Basic information
Number
N 963-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.01.2026-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2025
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.07.2025
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.07.2025
Effective date
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2025 թվականի N 963-Ն

 

«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 2028» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի «դ.17-րդ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 17-ի N 963-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 2028» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1․ Սույն կարգով սահմանվում են «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի (այսուհետ՝ սպորտային նպաստ) տրամադրման պայմանները, սպորտային նպաստի տրամադրման կարգը և չափերը։

2. Սպորտային նպաստի շահառուներ հանդիսանում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների անդամ հանդիսացող այն մարզիկները, ովքեր`

1) 2024 թվականի օլիմպիական խաղերում կամ 2025 թվականի աշխարհի մեծահասակների առաջնություններում գրավել են մրցանակային, ինչպես նաև 4-8-րդ տեղեր.

2) 2025 թվականի Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների աշխարհի առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր.

3) ձեռք են բերել 2028 թվականի Լոս Անջելեսի 34-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ.

4) աշխարհի մեծահասակների առաջնություններում 2026 կամ 2027 կամ 2028 թվականներին կգրավեն մրցանակային, ինչպես նաև 4-8-րդ տեղեր.

5) Եվրոպայի մեծահասակների առաջնություններում կամ երիտասարդների աշխարհի առաջնություններում 2026 կամ 2027 կամ 2028 թվականներին կգրավեն մրցանակային տեղեր։

3․ Սպորտային նպաստի շահառուներ են հանդիսանում նաև՝

1) սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարող մարզիկներ ունեցող Հայաստանի Հանրապետության հավաքականի գլխավոր (ավագ) և երկրորդ մարզիչները, այդ հավաքականի բժիշկը և մերսողը.

2) սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարող մարզիկների անձնական մարզիչները։

4․ Սպորտային նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ, նկատի ունենալով՝

1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում ներառված մարզիկներին, նման մարզիկներ ունեցող Հայաստանի Հանրապետության հավաքականի գլխավոր (ավագ) և երկրորդ մարզիչներին, այդ հավաքականի բժշկին և մերսողին, այդ մարզիկների անձնական մարզիչներին՝ 2026 թվականի հունվարի 1-ից.

2) սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում ներառված մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին, նման մարզիկներ ունեցող Հայաստանի Հանրապետության հավաքականի գլխավոր (ավագ) և երկրորդ մարզիչներին, այդ հավաքականի բժշկին և մերսողին՝ սույն կարգով նախատեսված սպորտային նպաստի շահառու հանդիսանալու հիմքեր ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) սպորտային նպաստը տրամադրվում է մինչև 2028 թվականի օգոստոս ամիսը ներառյալ: Իսկ այն դեպքում, երբ մարզիկի մասնակցությունը օլիմպիական խաղերին դառնում է անհնար (վարկանիշային մրցաշարերի ավարտից հետո, երբ մարզիկը չունի, և այլևս հնարավոր չէ ձեռք բերել «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ), սպորտային նպաստը տրամադրվում է մինչև անհնար լինելու հանգամանքն ի հայտ գալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը: Մարզիկին սպորտային նպաստի տրամադրումը դադարեցվելու հետ միաժամանակ դադարեցվում է նաև նրա անձնական մարզչին սպորտային նպաստի տրամադրումը.

4) Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականի գլխավոր (ավագ) և երկրորդ մարզիչների, այդ հավաքականի բժշկի և մերսողի փոփոխության դեպքում սպորտային նպաստի վճարումը դադարեցվում, իսկ նոր նշանակված մարզչի վճարումն իրականացվում է փոփոխությանը հաջորդող ամսվա 1-ից.

5) անձնական մարզչին սպորտային նպաստ տրամադրվում է տվյալ մարզիկի հետ մեկ տարուց ոչ պակաս անմիջական աշխատանքի դեպքում։

5․ Սպորտային նպաստ ստացող շահառուների հաշվառումը, փաստաթղթերի հավաքագրումը և սպորտային նպաստ տրամադրելու համար թեկնածուների առաջադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (մրցումների արձանագրությունները, հավաքական թիմերի ցուցակները՝ հաստատված մարզաձևը ներկայացնող Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի կողմից, և մարզիկի անձնագրի պատճենը):

6․ Սպորտային նպաստի ամսական չափը հետևյալն է՝

1) մարզիկ` 450.000 ՀՀ դրամ,

2) ՀՀ հավաքական թիմերի մարզիչներ (մեծահասակներ)՝

ա. գլխավոր մարզիչ՝ 350.000 ՀՀ դրամ,

բ. երկրորդ մարզիչ՝ 300.000 ՀՀ դրամ,

գ. անձնական մարզիչ՝ 300.000 ՀՀ դրամ,

դ. բժիշկ՝ 300.000 ՀՀ դրամ,

ե. մերսող՝ 300.000 ՀՀ դրամ.

3) ՀՀ հավաքական թիմերի մարզիչներ՝ (երիտասարդներ)՝

ա. ավագ մարզիչ՝ 250.000 ՀՀ դրամ,

բ. երկրորդ մարզիչ՝ 200.000 ՀՀ դրամ,

գ. անձնական մարզիչ՝ 200.000 ՀՀ դրամ:

7․ Սույն կարգի 6-րդ կետում նշված սպորտային նպաստի ամսական չափերը ներառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարներ:

8․ Սպորտային նպաստի շահառուների 1-ից ավելի չափանիշները բավարարող անձանց սպորտային նպաստ տրամադրվում է մեկ չափանիշի համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation