ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«02» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 574-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշտարարության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել արտոնագրված հաշտարարների պարտադիր վերապատրաստումների անցկացման կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ս. ԳԱԼՅԱՆ |
Հավելված Արդարադատության նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի N 574-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են արտոնագրված հաշտարարների (այսուհետ՝ հաշտարար) պարտադիր վերապատրաստումների անցկացման, այդ թվում՝ դրանց պարբերականության և ընթացակարգի, ժամկետների, ինչպես նաև հաշտարարների վերապատրաստման գործընթացին վերաբերող այլ հարաբերությունները:
2. Վերապատրաստման նպատակը հաշտարարների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելն է՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների, գործնական հմտությունների և պատրաստվածության կատարելագործման և բարձրացման միջոցով: Վերապատրաստման դասընթացի ծրագրում պետք է ներառվեն թեմաներ, որոնք, ի թիվս այլնի, ուղղված են օրենսդրական վերջին փոփոխությունների մասին տեղեկացմանը, հաշտարարի վարքագծի կանոնների պահպանմանը և հաշտարարության հետևյալ գործնական հմտությունների զարգացմանը՝
1) հաշտարարության գործընթացը վարելու հմտություններ՝ ներառյալ համատեղ և առանձին հանդիպումներ կողմերի հետ.
2) բանակցելու հմտություններ.
3) կողմերի տարաբնույթ վարքագծին արձագանքելու եղանակներ.
4) խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություններ.
5) կոնֆլիկտների վերլուծության և կառավարման հմտություններ, ներառյալ՝ վեճի լուծման պատճառաբանված ռազմավարության և մեթոդների ընտրություն:
3. Հաշտարարների վերապատրաստումը կազմակերպում և իրականացնում է Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն): Հաշտարարների վերապատրաստումը կարող է կազմակերպվել նաև Արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) որպես համակազմակերպիչ ներգրավելով, որի նպատակով Կազմակերպությունը դիմում է ներկայացնում Նախարարություն:
4. Սույն կարգով սահմանված պահանջները պարտադիր են Կազմակերպության բոլոր արտոնագրված հաշտարարների հետ հարաբերություններում:
5. Պարտադիր վերապատրաստման դասընթացները հաշտարարների համար անվճար են:
II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
6. Վերապատրաստման դասընթացների ծրագիրը կազմելու և հաստատելու նպատակով Կազմակերպությունը հարցումներ է ուղարկում հաշտարարներին նրանց կողմից դասընթացների մասին առաջարկներ ստանալու համար: Կազմակերպությունը կարող է հարցումներ ուղարկել նաև Նախարարությանը, ինչպես նաև հաշտարարության ոլորտին առնչվող այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին, այդ թվում՝ դատարաններին և Բարձրագույն դատական խորհրդին:
7. Ներկայացված առաջարկների ամփոփման արդյունքում Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը կազմում է հնարավոր դասընթացների ընդհանուր ցանկ: Դասընթացների ընդհանուր ցանկը կազմելիս Կազմակերպությունը հաշվի է առնում նաև հաշտարարության կամ հարակից ոլորտներում կատարված օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող՝ հաշտարարների կողմից թույլ տրված պարբերական խախտումների վերաբերյալ տեղեկությունները:
8. Կազմակերպությունը դասընթացների ընդհանուր ցանկի հիման հաստատում է հաջորդ վերապատրաստման դասընթացների ծրագիրը, ժամանակացույցը և հաշտարարների ցանկը՝ ըստ վերապատրաստման ենթակա հաշտարարների խմբերի, որը Կազմակերպության միջոցով մեկ շաբաթվա ընթացքում ներկայացվում է Կազմակերպության անդամ հանդիսացող հաշտարարներին:
9. Կազմակերպությունը վերապատրաստման դասընթացների ծրագիրը և ժամանակացույցը հրապարակում է իր պաշտոնական կայքում։
10. Կազմակերպությունը դասընթացների ծրագիրը, դասընթացավարների թեկնածուներին, ժամանակացույցը և վերապատրաստման ենթակա հաշտարարների ցանկը դրանք կազմելուց և ամփոփելուց հետո մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը ներկայացնում է Նախարարություն՝ միաժամանակ առաջարկելով ցանկության դեպքում ներկայացնել դասընթացավարների թեկնածուներ:
11. Կազմակերպությունը դասընթացավարների թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշման մասին տեղեկացնում է Նախարարությանը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը:
12. Դասընթացավարները Կազմակերպության հետ կնքում են պայմանագիր՝ աշխատանքային պարտականությունների կատարման մասին, որի ձևը սահմանում է կազմակերպությունը:
13. Դասընթացավարների վարձատրությունը կատարվում է ժամավճարով՝ յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար, որի արժեքը Կազմակերպությունը հաստատում է իր որոշմամբ, բացառությամբ Նախարարության հետ համատեղ կազմակերպվող դասընթացների, որոնց դեպքում որոշումն ընդունվում է Նախարարության հետ համաձայնեցմամբ:
III. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
14. Հաշտարարների վերապատրաստումն իրականացվում է առնվազն երկու տարին մեկ անգամ՝ նվազագույնը 12 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ, մեկ ակադեմիական ժամը՝ 45 րոպե:
15. Վերապատրաստման դասընթացներին մասնակցող հաշտարարների խմբերում, անհրաժեշտության դեպքում, Կազմակերպությունը կարող է կատարել փոփոխություններ, եթե հաշտարարի կողմից ներկայացվել է գրավոր պատճառաբանված միջնորդություն՝ նախապես սահմանված խմբում վերջինիս կողմից վերապատրաստումն անցնելը բացառող հարգելի հանգամանքների մատնանշմամբ:
16. Կազմակերպությունը պատասխանատու է վերապատրաստման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ հաշտարարների ծանուցումն ապահովելու համար:
17. Վերապատրաստումը իրականացվում է առկա կամ հեռակա ուսուցմամբ դասընթացի անցկացման ձևով, ինչպես նաև այդ երկու եղանակների զուգակցմամբ: Վերապատրաստումները կարող են անցկացվել նաև ոչ աշխատանքային օրերին:
18. Սույն կարգի իմաստով առկա ձևով հաշտարարների վերապատրաստման դասընթացն անցկացվում է որոշակի տարածքում (լսարանում, դահլիճում, սենյակում) հաշտարարների խմբով՝ հաշտարարների և դասընթացավարի անմիջական մասնակցությամբ:
19. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ հաշտարարների վերապատրաստման դասընթացն անցկացվում է հաշտարարների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:
20. Վերապատրաստումն անցկացնելու եղանակը յուրաքանչյուր դեպքում ընտրում է Կազմակերպությունը՝ դասընթացավարի հետ համաձայնեցմամբ:
21. Վերապատրաստման դասընթացների անցկացման եղանակի վերաբերյալ որոշումը, որպես կանոն, կայացվում է վերապատրաստման դասընթացները սկսելուց առնվազն յոթ օր առաջ, որի մասին վերապատրաստում անցնող հաշտարարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
22. Վերապատրաստման դասընթացները հեռավար ուսուցմամբ կարող են անցկացվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ վերապատրաստումն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում:
23. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացները անցկացվում են նախապես սահմանված վերապատրաստման ծրագրին համապատասխան։
24. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ գործածվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը, որպես կանոն, հաշտարարներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք օր առաջ: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր առանձին դասընթացի համար կարող են գեներացվել առանձին էլեկտրոնային հղումներ: Դասընթացի անցկացման նախորդ օրը Կազմակերպության ներկայացուցիչը ստուգում է հաշտարարների և դասընթացավարների՝ էլեկտրոնային հղումը ստացած լինելու հանգամանքը:
25. Էլեկտրոնային հղումը ուղարկվում է նաև Նախարարություն՝ հեռավար դասընթացներին Նախարարության ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար:
26. Առկա վերապատրաստման յուրաքանչյուր օրվա դասընթացներին կարող է ներկա գտնվել նաև Նախարարության կամ Կազմակերպության ներկայացուցիչը:
27. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու դեպքում Կազմակերպության ներկայացուցչի մասնակցությունը դասընթացի ողջ ընթացքում պարտադիր է:
28. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու դեպքում դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար դասընթացավարը հաշտարարների ներկայության ստուգումն իրականացնում է ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում հաշտարարները պարտավոր են դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով: Յուրաքանչյուր օրվա ավարտից հետո դասընթացավարի կողմից կազմված և ստորագրված՝ դասընթացին մասնակցած հաշտարարների ցուցակը ոչ ուշ, քան հաջորդ օրը ուղարկվում է Կազմակերպություն՝ հաճախելիության մատյանում դրանք լրացնելու համար: Հաճախելիության մատյանները ստորագրում է Կազմակերպության ներկայացուցիչը՝ կցելով նաև դասընթացավարների կողմից ուղարկված ցուցակները:
29. Հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ կիրառվում են սույն հավելվածով նախատեսված և առկա դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները, այնքանով, որքանով չեն հակասում սույն հավելվածի 19-27-րդ կետերով նախատեսված դրույթներին:
30. Կազմակերպությունը վարում է վերապատրաստում անցնող հաշտարարների հաճախելիության մատյաններ, որոնցում յուրաքանչյուր օրվա վերապատրաստման յուրաքանչյուր դասընթացի ակադեմիական ժամի համար նշում է կատարվում հաշտարարների ներկայության կամ բացակայության մասին: Հաճախելիության մատյանները (պատճենները) կամ դրանց քաղվածքները Կազմակերպությունը Նախարարության պահանջով տրամադրում է նաև վերջինիս:
31. Հաշտարարը յուրաքանչյուր ակադեմիական ժամի իր ներկայության համար ստորագրում է մատյանում՝ նշելով դասընթացին հաճախելու ամսաթիվը: Մատյանում յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար ստորագրում է նաև դասընթացավարը, իսկ ներկա գտնվելու դեպքում՝ նաև Կազմակերպության ներկայացուցիչը: Սույն կետը չի տարածվում հեռավար ուսուցմամբ անցկացվող դասընթացների նկատմամբ:
IV. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
32. Հաշտարարը կարող է համապատասխան ակադեմիական ժամերի մասով համարվել պարտադիր վերապատրաստումներն անցած, եթե մասնակցել է այլ համարժեք դասընթացների կամ վերապատրաստումների: Սույն կարգի իմաստով դասընթացը կամ վերապատրաստումը համարժեք է համարվում, եթե այն անցկացվել է Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 331-Ն հրամանով հաստատված օտարերկրյա հեղինակավոր Կազմակերպության կողմից, և դասընթացի կամ վերապատրաստման ծրագիրը վերաբերում է հաշտարարի գործունեությանը և հոգեբանական, կոնֆլիկտների կառավարման, բանակցությունների վարման կամ հաշտարարության համար այլ անհրաժեշտ հմտություններին առնչվող անհրաժեշտ տեսական և (կամ) գործնական գիտելիքների ձեռքբերմանը: Դասընթացը կամ վերապատրաստումը կարող է համարժեք ճանաչվել նաև, եթե անցկացվել է օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կողմից, որի պարագայում համարժեքության հարցը որոշվում է Կազմակերպության խորհրդի որոշմամբ:
33. Սույն կարգի 32-րդ կետով նախատեսված հնարավորության կիրառման նպատակով հաշտարարը դիմում է ներկայացնում Կազմակերպություն՝ նշելով այն կազմակերպությունը, որտեղ անցկացվելու են կամ անցկացվել են դասընթացները, կամ օտարերկրյա հեղինակավոր մասնագետներին, որոնք դասավանդում են, ինչպես նաև դասընթացների ծրագիրը:
34. Կազմակերպության կողմից սույն կարգի 33-րդ կետով ներկայացված դիմումը մերժելու դեպքում հաշտարարը պարտավորվում է սահմանված կարգով համապատասխան ակադեմիական ժամերը լրացնելու համար մասնակցել վերապատրաստման դասընթացներին:
V. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
35. Կազմակերպությունը վերապատրաստման դասընթացների ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ամփոփում և Նախարարություն է ներկայացնում տեղեկանք վերապատրաստված հաշտարարների մասին` նշելով հաշտարարի տվյալները, վերապատրաստված ժամերի քանակը և դասընթացավարների տվյալները:
VI. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՉԱՆՑՆԵԼԸ
36. Եթե հաշտարարը չի անցնում (այդ թվում՝ սույն կարգի 4-րդ գլխով սահմանված համարժեք դասընթացները հաշվի առնելով) վերապատրաստումները կամ բաց է թողնում ընդհանուր վերապատրաստումների ակադեմիական ժամաքանակի 20 տոկոսը, ապա վերջինս համարվում է պարտադիր վերապատրաստումները չանցած: Երկու տարին մեկ պարտադիր վերապատրաստումներ չանցնելն առիթ է հաշտարարին օրենքով սահմանված կարգով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար:
37. Հաշտարարը կարող է դիմել Կազմակերպությանը՝ վերապատրաստման ընթացքում չլրացրած (չհաճախած) դասընթացների ժամաքանակը լրացնելու և լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2025 թվական: