Գլխավոր տեղեկություն
Համար
հ. 87
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (30.12.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.12.20/19(61)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Ընդունման ամսաթիվ
14.11.2000
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ

 

14.11.2000 թ.
Երևան

հ. 87

 

ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում ճշգրտություն, միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

հաստատել հայերեն գրավոր և բանավոր խոսքում դասական թվականների գործածության կանոնները:

 

Լ. Գալստյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ լեզվի պետական տեսչության
հմ. 87 հրամանով 14 նոյեմբերի 2000 թ.

 

 ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Նկատի ունենալով, որ պաշտոնական փաստաթղթերում և այլ գրություններում անմիօրինակություն է ստեղծվել արաբական թվանշաններով արտահայտվող դասական թվականները գործածելիս, այսինքն` անհրաժեշտ մասնիկները (-ին, -րդ) երբեմն գրվում, երբեմն չեն գրվում (օրինակ` 1-ին կետ, 1 կետ, 2-րդ հոդված, 2 հոդված, 3-րդ գլուխ, 3 գլուխ, 4-րդ նկար, 4 նկար և այլն), գործող կանոնների միասնականացման, ճշգրտման և անկանոնության վերացման նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ կանոններով.

1. Դասական թվականները արաբական թվանշաններով արտահայտելու դեպքում անհրաժեշտ մասնիկները միշտ գրել. օրինակ` 1-ին կետ, 2-րդ հոդված, 3-րդ գլուխ, 4-րդ նկար, 5-րդ վարժություն, 8-րդ աղյուսակ և այլն:

2. Թվականների` առանց նշված մասնիկների գործածությունը թույլատրելի համարել հետադաս կիրառության դեպքում` վերնագրերում, ենթավերնագրերում, հղումներում և այլն. օրինակ` կետ 1, հոդված 2, գլուխ 3, մաս 4, «Աշխատանքից ազատվել է հաստիքների կրճատման պատճառով. հիմքը` ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 36, կետ 1»:

3. Հետադաս դիրքում անթույլատրելի համարել դասականի իմաստ արտահայտող թվանշանները և տառերը հոլովված ձևերով և հոդերով գործածելը, այսինքն` գրել ոչ թե կետ 1-ի, գլուխ II-ով, մաս գ-ից, բաժին 4-րդի, նկար 5-ը, սյունակ VI-ը և այլն, այլ 1-ին կետի, II գլխով, գ մասից, 4-րդ բաժնի, 5-րդ նկարը (ն), VI սյունակը (ն) և այլն:

 

Ծանոթություն 1: Սույն կանոնը չի վերաբերում անձնանունների հետ գործածվող հատուկ անվան արժեք ունեցող թվականներին: Նման դեպքերում հոլովվում և հոդ ստանում է միայն թվականը, օրինակ` Տիգրան Առաջինի, Արշակ Երկրորդով, Խոսրով Երրորդը (ն) և այլն:

Ծանոթություն 2: Հայոց այբուբենի տառերով արտահայտված դասական թվականները անձնանունների հետ գործածվելիս կարդացվում են ոչ թե տառանվամբ, այլ այնպես, ինչպես դասական թվականները: Այսինքն` պետք է արտասանել ոչ թե Տիգրան Ա, Արշակ Բ, Խոսրով Գ, այլ Տիգրան Առաջին, Արշակ Երկրորդ, Խոսրով Երրորդ և այլն:

Ծանոթություն 3: Թվարկման դեպքում հայոց այբուբենի տառերով արտահայտված դասական թվականները կարող են կարդացվել նաև ըստ հնչման, այսինքն` 1-ին հոդվածի ա (կամ առաջին) կետ, II բաժնի բ (կամ երկրորդ) պարբերություն և այլն:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 նոյեմբերի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400143