Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեն, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության կանխման գործում մաքսային մարմինների դերը, ձգտելով զարգացնել այդ բնագավառում փոխհամագործակցությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, իրենց մեջ գործող օրենքներն ու կանոնները պահպանելու պայմանով, սույն Համաձայնագրի սահմաններում կհամագործակցեն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու և հետաքննելու բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կփոխանակեն`
ա) տեղեկություններ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների մասին,
բ) տեխնիկական միջոցների օգտագործման փորձը,
գ) մասնագետներ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները ուսուցանելու նպատակով,
դ) թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ գիտական հրատարակություններ և ուսումնական ձեռնարկներ,
ե) տեղեկություններ թմրամիջոցների արտադրության նոր ձևերի և տեղերի, տեղափոխման երթուղիների ու դրանց թաքցնելու միջոցների մասին,
զ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նույնացման և լաբորատոր հետազոտության բնագավառում տեղեկություններ:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը փոխանակում են տեղեկություններ`
ա) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող կասկածելի կամ հայտնի անձանց մասին,
բ) փոխադրամիջոցների, բեռների և փոստային առաքումների վերաբերյալ, որոնք օգտագործվում են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության մեջ` տարանցիկ անցնելով Կողմերից մեկի տարածքով մյուսը:
ՀՈԴՎԱԾ 4
Իրենց իրավասությունների և տեխնիկական հնարավորությունների շրջանակներում Կողմերը կիրագործեն հսկողություն.
թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության մեջ մասնակիցների և կասկածյալների նկատմամբ,
ապօրինի շրջանառության մեջ օգտագործման համար կասկածելի բեռների, փոխադրամիջոցների և փոստային առաքումների նկատմամբ:
Հսկողության արդյունքները հայտնվում են մյուս Կողմին:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը կհամագործակցեն վերահսկելի առաքումների և այլ համանման մեթոդների իրականացման բնագավառում:
Վերահսկելի առաքումների օգտագործման մասին որոշումներն ընդունվում են յուրաքանչյուր առանձին դեպքում Կողմերի գործող օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները` Կողմերի պետությունների դատական և քննչական մարմիններին տրամադրելու նյութեր, փորձագիտական եզրակացություններ և հայտնաբերված փաստերի մասին այլ տեղեկություններ:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերի միջև գրագրությունը կտարվի ռուսերենով:
Տեղեկությունների փոխանակում կիրականացվի կապի հետևյալ միջոցներով.
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կազմատեսչական բաժնի,
Վրաստանի Հանրապետությունում` Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեի մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի վարչության:
Կապի միջոցների որևէ փոփոխության մասին Կողմերը տեղեկացնում են միմյանց:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամանակով, նրա ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, և ամեն անգամ ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար, եթե Կողմերից մեկը հնգամյա ժամանակահատվածի լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում նրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վրացերեն, ընդ որում երկու բնօրինակներն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից: