ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 866-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2026 թվականի N 866-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1614-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետում «2027» թիվը փոխարինել «2028» թվով։

2. Որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 2-րդ գլխի վերնագրից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-11.3-րդ կետերով.

«11.1. Խնամքի ծառայությունների ստացման նպատակով դիմումի ներկայացումը, հերթագրումն ու ուղեգրումն իրականացվում է «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական» ենթահամակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, որը Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի մաս է կազմում: Խնամքը տրամադրվում է խնամքի ծառայության տրամադրման համար ներկայացված դիմումի հիման վրա: Որպես դիմումատու կարող է հանդես գալ խնամք հայցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը։

11.2. Համակարգի տեղեկատվական շտեմարանը ձևավորվում է դիմողի կողմից առցանց ներկայացված դիմումից և կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերից, սոցիալական աջակցության բնագավառներում պետական լիազոր մարմնի ու Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ), վերջիններիս հասանելի այլ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական շտեմարաններում առկա և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներից, խնամք հայցող անձի սոցիալական կարիքների գնահատման նպատակով իրականացվող տնայցի արդյունքներից, որոնք անհրաժեշտ են խնամքի ծառայություն ստանալու իրավունքի իրացման համար:

11.3. Համակարգում տվյալները մշակվում և պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան:».

2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Դիմումը ներկայացվում է առցանց՝ խնամք հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում (www.e-social.am) ստեղծված անհատական օգտահաշվի միջոցով՝ միաժամանակ նշում կատարելով շահառու դառնալու համար իր տվյալների մշակման, օգտագործման և փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու մասին։».

3) 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Անհատական օգտահաշվի ստեղծման համար դիմողն օգտագործում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը:».

4) 13-րդ, 15-17-րդ, 19-րդ, 24-րդ և 31-41-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

5) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Խնամքի տրամադրման համար ներկայացված առցանց դիմումի հիման վրա խնամք հայցող անձի տվյալները փոխանակվում կամ ստացվում են համապատասխան տեղեկատվական շտեմարաններից: Տեղեկատվական շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացվում է դիմումատուի ներկայացրած տվյալների ստացում՝ ինքնաշխատ եղանակով ներկայացված հարցմամբ՝

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է խնամք հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի անվան, ազգանվան, ՀԾՀ-ի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, օրենքներով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ ապաստան հայցող անձ հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվությունը.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգի տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է խնամք հայցող անձի՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա ծառայություններ մատուցող կամ ինքնազբաղված անձ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է խնամք հայցող անձի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը.

4) էլեկտրոնային առողջապահության համակարգի տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության, հոգեկան և վարքային այլ խանգարումների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը.

5) լիազոր մարմնի «Փյունիկ», «Ղարաբաղ Փյունիկ» և «e-disability» համակարգերի տեղեկատվական շտեմարաններից ստացվում է հաշմանդամություն ունենալու մասին տեղեկատվությունը.

6) լիազոր մարմնի՝ «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգ»-ի (այսուհետ՝ ԸԱԳՀ) տեղեկատվական շտեմարաններից ստացվում է խնամք հայցող անձի՝ ԸԱԳՀ-ում հաշվառված լինելու և անապահովության աստիճանի վերաբերյալ տեղեկատվությունը.

7) կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի տեղեկատվական շտեմարաններից ստացվում է առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև խնամատար ընտանիքում խնամվող երեխաների վերաբերյալ տեղեկատվությունը.

8) «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի տեղեկատվական շտեմարաններից ստացվում է պարտադիր կրթության մեջ ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը։».

6) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-14.3-րդ կետերով.

«14.1. Փաստաթղթերի ներբեռնումը կիրառվում է այն դեպքերում, երբ համապատասխան տվյալները հնարավոր չէ ստանալ պետական կամ այլ տեղեկատվական շտեմարաններից փոխգործելիության միջոցով, և ինքնաշխատ կերպով տվյալների ստացման անհնարինության պարագայում դիմողը ներբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, մասնավորապես՝

1) դիմումը խնամք հայցող անձի օրինական ներկայացուցչի կողմից լրացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող՝ ներառյալ լիազորագրի (առանց նոտարական վավերացման) լուսապատճենը.

2) դիմումը խնամք հայցող անձի խնամակալի կողմից լրացվելու դեպքում՝ խնամք հայցող անձի՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչվելու մասին որոշման և խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման լուսապատճենները.

3) առողջական վիճակի մասին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևի համաձայն և համապատասխան բժշկական հաստատության կողմից լրացված բժշկական փաստաթղթի լուսապատճենը, որը տրամադրվել է ներկայացման պահից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում.

4) տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի լուսապատճենը.

5) խնամք հայցող անձի կամ նրա ընտանիքի անդամի եկամուտը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգի տեղեկատվական շտեմարանի միջոցով պարզելու անհնարինության դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նրա եկամուտները սույն կետով նշված շտեմարանում չհաշվառելու պատճառով՝ գործատուից ստացված տեղեկանքի լուսապատճենը։

14.2. Դիմումի ներկայացումից հետո անհրաժեշտ տվյալների՝ ինքնաշխատ կերպով համադրման և տվյալների ստացման, ինչպես նաև կցման ենթակա փաստաթղթերի առկայության դեպքում ակտիվանում է դիմումի՝ «Մշակվում է» կարգավիճակը:

14.3. Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատողի կողմից դիմումը հաստատելուց հետո ակտիվանում է դիմումի՝ «Ենթակա է տնայցի» կարգավիճակը:».

7) 18-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«18. Թերի կամ սխալ կցված փաստաթղթերի հայտնաբերման դեպքում դիմումատուին տրամադրվում է լրացուցիչ երեք աշխատանքային օր՝ շտկում իրականացնելու համար: Սույն կետում նշված ժամկետը հաշվարկվում է դիմումը վերախմբագրման վերադարձվելու վերաբերյալ ծանուցումը ստանալու պահից: Դիմումը կարող է վերադարձվել վերախմբագրման միայն մեկ անգամ, կրկնակի վերախմբագրման հնարավորություն համակարգում առկա չէ:».

8) 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին կետով.

«18.1. Եթե 18-րդ կետում նշված ժամկետում անհրաժեշտ շտկումները չեն կատարվում, կամ ներբեռնված փաստաթղթերը կրկին սխալ կամ թերի են ներբեռնվում, ապա ակտիվանում է դիմումի՝ «Մերժված է» կարգավիճակը: Դիմումի՝ «Մերժված է» կարգավիճակն ակտիվանում է նաև դիմումի ներկայացումից հետո իրականացված ինքնաշխատ ստուգումների կամ «Մշակվում է» կարգավիճակում իրականացված ստուգումների հիման վրա մերժման հիմք ունենալու դեպքում, ինչպես նաև տնայցի շրջանակում իրականացված կարիքի գնահատման արդյունքում ինքնաշխատ ձևավորված՝ խնամքի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշման հիման վրա: Ցանկացած հիմքով «Մերժված է» կարգավիճակի ակտիվացումն ուղեկցվում է մերժման պատճառների վերաբերյալ պարտադիր նշմամբ:».

9) 20-23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20. Խնամքի համար ներկայացված դիմումի՝ «Ենթակա է տնայցի» կարգավիճակի ակտիվացումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ խնամք հայցող անձի կամ նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով:

21. Սույն հավելվածի 20-րդ կետում նշված կարիքների գնահատման արդյունքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կայացնում է խնամք հայցող անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին որոշում, որն ինքնաշխատ կերպով գեներացվում է համակարգում, ինչի վերաբերյալ դիմումատուն ծանուցվում է անձնական օգտահաշվի և էլեկտրոնային հասցեի միջոցով:

22. Խնամք հայցող անձին խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման առկայության դեպքում ակտիվանում է «Հերթացուցակում գտնվող» կարգավիճակը և խնամք հայցող անձն ինքնաշխատ կերպով հաշվառվում է համապատասխան հերթացուցակում՝ ըստ դիմումների ստացման օրվա, ժամի և րոպեի՝ միաժամանակ հաշվի առնելով՝

1) տրամադրման ենթակա խնամքի ձևը.

2) անկողնային շուրջօրյա խնամք պահանջող ծառայության անհրաժեշտությունը.

3) հոգեկան և վարքային այլ խանգարումների առկայությունը.

4) սեռը։

23. Ազատ տեղերի առկայության վերաբերյալ ինքնաշխատ կերպով տեղեկատվության ստացման դեպքում համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձը ծանուցվում է այդ մասին անձնական օգտահաշվի և էլեկտրոնային հասցեի միջոցով, և ինքնաշխատ կերպով ձևավորվում է տվյալ անձի ուղեգիրը, որը փոխանցվում է խնամք հայցող անձի անձնական օգտահաշվին՝ միաժամանակ ծանուցում ուղարկելով համապատասխան կազմակերպությանը։ Ուղեգրի՝ ինքնաշխատ կերպով ձևավորումից և համապատասխան ծանուցումների ստացումից հետո ակտիվանում է «Ուղեգրված է» կարգավիճակը:».

10) 25-րդ կետում հանել «՝ համաձայն սույն հավելվածի 34-րդ կետի 1-ին ենթակետի» բառերը.

11) 26-28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26. Սույն հավելվածի 25-րդ կետում նշված հանգամանքների առկայության դեպքում խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման հետ մեկտեղ ակտիվանում է «Արտահերթ» կարգավիճակը, և խնամք հայցող անձն ինքնաշխատ կերպով զբաղեցնում է հերթացուցակի՝ «Արտահերթ» կարգավիճակ ունեցողների շարքում հերթական համարը՝ ըստ արտահերթության կարգավիճակի սահմանման ամսաթվի:

27. Խնամք հայցող անձն ինքնաշխատ կերպով ձևավորված ուղեգիրը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան կազմակերպություն: Խնամք հայցող անձի կողմից կազմակերպություն ներկայանալու և վերջինիս հետ խնամքի ծառայությունների տրամադրման պայմանագիր կնքելու վերաբերյալ կազմակերպության կողմից համակարգում նշում կատարելու դեպքում դիմումը ստանում է «Ավարտված է» կարգավիճակը: Եթե յոթ աշխատանքային օրվա ընթացքում խնամք հայցող անձը չի ներկայանում կազմակերպություն, և կազմակերպության կողմից համակարգում համապատասխան նշում չի կատարվում, ապա դիմումն ինքնաշխատ կերպով ստանում է «Մերժված է» կարգավիճակը։

28. Կազմակերպությունն ուղեգիրը ստանալուց հետո խնամք հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքում է պայմանագիր՝ շուրջօրյա խնամքի տրամադրման վերաբերյալ՝ այդ մասին նշում կատարելով համակարգում, ինչի արդյունքում համակարգի՝ շահառուների տվյալների շտեմարանն ինքնաշխատ կերպով թարմացվում է՝ ներառելով նոր շահառուի տվյալները։».

12) 30-րդ կետում «ներկայացուցչի կամ խնամակալի» բառերը փոխարինել «օրինական ներկայացուցչի» բառերով, իսկ «ձևակերպելով խնամք հայցող անձի ընդգրկումը համապատասխան խնամք ստացող շահառուների ցուցակում՝ կազմակերպության ղեկավարի հրամանով» բառերը փոխարինել «այդ մասին նշում կատարելով համակարգում, ինչի արդյունքում համակարգի՝ շահառուների տվյալների շտեմարանն ինքնաշխատ կերպով թարմացվում է՝ ներառելով նոր շահառուի տվյալները» բառերով.

13) 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40.1-ին կետով.

«40.1. Խնամքի ծառայություն ստանալու համար դիմումի ներկայացման «Մերժված է» կարգավիճակ ստանալու դեպքերի բողոքարկումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:».

14) 46-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ նախադասություն.

«Եթե շուրջօրյա խնամքի կենտրոն ընդունվելիս կենտրոնի բժիշկը պարզում է, որ սույն հավելվածի 42-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիվանդությունների բացակայությունը հավաստող տեղեկատվությունը ստուգվել է առնվազն վեց ամիս առաջ, ապա շահառուն ենթարկվում է բժշկական զննության՝ սույն հավելվածի 42-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիվանդությունների բացակայությունը հավաստելու համար՝ ներառյալ հիվանդանոցային պայմաններում:».

15) 61-րդ կետում «, նրա ներկայացուցչին կամ խնամակալին» բառերը փոխարինել «կամ նրա օրինական ներկայացուցչին» բառերով, իսկ «, նրա ներկայացուցիչը կամ խնամակալը» բառերը փոխարինել «կամ նրա օրինական ներկայացուցիչը» բառերով.

16) 62-րդ և 83-րդ կետերում, 97-րդ կետի 1-ին ենթակետում և 101-րդ կետի 1-ին ենթակետում «, նրա ներկայացուցչի կամ խնամակալի» բառերը փոխարինել «կամ նրա օրինական ներկայացուցչի» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան