Basic information
Number
N 06-Ն
Type
Հրաման
Act type
Incorporation (30.07.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023
Enactment organisation
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Enactment date
14.06.2023
Signing organisation
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Signing date
14.06.2023
Effective date
21.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

14 հունիսի 2023 թ.
ք. Երևան

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ (LICENSING) ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 212-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 70-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման կարգը (Licensing)՝ համաձայն N 1 հավելվածի.

2) թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրման կարգը հաստատելու մասին» թիվ 212-Ն և 2015 թվականի մարտի 27-ի «Թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 70-Ն հրամանները:

3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը տրված վկայականների գործողության ժամկետի, վկայականում նշված որակավորման նիշերի երկարաձգումների կամ դրա մեջ փոփոխությունների կատարման նկատմամբ կիրառվում են սույն հրամանի պահանջները:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի հունիսի 14-ի

N 06-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (LICENSING)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման (Licensing) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով քաղաքացիական ավիացիայի մասնագետներ են հանդիսանում թռիչքային և սրահի անձնակազմի անդամ և վերգետնյա թռիչքային կարգավար հանդիսացող, օդային երթևեկության կառավարման մեջ ներառված, օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող այն ֆիզիկական անձինք, որոնք իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պետք է ունենան հատուկ և մասնագիտական պատրաստվածություն (այսուհետ` Ավիացիոն մասնագետ):

3. Սույն կարգը մշակվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 հավելվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) դոկ 9379-AN/916-ի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն (այսուհետ՝ թիվ 3-Ն հրաման), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի թիվ 10-Ն (այսուհետ՝ 10-Ն/2022 հրաման) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 10-Ն (այսուհետ՝ 10-Ն/2025) հրամանների պահանջների հիման վրա:

4. Ավիացիոն մասնագետի վկայականը (այսուհետ` վկայական) սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթուղթ է, որն իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ:

5. Ավիացիոն մասնագետի մոտ վկայականի առկայությունը պարտադիր է մասնագիտական գործառույթներ իրականացնելիս` բացառությամբ օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի, որը պահանջի դեպքում պետք է ներկայացնի վկայականը 24 ժամվա ընթացքում:

6. Վկայականները տրվում են հետևյալ Ավիացիոն մասնագետներին.

1) թռիչքային անձնակազմի անդամ՝ օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ),

2) վերգետնյա թռիչքային կարգավար (Flight Operation Dispatcher).

3) սրահի անձնակազմի անդամ՝ բորտուղեկցորդ (ատեստավորման վկայական),

4) օդային երթևեկության կառավարման կարգավար (այսուհետ՝ ՕԵԿ կարգավար), օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավար (այսուհետ՝ ՕԵԿ ուսանող կարգավար).

5) օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետ (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, կոմպոզիտային սավառնակ, շարժիչով կոմպոզիտային սավառնակ, օդապարիկ):

7. Վկայականները տրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից՝ Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածի, թիվ 3-Ն հրամանով հաստատված Թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (Air Crew Regulation), թիվ 10-Ն/2022 հրամանով հաստատված Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարտ-66 (Part-66) կանոնակարգի (այսուհետ՝ ՓԱՐՏ-66) և թիվ 10-Ն/2025 հրամանով հաստատված օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգի (Rules for Air Traffic Controllers Licensing and Certification) պահանջների հիման վրա:

 

2. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Վկայականի տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) հայտի պաշտոնական ներկայացման փուլ.

2) փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլ.

3) տեսական թեստավորման փուլ (Knowledge Test)).

4) գործնական ստուգման փուլ (Skill Test/License Proficiency Check (LPC)).

5) վկայագրման փուլ:

 

3. ՀԱՅՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼ

 

9. Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու, վերաթողարկելու, կրկնօրինակ ստանալու, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ կատարելու և վկայականի փոխարինման համար Կոմիտե է ներկայացնում համապատասխան հայտ և հայտով նշված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) մասնավոր օդաչուի վկայականի համար (PPL)՝ համաձայն սույն կարգի Ձև 1-ի,

2) առևտրային օդաչուի վկայականի համար (CPL)՝ համաձայն սույն կարգի Ձև 2-ի,

3) օդային տրանսպորտի օդաչուի վկայականի համար (ATPL)` համաձայն սույն կարգի Ձև 3-ի,

4) տիպի կամ դասի որակավորման (TR/CR) կամ գործիքային վարկանիշի (IR) համար` համաձայն սույն կարգի Ձև 4-ի,

5) սրահի անձնակազմի ատեստավորման համար (CC Attestation)` համաձայն սույն կարգի Ձև 5-ի,

6) վերգետնյա թռիչքային կարգավարի վկայականի համար (Flight Dispatcher)` համաձայն սույն կարգի Ձև 6-ի,

7) հրահանգչի որակավորման համար (Instructor)` համաձայն սույն կարգի Ձև 7-ի,

8) քննողի որակավորման համար (Examiner)` համաձայն սույն կարգի Ձև 8-ի,

9) վկայականի փոխարինման համար (Conversion)` համաձայն սույն կարգի Ձև 9-ի,

10) օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի համար՝ համաձայն սույն կարգի Ձև 10-ի,

11) ՕԵԿ կարգավարի և ՕԵԿ ուսանող կարգավարի համար՝ համաձայն սույն կարգի Ձև 11-ի։

10. Ավիացիոն մասնագետներին վկայականների տրամադրման համար հիմք են ընդունվում համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ավարտական այն փաստաթուղթը, ինչպես նաև համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել են Կոմիտեի կողմից սահմանված կարգով սերտիֆիկացված, հաստատված կամ հայտարարագրված Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կամ հաստատված կամ ճանաչված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կողմից:

11. Հայտատուի հետ գրագրությունը (հայտ և կից փաստաթղթեր, ծանուցումներ, տեղեկացումներ և այլ գրություններ) իրականացվում է գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Կոմիտեի հետ գրագրությունը թղթային եղանակով իրականացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով: Հայտատուի հետ գրագրությունն իրականացվում է Հայտատուի կողմից հայտով նշված փոստային հասցեով, եթե վերջինս գրությամբ այլ հասցե չի նշում: Բնօրինակ փաստաթղթերն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:

12. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում Ավիացիոն մասնագետին այդ մասին տեղեկացվում է Կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:

13. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված Ավիացիոն մասնագետի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների կամ անճշտությունների մասին առաջին տեղեկացումը Ավիացիոն մասնագետի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը, որը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով Հայտատուի կողմից սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ հիմնավոր և Կոմիտեի կողմից ընդունելի պատճառաբանության հիման վրա:

14. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում Ավիացիոն մասնագետին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:

15. Սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված ժամկետում Ավիացիոն մասնագետի կողմից թերությունները կամ անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ավիացիոն մասնագետին: Այդ դեպքում Ավիացիոն մասնագետը կարող է նոր հայտ ներկայացնել ոչ շուտ, քան 3 ամիս հետո:

 

4. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

16. Հայտ ներկայացրած Ավիացիոն մասնագետը մասնագիտական համապատասխանության գործընթացը՝ փաստաթղթերի ուսումնասիրումը և գնահատումը, տեսական թեստավորումը և գործնական ստուգումն (Skill Test/LPC) անցնում է սույն կարգի 7-րդ կետով նշված իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

17. Ավիացիոն մասնագետի տեսական թեստավորումն (Theoretical Knowledge Test) անցկացվում է Կոմիտեի կողմից սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված կարգով:

 

5. ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՓՈՒԼ

 

18. Մասնագիտական համապատասխանության գործընթացի բացասական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին վկայական չի տրվում, որի վերաբերյալ Կոմիտեն համապատասխանության գործընթացի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ավիացիոն մասնագետին: Այդ դեպքում Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու համար կրկին կարող է հայտ ներկայացնել Կոմիտե սույն կետով նշված տեղեկացումը ստանալուց հետո ոչ շուտ, քան 90 օր հետո:

19. Մասնագիտական համապատասխանության գործընթացի դրական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին տրվում է սույն կարգի 7-րդ կետով նշված իրավական ակտերով սահմանված համապատասխան ձևի Վկայականը, որը ստորագրվում է Կոմիտեի նախագահի կամ նրա կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի կողմից:

20. Քննող օդաչուի վկայական (TRE/SFE) կարող է ունենալ հրահանգչի որակավորում ունեցող օդաչուն (TRI/SFI), իսկ քննող բորտուղեկցորդի (CCE) վկայական կարող է ունենալ հրահանգչի որակավորում ունեցող բորտուղեկցորդը (CCI): Սույն կետով նշված վկայականները տրվում են թիվ 3-Ն հրամանով հաստատված Թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (Air Crew Regulation) պահանջների և ընթացակարգի հիման վրա՝ 3 տարի գործողության ժամկետով՝ ներկայացնելով սույն կարգի 9-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված համապատասխան հայտ:

21. Տրված վկայականների վերաբերյալ Կոմիտեում ըստ Ավիացիոն մասնագետի մասնագիտության, վարվում են համապատասխան գրանցամատյաններ՝ թղթային կամ էլեկտրոնային, որտեղ նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) Ավիացիոն մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը

2) վկայականի համարը,

3) տրման ամսաթիվը,

4) ստացողի ստորագրությունը:

22. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանվում են Կոմիտեի նախագահի կողմից:

23. Վկայականի կորստի, վնասվելու կամ վկայական կրող Ավիացիոն մասնագետի անունը կամ ազգանունը օրենքով սահմանված կարգով փոխվելու դեպքում Ավիացիոն մասնագետի դիմումի հիման վրա Կոմիտեի կողմից տրվում է Վկայականի կրկնօրինակ: Վկայականի կրկնօրինակը լրացնելիս տիտղոսաթերթի վրա նշվում է «կրկնօրինակ» գրառումը և տրվում նախկին վկայականի համարը: Վկայականի կրկնօրինակը ստորագրվում է Կոմիտեի նախագահի կամ նրա կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի կողմից:

24. Վկայականի մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումները կատարվում են Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի կողմից:

25. Վկայականի գործողության ժամկետի երկարաձգումը կամ փոխարինումը կատարվում է սույն կարգով սահմանված դրա տրման նույն ընթացակարգով:

26. Այն դեպքում, երբ Վկայականում անհրաժեշտ է կատարել նշումներ, սակայն նշումների համար հատկացված բաժիններն ամբողջական լրացված են, Վկայականը փոխարինվում է նորով և դրա մեջ գրառվում են տրման օրվա դրությամբ գործող նշումները:

 

6. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

27. Կոմիտեն կարող է կասեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը ոչ խելամիտ կամ անփույթ վերաբերմունք է դրսևորել թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության հարցերում կամ վկայականով նախատեսված մասնագիտական գործունեությունն իրականացրել է «Ավիացիայի մասին» օրենքի 39-րդ հոդվածի պահանջների խախտումով: Կոմիտեն կարող է կասեցնել վկայականի գործողությունը մինչև մասնագիտական քննության ավարտը և վերջնական որոշման ընդունումը:

28. Վկայականի գործողության կասեցման դեպքում Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի կողմից նշանակվում է մասնագիտական քննություն կամ Կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով թռիչքային անվտանգության մասով իրադարձության քննություն: Կոմիտեի համապատասխան մասնագետի կողմից մասնագիտական քննությունն անցկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Մասնագիտական քննության կամ իրադարձության քննության արդյունքում կազմվում է եզրակացություն, որի հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է վկայականի գործունեությունը դադարեցնելու կամ կասեցումը հանելու մասին վերջնական որոշում:

29. Կոմիտեն կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք կարող են դադարեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը.

1) բժշկական կամ հոգեբանական քննության հիման վրա ճանաչվել է վկայականով նախատեսված գործունեության համար ոչ պիտանի.

2) ցուցաբերել է վկայականով նախատեսված մասնագիտական ոչ բավարար գիտելիքներ կամ ունակություն.

3) սույն կարգի 27-րդ կետում նշված մասնագիտական քննության կամ իրադարձության քննության արդյունքում կայացվել է վկայականի գործունեությունը դադարեցնելու մասին վերջնական որոշում:

30. Վկայականի գործողության դադարեցման հիմքն առաջանալու դեպքում վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում այդ մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է վկայական կրողի գործատու կազմակերպությանը և վկայական կրողին:

32. Վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Ձև 1

Appendix 1

 

Ձև 2

Appendix 2

 

Ձև 3

Appendix 3

 

Ձև 4

Appendix 4

 

Ձև 5

Appendix 5

 

Ձև 6

Appendix 6

 

Ձև 7

Appendix 7

 

Ձև 8

Appendix 8

 

Ձև 9

Appendix 9

 

Ձև 10

Appendix 10

 

Ձև 11

Appendix 11

(հավելվածը փոփ., լրաց. 19.12.24 N 16-Ն, խմբ. 18.07.25 N 16-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի հունիսի 14-ի

N 06-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են թռիչքային անձնակազմի անդամների, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների (այսուհետ՝ Ավիացիոն մասնագետ) մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող քննության՝ տեսական թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 19.12.24 N 16-Ն)

2. Սույն ընթացակարգը մշակված է «Ավիացիայի մասին» օրենքի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն հրամանով հաստատված թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (այսուհետ՝ Air crew regulation), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի թիվ 10-Ն հրամանով հաստատված Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարտ-66 (Part-66) կանոնակարգի (այսուհետ՝ ՓԱՐՏ-66) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 10-Ն հրամանով հաստատված օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգի (Rules for Air Traffic Controllers Licensing and Certification), ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության դոկ 9379-AN/916-ի փաստաթղթի պահանջների հիման վրա:

(2-րդ կետը խմբ. 18.07.25 N 16-Ն)

3. Սույն ընթացակարգի նպատակն է Ավիացիոն մասնագետներին սահմանված կարգով վկայականների տրամադրման նպատակով նրանց մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգումն է Թեստավորման միջոցով:

4. Թեստավորումն անցկացվում են յուրաքանչյուր Ավիացիոն մասնագետի համար Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի կողմից հաստատված ծրագրերի և հարցաշարերի (թղթային կամ էլեկտրոնային) կամ Կոմիտեի կողմից հաստատված կամ ճանաչված առցանց հարթակների ծրագրերի և հարցաշարերի միջոցով կամ նշվածների համակցված տարբերակով:

5. Ծրագրերը և հարցաշարերը մշակվում են Կոմիտեի ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից:

6. Ծրագրերը և հարցաշարերը ենթակա են վերանայման դրանց մշակման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի փոփոխությամբ պայմանավորված, ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ գործող կանոնակարգերին, տեխնոլոգիաներին, տերմինաբանությանը, գործառնական պրակտիկային դրանց համապատասխանությունն ապահովելու համար: Ծրագրերը հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ www.aviation.am, իսկ ուսումնական հարցաշարերը կարող են տրամադրվել ավիացիոն մասնագետներին: Թեստավորման հարցաշարերը ենթակա չեն հրապարակման:

(6-րդ կետը փոփ. 18.07.25 N 16-Ն)

7. Թեստավորման հաստատված արդյունքները սահմանված կարգով Կոմիտեում պահվում են թղթային և էլեկտրոնային եղանակներով:

 

2. ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Ավիացիոն մասնագետների վկայականների տրամադրման, որակավորման և հատուկ նիշերի տրման, ինչպես նաև վկայականների գործողության ժամկետների երկարաձգման համար Ավիացիոն մասնագետի կամ նրա գործատու հանդիսացող կազմակերպության (այսուհետ՝ հայտատու) կողմից թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտե է ներկայացվում տեսական թեստավորման մասնակցության հայտ (այսուհետ՝ Հայտ)՝ համաձայն Ձև 1-ի, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Թղթային եղանակով հատը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով:

(8-րդ կետը լրաց. 19.12.24 N 16-Ն)

9. Հայտը լրացվում և ստորագրվում է Ավիացիոն մասնագետի կողմից:

10. Հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցվում է թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չի լինում անցկացնել դրա համար նշանակված օրը կամ այն ընդհատվում է, ապա Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) կողմից կազմվում է արձանագրություն, որի մեջ արձանագրվում է Թեստավորման չանցկացման կամ ընդհատման պատճառները և նշանակվում է թեստավորման անցկացման նոր ժամկետ՝ այդ մասին գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Հայտատուին:

11. Հայտի մեջ թերություններ կամ անճշտություններ լինելու դեպքում Հայտատուին այդ մասին գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ շտկել դրանք: Հայտատուի կողմից նշված ժամկետում թերությունները կամ անճշտությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է՝ այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով Հայտատուին: Այդ դեպքում Հայտատուն կարող է սույն կարգով սահմանված նոր հայտ ներկայացնել Կոմիտե հայտի մերժման վերաբերյալ տեղեկացումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Հայտատուի կողմից սույն կարգի 11-րդ կետի համաձայն ներկայացված նոր հայտի մեջ թերությունների կամ անճշտությունների դեպքում նույն կետով նախատեսված ժամկետում դրանք չվերացնելու կամ չշտկելու պարագայում հայտի ընդունումը մերժվում է, և Հայտատուն կարող է Կոմիտե նոր հայտ ներկայացնել ոչ շուտ, քան 1 տարի հետո:

13. Թեստավորումն անցկացվում է թղթային կամ էլեկտրոնային թեստավորման եղանակներով: Թեստավորումն անցկացվում է Ներկայացուցչի կողմից:

14. Թեստավորումն անցկացվում է Կոմիտեի համապատասխան հարմարություններով կահավորված և տեխնիկապես վերահսկվող սենյակում:

15. Ավիացիոն մասնագետը Թեստավորմանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով: Ավիացիոն մասնագետի կողմից թեստավորմանը չներկայանալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված գրավոր բացատրության հիման վրա Կոմիտեի կողմից այն հարգելի համարվելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում է թեստավորման անցկացման նոր ամսաթիվ:

16. Ավիացիոն մասնագետի՝ թեստավորմանը չներկայանալու դեպքում սահմանված ժամկետում գրավոր բացատրություն չներկայացնելու, ինչպես նաև ներկայացված գրավոր բացատրությունը անհարգելի համարվելու դեպքում Հայտի ընդունումը մերժվում է՝ այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով Հայտատուին: Այդ դեպքում Հայտատուն կարող է նոր հայտ ներկայացնել Կոմիտե ոչ շուտ, քան 60 աշխատանքային օր հետո:

17. Թեստավորման ժամանակ Ավիացիոն մասնագետներին արգելվում է`

1) իրենց հետ Թեստավորման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տեխնիկական սարքեր, տպագիր կամ ձեռագիր նյութեր, Թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ.

2) Թեստավորման ընթացքում աղմկել, հուշել, խոսել.

3) Թեստավորման առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց.

4) մինչ Թեստային առաջադրանքների կատարումն ավարտելը՝ դուրս գալ թեստավորման էլեկտրոնային համակարգից կամ ապաակտիվացնել գործող ծրագրերը.

5) մուտք գործել համակարգչում տեղադրված այլ ծրագրեր.

6) անջատել կամ վերագործարկել համակարգիչը, կապուղիները կամ դրանց սնուցումը, կամ իրականացնել էլեկտրոնային համակարգի կամ համակարգչի սովորական աշխատանքը խափանող այլ գործողություններ.

7) առանց թույլտվության դուրս գալ սենյակից՝ մինչ թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:

18. Թեստավորման ընթացքում Ավիացիոն մասնագետը կարող է օգտվել՝

1) բառարանից,

2) գիտական այլ ոչ ծրագրավորման հաշվիչից առանց առանձնահատուկ ավիացիոն ֆունկցիաների:

19. Սույն ընթացակարգի 17-րդ կետի պահանջները խախտելու դեպքում թեստավորումը դադարեցվում է և համարվում չկայացած, ինչի վերաբերյալ Ներկայացուցչի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն, որի մեկ օրինակը տրամադրվում է Ավիացիոն մասնագետին և նրա գործատու կազմակերպությանը: Այդ դեպքում Թեստավորմանը մասնակցելու համար Հայտատուի կողմից ներկայացվում է նոր հայտ, որի հիման վրա թեստավորումը կարող է անցկացվել ոչ շուտ, քան 3 ամիս հետո:

20. Մինչ Թեստավորման մեկնարկը, Ներկայացուցիչը Ավիացիոն մասնագետին բացատրում է թեստավորման անցկացման ընթացակարգը, պարզաբանում է դրա հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է թեստավորման ընթացակարգի հետ կապված հայտատուի բոլոր հարցերին և հավաստիանում է, որ Ավիացիոն մասնագետը պատրաստ է թեստավորմանը:

21. Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն իրականացվում է թեստերի միջոցով՝ Չիկագոյի կոնվենցիայի հավելված 1-ի սահմանված պահանջներին համապատասխան: Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն անցած հայտատուն պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) լեզվի իմացության առնվազն 4-րդ մակարդակին:

22. Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն անցկացվում է Կոմիտեի կողմից սահմանված կարգով հաստատված կամ ճանաչված ավիացիոն ուսումնական հաստատություններում:

23. Թեստավորման ավարտին Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը տրվում է Թեստավորման արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

 

3. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

24. Oդային երթևեկության կառավարման (այսուհետ՝ ՕԵԿ) կարգավարների Թեստավորման հարցաշարը ներառում է հետևյալ ոլորտների վերաբերյալ հարցերը.

1) օդային երթևեկության կառավարում, թռիչքների անվտանգության կառավարում և արտակարգ իրավիճակների կառավարման համակարգ,

2) դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային և հոգեբանական գործոններից բխող և թռիչքային անվտանգությանն առնչվող կառավարման համակարգ,

3) օդագնացություն և աերոդինամիկա:

25. Յուրաքանչյուր ոլորտի մասով Թեստավորումն իրականացվում է առանձին հարցաշարերի միջոցով, և դրանց լրացման հաջորդականությունն ըստ հարցաշարերի ընտրվում է Ավիացիոն մասնագետի կողմից այն պայմանով, որ Թեստավորման ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի երեք աշխատանքային օրը:

26. Թեստավորման առաջադրանքներն ըստ ոլորտների կազմված են լինում համապատասխանաբար 40, 30 և 30 թեստային հարցերից, որոնք ընտրվում են համակարգչի միջոցով՝ պատահականության սկզբունքով:

27. Ըստ սույն ընթացակարգի 24-րդ կետում նշված ոլորտների՝ Թեստավորման տևողությունը պայմանավորված է թեստային հարցերի քանակից՝ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 1 րոպե:

28. Թեստավորման արդյունքը գնահատվում է համակարգչային ծրագրի կողմից և համարվում է դրական, եթե հայտատուն ճիշտ է պատասխանել`

1) օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի առնվազն 90 (իննսուն) տոկոսին:

2) դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային և հոգեբանական գործոններից բխող և թռիչքային անվտանգությանն առնչվող կառավարման համակարգի, ինչպես նաև օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտների առաջադրանքներից յուրաքանչյուրի առնվազն 80 (ութսուն) տոկոսին:

29. Եթե օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի՝ Հայտատուի ճիշտ պատասխանների քանակը կազմել է 80-89 տոկոս, իսկ դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային և հոգեբանական գործոններից բխող և թռիչքային անվտանգությանն առնչվող կառավարման համակարգ և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտների 70-79 տոկոս, ապա նրան տրվում է լրացուցիչ հնարավորություն ևս մեկ անգամ անցնել թեստավորումը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

30. Սույն ընթացակարգի 29-րդ կետով նախատեսված լրացուցիչ թեստավորման արդյունքում սույն ընթացակարգի 28-րդ կետի պայմաններին չհամապատասխանելու դեպքում թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ նույն օրը գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը:

31. Եթե Ավիացիոն մասնագետի Թեստավորման արդյունքում օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի ճիշտ պատասխանների քանակը պակաս է 80 տոկոսից, կամ դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտներինը 70 տոկոսից, ապա Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը:

 

4. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ (ՕԴԱՉՈՒՆԵՐԻ) ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

32. Առաջին անգամ օդաչուի համապատասխան տեսակի վկայական (մասնավոր օդաչուի, կոմերցիոն օդաչուի, գծային օդաչուի և այլն) ստանալու կամ օտարերկրյա պետության կողմից համաձայն Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածի պահանջներին համապատասխան տրված վկայականը Հայաստանի Հանրապետության համապատասխան վկայականով փոխարինելու համար Ավիացիոն մասնագետը պետք է սույն կարգի համաձայն անցնի Թեստավորում:

33. Հարցաշարերը մշակվում են Air Crew Regulation-ի պահանջներին համապատասխան:

34. Օդային ռադիոհեռախոսային կապի դարձաբանության թեստավորումն անցկացվում է վկայական առաջին անգամ Ավիացիոն մասնագետին տրամադրելու դեպքում:

35. Կոմերցիոն օդաչուի, գծային օդաչուի վկայական տրամադրելու և սարքավորումներով թռիչքներ իրականացնելու որակավորում ստանալու համար համակարգչի միջոցով Թեստավորման դեպքում քննական հարցաշարում պետք է ընդգրկվի առնվազն հարյուր հարց ամեն առարկայից, մասնավոր օդաչուի և վերգետնյա թռիչքային կարգավարի վկայական ստանալու համար՝ առնվազն հարյուրքսան հարց բոլոր առարկաներից, օտարերկրյա պետության կողմից համաձայն Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածի պահանջներին համապատասխան տրված վկայականը Հայաստանի Հանրապետության համապատասխան վկայականով փոխարինելու դեպքում՝ հիսուն հարց, քննող օդաչուի վկայական ստանալու համար՝ քսան հարց:

36. Ըստ առարկաների Թեստավորման հերթականությունը որոշում է Ավիացիոն մասնագետը, իսկ Թեստավորման ընդհանուր տևողությունը՝ Կոմիտեի ներկայացուցիչը՝ պայմանավորված թեստային հարցերի քանակից՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 2 րոպե ժամանակ:

37. Դրական արդյունք ապահովելու համար Ավիացիոն մասնագետը պետք է ճիշտ պատասխանի յուրաքանչյուր առարկայի համար հարցերի ընդհանուր քանակի առնվազն 75 տոկոսին: Դրական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը տրամադրվում է թեստավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

(37-րդ կետը փոփ. 18.07.25 N 16-Ն)

38. Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, եթե թեստավորման համար հատկացված ժամանակահատվածի ավարտին տվյալ առարկայի համար հայտատուի ճիշտ պատասխանների քանակը չի գերազանցում սահմանված 75 տոկոսի շեմը: Այդ դեպքում հայտատուին տրվում է թեստավորման անցկացման օրվանից ոչ շուտ, քան 15 օր հետո տվյալ առարկայից ևս 2 անգամ թեստավորում անցնելու իրավունք: Թեստավորման արդյունքների անբավարար լինելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և նրա գործատու կազմակերպությունը:

39. Համապատասխան տեսակի վկայական ստանալու համար Ավիացիոն մասնագետին տրվում է 18 ամիս ժամանակ՝ սկսած առաջին առարկայի թեստավորումն անցնելու ամսվա վերջին օրից, որի ընթացքում նա պետք է ամբողջությամբ անցնի Թեստավորումը բոլոր առարկաներից:

40. Միևնույն առարկայից կրկնակի Թեստավորումը երրորդ անգամ չանցնելու կամ 18-ամսյա ժամանակահատվածում բոլոր առարկաներից թեստավորում չանցնելու դեպքերում Հայտատուն կարող է կրկին հայտ ներկայացնել վկայական ստանալու համար ոչ շուտ, քանի 6 ամիս հետո:

41. Մասնավոր օդաչուի վկայական տրամադրելու համար թեստավորման արդյունքների գործողության ժամկետը կազմում է 24 ամիս, կոմերցիոն օդաչուի վկայական տրամադրելու համար՝ 36 ամիս, գծային օդաչուի վկայական տրամադրելու համար՝ 7 տարի:

42. Ավիացիոն մասնագետը բոլոր առարկաներից տեսական գիտելիքների մակարդակի թեստավորում անցնելուց հետո պետք է անցնի գործնական հմտության թեստ (քննություն) համապատասխան օդանավի կամ վարժասարքի վրա, որից հետո նրան կտրվի օդաչուի համապատասխան վկայական:

43. Վերգետնյա թռիչքային կարգավարների Թեստավորման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն ընթացակարգի 1-2-րդ, 6-րդ գլուխներով և սույն գլխով՝ Air crew regulation-ի հիման վրա:

 

5. ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

44. Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայական ստանալու, դրանում ներառված սահմանափակումները վերացնելու, վկայականում լրացուցիչ կատեգորիաներ կամ ենթակատեգորիաներ ներառելու համար Ավիացիոն մասնագետներն անցնում են Թեստավորում ՓԱՐՏ-66–ի հավելված 1-ում ընդգրկված մոդուլների մասով:

45. Ընդհանուր (բազային) գիտելիքների թեստավորումները պետք է անցկացվեն ՓԱՐՏ-66-ի 1-ին և 2-րդ հավելվածներում ներկայացված ստանդարտների համաձայն:

46. Օդանավի տիպի որակավորումների թեստավորումները պետք է անցկացվեն ՓԱՐՏ-66-ի 3-րդ հավելվածում ներկայացված ստանդարտների համաձայն:

47. Մոդուլների թեստավորումների քանակը, հերթականությունը որոշում է Ավիացիոն մասնագետը:

48. Թեստավորման տևողությունը պայմանավորված է հարցերի քանակից՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 75 վայրկյան ժամանակ ընդհանուր (բազային) գիտելիքների մասով, օդանավի տիպի որակավորման մասով՝ 90 վայրկյան: Գրավոր (essay) քննությունների համար տրվում է 20 րոպե ժամանակ:

49. Դրական արդյունք ապահովելու համար Ավիացիոն մասնագետը պետք է ճիշտ պատասխանի յուրաքանչյուր առարկայի համար հարցերի ընդհանուր քանակի առնվազն 75 տոկոսին:

50. Թեստավորման դրական կամ բացասական արդյունքի դեպքում նույն օրը կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ գրավոր՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով տեղեկացվում է Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը:

51. Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, եթե հատկացված ժամանակահատվածի ավարտին տվյալ առարկայի համար Ավիացիոն մասնագետի ճիշտ պատասխանների քանակը չի գերազանցում սահմանված 75 տոկոսի շեմը:

52. Թեստավորման արդյունքների անբավարար լինելու դեպքում Հայտատուն կարող է դիմել տվյալ մոդուլի կրկնակի թեստավորման համար նախորդ թեստավորման անցկացման օրվանից ոչ շուտ, քան 90 օր հետո: Տվյալ մոդուլի թեստավորումն անցնելու երեք հնարավորությունները ձախողելու դեպքում Հայտատուն իրավունք ունի կրկին հայտ ներկայացնել թեստավորման անցկացման վերջին օրվանից առնվազն 1 տարի հետո:

53. Մոդուլների մասով թեստավորման արդյունքների վավերականության ժամկետները 10 տարի են, օդանավի տիպի մասով՝ 3 տարի:

 

6. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

54. Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում Հայտատուն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել Կոմիտեի նախագահին: Հայտատուն բողոքը ներկայացնում է թեստի կատարումն իր կողմից ավարտվելուց կամ Թեստավորման սահմանված ժամկետի ավարտից և Թեստավորման իր արդյունքների մասին տեղեկանալուց հետո՝ 10 րոպեի ընթացքում, առանց դուրս գալու Թեստավորման անցկացման սենյակից:

55. Հայտատուն ներկայացվող բողոքում հստակ նշում է Թեստավորման վիճարկվող առաջադրանքը կամ առաջադրանքներն ու իր կողմից տրված պատասխանները:

56. Կոմիտեն ոչ ուշ, քան Հայտատուի կողմից թեստավորման արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում քննում է բողոքը և ընդունում է Թեստավորման արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում: Ընդունված որոշման մասին Կոմիտեն 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայտատուին:

57. Եթե Կոմիտեն սխալ է համարում թեստային որևէ առաջադրանք, ապա այդ որոշման հիման վրա տվյալ առաջադրանքի համար միավոր չստացած բոլոր մասնակիցների միավորները համապատասխանաբար ավելացվում են, և կատարվում է Թեստավորման արդյունքների վերահաշվարկ:

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

 

ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1.

Հայտատուի տվյալները
 

 

Անունը, Ազգանունը՝

 
 

Բնակության վայրը՝

 
 

Հեռախոսահամարը՝

 
 

Էլեկտրոնային փոստի հասցեն՝

 

2.

Գործատու հանդիսացող կազմակերպության տվյալները
 

 

Անվանումը՝

 
 

Գտնվելու վայրը՝

 

3.

Հաստատված կամ ճանաչված ավիացիոն ուսումնական հաստատությունը, որտեղ հայտատուն ստացել ուսուցումը
 

 

Անվանումը՝

 
 

Գտնվելու վայրը՝

 

4.

Վկայականի տեսակը կամ որակավորման և հատուկ նիշը, որի ստացման համար դիմում է հայտատուն

     
 

«____»_____________20___ թ.

 

Ստորագրությունը

 

Ձև 2

(ձևն ուժը կորցրել է 18.07.25 N 16-Ն)

(հավելվածը լրաց. 19.12.24 N 16-Ն, խմբ., փոփ. 18.07.25 N 16-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
18.07.2025, N 16-Ն 30.07.2025, N 06-Ն
19.12.2024, N 16-Ն 01.01.2025, N 06-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation