ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (30.01.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.09/24(567).1 Հոդ.318.10
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի  2016 թ.
ք. Երևան

N 128-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 51-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետով և 63-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.08.22 N 56-Ն, լրաց. 19.01.26 N 8-Ն)

1. Սահմանել քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու, քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը նախապատրաստելու, կազմակերպելու և անցկացնելու կարգը` համաձայն Հավելվածի:

2. Քրեակատարողական հիմնարկներում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ է համարվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի կողմից հաստատված` կալանավորված անձի քվեարկությանը մասնակցելու անձը հաստատող վկայականը` կալանավորված անձանց համար, դատապարտյալի քվեարկությանը մասնակցելու անձը հաստատող վկայականը` դատապարտյալների համար:

(2-րդ կետը փոփ. 19.01.26 N 8-Ն)

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի N 128-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են Ազգային ժողովի ընտրությունների, հանրաքվեի ժամանակ քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ներկայացնելու և քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը նախապատրաստելու, կազմակերպելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Կալանավորված անձանց և դատապարտյալների քվեարկությունը նախապատրաստում է քրեակատարողական հիմնարկի պետը: Կալանավորված անձանց և դատապարտյալների քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում է քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում:

3. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն և այդ մասին տեղեկացնում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

4. Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակում ընդգրկվում են տվյալ քրեակատարողական հիմնարկում գտնվող, քվեարկության օրը 18 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք և դատապարտված անձինք, բացառությամբ՝ դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք (այսուհետ` ընտրողներ):

5. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր և 5 օր առաջ Հանձնաժողով է ներկայացնում քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը Հանձնաժողով է ներկայացվում` ըստ քրեակատարողական հիմնարկների` քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ստորագրված գրությամբ:

6. Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի պետը` քվեարկության օրվանից 3 օր առաջ` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակում «Հաշվառման վայրի հասցեն» սյունակում լրացվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի հասցեն: Քրեակատարողական հիմնարկում կազմվող ընտրողների ցուցակը էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է քրեակատարողական հիմնարկի պետը: Քրեակատարողական հիմնարկում կազմվող ընտրողների ցուցակներն էլեկտրոնային եղանակով չեն կազմվում:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 10 օր առաջ քրեակատարողական հիմնարկ է ուղարկում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության, ինչպես նաև հանրաքվեի վերաբերյալ հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերը:

8. Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար քվեարկության սկիզբը սահմանում է Հանձնաժողովը: Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունն անցկացվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրողների թվից, սակայն այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:

9. Քրեակատարողական հիմնարկում տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20.00-ին:

10. Քրեակատարողական հիմնարկներում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներին տեխնիկական սարքավորումներ չեն տրամադրվում և ընտրողների գրանցումն իրականացվում է առանց տեխնիկական սարքավորման կիրառման: Քրեակատարողական հիմնարկներում ընտրողների գրանցումն իրականացվում է համարակալված կտրոններով։

11. Քրեակատարողական հիմնարկում ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող տեղամասային ընտրական հանձնաժողովի համապատասխան անդամին: Ընտրողների գրանցումն իրականացնող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները, լրացնում է ընտրողի անձը հաստատող վկայականի տվյալները, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքն ընտրողի ստորագրության դիմաց, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը լրացնում է համարակալված կտրոնը` նշելով «ՔԿՀ» տառերը` «նշվում է, թե որ ցուցակի ընտրող է» տողում, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է համարակալված կտրոնը (այսուհետ՝ քվեարկության կտրոն) և հանձնում ընտրողին:

12. Քվեարկության կտրոնն ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է տեղամասային ընտրական հանձնաժողովի` քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին և ներկայացնում քվեարկության կտրոնը, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն ընտրողին է տրամադրում ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար (հանրաքվեի քվեարկության դեպքում` մեկ քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար): Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ` քվեարկելու:

13. Ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկին ընտրում է՝ այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:

14. Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին և նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն ստուգում է քվեարկության կտրոնը, որից հետո առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ:

15. Վստահված անձինք, դիտորդները, այցելուները, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվելու քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում անցկացվող քվեարկությանը և/կամ արդյունքների ամփոփման նիստին (ամփոփման նիստին կարող է ներկա գտնվել նաև թեկնածուն), քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում գրավոր հայտ` նշելով հայտատուի անունը, ազգանունը, տվյալ ընտրական գործընթացում հայտատուի կարգավիճակը, այն քրեակատարողական հիմնարկի անվանումը, որում կազմավորված տեղամասային կենտրոնում հայտատուն ցանկանում է ներկա գտնվել: Հայտին կից ներկայացվում են՝

1) հայտատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) տվյալ ընտրական գործընթացում հայտատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:

16. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 5 օր առաջ քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի պետին է ներկայացնում այն վստահված անձանց, դիտորդների, այցելուների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների (ամփոփման նիստին նաև թեկնածուների) ցուցակը, ովքեր ցանկություն են հայտնել ներկա գտնվելու քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում` քվեարկության ընթացքին և արդյունքների ամփոփման նիստին հետևելու նպատակով:

17. Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում անցկացվող քվեարկությանը հետևելու, ինչպես նաև ամփոփման նիստին միաժամանակ ներկա գտնվելու իրավունք ունի յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մինչև երկու վստահված անձ, հանրաքվեի ժամանակ` յուրաքանչյուր քարոզչության կողմի մեկ վստահված անձ, յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից` մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ, տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից, համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական` մինչև երկու դիտորդ (ամփոփման նիստին՝ յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ թեկնածու):

18. Վստահված անձինք, դիտորդները, այցելուները, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, թեկնածուները քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի ժամանակ պարտավոր են պահպանել քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի սահմանված կարգը, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով իրենց իրավունքներն իրացնելիս ենթարկվել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացվող պահանջներին:

(հավելվածը փոփ. 11.01.17 N 10-Ն, 11.05.21 N 16-Ն, փոփ., լրաց. 03.08.22 N 56-Ն, փոփ. 27.03.25 N 20-Ն, խմբ. 19.01.26 N 8-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան