը կդրսևորի անբարեխիղճ վարքագիծ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2.1-ին գլխով օրենսդիրը սահմանել է սնանկության վտանգի վարույթը կարգավորող հատուկ կանոններ՝ սնանկության վարույթի ընդհանուր կանոնները կիրառելի համարելով միայն այդ հատուկ կանոնների պահպանմամբ։
Սնանկության վարույթով մորատորիումի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, մինչդեռ սնանկության վտանգի վարույթով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածը նախատեսում է պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիումը) կարգավորող հատուկ իրավանորմեր, այդ թվում նաև՝ դրամական պարտավորությունների և վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի ու այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկման, վճարման կամ գանձման վերաբերյալ։
Համակարգային վերլուծության ենթարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և նույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն սնանկության վարույթի, որի դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվեգրումը՝ սնանկության վտանգի վարույթով նախատեսված է դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը կասեցնելու հատուկ կանոն։
Վճռաբեկ դատարանը նշում է, որ սնանկության վարույթի դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից նախատեսվում է բոլոր տեսակի ֆինանսական պատժամիջոցների հետագա հաշվեգրումը դադարեցնելու, այսինքն՝ գործընթացը վերջնականապես կանգնեցնելու իրավական հետևանք, մինչդեռ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում օգտագործվում է «կասեցվում է» եզրույթը, որը նշանակում է գործողությունը, կատարումը ժամանակավորապես ընդհատել, այսինքն՝ վերաբերում է ժամանակավոր միջամտության միջոցի, որը որոշակի փաստակազմի առկայության դեպքում ենթադրում է նաև գործընթացը վերսկսելու հնարավորություն։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սնանկության վտանգի վարույթի ընթացքում ֆինանսական բոլոր տեսակի պատժամիջոցների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը կասեցնելը նպատակ ունի պահպանելու պարտապանի գույքի (ակտիվների) ամբողջականությունը, ինչպես նաև կանխելու պարտքի չափի շարունակական ավելացումը և նոր պարտավորությունների գոյացումը, ինչը կարող է ստեղծել պարտապանի ֆինանսական դրությունը կայունացնելու ու նրա վճարունակությունը վերականգնելու խոչընդոտներ, մինչդեռ սնանկության վտանգի վարույթը պարտապանի սնանկությունը կանխելուն ուղղված վաղ միջամտության համակարգ է։ Այն միաժամանակ ուղղված է պարտատերերի օրինական շահերի պաշտպանությանը, քանի որ երաշխավորվում է բոլոր պահանջների արդարացի և հավասար բավարարման հնարավորություն։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերից բխում է, որ մորատորիումն սկսվում է սնանկության վտանգի դիմումը բավարարելու ու ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու օրվանից, շարունակվում է վարույթի ողջ ընթացքում և դադարում է ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը, որը համընկնում է սնանկության վտանգի վարույթի ավարտի հետ։
Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ ֆինանսական առողջացման վարույթի ավարտի հիմքերը դասակարգվում են երկու հիմնական խմբի՝ ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքեր և ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի հիմքեր։
Ընդ որում, ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելու դեպքում հնարավոր է երկու ելք` կախված պարտատերերի պահանջները բավարարված լինել կամ չլինելու հանգամանքից, ինչը որոշվում է ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության քննության արդյունքներով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունն էական նշանակություն ունի ֆինանսական առողջացման վարույթի ավարտի հարցը լուծելու տեսանկյունից: Այն պետք է պարունակի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման ընթացքի և պարտավորությունների բավարարման մասին տեղեկությունների այնպիսի ծավալ, որոնց գնահատման արդյունքում դատարանը հնարավորություն կունենա կայացնելու պարտապանին առողջացած համարելու ու սնանկության վարույթն ավարտելու կամ առանց պարտապանի ֆինանսական առողջացման արդյունքի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին որոշումներից որևէ մեկը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պարտապանի ֆինանսական առողջացման մասին ամփոփ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ է, որն արտացոլում է պարտապանի՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական դրությունը, պարտապանի ֆինանսական առողջացմանն ուղղված և իրականացված միջոցառումների նկարագիրը, պարտատերերի պահանջների բավարարված լինելու կամ չլինելու հանգամանքն ու այլ տեղեկություններ: Այլ կերպ ասած՝ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության ներկայացումը պարտապանի ֆինանսական առողջացման գործընթացի ավարտին ուղղված ընթացակարգ է, քանի որ այդ փաստաթղթի քննարկման արդյունքներով է որոշվում ՝ պարտապանը վերջնականապես առողջացել է, թե՝ ոչ։
Օրենսդրի կողմից ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման արդյունքում դատարանի կողմից կայացվող դատական ակտերի տեսակների սպառիչ սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է սնանկության վարույթում ապահովելու բոլոր պարտատերերի շահերի պաշտպանությունը և դրանց միջև հավասարակշռությունը (տե՛ս ըստ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0043/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը)։
Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վտանգի վարույթը կարող է ավարտվել երկու հիմքով՝ (ա) պարտապանի ֆինանսական առողջացմամբ, (բ) առանց պարտապանի ֆինանսական առողջացման՝ ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելով կամ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը մերժելով։
(ա) Սնանկության վտանգի վարույթում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած, եթե ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման արդյունքում դատարանը, պարզելով, որ ֆինանսական առողջացմանն ուղղված և իրականացված միջոցառումների արդյունքում պարտապանն ամբողջությամբ կատարել է ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում ներառված պարտատերերի պահանջները բավարարվել են, հաստատում է այն ու ավարտում սնանկության վտանգի վարույթը, որից հետո պարտապանը վերադառնում է իր բնականոն գործունեությանը։ Պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելու դեպքում վերանում են դրա ընթացքում կիրառված բոլոր սահմանափակումները, ներառյալ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կասեցումը։
Պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելիս պարտապանը վերադառնում է բնականոն տնտեսաշրջանառություն և որպես լիարժեք սուբյեկտ՝ այլ մասնակիցների հետ հավասար պայմաններում շարունակում է իր հետագա գործունեությունը։ Այս դեպքում պարտապանի վճարային պարտավորությունների (եթե այդպիսիք առկա են) նկատմամբ սնանկության վտանգի վարույթն ավարտելու օրվանից վերսկսում է տոկոսների, տույժերի և ֆինանսական այլ պատժամիջոցների հաշվարկումը, այսինքն՝ քաղաքացիական պատասխանատվության միջոցների կիրառումը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս դեպքում սնանկության վտանգի վարույթը ծառայում է իր նպատակին, քանի որ պարտապանի վճարունակության վերականգնման նպատակով դրա ընթացքում կիրառված սահմանափակումները կանխում են սնանկության հատկանիշների առաջացումը՝ տնտեսական շրջանառություն վերադարձնելով ֆինանսապես առողջացած սուբյեկտի։ Այս պայմաններում սնանկության վտանգի վարույթի նպատակներից չի բխում ֆինանսական դրությունը նոր կայունացրած սուբյեկտի վրա վերստին վճարային մեծ պարտավորություններ դնելը՝ սնանկության վտանգի վարույթի ընթացքում տոկոսներ, տույժեր կամ ֆինանսական այլ պատժամիջոցներ հաշվարկելու և գանձելու հետևանքով խոչընդոտելով առողջացման արդյունքներին, առավել ևս, երբ պարտապանը բարեխղճորեն կատարել է ծրագրով սահմանված պարտավորությունների մարումներն ու պետք է կարողանա ապահովել իր ֆինանսական կայունությունը։
Հետևաբար պարտապանի ֆինանսապես առողջանալու դեպքում պարտատերը կարող է պահանջել միայն սնանկության վտանգի վարույթը ֆինանսապես առողջացմամբ ավարտվելու օրվանից հետո հաշվեգրված տոկոսները, տույժերը և ֆինանսական այլ պատժամիջոցները։
(բ.1) Իրավիճակն այլ է, երբ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման արդյունքում դատարանը մերժում է այն։ Այսպես.
Դատարանը մերժում է ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը և կայացնում է սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին վճիռ, եթե պարտատերերի պահանջները չեն բավարարվել ու սնանկության վտանգի վարույթի շրջանակներում սպառված է նրա ֆինանսական առողջացման հնարավորությունը։ Նշվածից հետևում է, որ սնանկության վտանգի վարույթն ավարտվում է առանց պարտապանի ֆինանսական առողջացման։
Այն, որ ֆինանսական առողջացման ծրագիրը չի հաջողել, և պարտատերերը դրա շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում չեն ստացել իրենց պահանջների բավարարում, չպետք է բացասական հետևանքներ ունենա պարտատերերի համար։
Սնանկության վտանգի վարույթի նպատակները հանգում են նաև պարտատերերի իրավունքների և օրինական շահերի հավասարակշռմանը։ Ֆինանսական առողջացման ծրագրի ձախողման հետևանքով ոչ միայն չեն արդարացվում պահանջների բավարարում ստանալու պարտատերերի ակնկալիքները, այլև չի հաջողվում ֆինանսապես առողջացնել պարտապանին, իսկ սնանկության վտանգի վարույթն ուղղված է ֆինանսական բարդ իրավիճակում հայտնված պարտապանին աջակցելուն։ Հետևաբար սնանկության վտանգի վարույթի շրջանակներում պահանջի բավարարում չստանալով հանդերձ՝ պարտատերերը չեն կարող զրկվել նաև այդ ժամանակահատվածի համար տոկոսներ, տուժանքներ և այլ ֆինանսական պատժամիջոցներ հաշվարկելու իրավունքից։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկության վտանգի վարույթն առանց պարտապանի ֆինանսական առողջացման՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.9-րդ հոդվածով սահմանած հիմքով ավարտելու դեպքում պարտապանի կողմից դրամական պարտավորությունները և վճարումները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկվում, վճարվում ու գանձվում են տոկոսներ, տուժանքներ և այլ ֆինանսական պատժամիջոցներ նաև սնանկության վտանգի վարույթի ընթացքում, այսինքն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածով կիրառված սահմանափակումները, ներառյալ՝ կասեցումը, վերանում են դրանց առաջացման հիմք հանդիսացող հանգամանքի ծագման պահից։
(բ.2) Սնանկության վտանգի վարույթն առանց պարտապանի ֆինանսական առողջացման կարող է ավարտվել նաև ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքով։ Այսպես.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերը։ Սնանկության վտանգի վարույթով հատուկ կարգավորումներ նախատեսված չլինելու պայմաններում դրանք կիրառելի են նաև նշված վարույթում։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ (…) Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերից է ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման պահանջով դատարան կարող են դիմել կառավարիչը, պարտապանը, առավել խոշոր պահանջներ ունեցող 5 չապահովված պարտատերերից յուրաքանչյուրը, ինչպես նաև նույն օրենքի 61-րդ հոդվածի չորրորդ մասում նշված ապահովված պարտատերը (պարտատերերը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածը սահմանում է ֆինանսական առողջացման ծրագրին ներկայացվող պարտադիր պայմանները, որի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի նաև պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը և նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը։
Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ ֆինանսական առողջացման ծրագիրը, ի թիվս այլնի, բովանդակում է պարտատերերի պահանջները ժամանակագրական որոշակի պարբերականությամբ համամասնորեն վճարելու կարգի և կատարման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն, որն օգնում է պարտապանին կազմակերպել ու կանխատեսել իր ֆինանսական հոսքերը՝ ապահովելով, որ վճարումները կատարվեն ճիշտ ժամանակին, իսկ պարտատերերի համար որոշակիացնում է իրենց պահանջների բավարարման ընթացքը և ծառայում որպես գործընթացի թափանցիկության երաշխիք, քանի որ ֆինանսական առողջացման վարույթի նկատմամբ իրականացվում է նաև դատական վերահսկողություն։
Պարտատերերի իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև ֆինանսական առողջացման վարույթի արդյունավետությունն ապահովելու նպատակով ֆինանսական առողջացման ծրագիրը կարող է դադարեցվել նախքան օրենքով սահմանված ժամկետի լրանալը, եթե պարտապանը թույլ է տվել ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված պարտավորությունների մարման ժամանակացույցի պարբերական ու տևական խախտումներ, որպիսիք ստեղծում են ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված հետագա մարումները պարտապանի կողմից պատշաճ կատարելու հնարավորության մասին կասկածներ՝ բացառելով ֆինանսական առողջացման ծրագրով ակնկալվող արդյունքը։
Սույն հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելու առանձնահատկությունն այն է, որ ֆինանսական առողջացման ծրագիրը ժամանակագրական առումով չի հասնում իր ավարտին, քանի որ պարտապանի կողմից ծրագրով սահմանված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտում թույլ տրված լինելու փաստի հաստատման դեպքում՝ անկախ պարտապանի ֆինանսական դրությունից և վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներից, դատարանը դադարեցնում է ծրագիրը՝ ավարտելով նաև սնանկության վտանգի վարույթը։ Շարադրվածից հետևում է, որ ֆինանսական առողջացման վարույթի շրջանակներում օրենսդիրը կարևորել է նաև ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված պարտավորությունների մարումները կատարելու հարցում պարտապանի դրսևորած վարքագիծը՝ դրանց էական խախտում թույլ տալու դեպքում օրենքով սահմանված անձանց վերապահելով ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման պահանջով դատարան դիմելու իրավունք։
Սնանկության վտանգի վարույթը ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքով ավարտելու դեպքում չկատարված վճարային պարտավորությունների նկատմամբ այդ ընթացքի համար տոկոսներ, տույժեր և ֆինանսական այլ պատժամիջոցներ հաշվարկելն ու գանձելն ուղղված է պարտատերերի և պարտապանի կոլեկտիվ շահերի հավասարակշռմանը, քանի որ մի կողմից պարտատերերին ընձեռվում է իրենց պահանջների ամբողջ ծավալով բավարարում ստանալու հնարավորություն, մյուս կողմից՝ նպաստում է պարտապանի պատասխանատվության բարձրացմանը, քանի որ պարտապաններին խրախուսվում է լրացուցիչ ֆինանսական բեռից խուսափելու նպատակով հետևողականորեն կատարել ծրագրով նախատեսված մարումները՝ միաժամանակ հանգեցնելով պատասխանատու ու կայուն ֆինանսական վարքագծի ձևավորմանը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության վտանգի վարույթի ավարտի հիմքերը և դրանց հետևանքները տարանջատելն ինքնանպատակ չէ, քանի որ յուրաքանչյուր դեպքում ելակետային է ինչպես վարույթի արդյունքը, այնպես էլ՝ պարտապանի վարքագիծը՝ նկատի ունենալով, որ սնանկության վտանգի վարույթն առաջին հերթին հետապնդում է ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված պարտապանին աջակցելու նպատակ, ուստի վերջինս պետք է շահագրգռված լինի դրա շրջանակներում գործել շրջահայացորեն, բարեխղճորեն ու ողջամտորեն՝ փորձելով վաղ միջամտության համակարգերի արդյունավետ օգտագործմամբ կայունացնել իր ֆինանսական դրությունը և վերադառնալ բնականոն տնտեսական շրջանառություն։ Բացի այդ, պարտատերերը չպետք է կրեն սնանկության վտանգի վարույթն առանց պարտապանի առողջացման ավարտելու բացասական հետևանքները՝ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում իրենց պահանջների լիարժեք բավարարում չստանալու պայմաններում զրկվելով նաև սնանկության վտանգի վարույթի ընթացքում հաշվեգրվող տոկոսները, տույժերը և ֆինանսական այլ պատժամիջոցները պահանջելու հնարավորությունից՝ առավել ևս այն դեպքում, երբ պարտապանը դրսևորում է անբարեխիղճ վարքագիծ։
Հակառակ մեկնաբանությունը ոչ միայն խախտում է կոլեկտիվ շահերը պաշտպանելու և հավասարակշռելու սկզբունքը՝ հանգեցնելով պարտատերերի օրինական շահերի անհամաչափ սահմանափակման, այլև կարող է խաթարել սնանկության վտանգի վարույթի նպատակները։ Սնանկության վտանգի վարույթն անբարեխիղճ պարտապանների կողմից կարող է օգտագործվել ոչ թե իրենց ֆինանսական դրությունը կայունացնելու և ֆինանսապես առողջանալու, այլ որպես իրավունքի չարաշահման միջոց՝ ֆինանսական տարբեր պատժամիջոցների հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնելու ու լրացուցիչ պարտավորություններից խուսափելու նպատակով։
Եզրահանգում.
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտապանի կողմից ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտում թույլ տրված լինելու հիմքով ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու, այսինքն՝ սնանկության վտանգի վարույթն առանց պարտապանի ֆինանսական առողջացման ավարտելու դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ տոկոսներ, տուժանքներ, ֆինանսական այլ պատժամիջոցներ հաշվարկելու, վճարելու և գանձելու սահմանափակումը համարվում է վերացած դրա կիրառման պահից, հետևաբար այս դեպքում պարտատերն իր պահանջում կարող է ներառել նաև սնանկության վտանգի վարույթի ընթացքում հարկերի, տուրքերի ու այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքները, տոկոսները և այլ ֆինանսական պատժամիջոցները։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերից բխում է, որ թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով Սնանկության դատարանի 11.06.2019 թվականի վճռով սնանկության վտանգի վերաբերյալ Ընկերության դիմումը բավարարվել է, և հաստատվել է վերջինիս ֆինանսական առողջացման ծրագիրը։
Թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով Սնանկության դատարանը, 21.07.2022 թվականի վճռում նաև արձանագրելով, որ Ընկերության սնանկության վտանգի վարույթով առկա է ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումներ, բավարարել է սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանի միջնորդությունը՝ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու և պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու վերաբերյալ, այն է՝ վաղաժամկետ դադարեցվել է Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը, ու ավարտվել է պարտապանի սնանկության վտանգի վարույթը։
Սույն գործով Դատարանի 25.08.2022 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 11.11.2022 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը։
12.12.2022 թվականին Դատարան ներկայացրած պահանջով և այն փոփոխելու մասին հետագայում ներկայացված միջնորդությամբ Ֆոնդը խնդրել է Ընկերության պարտատերերի պահանջների ցուցակում որպես ապահովված պահանջ ընդգրկել իր պահանջը՝ 4.400.992,96 ԱՄՆ դոլարի չափով (նախապես ներկայացված է եղել 4.400.694,94 ԱՄՆ դոլարի չափով պահանջ, տե՛ս փաստ 4)։
Ֆոնդի պահանջի դեմ առարկություն են ներկայացրել Ընկերությունը և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանը՝ մասնավորապես նաև այն հիմքով, որ Ընկերության պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվեգրումը թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով սնանկության վտանգի վերաբերյալ Ընկերության դիմումը բավարարելու օրվանից՝ 11.06.2019 թվականից մինչև Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու և պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին վճիռ կայացնելու օրը՝ 21.07.2022 թվականը, բացառվում է։
Դատարանը, 23.03.2023 թվականի որոշմամբ քննարկելով Ֆոնդի ներկայացրած պահանջի հիմնավորվածությունը, ինչպես նաև դրա դեմ Ընկերության և սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանի ներկայացրած առարկությունները, հանգել է հետևյալ եզրակացության՝ «(…)ՀՀ սնանկության դատարանի 2022թ. հուլիսի 21-ի վճռով «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելով և պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտվելով ավարտվել է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մորատորիումը, այսինքն՝ վերացել է դրամական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը կասեցնելու հիմքը, ուստի սույն դեպքում կիրառելի է միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դրույթները, այսինքն՝ սույն սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու վճռի ուժի մեջ մտնելու պահից ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրման դադարումը, ինչը և կատարվել է Պահանջատիրոջ կողմից, ով սկսած 2022թ. օգոստոսի 25-ից դրանք չի հաշվեգրել: Դատարանի վերը նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության վտանգի գործով «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի գործն ավարտվել է ոչ թե պարտապանի ֆինանսական առողջացմամբ, այլ պարտապանի կողմից ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումների հետևանքով ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու արդյունքում»։
Վերաքննիչ դատարանը, 10.10.2023 թվականի որոշմամբ անդրադառնալով Դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին Ընկերության բողոքում նշված փաստարկին, նախ փաստել է, որ «(…) օրենսդիրը մորատորիումի տևողության մասին կանոնը սահմանելիս նշված հիմքով դրամական պարտավորությունների շարունակական հաշվեգրման կասեցումը չի պայմանավորել ապագայում կայացվելիք դատական ակտի կոնկրետ իրավական հետևանքով, և ըստ էության նշված կասեցման իրավական հետևանքների տեսանկյունից էական չէ, թե պարտապանը ապագայում ֆինանսապես առողջանալու է, թե սնանկության հետևանքով դադարեցնելու է իր տնտեսական գործունեությունը», ապա արձանագրել, որ «(…) թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի բովանդակում կարգավորումներ առ այն, թե մեկ վարույթի շրջանակներում օրենքի ուժով ծագած մորատորիումը ինչպիսի անդրադարձ է ունենալու նույն անձի պարտավորությունների նկատմամբ՝ այլ վարույթների շրջանակներում, սակայն դատավարական և նյութաիրավական նորմերի, այդ թվում՝ քաղաքացիաիրավական նորմերի իմաստով «կասեցում» եզրույթի կիրառման համակարգային մեկնաբանումից բխում է, որ մորատորիումի հիմքով պարտավորությունների հաշվեգրման կասեցման հիմքի վերանալուց հետո հաշվեգրումը կարող է շարունակվել միայն կասեցման հիմքը վերանալու պահից և նման պայմաններում մորատորիումի ժամանակահատվածում չհաշվեգրված դրամական պարտավորությունները դուրս են մնում ընդհանուր պարտավորության ծավալից՝ անկախ կոնկրետ սնանկության և (կամ) սնանկության վտանգի վարույթի ելքից, քանի որ կասեցման հիմքի վերանալով է միայն շարունակվում պարտավորությունների հաշվեգրումը»:
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ «(…) սնանկության վտանգի վարույթի շրջանակներում իր պարտավորությունների նկատմամբ կիրառված մորատորիումի ժամանակահատվածի տոկոսները, տույժերը և այլ դրամական պարտավորությունները ենթակա չէին ներառման պահանջի չափի մեջ, ուստի Դատարանը նշված մասով թույլ է տվել հարցի լուծման վրա ազդեցություն ունեցած խախտում»։
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով Սնանկության դատարանի 21.07.2022 թվականի վճռով Ընկերության սնանկության վտանգի վարույթը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.8-րդ հոդվածի համաձայն, ավարտվել է Ընկերության կողմից ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտում թույլ տրված լինելու («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ) հիմքով, ինչի հետևանքով վաղաժամկետ դադարեցվել է Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը։ Այսինքն՝ Ընկերության սնանկության վտանգի վարույթն ավարտվել է առանց պարտապանի ֆինանսական առողջացման, ինչը վերը նշված պատճառաբանությունների հիմքով հանգեցրել է ոչ թե վճարային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքներ, այլ ֆինանսական պատժամիջոցներ և տոկոսներ հաշվարկելու, վճարելու ու գանձելու գործընթացը վերսկսելու, այլ՝ կիրառված սահմանափակումները վերացնելու իրավական հետևանքի։ Այսինքն՝ Ընկերության կողմից վճարային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքներ, այլ ֆինանսական պատժամիջոցներ և տոկոսներ հաշվարկելու գործընթացը 21.07.2022 թվականին կայացված վճռի ուժով նույն օրվանից ոչ թե վերսկսել է, այլ՝ վերացել։ Հետևաբար վերացել է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումը։ Ընդ որում, նշված սահմանափակումը վերացել է կասեցման հիմք հանդիսացող հանգամանքի ծագման պահից՝ 11.06.2019 թվականից, երբ օրինական ուժի մեջ է մտել Ընկերության սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին Սնանկության դատարանի վճիռը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ է Ընկերության կողմից վճարային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Ֆոնդի պահանջում նաև 11.06.2019 թվականից մինչև 21.07.2022 թվականը, այսինքն՝ թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով Ընկերության սնանկության վտանգի վարույթի ընթացքում տուժանքներ, այլ ֆինանսական պատժամիջոցներ և տոկոսներ հաշվարկելն ու ներառելը, որպիսի եզրակացության հանգել է Դատարանը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն ճիշտ վեր հանելով սնանկության վտանգի ինստիտուտի վերաբերյալ միջազգային փաստաթղթերում և «Սնանկության մասին» ՀՀ օրենքում ամրագրված առաջնային նպատակները, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածը՝ արձանագրելով, որ մորատորիումի ժամանակահատվածում չհաշվեգրված դրամական պարտավորությունները՝ անկախ սնանկության վտանգի վարույթի ելքից, դուրս են մնում ընդհանուր պարտավորության ծավալից։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու կապակցությամբ վճռաբեկ բողոքի հիմքը և հիմնավորումները։
Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում թույլ տրված լինելու մասին բողոքում նշված հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն նույնպես հիմնավորված է՝ հետևյալ պատճառաբանությամբ։
Վերաքննիչ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի՝ որպես հարցի ըստ էության լուծման վրա ազդեցություն ունեցող դատավարական իրավունքի նորմի խախտման առկայությունը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ «(…) սնանկության գործի հավելվածի նյութերում բացակայում են ապացույցներ առ այն, որ Կառավարչի կողմից իրականացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ դատավարության մասնակիցների տեղեկացվածության ապահովմանն ուղղված գործողությունները, որպիսի հանգամանքը անտեսվել է Դատարանի կողմից, ինչը հանգեցրել է համապատասխան դատավարական իրավունքի նորմի խախտման: (…) բողոքի սույն հիմքը որպես հարցի ըստ էությալ լուծման վրա ազդեցություն ունեցող խախտում դիտարկելիս Վերաքննիչ դատարանը առաջնորդվում է ոչ թե այն հանգամանքով, որ խախտվել են այլ պարտատերերի իրավունքները (քանի որ նշված հանգամանքի վկայակոչումը գտնվում է վերջիններիս, այլ ոչ թե Պարտապանի տնօրինչականության տիրույթում), այլ այն հանգամանքը, որ նման խախտման առկայությամբ պայմանավորված պահանջի փոփոխությունն ըստ էության ենթակա չէր քննարկման, ուստի այդ առումով առկա է խախտման Պարտապանի սուբյեկտիվ իրավունքներին վերաբերելիությունը և նշված մասով Բողոքաբերի փաստարկները հիմնավոր են»։
Միաժամանակ «անդրադառնալով այն փաստարկներին, որ պահանջի դեմ ներկայացված առարկությունների քննարկման նիստերին սույն գործով հաստատված պահանջներով պարտատերերը մասնակից չեն դարձվել, վիճարկվող որոշումը պարտատերերին չի ուղարկվել, ինչի արդյունքում պարտատերերը զրկվել են նաև Դատարանի 23.03.2023 թվականի որոշումը բողոքարկելու հնարավորությունից»՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Պարտապանը իր պարտատերերի իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու, այդ թվում՝ դատական ակտը բողոքարկելու, լիազորությամբ օժտված չէ, և նման հիմքերով դատական ակտի վերացումն ըստ էության ենթադրելու է սնանկության գործով պարտատերերի՝ իրենց հայեցողությամբ սեփական իրավունքները տնօրինելու իրավունքին չարդարացված միջամտություն (տնօրինչականության սկզբունքի խախտում): Հետևաբար, (…) այլ անձանց իրավունքների խախտման վերաբերյալ փաստարկները ենթակա չեն քննարկման սույն վերաքննիչ վարույթի շրջանակներում»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հանգել է պարտատերերի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հարցում Ընկերության մոտ համապատասխան իրավունքի բացակայության վերաբերյալ իրավաչափ հետևության, մինչդեռ ըստ էության քննարկել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի ենթադրյալ խախտում թույլ տրված լինելու մասին Ընկերության բողոքում նշված հիմքը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պարտատերերից որևէ մեկը ո՛չ Դատարանում հարցի քննության ընթացքում և ո՛չ հետագայում վերաքննության փուլում չի ներկայացրել Ֆոնդի պահանջի փոփոխությունն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված չլինելու հիմքով իր իրավունքի խախտում թույլ տրված լինելու մասին առարկություն կամ բողոք, իսկ Ընկերության մոտ բացակայել է պարտատերերի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքը։ Ավելին՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) 13.12.2022 թվականին տեղադրել է հայտարարություն՝ Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո Ֆոնդի կողմից 4.400.694,94 ԱՄՆ դոլարի չափով պահանջ ներկայացված լինելու մասին, որի դեմ առարկություն են ներկայացրել միայն Ընկերությունը և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանը, այսինքն՝ ունեցել են իրենց իրավունքները լիարժեք իրականացնելու հնարավորություն ու օգտվել են իրենց ընձեռված պաշտպանության միջոցներից։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն այս կապակցությամբ վճռաբեկ բողոքում նշված հիմնավորումները նույնպես համարում է հիմնավորված։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 10.10.2023 թվականի որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները հանգեցրել են հարցի սխալ լուծման՝ խաթարելով արդարադատության բուն էությունը։
Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 10.10.2023 թվականի դատական ակտը վերացնելու արդյունքում Սնանկության դատարանի 23.03.2023 թվականի՝ «Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիության և պահանջի հիմնավորվածության հարցի քննարկման արդյունքների մասին» որոշումը վերացված՝ Ֆոնդի 4.400.992,96 ԱՄՆ դոլարի չափով պահանջն օրինական ճանաչելու ու պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես գրավով ապահովված պահանջ գրանցելու մասով, մտնում է օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան նոր դատական ակտ կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում այլ դատական ծախսեր չեն առաջացել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2023 թվականի որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. հակոբյան |
Զեկուցող |
Ա. Մկրտչյան |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
Ս. Մեղրյան Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|