Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Incorporation (15.09.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.15/22(199)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
15.09.2005
Ստորագրման ամսաթիվ
15.09.2005

ՀՀ ֆԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
________________ Վ. Խաչատրյան

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

Հաշվի առնելով, որ «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) կիրառման բնագավառում ծագել են լուծման կարիք ունեցող հարցեր, կապված, թե որ ոլորտներում և դեպքերում ապահովագրություն իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան կյանքի ապահովագրության լիցենզիա և որ ոլորտներում ու դեպքերում ապահովագրություն իրականացնելու համար` ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է`

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 2-րդ մասի 4 և 41 ենթակետերի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեություններ են համարվում առանձին ոչ կյանքի ապահովագրությունը և կյանքի ապահովագրությունը: Այսինքն, ապահովագրության այդ երկու տեսակները համարվում են գործունեության տարբեր տեսակներ, և դրանց համար տրվում են տարբեր լիցենզիաներ:

Կյանքի ապահովագրությունը, որպես գործունեության տեսակ, սահմանված է Օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ պարբերությունում, այն է. «կյանքի ապահովագրություն` ապահովագրված անձի կյանքի, լրակեցության (անձի որոշակի տարիքի հասնելու), կենսաթոշակային ապահովագրության, ինչպես նաև նրա կյանքում որոշակի իրադարձության (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը, մահը և այլն) երևան գալու հետ կապված ապահովագրություն, երբ ապահովագրական պատահարին բնորոշ են պայմանագրի ժամկետի ընթացքում ի հայտ գալու որոշակի հավանականությունն ու պատահականությունը, իսկ ապահովագրության ժամկետի ավարտին` ապահովագրական պատահարի պարտադիր տեղի ունենալը, այն է` պայմանագրի գործողության ժամկետի ավարտը (կյանքի ապահովագրության տեսակներ)»:

Հետևաբար, օրենսդրության համաձայն կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա ունեցող ապահովագրողը կարող է իրականացնել հետևյալները`

ա. լրակեցության ապահովագրություն,

բ. միայն մահվանից ապահովագրություն,

գ. մահվանից և լրակեցությունից ապահովագրություն,

դ. (ա). կամ (բ). կետերով նշված ապահովագրություն` ապահովագրավճարների վերադարձումով,

ե. ամուսնության կամ ծնունդի ապահովագրություն,

զ. կենսաթոշակային, կամ վարձավճարի (ռենտայի), կամ տարեվճարի (անուիտետի) ապահովագրություն,

է. (ա).-ից (դ). կետերով նշված ապահովագրության պայմանագրին լրակցված լրացուցիչ ապահովագրություն` հիվանդությունից, կամ պատահարից (դժբախտ դեպքերից), կամ անձնական վնասվածքներից, որը բերում է անաշխատունակության կամ մահվան:

Ոչ կյանքի ապահովագրությունը, որպես գործունեության տեսակ, սահմանված է Օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ պարբերությունում, այն է` «ոչ կյանքի ապահովագրություն` կյանքի ապահովագրության տարրեր չպարունակող անձնական ապահովագրության, ինչպես նաև գույքային և պատասխանատվության ապահովագրության տեսակները ներառող (ոչ կյանքի ապահովագրության տեսակներ) ապահովագրություն:

Հետևաբար, օրենսդրության համաձայն ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա ունեցող ապահովագրողը կարող է իրականացնել սույն պարզաբանմամբ նշված կյանքի ապահովագրության տեսակներից բացի ապահովագրության մնացած բոլոր տեսակները: