ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների (կոմպետենցիաների) անհրաժեշտ մակարդակից:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 3
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը «մասնագիտական պահանջները» բառերից հետո լրացնել «և հմտությունները (կոմպետենցիաները)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ստորև նշված անձինք հետևյալ առաջնահերթությամբ.
1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն.
2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կամ համապատասխան որակավորմամբ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.
3) ոստիկանության միջին խմբի այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն.
4) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.
5) սույն հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված անձինք.
6) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոնից փոխադրվող ոստիկանության ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն.
7) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները:
Սույն մասի 1-ին և 3-7-րդ կետերով նախատեսված դեպքերում անձն անցնում է պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում է պաշտոնի:».
2) 6.2-րդ և 6.3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ մասերով.
«7.1. Համայնքային ոստիկանի պաշտոնում, բացի սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձանցից, կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կարող է կատարվել նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
7.2. Ոստիկանության գվարդիայում ոստիկանության ծառայության պաշտոններում, բացի սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձանցից, կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում, իսկ շարքային կազմի ծառայողների դեպքում՝ նաև առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն, և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում անցել են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը ոստիկանության գվարդիայի միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կարող է կատարվել նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:».
4) 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերի զինծառայողները, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, դատախազները, քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոն (այդ թվում՝ ինքնավար պաշտոն) զբաղեցնող ծառայողները, վերջին հինգ տարիների ընթացքում սույն պարբերությամբ նախատեսված մարմիններում աշխատանքային հարաբերությունները դադարեցրած դատախազները, զինծառայողները, ծառայողները (բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված քաղաքացիների), ինչպես նաև վերջին տասը տարիների ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում համապատասխան (այդ թվում՝ նախկին) դատախազը, զինծառայողը, ծառայողը կամ ոստիկանության նախկին ծառայողն անցնում են առնվազն մեկամսյա պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում են պաշտոնի:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.2-րդ հոդվածով․
| «Հոդված 14.2. | Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը |
1. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է, որն իրականացնում է ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը:
2. Ոստիկանության ծառայողի կատարողականը գնահատվում է յուրաքանչյուր տարի (ընդհանուր գնահատական), որը կազմված է ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից (կատարողականի ընթացիկ գնահատականների միջին թվաբանականը), ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի արդյունքներից:
3. Կատարողականի ընդհանուր գնահատականը հիմք է ոստիկանության ծառայողի վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու համար: Կատարողականի ընդհանուր գնահատականի՝
1) դրական արդյունքները հիմք են ոստիկանության ծառայողի՝
ա. խրախուսման համար,
բ. առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար.
2) բացասական արդյունքների դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումը սահմանափակվում է:
4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով սահմանված եզրակացությունները կայացնելիս հաշվի է առնվում ատեստավորմանը նախորդած 3 տարիների կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը։
5. Կատարողականի ընդհանուր կամ ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողը կարող է այն բողոքարկել Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվող հանձնաժողով:
6. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման կարգը, այդ թվում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատման ցուցիչները, կատարողականի գնահատականի դրական և բացասական արդյունքների շեմերը, կատարողականի գնահատականի դրական և բացասական արդյունքների հետևանքների կիրառման, վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու կանոնները, կատարողականի ընդհանուր կամ ընթացիկ գնահատականին համաձայն չլինելու դեպքում այն բողոքարկելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը` հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «պետի տեղակալների, ոստիկանության» բառերը փոխարինել «բարձրագույն (բացառությամբ ոստիկանության պետի),» բառերով:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության բարձրագույն (բացառությամբ ոստիկանության պետի), գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում ենթակա են պարտադիր վերապատրաստման տարին մեկ անգամ` յուրաքանչյուր ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում (փոփոխվում) է ոստիկանության ծառայողի տարեկան կատարողականի գնահատման վրա հիմնված՝ վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա: Վերապատրաստում կարող է անցնել նաև ոստիկանության պետը:»:
Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1.2-րդ մասի «ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցվելու կամ հարուցված քրեական հետապնդումը» բառերը փոխարինել «հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով» բառերով, իսկ «ինչպես նաև «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կոպիտ խախտում կատարելու» բառերը՝ «ինչպես նաև «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը կիրառված լինելու» բառերով.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-3-րդ և 5-7-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող՝
1) 7.1-ին մասով նախատեսված կարգավորումները գործում են մինչև Օրենքի 55.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրթական ծրագրով «Ոստիկանության գործ» մասնագիտության «Համայնքային ոստիկան» որակավորմամբ ընդունելություն հայտարարելը.
2) 7.2-րդ մասով նախատեսված կարգավորումները գործում են մինչև Օրենքի 55.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրթական ծրագրով համապատասխան որակավորմամբ ընդունելություն հայտարարելը:
3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին անգամ ատեստավորում չանցած ոստիկանության ծառայողների առաջին անգամ ատեստավորումը, ինչպես նաև առաջին անգամ ատեստավորում անցած ոստիկանության ծառայողների միայն հաջորդ ատեստավորումն անցկացվում է Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն:
4. Սույն օրենքով նախատեսված՝ բարձրագույն կրթություն ունենալու պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Օրենքի 55.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելն ստացել են «Ոստիկանության գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթություն կամ անցել են դրան համարժեք վերապատրաստում:
5. Ոստիկանության այն ծառայողների ատեստավորման դեպքում, որոնք չեն բավարարում սույն օրենքի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 14․2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանը, մինչև նշված պայմանի բավարարումը հիմք է ընդունվում ատեստավորմանը նախորդած ժամանակահատվածի կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը, բայց ոչ պակաս, քան առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականը։ Առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականի բացակայության դեպքում Օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով սահմանված եզրակացությունները կայացնելիս կատարողականի միջին թվաբանականը հաշվի չի առնվում։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-165-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: