Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 58
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (08.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

8 հուլիսի 2015 թվականի

թիվ 58

քաղ. Մոսկվա

 

ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև փոխըմբռնման hուշագրի նախագծին (կից ներկայացվում է):

2. Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորսկուն ստորագրել սույն Կարգադրության 1-ին կետում նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև փոխըմբռնման մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,

կարևորելով մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) և մյուս կողմից՝ Հունգարիայի միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը,

հաշվի առնելով ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման ձգտումը,

գիտակցելով գյուղատնտեսության առաջատար դերը պարենային անվտանգությունն ապահովելու և անդամ պետությունների ու Հունգարիայի տնտեսությունները զարգացնելու հարցում,

նշելով անդամ պետությունների ու Հունգարիայի տարածքներում փոխադարձ առևտրի ընթացքում անասնաբուժական և բուսասանիտարական, ինչպես նաև սննդամթերքների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը,

հատուկ նշանակություն տալով գյուղատնտեսական գիտությունների ոլորտում նվաճումների, գյուղատնտեսական արտադրություն վարելու փորձի, գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նորագույն տեխնոլոգիաների և մշակումների փոխանակմանը, ինչպես նաև բույսերի կարանտինային ծառայության կազմակերպման և էկոլոգիական երկրագործության զարգացման հեռանկարների հարցերին,

անդամ պետությունների և Հունգարիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, դրա արդյունավորության բարձրացման և այդ համագործակցությունն առավելագույն արդյունավետության հասցնելու Կողմերի ջանքերի ինտենսիվացման նպատակով,

նշելով փոխադարձ առևտրի ծավալների մեծացման ներուժի առկայությունը անդամ պետությունների և Հունգարիայի մոտ,

առաջնորդվելով փոխադարձ առևտրի հարցերում հավասարության և թափանցիկության սկզբունքներով,

համաձայնեցին հետևյալի մասին.

1. Կողմերը մտադիր են համագործակցություն իրականացնել ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում՝ իրենց իրավասության շրջանակներում, հետևյալ ուղղություններով.

ա) աջակցություն՝

գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակումից ստացված մթերքների առևտրի զարգացմանը,

բուսաբուծության, այդ թվում` գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանը,

անասնաբուծության, այդ թվում` ազնվացեղ տեսակների բուծման գործի զարգացմանը,

սննդի արդյունաբերության և վերամշակման ճյուղերի զարգացմանը,

բ) սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների իրականացում,

գ) սելեկցիոն նվաճումների՝ որպես մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկացում,

դ) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։

2. Սույն Հուշագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակներով՝

ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում փորձի փոխանակում,

Հունգարիայի և անդամ պետությունների փոխադարձ առևտրի վրա ազդեցություն թողնող միջոցառումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,

Հունգարիայի և անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անցկացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,

գյուղատնտեսական ապրանքների և պարենամթերքի առևտրում խոչընդոտների բացահայտում և դրանք նվազեցնելու և վերացնելու առաջարկությունների մշակում,

Հունգարիայի և անդամ պետությունների միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում առևտրային հոսքերի դինամիկայի մասին վիճակագրական տեղեկությունների փոխանակում,

համատեղ խորհրդատվությունների, համաժողովների, պրակտիկ սեմինարների, քննարկումների և խնդրահարույց հարցերին վերաբերող այլ միջոցառումների անցկացում և դրանց լուծում տվող առաջարկությունների մշակում,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ գործարար շրջանների, միավորումների և բիզնես-համայնքների համագործակցությանն աջակցություն,

համագործակցության այլ ձևերի իրականացում:

3. Սույն Հուշագրի 1-ին կետում նշված ուղղություններով համագործակցությունը զարգացնելու նպատակով Կողմերը կարող են մշակել համատեղ միջոցառումներ անցկացնելու ծրագրեր:

4. Կողմերը սույն Հուշագրի շրջանակներում կփոխանակեն տեղեկություններ՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և Հունգարիայի օրենսդրությանը համապատասխան: Սույն Հուշագրի հիման վրա Կողմերի կողմից ստացված տեղեկությունները կարող են փոխանցվել միայն անդամ պետություններին, իսկ երրորդ անձանց՝ միայն դրանք ներկայացնող Կողմի համաձայնության դեպքում։

Տեղեկության փոխանակումը սույն Հուշագրի շրջանակներում իրականացվում է ռուսերեն, անգլերեն և հունգարերեն լեզուներով:

5. Համագործակցության ռազմավարական ուղղվածությունը որոշելու և դրա գործնական կարևորությունը բարձրացնելու նպատակով ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Կողմերը մտադիր են հանդիպումներ անցկացնել կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարների մակարդակով, որպես կանոն, տարին առնվազն մեկ անգամ, ընդ որում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կազմում կարող են ընդգրկվել անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչներ:

Այդ կարգի հանդիպումներին Կողմերի փոխհամաձայնությամբ կարող են մասնակցել փորձագետներ, գործարար շրջանների ներկայացուցիչներ ու այլ շահագրգիռ անձինք:

6. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ չի առաջացնում ։

7. Սույն Հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։

8. Սույն Հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

9. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։

Կատարված է քաղաքում 2015 թվականի « »-ին, երկու օրինակից՝ յուրաքանչյուրը ռուսերենով, անգլերենով և հունգարերենով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության կողմից