Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (20.08.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.09.1994
Ստորագրման ամսաթիվ
20.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.1998

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը և Ռումինիայի հետազոտության և տեխնոլոգիայի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

 Սույն Համաձայնագրի պայմանների և յուրաքանչյուր երկրում գործող օրենսդրության ու կանոնակարգերի համաձայն` Կողմերը կաջակցեն և կզարգացնեն համագործակցություն երկու երկրների հետազոտական կազմակերպությունների, հաստատությունների և տեխնոլոգիական մարմինների միջև` գիտության և տեխնոլոգիայի բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համագործակցությունը մասնավորապես ընդգրկում է հետևյալ բնագավառները.

ա) համատեղ հետազոտություններ, ծրագրերի մշակում և նախագծում, ներառյալ դրանց արդյունքների փոխանակումը, ինչպես նաև այդ աշխատանքների հետ կապված գիտնականների ու հետազոտողների փոխանակում,

բ) մասնակցություն գիտական կոնֆերանսների, գիտաժողովների, դասընթացների, սեմինարների, ցուցահանդեսների և այլնի և դրանց կազմակերպում,

գ) գիտական և տեխնոլոգիական տեղեկության, փաստաթղթերի, սարքավորման և օգտագործվող նյութերի փոխանակում,

դ) յուրաքանչյուր երկրում հետազոտման և զարգացման (R&D) միջոցների ու գիտական սարքավորումների համատեղ օգտագործում,

ե) գիտական և տեխնիկական համագործակցության այլ ձևեր, որոնք կարող են փոխադարձ կերպով համաձայնեցվել:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Սույն Համաձայնագիրն իրականացնելու նպատակով Կողմերը կստեղծեն համատեղ կոմիտե գիտական և տեխնոլոգիական համագործակցության ուղղությամբ:

2. Համատեղ կոմիտեի խնդիրներն հետևյալներն են.

ա) համաձայնության գալ համագործակցության բնագավառների շուրջ,

բ) սույն Համաձայնագրի կատարման համար ստեղծել նպաստավոր պայմաններ,

գ) հեշտացնել և աջակցել համատեղ ծրագրերի ու նախագծերի կատարմանը,

դ) կարծիքներ փոխանակել երկկողմ գիտական և տեխնոլոգիական համագործակցության ընդհանուր հեռանկարների շուրջ և քննարկել նոր առաջարկներ համագործակցության զարգացման ուղղությամբ:

3. Համատեղ կոմիտեն սովորաբար պետք է գումարվի երկու տարին մեկ անգամ` հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Ռումինիայում, և կկնքի արձանագրություններ, որոնք կբովանդակեն համատեղ նստաշրջանների եզրակացություններն ու առաջարկությունները: Անհրաժեշտության դեպքում Համատեղ կոմիտեն կգումարվի նաև արտահերթ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

 Կողմերը կխրախուսեն ֆինանսական և այլ պայմանների հաստատումը, որը նպատակ ունի հասնելու երկարաժամկետ համագործակցության գիտական հաստատությունների, ընկերակցությունների, ընկերությունների և այլ հետազոտական ու զարգացման կենտրոնների միջև (այսուհետ` Համագործակցող գործընկերներ):

Համաձայնեցված նպատակների իրականացման նպատակով Համագործակցող գործընկերները ըստ թեմաների կկնքեն համատեղ գործունեության ծրագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրով նախատեսվող փորձագետների, գիտնականների և այլ մասնագետների փոխանակման ծախսերը կկատարվեն հետևյալ կարգով.

ՈՒղարկող կողմը վճարում է երկու երկրների միջև միջազգային փոխադրումների ծախսերը, իսկ Ընդունող կողմը հոգում է կեցության, հյուրընկալող երկրի ներսում ուղևորության և օրապահիկի ծախսերը` համաձայն յուրաքանչյուր երկրի կանոնակարգերի:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունից ստացված գիտական և տեխնոլոգիական տեղեկությունն առանց գործընկերների համաձայնության չպետք է միակողմանիորեն բացահայտվի առևտրական կամ արդյունաբերական նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի կատարման մեկնաբանման հետ կապված ցանկացած վեճ լուծվում է Համատեղ կոմիտեի շրջանակներում` Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

 Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության կապակցությամբ յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր օրենսդրության և կանոնակարգերի, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները հնարավոր լավագույն պայմաններ ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Կողմերը կծանուցեն միմյանց, որ Համաձայնագիրն հաստատվել է յուրաքանչյուր երկրի ներպետական ընթացակարգերի համաձայն: Վերջին ծանուցման օրը կհամարվի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետը:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով և կերկարաձգվի հետագա երեք տարի ժամանակահատվածներով, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցմամբ չդադարեցնի այն:

3. Համաձայնագրի դադարեցումը չպետք է վնասի սույն Համաձայնագրով նախաձեռնված և սույն Համաձայնագրի դադարեցման պահին անավարտ նախագծերի կամ ծրագրերի իրականացմանը:

 

Կատարված է Բուխարեստ քաղաքում 1994 թվականի սեպտեմբերի 20-ին, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարբեր մեկնաբանությունների դեպքում առաջնայնությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի օգոստոսի 20-ից: