Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.10.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.10.2025
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2025
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 «20» սեպտեմբերի 2025 թ․

ԹԻՎ 5-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտորին՝

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնել «Փրկարար ծառայության մասին» օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ հրշեջ-փրկարարի որակավորմամբ արհեստագործական կրթության պետական կրթական չափորոշչի նախագիծը․

2) «Փրկարար ծառայության մասին» օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված կրթական ծրագրերի մեկնարկին զուգահեռ՝ ներկայացնել սույն հրամանում անհրաժեշտ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Ա. Սարգսյան

 

«20» սեպտեմբերի 2025 թ.

ք․ Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2025 թվականի սեպտեմբերի 20-ի

N 5-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու և փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին կամ կրտսեր խմբերի պաշտոնների նշանակվելու հետ կապված հարաբերությունները:

 

2 ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին կամ կրտսեր խմբերի պաշտոններում նշանակվելու համար «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ Կրթահամալիր) իրականացվում է փրկարարական ծառայողների (այսուհետ՝ ծառայողներ) և քաղաքացիների վերապատրաստում։

3. Վերապատրաստմանը մասնակցելու նպատակով անցկացվում է մրցույթ։ Մրցույթի շրջանակներում ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի որոշմամբ ստուգումներից յուրաքանչյուրի անցկացման համար ստեղծվում են առանձին հանձնաժողովներ։

4. Վերապատրաստմանը մասնակցելու նպատակով մրցույթն անցկացվում է երեք փուլով՝

1) ֆիզիկական պատրաստականության ստուգում.

2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (այսուհետ՝ թեստավորում)․

3) հարցազրույց։

5. Ֆիզիկական պատրաստականության փուլը համարվում է հաղթահարված, եթե մասնակիցը բավարարում է փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստվածության պահանջները։

6. Թեստավորման նպատակով կազմվում են առաջադրանքներ, որոնցում ներառվող հարցերի քանակը տարբեր է՝ ըստ փրկարարական ծառայության պաշտոնների խմբերի՝

1) փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոնների նշանակվելու համար վերապատրաստմանը մասնակցելու մրցույթի դեպքում՝ 40 հարց.

2) փրկարարական ծառայության ավագ կամ միջին խմբերի պաշտոնների նշանակվելու համար վերապատրաստմանը մասնակցելու մրցույթի դեպքում՝ 30 հարց.

3) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնների նշանակվելու համար վերապատրաստմանը մասնակցելու մրցույթի դեպքում՝ 20 հարց:

7. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է`

1) բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոնների նշանակվելու համար վերապատրաստմանը մասնակցելու մրցույթի դեպքում` 80 րոպե.

2) ավագ կամ միջին խմբերի պաշտոնների նշանակվելու համար վերապատրաստմանը մասնակցելու մրցույթի դեպքում` 60 րոպե.

3) կրտսեր խմբի պաշտոնների նշանակվելու համար վերապատրաստմանը մասնակցելու մրցույթի դեպքում` 40 րոպե:

8. Մասնակիցը հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք է բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

9. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին՝ նախապես կազմված հարցաշարի շրջանակներում։

10. Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների ընդհանուր տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն 70 տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:

11․ Ֆիզիկական պատրաստականության ստուգումը, թեստավորումը և հարցազրույցն անցկացվում են վերապատրաստման մրցույթ հայտարարելու մասին Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան։

12. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթը հաղթահարած են համարվում այն թեկնածուները, որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք մրցույթի արդյունքում հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են մրցույթով սահմանված համապատասխան տեղերը։

13. Հավասար միավորների դեպքում մրցույթում, ըստ հերթականության, առավելությունը տրվում է այն թեկնածուներին՝

1) ովքեր թեստավորումից ստացել են ավելի բարձր միավոր․

2) որոնց կրթության ավարտական փաստաթղթի գնահատականների թվաբանական միջինն ավելի մեծ է։

14. Ստուգումները հանձնած, սակայն մրցույթով չանցած թեկնածուներին իրենց ցանկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի կողմից, տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք։

15. Առաջին անգամ փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնի նշանակվելիս քաղաքացիները (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերի զինծառայողները, Ոստիկանության ծառայողները) Կրթահամալիրում անցնում են վերապատրաստում՝ 1 ամիս ժամկետով:

16. Առաջին անգամ փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ կամ միջին պաշտոնների նշանակվելիս բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերի զինծառայողները, Ոստիկանության ծառայողները) Կրթահամալիրում անցնում են վերապատրաստում՝ 2 ամիս ժամկետով:

17. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերի փոփոխության հետ կապված առաջխաղացման դեպքում ծառայողները ենթակա են միայն կարճաժամկետ վերապատրաստման, որի տևողությունը որոշվում է Նախարարի կողմից հաստատվող ուսումնական պլաններով։

18․ Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ կամ միջին խմբերի պաշտոնների հավակնող՝ Նախարարի հրամանով սահմանված մասնագիտություններ ունեցող քաղաքացիները (ծառայողները), ինչպես նաև փրկարար ծառայության առնվազն 10 տարվա ստաժ ունեցող և վերջին հինգ տարիների ընթացքում փրկարար ծառայությունից ազատված նախկին փրկարարական ծառայողները ենթակա են միայն կարճաժամկետ վերապատրաստման, որի տևողությունը սահմանվում է Նախարարի կողմից հաստատվող ուսումնական պլաններով։ Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնների հավակնող՝ Նախարարի հրամանով սահմանված մասնագիտություններ ունեցող քաղաքացիները (ծառայողները) ազատվում են սույն կետում նշված կարճաժամկետ վերապատրաստումից, եթե ունեն տվյալ մասնագիտությամբ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ։

19. Վերապատրաստումը կազմակերպվում է սույն կարգին, Կրթահամալիրի ուսումնական, առարկայական թեմատիկ պլաններին (ծրագրերին) համապատասխան:

20. Վերապատրաստման ենթակա չեն՝

1) օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում մասնագիտական ուսման գործուղված ծառայողները.

2) փրկարարական ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Կրթահամալիրն ավարտած ծառայողները․

3) սահմանված կարգով հավասարազոր և նույն բնույթի (ոլորտի) փրկարարական ծառայության պաշտոնի կամ ցածր և նույն բնույթի (ոլորտի) փրկարարական ծառայության այլ պաշտոնի փոխադրվող (տեղափոխվող) ծառայողները․

4) սահմանված կարգով կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները։

21. Քաղաքացիները հրամանագրվում են սովորող (առանց փրկարարական ծառայողի կարգավիճակ ստանալու)՝ Կրթահամալիրի ռեկտորի հրամանով, իսկ ծառայողները սահմանված կարգով գործուղվում են Կրթահամալիր՝ վերապատրաստման:

22․ Ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր կնքում է՝

1) Կրթահամալիրը՝ քաղաքացու հետ՝ նախքան նրան որպես սովորող հրամանագրելը․

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը (այսուհետ՝ կադրային ստորաբաժանում)՝ ծառայողի հետ՝ նախքան վերապատրաստումը։

23. Վերապատրաստումն ավարտվում է քաղաքացու (ծառայողի) ֆիզիկական պատրաստվածության, գիտելիքների, ունակությունների և հմտությունների գնահատմամբ, որը կատարվում է Կրթահամալիրի կողմից նախապես մշակված՝ քննությունների և ստուգարքների անցկացման ձևաչափով (այսուհետ` ավարտական քննաշրջան)։ Ավարտական քննաշրջանի արդյունքներով համապատասխան եզրակացություն կայացնելու համար Նախարարի հրամանով ստեղծվում է ավարտական հանձնաժողով։

 

3․ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԿԱՄ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Ավարտական քննաշրջանի ընթացքում դրական գնահատականներ ստացած թեկնածուի ուսուցման արդյունքները գրանցվում են պաշտոնի նշանակելու համար մասնագիտական պատրաստականությունը վկայող փաստաթղթում (այսուհետ՝ վերապատրաստման վկայական), որի ձևը հաստատում է Կրթահամալիրի ռեկտորը։

25. Ավարտական հանձնաժողովի կողմից կազմվում են ավարտական քննաշրջանի արդյունքում դրական գնահատականներ ստացած քաղաքացիների և ծառայողների ցուցակ, ավարտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություններ, որոնք հաստատվում են Կրթահամալիրի ռեկտորի հրամանով:

26. Նախքան պաշտոնի նշանակվելը, առաջին անգամ փրկարարական ծառայության անցնող քաղաքացին ավարտական քննաշրջանի դրական արդյունքներով, օրենսդրությամբ սահմանված կարգով, ստանում է «Փրկարար» որակավորում:

27. Ավարտական հանձնաժողովը կարող է վերապատրաստման դրական արդյունքներով հաստատել կամ բարձրացնել ծառայողների որակավորման աստիճանը։

28. Վերապատրաստումը դադարեցված կամ Կրթահամալիրի ռեկտորի հրամանով հաստատված ժամկետում հարգելի պատճառներով Կրթահամալիր չներկայացած քաղաքացին (ծառայողը) վերապատրաստմանը կարող է կրկին մասնակցել վերջինիս պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ:

29. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված վերապատրաստման վկայականները և սույն կարգի 25-րդ կետով նախատեսված հրամանը Կրթահամալիրի կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են կադրային ստորաբաժանում, որի հիման վրա կազմակերպվում է քաղաքացուն կամ ծառայողին, տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով, համապատասխան պաշտոնի նշանակելու գործընթացը։

30. Ավարտական քննաշրջանի ընթացքում անբավարար գնահատական ստացած քաղաքացիները զրկվում են փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին կամ կրտսեր պաշտոններում նշանակվելու, իսկ ծառայողները՝ պաշտոնում առաջխաղացման հնարավորությունից։

31. Ավարտական հանձնաժողովի կողմից կազմվում է ավարտական քննաշրջանի ընթացքում անբավարար գնահատական ստացած քաղաքացիների և ծառայողների ցուցակ, ավարտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություններ, որոնք հաստատվում են Կրթահամալիրի ռեկտորի հրամանով։

32. Անբավարար գնահատական ստացած քաղաքացիների կամ ծառայողների կողմից գրավոր դիմելու դեպքում սույն կարգի 31-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև՝ ավարտական քննության արդյունքները, յուրաքանչյուրին վերաբերող մասով, տրամադրվում են վերջիններիս։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան