Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (19.09.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.1992
Ստորագրման ամսաթիվ
24.02.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, ձգտելով ստեղծել նպաստավոր պայմաններ` հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա տնտեսական համագործակցության և առևտրական հարաբերությունների համաչափ զարգացման համար, որոշեցին կնքել սույն Համաձայնագիրը և պայմանավորվեցին հետևյալի մասին:

 

Հոդված 1

Պայմանավորվող կողմերը, յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն, կաջակցեն երկու երկրների միջև փոխադարձ տնտեսական և առևտրական հարաբերությունների զարգացմանը:

 

Հոդված 2

Պայմանավորվող կողմերը իրենց երկրների ծագում ունեցող ապրանքների արտահանման և ներմուծման համար միմյանց կընձեռեն առավել բարենպաստ պայմաններ, քան կիրառվում է երրորդ երկրների ապրանքների նկատմամբ:

Վերոհիշյալ կարգը չի տարածվում այն առավելությունների և արտոնությունների վրա, որոնք երկու երկրները տրամադրում են կամ կտրամադրեն`

ա) հարևան երկրների հետ սահմանամերձ առևտրին,

բ) այն երկրների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության հետ մասնակցում են մաքսային միությանը, ազատ առևտրի գոտուն կամ տնտեսական համագործակցության տարածաշրջանային ասոցիացիաներին, որոնք արդեն ստեղծված են կամ կստեղծվեն ապագայում:

 

Հոդված 3

Պայմանավորվող կողմերը, իրենց իրավասության սահմաններում և յուրաքանչյուր երկրի օրենսդրությանը համապատասխան, կաջակցեն երկու երկրների համագործակցությանը ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառներում, մասնավորապես` շինարարության, շինանյութերի, քիմիական, մետաղագործական արդյունաբերության, գյուղատնտեսության, գյուղմթերքների մշակման և պահպանման, առևտրի, ֆինանսական ոլորտի, բանկային գործի, զբոսաշրջության, առողջապահության մեջ:

 

Հոդված 4

Ժողովրդական տնտեսության բնագավառում համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղիներով.

- առևտրական և տեխնիկական ներկայացուցիչների փոխանակում,

- համատեղ ձեռնարկությունների և խառը ընկերությունների ստեղծում,

- խորհրդատվական ծառայություններ,

- համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում,

- առևտրաարդյունաբերական ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպում,

- փոխադարձաբար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ձևեր:

 

Հոդված 5

Պայմանավորվող կողմերի միջև բոլոր հաշվարկները և վճարումները կիրականացվեն ազատ փոխարկելի արժույթով:

Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների միջև համաձայնության դեպքում հաշվարկները և վճարումները կարող են նաև իրականացվել յուրաքանչյուր երկրի օրենսդրությանը չհակասող այլ ձևով:

 

Հոդված 6

Ապրանքների և ծառայությունների առաքումները կիրականացվեն մի կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, մյուս կողմից` Լեհաստանի Հանրապետության տնտեսական սուբյեկտների, այսուհետ` Սուբյեկտներ, միջև կնքվող պայմանագրերի հիման վրա: Առաքվող ապրանքների և ծառայությունների գները, ինչպես նաև առաքման և հաշվարկների պայմանները կսահմանվեն պայմանագրերում:

 

Հոդված 7

Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինները, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, փոխադարձության սկզբունքների հիման վրա կաջակցեն Սուբյեկտներին` ստեղծելու ներկայացուցչություններ, տեխսպասարկման կայաններ և կետեր, որոնք կնպաստեն փոխադարձ առևտրի և ծառայությունների մատուցման զարգացմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական համագործակցության այլ հարցերի լուծմանը:

 

Հոդված 8

Պայմանավորվող կողմերը կստեղծեն հայ-լեհական համատեղ հանձնաժողով` սույն Համաձայնագրի կատարման ընթացքին հետևելու նպատակով:

Հանձնաժողովը կհավաքվի անհրաժեշտությունից ելնելով, առնվազն տարին մեկ անգամ` հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Լեհաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 9

Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները և կազմակերպությունները կանոնավոր կիրականացնեն Կողմերից յուրաքանչյուրի երկրում գործող` արտաքին տնտեսական բնագավառում իրավական կարգավորմանը վերաբերող տեղեկության փոխանակում:

 

Հոդված 10

Սույն Համաձայնագիրը չի հակասում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից ստորագրված այլ միջազգային համաձայնագրերից, կոնվենցիաներից, պայմանագրերից և արձանագրություններից բխող պարտավորություններին:

Պայմանավորվող կողմերը միմյանց տեղյակ կպահեն իրենց կողմից ստորագրված բոլոր այն միջազգային փաստաթղթերի մասին, որոնք կարող են շոշափել մյուս Կողմի շահերը:

 

Հոդված 11

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, ինչը կհաստատվի հայտարարագրերի փոխանակման ճանապարհով: Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օր է համարվում ավելի ուշ ստացված հայտարարագրի օրը:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Սույն Համաձայնագիրը կարող է լուծվել Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դիմումի համաձայն և կկորցնի իր ուժը լուծման վերաբերյալ հայտարարագրի ստացման օրվանից վեց ամիս հետո:

Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերից յուրաքանչյուրի առաջարկությամբ` փոխադարձ համաձայնության դեպքում:

Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխությունը կամ ուժը կորցնելը ուժի մեջ կլինի առանց վնաս հասցնելու Համաձայնագրից բխող կամ նրա հիման վրա մինչ այդ ընդունված իրավունքներին և պարտավորություններին:

Կատարված է Վարշավա քաղաքում 1992 թվականի փետրվարի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լեհերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը ունեն միատեսակ ուժ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 19-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան