ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 67 |
քաղ. Մոսկվա |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալացման ու կոմպարտմենտալիզացման իրականացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 67 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգում կատարվող
1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ X բաժին.
«X․ Հիվանդությունների կանխարգելման, օջախների տեղայնացման և վերացման ընդհանուր սկզբունքների և կանոնների կիրառումը
72. Դաբաղի կանխարգելումը, օջախների տեղայնացումը և վերացումն իրականացվում են ընդհանուր սկզբունքներին և կանոններին համապատասխան՝ թիվ 7 հավելվածի համաձայն։»։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 7 հավելված.
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7 Կենդանիների հատուկ վտանգավոր, |
Դաբաղի կանխարգելման, օջախների տեղայնացման և վերացման ընդհանուր սկզբունքները և կանոնները
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն փաստաթղթով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարածքում կիրառվող դաբաղի կանխարգելման, օջախների տեղայնացման և վերացման ընդհանուր սկզբունքները և կանոնները՝ որպես «Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգի» թիվ 1 հավելվածի 38-րդ կետով սահմանված՝ անդամ պետությունների փոխգործակցության ձև։
2. Սույն փաստաթղթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
բռնկում՝ հիվանդության մեկ կամ մի քանի դեպքի առաջացում հիվանդության հարուցչի աղբյուրի գտնվելու վայրում՝ այն սահմաններում, որոնցում հնարավոր է դրա փոխանցումն ընկալունակ կենդանիներին․
անապահով կետ՝ դաբաղի անասնահամաճարակային օջախի շուրջ ընկած տարածքը (վարչատարածքային բաժանմանը համապատասխան՝ բնակավայրը կամ դրա մի մասը, անասնաբուծական ֆերմաներն իրենց տարածքներով, հարակից արոտավայրերով և ջրամբարներով, առանձին արոտավայրերը և բնասահմանները, կենդանիների տեղափոխման երթուղիները և այլ օբյեկտներ, որոնց տարածքներում արձանագրվել է դաբաղի օջախը), որի շառավիղը կազմում է 1 կմ-ից ոչ պակաս և կախված է անասնահամաճարակային իրավիճակից, տեղանքի լանդշաֆտային աշխարհագրական առանձնահատկություններից, այդ տարածքում գտնվող տնտեսությունների միջև տնտեսական, տրանսպորտային և այլ կապերից․
դաբաղի առաջնային օջախ՝ հիվանդության անասնահամաճարակային օջախ, որն առաջացել է դաբաղի նկատմամբ ապահով տարածաշրջանի տարածքում․
դաբաղի կրկնվող օջախ՝ հիվանդության անասնահամաճարակային օջախ, որն առաջացել է դաբաղի առաջնային օջախի սահմաններից դուրս անդամ պետության տարածքի՝ վարչական կամ բնական սահմաններով սահմանափակված այն մասի սահմաններում, որտեղ իրականացվում են դաբաղի բռնկման հետ կապված առաջնային օջախի (անբարենպաստ կետ, սպառնալիքի տակ գտնվող գոտի կամ դիտարկվող գոտի) շուրջ կազմակերպվող հակաանասնահամաճարակային միջոցառումներ․
սանիտարական մշակում՝ միջոցառումների համալիր, որը ներառում է մեխանիկական մաքրումը, լվացող միջոցների օգտագործմամբ լվացումը և ախտահանման անցկացումը․
սանիտարական-անցագրային ռեժիմ՝ օբյեկտի աշխատանքային ռեժիմ, որի դեպքում օբյեկտի տարածք մուտք գործելիս (դուրս գալիս) կամ օբյեկտի արտադրական գոտիներ մուտք գործելիս (դուրս գալիս) սանիտարական անցարանում ապահովվում է սպասարկող անձնակազմի և այցելուների սանիտարական մշակման, նրանց հատուկ հագուստի և կոշկեղենի ախտահանման իրականացումը․
սանիտարական սպանդ՝ անբարենպաստ կետից կամ սանիտարական սպանդանոցում ժամանակավոր հսկողության գոտուց՝ դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդ՝սանիտարական սպանդի կետում կամ կենդանիների սպանդանոցներում՝ հատուկ հատկացված օրերին, կամ մթերատու կենդանիների առաջնային վերամշակման արտադրամասում հերթափոխի ավարտին՝ արտադրամասից առողջ մթերատու կենդանիների բոլոր մսեղիքները և այլ սպանդային մթերքներ հեռացնելուց հետո։ Սպանդից ստացված մթերքը ենթակա է վարակազերծման դաբաղի վիրուսի ոչնչացումը երաշխավորող մեթոդներով․
լիազորված մարմին՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ դաբաղի կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման հարցերով միջոցառումներ անցկացնելու լիազորված՝ անասնաբուժության ոլորտում պետական մարմին (կազմակերպություն)։
Սույն փաստաթղթում օգտագործվող «միս» և «մսամթերք» հասկացությունները կիրառվում են Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով (այսուհետ համապատասխանաբար՝ ԿԱՀԿ օրենսգիրք, ԿԱՀԿ) սահմանված իմաստներով։
II. Դաբաղի բնութագիրը
3. Դաբաղը բարձր հպավարակային և արագ տարածվող, հիմնականում ընտանի և վայրի երկկճղակավոր կենդանիների հիվանդություն է, որի հետևանքով պատճառվում է մեծ տնտեսական վնաս։ Դաբաղի հարուցիչն է Picornaviridae ընտանիքի, Aphtovirus խմբի, ՌՆԹ-պարունակող վիրուսը (այսուհետ՝ վիրուս), որն աչքի է ընկնում նշանակալի հակածնային փոփոխականությամբ։ Գոյություն ունի վիրուսի 7 տիպ (О, А, С, CAT-1, CAT-2, CAT-3, Asia-1) և 70-ից ավելի տարբերակ։ Մեկ տեսակի վիրուսով առաջացրած դաբաղով հիվանդացած ընկալունակ տեսակի կենդանիները կարող են հիվանդանալ այլ տեսակի վիրուսով առաջացրած հիվանդությամբ։ Դաբաղով կարող է հիվանդանալ նաև մարդը։
Դաբաղի գաղտնի շրջանը կազմում է 14 օր։
4. Դաբաղին բնորոշ կլինիկական նշաններից են թքահոսությունը, բերանի խոռոչի լորձաթաղանթի, պսակի և միջկճղակային ճեղքի մաշկի, քիթ շրթունքային հայելու (դնչի), կրծի (կաթնագեղձերի) վրա բշտերի և էրոզիաների առկայությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, կաղությունը, ախորժակի և մթերատվության նվազումը: Հնարավոր է կենդանիների հիվանդացում աղավաղված կլինիկական պատկերով։ Նորածին մատղաշի մոտ դաբաղը երբեմն ընթանում է ծայրահեղ սուր ձևով՝ մահվան ելքով՝ առանց բշտերի առաջացման։
Միոտրոպ ձևի դեպքում դաբաղը կարող է ընթանալ առանց բշտերի առաջացման։ Ընկալունակ տեսակի կենդանիների մոտ դրսևորվում է բարձր ջերմաստիճան, ընկճվածություն, թուլություն։ Կենդանիների մահը վրա է հասնում 1-2 օրվա ընթացքում՝ միոկարդիտի հետևանքով։
Խոշոր եղջերավոր անասունների մոտ վարակակրությունը տևում է մինչև 6 ամիս, ոչխարների և այծերի մոտ՝ մինչև 12 ամիս։
5. Վարակի աղբյուր են հիվանդ, դաբաղով հիվանդացած-առողջացած կենդանիները, ինչպես նաև ինկուբացիոն (գաղտնի) շրջանում գտնվող կենդանիները և վիրուսակիրները: Վարակված կենդանիներից վիրուսը շրջակա միջավայր արտազատվում է բշտերի պարունակության և պատերի, կաթի, թքի, քթի լորձի, արտաշնչվող օդի, մեզի, կղանքի, սերմնահեղուկի և այլ արտազատուկների հետ: Դաբաղով հիվանդացած-առողջացած կենդանիները, ինչպես նաև դաբաղի դեմ պատվաստված և հիվանդների հետ պահվող կենդանիները երկար ժամանակ (մեկ տարվա սահմաններում) կարող են մնալ վիրուսակիր և հանդիսանալ վիրուսի հնարավոր աղբյուր: Վիրուսակրությունը պատվաստման դեպքում չի դադարում։
6. Վիրուսի փոխանցման հիմնական ուղիներն են օդակաթիլայինը, կոնտակտայինը, ալիմենտարը և յատրոգենը։ Վիրուսի փոխանցման գործոններն են վարակված կենդանիներից ստացված՝ չվարակազերծված մթերքը և հումքը, ինչպես նաև դրանց արտազատուկներով աղտոտված կերերը, ջուրը, գոմափռոցները, խնամքի միջոցները, մարդկանց հագուստը և կոշիկները, տրանսպորտային միջոցները, որոնց վրա վիրուսը կարող է երկարատև ժամանակ պահպանվել։ Կերերի, հողի, գոմափռոցների՝ վիրուսով կոնտամինացված փոքրիկ մասնիկները, թքի, լորձի և աֆտոզային հեղուկի վարակված կաթիլները քամու միջոցով կարող են տարածվել մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Շրջակա միջավայրում վիրուսի պահպանման համար նպաստավոր պայմաններ են ցածր ջերմաստիճանը, բարձր խոնավությունը և չեզոք միջավայրը։
III. Դաբաղի կանխարգելումը
7. Միության մաքսային տարածք վիրուսի ներմուծումը, առաջացումը և տարածումը թույլ չտալու նպատակով կիրառվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միասնական պահանջների (այսուհետ՝ Միասնական անասնաբուժական պահանջներ) պահպանմանն ուղղված միջոցներ։
8. Անդամ պետություններում՝ դաբաղի նկատմամբ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) պաշտոնական ծրագրի շրջանակներում, կազմակերպվում և անցկացվում են դաբաղով կլինիկապես հիվանդների կամ դաբաղի նկատմամբ կասկածելի դեպքերի հայտնաբերման նպատակով «արտադրություն-իրացում-վերամշակում» շղթայի մշտական հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ, որոնք պետք է համապատասխանեն ԿԱՀԿ կանոնագրքով առաջարկվող կենդանիների հիվանդությունների վաղ կանխարգելման համակարգի տարրերին։
Գյուղատնտեսական արտադրողների շրջանում իրականացվում է տեղեկատվական-բացատրական աշխատանք՝ կլինիկական վերահսկողության (ընկալունակ կենդանիների զննման) հարցերով։
9. Դաբաղի նկատմամբ անասնաբուժական հսկողությամբ (վերահսկողությամբ) պետք է նախատեսվեն՝
ա) պատահական հետազոտությունները, որոնք թույլ են տալիս բացահայտել դաբաղի ի հայտ գալու և ընկալունակ տեսակի կենդանու վարակվելու միջև պատճառահետևանքային կապը․
բ) այն կենդանիների նպատակային կլինիկական հետազոտությունները, որոնց մոտ ավելի ակնհայտ են դաբաղի կլինիկական նշանները (խոշոր եղջերավոր անասունները, մանր եղջերավոր անասուններ)․
գ) կենսաբանական նյութի փորձանմուշների նպատակային ընտրանքը՝ որոշակի աշխարհագրական գոտում կամ որևէ կենդանիների մոտ դաբաղի բարձր ռիսկի առաջացման դեպքում։
10. Դաբաղի նկատմամբ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) իրականացման ընթացքում՝
ա) դաբաղի մասով բոլոր կասկածելի դեպքերը ենթարկվում են պարտադիր անասնահամաճարակաբանական հետազոտության․
բ) այն երկրում և գոտիներում, որտեղ չի իրականացվում կենդանիների պատվաստում դաբաղի դեմ, ընկալունակ կենդանիների պոպուլյացիաներում վիրուսի շրջանառության բացակայության ապացույցներ ստանալու նպատակով իրականացվում է ակտիվ հսկողություն (վերահսկողություն), որով ենթադրվում է հետևյալը.
ընկալունակ ընտանի, վայրի և գազանանոցային կենդանիների պոպուլյացիաներում շիճուկաբանական հետազոտությունների անցկացումը՝ կենսաբանական նյութի փորձանմուշներում վիրուսի կառուցվածքային պոլիպրոտեինների նկատմամբ հակամարմինների բացակայության մասով։ Եթե հայտնաբերվել են վիրուսի կառուցվածքային պոլիպրոտեինների նկատմամբ հակամարմիններ, դրական արձագանքող կենդանիներից վերցված փորձանմուշները ենթակա են հետազոտության՝ վիրուսի ոչ կառուցվածքային պոլիպրոտեինների նկատմամբ հակամարմինների բացակայության մասով.
ընկալունակ ընտանի, վայրի և գազանանոցային կենդանիների պոպուլյացիաներում վիրուսաբանական հետազոտությունների անցկացումը՝ կենսաբանական նյութի փորձանմուշներում հարուցչի բացակայության մասով, այդ թվում նաև դաբաղի նկատմամբ կասկածելի դեպքերի հայտնաբերման դեպքում․
գ) այն երկրում և գոտիներում, որտեղ իրականացվում է կենդանիների պատվաստում դաբաղի դեմ, ընկալունակ կենդանիների պոպուլյացիաներում վիրուսի շրջանառության բացակայության ապացույցներ ստանալու նպատակով իրականացվում է ակտիվ հսկողություն (վերահսկողություն), որով ենթադրվում է հետևյալը.
ընկալունակ ընտանի, վայրի և գազանանոցային կենդանիների պոպուլյացիաներում շիճուկաբանական հետազոտությունների անցկացումը՝ կենսաբանական նյութի փորձանմուշներում վիրուսի ոչ կառուցվածքային պոլիպրոտեինների նկատմամբ հակամարմինների բացակայության մասով և ընկալունակ վայրի կենդանիների շիճուկաբանական հետազոտությունների անցկացումը՝ կենսաբանական նյութի փորձանմուշներում վիրուսի կառուցվածքային պոլիպրոտեինների նկատմամբ հակամարմինների բացակայության առումով։ Ոչ կառուցվածքային պոլիպրոտեինների նկատմամբ հակամարմինների հայտնաբերումը համարվում է դաբաղի առումով կասկածելի դեպք․
ընկալունակ ընտանի, վայրի և գազանանոցային կենդանիների պոպուլյացիաներում վիրուսաբանական հետազոտությունների անցկացումը՝ կենսաբանական նյութի փորձանմուշներում հարուցչի բացակայության մասով, այդ թվում՝ անկած կենդանիների և դաբաղի մասով կասկածելի դեպքերի հայտնաբերման դեպքում․
դ) այն գոտիներում, որտեղ իրականացվում է կենդանիների պատվաստում դաբաղի դեմ, պատվաստման արդյունավետության վերահսկման համար իրականացվում է մշտադիտարկում՝ շիճուկաբանական հետազոտությունների անցկացման միջոցով․
ե) վայրի ընկալունակ կենդանիների պոպուլյացիաներում վիրուսի շրջանառության բացակայության ապացույցներ ստանալու նպատակով իրականացվում է մշտադիտարկում, որն ուղղված է վայրի ընկալունակ կենդանիների պոպուլյացիայում հարուցչի հնարավորինս վաղ հայտնաբերմանը։
11․ Անդամ պետություններում, որոնք ունեն ԿԱՀԿ-ի «դաբաղի նկատմամբ ապահով երկիր կամ գոտի՝ առանց պատվաստելու» կարգավիճակ, սույն փաստաթղթին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան անցկացվում է այդ պետությունների տարածք դաբաղի հարուցչի ներթափանցումը կանխելուն ուղղված միջոցառումների համալիր, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ բուֆերային (պաշտպանիչ) գոտու ստեղծում։
12. Կենդանիներ տիրապետողները պարտավոր են՝
ա) պետական անասնաբուժական ծառայության պահանջով ընկալունակ տեսակի կենդանիներին ներկայացնել կլինիկական զննման և կենսաբանական ու (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշներ վերցնելու համար․
բ) 24 ժամվա ընթացքում տեղեկացնել պետական անասնաբուժական ծառայությանն ընկալունակ տեսակի կենդանիների անկման կամ հիվանդության բոլոր դեպքերի, ինչպես նաև դրանց վարքագծում փոփոխությունների մասին, որոնք վկայում են հնարավոր հիվանդության մասին։ Անասունների հետ շփվող աշխատողները գյուղատնտեսական կազմակերպությունների անասնաբուժական մասնագետների հետ մասին պետք է օպերատիվ կարգով հայտնեն կենդանիներ տիրապետողներին և պետական անասնաբուժական ծառայությանը դաբաղի նկատմամբ կասկածների մասին․
գ) ձեռնարկել դաբաղով հիվանդության մեջ կասկածվող կենդանիների և դաբաղով հիվանդության մեջ կասկածվող ընկալունակ տեսակի կենդանիների հետ շփման մեջ գտնվող կենդանիների մեկուսացմանն ուղղված միջոցներ, ինչպես նաև ապահովել ընկալունակ տեսակի անկած կենդանիների դիակների մեկուսացումը․
դ) կատարել այն անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտներում (այսուհետ՝ օբյեկտներ), որտեղ պահում են ընկալունակ տեսակի կենդանիները, սույն փաստաթղթով և անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների անցկացմանը ներկայացվող պահանջները․
ե) պահպանել անդամ պետության օրենսդրությամբ կամ ԿԱՀԿ կանոնագրքի հանձնարարականներով սահմանված պայմանները, արգելքները, սահմանափակումները, եթե դրանք չեն կիրարկվել անդամ պետության՝ դաբաղի մասով ռեգիոնալացման մասին օրենսդրության մեջ, այն երկրի և (կամ) տարածաշրջանի կարգավիճակի հետ կապված, որի տարածքում է գտնվում օբյեկտը․
զ) թույլ չտալ տարբեր հոտերի ընկալունակ տեսակի կենդանիների խառնվելը դրանց արածեցման և ջուր խմեցնելու ժամանակ։
13. Դաբաղի կանխարգելման համար կարող է անցկացվել ընկալունակ տեսակի կենդանիների՝ դաբաղի դեմ պատվաստում պատվաստանյութերով՝ համաձայն դրանց կիրառման հրահանգների, հաշվի առնելով անդամ պետություններում և անդամ պետությունների հետ սահմանակից երրորդ երկրներում դաբաղի մասով անասնահամաճարակային վիճակը։ Դաբաղի դեմ պատվաստման իրականացման հնարավորության մասին որոշումն ընդունվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ Անդամ պետությունների տարածքներում օգտագործվում են անդամ պետություններում գրանցված և ԿԱՀԿ ախտորոշիչ թեստերի և պատվաստանյութերի ձեռնարկի (այսուհետ՝ ԿԱՀԿ ձեռնարկ) հանձնարարականներին համապատասխանող՝ դաբաղի դեմ պատվաստանյութերը։
Անհրաժեշտության դեպքում դաբաղի կանխարգելումն անցկացվում է անդամ պետությունների փոխգործակցության շրջանակներում՝ սահմանամերձ տարածքներում դաբաղի՝ պատվաստման միջոցով կանխարգելմանն ուղղված ծրագրերը համաձայնեցնելու միջոցով։
Դաբաղի դեմ պատվաստման արդյունավետությունը գնահատելու նպատակով իրականացվում է մշտադիտարկում՝ պատվաստման օրվանից 30-60 օրացուցային օր հետո ընկալունակ տեսակի կենդանիների պատվաստված պոպուլյացիայի շիճուկաբանական հետազոտությունների անցկացման միջոցով։
Բազմարժեքային պատվաստանյութերի օգտագործման դեպքում անցկացվում են պատվաստանյութում առկա յուրաքանչյուր սերոտիպի նկատմամաբ հակամարմինների հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ։ Շիճուկաբանական հետազոտություններն անցկացվում են պաշտպանված կենդանիների տոկոսը որոշելու և վիրուսի հնարավոր շրջանառությունը հայտնաբերելու նպատակով՝ օգտագործելով ԿԱՀԿ ձեռնարկով առաջարկվող մեթոդները։
14. Հաշվի առնելով անդամ պետություններում դաբաղի մասով անասնահամաճարակային վիճակը՝
ա) մշակվում են դաբաղի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ազգային ծրագրեր (պլաններ)․
բ) սահմանվում են դաբաղի կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամկետները և ավարտման ձևերը, ինչպես նաև դրանց պատասխանատու կատարողները․
գ) իրականացվում են օբյեկտների մշտական ստուգումներ (տեսչական ստուգումներ)՝ գիտելիքների առկայությունը և դաբաղի կանխարգելման կանոնները կիրառելու ունակությունն ապահովելու նպատակով․
դ) անցկացվում են դաբաղի կանխարգելման վերաբերյալ վերապատրաստումներ.
ե) ստեղծվում և պահպանվում են ապաակտիվացված վիրուսի հակածինների և դաբաղի դեմ պատվաստանյութերի ազգային բանկեր՝ հաշվի առնելով անդամ պետության տարածքում շրջանառվող վիրուսի անասնահամաճարակային շտամի սերոտիպերը։
15. Անդամ պետությունները համագործակցում են անդամ պետություններին սահմանակից երրորդ երկրների իրավասու մարմինների հետ Միության մաքսային տարածք վիրուսի ներմուծումը և տարածումը թույլ չտվող՝ համատեղ ծրագրերի (միջոցառումների ծրագրերի) համաձայնեցման և իրականացման հարցերով։
IV․ Դաբաղի ախտորոշումը
16. Դաբաղի լաբորատոր ախտորոշման համար կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշների հավաքումը, կոնսերվացումը և տեղափոխումն իրականացվում են սույն փաստաթղթի XVIII բաժնին համապատասխան։
17. Կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշների՝ դաբաղի մասով լաբորատոր հետազոտություններն (փորձարկումները) անցկացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման կազմակերպման կանոնների թիվ 6 հավելվածով նախատեսված՝ կենդանիների հիվանդությունների հարուցիչների ախտորոշման մեթոդների օգտագործմամբ։
18. Ախտորոշումը համարվում է հաստատված, եթե անջատվել է վիրուս և (կամ) հայտնաբերվել են վիրուսի հակածինը կամ ՌՆԹ-ն։
Վիրուսի կառուցվածքային պոլիպրոտեինների մասով այն հակամարմինների և (կամ) վիրուսի կառուցվածքային սպիտակուցների մասով այն հակամարմինների հայտնաբերումը, որոնք կապված են չեն դաբաղի դեմ պատվաստման հետ, համարվում է դաբաղի մասով կասկածելի դեպք։ Այս դեպքում պետք է իրականացվի անասնահամաճարակաբանական հետազոտության և կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի կրկնակի փորձանմուշառում՝ սույն փաստաթղթի 17-րդ կետին համապատասխան սերոլոգիական և վիրուսոլոգիական հետազոտության (փորձարկման) համար։
Այն դեպքում, երբ վիրուս չի անջատվել և (կամ) վիրուսի հակածին և (կամ) ՌՆԹ չի հայտնաբերվել, ախտորոշումը համարվում է չհաստատված։
Պատվաստված կենդանիների մոտ վիրուսի ոչ կառուցվածքային սպիտակուցների մասով հակամարմիններ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է իրականացնել ամբողջ հոտի արյան շիճուկի փորձանմուշներ վերցնելը՝ այն նույն մեթոդներով կրկնակի հետազոտությունների անցկացման համար, որոնք կիրառվել են առաջնային հետազոտության ժամանակ, ինչպես նաև ընտրանքային կարգով վերցնել ՊՇՌ-ի կամ վիրուսի անջատման համար պրոբանգ-փորձանմուշներ։ Դրական նմուշներ չհայտնաբերվելու դեպքում ախտորոշումը համարվում է չհաստատված։
19. Անդամ պետությունների տարածքներում դաբաղի մասով լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) արդյունքների մասին տեղեկացումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Առաջնային օջախում, ինչպես նաև վիրուսի տարբերվող տիպերով պայմանավորված օջախում ախտորոշումը հաստատվելու դեպքում լաբորատորիայի (կենտրոնի) կողմից կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշներն ուղարկվում են ԿԱՀԿ՝ դաբաղի մասով տարածաշրջանային ռեֆերենտ լաբորատորիա՝ ախտորոշման հաստատման և վիրուսի գենետիկ նույնականացման համար։
Բշտային համախտանիշով ընթացող հիվանդության ժամանակ դաբաղի մասով բացասական լաբորատոր ախտորոշման դեպքում անհրաժեշտ է բացառել բշտային ստոմատիտը, բշտային հիվանդությունը և բշտային համախտանիշով այլ հիվանդություններ, թունավորումները։ Դաբաղի ախտորոշումը հաստատելու և այն կենդանիների այլ հիվանդություններից տարբերակելու համար պետք է առկա լինի ախտորոշիչ հավաքածուների և այլ ծախսանյութերի պահուստ։
20. Դաբաղի դեմ պատվաստման արդյունավետությունը գնահատելու համար շիճուկաբանական հետազոտությունների ազգային ծրագրերի (պլանների) պլանավորման և իրագործման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել ռանդոմիզացված և ներկայացուցչական փորձանմուշների վերցնում։ Կենդանիների վերջին պատվաստման և արյան փորձանմուշներ վերցնելու ամսաթվի միջև ընկած ժամկետը կախված է շիճուկաբանական հետազոտությունների սահմանված նպատակներից։ Պատվաստման արդյունավետությունը գնահատելու համար ընկալունակ տեսակների պատվաստված կենդանիներից արյան փորձանմուշներ վերցնելն իրականացվում է սույն փաստաթղթի 13-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում։
Բազմարժեքային պատվաստանյութերի օգտագործման դեպքում անհրաժեշտ է անցկացնել թեստավորում՝ պատվաստանյութում առկա յուրաքանչյուր հակածինի նկատմամբ հակամարմինների պաշտպանական տիտրը որոշելու համար՝ սույն փաստաթղթի 13-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան։ Օգտագործված պատվաստանյութի պաշտպանական ազդեցության վերլուծության ժամանակ վիրուսի պատվաստանյութային շտամը պետք է ապահովի կենդանիների պաշտպանությունը անասնահամաճարակային իզոլյատից։
21. Վիրուսով վարակված կենդանիների մոտ միաժամանակ արտադրվում են հակամարմիններ ինչպես վիրուսի անասնահամաճարակային շտամի կառուցվածքային սպիտակուցների, այնպես էլ ոչ կառուցվածքային սպիտակուցների նկատմամբ։
Դաբաղի դեմ պատվաստված կենդանիների մոտ արտադրվում են հակամարմիններ պատվաստանյութի շտամի կառուցվածքային սպիտակուցների նկատմամբ այն պայմանով, որ օգտագործված պատվաստանյութը համապատասխանում է ԿԱՀԿ ձեռնարկով առաջարկվող՝ «մաքրությանը» ներկայացվող պահանջներին։
Կենդանիների մոտ վիրուսի ոչ կառուցվածքային սպիտակուցների նկատմամբ հակամարմինների առկայությունը կարող է վկայել կենդանու՝ դաբաղով հիվանդանալու և առողջանալու կամ ԿԱՀԿ օրենսգրքի առաջարկների չհամապատասխանող՝ դաբաղի դեմ պատվաստանյութի օգտագործման մասին։
22. Վիրուսի կառուցվածքային սպիտակուցների նկատմամբ հակամարմինների ախտորոշիչ թեստերը կիրառվում են պատվաստումից հետո վիրուսի կառուցվածքային սպիտակուցների նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար, ընկալունակ տեսակի կենդանիների պատվաստված պոպուլյացիայի մշտադիտարկման նպատակով։
Վիրուսի ոչ կառուցվածքային սպիտակուցների նկատմամբ հակամարմինների ախտորոշիչ թեստերը կիրառվում են բացառապես կենդանիների՝ դաբաղով հիվանդանալը և առողջանալը բացահայտելու համար՝ անկախ կենդանու իմունային կարգավիճակից, օգտագործված պատվաստանյութը՝ ԿԱՀԿ ձեռնարկով առաջարկվող՝ «մաքրությանը» ներկայացվող պահանջներին համապատասխանելու պայմանով։ Ընդ որում, այն գոտում, որտեղ անցկացվել է դաբաղի պատվաստումը, անհրաժեշտ է վերցնել արյան փորձանմուշները՝ ոչ կառուցվածքային սպիտակուցների նկատմամբ հակամարմինների հետազոտության համար, վերջին պատվաստման օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ շուտ՝ ԿԱՀԿ օրենսգրքի հանձնարարականներին համապատասխան։
23. Ընկալունակ տեսակի կենդանիների պատվաստված և չպատվաստված պոպուլյացիաներում վիրուսի առկայության հաստատումն իրականացվում է ԿԱՀԿ օրենսգրքով առաջարկվող շիճուկաբանական հետազոտությունների անցկացման սխեմայի համաձայն։
Կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշների՝ դաբաղի մասով շիճուկաբանական հետազոտությունների դրական արդյունքների մեկնաբանությունն իրականացվում է հաշվի առնելով ԿԱՀԿ այն հանձնարարականները, որոնցով պարզաբանվում են վիրուսի կառուցվածքային և ոչ կառուցվածքային սպիտակուցների նկատմամբ հակամարմինների հայտնաբերման պատճառները։
V. Կենդանիների՝ դաբաղով հիվանդանալու կասկածի դեպքում անցկացվող միջոցառումները
24. Կենդանիների՝ դաբաղով հիվանդանալու կասկածի առաջացման մասին տեղեկացման և որոշումների կայացման, ինչպես նաև օբյեկտներից վիրուսի դուրս բերման և տարածման հնարավորությունը բացառող շտապ միջոցառումների անցկացման համար պատասխանատու անձանց շրջանակի որոշման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։
Դաբաղի մասով բոլոր կասկածելի դեպքերը պետք է հաստատվեն կամ ժխտվեն հետևյալի հիման վրա.
կենդանիների կլինիկական զննման․
անասնահամաճարակաբանական հետաքննության.
կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի նմուշների լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների)։
Դաբաղի մասով կասկածելի դեպքերի հետազոտության համար օգտագործվող ախտորոշիչ թեստերի զգայունությունը և ուրույնությունը որոշիչ գործոններ են՝ հետազոտությունների արձանագրությունը պլանավորելու, փորձանմուշների ընտրանքի չափի հաշվարկը կազմելու և ստացված արդյունքները մեկնաբանելու համար։
Ընդ որում, դաբաղի մասով կասկածելի դեպքերի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) արդյունքները պետք է մեկնաբանվեն՝ հաշվի առնելով ընկալունակ տեսակի կենդանիների պոպուլյացիաների՝ դաբաղի դեմ պատվաստման պատմությունը, կեղծ դրական ռեակցիաների ստացման հավանականությունը և կեղծ դրական ռեակցիաների բնույթի ճշգրտման համար լրացուցիչ հետազոտությունների անցկացման հնարավորությունը։
25. Կենդանիների՝ դաբաղով հիվանդանալու կասկածի դեպքում իրականացվում են հետևյալ միջոցառումները.
ա) անապահով օբյեկտներում (ֆերմաներում, արոտավայրերում, մասնավոր իջևանատներում) կենդանիների կլինիկական զննում և ջերմաչափում, ընդ որում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել բերանի խոռոչի լորձաթաղանթի, քիթ-շրթունքային (դնչի) հայելու, միջկճղակային ճեղքի, պսակի, թաթաբարձիկների, կրծի (կաթնագեղձերի) մաշկի ախտահարումների վրա.
բ) ըստ անասնահամաճարակաբանական և կլինիկական տվյալների՝
կենդանիների այն ամբողջ խմբի մեկուսացում, որում հայտնաբերվել է հիվանդությունը, դրանց վերախմբավորումը, այլ տարածքներ տեղափոխումը կամ այլ արոտավայրեր քշելը թույլ չտալը, անապահով խմբի համար առանձին սպասարկող անձնակազմի կցում, անձնակազմի տեղաշարժի սահմանափակում և այլ կենդանիների և դրանց խնամող անձանց հետ շփման բացառում։ Սպասարկող անձնակազմը պետք է ձեռնարկի միջոցներ, որոնցով կբացառվեն վիրուսի դուրսբերումն անասնահամաճարակային օջախի սահմաններից դուրս․
բոլոր տեղաշարժերի դադարեցում, մասնավորապես՝ օբյեկտներից (ֆերմաներից, արոտավայրերից, մասնավոր իջևանատներից), ինչպես նաև բնակավայրերից ընկալունակ տեսակի կենդանիների (այդ թվում՝ դաբաղի նկատմամբ ոչ ընկալունակ կենդանիների), մսի, կաթի, կաթնամթերքի և մսամթերքի, սերմնահեղուկի, ձվաբջիջների կամ սաղմերի, կենդանական ծագման հումքի (կաշվե հումքի, ստևի), կերերի, գոմաղբի, գոմաղբի կույտերի, գույքի և այլ առարկաների, որոնց միջոցով հնարավոր է փոխանցել վիրուսը, դուրս բերման, ինչպես նաև կողմնակի անձանց և տրանսպորտային միջոցների օբյեկտի տարածք կամ տարածքից տեղաշարժը թույլ չտալը.
կենդանիների դիակների և այլ կենսաբանական թափոնների տեղափոխման, ժամանակավոր պահպանման, օգտահանման կամ ոչնչացման կարգի սահմանում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան․
լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) համար ախտաբանական նյութի փորձանմուշները վերցնելուց հետո՝ ընկալունակ կենդանիների՝ կաշվի հետ միասին դիակների ոչնչացում՝ սույն փաստաթղթի 31-րդ կետի ութերորդ պարբերությանը և 33-րդ կետի «ժբ» ենթակետին համապատասխան․
ենթադրվող էլպիզոոտիկ օջախում կենդանիների ընկալունակ տեսակների պահման համար նախատեսված տարածքների մուտքերի մոտ սպասարկող անձնակազմի ձեռքերի և կոշիկների, տրանսպորտային միջոցների անիվների ախտահանման համար նախատեսված պատշաճ միջոցների տեղադրում։
26. Ախտորոշումը հաստատելու, դաբաղի տարածումը թույլ չտալու և այն վերացնելու համար ձեռնարկվում են նաև հետևյալ միջոցառումները.
ա) դաբաղի մասով կասկածի հետ կապված կենդանիներ տիրապետողների համար ցուցումների և սահմանափակումների մասին միջնորդագրի կայացում.
բ) հիվանդ, անկած կենդանիներից կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներից կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշներ վերցնելը և սուրհանդակի միջոցով դրանց ուղարկումը լաբորատորիա (կենտրոն)՝ լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման համար՝ սույն փաստաթղթի 16-րդ կետին համապատասխան․
գ) անասնահամաճարակաբանական հետաքննության անցկացում՝ որոշելով վիրուսի հնարավոր աղբյուրը և բերման ուղիները, ինչպես նաև դրա տարածման ուղիները․
դ) դաբաղի՝ ենթադրվող անասնահամաճարակային օջախի, անապահով կետի, սպառնալիքի գոտու և հսկիչ գոտու սահմանների ճշգրտում.
ե) այն օբյեկտում (ֆերմայում, արոտավայրի հատվածում, մասնավոր իջևանատանը) և բնակավայրում, որտեղ գտնվում են դաբաղով հիվանդանալու մասով կասկածելի կենդանիները, աշխատանքի կազմակերպման նկատմամբ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) սահմանում, բլոկպոստների և կողմնակի անձանց այցելություններն արգելող ցուցանշանների տեղադրում․
զ) օբյեկտում (ֆերմայում, արոտավայրում, մասնավոր իջևանատանը) կենդանիների բոլոր կատեգորիաների հաշվառման անցկացում և գրանցում՝ ընկալունակ տեսակների յուրաքանչյուր կատեգորիայի համար նշելով անկած կենդանիների, հիվանդանալու և վարակվելու մեջ կասկածվող կենդանիների քանակը։ Հաշվառման տվյալները պարբերաբար թարմացվում են, դրանցում ներառվում է նոր տեղեկատվություն կասկածի ժամանակահատվածում ծնված, հիվանդացած և անկած կենդանիների մասին․
է) ընկալունակ տեսակի կենդանիների մսի, կաթի, կաթնամթերքի և մսամթերքի, սերմնահեղուկի, ձվաբջիջների կամ սաղմերի, կենդանական ծագման հումքի (կաշվե հումքի, ստևի), կերերի, գոմաղբի, գոմաղբի կույտերի, սարքավորումների, գույքի և այլ առարկաների, որոնց միջոցով հնարավոր է փոխանցել վիրուսը, բոլոր պաշարների հաշվառման և գրանցման անցկացման կազմակերպում, դրանք անմիջապես անապահով կետի տարածքում պահելու, վարակազերծելու, վերամշակելու կամ ոչնչացնելու կարգի սահմանում և ներմուծված սահմանափակումների պահպանման նկատմամբ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) իրականացում։
27. Այլ օբյեկտների նկատմամբ, որոնց տեղադիրքը, կառուցվածքը և շփումները հիմք են տալիս կասկածելու այդ օբյեկտներում դաբաղի կամ վիրուսով վարակված կենդանիների առկայությունը, կիրառվում են այն նույն միջոցները, որոնք կիրառվում են կենդանիների՝ դաբաղով հիվանդանալու մեջ կասկածի դեպքում, և նշված են սույն փաստաթղթի 25-րդ և 26-րդ կետերում։
28. Կենդանիների՝ դաբաղով հիվանդանալու մեջ կասկածի առաջանալու դեպքում կարող է ստեղծվել իրավիճակների ժամանակավոր հսկողության գոտի, որը բնորոշվում է ընկալունակ տեսակի կենդանիների բարձր խտությամբ, ընկալունակ տեսակաների կենդանիների հետ շփվող կենդանիների կամ մարդկանց ինտենսիվ տեղաշարժով, հիվանդության մեջ կասկածվող կենդանու կարգավիճակի մասին պետական անասնաբուժական ծառայությանը ժամանակին չտեղեկացնելով կամ վիրուսի հնարավոր ծագման կամ բերման ուղիների մասին բավարար տեղեկատվության բացակայությամբ։
Ժամանակավոր հսկողության գոտում ձեռնարկվում են նույն միջոցները, որոնք ձեռնարկվում են կենդանիների հիվանդանալու կասկածի դեպքում։ Նման միջոցները կարող են լրացվել անդամ պետության տարածքի մի մասով կամ ամբողջ տարածքով բոլոր կենդանիների տեղաշարժման ժամանակավոր արգելքով։ Անընկալունակ տեսակի կենդանիների տեղաշարժման արգելքը չպետք է գերազանցի 72 ժամը։
29. Ժամանակավոր հսկողության գոտում մինչև դաբաղով հիվանդանալու ախտորոշման հաստատումը կարող են անցկացվել դաբաղի կանխարգելմանը և վերացմանն ուղղված միջոցառումներ՝ ընկալունակ տեսակի կենդանիների անհապաղ սանիտարական սպանդի միջոցով, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել կենդանիների սանիտարական սպանդ անասնահամաճարակային կապված և հարևան օբյեկտներում։
30. Սույն փաստաթղթի 25-28-րդ կետերով նախատեսված միջոցառումները չպետք է չեղարկվեն այնքան, մինչև դաբաղի նկատմամբ կասկածը պաշտոնապես չհանվի լիազորված մարմնի կողմից։
VI. Դաբաղի անասնահամաճարակային օջախների տեղայնացման և վերացման ժամանակ անցկացվող միջոցառումները
31. Դաբաղի ախտորոշումը հաստատվելու դեպքում լիազորված մարմինը՝ դաբաղի անասնահամաճարակային օջախի առաջացման մասին անմիջապես տեղեկացնում է անդամ պետության տեղական գործադիր մարմիններին, անդամ պետության կառավարությանը (դաբաղի առաջնային օջախի դեպքում, ինչպես նաև վիրուսի տարբերվող տիպերով պայմանավորված օջախի դեպքում), ԿԱՀԿ (ԿԱՀԿ-ի օրենսգրքի՝ կենդանիների հիվանդությունների վերաբերյալ ազդարարման մասին համապատասխան գլխով սահմանված կարգով և ժամկետներում), երրորդ երկրների իրավասու մարմիններին (համապատասխան պայմանավորվածությունների առկայության դեպքում), այլ անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին՝ անդամ պետությունների փոխգործակցության կարգի 14-րդ կետին համապատասխան։
Անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
անդամ պետության տեղական գործադիր մարմին ներկայացվում է կարանտին սահմանելու մասին միջնորդագիր և դաբաղի անասնահամաճարակային օջախի տեղայնացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների պլանը, որը կազմվել է արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում գործողությունների պլանի շրջանակներում․
ներկայացվում է անդամ պետության՝ դաբաղի դեմ պայքարի արտակարգ հակաանասնահամաճարակային հանձնաժողովի (այսուհետ՝ ԱՀՀ) ստեղծման մասին առաջարկ․
անապահով կետ են գործուղվում կոմպետենտ մասնագետներ՝ դաբաղի անասնահամաճարակային օջախի տեղայնացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման համար․
իրականացվում է անասնահամաճարակաբանական հետաքննություն՝ սույն փաստաթղթի 42-րդ կետին համապատասխան․
լիազորված մարմինն անդամ պետության տեղական գործադիր մարմիններին ներկայացնում է առաջարկություններ՝ դաբաղի անասնահամաճարակային օջախի տեղայնացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների անցկացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին․
սահմանվում է ընկալունակ կենդանիների դիակների և դրանցից ստացված մթերքի ոչնչացման տեղը։
Անդամ պետության կառավարության որոշմամբ (դաբաղի առաջնային օջախի դեպքում, ինչպես նաև վիրուսի տարբերվող տիպերով պայմանավորված օջախի հայտնաբերման դեպքում), հրավիրվում է ԱՀՀ, որը մշակում և կազմակերպում է անդամ պետության տարածք դաբաղի ներմուծման, առաջացման և տարածման կանխարգելմանը և դրա վերացմանն ուղղված միջոցառումները։
32. Անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով կայացվում է որոշում կարանտին սահմանելու մասին (նշելով դաբաղի անասնահամաճարակային օջախի, անապահով կետի, սպառնալիքի գոտու և հսկիչ գոտու սահմանները), հաստատվում է դաբաղի անասնահամաճարակային օջախի տեղայնացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների պլանը, ինչպես նաև կայացվում է որոշում այն ԱՀՀ-ի (շրջանային և մարզային մակարդակներով) ստեղծման մասին, որը լուծում է դաբաղի անասնահամաճարակային օջախը վերացնելու և դրա տարածումը թույլ չտալու հետ կապված հարցերը։
Դաբաղի անասնահամաճարակային օջախի տեղայնացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների պլանին համապատասխան՝
ձեռնարկվում են դաբաղի՝ ժամանակին ախտորոշման նկատմամբ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ուժեղացմանն ուղղված միջոցներ.
ախտահանման և լաբորատոր հետազոտությունների իրականացմանն ուղղված գործունեություն իրականացնող կազմակերպությունների ապահովումը՝ անհրաժեշտ քանակի ախտահանիչ և ախտորոշիչ միջոցներով․
կազմակերպվում է դաբաղի կանխարգելման հարցերով մշտական սանիտարական լուսավորչական աշխատանք բնակչության հետ.
կազմակերպվում և իրականացվում է անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն)՝ սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ․
ե) ԱՀՀ-ն քննարկում է դաբաղի անասնահամաճարակային օջախի տեղայնացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման ընթացքը և ապահովում է բոլոր ներգրավված գերատեսչությունների փոխգործակցությունը։
33. Դաբաղի անասնահամաճարակային օջախում՝
ա) դաբաղի անասնահամաճարակային օջախի տարածքը պատնեշվում է, մուտքի մոտ տեղադրվում է շուրջօրյա հսկիչ անցակետ՝ պարաֆորմալինային խցիկով, ախտահանման պատնեշով և ախտահանման սարքվածքով․
բ) դաբաղի անասնահամաճարակային օջախի տարածքին կցվում է տրանսպորտային միջոց (առանց դրա սահմաններից դուրս գալու իրավունքի)։ Անհրաժեշտ նյութերի մատակարարման համար դաբաղի անասնահամաճարակային օջախի տարածք մուտք գործելու համար սարքավորվում է փոխաբեռնման հրապարակ, որտեղ դրսից բերվող բեռները առաքվում են առանձին տրանսպորտային միջոցով․
գ) դաբաղի անասնահամաճարակային օջախի տարածքում գտնվող կենդանիները պահվում են սենքերում կամ փարախներում։ Արգելվում են կենդանիների վերախմբավորումները և դրանց տեղաշարժը դաբաղի անասնահամաճարակային օջախի սահմաններից դուրս․
դ) դաբաղի անասնահամաճարակային օջախում աշխատանքների իրականացման համար հատկացվում է անձնակազմի անհրաժեշտ քանակ, որի համար սահմանվում է սանիտարական անցագրային ռեժիմ, որը պարտադիր է դաբաղի անասնահամաճարակային օջախում գտնվող բոլոր անձանց համար։ Դաբաղի անասնահամաճարակային օջախի տարածքում գտնվող անձնակազմին ներկալելու հնարավորության բացակայության դեպքում դաբաղի անասնահամաճարակային օջախի տարածքից այնտեղ աշխատող անձնակազմին (այդ թվում՝ դաբաղի անասնահամաճարակային օջախի տեղայնացմամբ և վերացմամբ զբաղվող անձանց) թույլատրվում է դուրս գալ միայն սանիտարական անցակետով (պարտադիր զգեստափոխման և սանիտարական-հիգիենիկ ցնցուղի ընդունման պայմանով)․
ե) դաբաղի անասնահամաճարակային օջախում գտնվող անձինք ապահովվում են առնվազն 2 ձեռք փոխնորդ սանիտարական հագուստով և կոշիկով, սրբիչներով, օճառով և ձեռքերի մշակման համար ախտահանիչ լուծույթով, ինչպես նաև առաջին օգնության արկղիկներով․
զ) իրականացվում է հաստոցների, կենդանիների խնամքի համար նախատեսված առարկաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների, օբյեկտների սենքերի և տարածքների ամենօրյա ախտահանում՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ ախտահանման անցկացման անասնաբուժասանիտարական կանոններին համապատասխան։ Հագուստը, սպիտակեղենը, գլխի հարդարանքները և կոշիկներն ամեն օր ախտահանվում են․
է) իրականացվում է վայրի թռչունների (սարյակների, ագռավների, աղավնիների և այլնի) վախեցում, կրծողների և միջատների ոչնչացում, ինչպես նաև ձեռնարկվում են միջոցներ՝ դաբաղի անասնահամաճարակային օջախ շների, կատուների և այլ կենդանիների մուտքը թույլ չտալու ուղղությամբ․
ը) ապահովում են կաթի, մսի, կաթնամթերքի և մսամթերքի, կերերի, գոմաղբի բոլոր պաշարների, կենդանիների բոլոր կատեգորիաների (ընկալունակ տեսակների յուրաքանչյուր կատեգորիայի համար նշելով անկած կենդանիների, հիվանդության և վարակի մեջ կասկածվող կենդանիների քանակը) հաշվառումը և գրանցումը, ինչպես նաև նշված արտադրանքի հաշվառման տվյալների պարբերական թարմացումը․
թ) դաբաղի անասնահամաճարակային օջախի տեղայնացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար ներգրավում են հատուկ տեխնիկա և տրանսպորտային միջոցներ․
ժ) դաբաղի առաջնային օջախում, ինչպես նաև վիրուսի տարբերվող տիպով պայմանավորված օջախում իրականցվում են ընկալունակ կենդանիների, ընկալունակ կենդանիներից ստացված արտադրանքի բռնագրավում և դրանց ոչնչացում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ կենդանիների սպանդի ժամանակ կատարվում է ախտաբանական նյութի նմուշառում՝ անասնահամաճարակաբանական հետազոտության համար անհրաժեշտ շիճուկաբանական, վիրուսաբանական և այլ լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) համար։
Կրկնվող դաբաղի օջախում նշված միջոցառումների անրաժեշտությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ․
ժա) ընկալունակ կենդանիներին հանելուց և սպանդից, ընկալունակ կենդանիներից ստացված արտադրանքը հանելուց և ոչնչացնելուց, դաբաղի անասնահամաճարակային տարածքում կենդանիների դիակները հավաքելուց և ոչնչացնելուց հետո վիրուսի ոչնչացման նպատակով իրականացնում են բոլոր սենքերի, մակատեղիների տարածքների, գույքի, սարքավորումների, տրանսպորտային միջոցների մաքրում, սանիտարական մշակում՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ներքո, օգտագործելով սահմանված կարգով գրանցված ախտահանիչ միջոցներ և այդ ախտահանիչ միջոցների սանիտարական մշակում իրականացնելու համար անդամ պետությունների օրենսդրութամբ սահմանված աշխատանքային կոնցենտրացիաներ։ Սանիտարական մշակմանն ուղղված բոլոր աշխատանքների կատարումը պետք է պատշաճ կերպով փաստաթղթավորվի (ախտահանման որակի հետագա հսկմամբ)․
ժբ) անկած և սպանված կենդանիների դիակները անհապաղ ոչնչացվում են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ներքո այն եղանակով, որի դեպքում բացառվում է վիրուսի տարածման ռիսկը։ Այն դեպքերում, երբ հանգամանքների բերումով պահանջվում է դիակների (մսեղիքի) թաղում կամ այրում տեղում կամ օբյեկտից դուրս, այդ գործողություններն իրականացվում են արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործողությունների պլանների շրջանակներում կազմված հրահանգներին համապատասխան։
34. Դաբաղի անասնահամաճարակային օջախում արգելվում է՝
ա) բերել (ներմուծել) և դուրս բերել (արտահանել) բոլոր տեսակների կենդանիներին, այդ թվում՝ թռչուններին.
բ) տեղափոխել և վերախմբավորել կենդանիներին՝ առանց լիազորված մարմնի թույլտվության․
գ) մթերել և դաբաղի անասնահամաճարակային օջախի սահմաններից դուրս հանել ընկալունակ տեսակի կենդանիների միս, կաթ, կաթնամթերք և մսամթերք, սերմնահեղուկ, ձվաբջիջներ կամ սաղմեր, կենդանական ծագման հումք (կաշվե հումք, ստև), կերեր, գոմաղբ, գոմաղբի կույտեր, գույք և այլ առարկաներ, որոնց միջոցով հնարավոր է փոխանցել վիրուսը։ Կենդանական ծագման արտադրանքի, գենետիկ նյութի, գոմաղբի կույտերի, գոմաղբի բոլոր պաշարները, ինչպես նաև կենդանիների կերերը և գոմափռոցները ոչնչացվում են կամ ենթարկվում են վարակազերծման ԿԱՀԿ օրենսգրքով առաջարկվող մեթոդներով և այլ այնպիսի մեթոդներով, որոնցով երաշխավորվում է վիրուսի ոչնչացումը, իսկ առաջնային օջախների վերացման ժամանակ, ինչպես նաև վիրուսի տարբերվող տիպերով պայմանավորված օջախների վերացման ժամանակ ենթարկվում են ոչնչացման․
դ) իրականացնել տրանսպորտային միջոցների մուտք (ելք), կողմնակի անձանց մուտք (ելք)։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), կողմնակի անձանց մուտքն այդպիսի տարածք (ելքն այդպիսի տարածքից)՝ պահպանելով վիրուսի տարածումից խուսափելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները (դաբաղի անասնահամաճարակային օջախի տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր ախտահանման)․
ե) բուժել դաբաղով հիվանդ կենդանիներին։
35. Դաբաղով հիվանդ և վարակված ընկալունակ կենդանիներից ստացված կաթը ենթակա է ոչնչացման։
36. Միսը, կաթը, կաթնամթերքը և մսամթերքը, աղիքի թաղանթը, բուրդը, ստևը, մորթին, կաշին, որսորդական հաղթանշանները (բացառությամբ սույն փաստաթղթի 35-րդ կետում նշված արտադրանքի) վարակազերծվում են ԿԱՀԿ օրենսգրքով առաջարկվող և վիրուսի ոչնչացումը երաշխավորող մեթոդներով և կարող են օգտագործվել միայն դաբաղի անասնահամաճարակային օջախի տարածքում։
37. Մարդկանց բնակելի տարածքների կամ օբյեկտի ծառայողական տարածքների՝ վիրուսով կոնտամինացման հիմնավորված կասկածի դեպքում համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվում են միջոցներ այդպիսի տարածքների՝ անդամ պետություններում սահմանված կարգով գրանցված ախտահանիչ միջոցների օգտագործմամբ ախտահանում անցկացնելու ուղղությամբ։
38. Վիրուսը ոչնչացնելու և դրա տարածման ռիսկը բացառելու նպատակով ընդունվում է որոշում սույն փաստաթղթի 34-րդ կետի «գ» ենթակետում նշված արտադրանքի և այն արտադրանքի վերադարձման և վերամշակման (մշակման), վարակազերծման մասին, որն առկա է կամ ստացվել է դաբաղի անասնահամաճարակային օջախի տարածքում ընկալունակ տեսակի կենդանիներից՝ դաբաղի անասնահամաճարակային օջախ վիրուսի հնարավոր բերման և սահմանափակումներ սահմանելու և այդպիսի արտադրանքի մշակման (վերամշակման) մասով միջոցներ իրականցնելու միջև ընկած ժամանակահատվածում։ Դաբաղի առաջնային օջախների, ինչպես նաև վիրուսի տարբերվող տիպերով պայմանավորված դաբաղի օջախների վերացման ժամանակ նշված արտադրանքը ոչնչացվում է։
39. Այլ օբյեկտների նկատմամբ, որոնց տեղադիրքը, կառուցվածքը և շփումները հիմք են տալիս կասկածելու այդ օբյեկտներում դաբաղի կամ վիրուսով վարակված կենդանիների առկայությունը, նույնպես կիրառվում են սույն փաստաթղթի 33-38-րդ կետերով նախատեսված միջոցները։
40. Անդամ պետության տարածքում դաբաղի՝ մասսայական տարածման սպառնալիքի կամ հարևան երկրների տարածք կամ հարևան երկրների տարածքներից՝ անդամ պետության տարածք վիրուսի ներթափանցման սպառնալիքի դեպքում կարող է ընդունվել որոշում որոշակի գոտիում (տարածաշրջանում) ընկալունակ տեսակի կենդանիների՝ համապատասխան տիպի հակադաբաղային պատվաստանյութով շտապ պատվաստում իրականացնելու մասին։
Այս դեպքում ընկալունակ կենդանիների (բացառությամբ բնական ազատության վիճակում գտնվող վայրի ընկալունակ կենդանիների)՝ դաբաղի դեմ պատվաստումն իրականացվում է սահմանված կարգով գրանցված և հրահանգներին համապատասխան կիրառվող պատվաստանյութերով։
41. Սույն փաստաթղթի 40-րդ կետին համապատասխան պատվաստված կենդանիներին պահելու, օգտագործելու և տեղափոխելու կարգը, գոտու (տարածաշրջանի) նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը և դրանց հանումը կարգավորվում են անդամ պետության օրենսդրությամբ։
Դաբաղի դեմ պատվաստված և դաբաղի դեմ չպատվաստված ընկալունակ կենդանիներին համատեղ պահել չի թույլատրվում։ Գոտի (տարածաշրջան) բոլոր նոր ստացվող կենդանիները պատվաստում են դաբաղի դեմ (դրանց մուտքն ընդհանուր հոտի մեջ հնարավոր է դրանց պատվաստումն իրականացնելուց հետո 21 օրը լրանալուց ոչ շուտ)։
42. Դաբաղի բռնկման համաճարակաբանական հետաքննության անցկացումն իրականացվում է անասնաբուժության ոլորտում հատուկ պատրաստված մասնագետների կողմից՝ հարցման թերթիկների հիման վրա, որոնք մշակվել են արտակարգ իրավիճակներ առաջանալիս գործողությունների պլանների իրագործման շրջանակներում՝ հաշվի առնելով ԿԱՀԿ Կենդանիների հիվանդությունների հսկողության (վերահսկողության) վերաբերյալ ձեռնարկում ներկայացված բլոկ-սխեման։ Նման հետաքննություններն անցկացվում են առնվազն՝
ա) օբյեկտում վիրուսի առկայության ենթադրյալ տևողության՝ մինչև դրա մասով կասկածի առաջացումը կամ դրա մասին անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացումը ենթադրյալ տևողության առնչությամբ․
բ) օբյեկտում վիրուսի հնարավոր աղբյուրի և այլ օբյեկտների, որոնց տարածքում պահվել են հիվանդության մեջ կասկածվող կամ միևնույն աղբյուրից վարակված կենդանիները, նույնականացման առնչությամբ․
գ) վարակման հնարավոր աստիճանի կամ ընկալունակ տեսակների այլ կենդանիների վարակման առնչությամբ (բացի խոշոր եղջերավոր անասուններից և ընտանի խոզերից).
դ) կենդանիների, մարդկանց, տրանսպորտային միջոցների, սույն փաստաթղթի 34-րդ կետի «գ» ենթակետում նշված, և վիրուսը փոխանցելու ունակ արտադրանքի տեղափոխման առնչությամբ։
43. Հիմք ընդունելով անասնահամաճարակաբանական հետաքննության արդյունքները՝ սահմանվում կամ ճշգրտվում են դաբաղի անասնահամաճարակային օջախի, անապահով կետի, սպառնալիքի գոտու և հսկող գոտու սահմանները։
44. Դաբաղի անասնահամաճարակային օջախի տեղայնացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքների հիման վրա լիազորված մարմինն անհապաղ տեղեկատվություն է հաղորդում անդամ պետությունների տեղական գործադիր մարմիններին, անդամ պետության կառավարությանը, ԿԱՀԿ (ԿԱՀԿ-ի օրենսգրքի՝ կենդանիների հիվանդությունների վերաբերյալ ազդարարման մասին համապատասխան գլխով սահմանված կարգով և ժամկետներում), երրորդ երկրների իրավասու մարմիններին (համապատասխան պայմանավորվածությունների առկայության դեպքում), այլ անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին՝ անդամ պետությունների փոխգործակցության կարգի 14-րդ կետին համապատասխան։
VII. Դաբաղի օջախների տեղայնացման և վերացման առանձնահատկությունները սպեցիֆիկ օբյեկտների մոտ կամ դրանց սահմաններում բռնկման դեպքում։
45. Եթե դաբաղի բռնկման դեպքում առաջանում է ընկալունակ տեսակների կենդանիներին վարակելու սպառնալիք լաբորատորիայում (կենտրոնում), կենդանաբանական այգում, արգելոցում, հաստատություններում, ինստիտուտներում, կենտրոններում և այլ վայրերում, որտեղ կենդանիներին պահում են գիտական նպատակներով կամ գյուղատնտեսական կենդանիների տեսակների կամ գենետիկ պաշարների պահպանման հետ կապված նպատակներով, ապահովվում է կենսաբանական անվտանգության պատշաճ միջոցների ձեռնարկում՝ այդ կենդանիներին վարակվելուց պաշտպանելու համար։ Նման միջոցները կարող են ներառել հասարակական հաստատություններ հասանելիության սահմանափակումներ կամ հասանելիության տրամադրում միայն հատուկ պայմաններով։
46. Սույն փաստաթղթի 45-րդ կետում նշված օբյեկտներից մեկում դաբաղի անասնահամաճարակային օջախի հայտնաբերումը հաստատվելու դեպքում կարող է ընդունվել որոշում սույն փաստաթղթի 33-րդ կետի «ժ» ենթակետով նախատեսված պահանջների չեղարկման մասին՝ պայմանով, որ պահպանված են անհրաժեշտ պայմանները՝ վիրուսի տարածման ցանկացած ռիսկի կանխման համար։
47. Սույն փաստաթղթի 46-րդ կետով նախատեսված որոշման մասին պետք է անհապաղ տեղեկացվեն անդամ պետությունների տեղական գործադիր մարմինները, անդամ պետության կառավարությունը, ԿԱՀԿ-ն (ԿԱՀԿ-ի օրենսգրքի՝ կենդանիների հիվանդությունների վերաբերյալ ազդարարման մասին համապատասխան գլխով սահմանված կարգով և ժամկետներում), երրորդ երկրների իրավասու մարմինները (համապատասխան պայմանավորվածությունների առկայության դեպքում), այլ անդամ պետությունների լիազորված մարմինները և Հանձնաժողովը՝ անդամ պետությունների փոխգործակցության կարգի 14-րդ կետին համապատասխան։
Գյուղատնտեսական կենդանիների գենետիկ պաշարների պահպանման անհրաժեշտության դեպքում այդ ծանուցման մեջ պետք է պարունակվի նաև օբյեկտների ցանկի հղումը, որում ներառված են այդ օբյեկտները՝ որպես ընկալունակ տեսակի կենդանիների ցեղատեսակների պահպանման (կենդանի մնալու) համար անհրաժեշտ սելեկցիոն կենտրոններ։
VIII. Դաբաղի օջախների տեղայնացման և վերացման առանձնահատկությունները՝ կենդանիների սպանդ իրականացնող ձեռնարկություններում, սահմանային հսկիչ անասնաբուժական կետերում և տրանսպորտի օբյեկտներում բռնկման դեպքում
48. Կենդանիների սպանդ իրականացնող ձեռնարկությունում (մսի կոմբինատում, արտադրական ցիկլի շրջանակներում հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիների սպանդի համար սպանդային կետում), սահմանային հսկիչ անասնաբուժական կետում կամ տրանսպորտի օբյեկտներում դաբաղի բռնկման դեպքը հաստատվելիս նշված օբյեկտներում սահմանվում է կարանտին, և իրականացվում են հիվանդության տեղայնացմանը, վերացմանը և տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ (այդ թվում՝ անասնահամաճարակաբանական հետաքննություն՝ սույն փաստաթղթի 42-րդ կետին համապատասխան)։
49. Սույն փաստաթղթի 48-րդ կետում նշված օբյեկտների հարևան օբյեկտներում ընկալունակ տեսակի կենդանիների՝ դաբաղով վարակվելու մեջ կասկածի դեպքում ապահովվում է այդ օբյեկտների նկատմամբ սույն փաստաթղթի V բաժնով նախատեսված միջոցների կիրառումը։
50. Սույն փաստաթղթի 48-րդ կետում նշված օբյեկտներում կենդանիների սպանդը, տեսչական ստուգումը կամ նոր խմբաքանակի տեղափոխումը թույլատրվում է միայն կարանտինը հանելուց հետո, սակայն ոչ շուտ, քան վերջնական ախտահանումն ավարտելու պահից 24 ժամ հետո։
IX. Դաբաղի օջախների տեղայնացման և վերացման առանձնահատկությունները կենդանական ծագման հումքի արտադրություն, վերամշակում և (կամ) պահում իրականացնող օբյեկտներում
51. Կաթի գործարաններում, կաշվի հումքի և բրդի պահեստներում, ինչպես նաև այլ ձեռնարկություններում վիրուսով կոնտամինացված կենդանական ծագման հումք ստանալու դեպքում նշված օբյեկտներում սահմանվում է կարանտին։ Օբյեկտի ադմինիստրացիան և անասնաբուժական ծառայությունը պարտավոր են անհապաղ ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցներ։ Կարանտինի սահմանման ժամկետը որոշվում է հաշվի առնելով օբյեկտում ստացված կենդանական ծագման ամբողջ հումքի վարակազերծման, օբյեկտի տարածքների, սենքերի, այդ օբյեկտի սարքավորումների և այլ առարկաների վարակազերծմանն ուղղված աշխատանքների անցկացման համար պահանջվող ժամանակը։
X. Անապահով կետում իրականացվող միջոցառումները
52. Անապահով կետում կարանտին սահմանելու որոշման հիման վրա՝
ա) իրավասու մարմնի կողմից՝ անդամ պետության ներքին գործերի մարմինների հետ համատեղ փակվում են դեպի անապահով կետ (անապահով կետից) տանող բոլոր ճանապարհները (արահետները), տեղադրվում են անհրաժեշտ քանակի պահակային-կարանտինային կետեր՝ շուրջօրյա հերթապահությամբ, ճանապարհներին տեղադրվում են համապատասխան ցուցանակներ («Կարանտին», «Երթևեկությունը և անցուդարձն արգելված են», «Շրջանցիկ ճանապարհ»), հատկացվում է մարդկանց անհրաժեշտ քանակ՝ պահակային-կարանտինային կետերում հերթապահության համար, և սահմանվում են նրանց պարտականությունները։ Պահակակետերը սարքավորվում են ուղեփակոցներով և հերթապահների համար նախատեսված սենքերով, ապահովում են ախտահանիչ միջոցների և տրանսպորտային միջոցների ախտահանման համար համապատասխան սարքավորումների առկայությունը, տեղադրվում են կապի միջոցներ․
բ) բոլոր կենդանիներին տեղափոխում են մսուրային պահվածքի կամ հատուկ առանձնացված մեկուսացված արոտավայրի տարածք, անապահով կետում գտնվող՝ դաբաղի նկատմամբ ընկալունակ տեսակի կենդանիների ամբողջ գլխաքանակը վերցվում է հաշվառման, անասնատերերին տեղեկացնում են կարանտինի պայմաններում դրանց պահելու կանոնների մասին։ Անասնահամաճարակային օջախի սահմաններից դուրս դաբաղի տարածման սպառնալիքի դեպքում կարող է ընդունվել անապահով կետի տարածքում գտնվող ընկալունակ տեսակների բոլոր կենդանիների սանիտարական սպանդի մասին որոշում․
գ) ընկալունակ կենդանիների դիակները ենթակա են հերձման ((անհրաժեշտության դեպքում) կատարելով փորձանմուշների վերցնում)՝ պետական անասնաբուժական ծառայության մասնագետի ներկայությամբ, և ոչնչացման․
դ) չի թույլատրվում կենդանիներին, այդ թվում՝ շներին, կատուներին և ընտանի թռչուններին պահել առանց հսկողության․
ե) ապահովվում է օբյեկտների սենքերի ախտահանման իրականացումը և արտահագուստի և հատուկ կոշիկների, խնամքի համար նախատեսված առարկաների, տրանսպորտային միջոցների և այլ առարկաների մշակումը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ախտահանման անցկացման անասնաբուժասանիտարական կանոններին համապատասխան․
զ) չի թույլատրվում մարդկանց տեղաշարժը անապահով կետի սահմաններից դուրս՝ առանց ԱՀՀ-կողմից սահմանված համապատասխան միջոցների և տեղաշարժի կարգի պահպանման․
է) օբյեկտներում, կենդանիների տիրապետող քաղաքացիների բակերում, կենդանական ծագման հումքի պահպանման և վերամշակման ձեռնարկություններում գտնվող սենքերի կամ փարախների մուտքի մոտ պարտադիր պետք է առկա լինեն տեխնիկական միջոցներ և հարմարանքներ (այդ թվում՝ ախտահանիչ պատնեշներ, ախտահանման գորգեր և այլն)՝ տրանսպորտային միջոցների ախտահանման, կոշիկների մշակման համար, այն ախտահանիչ միջոցներով, որոնց օգտագործումը խորհուրդ է տրվում դաբաղի ժամանակ.
ը) արգելվում է՝
բոլոր տեսակի կենդանիների, այդ թվում՝ թռչունների ներմուծումը և արտահանումը.
կաթի և կաթնամթերքի արտահանումը.
կաթի և կաթնամթերքի օգտագործումը՝ չվարակազերծված ձևով․
ընկալունակ կենդանիների սպանդը (բացառությամբ պետական անասնաբուժական ծառայության հսկողության ներքո իրականացվող սանիտարական սպանդի՝ մինչև սպանդը և սպանդից հետո դաբաղի մասով պարտադիր հետազոտությամբ) և սպանդի մթերքների արտահանումը.
կերերի մթերումը և արտահանումը, գույքի, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցների արտահանումը (չվարակազերծված վիճակում)․
անապահով կետի տարածքում բնակվող և (կամ) ժամանակավոր գտնվող մարդկանց կենսագործունեության ապահովման համար չներգրավված տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը)․
տրանսպորտային միջոցների ելքը՝ առանց ախտահանում իրականացնելու․
գոմաղբի և գոմաղբի կույտերի արտահանումը.
ընկալունակ կենդանիների արածեցումը, տեղափոխումը և վերախմբավորումը․
սերմնահեղուկի հավաքումը, մշակումը, պահպանումը և օգտագործումը, գենետիկ նյութի (սերմնահեղուկի, սաղմերի և ձվաբջիջների) դուրսբերումը․
ընկալունակ կենդանիների մորթիների և բրդի հավաքումը և արտահանումը.
ընկալունակ կենդանիների որսը․
դաբաղով հիվանդ կենդանիների բուժումը․
թ) իրականացվում են՝
բոլոր ընկալունակ կենդանիների պատվաստում (լիազորված մարմնի կողմից դրա իրականացման մասին որոշում ընդունելու դեպքում) համապատասխան տիպի պատվաստանյութով՝ կիրառման հրահանգին համապատասխան, անկախ նախորդ պատվաստման ժամկետներից․
ընկալունակ կենդանիների ամենօրյա կլինիկական զննում բոլոր տնտեսություններում․
ընկալունակ կենդանիների արյան շիճուկի և (կամ) կերակրափողաըմպանային հեղուկի փորձանմուշների մշտադիտարկումային հետազոտություններ․
ընտանի թռչունների և այլ ընտանի կենդանիների պահում փակ սենքերում։ Թույլատրվում է շներին պահել մեծավանդակում կամ կապած վիճակում, ձիերին՝ փարախներում և լևադաներում․
սննդային, կերային, տեխնիկական, դեղագործական և այլ նպատակների համար նախատեսված կենդանական ծագման բոլոր տեսակների արտադրանքի պաշարների,
ինչպես նաև գենետիկ նյութի, գոմաղբի կույտերի, գոմաղբի, կենդանիների կերերի և գոմափռոցների վարակազերծում ԿԱՀԿ օրենսգրքով առաջարկվող մեթոդներով և այլ մեթոդներով, որոնցով երաշխավորվում է վիրուսի ոչնչացումը։
XI. Սպառնալիքի գոտու և հսկման գոտու սահմանումը
53. Դաբաղի ախտորոշումը հաստատվելուց հետո անմիջապես որոշվում է սպառնալիքի գոտին, որի նվազագույն շառավիղը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ և կազմում է անապահով կետից 3 կմ-ից ոչ պակաս, իսկ առավելագույն շառավիղը սահմանվում է հաշվի առնելով դաբաղի մասով անասնահամաճարակային իրավիճակը, տեղանքի լանդշաֆտային աշխարհագրական առանձնահատկությունները, այդ գոտում տեղակայված բնակավայրերի և տնտեսությունների միջև տնտեսական, տրանսպորտային և այլ կապեր։ Հսկման գոտու նվազագույն շառավիղն անապահով կետի շուրջ կազմում է 10 կմ։
54. ԱՀՀ որոշմամբ ապահովվում է սպառնալիքի գոտու և հսկման գոտու դրոշմավորում՝ այդ գոտիների մուտքերի մոտ մեծ չափերի ճանապարհային ցուցանակների տեղադրման միջոցով։
55. ԱՀՀ որոշմամբ ապահովվում է սպառնալիքի գոտուց և հսկման գոտուց այլ գոտիներ (տարածաշրջաններ) ուղարկված կենդանիների հսկողությունն առնվազն դաբաղի հայտնաբերման ենթադրյալ ամենավաղ ամսաթվին նախորդող 28-օրյա ժամանակահատվածի ընթացքում։
56. Սպառնալիքի գոտում՝
ա) իրականացվում է այն բոլոր օբյեկտների գրանցումը, որոնց տարածքներում պահվել են ընկալունակ տեսակի կենդանիները, և այդ օբյեկտներում առկա բոլոր կենդանիների հաշվառումը (տվյալների կանոնավոր թարմացմամբ)․
բ) սպառնալիքի գոտում գտնվող բոլոր օբյեկտներին կցվում են անասնաբուժական մասնագետներ՝ համապատասխան անասնաբուժա սանիտարական միջոցառումներ անցկացնելու, օբյեկտում անասնաբուժա սանիտարական կանոնների պահպանման և կենդանիների առողջության նկատմամբ անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու, սպառնալիքի գոտում գտնվող կենդանիների հաշվառման տվյալները համեմատելու համար։ Կենդանիների խնամքի համար հատկացվում է անհրաժեշտ թվով սպասարկող անձնակազմ․
գ) ընկալունակ տեսակի կենդանիներին տեղափոխում են մսուրային պահվածքի։ Արածովի անասնապահության տեղերում անապահով տարածքի սահմանի երկայնքով հնարավորության դեպքում տեղադրվում է ընկալունակ տեսակի կենդանիներից ազատ գոտի (10-15 կմ խորությամբ)․
դ) կենդանական ծագման արտադրանքի արտադրություն, վերամշակում և իրացում իրականացնող օբյեկտներում խստացվում են կենսաբանական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, այդ թվում՝ վիրուսով կոնտամինացված կենդանական ծագման արտադրանքի, անձնակազմի հագուստի և կոշիկի, գույքի և այլ նյութատեխնիկական միջոցների միջոցով դաբաղի ներսբերումն ու տարածումը թույլ չտալուն ուղղված միջոցները․
ե) դաբաղով հիվանդության մեջ կասկածվող կենդանիների տեղափոխումը, գերապահումը և սպանդն իրականացվում են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ներքո․
զ) բոլոր տնտեսություններում իրականացվում է ընկալունակ կենդանիների ամենօրյա կլինիկական զննում․
է) իրականացվում է բոլոր ընկալունակ կենդանիների պատվաստում (լիազորված մարմնի կողմից դրա իրականացման մասին որոշում ընդունելու դեպքում) համապատասխան տիպի պատվաստանյութով՝ կիրառման հրահանգին համապատասխան, անկախ նախորդ պատվաստման ժամկետներից․
ը) անցկացվում են ընկալունակ կենդանիների արյան շիճուկի և (կամ) կերակրափողաըմպանային հեղուկի փորձանմուշների մշտադիտադիտարկումային հետազոտություններ․
թ) կլինիկապես առողջ ընկալունակ կենդանիների սպանդն իրականացվում է կենդանիների սպանդի ձեռնարկություններում կամ ԱՀՀ-կողմից սահմանված՝ այդ նպատակներով սարքավորված սպանդային կետերում, պետական անասնաբուժական ծառայության մասնագետի հսկողության ներքո։
Խոշոր եղջերավոր անասունների մսի մատակարարումը թույլատրվում է դաբաղի մասով ապահով պատվաստումով, տարածքների սահմաններում՝ հետագա վերամշակման նպատակներով (առանց ազատ իրացման իրավունքի), հետևյալ պայմանների պահպանմամբ.
միսը պետք է հանված լինի մսեղիքից (առանց ոսկորների)․
պետք է հեռացված լինեն ավշային հանգույցները․
մսեղիքները՝ միսը ոսկորներից առանձնացնելուց առաջ պետք է ենթարկվեն հասունացման 2°С-ից բարձր ջերմաստիճանում, սպանդից հետո առնվազն 24 ժամվա ընթացքում, իսկ մսի pH-ի արժեքը՝ մսեղիքի ամեն կեսի մեջքի ամենաերկար մկանի մեջտեղում չափելու դեպքում պետք է լինի 6,0-ից ցածր։
Խոշոր եղջերավոր անասունների, մանր եղջերավոր անասունների, խոզերի և մսամթերքի իրացումը թույլատրվում է առանց սահմանափակումների՝ հետևյալ եղանակներից մեկով մշակելուց հետո.
միսը և մսամթերքը ենթարկվել են հերմետիկ տարայում 70°С-ից ոչ պակաս ներքին ջերմաստիճանի տակ առնվազն 30 րոպեի ընթացքում ջերմային մշակման կամ այլ համարժեք մշակման, որի դեպքում ապահովվում է վիրուսի ոչնչացումը (ապերտիզացում).
անոսկոր միսը և մսամթերքը ենթարկվել են ջերմային մշակման՝ 70°С-ից ոչ պակաս ներքին ջերմաստիճանի տակ առնվազն 30 րոպեի ընթացքում (եփում)․
անոսկոր միսը և մսամթերքը ենթարկվել են ճարպով տոգորման, այնուհետև ամբողջությամբ ջրազրկվել են։ Ամբողջական ջրազրկումն ստացվում է, երբ ջրի և սպիտակուցի հարաբերակցությունը 2․25:1-ից բարձր չէ, իսկ ջրի ակտիվությունը չի գերազանցում 0.85-ը։
Մսի և մսամթերքի մշակումից հետո ձեռնարկվել են այդ մթերքի՝ վիրուսի հնարավոր աղբյուրի հետ շփումից խուսափելուն ուղղված միջոցներ։
Ընկալունակ կենդանիների սպանդի ձեռնարկությունները կամ այդ նպատակներով սարքավորված սպանդային կետերը սպառնալիքի գոտում գտնվող ընկալունակ կենդանիների մսի օգտագործման ընթացքում չպետք է ստանան մսի արտահանման թույլտվություն։
57. Սպառնալիքի գոտում արգելվում է՝
ա) ընկալունակ տեսակի կենդանիների տեղափոխումը (բացառությամբ մսի կոմբինատ սպանդի համար ուղարկվող կենդանիների այն տրանսպորտային միջոցներով, որոնք յուրաքանչյուր անգամ մսի կոմբինատ փոխադրումից հետո մաքրվում և ախտահանվում են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ներքո)․
բ) ցուցահանդեսների, տոնավաճառների անցկացումը, առևտուրը շուկաներում և այլ միջոցառումներ, որոնք կապված են կենդանիների կուտակման կամ տեղափոխման հետ․
գ) ընկալունակ տեսակի կենդանիների արհեստական և բնական ճանապարհով բեղմնավորմանն ուղղված աշխատանքների անցկացումը և ծառայությունների մատուցումը, այդ կենդանիներից ձվաբջիջների և սաղմերի վերցնումը։
58. Սպառնալիքի գոտում թույլատրվում է՝
ա) կենդանիների արհեստական սերմնավորման անցկացում օբյեկտում, որը կատարվում է տվյալ օբյեկտի անձնակազմի կողմից՝ այդ օբյեկտում պահվող կենդանիների սերմնահեղուկի կամ այդ օբյեկտում պահվող սերմնահեղուկի, կամ պետական տոհմային ձեռնարկություններից և արհեստական սերմնավորման կայաններից մինչև այդ օբյեկտի արտաքին սահման առաքված սերմնահեղուկի օգտագործմամբ․
բ) ձիերի, թռչունների, բոլոր տեսակի կրկեսային և գազանանոցային միասմբակավոր կենդանիների և անընկալունակ տեսակների այլ կենդանիների դուրսբերումն այն դեպքում, երբ բնակավայրում կարանտին սահմանված չէ․
գ) արդյունաբերական ապրանքների, շինարարական նյութերի և այլ բեռների դուրսբերումը սպառնալիքի գոտում գտնվող օբյեկտներից՝ պահպանելով լիազորված մարմնի և ԱՀՀ-ի կողմից սահմանված պայմանները և կարգը։
59. Ծագումով սպառնալիքի գոտուց ընկալունակ տեսակի կենդանիներից ստացված թարմ մսի, մսային խճողակի և մսային կերակուրների տեղաբաշխումը շուկայում արգելվում է։ Այդպիսի մթերքը դրոշմավորվում է և հետագա վերամշակման համար հերմետիկորեն փակված կոնտեյներներով տեղափոխվում է պետական անասնաբուժական ծառայության թույլտվություն ունեցող ձեռնարկություն։
60. Սույն փաստաթղթի 59-րդ կետով նախատեսված արգելքը չի կիրառվում թարմ մսի, մսային խճողակի և մսային կերակուրների նկատմամբ, որոնք արտադրված են մինչև դաբաղի հայտնաբերման ենթադրյալ ամենավաղ ամսաթվին նախորդող 28-օրյա ժամանակահատվածը, պայմանով, որ այդպիսի արտադրանքը՝
ա) արտադրման պահից պահվում և տեղափոխվում է այդ ժամանակահատվածն սկսվելուց հետո արտադրված թարմ մսից, մսային խճողակից և մսային կերակուրներից առանձին․
բ) հստակ դրոշմավորման հաշվին հեշտությամբ տարբերվում է թարմ մսից, մսային խճողակից և մսային կերակուրներից, որոնք ենթակա չեն ուղարկման սպառնալիքի գոտուց։
61. Արգելվում է ընկալունակ տեսակի կենդանիներից ստացված և սպառնալիքի գոտում տեղակայված ձեռնարկություններում արտադրված թարմ մսի, մսային խճողակի և մսային կերակուրների տեղաբաշխումը շուկայում։
62. Սույն փաստաթղթի 61-րդ կետով նախատեսված արգելքը չի կիրառվում թարմ մսի, մսային խճողակի և մսային կերակուրների նկատմամբ, որոնք արտադրված են սպառնալիքի գոտում տեղակայված ձեռնարկություններում՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում.
ա) ձեռնարկությունն աշխատում է մշտական և խիստ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ներքո.
բ) թարմ միսը, մսային խճողակը և մսային կերակուրները համապատասխանում են սույն փաստաթղթի 60-րդ կետի պահանջներին կամ ստացվել են սպառնալիքի գոտու սահմաններից դուրս աճեցված կամ սպանված կենդանիներից․
գ) թարմ միսը, մսային խճողակը և մսային կերակուրները պետք է ունենան հատուկ դրոշմավորում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ կենդանիների նախասպանդային անասնաբուժական զննության և մսի և սպանդային այլ մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կանոններին համապատասխան․
դ) արտադրության ամբողջ պրոցեսի ընթացքում թարմ միսը, մսային խճողակը և մսային կերակուրները հստակ նույնականացվում են, տեղափոխվում և պահվում առանձին այն թարմ մսից, մսային խճողակից և մսային կերակուրներից, որոնք սպառնալիքի գոտուց դուրս ուղարկման ենթակա չեն։
63. Սույն փաստաթղթի 62-րդ կետում սահմանված պայմաններին համապատասխանությունը, որոնց նկատմամբ անասնաբուժական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է սպառնալիքի գոտում տեղակայված ձեռնարկություններում, հաստատվում է առևտրի համար նախատեսված թարմ մսի, մսային խճողակի և մսային կերակուրների համար տրամադրվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ։
64. Ծագումով սպառնալիքի գոտուց ընկալունակ տեսակի կենդանիներից ստացված մսից արտադրված մսամթերքի տեղաբաշխումը շուկայում արգելվում է։
65. Սույն փաստաթղթի 64-րդ կետով նախատեսված արգելքը չի կիրառվում սույն փաստաթղթի 56-րդ կետի «թ» ենթակետով սահմանված պայմաններին համապատասխանող մսամթերքի կամ սույն փաստաթղթի 62-րդ կետում նշված թարմ մսից, մսային խճողակից և մսային կերակուրներից արտադրված մսամթերքի նկատմամբ։
66. Սպառնալիքի գոտում գտնվող ընկալունակ տեսակի կենդանիներից ստացված կաթի և այդ կաթից արտադրված կաթնամթերքի տեղաբաշխումը շուկայում արգելվում է։
67. Կաթի և կաթնամթերքի նկատմամբ արգելք չի կիրառվում հետևյալ դեպքերում.
ա) եթե դրանք արտադրվել են մինչև անասնահամաճարակային օջախում դաբաղի հայտնաբերման ենթադրյալ ամենավաղ ամսաթվին նախորդող 28-օրյա ժամանակահատվածի սկիզբը, և դրանց մասով պահպանումը և տրանսպորտային փոխադրումն իրականացվել են այդ ժամանակահատվածից հետո արտադրված կաթից և կաթնամթերքից առանձին․
բ) եթե դրանք արտադրվել են սպառնալիքի գոտում գտնվող ընկալունակ տեսակի կենդանիներից ստացված կաթից, որը վարակազերծման նպատակով ենթարկվել է սույն փաստաթղթի 34-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված ջերմային մշակման, պայմանով, որ մշակումն իրականացնող ձեռնարկությունը կատարում է հետևյալ պահանջները.
ձեռնարկությունն աշխատում է մշտական անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ներքո.
ձեռնարկությունում օգտագործվող կաթը համապատասխանում է սույն կետի «ա» ենթակետի պահանջներին, ենթարկվում է ջերմային մշակման՝ վարակազերծման նպատակով, կամ ստացվել է ընկալունակ տեսակի կենդանիներից սպառնալիքի գոտու սահմաններից դուրս․
ամբողջ արտադրական գործընթացի ընթացքում կաթը հստակ նույնականացվում է, տեղափոխվում և պահպանվում է սպառնալիքի գոտու սահմաններից դուրս տրանսպորտային փոխադրման համար չնախատեսված հում կաթից և կաթնամթերքից առանձին․
հում կաթի տրանսպորտային փոխադրումը սպառնալիքի գոտու սահմաններից դուրս տեղակայված ձեռնարկություններից սպառնալիքի գոտում տեղակայված ձեռնարկություններ իրականացվում է այն տրանսպորտային միջոցներով, որոնք անցել են սանիտարական մշակում՝ ախտահանման որակի հետագա հսկողությամբ, և դրանից հետո շփում չեն ունեցել սպառնալիքի գոտու այն օբյեկտների հետ, որտեղ պահվում են ընկալունակ տեսակի կենդանիներ։
68. Իրականացվում է անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) ձեռնարկության՝ սույն փաստաթղթի 67-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանության մասով։
69. Հում կաթի տրանսպորտային փոխադրումը սպառնալիքի գոտում տեղակայված ձեռնարկություններից սպառնալիքի գոտու սահմաններից դուրս տեղակայված ձեռնարկություններ, և այդ կաթի վերամշակումը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.
ա) սպառնալիքի գոտու ընկալունակ տեսակի կենդանիների հում կաթի վերամշակումը տվյալ ձեռնարկությունում թույլատրված է․
բ) թույլտվությունը ներառում է հրահանգ, որում պարունակվում են տրանսպորտային փոխադրմանը ներկայացվող պահանջները՝ նշելով փոխադրման երթուղին․
գ) հում կաթի տրանսպորտային փոխադրումն իրականացվում է տրանսպորտային միջոցներով, որոնք՝
տրանսպորտային փոխադրում իրականացնելուց առաջ ենթարկվել են սանիտարական մշակման՝ ախտահանման որակի հետագա հսկողությամբ․
նախագծված են և ապահովում են տրանսպորտային փոխադրման ժամանակ կաթի արտահոսքը բացառող հերմետիկությունը․
սարքավորված են այնպես, որ հնարավոր լինի կաթի բեռնման և բեռնաթափման ժամանակ խուսափել աերոզոլների առաջացումից․
դ) սպառնալիքի գոտում տեղակայված ձեռնարկությունից, որտեղ ստացվել է կաթը, մեկնելուց առաջ ընդունիչ ճկափողերը, անիվները, տրանսպորտային միջոցի ստորին հատվածները և կաթի ցանկացած արտահոսք ենթարկվում են սանիտարական մշակման՝ ախտահանման որակի հետագա հսկողությամբ․
ե) սույն կետի «դ» ենթակետով նախատեսված պայմանները կատարելուց հետո տրանսպորտային միջոցը բացառում է շփումը սպառնալիքի գոտու այն օբյեկտների հետ, որտեղ պահվում են ընկալունակ տեսակի կենդանիները․
զ) տրանսպորտային միջոցները կցված են որոշակի աշխարհագրական կամ վարչական տարածքի, ունեն համապատասխան դրոշմավորում և կարող են տեղափոխվել այլ տարածք միայն սանիտարաբուժական հսկողությամբ (վերահսկողությամբ)՝ ախտահանման որակի հետագա հսկողությամբ սանիտարական մշակումից հետո։
70. Ընկալունակ տեսակի կենդանիներից ստացված հում կաթի նմուշների վերցնումը և տրանսպորտային փոխադրումը սպառնալիքի գոտում տեղակայված օբյեկտներից իրականացվում են լիազորված մարմնի կողմից սահմանված լաբորատորիայում (կենտրոնում)՝ դաբաղի ախտորոշում իրականացնելու նպատակով։
71. Սպառնալիքի գոտում ընկալունակ տեսակի կենդանիներից ստացված սերմնահեղուկի, ձվաբջիջների և սաղմերի իրացումն արգելվում է։
72. Արգելքը չի կիրառվում սառեցրած սերմնահեղուկի, ձվաբջիջների և սաղմերի նկատմամբ, որոնք վերցվել և պահվել են մինչև դաբաղի անասնահամաճարակային օջախում հիվանդության հայտնաբերման ենթադրյալ ամենավաղ ամսաթվին նախորդող 28-օրյա ժամանակահատվածի սկիզբը։
73. Սույն փաստաթղթի 72-րդ կետում նշված ժամանակահատվածն սկսվելուց հետո հավաքված սառեցրած սերմնահեղուկը պահվում է առանձին և տրամադրվում է միայն հետևյալ պայմանները կատարելուց հետո.
ա) բռնկման հետ կապված բոլոր միջոցների և սահմանափակումների հանումը․
բ) տոհմային ձեռնարկության կամ արհեստական սերմնավորման կայարանների բոլոր կենդանիների կլինիկական հետազոտություն անցնելը և վարակի բացակայությունը հաստատելու համար դրանցից վերցված նմուշների շիճուկաբանական թեստերն անցնելը․
գ) բացասական արդյունքների առկայությունը, որոնք շիճուկաբանական թեստն անցնելուց հետո վկայում են վիրուսի նկատմամբ հակամարմինների բացակայության մասին (այն նմուշում, որը վերցվել է սերմնահեղուկը վերցնելուց հետո 28 օրացուցային օրվանից ոչ շուտ)։
74. Սույն փաստաթղթի 45-րդ կետում նշված՝ սպառնալիքի գոտում տեղակայված օբյեկտներից, որոնցում առկա են ընկալունակ տեսակի կենդանիներ, գոմաղբի և կղանքային զանգվածների տրանսպորտային փոխադրումը, ինչպես նաև դրանց ներմուծումը հողի մեջ արգելվում են։ Որպես բացառություն կարող է տրամադրվել սպառնալիքի գոտում տեղակայված օբյեկտից ընկալունակ տեսակի կենդանիների գոմաղբի՝ վարակազերծման կամ միջանկյալ պահպանման նպատակով որոշակի օբյեկտ դուրս բերման թույլտվություն։
75. Սույն փաստաթղթի 74-րդ կետի դրույթները չեն կիրառվում նաև սպառնալիքի գոտում տեղակայված օբյեկտներից ընկալունակ տեսակի կենդանիների գոմաղբի դուրս բերման նկատմամբ, եթե նշված օբյեկտների նկատմամբ չեն կիրառվում 25-րդ կետի «բ» ենթակետով, 26-րդ կետի «ա»-«է» ենթակետերով և 33-րդ կետի «ժ» ենթակետով նախատեսված միջոցները՝ հետևյալ պայմաններից մեկի պահպանման դեպքում.
ա) գոմաղբի ամբողջ ծավալն ստացվել է մինչև դաբաղի անասնահամաճարակային օջախում հիվանդության ենթադրյալ ամենավաղ ամսաթվին նախորդող 28-օրյա ժամանակահատվածի սկիզբը (գոմաղբը կամ կղանքային զանգվածները պետք է բաշխվեն հողի վրա՝ ցածր (աերոզոլների առաջացումը թույլ չտալու նպատակով), և անմիջապես վարելով՝ հողով ծածկվեն՝ այն օբյեկտներից բավարար հեռավորության վրա, որտեղ պահվում են ընկալունակ տեսակի կենդանիները)․
բ) խոշոր եղջերավոր անասուններից կամ խոզերից գոմաղբ ստանալու դեպքում՝
օբյեկտում բոլոր կենդանիների հետազոտությունով բացառվել է վիրուսով վարակվածության կասկածով կենդանիների առկայությունը․
գոմաղբի ամբողջ ծավալն արտադրվել է այդ հետազոտությանը նախորդող 4-օրյա ժամանակահատվածի սկզբից շուտ․
գոմաղբը լցավորվում է հողի մեջ նախանշված դաշտերում, որոնք մոտ են գտնվում գոմաղբի ծագման օբյեկտին, և բավականին հեռու են սպառնալիքի գոտու այլ օբյեկտներից, որոնցում պահվում են ընկալունակ տեսակի կենդանիները։
76. Այն օբյեկտից, որում պահվում են ընկալունակ տեսակի կենդանիները, կղանքային զանգվածների կամ գոմաղբի հեռացման համար թույլտվություն տրամադրելիս ապահովվում է այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք թույլ են տալիս խուսափել վիրուսի տարածումից, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների սանիտարական մշակման անցկացում՝ բեռնելուց հետո և օբյեկտից մեկնելուց առաջ՝ ախտահանման որակի հետագա հսկողությամբ։
77․ Ծագումով սպառնալիքի գոտուց ընկալունակ տեսակի կենդանիների կաշվե հումքի և մորթիների, ոչխարի բրդի, որոճող կենդանիների բրդի և խոզի ստևի իրացումն արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ նշված արտադրանքը համապատասխանում է հետևյալ պայմաններից մեկին.
ա) արտադրանքն արտադրվել է մինչև դաբաղի անասնահամաճարակային օջախում հիվանդության ենթադրյալ ամենավաղ ամսաթվին նախորդող 28-օրյա ժամանակահատվածի սկիզբը և պահվել է այդ ժամանակահատվածի սկզբից հետո արտադրված արտադրանքից առանձին․
բ) արտադրանքը ենթարկվել է ջերմային մշակման անասնաբուժական հսկողության (վերահսկողության) տակ, որով երաշխավորվել է վիրուսի ոչնչացումը։
78. Արգելվում է սույն փաստաթղթի 59-րդ և 77-րդ կետերում չնշված՝ կենդանական ծագման այն արտադրանքի իրացումը, որն ստացվել է սպառնալիքի գոտու ընկալունակ տեսակի կենդանիներից, բացառությամբ այն մթերքի, որը համապատասխանում է հետևյալ պայմաններից մեկին.
ա) եթե արտադրվել են մինչև դաբաղի անասնահամաճարակային օջախում հիվանդության ենթադրյալ ամենավաղ ամսաթվին նախորդող 28-օրյա ժամանակահատվածի սկիզբը, պահվել և տեղափոխվել են այդ ժամանակահատվածի սկզբից հետո արտադրված մթերքից առանձին․
բ) եթե ենթարկվել են ջերմային մշակման անասնաբուժական հսկողության (վերահսկողության) տակ, որով երաշխավորվել է վիրուսի ոչնչացումը․
գ) եթե բարդ մթերք է, որը չի ենթարկվել հետագա ջերմային մշակման և պարունակում է կենդանական ծագման արտադրանք, որն անցել է վիրուսի ոչնչացումը երաշխավորող ջերմային մշակում կամ ստացվել է այն կենդանիներից, որոնց վրա չեն տարածվում սույն փաստաթղթով նախատեսված սահմանափակումները․
դ) եթե փաթեթավորված մթերք է, որը նախատեսված է որպես կենդանի օրգանիզմներից դուրս որպես ախտորոշիչ կամ լաբորատոր ռեագենտ օգտագործման համար։
XII. Սպառնալիքի գոտում արտադրված կերերի և գոմափռոցների համար օգտագործվող նյութի նկատմամբ կիրառվող միջոցները
79. Սպառնալիքի գոտում արտադրված կերերի և գոմափռոցների համար օգտագործվող նյութի իրացումն արգելվում է, բացառությամբ այն կերերի և նյութերի, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններից մեկին.
ա) եթե դրանք արտադրվել են մինչև դաբաղի անասնահամաճարակային օջախում հիվանդության ենթադրյալ ամենավաղ ամսաթվին նախորդող 28-օրյա ժամանակահատվածի սկիզբը, պահպանվել և տեղափոխվել են այդ ժամանակահատվածի սկզբից հետո արտադրված կերերից և նյութերից առանձին․
բ) սույն կետում նշված՝ սպառնալիքի գոտու սահմաններում կերերի և նյութի օգտագործման համար թույլտվության առկայության դեպքում․
գ) եթե արտադրվել են այն օբյեկտներում, որտեղ չեն պահվում ընկալունակ տեսակի կենդանիներ․
դ) եթե արտադրվել են այն օբյեկտներում, որտեղ չեն պահվում ընկալունակ տեսակի կենդանիներ, որոնք հումքն ստանում են սույն կետի «բ» ենթակետում նշված օբյեկտներից կամ սպառնալիքի գոտուց դուրս տեղակայված օբյեկտներից։
80. Սույն փաստաթղթի 79-րդ կետի դրույթները չեն կիրառվում կերերի և 79-րդ կետում նշված նյութի նկատմամբ, որոնք արտադրված են այն օբյեկտներում, որտեղ պահվում են ընկալունակ տեսակի կենդանիները, հետևյալ պայմաններից մեկի պահպանման դեպքում.
ա) փակ խցիկում գոլորշով առնվազն 10 րոպեի ընթացքում 80°С նվազագույն ջերմաստիճանում մշակման գործընթաց անցնելու.
բ) պահվել են կույտերով կամ գլանափաթեթներով այնպիսի սենքերում, որոնք տեղակայված են դաբաղի անասնահամաճարակային մոտակա օջախի հայտնաբերման տեղից 2 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա, և գտնվել են այդ սենքերում՝ սպառնալիքի գոտում սահմանափակումները հանելուց և սույն փաստաթղթի 33-րդ կետի «ժա» ենթակետով նախատեսված մաքրման, ախտահանման որակի հետագա հսկողությամբ սանիտարական մշակման պրոցեդուրաներն ավարտելուց հետո՝ առնվազն 3 ամսվա ընթացքում։
XIII. Հսկողության գոտում օբյեկտների և կենդանիների տիրապետողների նկատմամբ կիրառվող միջոցները
81. Հսկողության գոտում ապահովվում է հետևյալ միջոցառումների կատարումը.
ա) այն բոլոր օբյեկտների գրանցման, որոնցում պահվում են ընկալունակ տեսակի կենդանիները, ինչպես նաև տվյալների մշտական թարմացմամբ նշված կենդանիների հաշվառման անցկացում.
բ) այն բոլոր օբյեկտների, որոնցում պահվում են ընկալունակ տեսակի կենդանիները, տեսչական ստուգման անցկացում՝ առկա կենդանիների հաշվառման տվյալները համադրելու համար՝ հնարավոր ներկա հիվանդ կենդանիների հայտնաբերման նպատակով․
գ) ընկալունակ տեսակի կենդանիների ամենօրյա կլինիկական զննում։
XIV. Անապահով կետում կարանտինի հանումը
82. Անապահով կետում կարանտինի չեղյալ համարումն իրականացվում է հանված վերջին ընկալունակ կենդանուն ոչնչացնելուց հետո 28 օրացուցային օրը լրացնելուց և սույն փաստաթղթով նախատեսված միջոցառումներն անցկացնելուց հետո։
83. Անապահով կետում կարանտինը չեղյալ համարելուց հետո կենդանիներ տիրապետողները և այն օբյեկտների ղեկավարները, որտեղ պահվել են ընկալունակ տեսակի կենդանիները, պարտավոր են ապահովել բոլոր այն սենքերի, մակատեղիների տարածքների, որտեղ գտնվել են նշված կենդանիները, ինչպես նաև գույքի, տրանսպորտային միջոցների մաքրման և եզրափակիչ ախտահանման ընթացակարգերը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ախտահանման անցկացման անասնաբուժասանիտարական կանոններով նախատեսված կարգով։ Օբյեկտների ներսում անհրաժեշտ է իրականացնել պատերի, միջնապատերի սպիտակեցման անցկացում՝ թարմ մարած կրի լուծույթի կիրառմամբ։
84. Անապահով կետում կարանտինը հանելու համար եզրափակիչ միջոցառումներն անձրևների, ձյունատեղումների և սառնամանիքի շրջանում անցկացնելու դեպքում բարենպաստ եղանակներ սկսվելու հետ այդ կետի տարածքում անհրաժեշտ է կրկնակի անցկացնել շրջակա միջավայրում վիրուսի ամբողջական ոչնչացումն ապահովող միջոցառումների համալիրը։
85. Այն օբյեկտում, որտեղ իրականացվել է հիվանդ կամ դաբաղով հիվանդության մեջ կասկածվող կենդանիների սպանդ, կամ վերամշակվել կամ պահպանվել են վիրուսով կոնտամինացված, ինչպես նաև հիվանդության ենթադրյալ ամենավաղ ամսաթվին նախորդող 28-օրյա ժամանակահատվածի սկզբից հետո ստացված կենդանական ծագման արտադրանքը և հումքը, կարանտինը չեղյալ է համարվում ընկալունակ տեսակի կենդանիների մսի և սպանդի այլ արգասիքների վերամշակումը, կենդանական ծագման արտադրանքի վարակազերծումը, օբյեկտի սենքերի, տարածքի, գույքի և արտադրական սարքավորումների ախտահանման միջոցով վիրուսի ոչնչացումն ավարտելուց հետո։
86. Անապահով կետում և սպառնալիքի գոտում կարանտինը չեղյալ համարելուց հետո երկրի, գոտու և կոմպարտմենտի՝ դաբաղի մասով ապահով կարգավիճակի վերականգնումն իրականացվում է հաշվի առնելով ԿԱՀԿ օրենսգրքով առաջարկվող միջոցառումները և ժամկետները։
87. Պահպանվում են հետևյալ սահմանափակող միջոցները.
ա) կարանտինը չեղյալ համարելուց հետո 12 ամսվա ընթացքում արգելվում է ընկալունակ կենդանիների դուրս բերումը դաբաղի մասով ապահով օբյեկտներ՝ շուկաներում վաճառքի համար․
բ) կարանտինը չեղյալ համարելուց հետո 3 ամսվա ընթացքում արգելվում է օբյեկտներ դաբաղի դեմ չպատվաստված կենդանիներ ներմուծումը.
գ) 3 ամսվա ընթացքում՝ ամռան շրջանում, և 6 ամսվա ընթացքում՝ աշնան և ձմռան շրջաններում, արգելվում է ընկալունակ տեսակի կենդանիների արածեցման և տեղափոխման համար այն արոտավայրերի հատվածների, ինչպես նաև կենդանիների տեղափոխման երթուղիների օգտագործումը, որտեղ իրականացվել է հիվանդ կամ դաբաղով հիվանդության մեջ կասկածվող կենդանիների արածեցում կամ տեղափոխում։
88. Կենդանական ծագման արտադրանքը, անասնակերը և այլ կերեր, որոնք կարանտինի գործողության ընթացքում գտնվել են անապահով կետի տարածքում, և որոնց հետ դաբաղով հիվանդ կենդանիները շփում չեն ունեցել, օգտագործվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
XV. Սպառնալիքի գոտում սահմանափակող միջոցների հանումը
89. Սպառնալիքի գոտում սահմանափակող միջոցները չեն կիրառվում հետևյալ պահանջները կատարելուց հետո.
ա) ընկալունակ տեսակի բոլոր կենդանիների սպանդից և դաբաղի անասնահամաճարակային օջախից անվտանգ հեռացնելուց և սույն փաստաթղթի 33-րդ կետի «ժա» ենթակետին համապատասխան կատարվող մաքրման, ախտահանման որակի հետագա հսկողությամբ սանիտարական մշակման ընթացակարգերն ավարտելուց հետո անցել է առնվազն 28 օրացուցային օր․
բ) ավարտվել է կլինիկական հետազոտության անցկացումը սպառնալիքի գոտու բոլոր այն օբյեկտներում, որտեղ պահվում են ընկալունակ տեսակի կենդանիներ, բացասական արդյունքների ստացմամբ։
90. Սույն փաստաթղթի 81-րդ կետի «բ» ենթակետում նշված տեսչական ստուգումը կատարվում է վիրուսի բացակայությունը հաստատելու համար և ներառում է հետևյալ միջոցները.
ա) ընկալունակ տեսակների բոլոր կենդանիների՝ դաբաղի նշանների առկայության մասով կլինիկական հետազոտությունների անցկացումը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն կենդանիներին, որոնք ունեցել են վարակման ամենամեծ հավանականությունը՝ բարձր ռիսկի օբյեկտների մարդկանց, սարքավորումների և տրանսպորտային միջոցների հետ սերտ շփման պատճառով․
բ) կենդանիների հիվանդացության և մահացության, կլինիկական հետազոտությունների տվյալների, կերի սպառման, մթերատվության և վերարտադրողականության ֆունկցիայի փոփոխության ուսումնասիրությունը․
գ) սպառնալիքի գոտու կենդանիներից վերցրած կենսաբանական նյութի փորձանմուշների շիճուկաբանական հետազոտությունների անցկացումը՝ վիճակագրական պարամետրերի հիման վրա, որոնք կիրառվում են 95 տոկոսանոց հավաստիությամբ տարածվածության 5 տոկոսանոց մակարդակը հայտնաբերելու համար։
91. Սույն փաստաթղթի 89-րդ կետում նշված սահմանափակող միջոցները հանելուց հետո սպառնալիքի գոտու նկատմամբ առնվազն 15 օրացուցային օրվա ընթացքում կիրառվում են սույն փաստաթղթի XIII բաժնի դրույթներին համապատասխան հսկիչ գոտում սահմանված միջոցները։
XVI. Արտասահմանյան երկրներից Միության մաքսային տարածք վիրուսի բերումը կանխարգելելուն ուղղված միջոցները
92. Միության մաքսային տարածք ընկալունակ տեսակի կենդանիների ներմուծումը և տրանսպորտային միջոցների մշակումն իրականացվում են Միասնական անասնաբուժական պահանջների դրույթներին համապատասխան։
93. Միության մաքսային տարածք ներմուծված ընկալունակ տեսակի կենդանիներն ուղարկվում են կարանտին Միասնական անասնաբուժական պահանջներով սահմանված և Միասնական անասնաբուժական պահանջներով չսահմանված մասով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հիվանդության կամ դաբաղով հիվանդացած-առողջացած կենդանիների հայտնաբերման դեպքում կենդանիների ամբողջ ներմուծված խմբաքանակը ենթարկում են սպանդի և ոչնչացման՝ վիրուսի տարածումը բացառող եղանակներով։
94. Սահմանակից պետություններ վիրուսի բերման դեպքեր հայտնաբերելու և անդամ պետություն վիրուսի բերման անմիջական սպառնալիքի դեպքում հրավիրվում են տեղական ԱՀՀ-ներ, որոնք կազմակերպում են վիրուսի՝ անդամ պետության տարածք բերման կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ լիազորված մարմնի կողմից հաստատված արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանին համապատասխան և հաշվի առնելով դաբաղի մասով ստեղծված անասնահամաճարակային իրավիճակը։
95. Անդամ պետության տարածքում դաբաղի անասնահամաճարակային օջախի առկայության դեպքում կենդանիների, կենդանական ծագման արտադրանքի փոխադրումը (տեղափոխումը) միևնույն մարզի մի շրջանից մյուս շրջաններ և մարզերի միջև թույլատրվում է միայն համապատասխան թույլտվության առկայության դեպքում։
96. Անդամ պետությունների կամ դրանց առանձին գոտիների՝ դաբաղի նկատմամբ ապահով կարգավիճակը («դաբաղի նկատմամբ ապահով երկիր կամ գոտի՝ առանց պատվաստման», «դաբաղի նկատմամբ ապահով երկիր կամ գոտի՝ պատվաստումով») ճանաչվում է ԿԱՀԿ-ի կողմից՝ ԿԱՀԿ օրենսգրքով սահմանված ընթացակարգին համապատասխան։
97. Անդամ պետությունների կամ դրանց առանձին գոտիների՝ դաբաղի մասով ապահովության կարգավիճակի («դաբաղի նկատմամբ ապահով երկիր կամ գոտի՝ առանց պատվաստման», «դաբաղի նկատմամբ ապահով երկիր կամ գոտի՝ պատվաստումով») վերականգնումն իրականացվում է ԿԱՀԿ կանոնագրքով սահմանված ժամկետներում և պայմաններով, ինչպես նաև հաշվի առնելով Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ԿԱՀԿ՝ դաբաղի դեմ պայքարի փուլային պլանով նախատեսված փուլերի պահպանումը, սույն փաստաթղթի XIV-XV բաժիններում նշված միջոցառումներն իրականացնելուց հետո։
98. Դաբաղի ժամանակ ռեգիոնալացումն անցկացվում է անդամ պետությունների փոխգործակցության կարգի VI բաժնին համապատասխան։
99. Դաբաղի նկատմամբ ապահով կոմպարտամենտները ստեղծվում են անդամ պետությունների փոխգործակցության կարգի VII բաժնում սահմանված կարգով։
XVII. Գործողությունների պլանն արտակարգ իրավիճակներում և տագնապի ժամանակ գործողությունների փորձարկում իրական ժամանակի ռեժիմում
100. Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանը, որով նախատեսվում է դաբաղի դեմ պայքարին պատրաստ լինելն ապահովելը, ինչպես նաև անդամ պետության տարածքը՝ վիրուսի բերումից պաշտպանելուն ուղղված միջոցառումների անցկացումը, կազմվում է հաշվի առնելով Դաբաղի մասով արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների պլանի մշակման (FAO) ձեռնարկը։
101. Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանով պետք է երաշխավորվի շրջակա միջավայրին վնասի պատճառումը կանխարգելող անհրաժեշտ միջոցառումների իրականացումը և պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
ա) վիրուսի արագ վերացման համար անհրաժեշտ բոլոր օբյեկտներին, սարքավորումներին, անձնակազմին և նյութերին հասանելիության կարգի նկարագրությունը․
բ) սահմանակից պետությունների հետ միջոցառումների համակարգման պայմանները․
գ) իրադարձությունների ոչ բարենպաստ զարգացման ժամանակ կիրառվող միջոցառումների նկարագրությունը։
102. Արտակարգ իրավիճակներում միջոցառումների պլանով պետք է նախատեսվի հետևյալ միջոցառումների իրականացումը.
ա) արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանի կիրառման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը և դաբաղի անասնահամաճարակային օջախների տեղայնացմանը և վերացմանն ուղղված օպերատիվ միջոցառումների անցկացումը.
բ) արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում օգնություն ցուցաբերելու համար հիմնադրամներին, բյուջետային միջոցներին և ֆինանսական աղբյուրներին հասանելիության տրամադրմանն ուղղված միջոցների ձեռնարկումը՝ դաբաղի անասնահամաճարակային օջախների տեղայնացման և վերացման հետ կապված ծախսերի ծածկման նպատակով․
գ) դաբաղի անասնահամաճարակային օջախների տեղայնացման և վերացման համար որոշումների արագ և արդյունավետ պրոցեսն ապահովող գործողությունների հաջորդականության սահմանումը․
դ) անդամ պետության կենտրոնական ԱՀՀ-ի ստեղծումը․
ե) այն պետական կենտրոնի ստեղծումը (դաբաղի անասնահամաճարակային օջախի հայտնաբերման դեպքում), որը հսկողություն կիրականացնի հիվանդության ընթացքի նկատմամբ և կհամակարգի ԱՀՀ-ում ընդունվող որոշումների կատարումը, ինչպես նաև կենտրոնի գործունեության կազմակերպման համար պատասխանատու համակարգողի նշանակումը․
զ) հիվանդության ընթացքը հսկող՝ տեղական հսկիչ կենտրոնների և ԱՀՀ-ի , անհապաղ կազմակերպման մանրամասն պլանների մշակումը, ինչպես նաև դաբաղի անասնահամաճարակային օջախի հայտնաբերման դեպքում միջոցների ձեռնարկումը (տեղական մակարդակով).
է) պետական և տեղական հսկիչ կենտրոնների միջև և բնապահպանական մարմինների հետ համագործակցությունը՝ անասնաբուժական և էկոլոգիական անվտանգության հարցերի առնչությամբ գործողությունների համակարգման նպատակով․
ը) մշտական գործող փորձագիտական խմբի ստեղծումը, որը փոխգործակցում է այլ երկրների հետ (անհրաժեշտության դեպքում)՝ փաստաթղթաբանություն վարելուն և դաբաղի դեմ պայքարին նախապատրաստվելու հարցերով օգնություն ցուցաբերելու նպատակով․
թ) միջոցների ձեռնարկումը՝ դաբաղի անասնահամաճարակային օջախների տեղայնացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների օպերատիվ անցկացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ անձնակազմի, սարքավորումների և լաբորատոր սենքերի, ստեղծման համար․
ժ) ձեռնարկի արդիականացված տարբերակի կազմումը՝ դաբաղի անասնահամաճարակային օջախների տեղայնացման և վերացման դեպքում կատարման համար անհրաժեշտ գործողությունների, ընթացակարգերի, ցուցումների և վերահսկողական միջոցների նկարագրությամբ․
ժա) արտակարգ իրավիճակներում անհապաղ պատվաստում անցկացնելու մասով պլանների կազմումը․
ժբ) անասնաբուժական ոլորտի մասնագետների համար դաբաղի դեպքում կլինիկական նշանների որոշման, անասնահամաճարակաբանական հետաքննության անցկացման և կանխարգելիչ միջոցների ձեռնարկման առնչությամբ ուսուցման կարգի կազմումը, գիտելիքների փոխանցումը գործադիր իշխանության մարմիններին, օբյեկտները և բնակավայրերը սպասարկող օբյեկտների ղեկավարներին և անասնաբուժական մասնագետներին, տագնապի ժամանակ գործողությունների փորձարկումն իրական ժամանակի ռեժիմում։ Ուսուցումը պետք է անցկացվի 2 անգամ 5 տարվա ընթացքում (առաջին ուսուցումը՝ պլանի հաստատման ամսաթվից 3 տարուց ոչ ուշ)․
ժգ) դաբաղի մասով կասկածի առաջացման դեպքերի մասին տեղեկատվության հավաքագրման կարգի կազմումը՝ ձեռնարկված միջոցների, այդ թվում՝ անցկացված լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների ) և կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի տեղաշարժի մասով սահմանված սահմանափակումների նշումով։
103. Գործողությունների պլանն արտակարգ իրավիճակներում պետք է նախապատրաստված լինի հաշվի առնելով մեծ քանակությամբ դաբաղի անասնահամաճարակային օջախների տեղայնացման և վերացման համար անհրաժեշտ ռեսուրսները (վիրուսի դիտավորյալ տարածման դեպքում), որոնք տեղի են ունենում կարճ ժամանակահատվածում, այդ թվում, որոնք առաջացել են վիրուսի տարբեր տիպերով։
104. Գործողությունների պլանն արտակարգ իրավիճակներում պետք է պարունակի դաբաղի անասնահամաճարակային օջախի առաջացման դեպքում ընկալունակ տեսակի կենդանիների մսեղիքների և արտաթորանքների մշակման կամ ոչնչացման համապատասխան վայրերի և օբյեկտների նշումը։
105. 5 տարվա ընթացքում առնվազն 1 անգամ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանում՝ հաշվի առնելով իրական ժամանակի ռեժիմում տագնապի ժամանակ գործողությունների փորձարկման արդյունքները։ Փոփոխությունները կարող են կատարվել հրատապ իրավիճակների առաջացման դեպքում՝ հաշվի առնելով դաբաղի վարակի, հիվանդության դեմ պայքարի ժամանակ անասնահամաճարակային վիճակի զարգացման հատուկ բնույթը։
106. Իրական ժամանակի ռեժիմում գործողությունների փորձարկումն անցկացվում է արտակարգ իրավիճակներում՝ գործողությունների հաստատված պլանին համապատասխան, և (հնարավորության առկայության դեպքում) սահմանակից պետությունների կոմպետենտ օրգանների հետ փոխգործակցությամբ։
107. Անդամ պետությունների՝ դաբաղի մասով ապահով կարգավիճակի վերահսկողության և հաստատման նպատակով պետք է իրականացվի մշտադիտարկում՝ ընկալունակ տեսակի կենդանիների արյան շիճուկի փորձանմուշների շիճուկաբանական հետազոտությունների իրականացման միջոցով։
XVIII. Դաբաղի լաբորատոր ախտորոշման համար կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշներ վերցնելը, կոնսերվացումը և փոխադրումը
108. Դաբաղի լաբորատոր ախտորոշում իրականացնելու համար իրականացնում են լեզվի լորձաթաղանթի (խոշոր եղջերավոր անասունների), դնչիկի (խոզերի), պսակի և միջկճղակային ճեղքի (խոշոր և մանր եղջերավոր անասունների, խոզերի, ուղտերի և դաբաղի նկատմամբ մյուս ընկալունակ կենդանիների) վրա առաջացած բշտի պատերի և պարունակության վերցնելը։ Վիրուսի անջատման համար բշտերի բացակայության դեպքում իրականացվում է արյան փորձանմուշների վերցնում կենդանիների ջերմային ռեակցիաների ժամանակ, ինչպես նաև գլխի և հարըմպանային հատվածի ավշային հանգույցներից, ենթաստամոքսային գեղձից և սրտամկանից (դաբաղի նկատմամբ ընկալունակ բոլոր տեսակների կենդանիների մատղաշի դիակներից) փորձանմուշների վերցնում։
Դաբաղի հետահայաց ախտորոշիչ հետազոտությունների համար, այդ թվում՝ դաբաղի մասով կասկածելի դեպքերի հայտնաբերման դեպքում, իրականացվում է կերակրափողաըմպանային լորձի փորձանմուշների վերցնում՝ կենդանու ենթադրյալ վարակումից հետո ցանկացած ժամանակ, ինչպես նաև հիվանդացած առողջացած կենդանիների արյան շիճուկի փորձանմուշների վերցնում՝ առնվազն 10 փորձանմուշ (առանց դրանց կոնսերվացման):
109. Բշտերն ու ավիշը վերցվում են 5 գրամից ոչ պակաս քանակով։ Վիրուսի անջատման և դրա հետագա նույնականացման համար մնացած նյութերի քանակը պետք է լինի առնվազն 10 գրամ։ Նշված քանակությունն ստանալու անհնարինության դեպքում նյութերն ուղարկվում են առավելագույն հնարավոր քանակով՝ հետագայում բջջային կուլտուրաների և մյուս լաբորատոր համակարգերի վրա շատացնելու համար:
Բշտերի պատերի համար պահածոյացնող հեղուկը պետք է ունենա է pH 7․2-7․8 և բաղկացած լինի չեզոք գլիցերինի և 0.85% նատրիումի քլորիդի լուծույթի հավասար ծավալներից կամ բջիջների կուլտիվացման նպատակով օգտագործվող միջավայրից (առանց շիճուկի): Մնացած նյութերը պետք է պահածոյացվեն հակաբիոտիկների լուծույթներով՝ 500-1000 միավոր նյութի 1 միլիլիտրի կամ 1 գրամի հաշվարկով։ Ընդ որում, դաբաղի լաբորատոր ախտորոշում անցկացնելու համար թույլատրվում է կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշների կոնսերվացման՝ ԿԱՀԿ ձեռնարկով առաջարկվող այլ մեթոդների օգատագործումը։
110. Առանց քայքայման նշանների ախտաբանական նյութի փորձանմուշները տեղադրվում են պտտվող կամ հղկված խցաններով ամրացվող սրվակների մեջ և սառեցվում են, իսկ սառեցման համար պայմանների բացակայության դեպքում լցվում են պահածոյացնող հեղուկով: Բշտերի պատերի համար պահածոյացնող հեղուկը պետք է ունենա է pH 7․2-7․8 և բաղկացած լինի չեզոք գլիցերինի և 0.85% նատրիումի քլորիդի լուծույթի հավասար ծավալներից կամ բջիջների կուլտիվացման նպատակով օգտագործվող միջավայրից (առանց շիճուկի):
111․ Սույն փաստաթղթի 110-րդ կետում նշված՝ նյութի փորձանմուշներով սրվակները հերմետիկ փակվում են, պիտակավորվում՝ նշելով կենդանու տեսակը, նյութի անունը և քանակը, պահածոյացնող նյութը, նմուշառման ամսաթիվը: Սրվակները տեղադրվում են սառույցով կամ սառեցուցիչով հերմետիկ կոնտեյներների մեջ և կնքված վիճակով հնարավորինս սեղմ ժամկետում՝ փորձանմուշը վերցնելու պահից 48 ժամից ոչ ուշ, սուրհանդակային ծառայությամբ տեղափոխվում են լաբորատոր ախտորոշում իրականացնելու վայր: Այն դեպքում, երբ նյութերը կարող են առաքվել վերցնելուց հետո 12 ժամվա ընթացքում, դրանց սառեցումը և կոնսերվացումը պարտադիր չեն։
112. Դաբաղի լաբորատոր ախտորոշում կատարելու համար ուղարկվող նյութերի ուղեկցող փաստաթղթերում ներկայացվում են դաբաղի անասնահամաճարակային օջախում անցկացված անասնահամաճարակաբանական հետաքննությունից հետո ստացված տեղեկությունները՝ նշելով դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների ընդհանուր քանակը, հիվանդության առաջին նշանների ամսաթիվը, վերջին պատվաստման ամսաթիվը (դրա անցկացման դեպքում), օգտագործված պատվաստանյութի խմբաքանակը, հիվանդացած և անկած կենդանիների քանակը, փորձանմուշներ վերցնելու ամսաթիվը, հիվանդության կլինիկական նշանները, ուղարկողի փոստային հասցեն և հեռախոսահամարը։
113. Դաբաղի առաջնային օջախների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև պատվաստված կենդանիների մոտ դաբաղի հայտնաբերման, ընթացքի ատիպիկ ձևերի առկայության, սահմանամերձ շրջաններում և միջազգային տրանսպորտային հանգույցների (երկաթուղային և ավտոբուսների կայանների, օդանավակայանների), վիրուսի հետ աշխատող կենսաբանական ձեռնարկությունների և հիմնարկների անմիջապես մոտակայքում դաբաղի անասնահամաճարակային օջախների առաջացման դեպքում հավաքված կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութերը հերմետիկ և կնքված կոնտեյներներով (թերմոսներով) անմիջապես ուղարկվում են անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիա (կենտրոն)՝ լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) արդյունքները հաստատելու համար (կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութերը պարտադիր կարգով ուղարկվում են նաև ԿԱՀԿ՝ դաբաղի մասով տարածաշրջանային ռեֆերենտ լաբորատորիա)։ Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիայում (կենտրոնում) վիրուսի նոր անասնահամաճարակային իզոլատների հայտնաբերման դեպքում կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութերն ուղարկվում են ԿԱՀԿ՝ դաբաղի մասով տարածաշրջանային ռեֆերենտ լաբորատորիա՝ հակածինային կապի ուսումնասիրության և որոշման համար, այդ թվում՝ ակտուալ պատվաստանյութային շտամների ընտրության նպատակով՝ այն անդամ պետության համար, որի տարածքում հայտնաբերվել է վիրուսի նոր համաճարակային իզոլատը։
Դաբաղի կրկնվող օջախներից կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշներն ուղարկվում են հետազոտության անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիա (կենտրոն)։
Դաբաղի լաբորատոր ախտորոշման համար կենսաբանական և (կամ) ախտաբանական նյութի փորձանմուշներ վերցնելը, կոնսերվացումը և տեղափոխումն իրականացվում են լիազորված անասնաբուժական մասնագետների կողմից։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|