Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (07.05.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
07.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, հայտնելով իրենց ցանկությունը երկու երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ, հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունները, Հայաստանի և Իրանի միջև հյուպատոսական կապերի ընդլայնման ուղղությամբ գոյություն ունեցող ձգտումը, պայմանավորվեցին հետևյալ մասին.

1. Առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների ժամանակ մուտքի վիզայի դիմումը Կողմերը կքննարկեն 48 ժամվա ընթացքում:

2. Երկու երկրների մշակութային, առողջապահական, մարզական և զբոսաշրջիկների խմբերի փոխայցելությունների հետ կապված դիմումները կքննարկվեն 10 օրվա ընթացքում:

3. Կողմերը երկու երկրների քաղաքացիների «հնգօրյա» տարանցիկ (տրանզիտ) վիզայի դիմումը կքննարկեն մեկ շաբաթվա ընթացքում:

4. Կողմերը փոխադրական միջազգային ընկերությունների վարորդների համար տասն օրվա ընթացքում կձևակերպեն վեցամսյա բազմակի վիզա` յուրաքանչյուր անգամ երկու շաբաթ մնալու ժամկետով:

5. Երկու երկրների քաղաքացիների` առանձին անձնագիր ունեցող կամ ծնողների անձնագրում նշված անչափահաս երեխաների վիզայի դիմումը կքննարկվի տասն օրվա ընթացքում:

6. Ըստ սույն Համաձայնագրի` երկու երկրների քաղաքացիները փոխայցելությունների ժամանակ պարտավոր են հարգել հյուրընկալ երկրի օրենքները, սովորույթներն ու ավանդույթները:

7. Ընդունող երկրում ձերբակալվելու, կալանավորվելու կամ բանտարկվելու դեպքում հյուրընկալ երկրի համապատասխան մարմինները ամենակարճ ժամանակում դեպքի մասին տեղյակ են պահում մյուս Կողմի հյուպատոսական ներկայացուցչությանը:

8. Կողմերի հյուպատոսական ներկայացուցիչներն իրավունք ունեն այցելելու իրենց երկրի ձերբակալված քաղաքացուն և պաշտպանել նրա օրինական իրավունքները:

9. Հյուրընկալ երկրում Կողմերի որևէ քաղաքացու մահանալու դեպքում համապատասխան մարմինները մահվան պատճառների մասին կտեղեկացնեն ներկայացվող Կողմի հյուպատոսությանը և կհանձնեն նրա ունեցվածքը:

10. Կողմերը, հյուպատոսական հարցերը քննարկելու նպատակով, հարկ եղած դեպքում կբանակցեն միմյանց հետ:

Բանակցությունների անցկացման ժամկետը և կարգը նախապես կճշտվի դիվանագիտական ուղիներով:

11. Սույն Համաձայնագիրը կնքված է անժամկետ և ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

12. Պայմանավորվող Կողմերը կարող են ցանկացած ժամանակ, բայց առնվազն երեսուն օր առաջ, դիվանագիտական ուղիներով գրավոր հայտարարությամբ բեկանել սույն Համաձայնագիրը կամ նրա որևէ հոդվածը:

Սույն Համաձայնագիրը կնքվել է Թեհրան քաղաքում 1992 թվականի մայիսի 7-ին (1371 թվականի օրդիբեհեշտի 17-ին), երկու օրինակով` հայերեն և պարսկերեն, ընդ որում երկու բնագրերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 7-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան