Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.04.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3115/02/16

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3115/02/16

Նախագահող դատավոր`

 Ս Գրիգորյան

Դատավորներ`

 Ա Կուրեխյան

 Գ Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի ապրիլի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մահեր Մասրիի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ Մահեր Մասրիի, երրորդ անձ Արման Սմբատյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է Մահեր Մասրիից բռնագանձել 55.741 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների գումար՝ սկսած 20.10.2013 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2017 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2018 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2019 թվականի որոշմամբ Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2020 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժվել է։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Մահեր Մասրիից հօգուտ անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի բռնագանձվել է 17.000.000 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, ինչպես նաև 17.000.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ բռնագանձվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` սկսած 10.09.2016 թվականից մինչև պարտավորության դադարման օրը՝ գումարները փոխանցելով անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով հատուկ հաշվին: Հայցը՝ 02.09.2016 թվականից 09.09.2016 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկելու և բռնագանձելու մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը՝ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին դեպոնացված հայցագնի, իսկ անբավարարության դեպքում նաև պատասխանողի այլ գույքի վրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2022 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 06.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մահեր Մասրին (ներկայացուցիչ Արտակ Ոսկանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածը, 335-րդ հոդվածի 2-րդ մասը, 521-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 414-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով

Պատասխանողը, առարկելով հայցվորի վկայակոչած բոլոր փաստերի, այդ թվում՝ ապրանք մատակարարելու և գումար ստանալու փաստերի դեմ, նշել է, որ ըստ հայցվորի վկայակոչած փաստերի և նրա կողմից ներկայացրած ապացույցների՝ Արման Սմբատյանը 2008 թվականի նոյեմբերին 17.000.000 ՀՀ դրամի դիմաց մատակարարված ապրանքների թերությունները հայտնաբերել և մատակարարված ապրանքները Մահեր Մասրիին վերադարձրել է երկու ամիս հետո (ինչպես նշված է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Սահակյանի՝ 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրությունում և թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերում), այսինքն՝ 2009 թվականի հունվարին: Հետևաբար, հայցվորի վկայակոչած փաստերից և նրա կողմից ներկայացրած ապացույցներից հետևում է, որ Արման Սմբատյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2009 թվականի հունվարին, որն էլ հանդիսանում է հայցային վաղեմության ժամկետի սկիզբը։ Այսինքն՝ հայցվորի կողմից դատարան ներկայացված ապացույցների և հայցվորի վկայակոչած փաստերի համաձայն՝ Արման Սմբատյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2009 թվականի հունվարին, ոչ թե 2013 թվականի հոկտեմբերին, ինչպես նշել է Դատարանը: Բացի այդ, հայցվորը թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով 28.10.2014 թվականին հայց է հարուցել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ փոխառության գումարի բռնագանձման պահանջով, որը մերժվել է, իսկ նույն՝ թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24.11.2016 թվականի որոշմամբ արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցի առարկան (պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը) փոխառության տրված գումարը վերադարձնելու պահանջն է: Մինչդեռ սույն գործով հայցվորը Դատարան դիմել է մատակարարման պայմանագրով սահմանված գումարի բռնագանձման հայցապահանջով:

Ակնհայտ է, որ թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով փոխառության գումարի բռնագանձման հայցապահանջով ներկայացված հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել սահմանված կարգով հայցի հարուցում մատակարարման պայմանագրով սահմանված գումարի բռնագանձման հայցապահանջով:

Տվյալ դեպքում Դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում՝ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, քանի որ պատշաճ չի գնահատել հայցային վաղեմության ժամկետի սկզբի մասին վկայող՝ հայցվորի կողմից վկայակոչված և ներկայացված ապացույցները, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սահակյանի 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրությունը, թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտը, ինչպես նաև թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ` չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա էր կիրառման, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման։

Վերաքննիչ դատարանն, արձանագրելով, որ սույն դեպքում չի ապացուցվում, որ ԱՁ Արման Սմբատյանը 2008 թվականի նոյեմբեր ամսից երկու ամիս հետո է ապրանքների թերությունների հետ կապված Մահեր Մասրիին պահանջներ ներկայացրել, միաժամանակ հայցային վաղեմության սկիզբ է համարել 2013 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի միջև սկսվել են ապրանքները չընդունելու և տրամադրված գումարը վերադարձնելու մասին խոսակցությունները:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության սկիզբ է համարել ոչ թե իրավունքի խախտման մասին իմանալու պահը, այլ խախտված իրավունքների մասին խոսակցություններ սկսելու պահը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, ինչպես նաև ԱՁ Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանից հօգուտ Մահեր Մասրիի բռնագանձել դատական ծախսերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 11.06.2013 թվականի վճռով ԱՁ Արման Սմբատյանին ճանաչվել է սնանկ, իսկ նույն դատարանի 21.06.2013 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ջիվանշիր Աֆյանը (հատոր 1, գ.թ. 11-12, 13-14)

2) Համաձայն 06.11.2008 թվականին տրված ստացականի պատճենի՝ «Ես՝ Մահեր Մասրին, հանդիսանալով Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության տնօրեն Վալիդ Մասրիի որդին և Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության լիազորված անձ, ստացա Արման Սմբատյանից 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: (...)» (հատոր 1, գ.թ. 8)

3) Համաձայն 11.11.2008 թվականին տրված ստացականի պատճենի՝ «Ես՝ Մահեր Մասրին, հանդիսանալով Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության տնօրեն Վալիդ Մասրիի որդին և Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության լիազորված անձ, ստացա Արման Սմբատյանից 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: (...)» (հատոր 1, գ.թ. 9)

4) Համաձայն 13.11.2008 թվականին տրված ստացականի պատճենի՝ «Ես՝ Մահեր Մասրին, հանդիսանալով Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության տնօրեն Վալիդ Մասրիի որդին և Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության լիազորված անձ, ստացա Արման Սմբատյանից 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: (...)» (հատոր 1, գ.թ. 10)

5) ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա Մարուքյանի՝ «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 22.12.2016 թվականի որոշման պատճենի համաձայն` «(...) Մահեր Վալիդի Մասրին 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Արման Սմբատյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել թվով 3 կեղծ ստացականներ, համաձայն որոնց ինքը Ա. Սմբատյանից 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին ստացել է ընդհանուր 17.000.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 55.741 ԱՄՆ դոլար գումար:

(...) Մահեր Վալիդի Մասրին վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2006 թվականին հիմնել է «Մ.Ա.Ս. Տեքս» ՍՊԸ-ն, գրանցվել Շիրազի փողոցի 40 շենքի 20 հասցեում: Այդ ընթացքում ծանոթացել է Արման Սմբատյանի հետ, վերջինս ևս ցանկություն է հայտնել ծավալել գործունեություն՝ օգտագործված հագուստների վաճառքի բնագավառում, բացել է խանութ (...): Որոշ ժամանակ Արման Սմբատյանի հետ աշխատել են միասին: Արման Սմբատյանը իրենից գնել է ներկրված ապրանքներ (...):

Արման Սմբատյանը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականին ծանոթացել, ապա մտերմացել է Մահեր Մասրիի և նրա գործընկեր Արա Հաբիբի հետ՝ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան 3/1 հասցեում գտնվող Մ. Մասրիի օգտագործված հագուստների վաճառքի խանութում: Դրանից հետո Մահեր Մասրիի առաջարկով և իր ցանկությամբ ինքն էլ է սկսել զբաղվել օգտագործված հագուստների վաճառքով, վարձակալել է խանութ, ապրանքները գնել է Մահեր Մասրիից: 2008 թվականին Մահեր Մասրին իրենից պարտքով գումար է խնդրել` մոտ 60.000.00 ԱՄՆ դոլար, ինքը գրավադրել է ընկերոջ տունը, ստացել վարկ` 17.000.000 ՀՀ դրամի չափով, վարկը ստացել է մաս-մաս` 2008 թվականի նոյեմբերի 6-ին, 2008 թվականի նոյեմբերի 11-ին և 2008 թվականի նոյեմբերի 13-ին` համապատասխանաբար` 5.000.000, 5.000.000, 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: Գումարը ստանալուց հետո վերածել է ԱՄՆ դոլարի և ստանալու օրերին` 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին անձամբ փոխանցել է Մահեր Մասրիին, ինչի վերաբերյալ կազմել են ստացականներ, վերջին փոխանցման օրը` 13.11.2008 թվականին Մահեր Մասրին ՀՀ-ից բացակայել է, ինքն այդ օրը գումարը փոխանցել է Արա Հաբիբի կամ Մուհամմադ Տուրիֆին, իսկ երբ 2008 թվականի նոյեմբերի 16-ին Մահեր Մասրին վերադարձել է նա ստորագրել է նաև 3-րդ ստացականը տրման օրով՝ նոյեմբերի 13-ով: Որպես թարգմանիչ հանդես է եկել Արա Հաբիբը, ով ևս ստորագրել է ստացականներում: Հետագայում Մահեր Մասրին հայտնել է, որ ցանկանում է պարտքը վերադարձնել կամ նույն չափով տալ ապրանքներ: Ապրանքները տեսնելուց հետո ինքը հասկացել է, որ դրանք լավը չեն, չի ընդունել և պահանջել է վերադարձնել գումարը: Նշված 56.000 ԱՄՆ դոլար գումարի շուրջ խոսակցությունները սկսվել են 2013 թվականի հոկտեմբերին: (...):

Նախաքննության ընթացքում Արման Սմբատյանը քննությանն է ներկայացրել «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության Կենտրոն մասնաճյուղից ստացված իր բանկային հաշվի քաղվածքը, որտեղ արձանագրված է, որ 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին Ա.Սմբատյանին տրամադրվել է վարկ՝ համապատասխանաբար 5.000.000 ՀՀ դրամ, 5.000.000 ՀՀ դրամ և 7.000.000 ՀՀ դրամ գումարների չափով:

(...) Մուհամմադ Անասի Տուրիֆը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունքներ է տվել այն մասին, որ Մահեր Մասրին հանդիսանում է քրոջ ամուսինը (...): Մահեր Մասրիի հետ աշխատելու ընթացքում նրա միջոցով ծանոթացել է Արման Սմբատյանի հետ: Ա.Սմբատյանը նույնպես խանութ է բացել և զբաղվել հագուստների վաճառքով: Մի քանի տարի Ա.Սմբատյանը ապրանքներ գնել է Մ.Մասրիից (...):

(...) Թեև նախաքննության ընթացքում Արա Հաբիբը վկայի դատավարական կարգավիճակում 21.01.2015 թվականին ցուցմունք է տվել այն մասին, որ ստացականները տեսնում է առաջին անգամ, նման ստացականներ Մահեր Մասրիի համար երբեք չի թարգմանել, նման ստացականներ չի ստորագրել, սակայն Արման Սմբատյանի և Արա Հաբիբի միջև կատարված առերես հարցաքննության ժամանակ վերջինս հայտնել է, որ դրանցում առկա ստորագրություններն իրենն ու Մահեր Մասրիինն են, կարող է նման բան եղել է և ինքը չի հիշում, բայց ինքը Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի գումարային հարցերին չի խառնվել։

(...) Նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները պատշաճ իրավական ընթացակարգեր ու դատավարական շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հնարավոր չի եղել հիմնավորել ինչպես Արման Սմբատյանի կողմից վերը նշված ստացականները կեղծելու և այդ կերպ խարդախության եղանակով գումարի հափշտակության փորձ կատարելու, այնպես էլ սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքները:

Արման Սմբատյանի կողմից փաստաթուղթ կեղծելու հանգամանքը հիմնավորելու անհնարինության պայմաններում նախաքննության ընթացքում չի հիմնավորվել ինչպես Մահեր Մասրիի կողմից գիտակցաբար հանցագործության մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու հանգամանքը, այնպես էլ Արա Հաբիբի և Մուհամմադ Տուրիֆի կողմից սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքները:

Որոշվել է թիվ 09136714 քրեական գործով վարույթը կարճել՝ Արման Սմբատյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 34-178-րդ, 338-րդ և 339-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մահեր Վալիդի Մասրիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ (...)» (հատոր 1, գ.թ. 126-129)

6) Համաձայն Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Վ. Բաբայանի՝ «Բացատրություն վերցնելու մասին» 11.12.2014 թվականի արձանագրության՝ Մահեր Մասրին հայտնել է, որ 27.11.2014 թվականին փոստային կապով իր խանութ է ստացվել Արման Սմբատյանի ուղարկած նամակը, որով նրան ծանուցվել է Արման Սմբատյանի կողմից իբր տրված 17.000.000 ՀՀ դրամը վերադարձնելու պահանջի մասին (հատոր 5, գ.թ. 94-95)

7) Կառավարիչը 28.10.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մահերի Մասրիի՝ 55.741 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու պահանջի մասին՝ որպես հայցի փաստական հիմք վկայակոչելով 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին կազմված ստացականները։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով 20.07.2016 թվականին կայացված վճռով Կառավարչի հայցը մերժվել է։ Դատարանն արձանագրել է, որ «Ներկայացված ապացույցները դրանց թույլատրելիության տեսանկյունից գնահատելիս դատարանը հիմք է ընդունում, որ գաղտնի կատարված ձայնագրությունը չի կատարվել անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքների խախտմամբ, կամ խոշտանգումների, բռնության, սպառնալիքի գործադրմամբ:

Նշված ձայնագրառումը դատարանը դիտարկում է որպես թույլատրելի ապացույց, քանի որ տվյալ դեպքում օրենքի իմպերատիվ պահանջների` անձի իրավունքների և ազատությունների խախտում թույլ չի տրվել, ձայնագրությունը կատարվել է առանց սահմանված պահանջների խախտման: Դատարանը գտնում է, որ նշված ապացույցը չի կարելի ճանաչել անթույլատրելի զուտ ձևական նկատառումներով:

(…) Դատարանը փաստում է, որ նշված հեռախոսային խոսակցությունների ձայնագրության զննության արձանագրությամբ հիմնավորվում է, որ ԱՁ Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի միջև առկա են եղել առևտրային հարաբերություններ, որ Արման Սմբատյանը ապրանքի դիմաց Մահեր Մասրիի վճարել է 17.000.000 ՀՀ դրամ, և վերջինիս կողմից անորակ ապրանքներ ներկրելու պատճառով, ապրանքները հետ են վերադարձվել պատասխանողին:

Նշված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությամբ և գործում առկա ստացականներով չի հիմնավորվում Արման Սմբատյանի կողմից Մահեր Մասրիին 55.741 ԱՄՆ դոլար գումար փոխառությամբ տրամադրելու և այդ հիմքով Մահեր Մասրիի կողմից այն հետ վերադարձնելու պարտավորության ստանձնումը: Այսինքն, կողմերի միջև չկա փոխառության իրավահարաբերություն, քանի որ բացակայում է նման իրավահարաբերության ծագման համար հիմք հանդիսացող փաստը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877 և 878 հոդվածներով նախատեսված փոխառության գործարքը: Մինչդեռ հայցվորը խնդրել է պատասխանողից բռնագանձել 55.741 ԱՄՆ դոլար գումար՝ որպես փոխառությամբ տրամադրված գումար: Նշված ապացույցներով չի հիմնավորվում նաև կողմերի միջև պարտավորական իրավահարաբերություններ առաջանալու փաստը: (…)»

Վերաքննիչ դատարանի 24112016 թվականի որոշմամբ վերը նշված դատական ակտի դեմ Մահեր Մասրիի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(․․․) տվյալ դեպքում հայցի առարկան (պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը) փոխառությամբ տրված գումարը վերադարձնելու պահանջն է, հայցի փաստական հիմքում ընկած են 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականի և 13.11.2008 թվականի ստացականները, իսկ իրավական հիքմում դրվել են փոխառության իրավահարաբերություններին վերաբերող նյութական իրավունքի նորմերը, հետևաբար հաշվի առնելով ներկայացված հայցի հիմքը և առարկան, Դատարանը պետք է նախևառաջ պարզեր սույն իրավահարաբերության համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա իրավաբանական փաստերի շրջանակը և նոր միայն հաստատեր այս կամ այն փաստը: Իսկ տվյալ դեպքում, ինչպես արդեն վերը նշվեց սույն իրավահարաբերությունում ապացուցման էր ենթակա կողմերի միջև փոխառության հարաբերությունների առկայությունը, ինչն էլ Դատարանը հաստատված չի համարել և Դատարանի այդ եզրահանգումը չի վիճարկվում կողմերի կողմից:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում։

Վերոգյալից հետևում է, որ Դատարանի կողմից հաստատված` Մահեր Մասրիին ապրանքի դիմաց, այսինքն՝ առուվաճառքի պայմանագրի հիման վրա 17.000.000 ՀՀ դրամ վճարելու փաստի հաստատումը սույն գործով ապացուցման առարկայի մեջ չէր մտնում, քանի որ սույն գործով ներկայացված է փոխառության պայմանագրով տրված գումարի, այլ ոչ թե առուվաճառքի պայմանագրի հիման վրա տրված գումարի բռնագանձման պահանջ։

Այսպիսով վերը նշված իրավական դիրքորշման լույսի ներքո Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում Դատարանի հաստատած այն փաստը, որ «ԱՁ Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի միջև առկա են եղել առևտրային հարաբերություններ, որ Արման Սմբատյանը ապրանքի դիմաց Մահեր Մասրիին վճարել է 17.000.000 ՀՀ դրամ, և վերջինիս կողմից անորակ ապրանքներ ներկրելու պատճառով, ապրանքները հետ են վերադարձվել պատասխանողին (…)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2017 թվականի որոշմամբ վերը նշված որոշման դեմ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1 , գ.թ. 95-100, 101-106, 149-153)

8) Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սահակյանի՝ 22.04.2015 թվականի՝ թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրության պատճենի` թիվ 09136714 քրեական գործով վկա Արման Սմբատյանի կողմից թվով 2 լազերային սկավառակներով ներկայացված խոսակցությունների ձայնագրառումների զննության արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր լազերային սկավառակի վրա առկա է մեկ ձայնագրառում, որոնք, ըստ վկա Ա.Սմբատյանի ցուցմունքների,կատարել է իր և Մահեր Մասրիի խոսակցության ժամանակ: Խոսակցությունը վերծանվել է բառացի լսելիության սահմաններում: Խոսակցությունը ռուսերեն է և կատարվել է թարգմանություն արտոնագրված թարգմանիչ Ա. Ասատրյանի կողմից. «(...) S1-Ես քեզ չե՞մ տվել 17 միլիոն, S2 -Երբ՞, երբ՞, S1 -10 տարվա ընթացքում, 100 տարվա ընթացքում, S2-Ինչ՞ի համար, S1-Ապրանքի դիմաց, S2-Ապրանքի դիմաց՞ ինչ: Քեզ որտեղից՞ 17 միլիոն, S1 -Ես քեզ տվել եմ՞, S2-Իսկ ով էր՞ փակում 4 տարի բանկում քո վարկը, S1-Ես եմ փակել, S2-Դու ճիշտ չես ասում, S1-Համբերի, համբերի, ես իմ գումարներն եմ ուզում, Ես քեզ տվել եմ՞ 17 միլիոն, թե ոչ, S2-Սպասիր, ես էլ քեզ եմ շատ բան տվել, լսում ես, թե ոչ՞, S1-Ես քեզ չեմ՞ տվել 17 միլիոն, S2-Ինչի՞ համար, S1-Ապրանքի դիմաց, S2-Այո, S1-Հետո, երբ պարզվեց, որ ապրանքն անորակ է, ես քեզ ապրանքը ետ չե՞մ տվել, S2-Սպասի, S1-Դու չպատասխանեցիր, ես ապրանքը քեզ ետ վերադարձրել ե՞մ, S2-Սպասիր, ե՞րբ, S1-Երկու ամիս անց (...), S2-Ինչու դու չես պատասխանում իմ հարցին ես քեզ վերադարձրել ե՞մ ապրանքը,S1-Այո վերադարձրել ես, բայց քո բանկային վարկն ո՞վ է փակել, S1-Ես հետո բոլոր հարցերին կպատասխանեմ, դու առաջ մի ընկիր, S2-Ապրանքը վերադարձրել ես երկու ամիս անց, բայց, չէ որ դու խանութ ես բացել, S1-Դու վերցրել ես այն ապրանքը, որ եղել է Էրեբունիում, (...) S2-Ես ապրանքը ետ եմ ընդունել, որովհետև դու իմ ընկերն էիր, S1-Այդ դեպքում եթե դու ապրանքը ետ ես ընդունել, ապա ինձ պետք է վերադարձնեիր 17միլիոն, ճիշտ է ՞ (...)» (հատոր 1, գ.թ. 134-137)

9) Հայցվորը, սույն գործով 27.07.2016 թվականին դիմելով դատարան, հայցադիմումի հիմքում դրել է այն փաստերը, որ ԱՁ Արման Սմբատյանի և պատասխանող Մահեր Մասրիի միջև 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականի և 13.11.2008 թվականի ստացականների կազմմամբ կնքվել է առուվաճառքի և մատակարարման խառը պայմանագիր, որով պատասխանողը ԱՁ Արման Սմբատյանից ստացել է ընդհանուր առմամբ 17.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, որի դիմաց պարտավորվել է ԱՁ Արման Սմբատյանին հանձնել օգտագործված հագուստ: Հայցվորը հայտնել է, որ ստանալով հագուստեղենը՝ Արման Սմբատյանը այն անորակ լինելու պատճառով վերադարձրել է Մահեր Մասրիին, որն այն ընդունել է և խոստացել է փոխարինել նոր ապրանքով: Չկատարելով խոստումը՝ բազմիցս հավաստիացրել է Արման Սմբատյանին, որ եթե ապրանքը չնորացնի, ապա պարտավորվում է ստացած գումարներն ամբողջությամբ վերադարձնել: Արման Սմբատյանը 2013 թվականի վերջին դիմել է պատասխանողին դրամական միջոցները վերադարձնելու խնդրանքով, սակայն վերջինս առ այսօր չի կատարել պարտավորությունները: Արման Սմբատյանը 23.09.2014 թվականին ծանուցել է վերջինիս սահմանված կարգով պարտավորությունը կատարելու բովանդակությամբ, սակայն պատասխանողը, ստանալով ծանուցումը, իր դրամական պարտավորությունը կրկին չի կատարել (հատոր 1, գ.թ. 3-6, 121-125)

10) Մահերի Մասրիի ներկայացուցիչը սույն գործի քննության ընթացքում առարկելով հայցի դեմ, հայցային վաղեմության հիմքով խնդրել է այն մերժել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2020 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժվել է (հատոր 6, գ.թ. 13-30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով հայցային վաղեմության կիրառման հարցի հետ կապված իրավունքի խախտման և դրա մասին իմանալու պահը որոշելու իրավական հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան): (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը նախատեսել է դատական և արտադատական կարգ: Ընդ որում, որպես իրավունքների պաշտպանության հիմնական միջոց, ամրագրվել է դատական պաշտպանությունը: Միաժամանակ, նույն հոդվածը գործերի ենթակայության լուծումը վերապահել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ամրագրել է նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանության այն եղանակների ոչ սպառիչ ցանկը, որոնց օգնությամբ հնարավոր է դատական կամ արտադատական պաշտպանության տակ վերցնել խախտված կամ վիճարկվող իրավունքները, ինչպես նաև կանխել վտանգ ստեղծող գործողությունները: Այդուհանդերձ, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, ապահովելով քաղաքացիական իրավահարաբերություններում սուբյեկտիվ իրավունքների լիարժեք դրսևորումը, կոչված է նաև պահպանել քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքը դրա հնարավոր խաթարումներից: Այդ կապակցությամբ սահմանվել են որոշակի ժամկետներ, որոնց միջակայքում միայն անձը կարող է դիմել դատական պաշտպանության: Այլ կերպ ասած` անձի սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանությունը կարող է իրականացվել օրենսդրի կողմից սահմանված այն ժամկետներում, որոնց ընթացքում միայն հնարավոր կլինի վերականգնել խախտված իրավունքը (տե'ս, Կարո Միքայելյանն ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

Միաժամանակ օրենսդիրը սահմանել է նաև իրավունքի պաշտպանության համար ժամկետներ, որի ընթացքում հնարավոր է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսված ձևով իրականացնել օրենքով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը:

Այսպիսով ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ, ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձը հավաստի տեղեկություններ է ունենում իր իրավունքի խախտման փաստի մասին: Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվելու համար անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը բավարար հիմքեր ունենա համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է (տե'ս, Իրինա Մանասերյանի ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12012022 թվականի որոշումը):

«Ինգո-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02072021 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, իր՝ 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ` «(…) Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով։ Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը։

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում։ Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից։ Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված՝ իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում։ Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։

Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն (ընդգծումը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի): Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով։

(...) Վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։

ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով (տե'ս, «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հայցը հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից: Ինչ վերաբերում է հայցային վաղեմության ընթացքի ընդհատմանը, ապա վերջինիս յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին (տե'ս, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, ընդ որում՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել`

1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.

2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.

3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նաև այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ`

1) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը.

2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 533-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը (ստացողը), ում մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, իրավունք ունի մատակարարին ներկայացնել սույն օրենսգրքի 491 հոդվածով նախատեսված պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ մատակարարման հարաբերություններին, որպես կանոն, բնորոշ են կողմերի միջև ձևավորվող տևական կապերը, և մատակարարման պայմանագիրը հաճախ կնքվում է երկարատև ժամանակահատվածի ընթացքում պարտավորությունը մաս-մաս կատարելու համար։ Այդ պատճառով մատակարարման պայմանագրով հաճախ նախատեսվում է պայմանագրի կատարման ժամկետների բազմազանություն կամ իրերը որոշակի խմբաքանակներով և ժամկետներում հանձնելու պարտականություն, որը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածից, ըստ որի՝ մատակարարը պարտավորվում է ապրանքը գնորդին հանձնել որոշակի ժամկետում կամ ժամկետներում։ Նման պարագայում հայցային վաղեմության ժամկետի ընթացքում մատակարարման պայմանագրով պարտապանի կողմից պայմանագրի կատարմանն ուղղված գործողությունը դիտվում է որպես ամբողջ պայմանագրի՝ ընդհանուր պարտավորության ճանաչմանն ուղղված գործողություն, ոչ թե միայն պարտավորության կոնկրետ մասով նախատեսված պարտքի ընդունում (տե'ս «Գորիսի «Միկրոշարժիչ» ԲԲԸ-ն ընդդեմ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ3/0787/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների միջև առկա պարտավորական հարաբերություններում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան պատշաճ կարգով կատարել իր պարտավորությունը, իսկ այն չկատարելու կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելու պարագայում կարող է վրա հասնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Մասնավորապես, պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու արդյունքում պարտատիրոջ մոտ ծագում է դրա հետևանքով իր խախտված իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարելու, այդ թվում՝ սահմանված կարգով դատարան հայց հարուցելու իրավունքը։ Ընդ որում, այդ իրավունքի իրացումը պետք է կատարվի հայցային վաղեմության ժամկետի ընթացքում։ Տվյալ դեպքում, մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար, իսկ գնորդը պարտավոր է իրեն հանձնված ապրանքի դիմաց վաճառողի օգտին վճարումը կատարել պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգի և ձևի պահպանմամբ։ Ընդ որում, վաճառողն իրավունք ունի գնորդի կողմից վճարելու պարտականությունը կատարելուց անհիմն հրաժարվելու դեպքում պահանջել կատարելու այն, իսկ ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում գնորդն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը կամ պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով: Եթե անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով փոխարինելու պարտավորությունը ստանձնելիս՝ այդ պարտավորության կատարման ժամկետ նախատեսված չէ, ապա կիրառելի է ողջամիտ ժամկետում պարտավորությունը կատարելու վաճառողի պարտականությունը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պահից, երբ գնորդը բավարար հիմքեր ունի եզրահանգելու, որ վաճառողը չի կատարում նախապես ներկայացված անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող պատշաճ որակի ապրանքով փոխարինելու պահանջը, գնորդի մոտ ծագում է ապրանքի համար վճարված գումարը վերադարձնելու պահանջ ներկայացնելու իրավունքը և այդ պահից նշված պահանջի նկատմամբ սկսում է հոսել հայցային վաղեմության ժամկետի ընթացքը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 11062013 թվականի թիվ ԱՎԴ/0043/04/12 վճռով Արման Սմբատյանը ճանաչվել է սնանկ։ Վերջինիս սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ջիվանշիր Աֆյանը։

Ըստ 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին տրված «Ստացական» վերտառությամբ համապատասխան փաստաթղթերի՝ Մահեր Մասրին Արման Սմբատյանից ստացել է ընդհանուր 17.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: Ուշագրավ է, որ նշված փաստաթղթերում բացակայում է պարտավորությունների կատարման ժամկետը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչի 22.12.2016 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման պատճենի համաձայն` «(...) Արման Սմբատյանը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականին ծանոթացել, ապա մտերմացել է Մահեր Մասրիի և նրա գործընկեր Արա Հաբիբի հետ՝ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան 3/1 հասցեում գտնվող Մ. Մասրիի օգտագործված հագուստների վաճառքի խանութում: Դրանից հետո Մահեր Մասրիի առաջարկով և իր ցանկությամբ ինքն էլ է սկսել զբաղվել օգտագործված հագուստների վաճառքով, վարձակալել է խանութ, ապրանքները գնել է Մահեր Մասրիից: 2008 թվականին Մահեր Մասրին իրենից պարտքով գումար է խնդրել` մոտ 60.000.00 ԱՄՆ դոլար, ինքը գրավադրել է ընկերոջ տունը, ստացել վարկ` 17.000.000 ՀՀ դրամի չափով, վարկը ստացել է մաս-մաս` 2008 թվականի նոյեմբերի 6-ին, 2008 թվականի նոյեմբերի 11-ին և 2008 թվականի նոյեմբերի 13-ին` համապատասխանաբար` 5.000.000, 5.000.000, 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: Գումարը ստանալուց հետո վերածել է ԱՄՆ դոլարի և ստանալու օրերին` 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին անձամբ փոխանցել է Մահեր Մասրիին, ինչի վերաբերյալ կազմել են ստացականներ, վերջին փոխանցման օրը` 13.11.2008 թվականին Մահեր Մասրին ՀՀ-ից բացակայել է, ինքն այդ օրը գումարը փոխանցել է Արա Հաբիբի կամ Մուհամմադ Տուրիֆին, իսկ երբ 2008 թվականի նոյեմբերի 16-ին Մահեր Մասրին վերադարձել է նա ստորագրել է նաև 3-րդ ստացականը տրման օրով՝ նոյեմբերի 13-ով: Որպես թարգմանիչ հանդես է եկել Արա Հաբիբը, ով ևս ստորագրել է ստացականներում: Հետագայում Մահեր Մասրին հայտնել է, որ ցանկանում է պարտքը վերադարձնել կամ նույն չափով տալ ապրանքներ: Ապրանքները տեսնելուց հետո ինքը հասկացել է, որ դրանք լավը չեն, չի ընդունել և պահանջել է վերադարձնել գումարը: Նշված 56.000 ԱՄՆ դոլար գումարի շուրջ խոսակցությունները սկսվել են 2013 թվականի հոկտեմբերին: (...):

Նախաքննության ընթացքում Արման Սմբատյանը քննությանն է ներկայացրել «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության Կենտրոն մասնաճյուղից ստացված իր բանկային հաշվի քաղվածքը, որտեղ արձանագրված է, որ 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին Ա.Սմբատյանին տրամադրվել է վարկ՝ համապատասխանաբար 5.000.000 ՀՀ դրամ, 5.000.000 ՀՀ դրամ և 7.000.000 ՀՀ դրամ գումարների չափով:

(...) Մուհամմադ Անասի Տուրիֆը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունքներ է տվել այն մասին, որ Մահեր Մասրին հանդիսանում է քրոջ ամուսինը (...): Մահեր Մասրիի հետ աշխատելու ընթացքում նրա միջոցով ծանոթացել է Արման Սմբատյանի հետ: Ա.Սմբատյանը նույնպես խանութ է բացել և զբաղվել հագուստների վաճառքով: Մի քանի տարի Ա.Սմբատյանը ապրանքներ գնել է Մ.Մասրիից (...):

(...) Թեև նախաքննության ընթացքում Արա Հաբիբը վկայի դատավարական կարգավիճակում 21.01.2015 թվականին ցուցմունք է տվել այն մասին, որ ստացականները տեսնում է առաջին անգամ, նման ստացականներ Մահեր Մասրիի համար երբեք չի թարգմանել, նման ստացականներ չի ստորագրել, սակայն Արման Սմբատյանի և Արա Հաբիբի միջև կատարված առերես հարցաքննության ժամանակ վերջինս հայտնել է, որ դրանցում առկա ստորագրություններն իրենն ու Մահեր Մասրիինն են, կարող է նման բան եղել է և ինքը չի հիշում, բայց ինքը Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի գումարային հարցերին չի խառնվել։

(...) Արման Սմբատյանի կողմից փաստաթուղթ կեղծելու հանգամանքը հիմնավորելու անհնարինության պայմաններում նախաքննության ընթացքում չի հիմնավորվել ինչպես Մահեր Մասրիի կողմից գիտակցաբար հանցագործության մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու հանգամանքը, այնպես էլ Արա Հաբիբի և Մուհամմադ Տուրիֆի կողմից սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքները:

Որոշվել է թիվ 09136714 քրեական գործով վարույթը կարճել (...)»:

Համաձայն Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Վ. Բաբայանի՝ 11.12.2014 թվականի «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրության՝ Մահեր Մասրին հայտնել է, որ 27.11.2014 թվականին փոստային կապով իր խանութ է ստացվել Արման Սմբատյանի ուղարկած նամակը, որով նրան ծանուցվել է Արման Սմբատյանի կողմից իբր տրված 17.000.000 ՀՀ դրամը վերադարձնելու պահանջի մասին:

Կառավարիչը 28.10.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մահերի Մասրիի՝ 55.741 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու պահանջի մասին՝ որպես հայցի փաստական հիմք վկայակոչելով 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին կազմված ստացականները։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով 20.07.2016 թվականին կայացված վճռով Կառավարչի հայցը մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև չկա փոխառության իրավահարաբերություն, քանի որ բացակայում է նման իրավահարաբերության ծագման համար հիմք հանդիսացող փաստը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածներով նախատեսված փոխառության գործարքը և, որ նշված ապացույցներով չի հիմնավորվում նաև կողմերի միջև պարտավորական իրավահարաբերություններ առաջանալու փաստը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24112016 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ տվյալ դեպքում հայցի առարկան (պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը) փոխառության տրված գումարը վերադարձնելու պահանջն է, հայցի փաստական հիմքում ընկած են 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականի և 13.11.2008 թվականի ստացականները, իսկ իրավական հիքմում դրվել են փոխառության իրավահարաբերությունների վերաբերող նյութական իրավունքի նորմերը, հետևաբար, հաշվի առնելով ներկայացված հայցի հիմքը և առարկան, Դատարանը պետք է նախևառաջ պարզեր սույն իրավահարաբերության համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա իրավաբանական փաստերի շրջանակը և նոր միայն հաստատեր այս կամ այն փաստը, իսկ տվյալ դեպքում ինչպես արդեն վերը նշվեց սույն իրավահարբերությունում ապացուցման էր ենթակա կողմերի միջև փոխառության հարաբերությունների առկայությունը, ինչն էլ Դատարանը հաստատված չի համարել և Դատարանի այդ եզրահանգումը չի վիճարկվում կողմերի կողմից: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարել Դատարանի հաստատած այն փաստը, որ «ԱՁ Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի միջև առկա են եղել առևտրային հարաբերություններ, որ Արման Սմբատյանը ապրանքի դիմաց Մահեր Մասրիին վճարել է 17.000.000 ՀՀ դրամ, և վերջինիս կողմից անորակ ապրանքներ ներկրելու պատճառով, ապրանքները հետ է վերադարձվել պատասխանողին (…)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2017 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Հայցվորը, սույն գործով 27.07.2016 թվականին դիմելով Դատարան, հայցադիմումի հիմքում դրել է այն փաստերը, որ ԱՁ Արման Սմբատյանի և պատասխանող Մահեր Մասրիի միջև 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականն և 13.11.2008 թվականի ստացականների կազմմամբ կնքվել է առուվաճառքի և մատակարարման խառը պայմանագիր, որով պատասխանողը ԱՁ Արման Սմբատյանից ստացել է ընդհանուր առմամբ 17.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, որի դիմաց պարտավորվել է ԱՁ Արման Սմբատյանին հանձնել օգտագործված հագուստ: Հայցվորը հայտնել է, որ ստանալով հագուստեղենը՝ Արման Սմբատյանը այն անորակ լինելու պատճառով վերադարձրել է Մահեր Մասրիին, որն այն ընդունել է և խոստացել է փոխարինել նոր ապրանքով: Չկատարելով խոստումը՝ բազմիցս հավաստիացրել է Արման Սմբատյանին, որ եթե ապրանքը չնորացնի, ապա պարտավորվում է ստացած գումարներն ամբողջությամբ վերադարձնել:

Նշել է, որ 2013 թվականի հոկտեմբերին դիմել է պատասխանողին դրամական միջոցները վերադարձնելու խնդրանքով, սակայն վերջինս առ այսօր չի կատարել իր պարտավորությունները: Ավելին, 23.09.2014 թվականին ծանուցել է վերջինիս սահմանված կարգով պարտավորությունը կատարելու բովանդակությամբ, սակայն պատասխանողը, ստանալով ծանուցումը, իր դրամական պարտավորությունը կրկին չի կատարել:

Պատասխանող Մահեր Մասրիի ներկայացուցիչը գործի քննության ընթացքում առարկելով հայցի դեմ՝ միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 01.10.2020 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժել է՝ հետևյալ պատճառաբանությամբ «(․․․) Փաստորեն, Արման Սմբատյանի կողմից անորակ ապրանքի մասին Մահեր Մասրիին իրազեկվել է և դրանք չընդունելու և գումարը վերադարձնելու մասին խոսակցությունները սկսվել են 2013 թվականի հոկտեմբեր ամսից, իսկ Արման Սմբատյանի կողմից գրավոր պահանջ՝ գումարը վերադարձնելու մասին, Մահեր Մասրիին ներկայացվել 27112014 թվականին։

Վերը նշված իրավական վերլուծությունները հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով՝ Դատարանը գտնում է, որ սույն գործով Արման Սմբատյանի մոտ ծագել է պարտավորության կատարում պահանջելու իրավունքը դեռևս 2013 թվականի հոկտեմբեր ամսից, իսկ Մահեր Մասրին պարտավոր էր կատարել պարտավորությունը պարտատաիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո յոթնօրյա ժամկետում, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը հոսում է Մահեր Մասրիի մոտ պարտավորության կատարման՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված ժամկետների ավարտից հետո՝ 2013 թվականի հոկտեմբեր ամսից։

Այսինքն, Արման Սմբատյանը, դեռևս 2013 թվականի հոկտեմբեր ամսից պարտավորությունը կատարելու պահանջ ներկայացնելով, իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր նեթադրյալ իրավունքի խախտման փաստի մասին, հետևաբար՝ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ենթակա է հաշվարկման վերը նշված նորմերի իրավակարգավորման հիմքով 2013 թվականի հոկտեմբեր ամսից, և այդ ժամանակվանից Արման Սմբատյանի, իսկ վերջինիս սնանկ ճանաչելու հիմքով վերջինիս սնանկության գործով կառավարչի մոտ առաջացել է իր դատական պաշտպանության մասին հայց հարուցելու իրավունք մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը, մինչդեռ, Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչը սույն հայցը հարուցել է 27072016 թվականին, այսինքն, հայցվոր կողմն իր ենթադրյալ խախտված իրավունքի դատական պաշտպանության համար հայցը հարուցել է իրավունքի պաշտպանության համար օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամանակահատվածի ընթացքում։

Բացի այդ, հայցվոր կողմը նաև հայց է հարուցել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան 28102014 թվականին, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի հիմքով համարվում է հայցային վաղեմության ժամկետի ընդհատում։ (․․․)»։

Դատարանը հայցի մասնակի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արման Սմբատյանի կողմից 17.000.000 ՀՀ դրամ Մահեր Մասրիին տրամադրելու պայմաններում համապատասխան ապրանքներն անորակ լինելու պատճառով վերջինիս կողմից ապրանքները Մահեր Մասրիին վերադարձնելու և նշված գումարն Արման Սմբատյանի կողմից հետ վերադարձնելու պահանջի պայմաններում անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարչի հայցը՝ Մահեր Վալիդի Մասրիից հօգուտ ԱՁ Արման Արմենի Սմբատյանի 55.741 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասին պետք է բավարարել և, հաշվի առնելով, որ ըստ վերը նշված ստացականներով ընդհանուր գումարը կազմում է 17.000.000 ՀՀ դրամ, իսկ այդ ժամանակ այն համարժեք է եղել 55.741 ԱՄՆ դոլարին, հետևաբար Մահեր Վալիդի Մասրիից հօգուտ ԱՁ Արման Արմենի Սմբատյանի սնանկության հաշվեհամարին պետք է բռնագանձել 17.000.000 ՀՀ դրամ՝ որպես անպատշաճ որակի ապրանք մատակարարելու համար նախապես վճարված ու վերադարձման ենթակա գումար:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ հայցային վաղեմության եռամյա ժամկետը սկսել է հոսել 2013 թվականի հոկտեմբեր ամսից, և հայցը հարուցվել է 27.07.2016 թվականին՝ առանց հայցային վաղեմության ժամկետի խախտման:

Վերը հիշատակված իրավանորմերի, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների և ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը վկայակոչված որոշմամբ արտահայտած դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ԱՁ Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանի հայցը հայցային վաղեմության ժամկետի ընթացքում ներկայացված լինելու փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ե՞րբ է անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանը իր սուբյեկտիվ ընկալմամբ հաստատապես համոզված եղել իր իրավունքի խախտման մասին, ինչն էլ հիմք է հանդիսացել իր կողմից Մահեր Մասրիին 17.000.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մահեր Մասրիի ստանձնած պարտավորությունը չի նախատեսել դրա կատարման ժամկետ և չի պարունակել ժամկետի որոշման պայմաններ, ինչի բացակայության պայմաններում վերջինս այդ պարտավորությունը պետք է կատարեր պարտավորության ծագումից հետո՝ ողջամիտ ժամկետում։ Հետևաբար, անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի մոտ իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը, ըստ էության, սկսում է հոսել Մահեր Մասրիի մոտ պարտավորության կատարման՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված ժամկետների ավարտից հետո, երբ հայցվորի մոտ կծագեր պարտավորության կատարում պահանջելու իրավունք։ Տվյալ դեպքում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչի 22.12.2016 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը և ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի կողմից Մահեր Մասրիից 11.12.2014 թվականին վերցրած բացատրության արձանագրությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 59-րդ և 67-րդ հոդվածների իմաստով դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք պարունակում են սույն գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ, մասնավորապես՝ թե երբ է պարտատիրոջ մոտ ծագել պարտավորության կատարում պահանջելու իրավունքը: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի կողմից Մահեր Մասրիից 11.12.2014 թվականին վերցրած բացատրության արձանագրությամբ Մահեր Մասրին հայտնել է, որ «27.11.2014 թվականին փոստային կապով Ե.Թադևոսյան 3/1 հասցեում գտնվող իր խանութ է ստացվել քաղաք Երևան Բագրատունյաց 18 շենք 101–102 բնակարանի բնակիչ Արման Սմբաստյանի ուղարկած նամակը, որով իրեն ծանուցել է իր կողմից իբր տրված վերոհիշյալ գումարը՝ 17.000.000 ՀՀ դրամը վերադարձնելու իր պահանջի մասին»։ Այսինքն, Արման Սմբատյանը, դեռևս 27112014 թվականից, երբ համապատասխան ծանուցմամբ Մահեր Մասրիին իրազեկել է հանձնված անորակ ապրանքների և դրանք չընդունելու, ուստիև՝ գումարը վերադարձնելու մասին, արդեն իսկ համոզված է եղել իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում, հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ենթակա է հաշվարկման 2014 թվականի նոյեմբերի 27-ից, այսինքն այն պահից, երբ գնորդը բավարար հիմքեր ուներ եզրահանգելու, որ վաճառողը չի կատարում նախապես ներկայացված անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելու պահանջը։ Այսինքն, այդ պահից էլ գնորդի մոտ ծագում է ապրանքի համար վճարված գումարը վերադարձնելու պահանջ ներկայացնելու իրավունք։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գնորդի իրավունքների խախման պահ է արձանագրում այն պահը, երբ վերջինս հաստատապես իմացել է, որ վաճառողն իր պարտավորությունը չի կատարելու, որպիսի պահը համընկնում է այն պահի հետ, երբ գնորդը 27112014 թվականին ներկայացրել է գումարը վերադարձնելու մասին գրավոր պահանջը, ինչը նշանակում է, որ 27112014 թվականից արդեն Արման Սմբատյանի (վերջինիս սնանկ ճանաչվելուց հետո՝ սնանկության գործով կառավարչի) մոտ առաջացել է դատական պաշտպանության դիմելու իրավունք։ Տվյալ դեպքում, Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչը դատական պաշտպանության է դիմել 27072016 թվականին, այսինքն՝ իրավունքի պաշտպանության համար օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամանակահատվածում։

Այսպիսով, հայցվորը, դատական պաշտպանության դիմելով 27.07.2016 թվականին, պահպանել է հայցային վաղեմության ժամկետը։

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի պնդմանն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սահակյանի 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննությամբ հաստատվում է, որ Արման Սմբատյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2009 թվականի հունվարին, մինչդեռ հայցադիմումը դատարան է ներկայացրել 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ապա նշված փաստարկը հիմնավոր չէ այնքանով, որքանով տվյալ ապացույցը բավարար չէ հաստատելու համար, որ անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանը պահանջ է ներկայացրել Մահեր Մասրիին 2009 թվականի հունվարին, ավելին՝ այդ ապացույցը չի բովանդակում տեղեկություններ առ այն, թե ինչ ժամկետներում է Արման Սմբատյանը պատասխանողից պահանջել վերադարձնելու ետ վերադարձված ապրանքների համար վճարված գումարը: Այսինքն՝ սույն դեպքում չի ապացուցվել, որ Արման Սմբատյանը հենց 2008 թվականի նոյեմբեր ամսից երկու ամիս հետո է ապրանքների թերությունների հետ կապված Մահեր Մասրիին պահանջներ ներկայացրել՝ սույն գործով պահանջվող 17.000.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու վերաբերյալ։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը՝ կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Վճռաբեկ բողոքը մերժելու՝ Վերաքննիչ դատարանի 27052022 թվականի որոշումն անփոփոխ թողնելու պայմաններում, անդրադառնալով Վճռաբեկ դատարանում պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մահեր Մասրիից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 510000 ՀՀ դրամ` (17000000-3%=510000), որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի այլ դատական ծախս բռնագանձման ենթակա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Մահեր Մասրիից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 510000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵՇԴ/3115/02/16 քաղաքացիական գործով 04.04.2025 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

04.04.2025 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի ապրիլի 04-ին (դատական ակտը հրապարակվել է 04.04.2025 թվականին) գրավոր ընթացակարգով քննելով Մահեր Մասրիի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանի (այսուհետ՝ Կառավարիչ) հայցի ընդդեմ Մահեր Մասրիի և երրորդ անձ Արման Սմբատյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ նույն որոշման պատճառաբանություններով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ ու 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է Մահեր Մասրիից բռնագանձել 55.741 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների գումար՝ սկսած 20.10.2013 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2017 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2018 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2019 թվականի որոշմամբ Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2020 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժվել է։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Մահեր Մասրիից հօգուտ անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի բռնագանձվել է 17.000.000 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, ինչպես նաև 17.000.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ բռնագանձվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` սկսած 10.09.2016 թվականից մինչև պարտավորության դադարման օրը՝ գումարները փոխանցելով անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով հատուկ հաշվին: Հայցը՝ 02.09.2016 թվականից 09.09.2016 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկելու և բռնագանձելու մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը՝ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին դեպոնացված հայցագնի, իսկ անբավարարության դեպքում նաև պատասխանողի այլ գույքի վրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2022 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 06.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մահեր Մասրին (ներկայացուցիչ Արտակ Ոսկանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածը, 335-րդ հոդվածի 2-րդ մասը, 521-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 414-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով

Պատասխանողը, առարկելով հայցվորի վկայակոչած բոլոր փաստերի, այդ թվում՝ ապրանք մատակարարելու և գումար ստանալու փաստերի դեմ, նշել է, որ ըստ հայցվորի վկայակոչած փաստերի և նրա կողմից ներկայացրած ապացույցների՝ Արման Սմբատյանը 2008 թվականի նոյեմբերին 17.000.000 ՀՀ դրամի դիմաց մատակարարված ապրանքների թերությունները հայտնաբերել և մատակարարված ապրանքները Մահեր Մասրիին վերադարձրել է երկու ամիս հետո (ինչպես նշված է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Սահակյանի՝ 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրությունում և թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերում), այսինքն՝ 2009 թվականի հունվարին: Հետևաբար, հայցվորի վկայակոչած փաստերից և նրա կողմից ներկայացրած ապացույցներից հետևում է, որ Արման Սմբատյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2009 թվականի հունվարին, որն էլ հանդիսանում է հայցային վաղեմության ժամկետի սկիզբը։ Այսինքն՝ հայցվորի կողմից դատարան ներկայացված ապացույցների և հայցվորի վկայակոչած փաստերի համաձայն՝ Արման Սմբատյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2009 թվականի հունվարին, ոչ թե 2013 թվականի հոկտեմբերին, ինչպես նշել է Դատարանը: Բացի այդ, հայցվորը թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով 28.10.2014 թվականին հայց է հարուցել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ փոխառության գումարի բռնագանձման պահանջով, որը մերժվել է, իսկ նույն՝ թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24.11.2016 թվականի որոշմամբ արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցի առարկան (պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը) փոխառության տրված գումարը վերադարձնելու պահանջն է: Մինչդեռ սույն գործով հայցվորը Դատարան դիմել է մատակարարման պայմանագրով սահմանված գումարի բռնագանձման հայցապահանջով:

Ակնհայտ է, որ թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով փոխառության գումարի բռնագանձման հայցապահանջով ներկայացված հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել սահմանված կարգով հայցի հարուցում մատակարարման պայմանագրով սահմանված գումարի բռնագանձման հայցապահանջով:

Տվյալ դեպքում Դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում՝ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, քանի որ պատշաճ չի գնահատել հայցային վաղեմության ժամկետի սկզբի մասին վկայող՝ հայցվորի կողմից վկայակոչված և ներկայացված ապացույցները, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սահակյանի 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրությունը, թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտը, ինչպես նաև թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ` չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա էր կիրառման, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման։

Վերաքննիչ դատարանն, արձանագրելով, որ սույն դեպքում չի ապացուցվում, որ ԱՁ Արման Սմբատյանը 2008 թվականի նոյեմբեր ամսից երկու ամիս հետո է ապրանքների թերությունների հետ կապված Մահեր Մասրիին պահանջներ ներկայացրել, միաժամանակ հայցային վաղեմության սկիզբ է համարել 2013 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի միջև սկսվել են ապրանքները չընդունելու և տրամադրված գումարը վերադարձնելու մասին խոսակցությունները:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության սկիզբ է համարել ոչ թե իրավունքի խախտման մասին իմանալու պահը, այլ խախտված իրավունքների մասին խոսակցություններ սկսելու պահը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, ինչպես նաև ԱՁ Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանից հօգուտ Մահեր Մասրիի բռնագանձել դատական ծախսերը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 11.06.2013 թվականի վճռով ԱՁ Արման Սմբատյանին ճանաչվել է սնանկ, իսկ նույն դատարանի 21.06.2013 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ջիվանշիր Աֆյանը (հատոր 1, գ.թ. 11-12, 13-14)

2) Համաձայն 06.11.2008 թվականին տրված ստացականի պատճենի՝ «Ես՝ Մահեր Մասրին, հանդիսանալով Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության տնօրեն Վալիդ Մասրիի որդին և Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության լիազորված անձ, ստացա Արման Սմբատյանից 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: (...)» (հատոր 1, գ.թ. 8)

3) Համաձայն 11.11.2008 թվականին տրված ստացականի պատճենի՝ «Ես՝ Մահեր Մասրին, հանդիսանալով Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության տնօրեն Վալիդ Մասրիի որդին և Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության լիազորված անձ, ստացա Արման Սմբատյանից 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: (...)» (հատոր 1, գ.թ. 9)

4) Համաձայն 13.11.2008 թվականին տրված ստացականի պատճենի՝ «Ես՝ Մահեր Մասրին, հանդիսանալով Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության տնօրեն Վալիդ Մասրիի որդին և Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության լիազորված անձ, ստացա Արման Սմբատյանից 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: (...)» (հատոր 1, գ.թ. 10)

5) ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա Մարուքյանի՝ «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 22.12.2016 թվականի որոշման պատճենի համաձայն` «(...) Մահեր Վալիդի Մասրին 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Արման Սմբատյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել թվով 3 կեղծ ստացականներ, համաձայն որոնց ինքը Ա. Սմբատյանից 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին ստացել է ընդհանուր 17.000.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 55.741 ԱՄՆ դոլար գումար:

(...) Մահեր Վալիդի Մասրին վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2006 թվականին հիմնել է «Մ.Ա.Ս. Տեքս» ՍՊԸ-ն, գրանցվել Շիրազի փողոցի 40 շենքի 20 հասցեում: Այդ ընթացքում ծանոթացել է Արման Սմբատյանի հետ, վերջինս ևս ցանկություն է հայտնել ծավալել գործունեություն՝ օգտագործված հագուստների վաճառքի բնագավառում, բացել է խանութ (...): Որոշ ժամանակ Արման Սմբատյանի հետ աշխատել են միասին: Արման Սմբատյանը իրենից գնել է ներկրված ապրանքներ (...):

Արման Սմբատյանը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականին ծանոթացել, ապա մտերմացել է Մահեր Մասրիի և նրա գործընկեր Արա Հաբիբի հետ՝ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան 3/1 հասցեում գտնվող Մ. Մասրիի օգտագործված հագուստների վաճառքի խանութում: Դրանից հետո Մահեր Մասրիի առաջարկով և իր ցանկությամբ ինքն էլ է սկսել զբաղվել օգտագործված հագուստների վաճառքով, վարձակալել է խանութ, ապրանքները գնել է Մահեր Մասրիից: 2008 թվականին Մահեր Մասրին իրենից պարտքով գումար է խնդրել` մոտ 60.000.00 ԱՄՆ դոլար, ինքը գրավադրել է ընկերոջ տունը, ստացել վարկ` 17.000.000 ՀՀ դրամի չափով, վարկը ստացել է մաս-մաս` 2008 թվականի նոյեմբերի 6-ին, 2008 թվականի նոյեմբերի 11-ին և 2008 թվականի նոյեմբերի 13-ին` համապատասխանաբար` 5.000.000, 5.000.000, 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: Գումարը ստանալուց հետո վերածել է ԱՄՆ դոլարի և ստանալու օրերին` 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին անձամբ փոխանցել է Մահեր Մասրիին, ինչի վերաբերյալ կազմել են ստացականներ, վերջին փոխանցման օրը` 13.11.2008 թվականին Մահեր Մասրին ՀՀ-ից բացակայել է, ինքն այդ օրը գումարը փոխանցել է Արա Հաբիբի կամ Մուհամմադ Տուրիֆին, իսկ երբ 2008 թվականի նոյեմբերի 16-ին Մահեր Մասրին վերադարձել է նա ստորագրել է նաև 3-րդ ստացականը տրման օրով՝ նոյեմբերի 13-ով: Որպես թարգմանիչ հանդես է եկել Արա Հաբիբը, ով ևս ստորագրել է ստացականներում: Հետագայում Մահեր Մասրին հայտնել է, որ ցանկանում է պարտքը վերադարձնել կամ նույն չափով տալ ապրանքներ: Ապրանքները տեսնելուց հետո ինքը հասկացել է, որ դրանք լավը չեն, չի ընդունել և պահանջել է վերադարձնել գումարը: Նշված 56.000 ԱՄՆ դոլար գումարի շուրջ խոսակցությունները սկսվել են 2013 թվականի հոկտեմբերին: (...):

Նախաքննության ընթացքում Արման Սմբատյանը քննությանն է ներկայացրել «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության Կենտրոն մասնաճյուղից ստացված իր բանկային հաշվի քաղվածքը, որտեղ արձանագրված է, որ 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին Ա.Սմբատյանին տրամադրվել է վարկ՝ համապատասխանաբար 5.000.000 ՀՀ դրամ, 5.000.000 ՀՀ դրամ և 7.000.000 ՀՀ դրամ գումարների չափով:

 (...) Մուհամմադ Անասի Տուրիֆը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունքներ է տվել այն մասին, որ Մահեր Մասրին հանդիսանում է քրոջ ամուսինը (...): Մահեր Մասրիի հետ աշխատելու ընթացքում նրա միջոցով ծանոթացել է Արման Սմբատյանի հետ: Ա.Սմբատյանը նույնպես խանութ է բացել և զբաղվել հագուստների վաճառքով: Մի քանի տարի Ա.Սմբատյանը ապրանքներ գնել է Մ.Մասրիից (...):

(...) Թեև նախաքննության ընթացքում Արա Հաբիբը վկայի դատավարական կարգավիճակում 21.01.2015 թվականին ցուցմունք է տվել այն մասին, որ ստացականները տեսնում է առաջին անգամ, նման ստացականներ Մահեր Մասրիի համար երբեք չի թարգմանել, նման ստացականներ չի ստորագրել, սակայն Արման Սմբատյանի և Արա Հաբիբի միջև կատարված առերես հարցաքննության ժամանակ վերջինս հայտնել է, որ դրանցում առկա ստորագրություններն իրենն ու Մահեր Մասրիինն են, կարող է նման բան եղել է և ինքը չի հիշում, բայց ինքը Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի գումարային հարցերին չի խառնվել։

(...) Նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները պատշաճ իրավական ընթացակարգեր ու դատավարական շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հնարավոր չի եղել հիմնավորել ինչպես Արման Սմբատյանի կողմից վերը նշված ստացականները կեղծելու և այդ կերպ խարդախության եղանակով գումարի հափշտակության փորձ կատարելու, այնպես էլ սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքները:

Արման Սմբատյանի կողմից փաստաթուղթ կեղծելու հանգամանքը հիմնավորելու անհնարինության պայմաններում նախաքննության ընթացքում չի հիմնավորվել ինչպես Մահեր Մասրիի կողմից գիտակցաբար հանցագործության մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու հանգամանքը, այնպես էլ Արա Հաբիբի և Մուհամմադ Տուրիֆի կողմից սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքները:

Որոշվել է թիվ 09136714 քրեական գործով վարույթը կարճել՝ Արման Սմբատյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 34-178-րդ, 338-րդ և 339-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մահեր Վալիդի Մասրիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ (...)» (հատոր 1, գ.թ. 126-129)

6) Համաձայն Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Վ. Բաբայանի՝ «Բացատրություն վերցնելու մասին» 11.12.2014 թվականի արձանագրության՝ Մահեր Մասրին հայտնել է, որ 27.11.2014 թվականին փոստային կապով իր խանութ է ստացվել Արման Սմբատյանի ուղարկած նամակը, որով նրան ծանուցվել է Արման Սմբատյանի կողմից իբր տրված 17.000.000 ՀՀ դրամը վերադարձնելու պահանջի մասին (հատոր 5, գ.թ. 94-95)

7) Կառավարիչը 28.10.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մահերի Մասրիի՝ 55.741 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու պահանջի մասին՝ որպես հայցի փաստական հիմք վկայակոչելով 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին կազմված ստացականները։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով 20.07.2016 թվականին կայացված վճռով Կառավարչի հայցը մերժվել է։ Դատարանն արձանագրել է, որ «Ներկայացված ապացույցները դրանց թույլատրելիության տեսանկյունից գնահատելիս դատարանը հիմք է ընդունում, որ գաղտնի կատարված ձայնագրությունը չի կատարվել անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքների խախտմամբ, կամ խոշտանգումների, բռնության, սպառնալիքի գործադրմամբ:

Նշված ձայնագրառումը դատարանը դիտարկում է որպես թույլատրելի ապացույց, քանի որ տվյալ դեպքում օրենքի իմպերատիվ պահանջների` անձի իրավունքների և ազատությունների խախտում թույլ չի տրվել, ձայնագրությունը կատարվել է առանց սահմանված պահանջների խախտման: Դատարանը գտնում է, որ նշված ապացույցը չի կարելի ճանաչել անթույլատրելի զուտ ձևական նկատառումներով:

(…) Դատարանը փաստում է, որ նշված հեռախոսային խոսակցությունների ձայնագրության զննության արձանագրությամբ հիմնավորվում է, որ ԱՁ Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի միջև առկա են եղել առևտրային հարաբերություններ, որ Արման Սմբատյանը ապրանքի դիմաց Մահեր Մասրիի վճարել է 17.000.000 ՀՀ դրամ, և վերջինիս կողմից անորակ ապրանքներ ներկրելու պատճառով, ապրանքները հետ են վերադարձվել պատասխանողին:

Նշված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությամբ և գործում առկա ստացականներով չի հիմնավորվում Արման Սմբատյանի կողմից Մահեր Մասրիին 55.741 ԱՄՆ դոլար գումար փոխառությամբ տրամադրելու և այդ հիմքով Մահեր Մասրիի կողմից այն հետ վերադարձնելու պարտավորության ստանձնումը: Այսինքն, կողմերի միջև չկա փոխառության իրավահարաբերություն, քանի որ բացակայում է նման իրավահարաբերության ծագման համար հիմք հանդիսացող փաստը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877 և 878 հոդվածներով նախատեսված փոխառության գործարքը: Մինչդեռ հայցվորը խնդրել է պատասխանողից բռնագանձել 55.741 ԱՄՆ դոլար գումար՝ որպես փոխառությամբ տրամադրված գումար: Նշված ապացույցներով չի հիմնավորվում նաև կողմերի միջև պարտավորական իրավահարաբերություններ առաջանալու փաստը: (…)»

Վերաքննիչ դատարանի 24112016 թվականի որոշմամբ վերը նշված դատական ակտի դեմ Մահեր Մասրիի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(․․․) տվյալ դեպքում հայցի առարկան (պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը) փոխառությամբ տրված գումարը վերադարձնելու պահանջն է, հայցի փաստական հիմքում ընկած են 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականի և 13.11.2008 թվականի ստացականները, իսկ իրավական հիքմում դրվել են փոխառության իրավահարաբերություններին վերաբերող նյութական իրավունքի նորմերը, հետևաբար հաշվի առնելով ներկայացված հայցի հիմքը և առարկան, Դատարանը պետք է նախևառաջ պարզեր սույն իրավահարաբերության համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա իրավաբանական փաստերի շրջանակը և նոր միայն հաստատեր այս կամ այն փաստը: Իսկ տվյալ դեպքում, ինչպես արդեն վերը նշվեց սույն իրավահարաբերությունում ապացուցման էր ենթակա կողմերի միջև փոխառության հարաբերությունների առկայությունը, ինչն էլ Դատարանը հաստատված չի համարել և Դատարանի այդ եզրահանգումը չի վիճարկվում կողմերի կողմից:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում։

Վերոգյալից հետևում է, որ Դատարանի կողմից հաստատված` Մահեր Մասրիին ապրանքի դիմաց, այսինքն՝ առուվաճառքի պայմանագրի հիման վրա 17.000.000 ՀՀ դրամ վճարելու փաստի հաստատումը սույն գործով ապացուցման առարկայի մեջ չէր մտնում, քանի որ սույն գործով ներկայացված է փոխառության պայմանագրով տրված գումարի, այլ ոչ թե առուվաճառքի պայմանագրի հիման վրա տրված գումարի բռնագանձման պահանջ։

Այսպիսով վերը նշված իրավական դիրքորշման լույսի ներքո Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում Դատարանի հաստատած այն փաստը, որ «ԱՁ Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի միջև առկա են եղել առևտրային հարաբերություններ, որ Արման Սմբատյանը ապրանքի դիմաց Մահեր Մասրիին վճարել է 17.000.000 ՀՀ դրամ, և վերջինիս կողմից անորակ ապրանքներ ներկրելու պատճառով, ապրանքները հետ են վերադարձվել պատասխանողին (…)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2017 թվականի որոշմամբ վերը նշված որոշման դեմ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1 , գ.թ. 95-100, 101-106, 149-153)

8) Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սահակյանի՝ 22.04.2015 թվականի՝ թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրության պատճենի` թիվ 09136714 քրեական գործով վկա Արման Սմբատյանի կողմից թվով 2 լազերային սկավառակներով ներկայացված խոսակցությունների ձայնագրառումների զննության արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր լազերային սկավառակի վրա առկա է մեկ ձայնագրառում, որոնք, ըստ վկա Ա.Սմբատյանի ցուցմունքների,կատարել է իր և Մահեր Մասրիի խոսակցության ժամանակ: Խոսակցությունը վերծանվել է բառացի լսելիության սահմաններում: Խոսակցությունը ռուսերեն է և կատարվել է թարգմանություն արտոնագրված թարգմանիչ Ա. Ասատրյանի կողմից. «(...) S1-Ես քեզ չե՞մ տվել 17 միլիոն, S2 -Երբ՞, երբ՞, S1 -10 տարվա ընթացքում, 100 տարվա ընթացքում, S2-Ինչ՞ի համար, S1-Ապրանքի դիմաց, S2-Ապրանքի դիմաց՞ ինչ: Քեզ որտեղից՞ 17 միլիոն, S1 -Ես քեզ տվել եմ՞, S2-Իսկ ով էր՞ փակում 4 տարի բանկում քո վարկը, S1-Ես եմ փակել, S2-Դու ճիշտ չես ասում, S1-Համբերի, համբերի, ես իմ գումարներն եմ ուզում, Ես քեզ տվել եմ՞ 17 միլիոն, թե ոչ, S2-Սպասիր, ես էլ քեզ եմ շատ բան տվել, լսում ես, թե ոչ՞, S1-Ես քեզ չեմ՞ տվել 17 միլիոն, S2-Ինչի՞ համար, S1-Ապրանքի դիմաց, S2-Այո, S1-Հետո, երբ պարզվեց, որ ապրանքն անորակ է, ես քեզ ապրանքը ետ չե՞մ տվել, S2-Սպասի, S1-Դու չպատասխանեցիր, ես ապրանքը քեզ ետ վերադարձրել ե՞մ, S2-Սպասիր, ե՞րբ, S1-Երկու ամիս անց (...), S2-Ինչու դու չես պատասխանում իմ հարցին ես քեզ վերադարձրել ե՞մ ապրանքը,S1-Այո վերադարձրել ես, բայց քո բանկային վարկն ո՞վ է փակել, S1-Ես հետո բոլոր հարցերին կպատասխանեմ, դու առաջ մի ընկիր, S2-Ապրանքը վերադարձրել ես երկու ամիս անց, բայց, չէ որ դու խանութ ես բացել, S1-Դու վերցրել ես այն ապրանքը, որ եղել է Էրեբունիում, (...) S2-Ես ապրանքը ետ եմ ընդունել, որովհետև դու իմ ընկերն էիր, S1-Այդ դեպքում եթե դու ապրանքը ետ ես ընդունել, ապա ինձ պետք է վերադարձնեիր 17միլիոն, ճիշտ է ՞ (...)» (հատոր 1, գ.թ. 134-137)

9) Հայցվորը, սույն գործով 27.07.2016 թվականին դիմելով դատարան, հայցադիմումի հիմքում դրել է այն փաստերը, որ ԱՁ Արման Սմբատյանի և պատասխանող Մահեր Մասրիի միջև 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականի և 13.11.2008 թվականի ստացականների կազմմամբ կնքվել է առուվաճառքի և մատակարարման խառը պայմանագիր, որով պատասխանողը ԱՁ Արման Սմբատյանից ստացել է ընդհանուր առմամբ 17.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, որի դիմաց պարտավորվել է ԱՁ Արման Սմբատյանին հանձնել օգտագործված հագուստ: Հայցվորը հայտնել է, որ ստանալով հագուստեղենը՝ Արման Սմբատյանը այն անորակ լինելու պատճառով վերադարձրել է Մահեր Մասրիին, որն այն ընդունել է և խոստացել է փոխարինել նոր ապրանքով: Չկատարելով խոստումը՝ բազմիցս հավաստիացրել է Արման Սմբատյանին, որ եթե ապրանքը չնորացնի, ապա պարտավորվում է ստացած գումարներն ամբողջությամբ վերադարձնել: Արման Սմբատյանը 2013 թվականի վերջին դիմել է պատասխանողին դրամական միջոցները վերադարձնելու խնդրանքով, սակայն վերջինս առ այսօր չի կատարել պարտավորությունները: Արման Սմբատյանը 23.09.2014 թվականին ծանուցել է վերջինիս սահմանված կարգով պարտավորությունը կատարելու բովանդակությամբ, սակայն պատասխանողը, ստանալով ծանուցումը, իր դրամական պարտավորությունը կրկին չի կատարել (հատոր 1, գ.թ. 3-6, 121-125)

10) Մահերի Մասրիի ներկայացուցիչը սույն գործի քննության ընթացքում առարկելով հայցի դեմ, հայցային վաղեմության հիմքով խնդրել է այն մերժել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2020 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժվել է (հատոր 6, գ.թ. 13-30)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով հայցային վաղեմության կիրառման հարցի հետ կապված իրավունքի խախտման և դրա մասին իմանալու պահը որոշելու իրավական հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան): (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը նախատեսել է դատական և արտադատական կարգ: Ընդ որում, որպես իրավունքների պաշտպանության հիմնական միջոց, ամրագրվել է դատական պաշտպանությունը: Միաժամանակ, նույն հոդվածը գործերի ենթակայության լուծումը վերապահել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ամրագրել է նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանության այն եղանակների ոչ սպառիչ ցանկը, որոնց օգնությամբ հնարավոր է դատական կամ արտադատական պաշտպանության տակ վերցնել խախտված կամ վիճարկվող իրավունքները, ինչպես նաև կանխել վտանգ ստեղծող գործողությունները: Այդուհանդերձ, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, ապահովելով քաղաքացիական իրավահարաբերություններում սուբյեկտիվ իրավունքների լիարժեք դրսևորումը, կոչված է նաև պահպանել քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքը դրա հնարավոր խաթարումներից: Այդ կապակցությամբ սահմանվել են որոշակի ժամկետներ, որոնց միջակայքում միայն անձը կարող է դիմել դատական պաշտպանության: Այլ կերպ ասած` անձի սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանությունը կարող է իրականացվել օրենսդրի կողմից սահմանված այն ժամկետներում, որոնց ընթացքում միայն հնարավոր կլինի վերականգնել խախտված իրավունքը (տե'ս, Կարո Միքայելյանն ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

Միաժամանակ օրենսդիրը սահմանել է նաև իրավունքի պաշտպանության համար ժամկետներ, որի ընթացքում հնարավոր է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսված ձևով իրականացնել օրենքով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը:

Այսպիսով ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ, ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձը հավաստի տեղեկություններ է ունենում իր իրավունքի խախտման փաստի մասին: Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվելու համար անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը բավարար հիմքեր ունենա համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է (տե'ս, Իրինա Մանասերյանի ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12012022 թվականի որոշումը):

«Ինգո-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02072021 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, իր՝ 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ` «(…) Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով։ Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը։

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում։ Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից։ Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված՝ իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում։ Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։

Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն (ընդգծումը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի): Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով։

(...) Վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։

ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով (տե'ս, «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հայցը հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից: Ինչ վերաբերում է հայցային վաղեմության ընթացքի ընդհատմանը, ապա վերջինիս յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին (տե'ս, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, ընդ որում՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել`

1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.

2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.

3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նաև այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ`

1) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը.

2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 533-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը (ստացողը), ում մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, իրավունք ունի մատակարարին ներկայացնել սույն օրենսգրքի 491 հոդվածով նախատեսված պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ մատակարարման հարաբերություններին, որպես կանոն, բնորոշ են կողմերի միջև ձևավորվող տևական կապերը, և մատակարարման պայմանագիրը հաճախ կնքվում է երկարատև ժամանակահատվածի ընթացքում պարտավորությունը մաս-մաս կատարելու համար։ Այդ պատճառով մատակարարման պայմանագրով հաճախ նախատեսվում է պայմանագրի կատարման ժամկետների բազմազանություն կամ իրերը որոշակի խմբաքանակներով և ժամկետներում հանձնելու պարտականություն, որը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածից, ըստ որի՝ մատակարարը պարտավորվում է ապրանքը գնորդին հանձնել որոշակի ժամկետում կամ ժամկետներում։ Նման պարագայում հայցային վաղեմության ժամկետի ընթացքում մատակարարման պայմանագրով պարտապանի կողմից պայմանագրի կատարմանն ուղղված գործողությունը դիտվում է որպես ամբողջ պայմանագրի՝ ընդհանուր պարտավորության ճանաչմանն ուղղված գործողություն, ոչ թե միայն պարտավորության կոնկրետ մասով նախատեսված պարտքի ընդունում (տե'ս «Գորիսի «Միկրոշարժիչ» ԲԲԸ-ն ընդդեմ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ3/0787/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների միջև առկա պարտավորական հարաբերություններում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան պատշաճ կարգով կատարել իր պարտավորությունը, իսկ այն չկատարելու կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելու պարագայում կարող է վրա հասնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Մասնավորապես, պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու արդյունքում պարտատիրոջ մոտ ծագում է դրա հետևանքով իր խախտված իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարելու, այդ թվում՝ սահմանված կարգով դատարան հայց հարուցելու իրավունքը։ Ընդ որում, այդ իրավունքի իրացումը պետք է կատարվի հայցային վաղեմության ժամկետի ընթացքում։ Տվյալ դեպքում, մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար, իսկ գնորդը պարտավոր է իրեն հանձնված ապրանքի դիմաց վաճառողի օգտին վճարումը կատարել պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգի և ձևի պահպանմամբ։ Ընդ որում, վաճառողն իրավունք ունի գնորդի կողմից վճարելու պարտականությունը կատարելուց անհիմն հրաժարվելու դեպքում պահանջել կատարելու այն, իսկ ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում գնորդն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը կամ պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով: Եթե անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով փոխարինելու պարտավորությունը ստանձնելիս՝ այդ պարտավորության կատարման ժամկետ նախատեսված չէ, ապա կիրառելի է ողջամիտ ժամկետում պարտավորությունը կատարելու վաճառողի պարտականությունը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պահից, երբ գնորդը բավարար հիմքեր ունի եզրահանգելու, որ վաճառողը չի կատարում նախապես ներկայացված անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող պատշաճ որակի ապրանքով փոխարինելու պահանջը, գնորդի մոտ ծագում է ապրանքի համար վճարված գումարը վերադարձնելու պահանջ ներկայացնելու իրավունքը և այդ պահից նշված պահանջի նկատմամբ սկսում է հոսել հայցային վաղեմության ժամկետի ընթացքը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 11062013 թվականի թիվ ԱՎԴ/0043/04/12 վճռով Արման Սմբատյանը ճանաչվել է սնանկ։ Վերջինիս սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ջիվանշիր Աֆյանը։

Ըստ 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին տրված «Ստացական» վերտառությամբ համապատասխան փաստաթղթերի՝ Մահեր Մասրին Արման Սմբատյանից ստացել է ընդհանուր 17.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: Ուշագրավ է, որ նշված փաստաթղթերում բացակայում է պարտավորությունների կատարման ժամկետը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչի 22.12.2016 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման պատճենի համաձայն` «(...) Արման Սմբատյանը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականին ծանոթացել, ապա մտերմացել է Մահեր Մասրիի և նրա գործընկեր Արա Հաբիբի հետ՝ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան 3/1 հասցեում գտնվող Մ. Մասրիի օգտագործված հագուստների վաճառքի խանութում: Դրանից հետո Մահեր Մասրիի առաջարկով և իր ցանկությամբ ինքն էլ է սկսել զբաղվել օգտագործված հագուստների վաճառքով, վարձակալել է խանութ, ապրանքները գնել է Մահեր Մասրիից: 2008 թվականին Մահեր Մասրին իրենից պարտքով գումար է խնդրել` մոտ 60.000.00 ԱՄՆ դոլար, ինքը գրավադրել է ընկերոջ տունը, ստացել վարկ` 17.000.000 ՀՀ դրամի չափով, վարկը ստացել է մաս-մաս` 2008 թվականի նոյեմբերի 6-ին, 2008 թվականի նոյեմբերի 11-ին և 2008 թվականի նոյեմբերի 13-ին` համապատասխանաբար` 5.000.000, 5.000.000, 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: Գումարը ստանալուց հետո վերածել է ԱՄՆ դոլարի և ստանալու օրերին` 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին անձամբ փոխանցել է Մահեր Մասրիին, ինչի վերաբերյալ կազմել են ստացականներ, վերջին փոխանցման օրը` 13.11.2008 թվականին Մահեր Մասրին ՀՀ-ից բացակայել է, ինքն այդ օրը գումարը փոխանցել է Արա Հաբիբի կամ Մուհամմադ Տուրիֆին, իսկ երբ 2008 թվականի նոյեմբերի 16-ին Մահեր Մասրին վերադարձել է նա ստորագրել է նաև 3-րդ ստացականը տրման օրով՝ նոյեմբերի 13-ով: Որպես թարգմանիչ հանդես է եկել Արա Հաբիբը, ով ևս ստորագրել է ստացականներում: Հետագայում Մահեր Մասրին հայտնել է, որ ցանկանում է պարտքը վերադարձնել կամ նույն չափով տալ ապրանքներ: Ապրանքները տեսնելուց հետո ինքը հասկացել է, որ դրանք լավը չեն, չի ընդունել և պահանջել է վերադարձնել գումարը: Նշված 56.000 ԱՄՆ դոլար գումարի շուրջ խոսակցությունները սկսվել են 2013 թվականի հոկտեմբերին: (...):

Նախաքննության ընթացքում Արման Սմբատյանը քննությանն է ներկայացրել «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության Կենտրոն մասնաճյուղից ստացված իր բանկային հաշվի քաղվածքը, որտեղ արձանագրված է, որ 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին Ա.Սմբատյանին տրամադրվել է վարկ՝ համապատասխանաբար 5.000.000 ՀՀ դրամ, 5.000.000 ՀՀ դրամ և 7.000.000 ՀՀ դրամ գումարների չափով:

(...) Մուհամմադ Անասի Տուրիֆը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունքներ է տվել այն մասին, որ Մահեր Մասրին հանդիսանում է քրոջ ամուսինը (...): Մահեր Մասրիի հետ աշխատելու ընթացքում նրա միջոցով ծանոթացել է Արման Սմբատյանի հետ: Ա.Սմբատյանը նույնպես խանութ է բացել և զբաղվել հագուստների վաճառքով: Մի քանի տարի Ա.Սմբատյանը ապրանքներ գնել է Մ.Մասրիից (...):

(...) Թեև նախաքննության ընթացքում Արա Հաբիբը վկայի դատավարական կարգավիճակում 21.01.2015 թվականին ցուցմունք է տվել այն մասին, որ ստացականները տեսնում է առաջին անգամ, նման ստացականներ Մահեր Մասրիի համար երբեք չի թարգմանել, նման ստացականներ չի ստորագրել, սակայն Արման Սմբատյանի և Արա Հաբիբի միջև կատարված առերես հարցաքննության ժամանակ վերջինս հայտնել է, որ դրանցում առկա ստորագրություններն իրենն ու Մահեր Մասրիինն են, կարող է նման բան եղել է և ինքը չի հիշում, բայց ինքը Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի գումարային հարցերին չի խառնվել։

(...) Արման Սմբատյանի կողմից փաստաթուղթ կեղծելու հանգամանքը հիմնավորելու անհնարինության պայմաններում նախաքննության ընթացքում չի հիմնավորվել ինչպես Մահեր Մասրիի կողմից գիտակցաբար հանցագործության մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու հանգամանքը, այնպես էլ Արա Հաբիբի և Մուհամմադ Տուրիֆի կողմից սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքները:

Որոշվել է թիվ 09136714 քրեական գործով վարույթը կարճել (...)»:

Համաձայն Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Վ. Բաբայանի՝ 11.12.2014 թվականի «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրության՝ Մահեր Մասրին հայտնել է, որ 27.11.2014 թվականին փոստային կապով իր խանութ է ստացվել Արման Սմբատյանի ուղարկած նամակը, որով նրան ծանուցվել է Արման Սմբատյանի կողմից իբր տրված 17.000.000 ՀՀ դրամը վերադարձնելու պահանջի մասին:

Կառավարիչը 28.10.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մահերի Մասրիի՝ 55.741 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու պահանջի մասին՝ որպես հայցի փաստական հիմք վկայակոչելով 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին և 13.11.2008 թվականին կազմված ստացականները։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով 20.07.2016 թվականին կայացված վճռով Կառավարչի հայցը մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև չկա փոխառության իրավահարաբերություն, քանի որ բացակայում է նման իրավահարաբերության ծագման համար հիմք հանդիսացող փաստը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածներով նախատեսված փոխառության գործարքը և, որ նշված ապացույցներով չի հիմնավորվում նաև կողմերի միջև պարտավորական իրավահարաբերություններ առաջանալու փաստը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24112016 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ տվյալ դեպքում հայցի առարկան (պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը) փոխառության տրված գումարը վերադարձնելու պահանջն է, հայցի փաստական հիմքում ընկած են 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականի և 13.11.2008 թվականի ստացականները, իսկ իրավական հիքմում դրվել են փոխառության իրավահարաբերությունների վերաբերող նյութական իրավունքի նորմերը, հետևաբար, հաշվի առնելով ներկայացված հայցի հիմքը և առարկան, Դատարանը պետք է նախևառաջ պարզեր սույն իրավահարաբերության համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա իրավաբանական փաստերի շրջանակը և նոր միայն հաստատեր այս կամ այն փաստը, իսկ տվյալ դեպքում ինչպես արդեն վերը նշվեց սույն իրավահարբերությունում ապացուցման էր ենթակա կողմերի միջև փոխառության հարաբերությունների առկայությունը, ինչն էլ Դատարանը հաստատված չի համարել և Դատարանի այդ եզրահանգումը չի վիճարկվում կողմերի կողմից: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարել Դատարանի հաստատած այն փաստը, որ «ԱՁ Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի միջև առկա են եղել առևտրային հարաբերություններ, որ Արման Սմբատյանը ապրանքի դիմաց Մահեր Մասրիին վճարել է 17.000.000 ՀՀ դրամ, և վերջինիս կողմից անորակ ապրանքներ ներկրելու պատճառով, ապրանքները հետ է վերադարձվել պատասխանողին (…)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2017 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Հայցվորը, սույն գործով 27.07.2016 թվականին դիմելով Դատարան, հայցադիմումի հիմքում դրել է այն փաստերը, որ ԱՁ Արման Սմբատյանի և պատասխանող Մահեր Մասրիի միջև 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականն և 13.11.2008 թվականի ստացականների կազմմամբ կնքվել է առուվաճառքի և մատակարարման խառը պայմանագիր, որով պատասխանողը ԱՁ Արման Սմբատյանից ստացել է ընդհանուր առմամբ 17.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, որի դիմաց պարտավորվել է ԱՁ Արման Սմբատյանին հանձնել օգտագործված հագուստ: Հայցվորը հայտնել է, որ ստանալով հագուստեղենը՝ Արման Սմբատյանը այն անորակ լինելու պատճառով վերադարձրել է Մահեր Մասրիին, որն այն ընդունել է և խոստացել է փոխարինել նոր ապրանքով: Չկատարելով խոստումը՝ բազմիցս հավաստիացրել է Արման Սմբատյանին, որ եթե ապրանքը չնորացնի, ապա պարտավորվում է ստացած գումարներն ամբողջությամբ վերադարձնել:

Նշել է, որ 2013 թվականի հոկտեմբերին դիմել է պատասխանողին դրամական միջոցները վերադարձնելու խնդրանքով, սակայն վերջինս առ այսօր չի կատարել իր պարտավորությունները: Ավելին, 23.09.2014 թվականին ծանուցել է վերջինիս սահմանված կարգով պարտավորությունը կատարելու բովանդակությամբ, սակայն պատասխանողը, ստանալով ծանուցումը, իր դրամական պարտավորությունը կրկին չի կատարել:

Պատասխանող Մահեր Մասրիի ներկայացուցիչը գործի քննության ընթացքում առարկելով հայցի դեմ՝ միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 01.10.2020 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժել է՝ հետևյալ պատճառաբանությամբ «(․․․) Փաստորեն, Արման Սմբատյանի կողմից անորակ ապրանքի մասին Մահեր Մասրիին իրազեկվել է և դրանք չընդունելու և գումարը վերադարձնելու մասին խոսակցությունները սկսվել են 2013 թվականի հոկտեմբեր ամսից, իսկ Արման Սմբատյանի կողմից գրավոր պահանջ՝ գումարը վերադարձնելու մասին, Մահեր Մասրիին ներկայացվել 27112014 թվականին։

Վերը նշված իրավական վերլուծությունները հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով՝ Դատարանը գտնում է, որ սույն գործով Արման Սմբատյանի մոտ ծագել է պարտավորության կատարում պահանջելու իրավունքը դեռևս 2013 թվականի հոկտեմբեր ամսից, իսկ Մահեր Մասրին պարտավոր էր կատարել պարտավորությունը պարտատաիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո յոթնօրյա ժամկետում, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը հոսում է Մահեր Մասրիի մոտ պարտավորության կատարման՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված ժամկետների ավարտից հետո՝ 2013 թվականի հոկտեմբեր ամսից։

Այսինքն, Արման Սմբատյանը, դեռևս 2013 թվականի հոկտեմբեր ամսից պարտավորությունը կատարելու պահանջ ներկայացնելով, իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր նեթադրյալ իրավունքի խախտման փաստի մասին, հետևաբար՝ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ենթակա է հաշվարկման վերը նշված նորմերի իրավակարգավորման հիմքով 2013 թվականի հոկտեմբեր ամսից, և այդ ժամանակվանից Արման Սմբատյանի, իսկ վերջինիս սնանկ ճանաչելու հիմքով վերջինիս սնանկության գործով կառավարչի մոտ առաջացել է իր դատական պաշտպանության մասին հայց հարուցելու իրավունք մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը, մինչդեռ, Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչը սույն հայցը հարուցել է 27072016 թվականին, այսինքն, հայցվոր կողմն իր ենթադրյալ խախտված իրավունքի դատական պաշտպանության համար հայցը հարուցել է իրավունքի պաշտպանության համար օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամանակահատվածի ընթացքում։

Բացի այդ, հայցվոր կողմը նաև հայց է հարուցել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան 28102014 թվականին, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի հիմքով համարվում է հայցային վաղեմության ժամկետի ընդհատում։ (․․․)»։

Դատարանը հայցի մասնակի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արման Սմբատյանի կողմից 17.000.000 ՀՀ դրամ Մահեր Մասրիին տրամադրելու պայմաններում համապատասխան ապրանքներն անորակ լինելու պատճառով վերջինիս կողմից ապրանքները Մահեր Մասրիին վերադարձնելու և նշված գումարն Արման Սմբատյանի կողմից հետ վերադարձնելու պահանջի պայմաններում անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարչի հայցը՝ Մահեր Վալիդի Մասրիից հօգուտ ԱՁ Արման Արմենի Սմբատյանի 55.741 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասին պետք է բավարարել և, հաշվի առնելով, որ ըստ վերը նշված ստացականներով ընդհանուր գումարը կազմում է 17.000.000 ՀՀ դրամ, իսկ այդ ժամանակ այն համարժեք է եղել 55.741 ԱՄՆ դոլարին, հետևաբար Մահեր Վալիդի Մասրիից հօգուտ ԱՁ Արման Արմենի Սմբատյանի սնանկության հաշվեհամարին պետք է բռնագանձել 17.000.000 ՀՀ դրամ՝ որպես անպատշաճ որակի ապրանք մատակարարելու համար նախապես վճարված ու վերադարձման ենթակա գումար:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ հայցային վաղեմության եռամյա ժամկետը սկսել է հոսել 2013 թվականի հոկտեմբեր ամսից, և հայցը հարուցվել է 27.07.2016 թվականին՝ առանց հայցային վաղեմության ժամկետի խախտման:

Վերը հիշատակված իրավանորմերի, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների և ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը վկայակոչված որոշմամբ արտահայտած դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ԱՁ Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանի հայցը հայցային վաղեմության ժամկետի ընթացքում ներկայացված լինելու փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ե՞րբ է անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանը իր սուբյեկտիվ ընկալմամբ հաստատապես համոզված եղել իր իրավունքի խախտման մասին, ինչն էլ հիմք է հանդիսացել իր կողմից Մահեր Մասրիին 17.000.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մահեր Մասրիի ստանձնած պարտավորությունը չի նախատեսել դրա կատարման ժամկետ և չի պարունակել ժամկետի որոշման պայմաններ, ինչի բացակայության պայմաններում վերջինս այդ պարտավորությունը պետք է կատարեր պարտավորության ծագումից հետո՝ ողջամիտ ժամկետում։ Հետևաբար, անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի մոտ իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը, ըստ էության, սկսում է հոսել Մահեր Մասրիի մոտ պարտավորության կատարման՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված ժամկետների ավարտից հետո, երբ հայցվորի մոտ կծագեր պարտավորության կատարում պահանջելու իրավունք։ Տվյալ դեպքում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչի 22.12.2016 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը և ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի կողմից Մահեր Մասրիից 11.12.2014 թվականին վերցրած բացատրության արձանագրությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 59-րդ և 67-րդ հոդվածների իմաստով դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք պարունակում են սույն գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ, մասնավորապես՝ թե երբ է պարտատիրոջ մոտ ծագել պարտավորության կատարում պահանջելու իրավունքը:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի կողմից Մահեր Մասրիից 11.12.2014 թվականին վերցրած բացատրության արձանագրությամբ Մահեր Մասրին հայտնել է, որ «27.11.2014 թվականին փոստային կապով Ե.Թադևոսյան 3/1 հասցեում գտնվող իր խանութ է ստացվել քաղաք Երևան Բագրատունյաց 18 շենք 101–102 բնակարանի բնակիչ Արման Սմբաստյանի ուղարկած նամակը, որով իրեն ծանուցել է իր կողմից իբր տրված վերոհիշյալ գումարը՝ 17.000.000 ՀՀ դրամը վերադարձնելու իր պահանջի մասին»։ Այսինքն, Արման Սմբատյանը, դեռևս 27112014 թվականից, երբ համապատասխան ծանուցմամբ Մահեր Մասրիին իրազեկել է հանձնված անորակ ապրանքների և դրանք չընդունելու, ուստիև՝ գումարը վերադարձնելու մասին, արդեն իսկ համոզված է եղել իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում, հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ենթակա է հաշվարկման 2014 թվականի նոյեմբերի 27-ից, այսինքն այն պահից, երբ գնորդը բավարար հիմքեր ուներ եզրահանգելու, որ վաճառողը չի կատարում նախապես ներկայացված անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելու պահանջը։ Այսինքն, այդ պահից էլ գնորդի մոտ ծագում է ապրանքի համար վճարված գումարը վերադարձնելու պահանջ ներկայացնելու իրավունք։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գնորդի իրավունքների խախման պահ է արձանագրում այն պահը, երբ վերջինս հաստատապես իմացել է, որ վաճառողն իր պարտավորությունը չի կատարելու, որպիսի պահը համընկնում է այն պահի հետ, երբ գնորդը 27112014 թվականին ներկայացրել է գումարը վերադարձնելու մասին գրավոր պահանջը, ինչը նշանակում է, որ 27112014 թվականից արդեն Արման Սմբատյանի (վերջինիս սնանկ ճանաչվելուց հետո՝ սնանկության գործով կառավարչի) մոտ առաջացել է դատական պաշտպանության դիմելու իրավունք։ Տվյալ դեպքում, Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչը դատական պաշտպանության է դիմել 27072016 թվականին, այսինքն՝ իրավունքի պաշտպանության համար օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամանակահատվածում։

Այսպիսով, հայցվորը, դատական պաշտպանության դիմելով 27.07.2016 թվականին, պահպանել է հայցային վաղեմության ժամկետը։

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի պնդմանն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սահակյանի 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննությամբ հաստատվում է, որ Արման Սմբատյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2009 թվականի հունվարին, մինչդեռ հայցադիմումը դատարան է ներկայացրել 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ապա նշված փաստարկը հիմնավոր չէ այնքանով, որքանով տվյալ ապացույցը բավարար չէ հաստատելու համար, որ անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանը պահանջ է ներկայացրել Մահեր Մասրիին 2009 թվականի հունվարին, ավելին՝ այդ ապացույցը չի բովանդակում տեղեկություններ առ այն, թե ինչ ժամկետներում է Արման Սմբատյանը պատասխանողից պահանջել վերադարձնելու ետ վերադարձված ապրանքների համար վճարված գումարը: Այսինքն՝ սույն դեպքում չի ապացուցվել, որ Արման Սմբատյանը հենց 2008 թվականի նոյեմբեր ամսից երկու ամիս հետո է ապրանքների թերությունների հետ կապված Մահեր Մասրիին պահանջներ ներկայացրել՝ սույն գործով պահանջվող 17.000.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու վերաբերյալ։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը՝ կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով»։

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար չհամարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, Մահեր Մասրիի վճռաբեկ բողոքը մերժել է, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշումը թողել է անփոփոխ՝ նույն որոշման պատճառաբանություններով:

 

Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգման գալու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս կամ օրինական ուժի մեջ թողնելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու շարժառիթ, ըստ էության, բացառապես նշել է այն, որ՝

- «Մահեր Մասրիի ստանձնած պարտավորությունը չի նախատեսել դրա կատարման ժամկետ և չի պարունակել ժամկետի որոշման պայմաններ, ինչի բացակայության պայմաններում վերջինս այդ պարտավորությունը պետք է կատարեր պարտավորության ծագումից հետո՝ ողջամիտ ժամկետում»,

- «ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի կողմից Մահեր Մասրիից 11.12.2014 թվականին վերցրած բացատրության արձանագրությամբ Մահեր Մասրին հայտնել է, որ «27.11.2014 թվականին փոստային կապով Ե.Թադևոսյան 3/1 հասցեում գտնվող իր խանութ է ստացվել քաղաք Երևան Բագրատունյաց 18 շենք 101–102 բնակարանի բնակիչ Արման Սմբաստյանի ուղարկած նամակը, որով իրեն ծանուցել է իր կողմից իբր տրված վերոհիշյալ գումարը՝ 17.000.000 ՀՀ դրամը վերադարձնելու իր պահանջի մասին»։ Այսինքն, Արման Սմբատյանը, դեռևս 27112014 թվականից, երբ համապատասխան ծանուցմամբ Մահեր Մասրիին իրազեկել է հանձնված անորակ ապրանքների և դրանք չընդունելու, ուստիև՝ գումարը վերադարձնելու մասին, արդեն իսկ համոզված է եղել իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում, հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ենթակա է հաշվարկման 2014 թվականի նոյեմբերի 27-ից, այսինքն այն պահից, երբ գնորդը բավարար հիմքեր ուներ եզրահանգելու, որ վաճառողը չի կատարում նախապես ներկայացված անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելու պահանջը։ Այսինքն, այդ պահից էլ գնորդի մոտ ծագում է ապրանքի համար վճարված գումարը վերադարձնելու պահանջ ներկայացնելու իրավունք։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գնորդի իրավունքների խախման պահ է արձանագրում այն պահը, երբ վերջինս հաստատապես իմացել է, որ վաճառողն իր պարտավորությունը չի կատարելու, որպիսի պահը համընկնում է այն պահի հետ, երբ գնորդը 27112014 թվականին ներկայացրել է գումարը վերադարձնելու մասին գրավոր պահանջը, ինչը նշանակում է, որ 27112014 թվականից արդեն Արման Սմբատյանի (վերջինիս սնանկ ճանաչվելուց հետո՝ սնանկության գործով կառավարչի) մոտ առաջացել է դատական պաշտպանության դիմելու իրավունք։ Տվյալ դեպքում, Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչը դատական պաշտպանության է դիմել 27072016 թվականին, այսինքն՝ իրավունքի պաշտպանության համար օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամանակահատվածում։

Այսպիսով, հայցվորը, դատական պաշտպանության դիմելով 27.07.2016 թվականին, պահպանել է հայցային վաղեմության ժամկետը»։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Մահեր Մասրիի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում նշված այն հիմնավորմանը, որ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սահակյանի 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննությամբ հաստատվում է, որ Արման Սմբատյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2009 թվականի հունվարին, մինչդեռ հայցադիմումը դատարան է ներկայացրել 2016 թվականի հուլիսի 27-ին», արձանագրել է, որ «նշված փաստարկը հիմնավոր չէ այնքանով, որքանով տվյալ ապացույցը բավարար չէ հաստատելու համար, որ անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանը պահանջ է ներկայացրել Մահեր Մասրիին 2009 թվականի հունվարին, ավելին՝ այդ ապացույցը չի բովանդակում տեղեկություններ առ այն, թե ինչ ժամկետներում է Արման Սմբատյանը պատասխանողից պահանջել վերադարձնելու ետ վերադարձված ապրանքների համար վճարված գումարը: Այսինքն՝ սույն դեպքում չի ապացուցվել, որ Արման Սմբատյանը հենց 2008 թվականի նոյեմբեր ամսից երկու ամիս հետո է ապրանքների թերությունների հետ կապված Մահեր Մասրիին պահանջներ ներկայացրել՝ սույն գործով պահանջվող 17.000.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու վերաբերյալ»։

Կարծում ենք, որ վերը նշվածը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու համար հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների՝ պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն այս հարցում կարևորել է կողմերի վարքագծի բացահայտումը և գնահատումը (տե՛ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով։ Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը։

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է նաև, որ բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում։ Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից։ Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված՝ իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում։ Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ Ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով։ Վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը և 337-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

Տվյալ դեպքում, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Սահակյանի 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրության հետազոտումից պարզվում է, որ թիվ 09136714 քրեական գործով վկա Արման Սմբատյանի կողմից ներկայացվել են թվով երկու լազերային սկավառակներ, որոնց վրա առկա են խոսակցությունների ձայնագրառումներ։ Այդ խոսակցությունները տեղի են ունեցել Արման Սմբատյանի և Մահեր Մասրիի միջև։ Նշված խոսակցությունների վերծանման հետազոտմամբ պարզվում է, որ ինչ-որ ապրանքի դիմաց Արման Սմբատյանը Մահեր Մասրիին տվել է 17000000 ՀՀ դրամ, Մահեր Մասրիի հայտարարության համաձայն՝ վերջինս այդ խոսակցությունները կատարելու պահի դրությամբ արդեն չորս տարի բանկում «փակել է» Արման Սմբատյանի վարկը, իսկ Արման Սմբատյանն ապրանքը վերցնելուց հետո երկու ամիս անց այն հետ է վերադարձրել Մահեր Մասրիին՝ անորակ լինելու պատճառով, վերջինս ընդունել է ապրանքը հետ վերադարձված լինելու փաստը՝ այն պայմանավորելով նաև իր ընկերը լինելու հանգամանքով, և կրկին հայտարարել է, որ ինքը Արման Սմբատյանի վարկն է «փակել»։

Հիմք ընդունելով վերը նշված խոսակցությունների վերծանման բովանդակությունը՝ կարծում եմ, որ հնարավոր է հիմնավոր հետևություն անել այն մասին, որ Արման Սմբատյանը, դժգոհ լինելով Մահեր Մասրիի կողմից իրեն հանձնված ապրանքների որակից, դրանք վերջինիս է վերադարձրել ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում, սակայն դրա դիմաց չի ստացել իր վճարած գումարը՝ այն պահանջելով առնվազն հեռախոսային խոսակցությունների ժամանակ։ Իր հերթին, Մահեր Մասրին գումարը չվերադարձնելը պայմանավորել է Արման Սմբատյանի փոխարեն իբրև նրա վարկային պարտավորությունը շուրջ չորս տարի կատարելու հանգամանքով։

Նման պայմաններում կարծում եմ, որ առնվազն այդ խոսակցությունները տեղի ունենալու պահի դրությամբ Արման Սմբատյանն արդեն իսկ գիտեր կամ առնվազն պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Դրանից ելնելով՝ գտնում ենք, որ հայցային վաղեմության ժամկետի մեկնարկի սկիզբը պարզելու համար սույն գործով էական նշանակություն ունի այն, թե ե՞րբ են ապրանքները վերադարձվել, ե՞րբ են տեղի ունեցել հեռախոսային խոսակցությունները, որից հետո նոր միայն պարզել՝ արդյո՞ք սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել հայցային վաղեմության ժամկետի ընթացքում։ Ընդ որում, նշվածը հնարավոր է՝ բացառապես գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու արդյունքում` սահմանելով նոր քննության ծավալը։

Վերոգրյալի հիման վրա հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ այն մասին, որ «հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ենթակա է հաշվարկման 2014 թվականի նոյեմբերի 27-ից, այսինքն այն պահից, երբ գնորդը բավարար հիմքեր ուներ եզրահանգելու, որ վաճառողը չի կատարում նախապես ներկայացված անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելու պահանջը»։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Դատավոր`

Ա. Աթաբեկյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական: